• am
  • ru
  • en
Версия для печати
15.05.2014

2014Թ. ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

   

Հայկ Գաբրիելյան
Թուրքագետ

2014թ. մարտի 30-ին Թուրքիայի Հանրապետությունում անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ: Դեռևս 2012թ. ամռանը վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, թե նպատակահարմար չէ մեկ տարում (2014թ.) երկու ընտրություն (ՏԻՄ և նախագահական) անցկացնելը, բացի այդ, բարդ է ձմեռային պայմաններում (ՏԻՄ ընտրությունների համար) նախընտրական քարոզչություն անցկացնելը1:

Էրդողանի այդ հայտարարությունից հետո նրա գլխավորած (իշխող) Արդարություն և զարգացում կուսակցությունը (ԱԶԿ) Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ) հաստատմանը ներկայացրեց 2014թ. մարտի 30-ի ՏԻՄ ընտրությունները հինգ ամիս շուտ (2013թ. հոկտեմբերի 27-ին) անցկացնելու առաջարկը: Սակայն ԹԱՄԺ-ում հիմնական ընդդիմադիր ուժ Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը (ԺՀԿ) դեմ արտահայտվեց դրան, ինչը չի կարելի ասել մյուս հիմնական ընդդիմադիր ուժի՝ Ազգայնական շարժում կուսակցության (ԱՇԿ) մասին: ԺՀԿ-ն պնդում էր, որ ԱԶԿ նշած ժամկետը համընկնում է տոնական արձակուրդին (ամեն տարվա հոկտեմբերի 29-ին նշում են ԹՀ հիմնադրման տարեդարձը), ինչն էլ կարող է նվազեցնել ընտրողների մասնակցության ցուցանիշը2:

ԹԱՄԺ-ում տվյալ հարցի քվեարկությունն անցկացվեց 2012թ. հոկտեմբերի 12-ին, և չնայած ԱԶԿ-ն ու ԱՇԿ-ն միասին ԹԱՄԺ-ում ունեին 377 պատգամավոր3, նրանց չհաջողվեց հավաքել օրինագծի ընդունման համար անհրաժեշտ 367 քվե (550 հոգանոց ԹԱՄԺ-ի 2/3-ը)4: Օրինագծի օգտին արտահայտվեց միայն 360 պատգամավոր, ինչը բավական եղավ օրինագիծը միայն հանրաքվեի դնելու նպատակով նախագահ Աբդուլլահ Գյուլին ուղարկելու համար, ով կա՛մ պետք է այն դներ հանրաքվեի, կա՛մ էլ պետք է վետո դներ դրա վրա և հետ ուղարկեր խորհրդարան: Նախագահը նախընտրեց երկրորդ տարբերակը:

Թուրքական մամուլի պնդմամբ` դա Գյուլի 7-ամյա նախագահության ժամանակ չորրորդ և վերջին վետոն է5: Գյուլի կողմից վետո դնելու պատճառը, թերևս, այն էր, որ հանրաքվեն ինքնին ծախսատար և ժամանակատար գործընթաց է և բացի այդ, սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ ԱԶԿ-ի իշխանության ժամանակ անցկացված հանրաքվեները (21.10.2007 և 12.09.2010) առնչվել են մի քանի խնդրի և ոչ թե կոնկրետ մեկ հարցի:

ԱԶԿ-ը չկարողացավ նաև ընդդիմության հետ համաձայնեցնել ՏԻՄ ընտրությունների վաղաժամ այլ ժամկետներ՝ նոյեմբերի 3, 10 կամ 17: Իսկ ահա քրդամետ «Խաղաղություն ու ժողովրդավարություն» կուսակցությունը (ԽԺԿ) առաջարկում էր ՏԻՄ ընտրություններն անցկացնել 2014թ. մայիսին: Այդ ամենի հետևանքով հարցը մնաց բաց, և ՏԻՄ ընտրությունները նախատեսվածի պես անցկացվեցին 2014թ. մարտի 30-ին:

Եվ չնայած Էրդողանի վերոնշյալ երկու պատճառաբանություններին` կարելի է կարծել, որ ՏԻՄ ընտրությունների անցկացման հարցում նրա շտապողականության իրական պատճառն այն էր, որ նա զգում էր, որ երկրում ստեղծվել է պայթյունավտանգ իրավիճակ՝ կապված իր աշխատասենյակից գաղտնալսող սարքերի շարունակ հայտնաբերման հետ:

Մարտի 30-ի ՏԻՄ ընտրությունները 15-րդն էին ԹՀ պատմության ընթացքում: Դրանք ԹՀ-ում հիմնականում անցկացվել են 5 տարին մեկ անգամ6. 1930, 1946, 1950, 1955, 1963, 1968, 1973, 1977, 1984, 1989, 1994, 1999, 2004, 2009թթ7: ՏԻՄ ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցողների քանակը ԹՀ-ում կազմել է ավելի քան 52 միլիոն մարդ: ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 26 քաղաքական կուսակցություն: Ընտրություններին մասնակցության ցուցանիշը ոչ պաշտոնական տվյալներով` կազմել է 89.1%, ինչը ռեկորդային ցուցանիշ է վերջին 20 տարվա համար. 1994թ. ՏԻՄ ընտրություններում մասնակցության ցուցանիշը կազմել է 90.6%:

Ոչ պաշտոնական տվյալներով` ԱԶԿ-ը հավաքել է քվեների 45.6%-ը (20.519.829 մարդ), ԺՀԿ-ը` 27.8%-ը (12.533.398 մարդ), ԱՇԿ-ը` 15.2%-ը (6.860.493 մարդ), իսկ ԽԺԿ-ը` 4.2%-ը (1.885.992 մարդ): ԱԶԿ-ին հաջողվել է հաղթել 81 նահանգից 49-ում, ԺՀԿ-ին` 13-ում, ԽԺԿ-ին` 10-ում, ԱՇԿ-ին` 8-ում: Իսկ Մարդինի նահանգում հաղթել է անկախ թեկնածու Ահմեդ Թուրքը8:

Համեմատության համար հարկ է նշել, որ 2009թ. մարտի 29-ի ընտրություններում ԱԶԿ-ը հավաքել է քվեների 38.64%-ը, ԺՀԿ-ը` 24.7%-ը, ԱՇԿ-ը` 16.5%-ը: Սա նշանակում է, որ 2014թ. ՏԻՄ ընտրություններում զգալի փոփոխություններ չեն գրանցվել: ԱԶԿ-ին հաջողվեց պահպանել Ստամբուլի ու Անկարայի քաղաքապետի պաշտոնները: ԱԶԿ-ն ընդհանուր առմամբ կորուստներ է կրել երկրի հարավ-արևելյան քրդաբնակ նահանգներում: Էրդողանը նախապես ԱԶԿ-ի առջև նպատակ էր դրել ամեն գնով հաղթել քրդաբնակ Դիարբեքիրի, Վանի ու Մարդինի նահանգներում, սակայն դա չհաջողվեց նրան: Թուրքիայի քրդերը դժգոհ էին մնացել 2013թ. սեպտեմբերի 30-ին Էրդողանի ներկայացրած ժողովրդավարական բարեփոխումների փաթեթից` այն որակելով որպես նախընտրական և ոչ թե ժողովրդավարական փաթեթ, որը պատրաստվել է ԱԶԿ-ի շահերը սպասարկելու համար:

ԺՀԿ-ն ավանդաբար ուժեղ գտնվեց երկրի արևմտյան՝ Էգեյան ծովին հարակից, ինչպես նաև միջերկրածովյան ու սևծովյան մի շարք նահանգներում: Սակայն ուշագրավն այն է, որ այս անգամ ԺՀԿ-ը պարտություն է կրել իր նախկին (1992-2010թթ.) նախագահ Դենիզ Բայքալի հայրենի Անթալիայի նահանգում (հաղթել է ԱԶԿ-ը), ուր այս տարվա մարտի 6-ին (մեկ օրում) ԺՀԿ-ի շարքերը լքեց նրա միանգամից 500 անդամ: Ի դեպ, ԺՀԿ-ը պարտություն է կրել նաև իր ներկայիս նախագահ Քեմալ Քըլչդարօղլուի հայրենի Թունջելիում (հաղթել է ԽԺԿ-ը):

ԱՇԿ-ը նույնպես հաղթել է իր համար ավանդական համարվող նահանգներում, այդ թվում նաև Օսմանիեում, ուր ծնվել է ԱՇԿ-ի նախագահ Դևլեթ Բահչելին: ԱՇԿ-ն թեև հաղթել է Կարսի նահանգում, սակայն պարտվել է Իգդիրի նահանգում, որը հանդիսանում է 2011թ. խորհրդարանական ընտրություններում ԱՇԿ-ի հաղթանակած միակ նահանգը:

Ինչ վերաբերում է ԽԺԿ-ին, ապա նա հաղթել է ԹՀ հարավ-արևելյան քրդաբնակ գրեթե բոլոր նահանգներում, ինչպես նաև Թունջելիում (Դերսիմ): Քրդերի ակտիվում կարելի է գրանցել նաև Մարդինի նահանգը, քանի որ այնտեղ հաղթանակ է տարել քրդերի իրավունքների պայքարի առաջամարտիկներից (քուրդ) Ահմեդ Թուրքը:

Ընտրությունների արդյունքները վկայեցին, որ վերջին շրջանում ԹՀ-ում մեծ աղմուկ հանած և իշխանությունների համար անցանկալի իրադարձությունները («Գեզի» այգու դեպքեր, կոռուպցիոն բացահայտումներ (այդ թվում նաև Էրդողանի ու նրա ընտանիքի մասով) ու դրանց հետևանքով նախարարների հարկադիր հրաժարական, նախարարների որդիների ձերբակալություններ, Էրդողան-Գյուլեն առճակատում և այլն) վճռորոշ վնաս չպատճառեցին ԱԶԿ-ին: Դրա պատճառները մի քանիսն են:

Էրդողանն անցկացրեց շատ լավ նախընտրական կամպանիա: Վերջին օրերին բժիշկներն Էրդողանին անգամ չթույլատրեցին ելույթներ ունենալ, քանի որ դա կարող էր անդառնալի վնաս պատճառել օրական նախընտրական 3 հանդիպում անցկացնող նրա ձայնալարերին9: Էրդողանի խոսքերը, թերևս, համոզիչ են թվացել շատերին: Իր ելույթներում Էրդողանը Գյուլենի շարժման նկատմամբ լայնորեն գործածեց «միջազգային դավադրության» ու «ներքին թշնամու» գաղափարները, իշխանամետ մամուլը շարունակ ընդգծում էր, որ ԱԶԿ-ի պարտության դեպքում ԹՀ քաղաքացիների կյանքը կենթարկվի «արտաքին ուժերին»:

Էրդողանն օգտագործում էր նաև «տնտեսական» գործոնը` հիշեցնելով, որ վերջին 10 տարում ԹՀ-ը տնտեսական մեծ հաջողություններ է արձանագրել10, և եթե ԱԶԿ-ն պարտվի ընտրություններում, ապա երկրի տնտեսությանը և կայունությանը կպատճառվի խոշոր վնաս: Բացի այդ, Էրդողանը հայտարարում էր, որ ԱԶԿ հաղթանակը կլինի նոր (զորեղ) Թուրքիայի հաղթանակը, մինչդեռ հակառակ դեպքում կհաղթի հին Թուրքիան: Էրդողանը փորձում էր մարդկանց հավաստիացնել, որ ԺՀԿ-ն ոչ մի կերպ չի փոխվել, և որ իշխանության գալու դեպքում նա սկսելու է գործնականում կիրառել միակուսակցական համակարգը: Այդպիսով՝ Էրդողանին հաջողվեց, «սպառնալիքների» մասին բարձրաձայնելով, նվազագույնի հասցնել կոռուպցիոն հարցերի ազդեցությունը, «դավադրության» սպառնալիքին բախված ընտրողների համար ստեղծել «համերաշխության հարթակ»:

Դեռևս 2013թ. դեկտեմբերի 26-ին ամերիկյան The Washington Post թերթում հրապարակած իր հոդվածում գիտնական, «Տնտեսության և կոռուպցիայի ազդեցությունն ընտրությունների վրա» գիտական հետազոտության համահեղինակ Ջոշուա Թաքերը կանխատեսել էր, որ կոռուպցիոն վերջին սկանդալն այդքան էլ չի ազդի ԹՀ առաջիկա ընտրությունների արդյունքների վրա: Նա բերել էր Շվեդիայի և Մոլդովայի օրինակները. Շվեդիայում չափազանց բացասաբար են վերաբերվում կոռուպցիային, անկախ նրանից՝ աճո՞ւմ է երկրի տնտեսությունը, թե՞ ոչ, ճգնաժամ կա՞, թե՞ ոչ, մինչդեռ Մոլդովայում եթե տնտեսությունը բարեհաջող զարգանում է, ապա նրա բնակիչները գործնականում չեն արձագանքում կոռուպցիային` գտնելով, որ քաղաքական հետապնդումները կարող են վատթարացնել տնտեսական իրավիճակը, մեծացնել գործազրկության մակարդակը և այլն:

Թաքերի կարծիքով` ԹՀ-ը «կոռուպցիայի ընկալման» վարկանիշով հետ է մնում Շվեդիայից, սակայն գերազանցում է Մոլդովային, ինչը նշանակում է, որ Թուրքիայում ընտրողները չեն ցուցաբերի այնպիսի վճռականություն, ինչպես Շվեդիայում է, և այնպիսի անտարբերություն, ինչպես Մոլդովայում է: Հետևաբար, ԱԶԿ-ն կարող է զրկվել քվեների որոշակի քանակից, սակայն մեծ կորուստների մասին խոսք լինել չի կարող11:

Կարելի է կարծել, որ եթե ՏԻՄ ընտրություններին ընդառաջ ԹՀ-ում չգրանցվեին ԱԶԿ-ի համար վերոնշյալ բացասական զարգացումները, ապա այն ՏԻՄ ընտրությունների արդյունքներով կհավաքեր քվեների կեսից ավելին: Ընտրությունների արդյունքները վկայեցին, որ մարդիկ գնահատական տվեցին երկիրը ղեկավարելու քաղաքական գործիչների կարողություններին և ոչ թե կոռուպցիոն սկանդալին: Այստեղ պետք է ուշադրություն դարձնել Էրդողանի ևս երկու հայտարարության վրա: Մարտի սկզբին Էրդողանն Անկարայում հայտարարեց, որ եթե ԱԶԿ-ն չհաղթի ՏԻՄ ընտրություններում, ապա նա պատրաստ է հեռանալ քաղաքականությունից12: Սա, մի կողմից, կարելի է որակել որպես ընտրողներին վախեցնելու կամ շանտաժի ենթարկելու փորձ, որ ԹՀ-ը կարող է կորցնել Էրդողանի նման գործչի, մյուս կողմից՝ դա վկայում է Էրդողանի ինքնավստահության մասին. նա չէր կասկածում, որ հենց իր կուսակցությունն է հաղթելու ՏԻՄ ընտրություններում: Այդ մասին է վկայում օրեր անց նրա արած մեկ այլ հայտարարություն, որում Էրդողանն ընդդիմադիր կուսակցապետերին առաջարկեց ՏԻՄ ընտրություններում պարտություն կրելու դեպքում հրաժարական տալ` ընդգծելով, որ նման երևույթները պետք է սովորական դառնան ԹՀ-ի համար13: Էրդողանը գիտեր, որ ընդդիմադիր կուսակցությունները չեն հաղթելու ընտրություններում և, նրանց վնասելուց բացի, ցանկանում էր նաև մատնացույց անել պաշտոններից ընդդիմադիր կուսակցապետերի կառչած լինելը:

ՏԻՄ ընտրություններում ԱԶԿ հաղթանակին նպաստած կարևոր (եթե ոչ գլխավոր) գործոնների թվում է այլընտրանքի բացակայությունը: ԹՀ հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի հիմնած ԺՀԿ-ն ներկայումս թույլ է և չի կարողանում ներկայանալ որպես իրական այլընտրանք, այն ազդեցություն ունի միայն սահմանափակ թվով նահանգներում (ՏԻՄ ընտրություններից հետո Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարեց, որ ԺՀԿ-ն չի ստացել այնչափ քվեներ, որչափ որ ակնկալում էր): Ի դեպ, այլընտրանք չունենալը վերաբերում է նաև Ֆեթհուլա Գյուլենի կողմնակիցներին, որոնց Էրդողանը որակել է որպես «զուգահեռ կառույց» («խորքային պետություն», «պետություն պետության մեջ»): Էրդողանը մարտի սկզբին Գյուլենին կոչ էր արել, հակակառավարական քարոզչությամբ զբաղվելու փոխարեն, ԱՄՆ-ից գալ Թուրքիա, կուսակցություն ստեղծել և քաղաքական պայքար մղել ժողովրդավարական ուղիով14:

Դժվար է պատկերացնել, որ գյուլենականները, չափավոր իսլամական ԱԶԿ-ից բացի, կարող էին քվեարկել այլ կուսակցության և, մասնավորապես, ԺՀԿ օգտին, որը տասնամյակներ շարունակ թույլ չի տվել, որ իսլամը դուրս գա մզկիթի դարպասներից (Աթաթուրքի ընդունած 6 սկզբունքներից մեկը` լաիցիզմ), էլ չենք ասում ԱՇԿ-ի ու քրդերի մասին: Գյուլենականները կարող էին բոյկոտել ընտրությունները, բայց քանի որ ներկայացված են իշխանական կառույցներում, ապա ԱԶԿ հնարավոր պարտությունը ձեռնտու չէր լինի նրանց: Եվ վերջապես, գյուլենականների համար ԱԶԿ-ն չի սահմանափակվում միայն Էրդողանով:

Բացի այդ, ՏԻՄ ընտրություններում ԱԶԿ հաղթանակի օգտին ծառայեց «խոշոր քաղաքների» մասին օրենքը, որը միաժամանակ հարվածեց ԺՀԿ-ին: 2012թ. նոյեմբերի 12-ին ԹԱՄԺ ընդունած օրենքով Այդըն, Բալըքեսիր, Դենիզլի, Հաթայ, Մալաթիա, Մանիսա, Քահրամանմարաշ, Մարդին, Մուղլա, Թեքիրդաղ, Տրապիզոն, Շանլըուրֆա, Վան և Օրդու (Օրդուն «խոշոր քաղաքի» կարգավիճակ ստացավ 2013թ.) նահանգներում, որոնց բնակչությունը կազմում էր ավելի քան 750.000 մարդ, ստեղծվեցին նույնանուն «խոշոր քաղաքների» քաղաքապետարաններ, որոնց լիազորությունները տարածվեցին ողջ նահանգի սահմանների վրա: Դրանով իսկ «խոշոր քաղաքների» քանակը ԹՀ-ում 16-ից հասցվեց 30-ի:

Մինչ այդ նման կարգավիճակ ստացել էին Ստամբուլը, Քոջայելին, Ադանան, Անկարան, Անթալիան, Բուրսան, Դիարբեքիրը, Էսքիշեհիրը, Էրզրումը, Գազիանթեփը, Իզմիրը, Քայսերին, Քոնիան, Մերսինը, Սաքարիան ու Սամսունը15: «Խոշոր քաղաքների» աճը պայմանավորված է Թուրքիայի բնակչության բնական աճով և գյուղից քաղաք միգրացիայի խոշոր ծավալով. եթե 1927թ. ԹՀ բնակչության 75%-ը բնակվում էր գյուղերում, ապա ներկայումս հակառակ պատկերն է. քաղաքներում բնակվում է բնակչության ավելի քան 70%-ը:

ՏԻՄ ընտրություններն առաջինն էին 14 «խոշոր քաղաքի» համար: Նախնական տվյալներով՝ ԱԶԿ-ն հաղթել է 30 «խոշոր քաղաքներից» 21-ում, ԺՀԿ-ն՝ 5-ում, ԱՇԿ-ն՝ 2-ում, ԽԺԿ-ն՝ 2-ում: Նոր օրենքով «խոշոր քաղաքի» կարգավիճակով նահանգի (ուր գյուղերը «վերածվել են խոշոր քաղաքի» թաղամասերի) բնակիչներից յուրաքանչյուրը կարողացել է մասնակցել «խոշոր քաղաքի» քաղաքապետի ընտրություններին, ինչն արգելված է եղել 2009թ.: Դա նշանակում է, որ գյուղական շրջանների բնակիչները նույնպես մասնակցել են տվյալ ընտրությանը, ինչն էլ որոշ նահանգներում վճռորոշ է եղել ԱԶԿ-ի համար, որը բավականաչափ զորեղ չի գտնվել նահանգի կենտրոնում, սակայն ավելի ուժեղ է գտնվել նահանգի տարբեր շրջաններում:

Ընդգծվում է, որ ԱԶԿ-ին նման կերպ հաջողվել է Անթալիայում հաղթել ԺՀԿ-ին, իսկ Բալըքեսիրում՝ ԱՇԿ-ին, ինչպես նաև հաղթել Օրդու նահանգում: Ընդգծվում է, որ ԺՀԿ-ն իր հերթին նախկին օրենքի առկայության դեպքում հաղթանակ կտոներ Անկարայում, Անթալիայում, Օրդուում և Մերսինում (այստեղ նա զիջել է ԱՇԿ-ին): «Խոշոր քաղաքների» մասին օրենքն ամենաշատն օգնել է ԱԶԿ-ին և ԽԺԿ-ին16:

Ուշագրավ է այն հանգամանքը, որ քվեների հաշվարկի ժամանակ Թուրքիայի 35 նահանգում միանգամից անջատվել է էլեկտրականությունը, ինչի հետևանքով ստիպված են եղել տվյալ գործընթացը շարունակել մոմերի, լապտերների, բջջային հեռախոսների լույսի ներքո17: Դրա հետ կապված՝ ԹՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ էլեկտրաէներգիայի խափանման պատճառը տրանսֆորմատորի մեջ մտած կատուն է, ինչը զավեշտալի մեկնաբանությունների տեղիք տվեց համացանցում18: Ընդդիմադիրները, սակայն, չեն բացառում, որ էլեկտրաէներգիայի անջատումն իրականացվել է միտումնավոր՝ ընտրախախտումներ կատարելու համար:

Իշխանական ռեսուրսների օգտագործումը նույնպես նպաստել է ԱԶԿ հաղթանակին: ԹՀ Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդի (RTÜK) անցկացրած մոնիթորինգը վկայել է, որ հանրային TRT հեռուստաալիքը փետրվարի 22-ից մարտի 2-ին նախընտրական քարոզչության եթերաժամի 89.52%-ը (13 ժամ 32 րոպե) հատկացրել է ԱԶԿ-ին, 5.29%-ը (48 րոպե)՝ ԱՇԿ-ին, 4.96%-ը (45 րոպե)՝ ԺՀԿ-ին, 0.22%-ը (2 րոպե)՝ ԽԺԿ-ին: Ընդդիմադիր կուսակցություններին ընդհանուր հատկացվել է միայն 2 ժամ 45 րոպե19:

Առանձնակի ուշադրության է արժանի ՏԻՄ ընտրություններում քրդերի (և ոչ թե պարզապես ԽԺԿ-ի) գրանցած լուրջ հաջողությունը: Եթե համեմատենք ԺՀԿ և ԽԺԿ ցուցանիշները, կտեսնենք, որ ԺՀԿ-ն հավաքել է 10 միլիոն քվե ավելի, իսկ տոկոսային հարաբերությամբ՝ մոտ 7 անգամ ավելի: Եվ չնայած դրան՝ ԺՀԿ-ն հաղթել է միայն 13 նահանգում, իսկ ԽԺԿ-ն՝ 10 նահանգում: Միաժամանակ, քրդերի ակտիվում պետք է գրանցել նաև Մարդինը, և կստացվի, որ քրդերը հաղթել են 11 նահանգում: Սակայն քրդերի հաջողությունները չեն ավարտվում միայն այսքանով:

Հարկ է անդրադառնալ 2012թ. հոկտեմբերի 15-ին ԹՀ-ում ստեղծված Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ, HDP) գործոնին, որը ներկա դրությամբ ԹԱՄԺ-ում ունի 8 պատգամավոր (5-րդ կուսակցությունը): Քուրդ առաջնորդ Աբդուլա Օջալանի առաջարկով ստեղծված և քուրդ կարկառուն գործիչներով համալրված ԺԴԿ-ն նպատակադրվել է միավորել քրդական ու ձախակողմյան մի շարք կուսակցությունների` խլելու համար ԺՀԿ ձայները: 2012թ. հոկտեմբերին Անկարայում անցկացված ԺԴԿ համագումարում, որն անցավ «Սա միայն սկիզբն է» կարգախոսով, ԺԴԿ-ն գործարկեց ՏԻՄ ընտրություններում իր ընտրարշավի ռազմավարությունը` «ԽԺԿ-ն` Արևելքում, ԺԴԿ-ն` Արևմուտքում»: Համագումարում ընթերցվեց Օջալանի նամակը, որում նա ԺԴԿ-ն անվանել է քուրդ ժողովրդի ժողովրդավարական պայքարի շրջադարձային կառույց:

ԺԴԿ անդամ Բիրքան Յորուլմազի կարծիքով՝ ԺԴԿ-ն կարող է ընտրություններում ստանալ ԺՀԿ քվեները, որի օգտին շատերը հարկադրաբար են քվեարկել, քանի որ չի եղել այլընտրանք՝ հավելելով, որ ԺՀԿ-ն ստանում է ալավիների քվեների մոտ 60%-ը, և ԺԴԿ-ն ցանկանում է փոխել այդ իրավիճակը: Թուրքական մամուլը նշել է, որ ԺԴԿ-ն Օջալանի կողմից ստեղծվել է հատուկ ալավիների ձայները ստանալու նպատակով20: Ընդ որում՝ ԽԺԿ-ն և ԺԴԿ-ն ունեն 2015թ. խորհրդարանական ընտրություններում միավորվելու պլան` թեև նրանց միջև առկա են որոշակի տարաձայնություններ: ԺԴԿ-ն ցանկանում է լցնել ԹՀ քաղաքական ձախ թևում առաջացած վակուումը, սակայն ձախ շրջանակները մտավախություն ունեն ԺԴԿ հարցում, ինչը կապված է Օջալանի ազդեցության հետ. շատերը նրան չեն ցանկանում տեսնել ընդդիմության համախմբման գլխավերևում:

Ուսումնասիրելով արևմտյան ու կենտրոնաարևմտյան մի շարք նահանգներում ԺԴԿ ունեցած արդյունքները` ակներև է դառնում, որ այն հիմնականում զբաղեցրել է 4-5-րդ տեղը (26 կուսակցությունից): Ստամբուլի նահանգում այն հավաքել է 413.000 քվե` առաջ անցնելով անգամ ԱՇԿ-ից (3-րդ տեղ), ինչը պայմանավորված է նրանով, որ Ստամբուլում բնակվում են մեծ թվով քրդեր: Ուշագրավ է, որ ԱԶԿ-ն ԺՀԿ-ին այստեղ հաղթել է 670.000 քվեի տարբերությամբ: Անկարայում ԺԴԿ-ն 5-րդն է` ավելի քան 28.000 քվե, իսկ ԱԶԿ-ն այս դեպքում ԺՀԿ-ին հաղթել է ընդամենը 32.000 քվեով: Իզմիրում ԺԴԿ-ն 4-րդն է` ավելի քան 88.000 քվե (ԺՀԿ-ն ԱԶԿ-ին հաղթել է 360.000 քվեով): Ուշագրավ է նաև, որ Անթալիայում ԱԶԿ-ն ԺՀԿ-ին հաղթել է 23.000 քվեով, մինչդեռ ԺԴԿ-ն (4-րդ տեղ) այստեղ հավաքել է ավելի քան 30.000 քվե: Փաստորեն, ԺԴԿ-ի համար սրանք առաջին ընտրություններն էին, և կարելի է կանխատեսել, որ հետագա ընտրություններում այն կխաղա ավելի ծանրակշիռ դեր, առաջին հերթին՝ ի վնաս ԺՀԿ-ի:

Այսպիսով, ՏԻՄ ընտրություններով ԹՀ-ը թևակոխեց 1.5-ամյա ընտրական մարաթոն (նախագահական ընտրություններն անցկացվելու են այս տարվա օգոստոսի 10-ին, իսկ խորհրդարանական ընտրությունները` հաջորդ տարվա հունիսին): Էրդողանը ՏԻՄ ընտրություններում ԱԶԿ հաղթանակը որակեց որպես «ողջ 77 միլիոնանոց ԹՀ հաղթանակի օր»՝ ընդգծելով, որ իրենք այդ հաղթանակը տարել են ոչ թե փողոցներում, այլ քաղաքական մեթոդներով, ժողովրդավարական ընտրությունների միջոցով: ՏԻՄ ընտրություններից հետո ԱԶԿ-ի համար առաջնահերթը նախագահական ընտրություններում հաղթելն է, ինչը շատ ավելի դյուրին խնդիր է. ընդդիմադիր կուսակցապետերը` որպես առաջնորդ, ոչ մի կերպ չեն կարող համեմատվել Էրդողանի հետ: ՏԻՄ ընտրություններից հետո Էրդողանը հերքեց, որ նախագահական և խորհրդարանական ընտրությունները կարող են անցկացվել համատեղ: Նա դժգոհեց, որ բազմակուսակցական համակարգին անցած ԹՀ-ում մինչև իրենց իշխանության գալը (2002թ.) ընտրություններն անցկացվել են ամեն 16 ամիսը մեկ անգամ, ինչն էլ վնասել է երկրում կայունության հաստատմանը: 2015-ից հետո ԹՀ-ում կգրանցվի ընտրական դադար, և ԹՀ պատմության մեջ առաջին անգամ մեկ տարում՝ 2019թ., միանգամից կանցկացվի 3 ընտրություն` ՏԻՄ, խորհրդարանական և նախագահական:

1 Erdoğan'dan erken seçim sinyali, Haber Türk, 23.07.2012.

2 CHP'li İnce: 27 Ekim olmaz, 3 Kasım olsun, Hürriyet, 06.09.2012.

3 2011թ. հունիսի 12-ի խորհրդարանական ընտրություններում ԱԶԿ-ի հաղթանակից հետո ԹԱՄԺ-ում նրա ներկայացուցիչների քանակը նվազել է 10-ով. ԱԶԿ-ի պատգամավոր-ներից մեկը մահացել է (տվյալ դեպքերում նրա տեղը մնում է թափուր), իսկ 2013թ. դեկտեմբերի 17-ին ԹՀ-ում իրականացված հակակոռուպցիոն գործողությունից հետո ԱԶԿ-ի շարքերը լքել է նրա ևս 9 ներկայացուցիչ:

4 Erken yerel seçimde flaş gelişme, Sabah, 12.10.2012.

5 Cumhurbaşkanı Abdullah Gül bu güne kadar kaç kanunu veto etti?, Milliyet, 20.02.2014.

6 1934, 1938, 1942թթ. ԹՀ-ում չեն անցկացվել ՏԻՄ ընտրություններ, քանի որ տվյալ ժամանակ իշխող ԺՀԿ-ը չի ունեցել մրցակից` ընդդիմադիր կուսակցության տեսքով (ԹՀ-ը բազմակուսակցական համակարգին անցում է կատարել 1946թ.): Բացի այդ, ռազմական հե-ղաշրջումները (1960, 1971, 1980) ԹՀ-ում պատճառ են դարձել ՏԻՄ ընտրությունների անցկացման գործընթացում դադարների գրանցման համար:

7 1930'dan 2009'a Türkiye'de yerel seçim sonuçları, İhlas Haber Ajansı, 16.04.2011.

8 2014 yerel seçim sonuçları, Anadolu Ajansı.

9 Doktorlardan Erdoğan'a çok acil uyarı, Yeni Şafak, 27.03.2014.

10 2002թ. ԹՀ-ում մեկ շնչին բաժին ընկնող ազգային եկամուտը կազմել է $3500, իսկ 2013թ.` $10.774, 2002թ. ՀՆԱ-ն կազմել է $230 մլրդ, իսկ 2013թ.` $822 մլրդ, 2002թ. արտահանման ծավալը կազմել է $36 մլրդ, իսկ 2013թ.` $152.5 մլրդ, 2002թ. օտար ներդրումների ծավալը կազմել է $85.5 մլրդ, 2013թ.` $390.4 մլրդ (2012թ.` $420.7 մլրդ), 2002թ. զբոսաշրջությունից ստացված եկամուտը կազմել է $11.9 մլրդ, իսկ 2013թ.` $32.3 մլրդ, 2002թ. ԹՀ-ն ԱՄՀ-ին պարտք էր $23.5 մլրդ, ինչն ամբողջովին մարվել է 2013թ. մայիսին:

11 Taha Akyol, Sandıktan ne çıktı?, Hürriyet, 31.03.2014.

12 Erdoğan siyaseti bırakma şartını açıkladı!, Milliyet, 05.03.2014.

13 Başbakan Erdoğan'dan istifa sözü, Bugün, 13.03.2014.

14 Erdoğan'dan Gülen'e parti kur çağrısı, Haber A, 04.03.2014.

15 Büyükşehir Yasası Kabul Edildi, TRT Haber, 12.11.2012.

16 Büyükşehir yasası en çok AK Parti ve BDP'ye yaradı, Bugün, 01.04.2014.

17 35 ilde elektrik kesildi, oylar mum ışığında sayıldı, Zaman, 31.03.2014.

18 Enerji Bakanı Taner Yıldız: Trafoya kedi girdi, Hürriyet, 02.04.2014.

19 TRT'den AK Parti'ye 13 saat muhalefete 48 dakika, Radikal, 13.03.2014.

20 Emre Uslu, HDP, Öcalan’ın Alevi partisi olacak, Taraf, 31.10.2013.

«Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 4, 2014

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր