• am
  • ru
  • en
 
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅ ԲԻԶՆԵՍ-ԷԼԻՏԱՆ (կենսագրական տեղեկատու) 23.06.2009

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅ ԲԻԶՆԵՍ-ԷԼԻՏԱՆ (կենսագրական տեղեկատու)

Մեկ գրքում ի մի բերված հայ ձեռնարկատերերը հայ-ռուսական բազմադարյա առևտրատնտեսական կապերի կրողներն են, հայ և ռուս ժողովուրդների, Հայաստանի և Ռուսաստանի բարեկամության ու համագործակցության շարունակողները։

Գիրքը ( ռուսերեն) կենսագրական բիզնես-տեղեկատուի ստեղծման, սփյուռքահայության տնտեսական ներուժի «գույքագրման» առաջին փորձն է։

XIX-XXդդ. սփյուռքում հրատարակվել են բազմաթիվ տարաբնույթ կենսագրական տեղեկատուներ և տեղեկատու-տարեգրքեր։ Կուզենայի հատկապես հիշատակել Մ.Պոտուրյանին (Ռումինիա), Թեոդիկին (Կոստանդնուպոլիս ու Փարիզ), Վ.Զարդարյանին ու Թ.Գուշակյանին (Եգիպտոս), Ա.Խաշմանյանին ու Մ.Սերոբյանին (ԱՄՆ), Կ.Գևորգյանին (Հունաստան), Ի.Տեր-Աբրահամյանին (Դոնի Ռոստով), Ա.Տեր-Աստվածատրյանցին (Թիֆլիս)։ Քանի որ սփյուռքահայ համայնքները հիմնականում գոյատևել են հայ կապիտալիստների շնորհիվ (նրանց ֆինանսական աջակցությամբ են ստեղծվել, պահել-պահպանվել եկեղեցին ու վարժարանը, ազգային-մշակութային այլ կառույցներ), ապա վերոնշյալ մարդկանց հրատարակություններում պարտադիր կերպով առանձին անդրադարձներ կային վաճառականական դասին։

Սակայն զուտ սփյուռքահայ բիզնեսի ներկայացուցիչների վերաբերյալ հրատարակություն երբևէ չի եղել, և սա առաջին փորձն է։

Ի՞նչ սկզբունքներով եմ առաջնորդվել սույն տեղեկատուն կազմելիս։

Ռուսաստանի «հայկական» բիզնեսին անդրադառնալն ամենևին պատահական չէր։ Դա պայմանավորված էր ոչ միայն հայոց ավելի քան 10-դարյա տնտեսական ներկայությամբ, այլև հայ և ռուս ժողովուրդների բազմադարյա բարեկամությամբ ու համագործակցությամբ։

Տեղեկատուի վրա աշխատանքը տևեց ամբողջ մեկ տարի, ինտերնետի միջոցով ժողովվեցին Ռուսաստանի 57 բնակավայրեր ներկայացնող 230 անձանց վերաբերյալ «դոսյեներ»։ Սակայն տվյալների սակավությունը, կենսագրական տեղեկատուի չափանիշներին անհամապատասխանությունն ինձ ստիպեցին դիմել «գործող անձանց»՝ անհրաժեշտ տեղեկություններ ստանալու ակնկալիքով։ Ոմանք մեծ պատրաստակամությամբ արձագանքեցին (անչափ շնորհակալ եմ նրանց), եղան նաև այնպիսիները, ովքեր մերժեցին։ Ի վերջո, որոշվեց առաջին հրատարակությունում ընդգրկել նրանց, ում վերաբերյալ տվյալները համեմատաբար լիարժեք էին։ Այսպես սույն տեղեկատուում տեղ գտան միայն 17 քաղաքների 70 անձինք։ Սակայն հույս ունենք, որ հաջորդ հրատարակություններում այս ցանկն էապես կհամալրվի։

Թեև այդ մարդիկ ունեն տարբեր ճակատագիր ու կենսուղի, խառնվածք ու գործելաոճ, վերաբերմունք դեպ հայ ժողովուրդը, սակայն նրանց բիզնեսի վերլուծությունն անչափ հետաքրքիր է. այն վեր է հանում Ռուսաստանում հայոց բիզնես-նախասիրությունները։ Դրանք են՝ ֆինանսաբանկային ոլորտը, շինարարությունը, նավթի ու գազի արդյունաբերությունը, բարձր տեխնոլոգիաները, զանգվածային լրատվության ասպարեզը և ապահովագրական գործը։

Գրքի վրա աշխատելիս ունեի երկու մտահոգիչ հանգամանք։ Նախ, իրավունք ունեի՞ առանց թույլտվության օգտագործել կենսագրական տվյալները։ Ունեի, որովհետև օգտվել եմ բաց տեղեկատվական դաշտից՝ ինտերնետից։ Ընդ որում, հիմնական աշխատանքն ավարտվել է 2008թ. հուլիսին, իսկ լրացումները կատարվել են այն մարդկանց տվյալներում, ովքեր այս կամ այն գործունեությունն են ծավալել Հայաստանում։

Երկրորդ, բարոյական իրավունք ունեի՞ բոլորին համարել ազգությամբ հայ ձեռնարկատեր։ Չէ՞ որ գաղտնիք չէ, որ գրքում ընդգրկված որոշ մարդիկ կորցրել են ազգային ինքնության զգացողությունը։ Սակայն ավելի կարևոր համարեցի այն հանգամանքը, որ գուցե այս գիրքը նրանց կհիշեցնի իրենց արմատների մասին։

Ի վերջո, կարևորն այլ բան է։ Այս հրատարակության գերնպատակը Ռուսաստանի հայության տնտեսական ներուժի «գույքագրումն» է, ի մի ժողովումը այն մարդկանց, ովքեր նպաստում են թե՛ Ռուսաստանի և թե՛ Հայաստանի զարգացմանը։ Չէ՞ որ, այսպես թե այնպես, նրանք հայ և ռուս ժողովուրդների, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամության, համագործակցության ու փոխըմբռնման տեսանելի, երբեմն էլ՝ անտեսանելի կամուրջներ են։ Եվ այդ պատասխանատվությունը, այդ առաքելությունը նրանց վրա է դրված դարավոր ավանդույթներով։

Հուսով եմ և հավատում եմ, որ գիրքը շարունակություն կունենա...

Խաչատուր Դադայան

   

EnglishРуский