• am
  • ru
  • en
 
14.07.2016

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՆԳԼԵՐԵՆ – ՌՈՒՍԵՐԵՆ – ՀԱՅԵՐԵՆ ՀԱՆՐԱԳԻՏԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

Էդուարդ Ա. Ղազարյան


Սույն անգլերեն-ռուսերեն-հայերեն բառարանը ներառում է 2772 թարգմանված եզրույթ, որոնք ուղեկցվում են հայերեն բացատրություններով և մեկնություններով։ Դրանք վերաբերում են արդի տեղեկատվական անվտանգության և հարակից այլ ոլորտներին։

Բառարանը նախատեսված է ինչպես մասնագիտական-փորձագիտական, այնպես էլ հանրության լայն շրջանակների համար։

Բառարանը վաճառվում է «ՆՈՅԱՆ ՏԱՊԱՆ» (հասցե՝ ք.Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 2) և «ԲՈՒԿԻՆԻՍՏ» (հասցե՝ ք.Երևան,Մաշտոցի պող., 20 շենք) գրախանութներում։



ՆԱԽԱԲԱՆ

Տեղեկատվական հինգերորդ հեղափոխության՝ անհատական համա­կարգիչների և ինտերնետի արդի ժամանակաշրջանում որակապես աճել, իսկ հաճախ նաև որոշիչ են դարձել տեղեկատվական գործոնի դերը և նշա­նակությունը մարդկային կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներում։ Միևնույն ժամանակ, տեղեկատվության նշանակությունն ուղղակիորեն պայմանավորված է նրա բովանդակությամբ։ Եթե տեղեկատվությունը հոգևոր և մտավոր արժեքներ է պարունակում, ուրեմն հանդիսանում է անհատի և հասարակության զարգացման ու կատարելագործման գրավական։ Սակայն եթե այն սփռում է ապատեղեկատվություն և ոչ կառուցողական գա­ղափարներ, այդ պարագայում տեղեկատվությունը արդարացիորեն համեմատում են զանգվածային ոչնչացման զենքի հետ։ Այսօր գլոբալ հարթությունում ընթանում են լայնածավալ տեղեկատվական պատերազմներ, որոնք սահմաններ չեն ճանաչում և առավել մեծ վտանգ են ներկայացնում հակամարտությունների փուլում գտնվող երկրների համար, իսկ վերջիններիս թվին պետք է դասել նաև Հայաստանը (ՀՀ ու ԼՂՀ) և ողջ Հայկական Հանրությունը։ Հատկանշական է, որ նման իրավիճակներում պաշտ­պանության հիմնական երաշխիքն անհրաժեշտ և բավարար տեղե­կատվության (նույնն է, թե՝ գիտելիքների) տիրապետումն է։

Համառոտ ներկայացված վերոնշյալ իրողություններն ավելի քան ակտուալացրել են տեղեկատվական անվտանգության խնդիրները։ Մինչդեռ պետք է արձանագրել, որ այդ ոլորտին նվիրված հայերեն լեզվով գրականությունն այսօր խիստ սակավաթիվ է։ Այս հանգամանքը հիմք հանդիսացավ, որպեսզի «Նորավանք» հիմնադրամի Գիտական-փորձա­գիտական խորհուրդն ընդուներ համապատասխան որոշում և ձեռնարկեր ինչպես տեղեկատվական անվտանգության բառարանի, այնպես էլ դասընթացի ստեղծումը։ Եվ եթե դասընթացը պատրաստ կլինի փոքր-ինչ ավելի ուշ, ապա այսօր արդեն կարող ենք ընթերցողի ուշադրությանը ներկայացնել ռազմական և կապի միջոցների տեղեկատվական անվտան­գության, ինչպես նաև համակարգչային պաշտպանության բնագավառներում կիրառվող 2772 տերմինների անգլերեն-ռուսերեն-հայերեն բառարանը։

Բառարանը նախատեսված է տեղեկատվական անվտանգությամբ, տվյալ­ների պաշտպանությամբ զբաղվող մասնագետների, գիտաշխա­տողների, ինժեներների և ասպիրանտների, ինչպես նաև տեղեկատվական անվտան­գության արդի հիմնախնդիրներով հետաքրքրվող գործարարների համար։ Նման աշխատանքի առաջին փորձը լինելով և, մասնավորապես, հաշվի առնելով արդի եզրաբանության հետ կապված խնդիրները հայերենում, բառարանը չի կարող զերծ լինել բացթողումներից և այլ թերություններից։ Հուսով ենք, որ մեր ընթերցողները կներկայացնեն իրենց նկատառումները հեղինակին և հրատարակիչներին, ինչն էլ ապագայում հիմք կծառայի գուցե և այլ հեղինակների ու հրատարակիչների համար՝ ստեղծելու հնարավորինս ավելի կատարյալ բառարան։


Գագիկ Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Էդուարդ Ա. ՂԱԶԱՐՅԱՆ

   

EnglishРуский