ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՅԻ ՇՈՒՐՋ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Ազգային փոքրամասնությունների ճակատագիրը
պայմանավորված է իշխող ազգի մարդասիրությամբ
և քաղաքակրթվածությամբ։
Լորդ Ակտոն (1834 – 1901)
Հարավային Օսիայի խնդրի հետ կապված՝ Ռուսաստանի իրագործած ռազմական գործողությունները սահմանվել են որպես «լոկալ» և «արդարացի» պատերազմ։ Ներկայացվել են հակամարտությանն ուղեկցող տեղեկատվական պատերազմի որոշ առանձնահատկություններ և վերլուծվել են հակամարտող կողմերի, այդ թվում՝ ԱՄՆ-ի, պատերազմը սկսելու հնարավոր դրդապատճառներն ու նկատառումները։ Ցույց է տրվել, որ դիտարկվող ռազմաքաղաքական զարգացումները ենթարկվում են Երկրորդ սառը պատերազմի տրամաբանությանը և հենված են երրորդ սերնդի տեղեկատվական պատերազմների ռազմավարության վրա։
Հարավային Օսիայի խնդրի հետ կապված՝ 2008թ. օգոստոսյան զարգացումները հանգեցրին նոր աշխարհաքաղաքական իրողությունների, որոնց ադեկվատ ընկալումը և հետևություններ անելը առաջնահերթ խնդիր է և՛ ՀՀ՝ որոշումներ ընդունող քաղաքական ընտրանու, և՛ վերլուծաբանական հանրության համար։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանի և Վրաստանի միջև տեղի ունեցած ռազմական հակամարտությունն ունի բազմաթիվ բաղադրիչներ և հարթություններ, այսինքն՝ այդ գործընթացի համալիր հետազոտությունը դեռևս երկար ժամանակ հրատապ է լինելու վերլուծաբանների համար։ Հոդվածում փորձել ենք սահմանումներ տալ ռազմաքաղաքական գործընթացներին, դիտարկել դրանց առանձնահատկությունները և հնարավոր դրդապատճառները։ Որպես ելակետ ընդունվել է այն մոտեցումը, ըստ որի՝ կատարվածը հստակորեն ենթարկվում է բազմաբևեռ համակարգին բնորոշ Երկրորդ սառը պատերազմի տրամաբանությանը [1]։ Միևնույն ժամանակ, ներկայացված է տեսակետ, համաձայն որի՝ հակամարտության կողմ հանդիսացող Միացյալ Նահանգներն իր գործողություններում ղեկավարվել է երրորդ սերնդի տեղեկատվական պատերազմներին բնորոշ ռազմավարությամբ [2]։ Նման մոտեցումները պետք է որ նպաստեն վրաց–ռուսական պատերազմի վերաբերյալ հնարավորինս օբյեկտիվ պատկերացումների ձևավորմանը, ինչը թույլ կտա որոշ հետևություններ և կանխատեսումներ անել գոնե մարտավարական հեռանկարի համատեքստում։
«Լոկալ» և «արդարացի» պատերազմ. Ինչպես հայտնի է, Առաջին սառը պատերազմին հատուկ էին սահմանափակ տարածքներում ընթացող «լոկալ պատերազմները»1, որոնց օրինակներն են Կորեայում (1950-1953թթ.), Վիետնամում (1959-1975թթ.) և Աֆղանստանում (1979-1987թթ.) տեղի ունեցած պատերազմական իրադարձությունները [3]։Երկբևեռ աշխարհակարգում լոկալ պատերազմները յուրահատուկ «հարթակներ» էին, որտեղ միմյանց դեմ հակամարտում էին ԱՄՆ-ը և ԽՍՀՄ-ը, որոնց ընթացքում, սակայն, նրանց զինված ուժերը (ԶՈւ) միմյանց հետ պաշտոնական և անմիջական ռազմական շփում չունեին, քանի որ դա կարող էր հանգեցնել միջուկային աղետի. Կորեայում և Վիետնամում անմիջական պատերազմող կողմ էր ԱՄՆ-ը, որին անուղղակիորեն հակազդում էր խորհրդային ռազմական ներուժը, իսկ Աֆղանստանում պատկերը հակառակն էր։ Հատկանշական է, որ ներկայում Իրաքում և Աֆղանստանում ԱՄՆ-ի կողմից վարվող լոկալ պատերազմներում Ռուսաստանը դիմակայող կողմ չէ։Աֆղանստանի պարագայում ՌԴ-ն անգամ հաղորդակցական բնույթի որոշ աջակցություն է ցուցաբերում ԱՄՆ-ին (ՆԱՏՕ-ին)2, իսկ Իրաքի պարագայում անհամաձայնություններն արտահայտվում են դիվանագիտական (օրինակ՝ իրաքյան զարգացումներում ակտիվ դիրքորոշում ունեցող Իրանին ցույց տրվող ռուսական աջակցությամբ) և տնտեսական (ռուսական նավթային ընկերությունների խնդիրները) հարթություններում։
Վերոնշյալի համատեքստում Ռուսաստան- Վրաստան ռազմական ընդհարումն առաջին «լոկալ պատերազմն» է հանդիսանում, որը ենթարկվում է արդեն Երկրորդ սառը պատերազմի տրամաբանությանը և որի ընթացքում առաջին անգամ ԱՄՆ-ՌԴ հակասություններն ընդունեցին ռազմական բնույթ։ Այսինքն՝ կարելի է ամրագրել, որ ներկայիս գլոբալ քաղաքական գործընթացները լիովին ենթարկվում են դասական սառը պատերազմի «կանոններին», ինչն իր հերթին վկայում է բազմաբևեռ աշխարհակարգի վերջնական ձևավորման մասին։
Հարկ է նշել, որ ռազմագիտությունում պատերազմները բնութագրվում են3 նաև որպես «արդարացի» և «ոչ արդարացի»։ Այդ տեսանկյունից, թերևս, կասկած չի հարուցում, որ օսական և ռուսական կողմերը վարում էին դասական «արդարացի» պատերազմ4. իրենց հայրենիքում բնակվող օս (ալան) ժողովուրդը Ռուսաստանի օգնությամբ5 պաշտպանեց իր ազգային ինքնությունը, ֆիզիկական գոյությունը և պատմական տարածքը։ Վրաստանի և նրա դաշնակիցների կողմից վարվող պատերազմը պետք է ընդունել որպես ոչ արդարացի և ԽՍՀՄ-ում իրենց ունեցած «միկրոկայսրության» վերականգնմանն ուղղված հակաժողովրդավարական ու հակամարդկային գործողություն։
Տոտալ տեղեկատվական գործողություններ. Հակամարտության տեղեկատվական բաղադրիչը կարիք ունի առանձին և ծավալուն հետազոտության, այդ պատճառով մենք ընդամենը կառանձնացնենք տեղեկատվական պատերազմի ընդամենը մի քանի առանձնահատկություն։
Գործընթացները մեդիաոլորտում հիշեցնում էին Առաջին սառը պատերազմի ագիտացիոն-պրոպագանդիստական պայքարը, երբ ԱՄՆ-ը և ԽՍՀՄ-ը տոտալ ձևով տրամագծորեն հակառակ և իրարամերժ տեղեկատվություն էին սփռում, որը հիմնականում նախատեսված էր սեփական լսարանի համար։ Սառը պատերազմի ավանդույթների համաձայն՝ Թբիլիսին արգելափակեց իր տարածքում ոչ միայն ռուսական հեռուստակայանների, այլև համեմատաբար հավասարակշռված Euronews–ի հաղորդումները։ Տեխնիկական արգելափակման փորձեր կատարվեցին ԱՄՆ-ում, երբ Fox News հեռուստակայանի հաղորդման ժամանակ ընդհատվեց հարցազրույցի հրավիրված օսուհու ելույթը։ Բնականաբար, պրոպանդիստական պայքարում ոլորտում ապատեղեկատվական գործողությունները մեծ տեսակարար կշիռ ունեին6։
Հատկանշական է նաև, որ եվրոպական ԶԼՄ-ում կարելի էր հանդիպել ավելի կշռադատված մոտեցումների, որոնք չարդարացնելով ռուսական կողմին՝ միևնույն ժամանակ քննադատում էին Սահակաշվիլու վարչախմբի գործողությունները։
Պատերազմի մարդասիրական և բարոյական գործոնը շոշափվում էր հիմնականում ռուսական լրատվամիջոցներում, իսկ ամերիկյան ԶԼՄ-ն շեշտադրում էր Վրաստանի տարածքային ամբողջականության խնդրի վրա։ Այսպիսով կարծես թե խախտվեց Առաջին սառը պատերազմի այն ավանդույթը, համաձայն որի՝ մարդասիրական խնդիրների կարևորումը Արևմուտքի մենատիրությունն էր հանդիսանում7։ Նկատենք, որ այս հանգամանքը թուլացնում էր արևմտյան քարոզչությունը և զգացական լիցք էր հաղորդում ռուսաստանյանին՝ դարձնելով այն ավելի արդյունավետ։ Թերևս, այս հանգամանքի գիտակցումն էր, որ քարոզչական հարուստ ավանդույթներ ունեցող BBC–ի ռուսալեզու կայքի նյութերը միանշանակ հակառուսական չէին, քանի որ դա կարող էր վարկաբեկել բրիտանական լրատվամիջոցը ռուսական լսարանի առջև։
Կիբեռհարձակումների ոլորտում նախահարձակը, թերևս, նույնպես վրացական կողմն էր. օգոստոսի 8-ին, Ցխինվալի հրետակոծմանը զուգահեռ, հաքերական կիբեռհարձակումների ենթարկվեց հարավօսական վեբկայքերի մի զգալի մասը (www.osradio.ru, www.osinform.ru և ուրիշներ)։ Ավելի ուշ հարձակումներ կատարվեցին նաև ռուսաստանյան լրատվամիջոցների, մասնավորապես՝ անգլերեն հաղորդվող Russia Today հեռուստաալիքի կայքի վրա։ Պատասխան քայլերն իրենց չսպասեցրին. «կոտրվեցին» նախագահ Սահակաշվիլու, Վրաստանի պառլամենտի, կառավարության, ԱԳՆ-ի և պետական այլ մարմինների կայքերը։
Հայկական լրատվամիջոցները հավասարակշռված, բայց այնքան էլ բովանդակալից չէին լուսաբանում գործընթացները։ Այդ համատեքստում առանձնացնենք «Արմենիա» հեռուսատեսությամբ թողարկվող «Ամերիկայի ձայնի» մեկնաբան Մարատյանի ավելի քան պարզունակ մեկնաբանությունն (12.08.08) այն մասին, թե ԱՄՆ-ը ռազմական օգնություն չցուցաբերեց Վրաստանին այն պատճառով, որ նախագահ Սահակաշվիլին ընտրությունների ժամանակ խախտումներ էր թույլ տվել8։
Հակամարտության ընթացքը ևս մեկ անգամ շեշտեց տեղեկատվական գործոնի կարևորությունն արդի ռազմաքաղաքական գործընթացներում։ Կան նաև բոլոր հիմքերը պնդելու, որ ռազմական գործողությունները մասն էին կազմում երրորդ սերնդի տեղեկատվական պատերազմի։ Սակայն նման մոտեցումը ենթադրում է նախապես պատերազմի հնարավոր դրդապատճառների քննարկում։
Պատերազմական գործողությունների հնարավոր դրդապատճառները. Մինչ օգոստոսյան պատերազմի սկիզբը Վրաստանն իր նախկին ինքնավարությունների՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի հանրապետությունների (ՀՕՀ և ԱՀ) նկատմամբ վարում էր դիրքային-հոգեբանական պատերազմ։ Նկատենք, որ վրացական կողմի՝ ամերիկյան և բրիտանական խորհրդատուների կողմից ղեկավարվող9 գործողությունները, որոնց նպաստում էին ՀՕՀ և ԱՀ տարածքների աշխարհագրությունը և էթնիկական առումով ոչ միատարր բնակչությունը, բավական արդյունավետ էին։ Թբիլիսին բավական հաջող էր իրագործում այսպես կոչված «սողացող էքսպանսիայի» ռազմավարությունը. վերահսկողության տակ վերցվեց Կոդորի կիրճը, իսկ ՀՕՀ տարածքում ամրացվեցին վրացական հենակետերը։ Ստեղծված իրավիճակը կարծես թե պետք է բավարարեր ամերիկացիներին, քանի որ Վրաստանից ռուսաստանյան ԶՈւ-ի դուրսբերումից հետո շարունակական լարվածության բուֆերային գոտիներ ունենալը (ի դեմս ՀՕՀ-ի և ԱՀ-ի) ՌԴ սահմաններում ռազմավարական տեսանկյունից կարծես թե շահեկան էր։ Դա թույլ էր տալիս վերահսկել էներգակիր խողովակաշարերը, մոտ լինել Հյուսիսային Կովկասի լարվածության կենտրոններին, ունենալ ռազմական հենակետեր Իրանին օդային հարավածներ հասցնելու համար և, ամենագլխավորը՝ «փակել ռուսների մուտքը» Հարավային Կովկաս։ Միևնույն ժամանակ, բուֆերային գոտիների անորոշ կարգավիճակը և ուրվագծերն ընդհանուր առմամբ ձևավորում են «ամորֆ» և դինամիկ իրավիճակ, ինչն անկանխատեսելի էր դարձնում քաղաքական հեռանկարը։ Այսինքն՝ Վրաստան – «նախկին ինքնավարություններ» հարաբերությունների ապագան, հաշվի առնելով ռուսական գործոնի գլոբալ և տարածաշրջանային ակտուալացումը, ռիսկեր էր պարունակում ԱՄՆ-ի համար։
Ակնհայտ է նաև, որ Վրաստանի այսպես կոչված «տարածքային ամբողջականության» վերականգնման հարցը առանձնապես չպետք է մտահոգեր Վաշինգտոնին։ Ավելին. այդ հիմնախնդրի շարունակական առկայությունը յուրահատուկ երաշխիք է ԱՄՆ-ի համար Վրաստանի հետ երկարատև հարաբերություններ ունենալու տեսանկյունից։
Վերոնշյալ հանգամանքները հիմք են ծառայում վերլուծաբանների մի մասի համար, չժխտելով ամերիկյան գործոնի կարևորությունը10, համարել, որ պատերազմական գործողություններ սկսելու նախաձեռնությունը պատկանում էր բացառապես Վրաստանի նախագահին և պայմանավորված էր նրա անհեռատես քաղաքականությամբ ու անհատական հայտնի հատկանիշներով։ Սակայն կարծում ենք, թե հնարավոր է, որ Հարավային Օսիայի դեմ ձեռնարկած «Մաքուր դաշտ» գործողությունը ոչ միայն տեսականորեն մշակվել, այլև իրագործվել է անմիջականորեն ամերիկյան ղեկավարության ներքո, և նման մոտեցման համար կան որոշակի հիմնավորումներ։
Հայտնի է, որ 2003թ. «գունավոր» հեղափոխությունից հետո Վրաստանը վերածվել է տարածաշրջանում ԱՄՆ «ֆորպոստի»։ Վրաստանում ամերիկյան քաղաքական ու ռազմական (սպառազինության, հետախուզության՝ հատկապես ռադարային-էլեկտրոնային տեխնիկական միջոցների, ինչպես նաև զինվորական խորհրդատուների և հրահանգիչների տեսքով11) ներկայության ավելի քան մեծ չափը որոշ քաղաքագետների թույլ է տալիս այդ երկիրը դասել այսպես կոչված «proxy» (այսինքն՝ այլոց կողմից միջնորդված, ինքնուրույնությունից զուրկ) պետությունների շարքին12։ Նման պայմաններում խիստ դժվար է ակնկալել, թե վրացական իշխանությունները կարող են ինքնակամ որոշումներ ընդունել. դա առնվազն հակասում է ԱՄՆ-Վրաստան հարաբերությունների տրամաբանությանը, ինչը և մեր մոտեցման, թերևս, ամենաակնհայտ հիմնավորումներից է13։ Նման սցենարի շրջանակներում հնարավոր է նաև, որ ԱՄՆ-ը անուղղակիորեն է հրահրել Վրաստանին (օգտագործելով այդ երկրի ղեկավարի անկայուն հոգեկան դիմագիծը)՝ դիմել ռազմական գործողությունների կամ էլ, տեղյակ լինելով պատրաստվող հարձակմանը (ինչը կասկած չի հարուցում՝ հաշվի առնելով թեկուզ ամերիկյան զինվորական խորհրդատուների առկայությունը), նվազագույնը չի խոչընդոտել վրացական նախաձեռնությանը։
Միևնույն ժամանակ, պատերազմական գործողությունների դիմելու համար իրաքյան և աֆղանական հիմնախնդիրներ ունեցող ու ռազմավարական արվեստի հարուստ ավանդույթների տիրապետող ԱՄՆ-ի համար անհրաժեշտ էին, անշուշտ, լուրջ հիմնավորումներ։ Դրանք հասկանալու համար, թերևս, անհրաժեշտ է անդրադառնալ գլոբալ քաղաքական իրավիճակի հետ կապված խնդիրներին։
Ինչպես հայտնի է, միաբևեռից բազմաբևեռ համակարգի վերափոխվելու անցումային փուլն ավելի կարճատև եղավ, քան կանխատեսվում էր, և այդ գործընթացի հիմնական հայտանիշը Միացյալ Նահանգների նահանջն է իր գլոբալ մենատիրական դիրքերից։ Որպես հետևանք ամերիկյան քաղաքական ընտրանին սկսեց մշակել և իրագործել նոր, այդ իրողությանն ավելի ադեկվատ քաղաքականություն։ Մասնավորապես, տպավորությունն այնպիսին է, որ այն տարածաշրջաններում և երկրներում, որտեղից ենթադրվում է ռազմավարական ապագայում ԱՄՆ նահանջը, ձևավորվում են երկարատև գործող և ոչ մեծ ռեսուրսներ (որոնց սղությունը զգալի է դարձել) պահանջող իրավիճակներ (այսպես կոչված «դանդաղ գործողության ականներ»), որոնք կպաշտպանեն ամերիկյան շահերը և ազդեցության հնարավորությունները։ Նման քաղաքականություն իրագործելու համար արդյունավետ են «Էֆեկտների» վրա հենված «երրորդ սերնդի» տեղեկատվական ներգործությունները, երբ համալիր (պատերազմական և խաղաղ բնույթի) գործողությունները փոխում են հակառակորդի պահելաձևը ներազդողին ձեռնտու ուղղությամբ։
Բոլոր պարագաներում կասկած չի հարուցում, որ մինչ ՀՕՀ-ի դեմ ռազմական գործողություններ ձեռնարկելը ամերիկյան կողմն անպայմանորեն հաշվարկել էր ռուսաստանյան միջամտության հնարավորությունը, այսինքն՝ պետք է նկատի ունենար նաև պատերազմի անհաջող ելքը։ Այդ ռազմավարությունը, որը պայմանականորեն կարելի է անվանել «բացասական արդյունքից բխող էֆեկտների քաղաքականություն»14, ունի յուրովի տրամաբանություն և նկատառումներ։ Դիտարկենք դրանք.
- Անկախ արդյունքից՝ պատերազմն անհակադարձելիորեն վատթարացնում է Վրաստան-Ռուսաստան հարաբերությունները (անկախ ցանկացած նոր վրացական ղեկավարության քաղաքական նախասիրություններից), ինչն ամրացնում է ամերիկյան դիրքերը տարածաշրջանի համար կարևորագույն նշանակություն ունեցող այդ երկրում։
- Պատերազմը Ռուսաստանի հաղթանակի պարագայում (այս սցենարը ամերիկյան քաղաքական ղեկավարության և զինվորական հրամանատարության համար պետք է որ հաշվարկվեր) ձևավորում է վերջինիս ագրեսորի իմիջը։ Դա հրատապ է ԱՄՆ ներքաղաքական, հատկապես՝ նախագահական ընտրությունների հարթությունում, քանի որ այդպիսով խրախուսվում է ռադիկալ քաղաքական ուղղությունը և առաջանում է հարձակողական ոճի գործիչների պահանջարկ (ի դեմս նախագահի թեկնածուներ Մաքքեյնի և Բարաք Օբամայի կողմից որպես փոխնախագահ առաջարկված Ջոզեֆ Բայդենի15)։
- Պատերազմը Ռուսաստանի հաղթանակի պարագայում արդյունավետ կլիներ նաև եվրոպական դաշնակիցների համախմբման տեսանկյունից. դա հարմար առիթ էր հիշեցնելու «հին Եվրոպային» Ռուսաստանի հետ կապված ռիսկերի մասին, իսկ «նոր եվրոպացիներին»՝ էլ ավելի սերտացնելու հարաբերությունները ԱՄՆ-ի հետ (ինչպես դա տեղի ունեցավ Լեհաստանում հակահրթիռային համակարգերի տեղակայման խնդրում)։
- Ամերիկյան համապատասխան քաղաքականության դեպքում Ռուսաստանի ռազմական հաղթանակը կներքաշեր վերջինին գլոբալ դիմակայության գործընթացների մեջ, ինչն իր հերթին կպահանջեր ռեսուրսների մեծ ծախս։ Ի դեպ, նման գլոբալ դիմակայման արտահայտումներն իրենց չսպասեցրին. արդեն սեպտեմբերի առաջին օրերին Մոսկվան հայտարարեց Վենեսուելայի ափերին նոյեմբերին ռազմածովային զինավարժություններ անցկացնելու մասին16։ Նման ռազմավարությունը Առաջին սառը պատերազմի ժամանակ հանգեցրել էր «սպառազինությունների մրցավազքի», ինչը և հանդիսացավ ԽՍՀՄ տնտեսական փլուզման պատճառներից մեկը։ Ռազմավարական հեռանկարում ամերիկյան ընտրանին կարող է ակնկալել նման կոլապսային զարգացումներ նաև արդի Ռուսաստանում։
- Ռուսաստանի հաղթանակից հետո վերջինիս կողմից Հարավային Օսիայի ու Աբխազիայի ճանաչումը կստեղծեր նախադեպ Ռուսաստանի Դաշնության որոշ սուբյեկտների անջատողական գործողությունների համար։
Պետք է փորձել զարգացումները գնահատել նաև Վրաստանի հնարավոր հաղթանակի պարագայում։ Սա, թերևս, տեսական տարբերակ է, քանի որ նման սցենարի հավանականությունը Ռոքի լեռնանցքի հյուսիսում կանգնած ռուսաստանյան 58-րդ բանակի առակայության դեպքում գործնականում ավելի քան փոքր էր։ Բացառված չէ սակայն, որ գուցե և որպես «հաղթանակ» պատկերացվում էր հաջող հարձակողական գործողությունների արդյունքում վրացական զինուժի նահանջը ռուսական հակահարվածից հետո, որը կմեղմվեր տարբեր խողովակներով ՌԴ ղեկավարությանը հորդորելու և ճնշումներ բանեցնելու միջոցով։ Հետո կսկսվեր բանակցությունների մի նոր և շահեկան փուլ արդեն «կոտրված» ՀՕՀ-ի, «անկամ» Ռուսաստանի և «հաղթանակած» Վրաստանի պարագայում։ Նման սցենարը, ռազմավարական օգուտներից բացի, կբարձրացներ նաև ԱՄՆ հեղինակությունը տարածաշրջանային և գլոբալ հարթություններում և կամրագրեր ՌԴ՝ որպես անօգնական երկրի, իմիջը, դրանից բխող բոլոր հետևանքներով17։
Այն, որ ԱՄՆ-ը պատրաստ էր պատերազմական գործողություններին, անուղղակիորեն վկայում է, թերևս, նավթի գների կտրուկ անկումը, ինչը խիստ զգայուն հարց է Ռուսաստանի համար։ Եվ դա այն պարագայում, երբ Բաքու-Ջեյհան նավթամուղի անմիջական հարևանությամբ տեղի էին ունենում ռազմական գործողություններ18։ Մինչդեռ նախկինում «նավթային տարածաշրջաններում» ռազմական, անգամ տեսականորեն հնարավոր, զարգացումների վերաբերյալ լրատվությունները հանգեցնում էին նավթի գների աճի։ Անշուշտ, նման հարցադրումը, հաշվի առնելով էներգակիրների գնագոյացման ավելի քան բարդ մեխանիզմը, բավական վիճահարույց է, սակայն գների անկման խնդիրը դեռևս սպառիչ պատասխան չի ստացել։
Միևնույն ժամանակ, տեղեկատվական երրորդ սերնդի պատերազմների «էֆեկտները» վրաց-ռուսական պատերազմի առիթով չեն սահմանափակվում միայն ԱՄՆ ներքաղաքական զարգացումներով և ՌԴ-ի համար հնարավոր բացասական հետևանքներով։ Դրանք ուղղված էին նաև այլ երկրների դեմ։
Ինչպես հայտնի է, ներկայումս սպորտային միջոցառումները խիստ քաղաքականացված են, և Պեկինի օլիմպիական խաղերին նախորդեցին տիբեթցիների ու նրանց համախոհների բողոքի ակցիաները, որոնք ՉԺՀ-ն վարկաբեկելու նպատակով կազմակերպված դասական տեղեկատվական գործողություններ էին։ Պատերազմն օլիմպիադայի օրը սկսելը կարելի է համարել այդ գործողությունների շարունակություն որակական ավելի բարձր հարթությունում, քանի որ այդպիսով տեղեկատվական տեսանկյունից ստվերվեց այդ մասշտաբային սպորտային-քաղաքական միջոցառումը։
Ինչպես տեսնում ենք, ԱՄՆ քաղաքական օգուտները «պարտված պատերազմից» բավական լուրջ են և վկայում են այն մասին, որ ԱՄՆ-ը իրագործում է, ըստ վերը բերված ձևակերպման, «բացասական արդյունքից բխող էֆեկտների քաղաքականություն», որի արտահայտություններն են ինչպես «մասնակի գունավոր հեղափոխության» փորձը ՀՀ-ում, այնպես էլ վրաց-ռուսական պատերազմը։
Միևնույն ժամանակ, տպավորությունն այնպիսին է, որ ամերիկացիներն իրենց հաշվարկներում թույլ են տվել նաև բացթողումներ, որոնք արտահայտվեցին նախագահ Բուշի այն խոսքերով, թե Ռուսաստանի գործողությունները «ոչ ադեկվատ ուժի կիրառում են»։ Այս ձևակերպումը լայնորեն տարածվեց և դարձավ տարբեր արևմտյան քաղաքական գործիչների հիմնական գնահատականը կատարվածին։ Այլ խոսքերով՝ հնարավոր է, որ ԱՄՆ ռազմաքաղաքական գործողությունները պլանավորող մարմիններն իրենց մշակումներում գուցե և թերագնահատել էին Ռուսաստանի պատասխան քայլերի ծավալը և կոշտությունը։ Հնարավոր է, որ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ Միացյալ Նահանգների ներկայիս վարչակազմը ձևավորվել է դեռևս 2000թ., այսինքն՝ միաբևեռ համակարգի պայմաններում, երբ Ռուսաստանը երկրորդական դերակատարում ուներ գլոբալ հարթությունում. բավական է նշել, որ այն ժամանակաշրջանում ՌԴ բյուջեն կազմում էր ընդամենը մի քանի տասնյակ մլրդ դոլար։
Հետևանքները. Պատերազմի արդյունքները միանշանակ չեն կողմերից և ոչ մեկի համար։ ԱՄՆ-ի հետ կապված նկատառումները դիտարկվեցին վերը։ Այս ենթաբաժնում համառոտ կներկայացնենք պատերազմի արդյունքների հնարավոր ազդեցությունը ՌԴ-ի, Վրաստանի և ՀՀ-ԼՂՀ-ի վրա19։
Ռուսաստանի Դաշնություն. Ինչպես նշեցինք վերը, ամերիկյան կողմի համար Ռուսաստանի վճռականությունը և ռազմական գործողությունների մասշտաբը՝ Կոդորի կիրճում վերահսկողության հաստատումը, բուն Վրաստանի տարածքում բնակավայրերի ժամանակավոր գրավումը, ՀՕՀ-ի ու ԱՀ-ի արագ ճանաչումը գուցե և սպասելի չէին։ Միևնույն ժամանակ, չպետք է կասկածել, որ ռուսական կողմն ուներ ռազմական գործողություններին մասնակցելու իր մշակած սցենարը և սեփական պատկերացումները դրանց զարգացման ու հետևանքների մասին։ Որոշ վերլուծաբաններ հակված են անգամ այն վարկածին, որ ռուսական կողմը մտածված կերպով թույլ տվեց Ցխինվալի զանգվածային հրետակոծումը և վրացական ԶՈւ առաջխաղացումը, որպեսզի իր գործողությունները հանրությանը ներկայացնի որպես «հումանիտար աղետից» փրկելու նպատակով վարած «արդարացի» պատերազմ։
Բոլոր պարագաներում ՌԴ կոշտ պատասխանը նրան որոշակի քաղաքական դիդվիդենտներ բերեց (ռիսկերը նշել ենք վերը), որոնցից թվարկենք հետևյալները.
- Պատերազմի իրականացված սցենարը շահեկան էր ՌԴ-ի համար ներքաղաքական առումով. վերջին ժամանակահատվածում առաջին անգամ այդ երկիրն արագ և հաղթական պատերազմ վարեց, ինչը ձերբազատեց ռուսաստանյան հանրությանը պարտվողական բարդույթներից, միավորեց հասարակությանը և պատկերավոր ցուցադրեց Պուտին-Մեդվեդև երկյակի քաղաքական գծի արդյունավետությունը։
- Պատերազմը շահեկան էր ՌԴ-ի համար հետխորհրդային տարածքում իր վարկանիշի բարձրացման տեսանկյունից. կասկածից վեր է, որ այդ տերության դերակատարումը հետխորհրդային տարածքում ավելի է բարձրանալու. այդ հանգամանքը մասնավորապես արտահայտվեց Ուկրաինայում քաղաքական իշխող կոալիցիայի փլուզումով20։
- Պատերազմը շահեկան էր ՌԴ-ի համար նաև գլոբալ հարթությունում։ Քաղաքական կամքի դրսևորումը միշտ իրեն է ձգում նոր դաշնակիցների և ամրացնում դիրքերը մրցակցային դաշտում։
- Պատերազմը վարկաբեկեց Ռուսաստանի ավանդական մրցակից ԱՄՆ հեղինակությունը գլոբալ և տարածաշրջանային հարթություններում։
- ԱՄՆ վարկաբեկումը, չնայած ՌԴ-ԵՄ միջև ծագած լարվածությանը, մեծացրեց մասնավորապես «հին» Եվրոպայի և ԱՄՆ տարաձայնությունները, քանի որ ակնհայտ դարձավ, որ ի տարբերություն Առաջին սառը պատերազմի, ներկայիս եվրոպացիներն առանձնապես չեն ձգտում պատերազմել Ռուսաստանի դեմ հանուն երրորդ տերության շահերի։
Վրաստան. Չունենալով քաղաքական ինքնուրույնություն՝ այդ երկիրը հոգեբանական և նյութական հարվածներ կրեց։ Եվ եթե սպառազինության խոշոր կորուստները21 կարելի է մոտ ապագայում վերականգնել, ապա վարկանիշի անկումը երկարատև բնույթ կընդունի. Վրաստանն այսօր անգամ իր մոտ դաշնակիցների կողմից ընկալվում է որպես չկայացած երկիր։ Այդ առումով ՆԱՏՕ ընդունվելու՝ Վրաստանի ղեկավարության ունեցած կասկածելի հեռանակարները, թերևս, չեն կարող փոխհատուցել այդ երկրի կրած համալիր վնասները։
Հայաստան (ՀՀ, ԼՂՀ և Ջավախք). Որպես ռազմավարական հետևանք պետք է ամրագրել այն փաստը, որ եթե Առաջին սառը պատերազմի լոկալ ռազմական բախումներն ընթանում էին Հարավարևելյան և Կենտրոնական Ասիայում, ապա նոր ժամանակաշրջանի առաջին լոկալ պատերազմը տեղի ունեցավ Հայաստանի հյուսիսային սահմանների անմիջական հարևանությամբ։ Մասնավորապես, ռազմական գործողությունները, Վրաստանով անցնող հաղորդակցական ուղիների հետ կապված, լուրջ խնդիրներ առաջացրին. ըստ որոշ գնահատականների՝ ՀՀ տնտեսական վնասները դրա հետևանքով կազմեցին մոտ $0.5 մլրդ: Հատկանշական է, որ հնարավոր մեկ այլ պատերազմի մասնակից կարող է հանդիսանալ հարավային հարևան Իրանը. հնարավոր ռազմական բախումը ԱՄՆ (Իսրայել) - Իրան հարթությունում պարբերաբար ակտուալանում է22։ Այս հանգամանքները խիստ մտահոգիչ են և, անշուշտ, մեծացնում են Հայաստանի ռիսկերն ազգային անվտանգության տեսանկյունից։
Միևնույն ժամանակ, պատերազմական գործողություններից հետո ձևավորվող իրադրությունը մարտավարական առումով, թերևս, կարելի է բարենպաստ համարել Հայաստանի համար։ Դրանք սթափեցնող ազդեցություն գործեցին Ադրբեջանի ղեկավարության վրա (դրա մասին են վկայում այդ երկրի քաղաքական գործիչների և վերլուծաբանների ելույթները), քանի որ հիշեցրին, որ ցանկացած ռազմական գործողություն կարող է ընթանալ ո՛չ միայն մեկ կողմի կանխանշած սցենարով։
ԼՂՀ կարգավիճակի շուրջ քննարկումների աշխուժացումը պետք է դրական ընկալել, սակայն ոչ ՀՀ-ի կողմից ԼՂՀ-ն անհապաղ «ճանաչելու» առումով. այս հարցում անվտանգության գործոնը պետք է գերակայի «կարգավիճակի» և ճանաչման (այն էլ՝ միակողմանի) գործոնի նկատմամբ։ Կարգավիճակի հետ կապված խնդիրները լուծումներ են ստանում աշխարհաքաղաքական խոշոր միավորների քաղաքական կամքի առակայության պարագայում, ինչը մենք տեսանք Կոսովոյի, ՀՕՀ և ԱՀ պարագայում, մինչդեռ ԼՂՀ դեպքում ներկայիս status quo-ն կարծես ձեռնտու է խոշոր տերություններից շատերին։ Այլ խնդիր է, որ անհրաժեշտ է նախապես պատրաստել իրավաբանական, դիվանագիտական և ռազմաքաղաքական գործողությունների լավ մշակված «փաթեթներ» տարածաշրջանային ամենատարբեր զարգացումների պարագայում կիրառելու նպատակով։
Հատուկ շեշտենք, որ նման փաթեթներում իրենց մասը պետք է ունենան նաև Ջավախքի և վրաստանաբնակ հայության խնդիրները։ Ակնհայտ է, որ Վրաստանի ներկայիս ղեկավարությունը չի կարող Ջավախքի անվտանգության լիարժեք երաշխավոր լինել (տե՛ս հոդվածի բնաբանը)։ Լրջագույն խնդիրներ կան Թբիլիսիի հայկական համայնքի համատեքստում, որի որոշ ներկայացուցիչներ իրենց լոյալությունն իշխանություններին, անշուշտ, կարող էին և ավելի զուսպ արտահայտել։
Նկատենք նաև, որ ՀՀ-Թուրքիա հարաբերությունների որոշակի կարգավորման և սահմանի հնարավոր բացման ուղղղությամբ ՀՀ քաղաքական ղեկավարության նախօրոք կատարած քայլերն արդեն իսկ որոշակիորեն նպաստեցին ՀՀ և ԼՂՀ անվտանգության բարձրացմանը տարածաշրջանում ստեղծված ռազմական լարվածության պայմաններում։
1http://www.voina-i-mir.ru/dicdefinition/?id=83
2Պատերազմի հետևանքով ՌԴ-ՆԱՏՕ հարաբերությունների սառեցումը, համաձայն ՌԴ պաշտոնատար անձանց հայտարարությունների, կարող է հանգեցնել փոփոխությունների նաև այս ոլորտում։
3Պատերազմները բնութագրող սահմանումները (որակավորումները) մասնագիտական գրականությունում մեկ տասնյակից ավելին են (տե՛ս [3])։
4http://www.voina-i-mir.ru/dicdefinition/?id=80
5Ռուսաստանի «արդարացի պատերազմական» գործողությունները թույլ տվեցին որոշ քաղաքագետների մեկնաբանել դրանք որպես ճնշված ժողովուրդներին փրկելու (ինչպես դա տեղի ունեցավ 19–րդ դարում օսմանյան լծից բուլղարներին ազատագրելու պարագայում) ռուսական ավանդույթի վերականգնում։
6 Տե՛ս, օրինակ՝http://lenta.ru/news/2008/09/08/cnn/
7Դա առանձնապես հատկանշական էր 1968թ, երբ խորհրդային զորքերը մտան Չեխոսլովակիա, և այդ համատեքստում պետք է նկատել, որ առանձին արևմտյան լրատվամիջոցների կատարած համեմատությունները, թե Ռուսաստանի ներկայիս գործողությունները հիշեցնում են չեխոսլովակյան դեպքերը, միանգամայն զուրկ են որևէ հիմնավորումից։
8Նշենք, որ «դեմոկրատական» իդեալների այս կարգի մեկնաբանումները կրկնօրինակում են «կոմունիստական» պրոպագանդան, ինչն անուղղակիորեն կարող է վկայել այն մասին, որ հեռանկարում ժոողովրդավարական գաղափարախոսությունը կարող է և կիսել կոմունիստականի ճակատագիրը։
9Հարկ է նկատել, որ տեղեկատվական-հոգեբանական հարթությունում վրացական ներկայիս իշխանությունները նույնպես բավական հմուտ են գործում։
10Այս հարցում, թերևս, բացառություն են կազմում ՀՀ-ում գործող ընդդիմության որոշ ներկայացուցիչներ, որոնք, ելնելով քաղաքական կողմնորոշումներից բխող նկատառումներից, փաստորեն փորձում են բացառել ամերիկյան գործոնը կատարվածում։
11Համաձայն ՌԴ վարչապետ Վ.Պուտինի՝ առայժմ չճշտված տվյալների հիման վրա կատարած հայտարարության, ԱՄՆ ԶՈւ ներկայացուցիչներն անմիջականորեն մասնակցել են նաև ռազմական գործողություններին։ Տե՛ս http://www.expert.ru/news/2008/08/29/putin/
12http://noravank.am/ru/?page=analitics&nid=794,
13Այս մոտեցման համատեքստում նշենք, որ ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի՝ հուլիսի 10-ին Թբիլիսի կատարած (ի դեպ՝ առաջին պաշտոնական) այցից հետո, որի ընթացքում քննարկվեցին վրաց-օսական և վրաց-աբխազական հակամարտությունների խնդիրները, նախագահ Սահակաշվիլու հայտարարությունները, համաձայն ռուսաստանյան վերլուծաբանների, Հարավային Օսիայի նկատմամբ լրացուցիչ կոշտություն ստացան (տե՛ս http://www.newsru.com/world/10jul2008/drugba.html)։ Նկատենք նաև, որ պատերազմից հետո Թբիլիսի կատարած այցելության ժամանակ պետքարտուղար Ռայսից ավելի քան հինգժամյա բանակցություններ պահանջվեցին, որպեսզի Վրաստանի նախագահը ստորագրի Մեդվեդև-Սարկոզի զինադադարի պլանը, այսինքն՝ կարծես թե Սահակաշվիլուն «հակառակը» համոզելու համար երկար ժամանակ պահանջվեց, որը բանակցություններից հետո սովորականից ավելի շփոթված տեսք ուներ։
14Այդ տիպի ռազմավարությունը մեր տարածաշրջանում հստակ արտահայտվեց ՀՀ նախագահական ընտրությունների ընթացքում։ Հրահրելով պարտության դատապարտված «գունավոր հեղափոխություն»՝ ստեղծվեց անվերապահորեն ամերիկյան կողմնորոշում ունեցող քաղաքական մի ուժ, որի հետ այս կամ այն չափով հաշվի են նստում և՛ ներքաղաքական, և՛ արտաքին ուժերը։
15Հատկանշական է, որ ԱՄՆ-ում կարծես թե ձևավորվում է քաղաքական մի նոր ավանդույթ, համաձայն որի՝ փոխնախագահներն են իրագործում ռեալ իշխանությունը, իսկ նախագահներն ավելի ներկայացուցչական դեր են կատարում։ Ներկա իրադրությունում նման տպավորություն է թողնում Բուշ-Չեյնի զույգը և, չի բացառվում, որ պատկերը նույնը կլինի, եթե հաղթանակի Բարաք Օբաման։
16http://lenta.ru/news/2008/09/07/maneuvres/, http://lenta.ru/news/2008/09/08/base/
17Չի կարելի բացառել, որ զարգացումների հենց այս տարբերակն էին մատուցում վրացական կողմին ամերիկացի խորհրդականները։
18Այս տեսանկյունից բավական մշուշոտ է մնում Բաքու-Ջեյհան նավթամուղի թուրքական հատվածում օգոստոսի 5-ին տեղի ունեցած պայթյունը, որով կարծես թե «փակվեց» այդ նավթամուղի հետ կապված խնդիրների շահարկումն արդեն պատերազմական գործողությունների ժամանակ. տե՛ս http://www.rian.ru/economy/20080820/150532957.html։
19Պատերազմի ազդեցությունը տարածաշրջանային այլ երկների, հատկապես Թուրքիայի և Իրանի վրա, առանձին հետազոտության առարկա են։
20Տե՛ս, օրինակ, http://lenta.ru/articles/2008/09/03/apart/
21Տե՛ս, օրինակ՝ http://www.lenta.ru/articles/2008/08/21/trophy/
22Որոշ մեկնաբաններ կանխատեսում են, որ Իսրայելը հարվածներ կհասցնի Իրանի ռազմավարական օբյեկտներին անգամ մինչև ս.թ. հոկտեմբերը, սակայն նման զարգացումը, թերևս, իրատեսական չէ։
Աղբյուրներ և գրականություն
- Г. Тер-Арутюнянц, «Многополярная и асиметричная холодная война», Вестник Академии военных наук, с. 23, 4(21), 2007.
- Сергей Гриняев, Поле битвы – киберпространство, Минск, изд-во Харвест, 2004, см. также http://search.rand.org/search?v%3afile=viv_1018%4031%3aj5Y8Mo&v%3astate=root
- Война и мир в терминах и определениях, под общей редакцией Дм. Рогозина, Изд-во “ПоРог”, 2004.
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԴԵՆ ՍՅԱՈՊԻՆ ԵՎ «ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆ»[27.12.2018]
- ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԽՆԴԻՐԸ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ[10.12.2018]
- ՄՈՍԿՎԱ-ԵՐԵՎԱՆ ՏԵՍԱԿԱՄՈՒՐՋ՝ «ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՄԱՐԱԹՈՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՏԱՊ ՀԱՐՑԵՐԸ»[27.11.2018]
- «ԳԱՂՈՒԹՆԵՐ», «ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ[20.11.2018]
- ԱՊԱԳԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵԼՈՒ ԽՆԴԻՐԸ[08.10.2018]
- «ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ԱԴԵԿՎԱՏ ԸՆԿԱԼԵԼՈՒ ՀՐԱՏԱՊՈՒԹՅՈՒՆԸ[06.08.2018]
- ՀՈԳԵՎՈՐ-ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ ԵՎ ԴԱՇՆԱԿՑԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԸ ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ[23.07.2018]
- «ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ԱԴԵԿՎԱՏ ԸՆԿԱԼՈՒՄԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ[09.07.2018]
- «ՉԻՆԱԿԱՆ ՇԱԽՄԱՏ»[23.05.2018]
- ՖՐԱԳՄԵՆՏԱՑՎԱԾ ԿԱՄ «ՄԻՆՉՎԵՍՏՖԱԼՅԱՆ» ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ[28.03.2018]
- ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «ԿԱՌԱՎԱՐԵԼԻ ՔԱՈՍԸ» ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ԿՐՈՆԱԿԱՆ ԵՐԱՆԳԱՎՈՐՈՒՄԸ ՓՈԽՈՒՄ Է ԷԹՆԻԿԱԿԱՆԻ[22.01.2018]