Իրան–ԱՄՆ. զարգացման հեռանկարներ

Իրանի կողմից հարստացված ուրանի ստացումը, նրա հրաժարումը միջուկային հետազոտությունները դադարեցնելուց և ԱՄՆ նոր հայտարարություններն Իրանի միջուկային գործունեությունը կասեցնելու պատրաստակամության մասին` իսլամական հանրապետությանը պահում են միջազգային քաղաքական օրակարգի առաջին տեղում:
Իրանական ուրանի հարստացումը տեղի ունեցավ ոչ արդյունաբերական, այլ լաբորատոր ծավալներով: Այսինքն` այն հանդիսացավ ոչ թե միջուկային ռազմական ծրագրի համար բեկումնային նշանակություն ունեցող քայլ, այլ մի իրողություն, որը վկայում է իրանական գիտատեխնիկական մտքի որոշակի առաջընթացի մասին: Միևնույն ժամանակ, դժվար է ընդունել Իրանի նախագահի կարծիքը իրանական երիտասարդ գիտնականների մասին, թե հենց նրանց ուժերով Իրանը դարձավ միջուկային տերություն. ուրանի հարստացման ողջ շղթան մեծ մասամբ իրականացվեց շնորհիվ պակիստանյան միջուկային ռումբի հայր Ա.Ք. Խանից գնված տեխնոլոգիաների:
Ինչևէ, իրանական հարստացված ուրանն արդեն իսկ իրողություն է, և այն նշանակալիորեն փոխում է Իրանի դիրքը բանակցային գործընթացում: Առաջին հերթին, այն բավական խոցելի է դարձնում իրանական տեսակետն այն մասին, թե միջուկային տեխնոլոգիաները երկրում զարգանում են զուտ խաղաղ նպատակներով: Սակայն, միևնույն ժամանակ, հարստացված ուրանն ամրացնում է Իրանի դիրքերը, քանի որ հիմա բանակցություններում խոսք պետք է գնա արդեն գոյություն ունեցող իրողությունների մասին:
Միևնույն ժամանակ, հարստացնելով ուրանը` Իրանը հաղթահարեց որոշակի հոգեբանական շեմ, ստիպելով միջազգային հանրությանը մի տեսակ համակերպվել կատարվածի հետ: Մարտ-ապրիլը դարձան իրանական «սենսացիաների» ամիսներ, որոնք կարելի է անվանել կամքի ստուգման ժամանակահատված: Իրանցիների պատկերացմամբ` ԱՄՆ-ը ցույց տվեց, որ պատրաստ չէ իրանական հարցը լուծել ռազմական ճանապարհով: Համապատասխանում է դա իրողությանը թե ոչ` հավանաբար գիտի միայն ամերիկյան բարձրաստիճան ղեկավարությունը: Բայց տեղեկատվական դաշտում տեղ գտած կոչերն ամերիկյան ղեկավարությանը` հետ կանգնել Իրանի դեմ ուժի կիրառման սցենարներից այնպիսի մարդկանց կողմից, ինչպիսին են Զ.Բժեզինսկին և Մ.Օլբրայթը, վկայում են այն մասին, որ ամերիկյան ղեկավարության մեջ, իրոք, կա շրջանակ, որը կողմնակից է իրանական խնդրի ռազմական ճանապարհով կարգավորմանը:
Սակայն ամերիկացիների պատրաստակամությունը և, միևնույն ժամանակ, անպատրաստ լինելը իրանական հարցի ռազմական հանգուցալուծմանը միայն առաջին հայացքից կարող են իրարամերժ թվալ: Գործընթացներն ավելի բարդ և անկանխատեսելի են:
Պատերազմի նախապատրաստում
Ակնհայտ է, որ Իրանի գոյատևումը ներկա ձևով ԱՄՆ-ի համար անընդունելի է: Այսօրվա Իրանը ոչ միայն վտանգում է ամերիկյան շահերը, այլև իմաստից և շահավետությունից զրկում է Իրաքի գրավումը. հարաբերական տեսանկյունից` այս երկրում ավելի ամրապնդվեցին իրանական, քան ամերիկյան դիրքերը: Իրաքն ու Աֆղանստանը, ռազմակայանները Միջին Ասիայում բավական երկար ժամանակ շատ փորձագետների կողմից գիտակցվել են որպես հեռանկարային հենակետեր իրանական հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու համար: Սակայն վերջին շրջանի զարգացումները վկայում են, որ այսօր ավելի շատ հենց Իրանն է ամերիկյան ստրատեգների կողմից գիտակցվում որպես տարածաշրջանում ամերիկյան դիրքերի պահպանման հնարավոր հենակետ: Ամերիկյան ռազմակայանները դուրս են բերվել Ուզբեկստանից, նման ճակատագրի կարող են արժանանալ ամերիկյան ուժերը Կիրգիզիայում, զարգացումներն Իրաքում դժվար թե կարող են այս երկիրը մտցնել ԱՄՆ հնարավոր հենակետերի ցանկի մեջ: Այսօր, այսպես կոչված, «Մեծ Մերձավոր Արևելքի» տարածքում ԱՄՆ-ը աննախադեպ նահանջ է ապրում:
Իհարկե, խոսք լինել չի կարող այն մասին, թե ԱՄՆ-ը հեռանում է տարածաշրջանից: Պարզ է, որ ԱՄՆ-ը դեռ երկար ժամանակ կմնա ռազմա-քաղաքական հիմնական դերակատարը տարածաշրջանում: Սակայն մեծ տարբերություն կա հիմնական և բացարձակ դերակատարության միջև, ինչին ձգտում է ամերիկյան քաղաքական գիծը:
Ակնհայտ է, որ ամերիկյան ընթացիկ նահանջը երկար տևել չի կարող: Եվ այստեղ հենց կարևոր է Իրանի հիմնախնդրի լուծումը, որը թույլ կտա ամերիկյան ուժերին վերադասավորվել Աֆղանստան–Իրան–Իրաք շղթայի երկայնքով: Միևնույն ժամանակ, սպասվելիք ամերիկյան ներխուժումը Իրան կարող է բավական հարմար առիթ հանդիսանալ Ադրբեջանում և Վրաստանում ռազմակայանների տեղակայման համար:
Այսօր իսկ կարելի է ասել, որ առայժմ իրագործվում է այս հնարավոր զարգացման միայն առաջին փուլը, այն է` Իրան ներխուժման նախապատրաստում և իրանական հարցի ռազմական լուծման հնարավորության լույսի ներքո` Ադրբեջանում ռազմակայանների տեղակայում:
Պատերազմի իմիտացիա
Ադրբեջանի նախագահի վերջերս ԱՄՆ կատարած այցից առաջ մի շարք լրատվամիջոցներ տեղեկություն տարածեցին, թե Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Լարիջանին եգիպտական «Ալ-Ահրամ» պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ ամերիկյան ներխուժման դեպքում Իրանը կհարվածի Ադրբեջանին և Բաքու–Ջեյհան նավթամուղին: Սակայն «Ալ-Ահրամ»-ին տված հարցազրույցին ուղիղ անդրադարձը ցույց տվեց, որ Լարիջանին նման խոսքեր չի արտասանել: Ամերիկյան «Սթրաթֆոր»-ը նույնպես հանդես եկավ վերլուծությամբ, որ ամերիկյան հարձակման և Իրան–ԱՄՆ հարաբերությունների հետագա լարման պարագայում Ադրբեջանը և Բաքու–Ջեյհանը կարող են դառնալ իրանական հարձակման թիրախ: Վերը նշված ապատեղեկատվությունն ու վերլուծությունը հանրությանը ներկայացվեցին Ադրբեջանում ամերիկյան ռազմակայանների տեղակայման նպատակահարմարության քննարկման համատեքստում:
Այստեղ ուշադրություն պետք է դարձնել նրան, որ իրանական հակահարվածը Բաքու–Ջեյհանին տնտեսական տեսանկյունից այնքան նշանակալի չէ, որքան ներկայացվում է: Բաքու–Ջեյհանն առայժմ նավթ չի տեղափոխում և մինչև նախագծին Ղազախստանի լիարժեք միացումը կտեղափոխի լավագույն դեպքում տարեկան ոչ ավելի, քան քսան միլիոն տոննա ադրբեջանական նավթ. գլոբալ տեսանկյունից աննշան ծավալ` հաշվի առնելով, որ գրեթե սնանկացած և մասնատված ՅՈՒԿՕՍ-ի նավթային տարեկան հաշվեկշիռն այս ցուցանիշից երեք անգամ բարձր է:
Վերը նշվածը թույլ է տալիս մատնանշել մի այլ սցենար. Իրանի միջուկային ծրագիրը, նրա հնարավոր հակահարվածները և տեղեկատվական դաշտում անհապաղ ներկայացվող ամերիկյան ներխուժումը միայն առիթ են Իրանի հարևանությամբ ամերիկյան բազաների տեղակայման և ամերիկյան, այսպես կոչված, «անվտանգության երաշխիքների» տարածման համար: Այս սցենարի բաղկացուցիչ մաս կարող է հանդիսանալ նաև տեղեկատվական դաշտում տարածվող այն կարծիքը, թե ԱՄՆ-ին անհրաժեշտ է լուծել ղարաբաղյան հիմնախնդիրը, որպեսզի առավելագույնս հարմար իրականացվի հարձակումն Իրանի դեմ. այդպիսով` Իրանի նկատմամբ հնարավոր հարձակումն օգտագործվում է Հարավային Կովկասում ամերիկյան դիրքերի ամրապնդման և ռազմակայանների տեղակայման համար:
Անշուշտ, պատերազմի նախապատրաստման և իմիտացիայի սցենարները կարող են մաս կազմել մեկ ընդհանուր սցենարի և հանդիսանալ դրա ընդամենը երկու անքակտելի, սակայն ինքնաբավ փուլերը:
Միաժամանակ, կարելի է ենթադրել, որ ԱՄՆ-ը մինչև օրս վերջնական դիրքորոշում չունի այն մասին, թե ինչ ճանապարհով և միջոցներով պետք է լուծել իրանական հիմնախնդիրը: Սա թեև բացասական անորոշություն է մտցնում Իրանի շուրջ ընթացող գործընթացներում, բայց միևնույն ժամանակ դրականորեն մեծացնում է միջազգային դիվանագիտության մասնակցությունն իրանական հիմնախնդրի կարգավորման գործընթացին: Այս առումով, Իրանի հանդեպ ՄԱԿ Անվտանգության խորհրդի կողմից առայժմ պատժամիջոցներ չկիրառելը և իրանական միջուկային ծրագրի նկատմամբ ԱԷՄԳ ոչ միանշանակ կարծիքը, թերևս, խոսում են հիմնախնդրի հենց դիվանագիտական կարգավորման հեռանկարի հնարավորության մասին:
8 մայիսի, 2006թ.դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄԸ, ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ, ԳԻՏԵԼԻՔԸ, ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼԸ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ. ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՓՈՐՁԸ[20.04.2015]
- ԻՐԱՆՆ ԱՐԴԵՆ ՇԱՀԵԼ Է ԱՄՆ-Ի ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ[15.04.2015]
- ԻՐԱՆԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ. «ՍԱՌԵՑՄԱՆ» ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ[02.02.2015]
- ՆՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ[26.05.2014]
- ԻՐԱՆ – ՀԱՅԱՍՏԱՆ ՏԱՐԱՆՑԻԿ ԳԱԶԱՄՈՒՂ (ԴԻՍԿՈՒՐՍԻ ՆԵՆԳԱՓՈԽՈՒՄ)[17.03.2014]
- ԻՐԱՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ[06.02.2014]
- «ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԿՀ ՓՈԽՏՆՕՐԵՆ ՍԵՎԱԿ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԸ` ԱՐՄՆՅՈՒԶ ԼՐԱՏՎԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԻ «ԲԱՆԱՁԵՎ» ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴՄԱՆ ՀՅՈՒՐ [23.12.2013]
- ԷԺԱՆ ԻՐԱՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՄԻՖԵՐԸ[18.12.2013]
- Ս. ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ. ՌՈՒՍԱԿԱՆ ԷԺԱՆ ԳԱԶ ՆԵՐԿՐԵԼՈՒՆ ԵՎ ՀԱԷԿ-Ի ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆԸ ԶՈՒԳԱՀԵՌ ՊԵՏՔ Է ՄՏԱԾԵԼ ԱՅԼԸՆՏՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ[09.12.2013]
- ՍԵՎԱԿ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀ ԿԱ ՄԻԱՅՆ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ[09.12.2013]
- ՄՄ–ԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԿԱՐՈՂԱՆԱ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՑԱԾՐ ՍԱԿԱԳՆԵՐ ԱՊԱՀՈՎԵԼ. ՓՈՐՁԱԳԵՏ[12.09.2013]