• am
  • ru
  • en
Версия для печати
26.01.2006

Իրան. նոր զարգացումներ միջուկային ծրագրի շուրջ

EnglishРуский

   

Սևակ Սարուխանյան

2006թ. հունվարի 9-ին, ինչպես և բազմիցս սպառնացել էին իրանական ղեկավարները, վերսկսվեցին աշխատանքները Սպահանի միջուկային հետազոտությունների կենտրոնում, իսկ հունվարի 10-ին՝ Նաթանզի ուրանի հարստացման գործարանում։ Թեհրանի այս քայլերը մատնանշում են որոշակի լարվածության առաջացում Իրանի միջուկային ծրագրի շուրջ, որը կպահպանվի առնվազն մինչև Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) Կառավարիչների խորհրդի առաջիկա` հավանաբար արտահերթ նիստը։

Սպահանի և Նաթանզի միջուկային կենտրոնների աշխատանքները, ավելի ճիշտ՝ դրանց հիմնական մասը, դադարեցվել էին համաձայն 2004 թվականի աշնանը Իրանի և «Եվրոպական եռյակի»՝ ի դեմս Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի, միջև կնքված համաձայնագրի։ Վերջինս ենթադրում էր որոշակի ընդմիջում Իրանի միջուկային հետազոտություններում, որի ընթացքում Իրանն ու ԵՄ-ը կկարողանային մշակել Իրանի խաղաղ նշանակության միջուկային ծրագրի զարգացման հիմնական ուղղությունները՝ դրանցից դուրս թողնելով այն հետազոտությունները, որոնք կարող են ունենալ ռազմական նշանակություն։ Միևնույն ժամանակ, ԵՄ-ը պարտավորվում էր տրամադրել Իրանին առևտրատնտեսական համագործակցության հաստատման առաջարկության մեծ փաթեթ, որը կփոխհատուցեր Իրանի միջուկային որոշ օբյեկտների աշխատանքների կասեցման հետևանքները։

Հարկ է նշել, որ չնայած իրանցիների դժգոհությանը եվրոպական առաջարկությունների անկատարությունից, ԵՄ-ը Իրանին, տնտեսական և տեխնոլոգիական տեսակետից, ներկայացրել է առաջարկություններ, որոնց մասին Իրանն, ասենք, 5 տարի առաջ անգամ մտածել չէր կարող։ Օրինակ՝ ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել մասնակցել Իրանում միջուկային ռեակտորների կառուցմանը, երաշխավորել միջուկային վառելիքի մատակարարումը կառուցվելիք միջուկային ռեակտորների համար, զարգացնել միջուկային տեխնոլոգիաների այն բոլոր ուղղությունները, որոնք կարող են ունենալ խաղաղ կիրառման նշանակություն։

1980-1990-ականներին նման համագործակցության առաջարկներով հենց Իրանը բազմիցս դիմել է եվրոպական երկրներին, սակայն վերջիններս, հիմնականում ԱՄՆ ճնշման տակ, հրաժարվել են Իրանի հետ համագործակցելու ծրագրերից։ Սակայն այսօր ԱՄՆ-ը ԵՄ-ի վրա չի կարող այնպիսի ճնշում գործադրել, ինչպես 5 կամ 10 տարի առաջ։ Սա պայմանավորված է հիմնականում իրաքյան ճգնաժամով, որը ցույց տվեց, որ ԱՄՆ և ԵՄ անդամներ Ֆրանսիան և Գերմանիան ունեն տարբեր մոտեցումներ Մերձավոր Արևելքի քաղաքական և էներգետիկ հեռանկարների վերաբերյալ։ Այս համատեքստում եվրոպացիները սկսեցին Իրանում ավելի համարձակ գործել:

Իրաքյան պատերազմի և ճգնաժամի համատեքստում փոխվել է նաև Իրանի տարածաշրջանային դրությունը: Իրանը ստացել է ավելի մոբիլ և ինքնավստահ տարածաշրջանային քաղաքականություն վարելու հնարավորություն։ Իսկ 2004-ին, երբ սկսվեցին Իրան-ԵՄ բանակցությունները, Իրանը բավականին հեշտ նստեց բանակցությունների սեղանին, քանի որ դեռ ակնհայտ չէր, որ ԱՄՆ բարդ իրավիճակը Իրաքում ավելի կխորանա։ Այս համատեքստում Իրանի միջուկային ծրագրի փակ հատվածի հայտնաբերումը կարող էր հանգեցնել Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողության իրականացման, որի հնարավորության մասին 2003/2004 թվականներին խոսվում էր ավելի շատ, քան հիմա, երբ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը կարծես թե հասել է իր բարձրակետին։

Ինչևէ, բավական բարդ ներքաղաքական և արտաքին քաղաքական իրադրությունում Իրանը վերսկսեց իր միջուկային հետազոտությունները ուրանի հարստացման ոլորտում։ Այս փաստը, բնականորեն, առաջ բերեց միջազգային հանրության անհանգստությունը, այդ թվում՝ Ռուսաստանի և Չինաստանի, որոնք մինչև օրս հանդիսացել են Իրանի միջուկային իրավունքների հիմնական պաշտպանները միջազգային բանակցություններում և կառույցներում։

Հունվարի 12-ին Բեռլինում տեղի ունեցավ «Եվրոպական եռյակի» արտաքին գործերի նախարարների խորհրդակցությունը` նվիրված Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրավիճակի զարգացմանը։ Բանակցությունների ավարտից հետո նախարարները լրագրողներին ներկայացրին իրենց որոշումը` ԱԷՄԳ Կառավարիչների խորհրդի առաջիկա նիստում բարձրացնել Իրանի միջուկային ծրագիրը ՄԱԿ Անվտանգության խորհրդին փոխանցելու հարցը։

Միևնույն ժամանակ, նույն օրը արդեն ՄԱԿ գլխավոր քարտուղար Ք.Անանը հանդես եկավ հայտարարությամբ այն մասին, որ Իրանը պատրաստ է բանակցությունների շարունակմանը «Եվրոպական եռյակի» հետ։ Այս հայտարարությունը Ք.Անանն արեց Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ա.Լարիջանիի հետ տեղի ունեցած հեռախոսազրույցից հետո։ Հատկանշական է, որ Անանը գտնում է, թե այս պահին նախընտրելի է Իրանի հարցի լուծումը գտնել ԱԷՄԳ Կառավարիչների խորհրդում և միայն ծայրահեղ դեպքում դիմել ՄԱԿ Անվտանգության խորհուրդ։

Չնայած եվրոպացիների կայացրած որոշմանը, այսօր պարզ չէ, թե ինչ իրավական հիմք պետք է ընտրվի ՄԱԿ ԱԽ կողմից Իրանի գործողությունները դատապարտելու համար։ Վերաբացելով իր միջուկային հարստացման գործարանները` Իրանն իրավական տեսակետից ոչ մի կերպ չի խախտում Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը, որով բոլոր երկրներին տրամադրվում է իրավունք` զարգացնել իրենց միջուկային խաղաղ ծրագրերը, որոնց բաղկացուցիչ մաս կարող են կազմել թե՛ ուրանի արդյունահանումը, թե՛ դրա հարստացումը։

Այսօր չկա ոչ մի իրավական փաստաթուղթ, որը հնարավորություն կտա ՄԱԿ ԱԽ-ին սահմանափակել Իրանի միջուկային հետազոտությունները։ Իրանի միջուկային իրավունքները «հարգում» է նաև «Եվրոպական եռյակը», որը նույնպես իր հայտարարության մեջ Իրանի նկատմամբ մեղադրանքները սահմանեց ոչ թե իրավական, այլ քաղաքական և ինչ-որ տեղ բարոյական եզրերով։

Հաշվի առնելով այն փաստը, որ ըստ Ք.Անանի՝ Իրանը պատրաստակամություն է հայտնել վերսկսել բանակցությունները «Եվրոպական եռյակի» հետ, սակայն պայմանով, որ դրանք շուտ ավարտվեն, առաջիկա ամիսների համար, մեր կարծիքով, հնարավոր են զարգացման մի քանի սցենարներ.

1. ԱԷՄԳ Կառավարիչների խորհուրդը դատապարտում է Իրանի քաղաքականությունը միջուկային ոլորտում, սակայն, հաշվի առնելով իրանցիների պատրաստակամությունը՝ շարունակել քննարկումները, ժամանակ է տրամադրում բանակցությունները վերսկսելու և ավարտելու համար։ Բանակցությունների հաջող ավարտը կարող է ենթադրել.

ա) Իրանում ուրանի հարստացման աշխատանքների կասեցում և համապատասխան համաձայնագրի ստորագրում, Ռուսաստանի տարածքում ուրանի հարստացման ռուս-իրանական համատեղ ձեռնարկության ստեղծում,

բ) Իրան–ԵՄ առևտրատնտեսական, քաղաքական և տեխնոլոգիական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրում, որի արդյունքը կլինի առևտրատնտեսական հարաբերությունների հաստատումը Իրանի և ԵՄ միջև ու եվրոպացիների կողմից Իրանի խաղաղ միջուկային ծրագրի զարգացմանն ակտիվ մասնակցությունը:

2. ԱԷՄԳ Կառավարիչների խորհուրդը դատապարտում է Իրանի միջուկային ծրագիրը և իրանական «դոսյեն» տեղափոխում է քննարկման ՄԱԿ Անվտանգության խորհուրդ։ Այստեղ ամենաբարդ խնդիրը կլինի Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառելու խնդիրը, քանզի Իրանի` Միջուկային զենքի չտարածման պայմանագրի չխախտման պարագայում պատժամիջոցների կիրառման իրավական հիմքը կլինի անկատար։

Մյուս կարևոր խնդիրն է, թե ինչ պատժամիջոցներ կարող են կիրառվել Իրանի դեմ, որպեսզի վերջինս ստիպված լինի ընդունել միջազգային հանրության պահանջներն իր միջուկային հետազոտությունները սահմանափակելու վերաբերյալ։ Պատժամիջոցները, որ, թերևս, կարող են ազդել Իրանի պահվածքի վրա, հավանաբար կվերաբերեն նավթային սեկտորին։ Սակայն դրանց կիրառումը կարող է հավասարապես բացասական ազդեցություն ունենալ թե՛ Իրանի և թե՛ համաշխարհային տնտեսության վրա։ Այս պատժամիջոցները կվնասեն, առաջին հերթին, Չինաստանին, որը մեծ քանակությամբ իրանական նավթ է ներկրում և, որքան էլ տարօրինակ թվա` ԱՄՆ էներգետիկ անվտանգությանը, որը նույնպես Դուբայի իր միջնորդ ընկերությունների միջոցով ձեռք է բերում մեծ քանակությամբ իրանական նավթ։ Կա մեծ հավանականություն, որ ՄԱԿ ԱԽ-ը կարգելի ՄԱԿ անդամ երկրներին համագործակցել Իրանի հետ բարձր տեխնոլոգիաների բնագավառում, որոշակի սահմանափակումներ կմտցնի Իրանի հետ առևտրական համագործակցության ոլորտում: Սակայն այս կարգի սահմանափակումներ մտցնելը շատ փոքր ազդեցություն կունենա Իրանի միջուկային ծրագրի ռազմական մասի հետագա զարգացման վրա, քանի որ այդ մասը, ներառյալ նաև ուրանի հարստացման աշխատանքները, Իրանի կողմից կատարվում են ինքնուրույն, առանց օտար պետությունների հետ համագործակցության: Հարստացման ողջ ցիկլի տեխնոլոգիաները Իրանի կողմից վաղուց արդեն գնվել են Պակիստանի միջուկային ռումբի «հայր» Աբդուլ Քադիր Խանից և նրա յուրայիններից: Իրանի առևտրատնտեսական բոյկոտի ռեժիմը դժվար թե անհետևանք անցնի տարածաշրջանային պետությունների համար, որոնցից շատերն Իրանի հետ առևտրատնտեսական կարևոր համագործակցություն են հաստատել:

3. ՄԱԿ ԱԽ-ը դատապարտում է Իրանի միջուկային ծրագրի ոչ թափանցիկ լինելը, սակայն ոչ մի պատժամիջոց չի մտցնում Իրանի դեմ: Դրա փոխարեն ստեղծվում է ՄԱԿ Հատուկ հանձնաժողովի տիպի մի ժամանակավոր կառույց, որը և ստանձնում է Իրանի հետ բանակցությունների նոր փուլի սկսումը: Այս կառույցի գործունեության արդյունավետությունը կախված կլինի նրանից, թե առաջարկությունների ինչ փաթեթ այն կներկայացնի քննարկման` ճգնաժամի խաղաղ և պայմանականորեն ասած` վերջնական կարգավորման համար: Հարցի լուծման համար հարկավոր է, որ այս նոր փաթեթում` ի լրումն ԵՄ առաջարկած առևտրատնտեսական և տեխնոլոգիական համագործակցության, ուրանի հարստացման ռուս-իրանական համատեղ ձեռնարկության ստեղծման Ռուսաստանի առաջարկության, ՄԱԿ անունից Իրանին ներկայացվեն քաղաքական բնույթի առաջարկներ: Կոպիտ ասած` ՄԱԿ ԱԽ անդամների կողմից Իրանին պետք է տրամադրվեն անվտանգության երաշխիքներ:

ՄԱԿ կողմից նման երաշխիքների տրամադրումն անուղղակիորեն պետք է ենթադրի նույնը ԱՄՆ կողմից: Սակայն ԱՄՆ-ը նման երաշխիքների տրամադրումը կապում է ոչ միայն Իրանի միջուկային հիմնախնդրի լուծման, այլ նաև մարդու իրավունքների և ահաբեկչության հիմնախնդիրների հետ: Այս տեսանկյունից ԱՄՆ երաշխիքների խնդրի շուրջ մոտեցման փոփոխությունը կախված կարող է լինել միայն իրավիճակի անելանելիությունից: Սակայն ԱՄՆ-ը դեռևս Իրանի հարցի այլընտրանքային, այդ թվում և ռազմական լուծման սցենարներից չի հրաժարվել:

Վերը ներկայացված սցենարները չեն սահմանափակում իրադրության զարգացման հնարավոր ուղիները: Միաժամանակ, պետք է նշել, որ այս պահին Իրանի միջուկային ճգնաժամի կարգավորումը հասել է իր դիվանագիտական բարձրակետին, որից բխում են հիմնախնդրի լուծման երկու ուղղություն, այն է` խաղաղ կարգավորում կամ ռազմական ուժի գործադրում` անկանխատեսելի հետևանքներով:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր