• am
  • ru
  • en
Версия для печати
19.06.2013

ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՈԳԵՎՈՐ ԵՎ ԲՆԱՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ԸՆԿԱԼՈՒՄԸ ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

   

Էդուարդ Լ.Դանիելյան
«Նորավանք» ԳԿՀ խորհրդական, պատմական գիտությունների դոկտոր

Հայրենաճանաչման իմաստասիրական ընկալումով է Գարեգին Նժդեհը մոտեցել կյանքի և մահվան, հավիտենականության և ոգու անմահության, մարդկային օրենքներից վեր՝ կամավոր նահատակությամբ բացարձակ ազատություն ձեռք բերելու ճշմարտությանը:

«Իմաստասիրական խոհեր» երկասիրությունում Գարեգին Նժդեհը գրել է. «Բաներ կան տիեզերքում, որոնց մասին մարդը գիտե այնքան միայն, որքան միօրյա կյանքով ապրող միջատը՝ Պլատոնի նախահավիտենական գաղափարների մասին: Եթե բնության ծոցում մնա նույնիսկ մի հատիկ գաղտնիք՝ ճշմարտությունը մարդու համար - բացարձակ ճշմարտությունը պիտի շարունակե մնալ իբրև մի աներևույթ աստվածություն: Տիեզերաշենքի և բնության այդ վերջին գաղտնիքին տիրելով միայն մարդս կը դառնա ճշմարտաճանաչ… Երիցս նահատակ է նա, ով մենակ է կրում ճշմարտության բեռը»: Բնափիլիսոփայական չափանիշներով բնութագրելով տիեզերական ներդաշնակությամբ պայմանավորված հոգևոր կյանքի անվերջանալիությունը՝ Գարեգին Նժդեհը գրել է. «Խորապես մեղանչում է մարդը՝ մահվան գաղափարը հավիտենական կորուստի հետ կապելով: Կորուստ չկա տիեզերքում - կա անդադար մի շարժ, որի ընթացքում կերպարանափոխվելով հոսում է ամեն ինչ: Մեռավ՝ չի նշանակում ոչնչացավ, կորավ, այլ կերպարանափոխվեց, թողնելով իր նյութեղեն անոթը երկրին, ոգին՝ մարդկության» [1, էջ 373]:

Հնագույն ժամանակներից անցյալի հետ ոգեղեն կապի միջոց էին դիցաբանությունը և նախնիների պաշտամունքը, որպես հայրենանվեր գործերի ոգեշնչման և, Հայրենիքի պաշտպանությամբ` ազգային-հոգևոր հարատևության գրավական:

Կյանքի հարատևությունը դիցաբանական ընկալմամբ՝ բարի և չար ուժերի պայքար էր, իսկ բնափիլիսոփայական իմաստավորմամբ, ըստ հայ բնափիլիսոփայական մտքի հիմնադիր Անանիա Շիրակացու` «Գոյացումը սկիզբն է քայքայման և քայքայումը սկիզբն է գոյացման, քանզի այս անընդհատ հակառակությունից աշխարհը հարատևում է» [2, էջ 44]:

Անանիա Շիրակացու այս սահմանումը փիլիսոփայորեն գտնվում է հնուց տարերայնորեն արտահայտված և XVIII-XXդդ. գիտականորեն ապացուցված նյութի ու էներգիայի պահպանության օրենքի ակունքներում:

Ազատ ստեղծագործ կյանքն է Գարեգին Նժդեհը համարել կատարելության ձգտմամբ ոգու անմահությանը հասնելու գրավականը: Նա գրել է. «Չլիներ ոգու անմահությունը՝ չէր լինի նրա կատարելության ձգտումը, նրա առաջընթացը, որի ճամբու վրա ամեն մի խորհող էակի կյանքը մի առաջաքայլ է»: Ըստ Գարեգին Նժդեհի՝ կատարելության ձգտումը երկուստեք է. կատարելագործվում են թե´ ստեղծագործողը և թե´ունկնդրողը: Այստեղ է ոգեղեն կապի գաղտնիքը: Սերունդները նախնիների հետ ներդաշնակված են մշակութակերտ արժեքներով: Արվեստի գլուխգործոցների հարատևության գրավականն է եկող սերնդի դաստիարակությունը պատմական հիշողության պահպանումով: Գարեգին Նժդեհը գրել է. «Եթե էապես գոյություն ունենար մահը՝ հավիտենական կորուստի իմաստով, չէ՛ր ապրի մարդկության անցյալը, որին կրթելու կարիք է զգում եկող ու անցնող ամեն մի սերունդ: Լիներ մահը՝ անցյալը կը լիներ մեռյալ, իբրև մի խավարչտին գիշեր, իբրև մի անդունդ դատարկ և անխոս: Անմեռ ու անկորուստ է մարդկային ամեն մի գործ, ամեն շարժուձև: Իբրև անոթ՝ վաղո՛ւց է խորտակվել Բեթհովենը, չկա նա, կան, սակայն, մնում են նրա ակկորդներն աստվածային: Դարեր է, ինչ կյանքից մեկնել է Միքելանջելոն, սակայն, ապրում է իր «Մովսես»-ը: Եկավ, ասուպի պես փայլատակեց ու անցավ Բոնապարտը՝ սերունդների զարմանքը շարժելով, մնաց, սակայն, սահման չճանաչող փառասիրությունը, մնաց մեծության ծարավն անհագ, նոր Բոնապարտների կարելիությունը, մնաց: Այսպե՛ս է գործում ոգու դիալեկտիկան: Մահ չկա՛, կորուստ չկա՛ տիեզերքում, կա աստիճանական ոգիացումը նյութի, ոգու անվերջ զարգացում, կատարելագործում կա» [1, էջ 374]:

Գարեգին Նժդեհի իմաստասիրական հայացքների հիմքում են հայ աստվածաբանական մտքի մեծագույն ներկայացուցիչ Եզնիկ Կողբացու խոհերը հավիտենական զորության մասին: Եզնիկ Կողբացին գրել է. «Երբ մեկը խոսի աներևույթի և նրա հավիտենական զորության մասին, քանի որ ինքը մարմնավոր է ստեղծված, պետք է միտքը հստակի, մտածմունքները մաքրի, հոգեկան խռովքը վերացնի, որպեսզի կարողանա հասնել այն բանին, ինչ որ նպատակադրել է… Որովհետև նա, որ կա, պետք է որ մշտնջենական ու անսկիզբ լինի» [3, էջ 31]:

Գարեգին Նժդեհն այս ոգով է գրել. «Բարեկա՛մ, երբ հավիտենական բաժանումդ դարձավ անխուսափելի՝ աշխարհից քաշվիր այնպես, ինչպես արևն է քաշվում: Չկա՛ մահ, կա անցում մի այլ ոլորտ: Անմե՛ռ է մեզ սկզբնավորող, մեզ շնչավորող զորությունը, Բա՛նը, ոգի՛ն: Մի՞թե մեռնում է լույսի ճառագայթը՝ արևին, իր սկզբնաղբյուրին վերադառնալով» [1, էջ 374]:

Գարեգին Նժդեհի այս մտքի հիմքում է. «Ի սկզբանէ էր Բանն, և Բանն էր առ Աստված, և Աստված էր Բանն» [4, Յով. Ա,1]:

Ազատության ճանապարհը, ըստ Նժդեհի, տրվում է մարդուն մահվան մղձավանջը հաղթահարելու ուղով, քանզի՝ «Մահը տրված է մարդուն՝ այն հաղթահարելու համար: Միայն կամավոր նահատակն է բացարձակ ազատություն վայելում: Նրա՛ն է տրված՝ զգալ իրեն բարձր մարդկային օրենքներից, և դո՛ւրս մարդկայինի սահմաններից: Նրան անծանոթ է երկյուղը մահվան: Կամավոր նահատակին չի կարելի վախեցնել. նրանից վախենում են, թեև անզեն ու անչար է նա» [1, էջ 374]:

Ազատությունը, ըստ Գարեգին Նժդեհի, ձեռք է բերվում ներքին՝ հոգեպես կատարելության հասնելու աշխատանքով: «Չկա վերացական մարդը, մարդն ընդհանրապէս – գրել է Նժդեհը,- կա կոնկրետ, կա որոշ մարդը: Խորապես տարբերվում է ո՛չ միայն այսինչ մարդն այնինչից, այլև՝ նույն անձն իրենից՝ ըստ իր տարբեր հոգեվիճակների: Ահա՛ մարդը, որը հաջողել է հաղթահարել իր ներքին արգելքները՝ հոգեկան ծուլությունը, կույր կենսասիրությունը, մահվան երկյուղը և այլն: Ահա՛ մի ուրիշը, որի հոգու վրա դեռ ճնշում է ներքին արգելքների լուծը: Տարբերության մի ամբողջ ծով է բաժանում այդ երկուսին: Երբ մեր ոգին գերի է ներքին կույր ուժերի - արգելքների՝ հաճախ մարդկորեն կարելին մեզ թվում է անկարելի: Փորձեցե՛ք, սակայն, հաղթահարել ձեր ներքին արգելքներն՝ արտաքին արգելքներն ու դժվարությունները պիտի թվան նվազ դժվարահաղթ» [1, էջ 374]:

Ոգեղեն ճանապարհով ճշմարտությունը հասկանալուն, ընդունելուն և գործադրելուն ուղղված մարդու կարողությունն է Գարեգին Նժդեհը համարել հասարակությունը եղած արատներից ազատելու գրավականը: Նա գրել է. «Ոգի՛ն է գծում մարդու կարողության սահմանները - նրա բարոյական կարողության: ճշմարտությունը հասկանալուց մինչև այն ընդունելը, և այդ վերջինից մինչև այն գործադրելը առնվազն յոթն օրվա ճանապարհ է: Սոկրատին սպանող հասարակությունը այլևս սոկրատներ չծնավ. Նա ամլացավ հոգեպես: Արդա՛ր պատիժ» [1, էջ 359]:

Պատմության…, ներկայի ու ապագայի փոխշաղկապվածությամբ, նախնիների հիշատակով, ու այդ ոգով երիտասարդ սերնդի դաստիարակության, ազգի ոգեղեն ամբողջության հարատևման գաղափարն է առկա Գարեգին Նժդեհի խորհրդածություններում: Նա գրել է. «Ամեն մարդ իր տեսանելի կամ աներևույթ դաստիարակիչն ունի, որի դերն ու ազդեցությունն իր նկատմամբ շարունակվում են մինչև գերեզման: Մեկի փոխարեն՝ ես երկուսն ունեցա՝ Մամիկոնեաններն ու Մասիսը: Մամիկոնեանները ինձ հայրենիքի համա՛ր մեռնելու տենչ ներշնչեցին: Մասիսը՝ սէր դեպի հոգևոր բարձունքները»: Ներքին ուժերով մղված ազատ ստեղծագործելն է Գարեգին Նժդեհը համարել կատարելության հիմնարար դրսևորումը՝ գրելով. «Երաժշտական ամեն աղմուկ՝ երաժշտություն չէ՛, քարակոփությունը՝ քանդակագործություն չէ՛, ամեն չափածո գրվածք՝ պոեզիա չէ՛: Ստեղծագործությո՛ւն - ահա' գեղարվեստը: Իսկ ստեղծագործում է մարդը՝ մղված իր ներքին ուժերի լիությունից, առավել ևս՝ իր ներշնչումի ուրախությունից: Այլ խոսքով՝ նա ստեղծագործում է՝ իր ներաշխարհը արտահայտելու անհրաժեշտությունից մտրակված»: Իր խորաթափանց մտքով Գարեգին Նժդեհը, վերլուծելով արվեստի գլուխգործոցների ստեղծման հոգևոր հանգամանքները, գրել է. «Տեսանող է ամեն ճշմարիտ արվեստագետ: Նրա ներքին տեսադաշտում, նրա հոգու հորիզոնում՝ որոշ վայրկյաններում, հայտնվում են իդեալական պատկերներ: Ահա՛ հենց այդ հմայիչ պատկերները, տեսիլքները հավերժացնելու փորձի արդյունք են արվեստները» [1, էջ 375]:

Կյանքի հոգևոր հանգրվան է հավերժությունը, ըստ Գարեգին Նժդեհի՝ «Դու բնությունից դուրս փնտրիր այն, որ նա զլանում է մարդուն: Հավերժությա՛ն, ինձ նման, հաճախ, հավերժության կրծքին հանգչեցուր հոգնած գլուխդ»: Ունայնությանը, նյութապաշտությանը հակադրելով մարդկային արժանապատվությամբ օժտված ստեղծագործ կյանքը՝ Գարեգին Նժդեհը գրել է. «Եվ խոսեցի ես ունայնության մասին. - «Մարդն աշխարհ է ստեղծում և աշխարհից հեռանում անբաժին» [1, էջ 376]:

«Մարդու արժեքն ու արժանապատուությունը ստեղծագործելու մեջ է և ոչ՝ ունենալու: Եվ, քանի որ ոչ ոք ոչինչ չի տանում աշխարհից՝ լավ է, որ մարդս մի բան թողնի աշխարհում, թեկուզ՝ առյուծի պես՝ արյան հետքեր մարդկային անապատում»՝ Մասիսն ինձ ասաց» [1, էջ 377]:

Ըստ Գարեգին Նժդեհի, ազատությունը առաջին հերթին բռնությունը հոգեպես թոթափած ինքնազգացում է, քանզի «ճշմարտորեն ազատ է նա՝ միայն, ով չի զգում բռնության առկայությունը»: Այսինքն՝ նախ անհրաժեշտ է ներքնապես ազատագրվել, այնուհետև թոթափել մահվան վախը: Այդպիսի ոգեղեն ներշնչանքով Գարեգին Նժդեհը գրել է. «Ազատ կարող է լինել հզորազոր ոգու տերը միայն: Հոգով տկարների համար մարսելի սնունդ չէ ազատությունը: Ճշմարտորեն ազատ է նա միայն, ով ազատ է մահվան երկյուղից» [1, էջ 359, 362]:

Այս տողերից երևում է Վարդանանց պատերազմի պատմիչ Եղիշեի երկի ոգեղեն ազդեցությունը: Հայոց պատերազմի մարտադաշտում Վարդան Մամիկոնյանի հնչեցրած ազատության գաղափարի ոգով է ներշնչված Գարեգին Նժդեհի միտքը: Եղիշեն, փաստորեն, սահմանել է ոգու հաղթանակի բանաձևը՝ գնալ մարտադաշտ նախապես հոգեբանորեն մահվանը հաղթանակած հաստատակամությամբ:

Ավարայրի ճակատամարտից առաջ Վարդան Զորավարը, դիմելով Հայոց զորքին, ասել է. «Արդ, աղաչում եմ ձեզ, իմ քաջ նիզակակիցներ. մանավանդ որ ձեզանից շատերը քաջությամբ ինձնից ավելի լավ եք և հայրենական գահի պատվով՝ ավելի բարձր: Բայց երբ ձեր հոժար կամքով ինձ կարգեցիք ձեզ առաջնորդ և զորագլուխ, թող իմ խոսքերը ախորժալուր և բաղձալի թվան մեծերիդ ու փոքրերիդ ականջներին: Չերկնչենք ու չվախենանք թշնամու բազմությունից և ոչ էլ մահկանացու մարդու ահռելի սրի դեմ թիկունքներս դարձնենք, որպեսզի եթե Տերը հաղթությունը մեր ձեռքը տա, ոչնչացնենք նրանց զորությունը, որպեսզի բարձրանա ճշմարտության կողմը, իսկ եթե հասել է ժամանակը մեր կյանքը սուրբ մահով ավարտելու այս պատերազմում, ընդունենք ուրախ սրտով, միայն թե արիության ու քաջության մեջ վախկոտություն չխառնենք… Եվ մենք էլ, թեպետ մարմնով երկրի վրա ենք, բայց հավատով երկնքում ենք հաստատված, որտեղ ոչ ոք չի կարող հասնել Քրիստոսի անձեռագործ շինվածքին: Հաստատ մնացեք մեր անդրդվելի զորագլխի վրա, որ երբեք չի մոռանա մեր քաջագործությունը: Ո´վ քաջեր, մեզ համար մեծ շնորհ է այս, որ Աստված կատարեց մեր բնության միջոցով, որի մեջ և մեծապես երևում է Աստծու զորությունը» [1, էջ 205-209]:

Գարեգին Նժդեհի համար բռնությունից հոգեպես ազատագրվելու պայքարի ներշնչանքի աղբյուր էր Վարդան Զորավարի խոսքը:

Գրականություն

1. Գարեգին Նժդեհ, Հատընտիր, Երևան, 2006։

2. Անանիայի Շիրակունւոյ Մնացորդք բանից, ի լոյս ած Ք.Պատկանեան, Ս.Պետերբուրգ, 1877:

3. Եզնիկ Կողբացի, Եղծն աղանդոց, Երևան, 1970:

4. Աւետարան ըստ Յովհաննու. Աստուածաշունչ մատեան հին և նոր կտակարանաց, Հայաստանի Աստուածաշնչեան ընկերութիւն, 1997:

5. Եղիշէ, Վասն Վարդանայ եւ Հայոց պատերազմին (թարգմ. և ծան. Ե.Տեր-Մինասյան, Երևան, 1989:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր