• am
  • ru
  • en
Версия для печати
11.10.2006

Բուրգաս-Ալեքսանդրոպոլիս նավթատարը

English

   

Սևակ Սարուխանյան

Սեպտեմբերի 4-ին Աթենքում Ռուսաստանի, Հունաստանի և Բուլղարիայի ղեկավարները հռչակագիր ստորագրեցին Բուրգաս (Բուլղարիայի Սևծովյան ափ) - Ալեքսանդրոպոլիս (Հունաստանի Ադրիատիկ ծովի նավահանգիստ) նավթատար կառուցելու մասին 2006թ. Պայմանագիր կնքելու վերաբերյալ։ Այս նավթատարը պետք է լցվի ռուսական նավթով, որը նավերով կտեղափոխվի Բուրգաս Նովոռոսիյսկից։ Չնայած ռուսական լրատվամիջոցների լավատեսական տեղեկատվությանը՝ նավթատարի կառուցման մասին հիմնական համաձայնագիրը դեռ կնքված չէ։ Կառուցվելիք նավթամուղը հնարավորություն կունենա տարեկան մինչև 50 մլն տ նավթ տեղափոխել Սև ծովից Ադրիատիկ և իր այս կարողությամբ կհավասարվի Բաքու-Ջեյհան նավթատարին։ Ստորև ներկայացվում է այն հետևանքների վերլուծությունը, որոնք կարող է ունենալ նավթատարը Թուրքիայի և նրա էներգետիկ հեռանկարների համար։

Թուրքիայից Ռուսաստանի կախվածության նվազում

Բոսֆորն ու Դարդանելը բազում դարեր Ռուսաստանի համար ունեցել են ռազմավարական նշանակություն։ 20-րդ դարի երկրորդ կեսին, ռազմաքաղաքական նկատառումներից զատ, նեղուցները կարևոր դեր ստացան նաև ռուսական նավթն Արևմուտք արտահանելու գործում։ 21-րդ դարի սկզբին նեղուցներով արտահանվող ռուսական ապրանքների գնացուցակում նավթային բաղադրիչը կազմում է ընդհանուր արժեքի 67%-ը։

1990-ականներին Թուրքիայի կառավարությունը խափանում էր նեղուցների աշխատանքը, ինչը նպատակ ուներ խրախուսել Կասպիցից Միջերկրական նավթատարի կառուցումը։ Այս նպատակի իրագործումն ամբողջովին ավարտվեց 2006թ.։ Բաքու-Ջեյհանը և նրա շահագործման ռազմավարությունը նպատակուղղված կերպով Ադրբեջանի և Ղազախստանի նավթի արտահանումն անջատում են ռուսական նավթի արտահանման ճանապարհից, ինչը հնարավորություն կտա Թուրքիային և նրա դաշնակիցներին ավելի ակտիվ օգտագործել նեղուցները Ռուսաստանի հետ հարաբերությունների վրա ազդելու նպատակով։ Սա, իր հերթին, կարող է ստիպել Ռուսաստանին Թուրքիայի հետ ավելի ակտիվ աշխատել Սամսուն-Ջեյհան նավթատարի կառուցման ուղղությամբ, ինչը թույլ կտա Ռուսաստանին իր նավթը Սև ծովից արտահանել՝ շրջանցելով նեղուցները։ Սակայն նման հեռանկարները հրապուրիչ չեն կարող լինել Ռուսաստանի համար։ Վերջինիս ներկա էներգետիկ քաղաքականությունը հիմնված է երկու հենաքարերի վրա՝ անխափան արտահանում և արտահանման ճանապարհի վերահսկում։ Թուրքիայի դեպքում այս երկու հենաքարերի խարխլումն ակնհայտ է։

Օգտագործելով Բուլղարիայի և Հունաստանի տարածքները նավթի արտահանման համար` Ռուսաստանը կարծես թե կհասնի իր նպատակների իրագործմանը։ Սա պայմանավորված է ոչ թե նրանով, որ հույներն ու բուլղարացիները չափից ավելի հուսալի են կամ էլ ռուսամետ։ Ռուսաստանը պարզապես գիտակցում է, որ.

  • Բուլղարիան կախված է ռուսական նավթի և առավել ևս գազի մատակարարումից, ինչը թույլ չի տա նրան խափանել նավթատարի աշխատանքները՝ անգամ հաշվի առնելով Սոֆիայի համար ազդեցիկ Վաշինգտոնի հատուկ կարծիքները։ Բացի այդ, տարանցման շահույթը կարևոր դեր կխաղա Բուլղարիայի ոչ մեծ պետական բյուջեի համար։
  • Հունաստանը հնարավորություն կստանա նվազեցնել կախվածությունը թուրքական նավթա- գազատարներից և նեղուցներից՝ սեփական էներգետիկ անվտանգությունն ապահովելու համար։

Թուրքիայից Հունաստանի կախվածության նվազում

Վերջին տասնամյակում Հունաստանում վարվող «թուրքական քաղաքականությունը» ձևավորվել է էներգետիկ գործոնի ազդեցությամբ։ Թուրքիայի ԵՄ անդամակցության հարցում Հունաստանի համաձայնությունը մեծ մասամբ պայմանավորված է հենց այս գործոնով։ Հունաստանի համար հեռանկարային բոլոր էներգետիկ ծրագրերը (Իրան-Թուրքիա-Հունաստան-Եվրոպա, Ռուսաստան-Սև ծով-Թուրքիա-Եվրոպա գազատարներ) նախատեսում են դրանցում Թուրքիայի ակտիվ և, կարելի է ասել, առանցքային մասնակցությունը։

Բուլղարիայում նավթատարի կառուցումն այս տեսակետից ոչ միայն նվազեցնում է Հունաստանի կախվածությունը թուրքական տարածքով անցնող խողովակաշարերից, այլև հենց Հունաստանն է վերածում միջազգային էներգետիկ անվտանգության կարևոր գործոնի։ Եվ ի տարբերություն Բաքու-Ջեյհանի, որի «լցոնումը» կախված է լինելու մի շարք տարածաշրջանային զարգացումներից (Ղազախստանից Բաքու նավթատարի կառուցում, կայունություն Ադրբեջանում և Վրաստանում, թուրքական քրդերի հիմնախնդիր, Իրանի միջուկային ծրագիր և այլն), ապա Նովոռոսիյսկ հասնող ռուսական և ղազախական նավթի քանակը Բուրգաս-Ալեքսանդրոպոլիս նավթատարի գործունեությունը կդարձնի երկարաժամկետ և կայուն։

Թուրքիայից կախվածության նվազումը հունական ղեկավարության կողմից կարող է օգտագործվել Թուրքիայի ԵՄ անդամակացության հարցում Աթենքի տեսակետն ավելի կոշտացնելու համար։

Բոսֆորի և Դարդանելի նեղուցների միջազգային նշանակության թուլացում

Որքան էլ տարօրինակ թվա, Թուրքիան կարծես թե ինքն իր ձեռքերով նվազեցրեց սեփական, եթե կարելի է ասել, քաղաքական աշխարհագրության դերը։ Ջեյհանի վերածումը պետության հիմնական էներգետիկ դարպասների և դրանից բխող «նեղուցային քաղաքականությունը» հանգեցրին Բոսֆորի և Դարդանելի քաղաքական ու տնտեսական նշանակության նվազմանը։ Ակնհայտ է, որ Թուրքիան չի զրկվի իր կարևոր դերից, սակայն Անկարան կորցնում է մի կարևոր խաղաքարտ, որն արդեն դարեր շարունակ օգտագործել է տարածաշրջանային և անգամ համաշխարհային քաղաքական ու տնտեսական գործընթացների վրա ազդելու նպատակով։

Ջեյհանը թուրքական նավահանգիստ է։ Սակայն նրա կայուն և երկարաժամկետ աշխատանքը վերջին հերթին է կախված լինելու թուրքական կառավարության քաղաքականությունից։ Նավահանգստի էներգետիկ նշանակությունը կարող է խարխլվել ընդամենը մեկ օրում, ասենք՝ եթե Վրաստանում սկսվի նոր քաղաքական ճգնաժամ, կամ էլ եթե քրդական ահաբեկչությունը գրավի Թուրքիայի «տարանցման» գոտիները։

Իսկ Բուրգաս-Ալեքսանդրոպոլիս նավթամուղի կառուցումը վերջնականապես կզրկի Բոսֆորի և Դարդանելի նեղուցներն իրենց էներգետիկ նշանակությունից և դուրս կմղի դրանք միջազգային էներգետիկ անվտանգության կարևորագույն գործոններ հանդիսացող Սուեզի, Հորմուզի, Մալակայի ազդեցիկ նեղուցների շարքից։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր