ԳԵՈՐԳԻ ԿՈԼԱՐՈՎ. ՎԱՌՆԱՅԻ ՄԻՋԱԴԵՊԸ, «ԱՏԱԿԱ»-Ի ՇԻԶՈՖՐԵՆԻԱՆ ԵՎ ՇԱՆՍ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍԿԱՆԴԱԼ ԲՈՒԼՂԱՐԻԱՅՈՒՄ
Գեորգի Կոլարով
ՄՊՀ Գլոբալ գործընթացների ֆակուլտետի և Վառնայի Տնտեսագիտական համալսարանի Շարունակվող ուսուցման կենտրոնի (Բուլղարիայի Հանրապետություն) դասախոս
2014թ. հունվարի 10-ին Սոֆիայում ԱՄՆ դեսպանատան առջև մի քանի հարյուր բուլղարացի էր հավաքվել՝ նշելու անգլո-ամերիկյան ավիացիայի կողմից Բուլղարիայի մայրաքաղաքի բարբարոսական ռմբակոծման (ռումբերի մեջ կային նաև խաղալիքի տիպի պայթուցիկներ, որոնք պայթում էին դրանք բարձրացրած երեխաների ձեռքերում) և հակառակորդի հարյուրավոր ինքնաթիռներ խփած ու այդ պահի համար արևմտյան դաշնակիցներին անդառնալի վնաս պատճառած բուլղար կործանիչ-օդաչուների քաջարի դիմադրության 70-ամյա տարելիցը։ Ցուցարարները փորձեցին պղծել այդ նույն բրիտանացիների ու ամերիկացիների հուշարձանը, որոնք, իբր, մարտնչում էին «բուլղար ֆաշիստների» դեմ և այդ նպատակով ռմբակոծեցին Սոֆիայի, Պլովդիվի, Պլևնայի, Վրացայի, Սկոպիեի և բուլղարական այլ քաղաքների կենտրոնական հատվածները և սպանեցին հազարավոր խաղաղ բնակիչների։ Սոֆիայում ամերիկյան դեսպանատան նոր համալիրի առջև այդ հուշարձանի տեղադրման պահից սկսած՝ ինչպես Բուլղարիայի մայրաքաղաքի, այնպես էլ ողջ երկրի բնակիչները, հատկապես տարեց բուլղարացիները, միահամուռ արտահայտում են իրենց դժգոհությունն այդ առիթով։
Այս տարի բողոքի ակցիայի կազմակերպիչը դարձավ խորհրդարանական «Ատակա» կուսակցությունը, որը պաշտոնապես դավանում է նացիոնալ-հայրենասիրական գաղափարախոսություն և նույն հռետորաբանությամբ էլ մտավարժանքներ է անում։ Կուսակցության ղեկավարությունը և, առաջին հերթին, նրա անփոփոխ առաջնորդ, ոչ անհայտ լրագրող Վոլեն Սիդերովը ժողովրդականություն է նվաճել հայրենասիրական տրամադրություններ ունեցող բուլղարների, ինչպես նաև ռուսախոս և հայ փոքրամասնությունների ներկայացուցիչների շրջանում՝ հետևողականորեն հանդես գալով Բուլղարիայի սլավոնական ծագմամբ քաղաքացիների իրավունքների պաշտպանությամբ ու 1915թ. Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության ճանաչմամբ։ Այսպիսով «Ատական» անցավ Բուլղարիայի խորհրդարան և սկսեց կանոնավորապես իրականացնել հակաթուրքական և հակահրեական քարոզչություն՝ օգտվելով պոպուլիստական հռետորաբանությունից և ստանալով միամիտ քաղաքացիների ձայները։
Վոլեն Սիդերովը և նրա համախոհները հաջողությամբ օգտվում են «ինքնաբուխ բողոքի» քաղտեխնոլոգիայից, որի մեխանիզմները վերլուծում է արգենտինացի սոցիոլոգ Տորկուատո դի Տելյան [1]։ Նա կարծում է, որ մարդկանց լայն զանգվածները սովորաբար անտարբերությամբ են վերաբերվում սոցիալ-քաղաքական պրոբլեմատիկային։ Բայց երբ հասարակությունը դուրս է գալիս հավասարակշռության վիճակից, մանավանդ եթե այդ հասարակության տնտեսությունը հետամնաց է և հնացած են քաղաքական-վարչարարական կառույցները, մարդիկ դուրս են գալիս թմբիրից, և գործի է անցնում «ինքնաբուխ բողոքի» մեխանիզմը [2]։ Այդ բողոքն արտահայտվում է «անվերահսկելի, ագրեսիվ գործողություններով և կոնկրետ անձանց ու սոցիալական խմբերի հանդեպ բռնության հակվածությամբ, որոնց ապստամբած զանգվածները մեղավոր են համարում իրենց դրության վատթարացման համար։ Ամենից հաճախ դրանք ուղղվում են «հարուստների» ու «օտարների» դեմ [3]։ Քանի որ «ինքնաբուխ բողոքը» հիմնականում հուզական բնութագրեր ունի, այն հեշտությամբ ընկնում է ավտորիտար և տոտալիտար առաջնորդների կամ դեմագոգների հսկողության տակ, որոնք, հույզերին խելամիտ փաստարկներ հակադրելու փոխարեն, նպաստում են կրքերի բորբոքմանը։ Բուլղարիայի ընթացիկ իրավիճակը շատ նման է դի Տելյայի բնութագրումներին. հետամնաց տնտեսություն, հնացած քաղաքական-վարչարարական կառույցներ, հավասարակշռության վիճակից դուրս եկած հասարակություն։ Ինչպես կտեսնենք մի փոքր հետո, «հարուստ օտարն» էլ է գտնվել...
Տորկուատո դի Տելյայի ռուս հետևորդ և հետազոտող Օլգա Դոկուչաևան նշում է, որ «նման շարժումների (ինչպիսին է «Ատակա» կուսակցությունը- Գ.Կ.) համար գաղափարա-քաղաքական հիմք է հանդիսանում աշխարհի հանդեպ պարզեցված-վուլգար, ավելի շուտ հուզական, քան ռացիոնալ մոտեցումը, ինչը բավական բնորոշ է հետամնաց երկրների զանգվածային գիտակցությանը։ Այդ շարժումների ինտեգրող գործոնը ոչ այնքան այն է, թե որքանով են դրանց մասնակիցները հստակ ըմբռնում իրենց իրական շահերը, որքան բողոքի ֆերմենտը, առկա սոցիալական կարգը չընդունելը։ Պոպուլիստական շարժումների սոցիալական հենարանը սովորաբար կազմում են բնակչության՝ եկամուտների ցածր մակարդակ ունեցող հատվածները (կիսապրոլետարական, պրոլետարական, գյուղացիական, միջին քաղաքային և մարգինալ շերտերը), որոնց տնտեսական կացությունը խիստ անկայուն է, մանավանդ ճգնաժամային շրջաններում» [4]։ Նշենք, որ այս նկարագրությունը լիովին համապատասխանում է բուլղարական «Ատակա»-ի էլեկտորալ բազիսին։
Վերջին օրերին բուլղարական և համաեվրոպական տեղեկատվական դաշտում աղմուկ բարձրացրեց մի միջադեպ, որը տեղի էր ունեցել Սոֆիա-Վառնա ինքնաթիռում և Վառնայի օդանավակայանում. Վոլեն Սիդերովը, նրա զինակից Դեսիսլավ Չուկոլովը, «առաջնորդի» ընկերուհին՝ Դեննիցա Հաջևան (բոլորը Բուլղարիայի խորհրդարանի պատգամավորներ են) ծեծել են մի ֆրանսուհու՝ Սոֆիայում Ֆրանսիայի մշակութային կցորդ, Սոֆիայում Ֆրանսիական մշակութային կենտրոնի տնօրեն Սթեֆանի Դյումուրթիեին, մի երիտասարդի, որը փորձել է պաշտպանել կնոջը, հետն էլ՝ կարգուկանոն մտցնել փորձող մի ոստիկանի։
Գլխավոր դատախազ Սոտիր Ցացարովը պահանջում է զրկել «Ատակա»-ի խուլիգան-պատգամավորներին պատգամավորական անձեռնմխելիությունից։ Նրան աջակցում են Բուլղարիայի բոլոր ընդդիմադիր կուսակցությունները։
Այժմ «Ատակա»-ին սատարում է Բուլղարիայի Սոցիալիստական կուսակցության (ԲՍԿ) և թուրքամետ Իրավունքների և ազատությունների շարժման (ԻԱՇ) կոալիցիոն կառավարությունը, որն առաջ է մղում բուլղար մահմեդականների շահերը։ Բուլղարիայում գաղտնիք չէ, որ ԻԱՇ նախկին ֆորմալ և դեռևս իրական առաջնորդ Ահմեդ Դողանը պարզապես «առել» է «Ատակա»-ի առաջնորդ Վոլեն Սիդերովին (բուլղարական լրատվամիջոցները խոսում են 10 մլն լևի մասին)։ Եվ վերջինն այժմ նոր կառավարությանը ծառայում է այնպիսի ջանադրությամբ, ինչպիսի եռանդով որ քննադատել է «եռյակ կոալիցիային» 2005-2009թթ. (բացի ԲՍԿ-ից և ԻԱՇ-ից, այստեղ ընդգրկված էր նաև «Սիմեոն Երկրորդ» ազգային շարժումը, որը պաշտպանում էր նախկին միապետի շահերը)։ Հենց այդ ժամանակ և մինչև 2013թ. մայիսն էր, որ «Ատական» խաղարկում էր ազգայնական, հակաթուրթական քարտեզը և դրա համար էլ սատարում էր Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ Տեսնենք, թե ինչ տեղի ունեցավ հետո...
ԲՍԿ և ԻԱՇ կառավարությանը հավատարիմ ծառայելն էլ հենց Վոլեն Սիդերովին անխոցելի է դարձնում խորհրդարանական մեծամասնության համար և անզուսպ՝ օդանավակայաններում ու փողոցում։ Չի բացառվում, որ կառավարությունն այս անգամ ևս փորձի փրկել Սիդերովին՝ դրա դիմաց վճարելով քաղաքացիների աջակցության կորստով։
Ֆրանսիական եվրապատգամավոր Ժան-Պիեռ Օդին (Եվրոպական Ժողովրդական կուսակցություն) հրապարակավ իր զայրույթն է հայտնել այն առիթով, որ որևէ արձագանք չի եղել վարչապետ Պլամեն Օրեշարսկու և իշխող կոալիցիայի կուսակցությունների առաջնորդներ Սերգեյ Ստանիշևի և Լյութֆի Մեստանի կողմից։ Նա հույս է հայտնել, որ դա կապված չէ այն վճռական աջակցության հետ, որը ցուցաբերում է Վոլեն Սիդերովը կառավարությանը խորհրդարանում։ Բայց ստիպված ենք հրապարակավ հուսահատեցնել մեծահարգ փարիզցուն. դա հենց այդպես է, որ կա։
Քննադատությանը միացել է նաև Բուլղարիայի նախագահ (2002-2012) Գեորգի Պիրվանովը։ Նա կշտամբել է իրեն ԲՍԿ նախագահի պաշտոնում փոխարինելու եկած Սերգեյ Ստանիշևին և Լյութֆի Մեստանին՝ լռության համար։ Նկատի ունենալով, որ Ստանիշևը նաև Եվրոպական սոցիալիստների կուսակցության (ԵՍԿ) նախագահն է, կարելի է սպասել, որ նա ստիպված է լինելու հրաժեշտ տալ այդ բարձր պաշտոնին, եթե հստակ դիրքորոշում չներկայացնի իր խուլիգան-դաշնակցի հանդեպ։
Բուլղարիայի ԿԸՀ նախագահ, պրոֆեսոր Միխայիլ Կոնստանտինովը կարծում է, որ «Վոլենը կհեռացվի Եվրոպայի ճնշման տակ»։ Նախկին խորհրդարանական, հոգեբանության դոկտոր Նիկոլայ Միխայլովն ընդգծում է, որ Վոլեն Սիդերովը «մասնագիտացել է էքստազի պահին ԵՄ-ին մշտապես սկանդալի մեջ գցելու հարցում։ Նա քաոս սերմանող է, դա է նրա ամպլուան, որի կարիքն ունի»։ Մեկ այլ անվանի բուլղար հոգեբան՝ Վեսելին Գերովը, նրա մեջ նկատել է «խարակտերոպատիա, հուզական անկայուն անձնային շեղում»։
Նրա գործընկեր Ռոսեն Յորդանովը հիշում է, որ Վոլեն Սիդերովը միանգամայն ուրիշ էր, երբ լրագրող էր, և դարձել է բոլորովին այլ՝ որպես քաղաքական կուսակցության առաջնորդ։ Հոգեբանը նրա մեջ տեսնում է «բնավորության ծածուկ պաթոլոգիայի խորացում»։ Նրա վարքագիծը նա բնութագրում է որպես «բնորոշ պարանոիդալ մանևր»՝ նրան անվանելով «մոլագար նարցիս»։ Այսպես են արտահայտվում Վոլեն Սիդերովի մասին նաև ուրիշ մասնագետները։
Այնուամենայնիվ, եթե Վոլեն Սիդերովը հեռանա քաղաքականությունից Եվրոպայի ճնշման տակ, ապա դեռևս անհայտ է, թե ինչ ապագա է սպասվում «Ատակա» կուսակցությանը։ Համենայնդեպս, նրա վարկանիշը ԲՍԿ-ԻԱՇ կառավարության օգտին քվեարկությունից հետո բավական ցածր է՝ գարնանն սպասվող ընտրություններում խորհրդարան անցնելու համար։ Կուսակցության ղեկին կարող է հայտնվել նախագահի տեղակալներից մեկը՝ իրավաբան և փորձառու քաղաքական գործիչ Պավել Շոպովը կամ հանրահռչակ պատմաբան-հնագետ, պրոֆեսոր Ստանիսլավ Ստանիլովը։ Վերջինին շատ լավ են ընդունում Մոսկվայում, որտեղ նա վայելում է ազդեցիկ գիտական և բիզնես-կառույցների աջակցությունը։
Ինչևէ, Վառնայի միջադեպի արդյունքում ԲՍԿ-ԻԱՇ-«Ատակա» կոալիցիան կորցրել է Եվրոպայի վստահությունը։ Հետաքրքիր է՝ կօգտվի՞ արդյոք դրանից Ռուսաստանը։ Պատասխանի մի մասն արտահայտվում է մինչև գործող կառավարության մանդատի ավարտը համատեղ տնտեսական և էներգետիկ նախագծերի արագացված ստորագրման և իրագործման պահանջմունքով։
Աղբյուրներ
1. Di Tella Torquato. El sistema politico argentine y la clase obrera. Buenos Aires, 1964. c. 58.
2. Նույն տեղում, с. 60, 63.
3. Նույն տեղում, с. 62.
4. Докучаева О.Н., Концепция латиноамериканского популизма в трудах Т.Ди Тельи // Вестник Московского Государственного Университета, Серия 8, История 1996, №3, с. 42.
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- «ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԼՎԱՑՔԱՏՈՒՆԸ» ԵՎ ԲՈՒԼՂԱՐԱԿԱՆ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՁԱԽ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԱՀԸ[08.12.2017]
- ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՖԻԱՅՈՒՄ՝ ԶԵՆՔԻ ՎԱՃԱՌՔԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ[03.10.2017]
- ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱԿԵԴՈՆԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ[10.07.2017]
- ԲՈՒԼՂԱՐԻԱՆ ՓՈԽՈՒՄ Է ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄԸ[24.01.2017]
- ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ ԼԵՀԱՍՏԱՆՈՒՄ[08.12.2015]
- ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՄՈՒՆԻՑԻՊԱԼ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ «ՀԱՐԱՎԱՅԻՆ ՀՈՍՔ» ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐՍԿՍՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐԸ[04.11.2015]
- ՍՈՖԻԱՅԻ ԵՎ ՄՈՍԿՎԱՅԻ ՀԱՇՏԵՑՄԱՆ ՀԱԿԱՍԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ[01.10.2015]
- ԴԵՖՈԼՏԸ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵՆ ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ. ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐ ԲԱԼԿԱՆՅԱՆ ԹԵՐԱԿՂԶՈՒ ՄՅՈՒՍ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ[02.09.2015]
- ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ «ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀՈՍՔԻ» ՃԱՆԱՊԱՐՀԻՆ[11.06.2015]
- ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԸ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՄԱՍԻՆ[03.04.2015]
- ՈՉ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԱՂԱՆԴՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՎՐԱ. ԲՈՒԼՂԱՐԱԿԱՆ ՓՈՐՁԸ[27.03.2015]