• am
  • ru
  • en
Версия для печати
06.11.2006

Նոր զարգացումներ Իրանի շուրջ

English

   

Սևակ Սարուխանյան

Չնայած օգոստոսի 31-ին Իրանը «վերջնական» բացասական պատասխան տվեց միջազգային հանրության պահանջներին` կասեցնել ուրանի հարստացման ծրագիրը, զարգացումներն այս երկրի և նրա միջուկային ծրագրի շուրջ չստացան այն ընթացքը, ինչ կարելի էր սպասել: Սակայն իրական գործընթացն Իրանի շուրջ, չնայած տեղեկատվական դաշտում ոչ ակտիվ լուսաբանմանը, ընթանում է Իրանի համար բավական անբարենպաստ ճանապարհով:

«Իրանական հիմնախնդիրը» ԱՄՆ-ի տեղեկատվական դաշտում

Իրանի շուրջ տեղի ունեցող գործընթացներում հիմնական դերը պատկանում է ամերիկյան նոր քաղաքական գծին, որի հիմնական բաղադրիչն է տեղեկատվական դաշտում իրանա-ամերիկյան հնարավոր մերձեցման հեռանկարների մասին տեղեկատվության տարածումը: Այս քաղաքական գծի իրագործումն անցավ մի քանի կարևոր փուլեր.

  1. Իրանի նախկին նախագահ Մ.Խաթամիի այցն ԱՄՆ բավական մեծ արձագանք ստացավ ամերիկյան մամուլում: Այցի լուսաբանմամբ աչքի ընկան մի շարք հեռուստաընկերություններ, այդ թվում նաև ՖՕՔՍ ՆՅՈՒՍ-ը, որը բավական սերտ կապեր ունի ամերիկյան ներկայիս վարչակազմի հետ: Հաճախակի դարձան վերլուծությունները, համաձայն որոնց՝ Մ.Խաթամիի այցը կազմակերպված է եղել Իրանի ներկայիս բարձրագույն ղեկավարության անմիջական մասնակցությամբ, որը ցանկանում է հասնել ԱՄՆ-ի հետ հարաբերությունների հարաբերական կարգավորման: Հայտնվեցին նաև կարծիքներ այն մասին, թե Խաթամին գաղտնի բանակցություններ է վարել ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչների հետ, որոնց արդյունքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ միջպետական հարաբերությունների կարգավորման հեռանկարների մասին:
  2. Սեպտեմբերի վերջին ամերիկյան Պետդեպարտամենտը միջնորդությամբ դիմեց ԱՄՆ պետական գանձապետարան` ամերիկյան ձեռնարկություններին իրանական ավիաընկերությունների հետ համագործակցության արտոնագիր տալու մասին, որի հիմնական բաղադրիչը պետք է դառնար գլխավորապես ամերիկյան ծագում ունեցող իրանական քաղաքացիական ինքնաթիռների վերանորոգման համար մասեր և սարքեր մատակարարելը: Նման որոշման համար Թեհրանը պայքարել է վերջին տասնամյակի ընթացքում` տեղեկատվական դաշտում հակաամերիկյան գործունեության ժամանակ օգտագործելով Վաշինգտոնի կողմից Իրանին ինքնաթիռների մասերի վաճառքի արգելքը:

ԱՄՆ-ի «իրանական նոր քաղաքականության» նպատակները

  • Նավթի գների կարգավորում

Հիմնականում ռուսական լրատվամիջոցներում ամերիկյան Պետդեպարտամենտի որոշումը ներկայացվեց որպես «հակաքայլ»՝ ուղղված իրանա-ռուսական համագործակցությանը ինքնաթիռաշինարարության ոլորտում։ Սակայն սա բավական պարզ մոտեցում է, քանի որ ռուսական արտադրության ՏՈՒ-204 ինքնաթիռները ամերիկյան ինքնաթիռների մրցակից չեն հանդիսանում, և 5 ինքնաթիռների մատակարարման մասին կնքված ռուս-իրանական համաձայնագիրը նույնիսկ մասամբ չի լուծում Իրանի քաղաքացիական ավիացիայի արդիականացման խնդիրը։

Ամերիկյան կողմի որոշման դրդապատճառներն ավելի հիմնավոր և կարևոր են։

Ակնհայտ է, որ «իրանական հիմնախնդրի» երկրորդ պլան մղվելը, որն արդյունք է հիմնականում ամերիկյան տեղեկատվական դաշտում տարվող ակտիվ աշխատանքների, գլոբալ հետևանքների տեսակետից նավթի գների իջեցման հիմնական խթանիչներից մեկը հանդիսացավ: Ինչպես հայտնի է, նավթի բարձր գինն այն հիմնական պատճառներից մեկն է, որն այսօր նվազեցնում է ամերիկյան քաղաքականության ագրեսիվության ինդեքսը Մերձավոր Արևելքում, այդ թվում նաև Իրանի կտրվածքով։ Խոսքն այստեղ ոչ այնքան հնարավոր ռազմական ակցիայի, որքան Իրանի դեմ լիարժեք տնտեսական պատժամիջոցների կիրառման մասին է։ Բացի այդ, նավթի բարձր գները և դրանց անկայունությունը խանգարում են Վաշինգտոնին ակտիվ քաղաքականություն վարել Սաուդյան Արաբիայում, որի՝ վերջին տարիներին Չինաստանի հետ կնքած էներգետիկ համաձայնագրերը հեռանկարում կարող են սահմանափակել ԱՄՆ-ի հատուկ էներգետիկ դերը Սաուդյան Արաբիայում՝ ամրապնդելով Պեկինի դիրքերը Մերձավոր Արևելքում։ Իսկ Չինաստանի էներգետիկ մեկուսացումը ԱՄՆ-ի մերձավորարևելյան «մեծ ռազմավարության» բաղադրիչներից է, և այս տեսակետից ԱՄՆ-ի համար մեծ նշանակություն ունի նավթի գների հետագա իջեցման քաղաքականությունը։

Նավթի ցածր գները ամերիկյան «մեծ ռազմավարության» իրականացման տեսանկյունից բավական կարևոր են նաև Ռուսաստանի կտրվածքով, քանի որ այս երկրում 2007/2008թթ. սպասվում են կարևոր ընտրություններ, որոնցում վարչական ռեսուրսի կիրառումն անմիջականորեն կապված է լինելու երկրի և բնակչության տնտեսական իրավիճակի հետ։ Կոպիտ ասած՝ որքան ծանր լինի տնտեսական վիճակը Ռուսաստանում, այնքան սահմանափակ կլինեն իշխող կուսակցության և նախագահի «ժողովրդավարական» ճանապարհով իշխանության պահպանումը և դրա փոխանցումը։ ՌԴ նախագահի պատվերով Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի (Центр стратегических разработок)1 կողմից իրականացված հետազոտությունից բխում է, որ նավթի գների հնարավոր անկումը մինչև $40 կարող է կործանարար ազդեցություն ունենալ ՌԴ տնտեսական զարգացման ընթացքի վրա՝ առաջ բերելով Ռուսաստանի ՀՆԱ-ի 5% կրճատում մեկ տարվա ընթացքում2։

Ինչ վերաբերում է Իրանին, ապա նավթաքիմիական ապրանքներն ապահովում են Իրանի ՀՆԱ-ի 40%-ը։ Ակնհայտ է, որ այս պայմաններում նավթի գնի անկումը կարող է բերել լուրջ դժվարությունների Իրանի տնտեսական և սոցիալական կյանքում։ Սա, իր հերթին, կազդի իրանական ներքաղաքական զարգացումների վրա։

  • Ազդեցության բարձրացում Իրանի ներքաղաքական զարգացումներում

Մահմուդ Ահմադինեժադի հարաբերական հաջողություններն Իրանի ներքաղաքական գործընթացներում՝ պայմանավորված արտաքին քաղաքականության բնագավառում «ծայրահեղական կուրսի» հաջողությամբ3, ներկայումս փոխակերպման ակտիվ շրջան են ապրում։

Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների ընթացքում Իրանի ներքաղաքական դաշտում բավական ակտիվացել են գործող նախագահին քննադատողները։ Քննադատությունների ներքին ազդակ են հանդիսանում Ահմադինեժադի որոշակի անհաջողությունները տնտեսական քաղաքականության բնագավառում։ Այս անհաջողությունները կառավարության կազմում փոփոխություններ իրականացնելու հիմք կհանդիսանան իրանական ընդդիմության համար։ Գործընթացի սկիզբը կլինի հոկտեմբերի 22-ին, երբ Իրանի Մեջլիսը կսկսի կառավարության մի շարք անդամ նախարարներին անվստահություն հայտնել։ Դա հիմնականում կհարվածի կառավարության տնտեսական բլոկին, որտեղ համեմատաբար ուժեղ են նախագահի դիրքերը։ Իրանի նախկին նախագահ Ա.Ա.Հաշեմի-Ռաֆսանջանիի ղեկավարությամբ գործող Նպատակահարմարության խորհրդին կից Վերահսկիչ պալատի ստեղծումը միայն մասամբ է սահմանափակում Մ.Ահմադինեժադի տնտեսական քաղաքականության գծի իրականացումը։ Իսկ այդ քաղաքականության իրականացման արդյունքում տուժում են իրանական քաղաքական, որի մեծ մասը նաև տնտեսական է, ընտրանու շահերը։

Ամերիկյան «իրանական քաղաքականության» մեղմացումն էլ ավելի կամրապնդի նախագահին քննադատողների դիրքերը և հնարավորություն կտա նրանց ավելի բացասական գնահատականներ տալ «ծայրահեղական կուրսի» շարունակության հեռանկարներին։ Մանավանդ այն բանից հետո, երբ ամերիկյան կողմը բավական ջերմ է արձագանքել Մ.Խաթամիի այցին ԱՄՆ, որին նաև հաջորդել է ինքնաթիռաշինության ոլորտում համագործակցության հարցի շուրջ ամերիկյան դիրքորոշման մեղմացումը։

Ակնհայտ է, որ ԱՄՆ-ը այսօր ցանկանում է որոշակիորեն մեղմել կրքերը Իրանի շուրջ ընթացող գործընթացներում։ Այս քաղաքականության մաս է հանդիսանում նաև ներիրանական քաղաքական գործընթացների վրա ազդելը, որի արդյունքում պետք է թուլանան գործող նախագահի դիրքերը։ ԱՄՆ-ը այսօր կարծես թե գիտակցաբար անջատում է «Իրանի հիմնախնդիրը» միջուկային զենքի չտարածման հարցից՝ միջազգային հանրության ուշադրությունը սևեռելով Հյուսիսային Կորեայի հիմնախնդրի վրա։ Սակայն սա չի խանգարում ամերիկյան ղեկավարությանը «իրանական հիմնախնդիրը» քննարկման առարկա դարձնել տեղեկատվական դաշտում ոչ բավարար լուսաբանվող գործընթացներում և բանակցություններում, որոնց թվում առանձնապես աչքի են ընկնում ռուս-ամերիկյան բանակցությունները Հարավային Կովկասում, առաջին հերթին՝ Վրաստանում և նրա շուրջ տեղ գտած գործընթացների վերաբերյալ։

Միևնույն ժամանակ, Ռուսաստանի դիրքերի թուլացումը Վրաստանում և նավթի գների անկումն ավելի իրատեսական կդարձնեն Իրանի նկատմամբ սահմանափակ պատժամիջոցների կիրառման հնարավորությունը։

1 Կենտրոնի Հոգաբարձուների խորհրդի նախագահն է Դմիտրի Կոզակը, որը և իրականացնում է այս կազմակերպության ռազմավարական կառավարումը։ Կենտրոնի ֆինանսավորումը, սակայն, իրականացվում է ՌԴ տնտեսական զարգացման և առևտրի նախարարության տարեկան բյուջեից։

2 Գրեթե նույն չափի, որքան 1998թ. տնտեսական ճգնաժամի արդյունքում։

3 «Ծայրահեղական կուրսի» հաջողությունը պայմանավորված է եղել երկու հիմնական պատճառներով. 1. Մ.Ահմադինեժադի հակաիսրայելական և հակաամերիկյան հայտարարությունները, փաստորեն, մնացին անպատիժ և չունեցան որևէ զգալի բացասական հետևանք Իրանի համար, 2. Իրանի կողմից հովանավորություն ստացող Հիզբալլահը հաղթանակ տարավ Իսրայելի դեմ պատերազմում (իրանական մեկնաբանմամբ՝ հաղթանակը բացարձակ էր)։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր