• am
  • ru
  • en
Версия для печати
13.04.2006

Իրանական ատոմ. իրավիճակային վերլուծություն

EnglishРуский

   

Սևակ Սարուխանյան

Մարտի 30-ին ՄԱԿ ԱԽ-ը հանդես եկավ Իրանի միջուկային խնդրի շուրջ հատուկ հայտարարությամբ` կոչ անելով իրանական ղեկավարությանը մեկ ամսվա ընթացքում կանգնեցնել ուրանի հարստացման հետ կապված բոլոր աշխատանքները:

ՄԱԿ ԱԽ որոշումը համապատասխան փոխզիջման արդյունք էր` ձեռք բերված Անվտանգության խորհրդի մշտական անդամների միջև: Ռուսաստանն ու Չինաստանը հանդես էին գալիս որպես Իրանի դեմ պատժամիջոցների կիրառման հակառակորդներ: Մինչև ՄԱԿ ԱԽ նիստը, մամուլում տարածվեց տեղեկատվություն, որ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան համապատասխան քայլեր են ձեռնարկում Չինաստանի և Ռուսաստանի իրանամետ դիրքորոշումը վարկաբեկելու և թուլացնելու ուղղությամբ:

Վերը նշված տեղեկատվությունն էլ ավելի կարծրացրեց Ռուսաստանի և Չինաստանի դիրքորոշումը:

Բացառված չէ, որ հենց իրենք` ամերիկացիներն էին այդ տեղեկատվության՝ մամուլում հայտնվելու նախաձեռնողները: Մեր կարծիքով՝ ներկայումս ԱՄՆ-ին ձեռնտու է, որ ՄԱԿ ԱԽ-ում խափանվի Իրանի դեմ պատժամիջոցներ մտցնելու վերաբերյալ ցանկացած ամերիկյան նախաձեռնություն: Սա բացատրվում է հիմնականում նրանով, որ ԱՄՆ-ը այսօր պատրաստ չէ դիմակայել այն բացասական տնտեսական հետևանքներին, որոնց առջև կհայտնվի համաշխարհային տնտեսությունը Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցների կիրառման պարագայում: Այս տեսանկյունից բավական հաջող տեխնոլոգիա է հանդիսանում Ռուսաստանի և Չինաստանի «ոչ կառուցաղական» մոտեցման պատճառով պատժամիջոցների կիրառման ուղղությամբ տարվող աշխատանքերի տապալումը:

Ապրիլի վերջին կավարտվի այն ժամկետը, որը ՄԱԿ ԱԽ-ն տվել է Իրանին ուրանի հարստացման աշխատանքները դադարեցնելու համար: Այսօր արդեն ակնհայտ է, որ շատ մեծ է այն բանի հնարավորությունը, որ Իրանն այդ աշխատանքները չի դադարեցնի:

Միևնույն ժամանակ, ապրիլը կլինի Իրան-ԱԷՄԳ բանակցությունների վերսկսման ակտիվ ամիս: Իրանի համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ նպատակ կունենա ցույց տալ, որ իսլամական հանրապետությունը, չկատարելով ՄԱԿ ԱԽ պահանջը, միևնույն ժամանակ հակված է միջուկային ծրագրի հիմնախնդրի կարգավորման դիվանագիտական ճանապարհ որոնելուն:

Հիմնախնդրի ռազմական լուծման հնարավորության տեսակետից խորհրդանշական կարևորագույն նշանակություն ունի Իրանի կողմից զինավարժությունների անցկացումը: Պարսից ծոցում կայացած վարժությունները նպատակ ունեին ցույց տալ համաշխարհային հանրությանը, որ Իրանը պատրաստ է իր ուժերի չափով պատասխան հասցնել ԱՄՆ հնարավոր ռազմական ներխուժման կամ օդային հարվածների դեպքում: Հետաքրքրական է, որ իրանական ռազմական ուժերի կողմից հիմնական շեշտը դրվեց հականավային զինատեսակների փորձարկման վրա: Սրա հիմնական նպատակն է մատնանշել, որ հնարավոր հարձակման դեպքում Իրանը լայնածավալ հակահարվածի կդիմի Պարսից ծոցի շրջանում, որի հիմնական թիրախ կդառնան ոչ միայն ամերիկյան ռազմանավերը, այլև Ծոցի շրջանից նավթ արտահանող լցանավերը: Այսինքն` իրանցիները մատնանշում են, որ հնարավոր ռազմական ակցիայի դեպքում կկանգնեցվի ոչ միայն իրանական նավթի մատակարարումը միջազգային շուկա, այլ նաև կխափանվի նավթի արտահանումը արաբական մի շարք երկրներից:

Նավթային գործոնից բացի, ակտիվացել են գործընթացներն Իրաքում, որտեղ իրանական դիրքերը դեռ բավական ուժեղ են: Ք.Ռայսի և Ջ.Սթրուի այն հայտարարությունը, թե ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան այլևս չեն ցանկանում Իրաքի կառավարությունում որպես հիմնական դերակատարներ տեսնել Իրաքի շիաների ԴԱՎԱ կուցակցությունը և նրա ղեկավար Ջաաֆարիին, կարևոր փոփոխություններ կարող է մտցնել Իրաքում ծավալված ներքաղաքական գործընթացներում: Ջաաֆարիի և ԴԱՎԱ-ի հեռացումը իրաքյան ներքաղաքական գործընթացներից, որքան վտանգավոր է Իրանի համար, նույնքան էլ անիրագործելի է:

Ք.Ռայսի հայտարարությունը, որը սկզբունքորեն ներկայացված է որպես Իրաքում կայունության հաստատմանն ուղղված քայլ, իրականում, մեր կարծիքով, կարող է ավելի բարդացնել իրավիճակը:

Շիա մահմեդականների քաղաքական ղեկավարության շրջանում չկա ժողովրդականություն վայելող և ԱՄՆ-ին լիարժեքորեն ձեռնտու քաղաքական հոսանք կամ գործիչ: ԴԱՎԱ-ի հեռացումը իրաքյան կառավարությունից ոչ միայն չի կայունացնի իրադրությունն Իրաքում, այլև նոր ռազմական գործողություններով ուղեկցվող քաղաքական մրցակցություն կսկսի երկրում: Այս մրցակցություն-դիմակայությունը կծավալվի ոչ միայն շիա և սուննի արաբների, քրդերի, այլև հենց շիաների միջև, որոնց տարբեր խմբավորումներ կփորձեն զբաղեցնել Ջաաֆարիի և ԴԱՎԱ-ի ազատված իշխանական դիրքերը: Նման հակամարտությունը նշանակալիորեն մեծացնում է լայնածավալ քաղաքացիական պատերազմի սկսման հնարավորությունն Իրաքում, ինչն էլ մեծ նշանակություն կունենա ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի համար` լեգիտիմացնելու իրենց ռազմական երկարաժամկետ ներկայությունն Իրաքում: Սա անհրաժեշտ է թե՛ ամերիկյան հանրապետականներին, թե՛ բրիտանական լեյբորիստներին, որոնց իրաքյան քաղաքականությունը բավական նվազ պաշտպանություն է ստանում ընտրողների կողմից:

Միևնույն ժամանակ, քիչ չեն կարծիքները, թե ԱՄՆ-ը իրականում պատրաստվում է ռազմական հարվածներ հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին։ Այս հնարավորության մասին է ամերիկյան հայտնի լրագրող Սեյմուր Հերշի հոդվածը` տպագրված ապրիլի 9-ին «Նյու Յորքեր» հանդեսում։ Հոդվածագիրը տեղեկացնում է, որ ամերիկյան ղեկավարությունը պատրաստվում է հարված հասցնել Իրանին, և Պենտագոնի կողմից մշակված սցենարներից մեկը նույնիսկ ենթադրում է B61-11 հակաբունկերային մարտավարական միջուկային զենքի կիրառում իրանական ստորգետնյա միջուկային օբյեկտների ոչնչացման համար։

Ինչ վերաբերում է ԱՄՆ ներքաղաքական զարգացումներին, ապա, ըստ Հերշի կարծիքի, որը հաղորդվել է նաև SNN-ի եթերով, Ջ.Բուշ-կրտսերը քիչ է մտահոգված Կոնգրեսի առաջիկա ընտրություններով։

Նույն կիրակի օրը, ապրիլի 9-ին, իրանական կողմը տեղեկացրել է, որ Իրանի հակաօդային ուժերը ոչնչացրել են երկրի օդային տարածք ներխուժած ամերիկյան լրտեսական մի ինքնաթիռ, ինչն արդեն իսկ նշանակում էր իրավիճակի լարում Իրանի կողմից։

Չնայած և՛ Հերշի հոդվածը, և՛ ամերիկյան լրտեսական ինքնաթիռի ոչնչացումը, իրոք, կարող են մատնանշել Իրանի և ԱՄՆ-ի միջև ռազմական բախման որոշակի զարգացումներ, սակայն բացառված չէ, որ դրանք Իրաքի հարցի շուրջ ամերիկյան և իրանական կողմերի առաջիկա բանակցությունների հետ կապված նախապատրաստական աշխատանքներ են։ Այս համատեքստում կարելի է դիտարկել նաև Ք.Ռայսի՝ Բաղդադում արված հակաշիական հայտարարությունը։

Ակնհայտ է, որ իրանա-ամերիկյան բանակցությունների ընթացքում քննարկվելու է ոչ միայն իրաքյան հիմնախնդիրը։ Եթե անգամ քննարկվի միայն այս հարցը, ապա կարելի է ենթադրել, որ հանդիպումը նախաձեռնած ամերիկյան կողմը ցանկանում է որոշակի պայմանավորվածությունների հասնել իրանցիների հետ Իրաքի ներքաղաքական զարգացումների շուրջ։ Եվ հենց Ք.Ռայսի հայտարարությունը կարող է նպատակ ունենալ հանդիպման նախաշեմին իրանցիներին ցույց տալ, որ ԱՄՆ-ը պատրաստ է անգամ վիճարկել իրանամետ շիա գործիչների հավակնություններն իրաքյան ներքաղաքական զարգացումներում։ Սա էլ պետք է ստիպի իրանցիներին ավելի համեստ պահանջներով ներկայանալ ամերիկացիների հետ սպասվող բանակցություններին։

Մեր կարծիքով՝ Ք.Ռայսի հայտարարությունը, Հերշի հոդվածը, ամերիկյան լրտեսական ինքնաթիռի ոչնչացումը և իրանա-ամերիկյան առաջիկա բանակցությունները մեկ շղթայի գործընթացներ են։

Հավանաբար, ողջ ապրիլը հագեցած կլինի «սենսացիոն» հայտարարություններով, հրապարակումներով, նախաձեռնություններով։ Ապրիլի վերջին, երբ ՄԱԿ ԱԽ-ը ևս մեկ անգամ կքննարկի իրանական հիմնախնդիրը, Իրանի միջուկային ծրագրի զարգացումը կմտնի նոր փուլ, որի հիմնական բաղկացուցիչ մաս կդառնա արդեն ոչ այնքան պատժամիջոցների կիրառումը, որքան կիրառման հնարավորությունների քննարկումը։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր