• am
  • ru
  • en
Версия для печати
05.05.2009

ՉԻՆԱՍՏԱՆ–ՊԱԿԻՍՏԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ

   

Աղավնի Հարությունյան

china_pakistan (medium)Չինաստանը եւ Պակիստանը թեեւ հակադիր գաղափարախոսություններ եւ տարբեր տնտեսական համակարգեր ունեցող երկրներ են, նրանց հարաբերություններն ընդհանուր առմամբ բարեկամական բնույթ են կրել` ինչպես սառըպատերազմյան երկբեւեռ, այնպես էլ հետսառըպատերազմյան` միաբեւեռ աշխարհակարգերում: Պակիստանի իսլամական հանրապետությունն առաջին երկրներից էր, որը ճանաչելով ՉԺՀ-ն իբրեւ Չինաստանի միակ օրինական կառավարություն` 1951թ. մայիսի 21-ին դիվանագիտական հարաբերություններ հաստատեց Պեկինի հետ: Դիվանագիտական հարաբերությունների հաստատման առաջին տասնամյակին երկու երկրների միջեւ հարաբերություններն աչքի չէին ընկնում հատուկ ջերմությամբ` կապված հակադիր ռազմաքաղաքական դաշինքներում ընդգրկված լինելու հանգամանքի հետ: Սակայն հետագայում` Մոսկվայի ու Պեկինի միջեւ առաջացած տարաձայնությունները, ինչպես նաեւ Հնդկաստանի նկատմամբ Պեկինի ու Իսլամաբադի ունեցած տարածքային հավակնությունները վերջիններիս միջեւ ռազմավարական դաշինքի ձեւավորման պատճառ դարձան:

Սառը պատերազմի ավարտից հետո Պակիստանը կորցրեց իր կարեւորությունն ԱՄՆ-ի համար, որը դադարեցրեց ռազմաքաղաքական եւ տնտեսական օգնության տրամադրումն Իսլամաբադին: Արդյունքում` 1990–2001թթ. Չինաստանը դարձավ Պակիստանի զինված ուժերի արդիականացմանը սատարող միակ տերությունը: Իսկ 1990-ականների սկզբներին Արեւմուտքին դիմակայելու, Թուրքիայի ու Ռուսաստանի ազդեցությունը Կենտրոնական Ասիայում սահմանափակելու, ինչպես նաեւ տարածաշրջանում Հնդկաստանի աճը կասեցնելու նպատակով Պակիստանի, Իրանի եւ Չինաստանի միջեւ դե-ֆակտո «ռազմավարական դաշինք» ձեւավորվեց:

2005թ. Չինաստանն ու Պակիստանը ստորագրեցին բարեկամության, համագործակցության, բարիդրացիական հարաբերությունների վերաբերյալ պայմանագիր, որն ամրագրում է երկու պետությունների ռազմավարական գործընկերության կարեւորագույն ուղղությունները:

Համագործակցությունը ներքաղաքական եւ միջազգային հիմնախնդիրների շուրջ

Իսլամաբադի դիրքորոշումը համապատասխանում է Տիբեթի եւ Թայվանի կարգավիճակի, մարդու իրավունքների հարցում ՉԺՀ պաշտոնական դիրքորոշման հետ: Պակիստանն առաջին երկիրն էր, որը հանդես եկավ ՉԺՀ Ազգային ժողովրդական կոնգրեսի կողմից 2005թ. մարտին ընդունված չբաժանման օրենքի պաշտպանությամբ1: Իսլամաբադը պաշտոնապես ողջունում է ՉԺՀ աճող ազդեցությունը Հարավային Ասիայում եւ նրա հարաբերությունները Հնդկաստանի հետ` դրանք գնահատելով խաղաղությանը, կայունությանն ու առաջընթացին ուղղված քայլ:

1900-ականների երկրորդ կեսից ՉԺՀ-ն, Հնդկաստանի հետ հարաբերությունների բարելավման հողի վրա, ոչ միանշանակ դիրքորոշում է գրավում Պակիստանի համար միանգամայն զգայուն` Քաշմիրի հիմնախնդրի նկատմամբ եւ հանդես չի գալիս հակամարտող որեւէ կողմի պաշտպանությամբ: Պեկինը պաշտպանում է հնդկա-պակիստանյան հակամարտությունը «փոխադարձ երկխոսության» եւ «երկկողմ քայլերի» միջոցով կարգավորելու օգտին: Նշենք, որ հակամարտությունը եւ վերջինիս հետեւանքով տարածաշրջանի ապակայունացման հնարավորությունը Պեկինին մտահոգում է հատկապես Հարավային եւ Կենտրոնական Ասիայում ամերիկյան ներկայության աճի տեսանկյունից:

ՉԺՀ եւ Պակիստանի դիրքորոշումը համընկնում է միջազգային մի շարք հիմնախնդիրներում: Երկու երկրներն էլ քննադատում են ԱՄՆ ներխուժումն Իրաք, հանդես են գալիս ՄԱԿ ԱԽ կազմը մշտական նոր անդամների (Հնդկաստանի) հաշվին ընդլայնելու դեմ: Տարածաշրջանում Հնդկաստանի ազդեցության սահմանափակման եւ միջինասիական երկրների հետ կապերի սերտացումը մատչելի դարձնելու հարցում Իսլամաբադը շահագրգիռ է Հարավային Ասիայի գործերին Պեկինի ակտիվ ներգրավվածության մեջ: Խոսքը մասնավորապես Հարավասիական տարածաշրջանային համագործակցության ասոցիացիայի (SAARC) եւ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) մասին է, որոնցում փոխադարձ օգնությամբ երկու երկրները 2005թ. ստացել են դիտորդի կարգավիճակ: Իսլամաբադը մտադիր է ապահովել ՉԺՀ մշտական անդամակցությունը SAARC-ին` փոխարենը Պեկինի աջակցությունն ակնկալելով ՇՀԿ-ին Իսլամաբադի լիիրավ անդամակցության ապահովման գործում: ՇՀԿ ընդլայնման որոշում ընդունվելու դեպքում Պեկինը չի հերքում նրա կազմ Հնդկաստանի եւ Պակիստանի միաժամանակյա ընդգրկման հնարավորությունը: Միեւնույն ժամանակ, հնդկա-պակիստանյան հակասությունների տեղափոխումը ՇՀԿ հարթություն սպառնալիք է դիտվում կազմակերպության գոյությանը` հաշվի առնելով վերջինիս որոշումները փոխզիջման հիման վրա ընդունելու փաստը:

Իսլամաբադն ու Պեկինը համագործակցում են նաեւ Ասիական տարածաշրջանային ֆորումի, ինչպես նաեւ Ասիայի Բոաո ֆորումի շրջանակներում, որը մեկ այլ հարթություն է ասիական տնտեսական հիմնախնդիրներն առավել լայն հեռանկարով քննարկելու համար:

Ռազմատեխնիկական եւ անվտանգության ոլորտ

Երկու երկրների միջեւ ռազմական համագործակցությունն ամրագրվել է 2006թ. կողմերի միջեւ ռազմատեխնիկական գործակցության եւ ռազմական օգնության վերաբերյալ երկու համաձայնագրի ստորագրմամբ: Պեկինն օգնություն է ցուցաբերում Պակիստանի զինված ուժերի արդիականացման գործընթացին` տարբեր զինատեսակների ձեռքբերման նպատակով ամենամյա անտոկոս վարկեր տրամադրելով վերջինիս: Երկրի ռազմաօդային ու ռազմածովային ուժերը, ցամաքային զորքերը գրեթե ամբողջությամբ հանդերձավորված են ՉԺՀ տեխնիկայով:

1980-ականներին Պակիստանի միջուկային ծրագրի իրականացման ուղղությամբ ՉԺՀ ցուցաբերած տեխնիկական աջակցության շնորհիվ Իսլամաբադը մեծ առաջընթաց է ապահովել միջուկային զենքի ստեղծման, ինչպես նաեւ ԱԷՄԳ երաշխիքների ներքո խաղաղ ատոմի զարգացման ոլորտում: Պեկինի ու Իսլամաբադի համատեղ ջանքերով 1999-ից Պակիստանում կառուցվել են ատոմային էլեկտրակայանի 300.000 կվտ հզորությամբ երկու էներգաբլոկեր: 2006թ. ՉԺՀ-ն պարտավորվել է 300 մվտ հզորությամբ միջուկային 6 ռեակտոր (7 մլրդ ԱՄՆ դոլար արժողությամբ) տրամադրել Պակիստանին:

Նշենք, որ ԱՄՆ-ը ակնհայտորեն չի ողջունում Իսլամաբադի եւ Պեկինի միջեւ նշյալ ոլորտում համագործակցությունը եւ ձգտում է ազդել ՉԺՀ-ի վրա` օգտագործելով Միջուկային մատակարարների խմբի (ՄՄԽ) վրա ունեցած լծակները: Սակայն Պեկինը կարող է շրջանցել ՄՄԽ ճնշումները` հիմք ընդունելով միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման վերաբերյալ Իսլամաբադի հետ դեռեւս 1986թ. (այսինքն` նախքան ՄՄԽ խմբի ստեղծումը) ստորագրված պայմանագիրը:

Չնայած այն փաստին, որ առաջիկա տարիներին Պակիստանի ռազմական շուկայում զենքի մատակարարների (որտեղ «առաջին ջութակի» դերը պատկանում է ՉԺՀ-ին) հետ կապված արմատական փոփոխություններ չեն ակնկալվում, այնուհանդերձ, Իսլամաբադը սկսում է միջոցներ ձեռնարկել զենքի մատակարարման աղբյուրների տարորոշման ուղղությամբ: Դրան նպաստում է Արեւմուտքի կողմից Պակիստանի նկատմամբ ռազմատեխնիկական աջակցության ոլորտում կիրառվող սահմանափակումների մեղմացումը` կապված 2001թ. սեպտեմբերի 11-ից հետո միջազգային իրավիճակի փոփոխության եւ ահաբեկչության դեմ պայքարում Իսլամաբադի հետ ռազմավարական գործընկերության անհրաժեշտության փաստի հետ:

Չին-պակիստանյան համագործակցությունը զարգանում է նաեւ տիեզերքի ուսումնասիրության ոլորտում` մասնավորապես 2005թ. հիմնադրված Ասիական-խաղաղօվկիանոսյան կազմակերպության (APSCO) շրջանակներում: Պեկինն ու Իսլամաբադը փորձում են համագործակցել Երկրագնդի պաշարների հետազոտման նպատակով 3 արբանյակի համատեղ բացթողման ուղղությամբ:

Մեծ նշանակություն է տրվում ահաբեկչության եւ թմրանյութերի տարածման դեմ պայքարում երկկողմ համագործակցությանը: ՉԺՀ-ն շահագրգռված է պակիստանյան ծայրահեղական կազմակերպությունների դեմ պաշտոնական Իսլամաբադի գործողությունների ակտիվացման հարցում` ելնելով Պակիստանում տարբեր նախագծերում ներգրավված իր քաղաքացիների պաշտպանության եւ իսլամական ծայրահեղականների ու արմատականների ներթափանցումը մեծ մասամբ մուսուլմաններով բնակեցված Սինցզյան-Ույղուրական ինքնավար մարզ կանխելու անհրաժեշտությունից:

Համագործակցությունը աշխարհաքաղաքական հիմնախնդիրների շուրջ

Աշխարհաքաղաքական իմաստով Պակիստանի բացառիկ նշանակությունը ՉԺՀ-ի համար պայմանավորվում է անկայուն Աֆղանստանի ու Հարավային Ասիայում տիրապետության ձգտող Հնդկաստանի հետ նրա հարեւանությամբ: Պակիստանի տարածքը ՉԺՀ-ի համար դեպի Հնդկական օվկիանոս եւ ածխաջրածնային պաշարներով հարուստ Պարսից ծոց տանող աշխարհագրական դարպաս է:

Երկու երկրների միջեւ համագործակցության խթանման գործում մեծ դեր է խաղում Պակիստանի տարածքը իբրեւ ՉԺՀ էներգետիկ պաշարների տեղափոխման համար տարանցիկ ուղի օգտագործման հանգամանքը: Խոսքը, մասնավորապես, արեւմտյան ՉԺՀ-ն Կարակորումի մայրուղով Արաբական ծովի պակիստանյան ափի հետ տրանսպորտային ու առեւտրային միջանցքով կապող Գվադարի նավահանգստի մասին: Պեկինը, որի համար կենսական նշանակություն ունի էներգետիկ աղբյուրների կայուն ու անվտանգ ապահովման, ինչպես նաեւ դրանց տարորոշման խնդիրը, օգնություն է ցուցաբերում 2006-ից գործող Գվադարի նավահանգստի կառուցման, ինչպես նաեւ Բելուջիստան նահանգի ենթակառուցվածքների զարգացման աշխատանքներին:

ՉԺՀ-ն Գվադարի նավահանգստի հետ կապող մեկ այլ նախագիծ է Թուրքմենստան–Աֆղանստան–Պակիստան գազամուղի կառուցումը (ՉԺՀ եւ Տաջիկստանի ընդգրկմամբ), որի ուղղությամբ աշխատանքներ են սկսել իրականացվել դեռեւս 2008թ. փետրվարից: Նշենք նաեւ, որ Իրանի ու Հնդկաստանի միջեւ Պակիստանի տարածքով անցնող եւ երկու երկրների համար կենսական կարեւորություն ներկայացնող գազանավթային խողովակաշարը, հակառակ այդ ուղղությամբ ԱՄՆ բացասական վերաբերմունքին, եւս նախատեսվում է հասցնել մինչեւ ՉԺՀ:

Ուշագրավն այն է, որ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պատճառով բավական ծանր կացության մեջ հայտնված Պակիստանի նոր նախագահ Ասիֆ Ալի Զարդարին, ֆինանսական օգնության խնդրանքում ԱՄՆ-ում մերժում ստանալով, 2008թ. հոկտեմբերի կեսին բավական ջերմ ընդունելություն գտավ Պեկինում: Ենթադրվում է, որ ՉԺՀ-ն պատրաստ է Պակիստանին ֆինանսական օգնություն տրամադրել` Գվադարում չինական ռազմածովային ուժերի տեղակայման թույլտվության դիմաց: Սա կարող է հիմնովին փոխել աշխարհաքաղաքական իրադրությունը նույնիսկ Հարավասիական տարածաշրջանի շրջանակներից դուրս` հաշվի առնելով ՉԺՀ աճող ազդեցությունն ու գլոբալ մակարդակի վերաճող նրա հավակնությունները:

Անշուշտ, Պեկինը շահագրգռված է էներգետիկ աղբյուրների ներկրման ուղիների տարորոշման հարցում, սակայն այդ ուղղությամբ ծրագրերի կենսագործումը միաժամանակ մտահոգում է նրան` միջուկային զենք ունեցող Պակիստանի դրության հնարավոր ապակայունացման տեսանկյունից (հատկապես, որ այդ զենքը կարող է հայտնվել Պակիստանում ռազմահանգրվաններ ունեցող իսլամական ծայրահեղական, ահաբեկչական խմբավորումների ձեռքում): Երկրի իրադրության վատթարացմանը նպաստող գործոններ են դիտվում Պակիստանի նոր նախագահի քաղաքական թուլությունը, թալիբների հանգրվան համարվող Վազիրիստան նահանգի նկատմամբ ամերիկյան օդային կանոնավոր գրոհները: Որպես օրենք` խաղաղ բնակիչների շրջանում զոհեր հարուցող Վաշինգտոնի գրոհները հակաամերիկյան սուր տրամադրությունների առաջացման, թալիբների դիրքերի ամրապնդման եւ նախագահ Զարդարիի դիրքերի խարխլման հիմք են ծառայում. նախագահը սկսում է Վաշինգտոնի անզոր դրածոյի տպավորություն թողնել:

Ավելին, եթե մինչ այժմ Իսլամաբադը համարվում էր միջազգային ահաբեկչության դեմ պայքարում Վաշինգտոնի կարեւորագույն դաշնակիցը, ապա ներկայումս ԱՄՆ-ը հարկադրված է «նկատել» ահաբեկչության դեմ պայքարում իր իսկ «դաշնակցի»` այդ ահաբեկչության կարեւորագույն հենարան հանդիսանալու փաստը: Մինչդեռ Իսլամաբադի վրա ճնշումն ուժեղացնելու դեպքում վերջինս հակվում է դեպի Պեկին: Դրան նպաստում է նաեւ վերջին տարիներին Պակիստանի գլխավոր հակառակորդի` Հնդկաստանի հետ ԱՄՆ մերձեցման փաստը, որի ակնհայտ դրսեւորումներից էր Վաշինգտոնի եւ Դելիի միջեւ իրականացված «միջուկային գործարքը»: Չի բացառվում, որ ԱՄՆ–Հնդկաստան առավել մերձեցմանը նպաստող մեկ այլ գործոն կարող է դառնալ Պեկինի կողմից Պակիստանի արաբական ծովափին ռազմածովային հանգրվանի ձեռքբերման հնարավորությունը:

ԱՄՆ–Հնդկաստան կապերը զարգանում են ինչպես տարածաշրջանային, այնպես էլ գլոբալ մասշտաբներով. այս ամենը ցավագին է ընկալվում Իսլամաբադում, հատկապես այն բանից հետո, երբ 2006թ. մարտի շրջագայության ժամանակ ԱՄՆ նախագահը տարորոշված մոտեցում դրսեւորեց Իսլամաբադի եւ Դելիի նկատմամբ` հրաժարվելով Պակիստանի հետ միջուկային ոլորտում պայմանագրի կնքումից:

Ինչ վերաբերում է ԱՄՆ–Հնդկաստան մերձեցման հանդեպ Պեկինի վերաբերմունքին, ապա վերջինս, այն գնահատելով Չինաստանի «զսպմանն» ուղղված քայլ, տարածաշրջանում Հնդկաստանի ազդեցությունը սահմանափակելու եւ Դելիին միաժամանակ երկու ճակատով լարվածության մեջ պահելու նպատակով` ռազմաքաղաքական ակտիվ աջակցություն է ցուցաբերում Պակիստանին: Այս առումով, անհիմն չեն թվում չին-հնդկական հնարավոր բախման դեպքում ՉԺՀ օգտին Պակիստանի հանդես գալու շուրջ ենթադրությունները:

Ուշագրավն այն է, որ եթե առավել քան կես դար, նույնիսկ Պեկինի ու Վաշինգտոնի միջեւ խիստ թշնամական հարաբերությունների պայմաններում, Պակիստանին հաջողվում էր «նստել միաժամանակ երկու աթոռի վրա»` համարվելով` ե՛ւ ԱՄՆ-ի, ե՛ւ Պեկինի ռազմավարական գործընկերը, ապա այժմ դժվար է պատկերացնել, թե հարկադիր երկընտրանքի առջեւ կանգնելու դեպքում Իսլամաբադը նախապատվությունը որին կտա: Հայտնի է միայն, որ այսօր Պակիստանը չի պատրաստվում հօգուտ ԱՄՆ-ի զոհաբերել Պեկինի հետ ունեցած «սրտագին եւ ժամանակով ստուգված հարաբերությունները»` վերջինիս հետ համագործակցությունը խորացնելով ամենատարբեր ոլորտներում, միաժամանակ լարվածության մեջ պահելով իր գլխավոր ախոյանին` Հնդկաստանին:

1Այդ օրենքի համաձայն` Չինաստանն իրեն իրավունք է վերապահում Թայվանի դեմ ռազմական գործողության դիմել, եթե վերջինս պաշտոնապես հանդես գա իր անկախության հռչակմամբ:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր