
ԻՐԱՆԸ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ
Սևակ Սարուխանյան
«Նորավանք» ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ք.գ.թ.
Հունիսի 14-ին Իրանում կայացած նախագահական ընտրությունները կարևոր նշանակություն կունենան Իրանի և տարածաշրջանի ապագայի համար։ Նախագահ ընտրված Հասան Ռուհանին լուրջ հնարավորություն ունի դրական լիցք հաղորդելու Իրանի ներքաղաքական կյանքին, ինչպես նաև արտաքին քաղաքականությանը։
Ռուհանիի հաղթանակը
Թեև միջազգային մամուլը Հասան Ռուհանիին ներկայացնում է որպես իրանական «բարեփոխիչների» ճամբարի ներկայացուցիչ, նա Իրանի «սահմանափակ պահպանողականների» ճամբարից է և իր քաղաքական հայացքներով բավական տարբեր է 2009-ին բարեփոխիչների կողմից նախագահական ընտրություններին ներկայացված Միրհոսեյն Մուսավիից։ Ռուհանին երբեք չի քննարկել իսլամական կարգի լեգիտիմությունը, իսկ բարեփոխումների վերաբերյալ իր մտքերը միշտ ձևակերպել և ներկայացրել է՝ պաշտպանելով իսլամական հանրապետության կազմավորման հիմքերն ու լեգիտիմությունը։ Սա կարևոր իրողություն է, որը դեր է խաղալու Ռուհանիի իշխանության տարիներին, որոնք արտահայտված կլինեն քաղաքական և տնտեսական սահմանափակ բարեփոխումների ծրագրերի ներկայացմամբ։
Հասան Ռուհանիի հաղթանակը մեծ մասամբ պայմանավորված էր իր հակառակորդների քաղաքական հաշվարկների և ռազմավարության թերություններով։ Դեռևս մինչև նախագահական ընտրությունների սկիզբը Իրանի պահպանողականները, այդ թվում նաև հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին, հակված էին ընտրություններում պաշտպանել Թեհրանի քաղաքապետ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆի թեկնածությունը, որը բավական լուրջ աջակցություն ուներ բնակչության, այդ թվում նաև սահմանափակ պահպանողականների կողմից։ Սակայն արդեն նախընտրական շրջանում հոգևոր առաջնորդի ընտրությունը կանգ առավ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Սաիդ Ջալիլիի վրա, որին պետական համակարգը սկսեց ակտիվորեն աջակցել՝ զուգահեռաբար քննադատելով Ղալիբաֆին և նրա գործունեությունը։ Այս ներճամբարային պայքարի արդյունքում Իրանի պահպանողականները լուրջ հարված հասցրին իրենց դիրքերին՝ ի տարբերություն «սահմանափակ պահպանողականների» և «բարեփոխիչների», որոնք կարողացան համախմբվել՝ ի դեմս նախկին նախագահներ Ալի Աքբար Հաշեմի-Ռաֆսանջանիի, Մոհամադ Խաթամիի և այաթոլա Խոմեյնիի թոռ Ահմադ Խոմեյնիի, և աջակցել սեփական թեկնածու Հասան Ռուհանիին։ Սա էլ մեծ մասամբ պայմանավորեց վերջինիս հաղթանակը։
Ռուհանին ներքին մարտահրավերների առջև
Հասան Ռուհանիի նախագահությունն անցնելու է բավական բարդ տնտեսական և քաղաքական իրավիճակում։
Արևմտյան պատժամիջոցների պատճառով Իրանը գտնվում է բարդ սոցիալ-տնտեսական իրավիճակում։ Ընդհանուր առմամբ 2 տարվա ընթացքում գրանցվել է մոտ 100%-ին հավասար գնաճ, որը չի ուղեկցվել պետության կողմից բնակչությանը հատկացվող աջակցությամբ։ Ներկայումս մեջլիսում քննարկվում է սուբսիդիաների տրամադրման մասին նոր օրենք, որի ընդունումը բարդացված է պետական բյուջեում բավարար միջոցների բացակայությամբ։ Թե ինչպես պետք է լուծի Հասան Ռուհանին երկրում առկա տնտեսական խնդիրները՝ հասկանալի չէ, քանի որ նա այն եզակի թեկնածուներից մեկն էր, որը չի ներկայացրել տնտեսական ծրագիր։
Սակայն տնտեսական բարեփոխումների հարցն էլ ավելի է բարդանում՝ հաշվի առնելով Իրանի մեջլիսում առկա ուժերի դասավորությունը, որը Ռուհանիի օգտին չէ։ Պետք է հիշել, որ Իրանի խորհրդարանի մոտ կեսը մեկ ամիս առաջ հանդես եկավ Ռուհանիի դաշնակից Հաշեմի-Ռաֆսանջանիի՝ նախագահական ընտրություններին մասնակցելու դեմ, ինչն արդեն նշանակում է, որ խորհրդարանում աջակցություն ստանալու նոր նախագահի հնարավորությունը բավական ցածր է՝ չնայած այն հանգամանքին, որ խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին խոստացել է ամեն կերպ աջակցել նոր ձևավորվող կառավարության գործունեությանը։
Ռուհանին և արտաքին մարտահրավերները
Բավական յուրօրինակ է լինելու Ռուհանիի արտաքին քաղաքականությունը։ Մի կողմից, նախընտրական պայքարի ժամանակ նա հանդես էր գալիս արտաքին աշխարհի հետ հարաբերությունների կարգավորման ծրագրով, մյուս կողմից, սակայն, ներկայիս իրադրությունը տարածաշրջանում բարդացնելու է նման քաղաքականության կիրառումը։ Հատկանշական է, որ հենց Ռուհանիի նախագահ ընտրվելու օրը բրիտանական մամուլը հաղորդագրություն հրապարակեց, թե Իրանը պատրաստվում է 4000 զինվոր ուղարկել Սիրիա։ Ակնհայտ է, որ սիրիական կամ ռազմավարական հարցերում որոշումները երկրում ընդունվում են ոչ թե նախագահի, այլ հոգևոր առաջնորդի կողմից, սակայն նախագահի համար դժվար կլինի բանակցություններ սկսել Արևմուտքի հետ մի այնպիսի շրջանում, երբ Սիրիայում Իրանն անուղղակիորեն պատերազմում է Արևմուտքի կողմից աջակցություն ստացող զինյալների հետ։
Ռուհանիի ընտրությունը կարող է լավ ազդեցություն ունենալ իրանա-իրաքյան հարաբերությունների վրա, որոնք որոշակիորեն խարխլվել էին Մահմուդ Ահմադինեժադի կառավարման տարիներին։ Իրանի ներկայիս նախագահը, տարված լինելով պանիսլամական համերաշխության գաղափարներով, սահմանափակել էր Իրաքի շիաներին հատկացվող ուղղակի աջակցությունը և անգամ Թուրքիայի հետ փորձեր էր անում ընդհանուր իրաքյան քաղաքականություն մշակել։ Սա էլ հիմնականում հանգեցրեց նրան, որ մեկ ամիս առաջ Իրաքի շիաների առաջնորդ, այաթոլա Սիստանին աջակցություն հայտնեց Հաշեմի-Ռաֆսանջանիին, իսկ հետո բացասաբար արձագանքեց նախընտրական պայքարից վերջինիս դուրս գալուն։ Ռուհանիի օրոք, որն իրանա-իրաքյան պատերազմի մասնակից է և անմիջականորեն աշխատել է իրաքյան շիաների կառույցների և ղեկավարների հետ, իրանական քաղաքականությունն Իրաքում կարող է փոխվել և դառնալ ավելի շիամետ։ Գրեթե նույնը կարելի է ասել նաև Լիբանանի մասով։
Ինչ վերաբերում է Հարավային Կովկասին, ապա այստեղ Իրանի նոր նախագահը շարունակելու է հավասարակշռված և ռացիոնալ քաղաքականություն վարել, որում, սակայն, ակտիվանալու է հակաադրբեջանական գիծը։ Նախընտրական պայքարի ժամանակ Ռուհանիի հայտարարությունը, թե Ադրբեջանը սպառնում է Իրանի ազգային անվտանգությանը, հենց դրա մասին է խոսում։ Նշենք, որ Ռուհանին նման հայտարարություն արեց, չնայած այն կարող էր բացասական մեկնաբանություն ստանալ Իրանի թրքախոս բնակչության կողմից։ Անգամ սա հաշվի առնելով՝ հայտարարությունն, այնուամենայնիվ, արվեց, և սա վկայում է այն մասին, թե որքան «հասունացած» է հակաադրբեջանական գիծն Իրանի արտաքին քաղաքականությունում։ Թեև պետք է նշել, որ նախկինում նույնպես Ռուհանին հակաադրբեջանական քաղաքականություն վարողներից մեկն է եղել։ Դեռևս 2001թ. նա ժամանել էր Բաքու և այն ժամանակ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևին էր փոխանցել Ալի Խամենեիի նամակը, որը, ըստ որոշ աղբյուրների, առաջ էր բերել բավական կոշտ խոսակցություն Ռուհանիի և Ալիևի միջև1։ Մասնավորապես, Ռուհանին մեղադրել էր Ալիևին՝ Ադրբեջանը «սիոնիզմի և իմպերիալիզմի բազա դարձնելու» մեջ։
Հաշվի առնելով այս հանգամանքները՝ պետք է նշել, որ Հասան Ռուհանիի ընտրությունը դրական լիցք կարող է հաղորդել հայ-իրանական հարաբերություններին։
1Tehran and Baku on collision course // http://ww.w.arabnews.com/node/214131
«Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 6, 2013
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄԸ, ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ, ԳԻՏԵԼԻՔԸ, ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼԸ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ. ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՓՈՐՁԸ[20.04.2015]
- ԻՐԱՆՆ ԱՐԴԵՆ ՇԱՀԵԼ Է ԱՄՆ-Ի ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ[15.04.2015]
- ԻՐԱՆԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ. «ՍԱՌԵՑՄԱՆ» ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ[02.02.2015]
- ՆՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ[26.05.2014]
- ԻՐԱՆ – ՀԱՅԱՍՏԱՆ ՏԱՐԱՆՑԻԿ ԳԱԶԱՄՈՒՂ (ԴԻՍԿՈՒՐՍԻ ՆԵՆԳԱՓՈԽՈՒՄ)[17.03.2014]
- ԻՐԱՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ[06.02.2014]
- «ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԿՀ ՓՈԽՏՆՕՐԵՆ ՍԵՎԱԿ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԸ` ԱՐՄՆՅՈՒԶ ԼՐԱՏՎԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԻ «ԲԱՆԱՁԵՎ» ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴՄԱՆ ՀՅՈՒՐ [23.12.2013]
- ԷԺԱՆ ԻՐԱՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՄԻՖԵՐԸ[18.12.2013]
- Ս. ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ. ՌՈՒՍԱԿԱՆ ԷԺԱՆ ԳԱԶ ՆԵՐԿՐԵԼՈՒՆ ԵՎ ՀԱԷԿ-Ի ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆԸ ԶՈՒԳԱՀԵՌ ՊԵՏՔ Է ՄՏԱԾԵԼ ԱՅԼԸՆՏՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ[09.12.2013]
- ՍԵՎԱԿ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀ ԿԱ ՄԻԱՅՆ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ[09.12.2013]
- ՄՄ–ԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԿԱՐՈՂԱՆԱ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՑԱԾՐ ՍԱԿԱԳՆԵՐ ԱՊԱՀՈՎԵԼ. ՓՈՐՁԱԳԵՏ[12.09.2013]