
«21-րդ ԴԱՐ» N 6, 2018
Լույս է տեսել «Նորավանք» ԳԿՀ «21-րդ ԴԱՐ» ամսագրի 2018թ. 6-րդ համարը, որում տեղ են գտել հոդվածներ՝ նվիրված Հայաստանում հասարակարգի ընկալմանը (Ս.Մանուկյան), սփյուռքում հայ ինքնության կառուցվածքին (Վ.Հովյան), տեղեկատվական ներազդման գործողություններին (Ա.Ղալեչյան), սալաֆիականությանն Ադրբեջանում (Գ.Չոբանյան), էկոլոգիական ռիսկերի ապահովագրության համակարգին (Գ.Հարությունյան), ուշագրավ այլ թեմաների։
Բաժանորդագրություն և online-վաճառք՝
http://pressinfo.am/hy/journal/armenian-information-analytical-magazine-21-st-century.html
Գնումը`«Նորավանք» ԳԿՀ-ում
Հասցեն՝ ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23/1,
Հեռ. +374 10 44 04 73, +374 93 54 31 71
http://pressinfo.am/hy/journal/armenian-information-analytical-magazine-21-st-century.html
Գնումը`«Նորավանք» ԳԿՀ-ում
Հասցեն՝ ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23/1,
Հեռ. +374 10 44 04 73, +374 93 54 31 71
ՀԱՍԱՐԱԿԱՐԳԻ ԸՆԿԱԼՈՒՄԸ ԵՎ ԴԱՍԱԿԱՐԳԱՅԻՆ ԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Սամվել Մանուկյան
Ամփոփագիր
Հայաստանի հասարակության շրջանում հասարակագիտական գիտելիքի մակարդակը ցածր է` hասարակության 94%-ը տեղյակ չէ արդի հասարակարգի էությանը, զարգացման շարժիչ ուժին և դրա բնույթին, զարգացման օրինաչափություններին և հակասությունների առաջացման հիմնական պատճառներին։ Դրա հետևանքով Հայաստանի հասարակությունը, ժամանակակից մանիպուլյացիոն տեխնոլոգիաների բարձր զարգացածության պայմաններում, հեշտությամբ վերածվում է քաղաքական և հասարակական տարաբնույթ մանիպուլյացիաների օբյեկտի։
ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆ. ՀԱՅ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՍՓՅՈՒՌՔՈՒՄ 21-ՐԴ ԴԱՐՈՒՄ
Վահրամ ՀովյանԱմփոփագիր
Հայ ինքնության ավանդական բաղադրիչները ժամանակի ընթացքում կայուն նահանջ են ապրել սփյուռքում։ Ներկայում միայն դրանցով այլևս հնարավոր չէ լուծել հայապահպանության խնդիրն արտերկրում։ Հետևաբար, առաջ է գալիս նոր մոտեցումների հրամայականը, որոնք հայ ինքնությունը, ավանդական բաղադրիչներից բացի, կհարստացնեն նոր հենասյուներով և կառաջարկեն ինքնության կերտման նոր սկզբունքներ։
21-րդ դարում սփյուռքահայի ինքնության ապակենտրոն-հորիզոնական կառուցվածքը նպատակահարմար է փոխարինել կենտրոնաձիգ-ուղղահայաց կառուցվածքով, որի առանցքում կլինի հզոր ազգային պետությունը։ Նրանից կբխի հայրենադարձության գաղափարախոսությունը, իսկ վերջիններից էլ՝ լեզուն, կրոնը, մշակույթը, պատմական հիշողությունը։
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՆԵՐԱԶԴՄԱՆ ՕՊԵՐԱՑԻԱՆԵՐ
Արմեն ՂալեչյանԱմփոփագիր
Այսօր աշխարհը լրջորեն պատրաստվում է անդրադարձնել սպասվելիք մոլեգնող նոր ներազդման օպերացիաները (գործողությունները): Ներազդման օպերացիաների շնորհիվ մենք ղեկավարվում ենք ավելի լուրջ և խորքային, քան մեզ թվում է։ Ներազդման օպերացիան դասակարգվում է որպես «փափուկ» օպերացիայի ձև, որն իրականացվում է հատուկ ձևերով ու միջոցներով, և սփռված է ժամանակի մեջ: Այդ օպերացիան լավ մտածված և ծրագրված գործողությունների համակարգ է, որում ներգրավված են մեծ քանակությամբ մարդիկ և կառույցներ: Ցավոք, ներազդման օպերացիայի տարրերի մեծ մասը մեզ համար աննկատ (թաքնված, գաղտնի) է, և դրանց գործունեությունը բացահայտվում է բավական ուշ, իսկ դրանց գործնական կիրառումը մեզ համար ընդհանրապես անհասանելի է:
ԽՈՇՈՐԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՎ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Արման ՄանասերյանԱմփոփագիր
Շուկայական հարաբերությունների վրա հիմնված տնտեսակարգերին, որպես կանոն, բնորոշ է խոշոր ընկերությունների առկայությունը: Առհասարակ, տնտեսությունում խոշոր ընկերությունների առաջացումը պետությունների և հասարակությունների կողմից չպետք է դիտարկվի որպես բացասական երևույթ, չնայած այն հանգամանքին, որ դրա հետևանքով կարող են կրճատվել մանր և միջին բիզնեսի եկամուտները և առաջանալ զբաղվածության խնդիրներ: Տնտեսությունում խոշորացման գործընթացները հենց մրցակցային պայքարի արդյունք են, և այն, արհեստականորեն (հարկման գործիքներով, լիցենզավորման մեխանիզմներով և այլ) զսպելու դեպքում, կարող է բերել տնտեսության արդյունավետության և մրցունակության նվազմանը: Տնտեսությունում խոշորացման գործընթացների նկատմամբ իրականացվող հսկողության առումով կարող է արդյունավետ լինել մրցակցային մարմինների կողմից կատարվող հսկողությունը, որն ուղղված է մրցակցության սահմանափակման դեպքերում համակենտրոնացման գործարքների իրականացման արգելմանը: Սույն հոդվածի շրջանակներում քննարկված են ապրանքային շուկաներում խոշորացման արդյունքում առաջացող ռիսկերը և այս ուղղությամբ մրցակցային մարմինների կողմից իրականացվող գործառույթները Հայաստանում և այլ երկրներում:
ԱՐԴՅՈ՞Ք ՀՀ-ՈՒՄ ԱՌԿԱ ԵՆ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՌԻՍԿԵՐԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆԸ ՆՊԱՍՏՈՂ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Գայանե ՀարությունյանԱմփոփագիր
Հայաստանի Հանրապետությունն աչքի է ընկնում բարձր սեյսմաակտիվությամբ, ինչն իր հերթին նշանակում է երկրաշարժերի և աղետների բարձր հավանականություն: Նման իրավիճակում պետությունը պետք է միշտ պատրաստ լինի աղետային ռիսկերը ճշգրիտ և ժամանակին կառավարելուն: Վերջինս նշանակում է ռիսկի գնահատում, նվազեցում և կանխարգելում:
Հոդվածում մեր կողմից բացահայտվել է, թե Հայաստանի Հանրապետությունը որքանով է պատրաստ աղետային ռիսկերի կառավարմանը կամ նման համակարգի մշակմանը և ներդրմանը: Հիմնախնդիրը դիտարկվել է ապահովագրության տեսանկյունից` որպես ռիսկերի նվազեցման կամ կանխարգելման առաջնային գործիք: Բացահայտվել է, թե արդյոք ՀՀ-ում կան էկոլոգիական ռիսկերի ապահովագրության համակարգի ներդրմանը նպաստող գործոններ և պայմաններ: Այս տեսանկյունից ուսումնասիրվել են ոչ միայն էկոլոգիական ռիսկերի կառավարման և ապահովագրության վերաբերյալ օրենքները և օրենսդրական ակտերը, այլև այն ծրագրերն ու նախագծերը, որոնք նպաստում են նման համակարգի մշակմանը:
ՍԱԼԱՖԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ/ՎԱՀԱԲԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ
Գայանե ՉոբանյանԱմփոփագիր
Ադրբեջանի անկախացումից հետո երկրի իշխանությունների հովանավորությամբ օտարերկրյա բարեգործական կազմակերպությունները և միջազգային ահաբեկչական իսլամիստական խմբավորումները հաստատվեցին Ադրբեջանում։ Քաղաքական ազդեցություն ձեռք բերելու նպատակով նրանք օգտագործեցին իսլամական գաղափարախոսության «փափուկ ուժի» գործառույթը՝ ներմուծելով սալաֆիական/վահաբական ուսմունքն Ադրբեջան, որը որոշ ժամանակահատված անց սոցիալ-տնտեսական խնդիրներից իր գործունեության ոլորտը տեղափոխեց քաղաքական դաշտ։ Այսօր Ադրբեջանը կանգնել է ինչպես իսլամիստական կառույցների ահաբեկչական, այնպես էլ չափավոր իսլամական ընդդիմության հավանական ձևավորման վտանգի առջև։ Ելնելով քաղաքական նկատառումներից՝ «ոչ ավանդական» իսլամական կառույցներն Ադրբեջանի ղեկավարության կողմից ուղղակիորեն որակվում են ապակայունացնող, ծայրահեղական, ահաբեկչական, «վահաբական»։ Երկրում ձևավորվել է այնպիսի իրավիճակ, որ ցանկացած հակակառավարական, սոցիալ-տնտեսական բնույթի բողոքի դրսևորում որակվում է որպես երկրի աշխարհիկ հիմքերը սասանող ծայրահեղական իսլամական կառույցների անօրինական գործունեություն։ Դեռևս արցախյան պատերազմից Ադրբեջանում հաստատված «միջազգային ջիհադի» մարտիկների խմբավորումները, կրոնական գաղափարախոսությամբ համախմբված հասարակական միավորումները լուրջ սպառնալիք են ստեղծում Ադրբեջանի իշխող վարչակազմի համար, որոնք ապագայում կարող են ապակայունացնող գործոն հանդիսանալ ինչպես ներքին, այնպես էլ տարածաշրջանային հավասարակշռության համար։
ՆԵՈԱԶԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ, ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ
Լևոն ՌուխկյանԱմփոփագիր
Հոդվածում անդրադարձ է կատարվում նեոազատականություն հասկացությանն ու նրա սահմանումներին տարբեր գիտնականների կողմից։ Նեոազատականության վերաբերյալ ժամանակակից գաղափարական-քաղաքական պատկերացումները ներկայացվում են լայն շրջանակով՝ ըստ հայեցակարգային տեսական դրույթների և մեկնաբանությունների։ Հոդվածում քննության առնված տեսություններից յուրաքանչյուրն արտացոլում է նեոազատականության հիմնարար հայտանիշները որպես տնտեսագիտության տեսության և պրակտիկայի, ինչպես նաև քաղաքական փիլիսոփայության և համաշխարհայնացման դարաշրջանի քաղաքական գաղափարախոսության առավել ազդեցիկ հոսանք: