
«ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԿՀ 2016թ. ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Հիմնական արդյունքները. Հիմնադրամի վերջին տարիների աշխատանքների ուղղվածությունը թելադրվում է այն իրողությամբ, որ Հայաստանը ներքաշված է գլոբալ և տարածաշրջանային հարթություններում ընթացող «հիբրիդային պատերազմներում», որոնցում մասնակիցների անվտանգությունը մեծ չափով պայմանավորված է նրանց ունեցած մտավոր ռեսուրսներով և մարդկային կապիտալի որակով (վերջիններս դասվում են այսպես կոչված «կրիտիկական ոլորտների և ենթակառուցվածքների» շարքին)։ Այդ համատեքստում Հիմնադրամի 2016թ. հիմնական արդյունքները հետևյալն են.1. Հաշվի առնելով տեղեկատվական բաղադրիչի կարևորությունը ռազմաքաղաքական զարգացումներում՝ մշակվել և հրատարակության է պատրաստվել «Տեղեկատվական անվտանգության» դասընթացը (առաջին նման աշխատությունն է ՀՀ-ում), որն իրագործվել է ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի աջակցությամբ։ Նշենք, որ այդ աշխատանքներին ներգրավվել են ոչ միայն ՀՀ և ԼՂՀ, այլև միջազգային լայն ճանաչում ունեցող փորձագետներ։ Տեղեկատվական խնդիրներին են անմիջապես առնչվում նաև «Տեղեկատվական անվտանգության անգլերեն-ռուսերեն-հայերեն հանրագիտական բառարանը» և ռազմական ու համացանցային ոլորտներում տեղեկատվական պատերազմների խնդիներին նվիրված երկու մենագրությունները (տե՛ս Տեղեկատվական հետազոտությունների կենտրոնի հաշվետվությունը, էջ 5)։
2. Ազգային անվտանգության տեսանկյունից կարևորելով Հայկական հանրության (ՀՀ, ԼՂՀ և Սփյուռք) մտավոր ռեսուրսների համախմբման խնդիրը՝ մշակվել է «Հայաստան- Սփյուռք առցանց համալսարանի» (Armenia - Diaspora University - ADU) հայեցակարգը։ Նման համալսարանը թույլ կտա ոչ միայն առաջատար մասնագետների միջոցով իրականացնել բարձրորակ ուսուցում, այլև ստեղծել հարթակ, որտեղ կքննարկվեն Հայկական հանրության անվտանգության և այլ հրատապ խնդիրները և կառաջարկվեն լուծումներ դրանց վերաբերյալ։ ADU–ի հենքում ընկած է Հիմնադրամում կազմված Սփյուռքի և Հայաստանի առաջատար գիտնականների «կադրային շտեմարանը» (տե՛ս Ուսումնական կենտրոնի և Հայագիտական կենտրոնի հաշվետվությունները, էջ 8, 7)։
3. Վերոնշյալ խնդիրների համատեքստում կատարվել են ռազմավարության մշակման մեթոդների և Իսրայելի ռազմաքաղաքական փորձի ուսումնասիրություններ, որոնք հրատարակվել են երկու մենագրությունների տեսքով (տե՛ս Քաղաքական հետազոտությունների կենտրոնի հաշվետվությունը, էջ 6)։
Հրապարակումները. 2016-ին հրատարակվել են 6 գիրք և 21 ամսագիր (եռալեզու «21 Դար» և «Գլոբուս»)։ Հիմնադրամի կայքը (բաժանորդների թիվը՝ 2750) գրավում է առաջատար դիրքեր մասնագիտական վարկանիշային աղյուսակներում։ Այցելուների թիվը կազմել է 160 հազար (170 երկրից), ընթերցումներինը՝ 280 հազար։
Ընդհանուր առմամբ հիմնադրամը հրատարակել է 78 գիրք և հատուկ զեկույց, 307 ամսագիր և հատուկ թողարկում, իսկ կայքում տեղադրվել է շուրջ 7,5 հազար նյութ (տե՛ս Հրատարակչական-տեղեկատվական կենտրոնի հաշվետվությունը, էջ 9)։
Համագործակցություն. Հիմնադրամը համագործակցում է հետևյալ կառույցների հետ՝ 1. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ, 2. ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտե, 3. ՀՀ սփյուռքի նախարարություն, 4. ՀՀ պաշտպանության նախարարություն, 5. «Ինտեգրացիա և զարգացում» ու «Եվրասիական վերլուծական ակումբ» ՀԿ-ներ, 6. Ռազմավարական գնահատականների և կանխատեսումների կենտրոն (Մոսկվա), 7. Հունաստանի Բյուզանդական հիմնադրամ (Աթենք), 8. Քաղաքակրթությունների երկխոսության ինստիտուտ (Բեռլին)։
Հիմնադրամն ակտիվ համագործակցում է նաև 10 առաջատար փորձագետների հետ (ՀՀ և ԼՂՀ), որոնք ունեն արտահաստիքային «Հիմնադրամի խորհրդական» կարգավիճակ (տե՛ս Գիտական-փորձագիտական խորհրդի հաշվետվությունը, էջ 10)։
Վարչական. Հաշվետու տարում Հիմնադրամում կատարվել են աուդիտ և ստուգում ՀՀ վարչապետի «Վերահսկողության ծառայության» կողմից, և որևէ լուրջ թերացում չի արձանագրվել։
Հիմնադրամի 2016թ բյուջեն կազմել է 107.4 մլն դրամ, որը 2017թ. համար կրճատվել է 10%-ով և ներկայումս կազմում է 97 մլն դրամ։ Այս հանգամանքը խնդիրներ է առաջացրել ինչպես աշխատակազմի, այնպես էլ Հիմնադրամին պատկանող՝ Վայոց ձորի Ամաղու գյուղում գտնվող շինության և տարածքի պահպանման խնդիրներում (տե՛ս Գործունեության ապահովման ծրագրի հաշվետվությունը, էջ 11)։
2017թ. հիմնական ծրագրերը.
1. Հայտնի է, որ պատերազմական իրավիճակում գտնվող երկրների համար ռազմավարական նշանակության առաջնային խնդիրներից են սեփական և պայմանական հակառակորդի գործունեության ոլորտների կրիտիկական ենթակառուցվածքների (ԿԵ) բացահայտումն ու այդ ուղղությամբ համապատասխան գործողությունների մշակումը։
Այս խնդիրը խիստ ակտուալ է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների համատեքստում, քանի որ կրիտիկական ենթակառուցվածքների խնդիրները ՀՀ-ում, որքան մեզ հայտնի է, դեռևս բավականաչափ մշակված չեն։
Ելնելով վերոնշյալից՝ 2017-ին Հիմնադրամի աշխատանքները գլխավորապես ուղղված են լինելու՝ հնարավորինս համալիր ուսումնասիրել և բացահայտել Հայաստանի և Ադրբեջանի ԿԵ-ները ռազմաքաղաքական, տնտեսական, սոցիալ-հոգեբանական, տեղեկատվական-գիտակրթական և սփյուռքի ներուժի օգտագործման ոլորտներում։
Ակնհայտ է, որ նման աշխատանքը ենթադրում է համագործակցություն Հիմնադրամի և շահագրգիռ պետական կառույցների միջև, քանի որ այլ պարագայում նախագծի իրականացումը կունենա զուտ տեսական նշանակություն։
2. Հայկական հանրության մտավոր ներուժի վերհանման և այն գործնական հարթություն տեղափոխելու նպատակով Հայաստան-Սփյուռք առցանց համալսարանի համատեքստում կկազմակերպվեն դասընթացներ թիրախային լսարանների համար։ Նկատենք, որ ADU–ի վերջնական ձևավորումից հետո այդ համալսարանի եկամուտները կարող են կազմել նվազագույնը $1-2 մլն։
3. Կխմբագրվի և կհրատարակվի «Տեղեկատվական անվտանգություն» դասընթացը:
