
«10 ԲՈՒՀ ԵՎ 12 ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ԿՓԱԿՎԻ. 1400 ԴԱՍԱԽՈՍ, 500-600 ԱՇԽԱՏԱԿԻՑ, 9000 ՈՒՍԱՆՈՂ Ի՞ՆՉ ՊԵՏՔ Է ԱՆԵՆ». Մենուա Սողոմոնյան
Վերջին շրջանում շատ է քննարկվում Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի փոփոխության նախագիծը, որի հիմնավորման մեջ ներկայացված չէ, թե ինչ հետազոտություններ, վիճակագրական տվյալներ, միջազգային փորձի ուսումնասիրություն է ընկած հիմքում:
Ըստ մասնագետների՝ օրենքում կան բազմաթիվ իրար հակասող դրույթներ, օրինակ՝ այն, որ հաստատությունը կարող է լինել բուհ, բայց չլինել համալսարան, կան հակասություններ այլ օրենքների հետ կապված, Սահմանադրության տեսանկյունից հակասություններ, անհասկանալի ձևակերպումներ:
«Հայաքվե» նախաձեռնության անդամ, ԵՊՀ նախկին դասախոս Մենուա Սողոմոնյանը օբյեկտիվ է համարում բոլոր այն մտահոգությունները, որոնք առկա են օրենքի նախագծի վերաբերյալ, հատկապես, երբ մասնագիտական համայնքները մշակման պրոցեսում մասնակցություն չեն ունենում:
«Այս ոլորտի պատասխանատուները, այդ թվում՝ Ժաննա Անդրեասյանը, իրենց խոսքի մեջ շատ հաճախ քննադատություններին արձագանքելիս՝ ասում են, թե՝ դավադրապաշտությամբ եք զբաղվում, բայց իրենք պետք է հասկանան, որ քանի որ այն քաղաքական ուժը, որի ներկայացուցիչն են իրենք, հանրային վստահություն չի վայելում, որովհետև ժամանակին այնքան պայծառ խոստումներ են տվել, բայց ինչ աղետներ, արհավիրքներ են եկել այս իշխանության կառավարման արդյունքում, շատ օբյեկտիվ է, որ վստահություն չկա տվյալ քաղաքական ուժի բռնած գործի մեջ, այն էլ այն դեպքում, երբ մասնագիտական համայնքները կարևոր՝ մշակման պրոցեսի մեջ մասնակցություն չեն ունենում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Բարձրագույն ուսումնական հաստատությունների լիցենզավորման վերաբերյալ 15-րդ հոդվածի 5-րդ կետով նախատեսվում է, որ Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունները ենթակա են լիցենզավորման։ Լիցենզիայով սահմանվում են բուհում ուսանողների սահմանային տեղը, որը չի կարող պակաս լինել 4000-ից: 4000-ից քիչ ուսանողություն ունեցող բուհերը պետք է փակվեն: Միջկառավարական համաձայնագրերով ստեղծված բուհերը, օրինակ՝ Ամերիկյան համալսարան, Ֆրանսիական համալսարանը, հատուկ կարգավիճակ չեն ունենալու, այսինքն՝ կա՛մ պետք է լիցենզիա չստանան, կա՛մ տեղափոխվեն ակադեմիական քաղաք:
Մենուա Սողոմոնյանը նկատեց՝ պարտադիր լիցենզավորումը կարևոր է. «4000 սահմանային տեղ է հաստատվում և ասվում, որ 3 տարի անընդմեջ այդ սահմանային տեղերի առնվազն 50 տոկոսը չլրացվելու դեպքում բուհը զրկվում է լիցենզիայից: Մարզային բուհերից թերևս միայն Շիրակի պետական համալսարանն է, որ այդքան ուսանող ունի, մարզերում 10 բուհ և 12 մասնաճյուղ կա: ՇՊՀ-ից բացի, ուրիշ ոչ մի մարզային բուհ կամ մասնաճյուղ այդ քանակի ուսանող չունի:
Հիմա, մի կողմից՝ ակադեմիական քաղաք, մյուս կողմից՝ քանակական այդպիսի շեմ է դրվում, ինչը նշանակում է, որ այդ բուհերը պետք է փակվեն: Մարզային բուհերը երբ փակվում են, առաջ է գալիս դասախոսների, ուսանողների հարցը: 1400 դասախոս դասավանդում է մարզային բուհերում, 9000 ուսանող մարզային բուհերում է սովորում, հիմնական մարզերը, որտեղ ավելի շատ ուսանողության կոնցենտրացիա կա, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերն են: Այս ուսանողները, որ սովորում են մարզային բուհերում, այնտեղ սովորում են՝ ինչ-ինչ պայմաններից ելնելով: Ինչո՞ւ պետք է մարզերում բարձրագույն կրթություն ստացող ուսանողներին թույլ չտանք, որ մարզերում կրթություն ստանան:
Այդ 1400 դասախոսը, 500-600 աշխատակիցներ ի՞նչ պետք է անեն, հատկապես մեր երկրի պայմաններում, երբ Երևան քաղաքի և մարզերի մեջ խիստ անհամաչափություն կա: Մենք երիտասարդին մարզում պահելու խնդիր ունենք, ինչո՞ւ ենք անում քայլեր, որ բոլորը գան՝ կենտրոնանան մի տեղ: Ինչո՞ւ երիտասարդական դեմքերից ավելի ենք զրկում Գյումրին, Վանաձորը, Իջևանը, Գավառը, Կապանը, Գորիսը, ինչո՞ւ ենք նման քայլեր անում, հնարավոր չէ՞ ամպագոռգոռ ծրագրերում ներդրվող գումարների մի մասը ներդնել մարզերում: Ինչո՞ւ պետք է բոլոր կլաստերները համատեղվեն մեկ կենտրոնում՝ ակադեմիական քաղաքում: Խնդիրներն այսպիսով չեն լուծվում, վտանգավոր զարգացումներ են տեղի ունենալու»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում