• am
  • ru
  • en
Версия для печати
28.07.2008

ԱՄԵՐԻԿԱ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ

   

Սարգիս Հարությունյան

america (medium)Լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ առաջիկա ամիսներին Մերձավոր Արեւելքում Վաշինգտոնի ուշադրությունը հատկապես կենտրոնանալու է Անկարայի ուղղությամբ, եւ գոյություն ունեն առնվազն երկու պատճառներ, որոնք «թուրքական հարցը» առանձնացնում են ԱՄՆ տարածաշրջանային քաղաքականությունում։

Առաջին. աֆղանական, իրաքյան ու լիբանանյան կամպանիաների, ինչպես նաեւ Գազայի հատվածում «Համասի» իշխանության գալու հետեւանքով Մերձավոր Արեւելքում դժվարին կացության մեջ հայտնված ԱՄՆ-ի համար թուրքական քաղաքականությունը ստացել է էլ ավելի կարեւոր նշանակություն, քան մինչեւ 2003թ. իրաքյան պատերազմն էր։

Երկրորդ. այս տարվա հուլիսի սկզբին Թուրքիայի սահմանադրական դատարանում բանակի անուղղակի աջակցությամբ մեկնարկեց իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցությունը (ԱԶԿ) փակելու մասին գործը, իսկ կառավարության ենթակայության ներքո գտնվող ներքին գործերի ու անվտանգության մարմինները հայտարարեցին բանակի բարձրաստիճան հրամանատարության հետ կապեր ունեցող պաշտոնաթող գեներալների ձերբակալության մասին1, որոնք իբր նպատակ են ունեցել կազմակերպել պետական հեղաշրջում։ Թեեւ ներկայացվածը կարելի է բնորոշել որպես թուրքական ուժային կառույցների միջեւ ի հայտ եկած «հակամարտություն», սակայն ակնհայտ է, որ

  • թուրքական բանակ-իսլամիստներ ներկայում կրկին հրապարակ իջած բախումներն իրենց բնույթով ամենասուրն են ԱԶԿ իշխանության ողջ տարիներին, հետեւաբար, այստեղ ավելի հիմնավորված է թվում խոսելը կողմերի միջեւ ձեւավորված ռազմավարական կարգի հակասությունների մասին,
  • դժվար թե առանց արտաքին զոնդաժի Թուրքիայի բանակում որոշեին ձեռնամուխ լինել իշխանությունից ԱԶԿ հեռացնելու` միջազգային տեսանկյունից խնդրահարույց գործընթացին. այսինքն` չպետք է բացառել, որ այստեղ գործ ունենք նաեւ Վաշինգտոնի սպասումների հետ։

Ներկայացվածում իր տեղն ունի նաեւ Հայաստանը։ Հուլիսի 5-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի նախագահը հրավիրել է իր թուրք պաշտոնակցին ս.թ. սեպտեմբերի 6-ին այցելել Երեւան` դիտելու ֆուտբոլի աշխարհի առաջնության նախընտրական փուլի հանդիպումը Հայաստանի եւ Թուրքիայի հավաքականների միջեւ։ Իհարկե, նման կարգի հրավերը եւ վերջինիս հրապարակումը հիմք են տալիս ենթադրելու, որ պաշտոնական Երեւանի նախաձեռնության հետեւում միայն հայրենի դիվանագիտության ջանքերը չեն: Սակայն ուշագրավն այստեղ այն է, որ հայ-թուրքական հարաբերություններում փոփոխություն մտցնելու հարցը կրկին սեղանին է դրվում ամերիկա-թուրքական սպասվող զարգացումների եւ ՆԱՏՕ-ին Վրաստանի ենթադրվող անդամակցության ֆոնին2։

«RAND»-ի զեկույցներն ամերիկա-թուրքական հարաբերությունների մասին

Թեեւ 2003թ. ի վեր ամերիկա-թուրքական փոփոխվող հարաբերությունների վերաբերյալ հատկապես ամերիկյան փորձագիտական հանրության կողմից շատ են ներկայացվել վերլուծական հրապարակումներ, սակայն մենք առանձնացրել ենք ամերիկյան ազդեցիկ «RAND Corporation»-ի պատրաստած զեկույցները։

2003թ. մարտի 1-ից հետո, երբ թուրքական խորհրդարանը մերժեց Պենտագոնի հայտը` թույլատրել ամերիկյան 62 հազարանոց զորամիավորմանը, օգտագործելով Թուրքիայի տարածքը, Իրաք ներխուժել հյուսիսից, «RAND Corporation»-ի կողմից ամերիկա-թուրքական հարաբերությունների վերաբերյալ հրապարակվել են երեք զեկույցներ, երկուսը` միայն այս տարի3։

2003թ. լույս տեսած զեկույցում մի կողմից ամրագրվում էր այն դրույթը, որ Թուրքիան մուտք է գործել քաղաքական լուրջ փոփոխությունների մի ժամանակաշրջան, ինչը կարող է խոր ներգործություն ունենալ նրա արտաքին քաղաքականության վրա, մյուս կողմից` առանձնանում էին հետեւալ կետերը.

  • ավելի քան մեկ տասնամյակ տեւած արդիականացումից հետո Թուրքիան բախվել է բարեփոխումների ու ղեկավարող շրջանակների սերնդափոխության հետ կապված լուրջ խնդիրների,
  • առաջիկա տասնամյակում Թուրքիան վարելու է ավելի ակտիվ արտաքին քաղաքականություն` միտված Մերձավոր Արեւելքին եւ հետխորհրդային տարածքին, իսկ մյուս կողմից` հատկապես թուրքական ներքին զարգացումները պատճառ են հանդիսանալու, որ Անկարայի եվրաինտեգրումը հանդիպի ավելի լուրջ դժվարությունների,
  • նշված զարգացումների արդյունքում` ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի համար Թուրքիան կարող է հանդես գալ որպես եվրոպական տարածաշրջանի անվտանգության «սպառող», քան «արտադրող», այսինքն` կրճատվելու է Թուրքիայի ներգրավվածությունը եվրոպական անվտանգության ապահովման գործում,
  • եւ վերջապես, ներկայացվածից բխեցվում էր, թե այդ պարագայում կսահմանափակվեն Արեւմուտքի հնարավորությունները էներգակիրներով հարուստ Պարսից ծոցում. «Հետեւաբար, ապագայում ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն չեն կարող ավտոմատ կերպով ստանալ թուրքական [ռազմական] կարողություններն օգտագործելու թույլտվություն»։

2008թ. հրապարակված առաջին զեկույցի հիմնական հետեւությունն է. «Ներկայում Մեծ Մերձավոր Արեւելքում, Թուրքիայի անվտանգության քաղաքականությունում եւ թուրքական հասարակությունում առկա միտումները քայքայիչ ներգործություն են ունենում [ամերիկա-թուրքական] համագործակցության հիմքերը կազմող շահերի ընդհանրության վրա։ Նշվածի անփոփոխ մնալու պարագայում այդ միտումները կարող են կրճատել ԱՄՆ ազդեցությունը Թուրքիայում եւ մեծացնել անկայունությունը Մերձավոր Արեւելքում»։ Որպես հետեւություններ զեկույցում առանձնանում են.

  • ապագայում ԱՄՆ-ի համար Թուրքիան, ըստ ամենայնի, կդառնա սակավ կանխատեսելի ու ավելի բարդ դաշնակից, եւ այդ առումով առաջիկայում Վաշինգտոնը գործ կունենա ավելի անկախ մտածող ու ակտիվ Թուրքիայի հետ,
  • հաշվի առնելով Մերձավոր Արեւելքում աճող թուրք-ամերիկյան հակասությունները` ապագայում Անկարան ավելի դժվարությամբ կհամաձայնվի թույլատրել Պենտագոնին օգտագործել Թուրքիայի տարածքում առկա ռազմակայանները (մասնավորապես, «Ինջիրլիք» ավիաբազան), եւ այդ պատճառով ապագայում ԱՄՆ-ը պետք է իր հաշվարկներից հանի թուրքական ռազմակայաններն օգտագործելու տարբերակը (ըստ զեկույցի, 1991թ. իրաքյան պատերազմի ժամանակ Անկարայի որոշումը` թույլատրել Պենտագոնին օգտագործել թուրքական ռազմակայանները, ավելի շուտ բացառություն էր, քան օրինաչափություն),
  • ներկայում ԱՄՆ–Թուրքիա հարաբերություններում ստեղծված իրավիճակն առանձնանում է նաեւ այն պատճառով, որ այսօր Անկարան միաժամանակ խնդիրներ ունի թե՛ ԱՄՆ-ի, թե՛ ԵՄ-ի հետ,
  • ամենայն հավանականությամբ, Թուրքիան չի աջակցի Սիրիային ու Իրանին մեկուսացնելու ԱՄՆ քաղաքականությանը, ավելին, այսօր քաղաքական ու էներգետիկ ոլորտներում նկատվում է թուրք-իրանական ու թուրք-սիրիական բավական սերտ համագործակցություն,
  • մոտ հեռանկարում ամերիկա-թուրքական հարաբերություններում որպես թիվ մեկ խնդիր է հանդես գալու քրդական հարցը, եւ այդ հարցի հետ կապված զարգացումները Անկարան դիտարկելու է որպես ցուցիչ` գնահատելու ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների դինամիկան,
  • անցած տարիներին Թուրքիայում ընթացող ժողովրդավարական գործընթացների արդյունքում բանակը եւ քեմալիստական ուժերը կորցնում են իշխանությունը երկրում (դինամիկան այդ ուղղությամբ է), նրանց փոխարինելու են գալիս այդ թվում իսլամիստական ուժերը, հետեւաբար ԱՄՆ-ի համար ավելի բարդ է դառնում ազդեցություն գործել Անկարայի արտաքին քաղաքականության ձեւավորման վրա։

Եվ վերջապես, երրորդ զեկույցը ներկայացնում է ԱԶԿ-թուրքական բանակ ներկա հակասությունների հետագա զարգացման չորս սցենար.

  • Ըստ առաջին` ամենից հավանական դիտվող սցենարի, այսուհետ Թուրքիայի ներքին ու արտաքին հարցերում ԱԶԿ-ն կորդեգրի «իսլամականացման» ավելի մեղմ դիրքորոշում եւ հանդես կգա որպես Անկարայի եվրաինտեգրման գիծն առաջ տանող քաղաքական ուժ` բանակի հետ ընթացող ներկայիս «հակամարտությունից» դաս քաղելով, որ գոյություն ունեն «կարմիր գծեր», որոնք նա չպետք է անցնի։
  • Համաձայն երկրորդ սցենարի` ԱԶԿ-ն կորդեգրի Թուրքիայի «սողացող իսլամականացման» տարբերակը, երբ Էրդողանի գլխավորած քաղաքական ուժը ձեռնամուխ կլինի Թուրքիայի ներքին կյանքի ու արտաքին քաղաքականության աստիճանական, աննկատ իսլամականացմանը։ Սակայն այս տարբերակը դժվար հասանելի է դիտվում, քանի որ այն կբերի ներքաղաքական պայքարի սրացմանը, որին կհետեւի բանակի միջամտությունը։
  • Որպես երրորդ սցենար է դիտվում Թուրքիայի սահմանադրական դատարանի կողմից ԱԶԿ փակումը։ Սակայն անմիջապես նշվում է, թե այս տարբերակը քիչ խնդիրներ կլուծի եւ կտանի ճգնաժամի հետագա խորացմանը, քանի որ ներկայում թուրքական քաղաքական կուսակցություններից ԱԶԿ-ն ամենից բարձր վարկանիշն ունի (մոտ 40%, նրանից հետո եկող Հանրապետական-ժողովրդական կուսակցությունն ունի մոտ 20% վարկանիշ), եւ կուսակցության ակտիվը կարող է նոր ընտրություններում կրկին հաղթել` ուրիշ անունով գրանցելով նոր կուսակցություն։ Եվ վերջապես, ԱԶԿ փակումը լրջորեն կսրի հարաբերությունները ԵՄ-ի հետ։
  • Չորրորդ սցենար` ռազմական հեղաշրջում։ Այս սցենարն ունի երկու ենթասցենար` «փափուկ հեղաշրջում» եւ ուղղակի ռազմական հեղաշրջում։ Թեեւ վերջինս ավելի քիչ հավանական է համարվում, սակայն այն ներկայացվում է որպես Էրդողանի կառավարության դեմ պայքարում թուրքական բանակի զինանոցում եղած վերջին միջոց, եթե ԱԶԿ-ն անցնի «կարմիր գծերը», իսկ բանակն էլ սպառի պայքարի այլ ձեւերը։

Առնչություններ Հայաստանի հետ

Թեեւ «RAND Corporation»-ի 2003թ. զեկույցում ուղղակի նշվում է, որ Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ դարձել է Բաքվի հետ Անկարայի հարաբերությունների պատանդ, սակայն նույն այդ զեկույցում եւ 2008թ. առաջին զեկույցում աչքի են զարնում հետեւյալ պահերը.

  • թուրք-հայկական հարաբերությունների հեռանկարի մասով` շատ ավելի մեծ տեղ է հատկացվում Ղարաբաղյան հիմնախնդրին, քան, օրինակ, Հայոց ցեղասպանության հարցին կամ հայ-ռուսական ռազմաքաղաքական համագործակցությանը,
  • այդքանով հանդերձ, հարցի առնչությամբ ներկայացվում է, փաստորեն, Անկարայի մոտեցումը. թուրք-հայկական սահմանի վերաբացումը հնարավոր է միայն Ղարաբաղյան հակամարտության կարգավորումից հետո։

Այդ իմաստով, տարբերություն կա թուրք-հայկական հարաբերությունների համատեքստում Հայոց ցեղասպանության հարցը քննարկելիս։ Եթե 2003թ. զեկույցում նշվում էր, որ թեեւ ԱՄՆ հայկական լոբբիի շանսերը գնալով աճում են, բայց ցեղասպանության փաստի ճանաչումը կվնասի հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանը, ապա 2008թ. երկու զեկույցներում վերջին հատվածը բացակայում է։

Ներկայացվածը հիմք է տալիս ենթադրելու, որ հայ-թուրքական հարաբերություններում որեւէ «ճեղքումից» հետո, պաշտոնական Երեւանին հարկ է սպասել Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ ամերիկյան կողմի ջանքերի կտրուկ ակտիվացմանը։

1Այդ օրն ընդհանուր առմամբ ձերբակալվել են 24 հոգի, այդ թվում թուրքական բանակի հրամկազմում նախկինում բարձր պաշտոններ զբաղեցրած գեներալներ Հուրսի Տոլոնը եւ Սեներ Էրույղուրը։ Ձերբակալվածների թվում է նաեւ Անկարայի առեւտրաարդյունաբերական պալատի ղեկավար Սինան Այղունը, ով հայտնի է Թուրքիայի բանակի հրամանատարության հետ իր սերտ հարաբերություններով։

2Այդ իմաստով ուշագրավ էր ս.թ. հունիսի 18-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների տանը տեղի ունեցած լսումների ժամանակ Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնական Դենիել Ֆրիդի կատարած աննախադեպ հայտարարությունը. «Թուրքիան պետք է անդրադառնա իր պատմության մութ էջերին. Օսմանյան կայսրության գոյության վերջին [շրջանում] մեկ ու կես միլիոն հայերի զանգվածային սպանություններին ու բռնի արտաքսմանը։ Դա հեշտ չի լինի, բայց ԱՄՆ-ի համար էլ հեշտ չէր անդրադառնալ մեր պատմության մութ էջերին»։

3«RAND Corporation»-ի հրապարակած զեկույցներն ըստ հերթականության` «Turkish Foreign Policy in Age of Uncertainty» (2003թ., «Թուրքական արտաքին քաղաքականությունը անորոշության փուլում», հեղինակներ` Սթեֆըն Լարաբի (F. Stephan Larrabee), Յան Լեսեր (Ian O. Lesser)), «Turkey as a U.S. Security Partner» (2008թ., «Թուրքիան որպես անվտանգության գծով ԱՄՆ գործընկեր», հեղինակ` Սթեֆըն Լարաբի (F. Stephan Larrabee)), «The Rise of Political Islam in Turkey», (2008թ., «Քաղաքական իսլամի վերելքը Թուրքիայում», հեղինակներ` Էնջըլ Ռաբասա (Angel Rabasa), Սթեֆըն Լարաբի (F. Stephan Larrabee))։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր