Աշխարհի միջուկային ծրագրերը. ընդհանուր դիտարկում

Ներկայումս համաշխարհային ասպարեզում առկա են 8 երկրներ, որոնք հաջողությամբ գործարկել են միջուկային զենքեր։ Այդ պետություններից 5-ը համարվում են «միջուկային պետություններ», որոնց միջուկային կարգավիճակը միջազգայնորեն ճանաչվում է Միջուկային զենքի չտարածման պայմանագրով։ Միջուկային զենքին տիրապետում են ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Չինաստանը։ Միջուկային զենքի չտարածման պայմանագրի ձևավորումից սկսած՝ այն չստորագրած 3 երկիր (Հնդկաստան, Պակիստան և Հյուսիսային Կորեա) իրականացրել են միջուկային փորձարկումներ։ Ինչ վերաբերում է Իսրայելին, ապա վերջինս նույնպես համարվում է միջուկային պետություն, չնայած հրաժարվել է հաստատել դա։ Սակայն վերոնշյալ 4 պետությունների միջուկային կարգավիճակը միջազգային ճանաչում չունի, որովհետև նրանցից ոչ մեկը չի ստորագրել Միջուկային զենքի չտարածման պայմանագիրը։
Ստորև ներկայացվում են միջուկային զենքին տիրապետող պետությունները, նրանց տիրապետության տակ առկա մարտագլխիկների քանակը 2002 թվականի դրությամբ, ինչպես նաև այդ երկրների կողմից գործարկված միջուկային առաջին թեստերի ժամանակագրական թվագրումը։ Վիճակագրության համաձայն, եթե 1985 թվականին աշխարհում առկա էր 65 հազ. ակտիվ միջուկային զենք, ապա 2002 թվականի դրությամբ դրանց թվաքանակը կազմում էր 20 հազար։ Դրանց մեծ մասը պահեստավորվել կամ մասնակի ապամոնտաժվել է։
Միջուկային զենքի պաշարներն ըստ նշված երկրների
Երկիր | Մարտագլխիկներ
Ակտիվ/ընդհանուր | Առաջին փորձարկման
տարեթիվ |
---|---|---|
Միջուկային զենքի չտարածման 5 միջուկային երկրներ | ||
ԱՄՆ | 5.735/9.960 | 1945 (Trinity) |
Ռուսաստան | 7.200/16.000 | 1949 (RDS-1) |
Մեծ Բրիտանիա | 200 | 1952 (Hurricane) |
Ֆրանսիա | 350 | 1960 (Gerboise Bleue) |
Չինաստան1 | 130 | 1964 (596) |
Այլ միջուկային երկրներ | ||
Հնդկաստան | 120-200 | 1974 (Smiling Buddha) |
Պակիստան | 30-92 | 1998 (Chagai-I) |
Իսրայել | 75-200 | Հայտնի չէ կամ չի գործարկել |
Հյուսիսային Կորեա2 | 1-10 | 2006 |
Գաղտնի միջուկային ծրագրերին տիրապետելու մեջ կասկածվող պետություններ
Իրան. Իրանը ստորագրել է Միջուկային զենքի չտարածման պայմանագիրը, և ըստ երկրի իշխանությունների՝ միջուկային տեխնոլոգիաների զարգացումը, այդ թվում և հարստացման ծրագրերով երկրի շահագրգռվածությունը հետապնդում են խաղաղ նպատակ, ինչը երաշխավորվում է սույն պայմանագրով։
Սաուդյան Արաբիա. ԱՄՆ և արևմտյան որոշ միջուկային գիտահետազոտական ինստիտուտների տվյալներով՝ Սաուդյան Արաբիան զարգացնում է միջուկային ծրագիր։ Որոշ աղբյուրների համաձայն՝ Սաուդյան Արաբիային 2003 թվականից մի քանի միջուկային զենք է մատակարարել Պակիստանը, սակայն դա չի հաստատվել։ 2006թ. մարտին, գերմանական «Cicero» ամսագրի հաղորդագրությամբ, 2003 թվականից ի վեր Սաուդյան Արաբիան Պակիստանից ստացել է աջակցություն՝ միջուկային հրթիռներ ու մարտագլխիկներ ձեռք բերելու նպատակով։
Մյուս կողմից՝ Պարսից ծոցի արաբական երկրներն իրենց հերթին նախատեսում են սկսել սեփական միջուկային ծրագիր։ 2007թ. մարտին Ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի 6 անդամ երկրների (Բահրեյն, Քուվեյթ, Օման, Կատար, Սաուդյան Արաբիա և Միացյալ Արաբական Էմիրություններ) արտգործնախարարները հանդիպեցին Սաուդյան Արաբիայում՝ քննարկելու համատեղ ատոմային ծրագիր ստեղծելու հարցի շուրջ 2006թ. դեկտեմբերին ձեռք բերված համաձայնության գործընթացը։
Նախկինում միջուկային զենքին տիրապետող երկրներ
Հարավային Աֆրիկա. Հարավային Աֆրիկան 1980-ականներին արտադրել է 6 միջուկային զենք, սակայն ապամոնտաժել է դրանք 1990-ականների սկզբներին։ Ենթադրվում է, որ 1979թ. Հնդկական օվկիանոսում գործարկված գաղտնի միջուկային փորձարկումը դեռ երկար ժամանակ վերագրվում էր Հարավային Աֆրիկային, այլ տվյալներով՝ Իսրայելի հետ համագործակցաբար, սակայն դա այդպես էլ չհաստատվեց։ Հարավային Աֆրիկան 1991թ. միացել է Միջուկային զենքի չտարածման պայմանագրին։
Բելառուս. 1991թ. ԽՍՀՄ փլուզումից հետո Բելառուսի տարածքում շարունակում էին տեղակայվել 81 առանձին մարտագլխկիներով հրթիռներ։ Դրանք բոլորն էլ փոխանցվեցին Ռուսաստանի Դաշնությանն արդեն 1996թ.։ Բելառուսը նույնպես ստորագրել է Միջուկային զենքի չտարածման պայմանագիրը։
Ղազախստան. Ղազախստանի տարածքում առկա է եղել 1.400 միջուկային զենք, որոնք փոխանցվեցին ՌԴ-ին 1995թ.։ Ղազախստանը միացել է Միջուկային զենքի չտարածման պայմանագրին։
Ուկրաինա. Ուկրաինան ԽՍՀՄ-ից ժառանգել էր շուրջ 5.000 միջուկային զենք և ԽՍՀՄ փլուզումից հետո համարվում էր աշխարհում երրորդ խոշոր միջուկային զինանոց ունեցող երկիրը։ 1996թ. դրանք նույնպես փոխանցվեցին ՌԴ-ին։ Ուկրաինան ստորագրել է Միջուկային զենքի չտարածման պայմանագիրը։
Նախկինում միջուկային ծրագրերին տիրապետող երկրներ
Ստորև ներկայացված երկրները հայտնի են որպես միջուկային զենքի լուրջ ծրագրեր նախաձեռնած պետություններ՝ ոլորտում ունեցած այս կամ այն հաջողություններով։ Դրանք բոլորն էլ ստորագրել են Միջուկային զենքի չտարածման պայմանագիրը։
Արգենտինա. Արգենտինան 1950թ. հիմնադրեց Ազգային ատոմային էներգիայի հանձնաժողովը՝ երկրում խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի զարգացման առաքելությամբ։ Երկրի միջուկային ծրագիրն ընդհատվեց 1983թ.։ Այնուհանդերձ, ամերիկյան հետախուզական տվյալներով՝ Արգենտինան այնուհետ ևս մասամբ շարունակել է իր միջուկային ծրագիրը 1980-ականների ընթացքում (Բրազիլիայի դեմ միջուկային սուզանավ ստեղծելու նպատակով), սակայն այդ ծրագիրը վերջնականապես դադարեցվեց։ 1990-ականների սկզբին Արգենտինան ու Բրազիլիան հիմնադրեցին երկկողմ վերահսկողության մարմին՝ երկու երկրների միջուկային էներգիան միայն խաղաղ նպատակներին ծառայեցնելու նպատակով։ 1995թ. Արգենտինան միացավ Միջուկային զենքի չտարածման պայմանագրին։
Ավստրալիա. Երկրորդ աշխարհամարտից հետո Ավստրալիայի իշխանությունները նախաձեռնեցին Մեծ Բրիտանիայի հետ սկսել համատեղ միջուկային զենքի զարգացման ծրագիր։ Նախատեսվում էր, որ Ավստրալիան ապահովելու էր ուրան, միջուկային զենքերի ու հրթիռների փորձարկումների իրականացման համար տարածք, ինչպես և գիտահետազոտական հետաքննություն։ 1955թ. բրիտանական ընկերության հետ ստորագրվեց պայմանագիր HIFAR ավստրալական ռեակտոր կառուցելու մասին։ Այնուհանդերձ, 1960-ականներին Ավստրալիայի միջուկային ծրագիրն ընդհատվեց, և երկիրը 1970թ. միացավ Միջուկային զենքի չտարածման պայմանագրին։
Բրազիլիա. 1978թ. Բրազիլիայի ռազմական ղեկավարությունը միջուկային զենք ստեղծելու նպատակով հիմնեց միջուկային զենքի հետազոտման ծրագիր (Solimões)։ 1985թ. երկրի նորակազմ կառավարության ձևավորմամբ ծրագիրն ավարտվեց։
Եգիպտոս. Եգիպտոսը միջուկային ծրագիր զարգացրել է 1954-1967 թվականների միջև ընկած ժամանակահատվածում։
Ֆաշիստական Գերմանիա. Երկրորդ աշխարհամարտի ընթացքում ֆաշիստական Գերմանիան իրականացնում էր միջուկային զենքի ստեղծման հետազոտություններ, որոնք տարբեր պատճառներով անհաջողության մատնվեցին։
Իրաք. Իրաքն ունեցել է միջուկային զենքի հետազոտման ծրագիր 1970-1980-ականների ընթացքում։ 1981թ. Իսրայելը ոչնչացրեց Իրաքի Osiraq կոչվող միջուկային ռեակտորը։ 1996թ. ՄԱԿ հաշվետվությունում նշվում էր, որ Իրաքը ապամոնտաժել կամ ոչնչացրել է իր միջուկային բոլոր կարողությունները։ ՄԱԿ-ի հետ լիարժեք համագործակցության բացակայության պատճառով Իրաքը դասվում էր միջուկային ծրագիր ունեցող կասկածյալ երկրների շարքին։ 2004թ. Դուելֆերի հաշվետվության եզրակացության համաձայն՝ Իրաքի միջուկային ծրագիրը դադարեցվել է 1991թ.։
Ճապոնիա. Ճապոնիան միջուկային ծրագրի ուսումնասիրություններով զբաղվել է դեռևս Երկրորդ աշխարհամարտի ընթացքում, թեև ունեցել է աննշան հաջողություններ։ Ներկայումս Ճապոնիայի տեխնոլոգիական մեծ կարողությունները թույլ են տալիս պետությանը կարճ ժամանակահատվածում ստեղծել միջուկային զենք, սակայն դրա որևէ ապացույց չկա։ Ամեն դեպքում, երկրի սահմանադրությունը չի արգելում ստեղծել միջուկային զենք, թեև իշխանություններն ակտիվ մասնակցություն են ցուցաբերում չտարածման գործընթացում։ Կասկածներ կան, որ միջուկային զենքեր կարող են տեղակայված լինել Ճապոնիայի ամերիկյան ռազմակայաններում։
Այնուհանդերձ, Ճապոնիան իր միջուկային ռեակտորներում ակտիվորեն արտադրում է միջուկային էներգիա։ Արդյունքում՝ ասիական այս երկիրը համարվում է միջուկային էներգիայի արտադրության ամենախոշոր երկիրը Միացյալ Նահանգներից ու Ֆրանսիայից հետո։ Ճապոնիան նախատեսում է միջուկային էներգիայի միջոցով արտադրել երկրի էլեկտրականության շուրջ 40%-ը 2010թ.։ Ճապոնիան ստացել է նաև զգալի քանակությամբ պլուտոնիում՝ որպես էներգետիկ արտադրության արտադրատեսակ, որի պաշարները 1995թ. դեկտեմբերի դրությամբ կազմում էին 4.7 տոննա։ Երկիրը տիրապետում է ուրանի հարստացման ծրագրին, որը նույնպես կարող է օգտագործվել բարձրորակ հարստացված ուրան ստանալու համար։
Փորձագետներից ոմանք հաստատում են, որ Ճապոնիան անհրաժեշտության դեպքում ի վիճակի է միջուկային զենք ստեղծել մեկ տարվա կտրվածքով։ Այլ մասնագետներ գտնում են, որ փաստացի այն միջուկային պետություն է առաջին հերթին Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային զենքի ստեղծման սպառնալիքների պատճառով։
Լիբիա. 2003թ. Իրաք ամերիկյան զորքերի ներխուժմամբ Լիբիան հաստատեց, որ տիրապետում է միջուկային ծրագրի և միաժամանակ հայտարարեց այն դադարեցնելու իր մտադրության մասին։
Լեհաստան. Լեհաստանը սկսել է իր միջուկային ծրագիրը դեռևս 1960-ականների սկզբներին, որն արդյունավետ ընթացք է ունեցել 1970-ականներին՝ մեծապես կենտրոնանալով նեյտրոնային սինթեզի ստեղծման վրա։ Իսկ 1980-ականներին երկրի իշխանություններն առավել մեծ ուշադրություն սկսեցին դարձնել միկրոմիջուկային ռեակցիաների զարգացման հիմնախնդիրներին։ Ներկայումս Լեհաստանը գործարկում է MARIA միջուկային հետազոտման ռեակտորը Ատոմային էներգիայի ինստիտուտի վերահսկողությամբ։
Ռումինիա. Ռումինիան ստորագրել է Միջուկային զենքի չտարածման պայմանագիրը դեռևս 1970թ., սակայն 1980-ականներին տիրապետում էր գաղտնի միջուկային զենքի զարգացման ծրագրի, որն էլ ավարտվեց 1989թ. Ն.Չաուշեսկուի վարչակարգի տապալմամբ։ Ներկայումս Ռումինիան գործարկում է երկու միջուկային ռեակտորով կայան, որ կառուցվել է Կանադայի աջակցությամբ։ Այն նույնպես իրականացնում է ուրանի հարստացման ծրագիր։
Հարավային Կորեա. Հարավային Կորեան սկսել է իր միջուկային ծրագիրը 1970-ականների սկզբներին։ Ենթադրվում էր, որ այն ընդհատվել է Միջուկային զենքի չտարածման պայմանագրին այդ երկրի միանալուց հետո։ Այնուհանդերձ, որոշ կասկածներ կային, որ երկիրը շարունակում է միջուկային ծրագրի զարգացումը։ 2004թ. վերջերին պարզվեց, որ երկրում 1982թ. ստացվել է պլուտոնիում և իրականացվել ուրանի հարստացման աշխատանքներ։
Իսպանիա. 1951թ. դիկտատոր Ֆրանկոյի գլխավորությամբ ստեղծվեց Միջուկային էներգիայի խորհուրդը, որը 1963թ. սկսեց ուսումնասիրություններ իրականացնել միջուկային զենքի ծրագրի ստեղծման նպատակով։ Աշխատանքներն այս ուղղությամբ շարունակվեցին 1960-ականների վերջերին։ Ֆրանկոյի մահից հետո Իսպանիան, այնուհանդերձ, 1981թ. ԱՄՆ-ի հետ ստորագրեց փոխըմբռնման հուշագիր՝ միջուկային ռազմականացված ծրագրերի ընդհատման մասին։ Իսպանիան Միջուկային զենքի չտարածման պայմանագիրը ստորագրել է 1987թ.։
Շվեդիա. 1950-1960-ականների ընթացքում Շվեդիան լրջորեն զբաղվում էր միջուկային զենքի ստեղծման հետազոտություններով։ Արդյունքում՝ ստեղծվեց միջուկային զենքի հետազոտման գործարան։ Հետագայում Շվեդիայում հայտնի «Saab» ավիացիոն և պաշտպանական ընկերությունը նախատեսում էր ստեղծել գերձայնային միջուկային ռմբակոծիչ (A36)։ Այնուհանդերձ, Շվեդիայի իշխանությունները որոշում ընդունեցին չշարունակել միջուկային ծրագիրը, և երկիրը միացավ չտարածման պայմանագրին։
Շվեյցարիա. Շվեյցարիան ունեցել է գաղտնի միջուկային ծրագիր 1946-1969 թվականների միջև ընկած ժամանակահատվածում, որն ի հայտ եկավ նաև 1995թ.։ Շվեյցարիայի միջուկային ծրագիրն, այնուհանդերձ, ընդհատվեց մասամբ ֆինանսական պատճառներով, ինչպես նաև 1969թ. Միջուկային զենքի չտարածման պայմանագրին նրա միացմամբ։
Թայվան. Թայվանի գաղտնի միջուկային ծրագիրը, որը նախաձեռնվել էր 1964-1988թթ., ընդհատվեց ԱՄՆ ճնշումների ներքո։
Հարավսլավիա. Հարավսլավիայում միջուկային ծրագրի ստեղծման ուղղությամբ աշխատանքներն սկսվել են դեռևս 1950-ականներին և մասնավորապես հաջողություններ արձանագրել ուրանի հարստացման և պլուտոնիումի վերամշակման ոլորտներում։ Արդյունքում՝ 1956թ. կառուցվեց Վինչայի միջուկային վառելիքի վերամշակման կենտրոնը, իսկ 1958-1959թթ. հիմնվեցին հետազոտական ռեակտորներ, որի համար ԽՍՀՄ-ը մատակարարում էր հարստացված ուրան։ Արդյունքում՝ 1966թ. Վինչայի լաբորատորիաներում իրականացվեցին պլուտոնիումի վերամշակման փորձարկումներ/թեստեր։ Նախկին սոցիալիստական հանրապետության միջուկային ձեռքբերումներն արդյունավետ կերպով շարունակվեցին հաջորդ տասնամյակում։ Հարավսլավիան պլուտոնիումի մշակման ոլորտում սերտորեն համագործակցում էր Նորվեգիայի հետ։ 1960թ. սակայն, Հարավսլավիայի նախագահ Տիտոն անհայտ պատճառներով սառեցրեց միջուկային ծրագիրը, որը վերսկսվեց Հնդկաստանի առաջին միջուկային փորձարկումներից հետո (1974թ.)։
1980թ., Տիտոյի մահից հետո, միջուկային ծրագիրը բաժանվեց երկու մասի՝ միջուկային նախագծման և քաղաքացիական միջուկային ծրագրի։ 1987թ. երկրի ղեկավարությունը որոշեց դադարեցնել միջուկային ծրագիրը։ Քաղաքացիական միջուկային ծրագիրը, սակայն, շարունակվեց, որի արդյունքում հիմնադրվեց Կիշկոյի ԱԷԿ-ը 1983թ.։ Այն ներկայումս Սլովենիայի և Խորվաթիայի համասեփականությունն է և գործարկվում է խաղաղ նպատակներով։
Հարավսլավիայի դաշնային հանրապետությունը ժառանգեց Վինչայի լաբորատորիաները և այդտեղ գտնվող 50կգ բարձրորակ հարստացված ուրան։ 1999թ. ՆԱՏՕ-ի կողմից Հարավսլավիայի ռմբակոծությունների ընթացքում Վինչան երբեք չի ռմբահարվել այդտեղ տեղակայված բարձրորակ հարստացված ուրանի պատճառով։ ՆԱՏՕ ռմբահարումներից հետո ԱՄՆ կառավարությունը և «Nuclear Threat Initiative» բարեգործական-օպերատիվ ընկերությունը3 բարձրորակ հարստացված ուրանը փոխանցեցին Ռուսաստանի Դաշնությանը։
Միջուկային կարողություններ ունեցող այլ երկրներ
Ստորև ներկայացվում է այն երկրների ցանկը, որոնք ունեն պոտենցիալ միջուկային արսենալներ զարգացնելու զգալի կարողություններ։ Այստեղ առանձնացվում են համեմատաբար հզոր միջուկային կարողություններ ունեցող պետությունները։ Ներկայացված բոլոր երկրներն էլ ստորագրել են Միջուկային զենքի չտարածման պայմանագիրը։
(Ավստրալիայի մասին վերն արդեն ներկայացված է)։
Կանադա. Կանադան տիրապետում է լավ զարգացած և առաջադեմ միջուկային տեխնոլոգիական կարողությունների, ուրանի մեծ պաշարների և քաղաքացիական նշանակության ռեակտորների, որոնք թույլ են տալիս նրան ստեղծել միջուկային զենք բավական կարճ ժամանակահատվածում։ Միջուկային ռազմական տեխնոլոգիաների ասպարեզում մինչև 1970-ականները Կանադան սերտորեն համագործակցել է Միացյալ Նահանգների հետ, ինչպես նաև ՆԱՏՕ շրջանակներում։ 1970-ականների սկզբներին Կանադայի իշխանությունները հայտարարեցին Կանադայի՝ միջուկային երկիր չդառնալու մտադրության մասին, որի արդյունքում երկրի տարածքում տեղակայված ամերիկյան վերջին միջուկային մարտագլխիկները դուրս բերվեցին 1984թ.։
1956թ. Կանադան Հնդկաստանին հանձնեց իր առաջին միջուկային հետազոտության ռեակտորը (CIRUS), որն էլ հետագայում միջուկային նյութերի ստացման նպատակով օգտագործվեց Հնդկաստանի առաջին միջուկային նախագծում։ Կանադան զբաղվել է նաև CANDU տեսակի ռեակտորի արտադրությամբ և վաճառել նրա տեխնոլոգիան այնպիսի պետությունների, ինչպիսիք են Չինաստանը, Հարավային Կորեան, Հնդկաստանը, Ռումինիան, Արգենտինան և Պակիստանը։ Հետագայում Կանադան դադարեցրեց իր միջուկային առևտրական համագործակցությունը վերջին երկու երկրների հետ՝ վերջիններիս կողմից միջուկային զենքի գործարկումից հետո։
Գերմանիա. Գերմանիան տիրապետում է այնպիսի միջուկային տեխնոլոգիական կարողությունների, որոնք թույլ են տալիս վերջինիս արագ ժամանակում ստեղծել միջուկային զենքեր։ Գերմանիան ունի առաջադեմ միջուկային արտադրություն, որը կարող է ստեղծել ռեակտորներ, հարստացնել ուրան, իրականացնել միջուկային վառելիքի վերամշակման աշխատանքներ։ Արդյունքում՝ եվրոպական այս երկիրը գործարկում է 19 ռեակտոր, որոնք արտադրում են Գերմանիայի էլեկտրականության 1/3-ը։ Չնայած երկրի միջուկային լուրջ հնարավորություններին ու ռեսուրսներին, Գերմանիան 1945թ. ի վեր լուրջ փորձ չի արձանագրել ոլորտի ռազմավարացման ուղղությամբ։ Այնուհանդերձ, Սառը պատերազմի ընթացքում և մասնավորապես 1950-ականների կեսերից Գերմանիայի արևելյան և արևմտյան հատվածներում տեղակայված էին զգալի քանակությամբ միջուկային զենքեր։ 1998թ. սկսած՝ Գերմանիան վարում է միջուկային զենքի չտարածման քաղաքականություն։
Իտալիա. Իտալիան գործարկել է որոշակի քանակությամբ միջուկային ռեակտորներ ինչպես էներգիա ստանալու, այնպես էլ միջուկային հետազոտական աշխատանքների նպատակով։ 1960-ականներին Իտալիան հանդիսանում էր նաև «Jupiter missile»-ի (ԱՄՆ օդուժի բալիստիկ հրթիռ), իսկ հետագայում՝ 1980-ականների ընթացքում, GLCM միջուկային հրթիռի (ԱՄՆ) ռազմակայանը։ Իտալիայում ներկայումս շարունակում են տեղակայվել որոշ մարտագլխիկներ ՆԱՏՕ ռազմական զինանոցի կազմում։
(Ճապոնիայի մասին վերն արդեն ներկայացվել է)։
Լիտվա. Լիտվայի միջուկային էներգիայի ռեակտորներն արտադրում են երկրի էլեկտրականության շուրջ 77%-ը։ Լիտվայի տարածքում են գտնվում նաև աշխարհում 2 գերհզոր ռեակտորները։ Այնուհանդերձ, դրանցից մեկը վերջին ժամանակներս փակվել է։ Թեև Լիտվան ունի միջուկային տեխնոլոգիական բավական մեծ կարողություններ, սակայն երկրի իշխանությունները դեմ են միջուկային զենք ստեղծելու պետական քաղաքականությանը։
Նիդեռլանդներ. Նիդեռլանդների Բորսել քաղաքում գործարկվում է էներգետիկ ռեակտոր, որը բավարարում է երկրի էլեկտրական կարիքների 5%-ը։ Որոշ հոլանդական ընկերություններ առանցքային մասնակցություն են ցուցաբերում Urenco կոչվող ուրանի հարստացման եռազգային կոնսորցիումում4։ 2000թ. դրությամբ Նիդեռլանդներն ուներ մոտավորապես 2 տոննա բարձրակարգ պլուտոնիում։ Թեև երկիրը տիրապետում է բավական լուրջ միջուկային կարողությունների, այնուամենայնիվ, որևէ վկայություն չկա Նիդեռլանդներում միջուկային զենքի ստեղծման ուղղությամբ։
Նորվեգիա. Նորվեգիան 1950-ական թվականներից ի վեր շահագործում է երկու գիտական ռեակտորներ, որոնք տեղակայված են Քջելլեր բնակավայրում և Հալդեն քաղաքում5։ Ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ այստեղ ներկայումս չեն նախատեսվում կառուցել նոր ռեակտորներ։ Բնապահպանական «Բելլոնա» միջազգային կազմակերպության համաձայն6՝ 1960-ական թվականների ընթացքում Նորվեգիան արտահանել է պլուտոնիումի հարստացման ու «ծանր ջրի» համար նախատեսված սարքավորումներ ու տեխնոլոգիաներ՝ Հնդկաստանի և Իսրայելի ռեակտորներում շահագործելու նպատակով։ Փորձագետների գնահատմամբ՝ Նորվեգիան ի զորու է ավարտին հասցնել միջուկային ծրագիրը մեկ տարում համապատասխան ֆինանսական միջոցներով, սակայն վկայություններ չկան հարցի զարգացման ուղղությամբ։
1 Չինաստանն իր առաջին միջուկային փորձարկումն իրականացրել է 1964թ.։ Չինաստանն առաջին ասիական պետությունն է, որը զարգացրել և գործարկել է միջուկային զենք։ Նրա միջուկային մարտագլխիկների մոտավոր պաշարը հաշվվում է շուրջ 130, սակայն Չինաստանը շարունակում է գաղտնի պահել իր միջուկային ռեսուրսներն ու կարողությունները։
2 Հյուսիսային Կորեան Միջուկային զենքի չտարածման պայմանագրի անդամ էր հանդիսանում մինչև 2003թ. հունվարի 10-ը, երբ հայտարարեց նրանից իր դուրս գալու մտադրության մասին։ Պայմանագրից այն պաշտոնապես դուրս եկավ 2003թ. ապրիլին։
3 Ընկերությունը հիմնվել է 2001թ. Միացյալ Նահանգներում՝ միջուկային, կենսաբանական և քիմիական զենքերի չտարածմամբ գլոբալ անվտանգության ամրապնդման նպատակով։
4 Urenco խումբը շահագործում է Գերմանիայի, Նիդեռլանդների և Մեծ Բրիտանիայի ուրանի հարստացման գործարանները՝ մատակարարելով Եվրոպայի և նրա սահմաններից դուրս շուրջ 15 երկրների միջուկային էներգետիկ կայաններին։ Կոնսորցիումի պաշտոնական աղբյուրների տեղեկատվության համաձայն՝ 2004թ. դրությամբ Urenco կոնսորցիումին է պատկանում հարստացման (միջուկային տեխնոլոգիաներ) ծառայությունների համաշխարհային շուկայի 18%-ը (տե՛ս http://www.urenco.com/common/PDF/accounts-2004.pdf )։
5 Հարկ է նշել, որ 1951թ. աշնանը Քջելլերում բացված միջուկային ռեակտորը ԱՄՆ, ԽՍՀՄ և Կանադայի, Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի սահմաններից դուրս տեղակայված առաջին ռեակտորն էր։
6 Միջազգային կազմակերպությունը հիմնադրվել է 1986թ. և գտնվում է Նորվեգիայում (Օսլոհ)։ Այն վերահսկողական մարմին է, որը հիմնականում կենտրոնացած է Ռուսաստանի միջուկային զարգացումների վերասկողության հարցերի վրա և իր գրասենյակներն ունի Մուրմանսկում ու Սանկտ Պետերբուրգում (գրասենյակներ կան նաև Վաշինգտոնում ու Բրյուսելում)։ Նշենք նաև, որ դեռևս 1996թ. փետրվարին ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը ձերբակալել էր կազմակերպության ռուսաստանցի փորձագետ Ալեքսանդր Նիկիտինին լրտեսության ու հայրենիքի դավաճանության մեղադրանքներով։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- «ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ՉԿԱՆ, ՈՐ ՄԻ ՕՐ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԻ ՓՈՐՁԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՅՈՒՂԵՐԸ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՀՐԹԻՌԱԿՈԾԵԼ. ՆԱԽԱՊԵՍ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏՎԵԼ». ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[13.11.2018]
- ՍԱՀՄԱՆԱԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԴԱՐՁՆԵԼՈՎ՝ ԹՈՒՐՔԻԱՆ ՆՊԱՏԱԿ ՈՒՆԻ ՀՀ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՑԵԼԻ ԴԱՐՁՆԵԼ. Կ.ՎԵՐԱՆՅԱՆ[18.10.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՎԵՐՋԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ[15.10.2018]
- ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽՈՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԳՐԱՎԻՉ ԼԻՆԻ ԻՍՐԱՅԵԼԻ ՀԱՄԱՐ. ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[10.10.2018]
- ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՈՐՈՇ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՇՈՒՐՋ[04.10.2018]
- ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՆՅՈՒՅՈՐՔՅԱՆ ԱՅՑԻ ՈՒՂԵՐՁՆԵՐԸ՝ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱՐՑԻՑ ՄԻՆՉԵՎ ՍՓՅՈՒՌՔԻ ԽՆԴԻՐՆԵՐ[28.09.2018]
- ԲԱՑԻ ՀՀ-ԻՑ, ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՆԱԵՎ ՊՈՒՏԻՆԻ ԱՅՑԸ ԱԴՐԲԵՋԱՆ, ՌՈՒՍԱԿԱՆ ԿՈՂՄԸ ԱԿՏԻՎԱՑՆՈՒՄ Է ԻՐ ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ. ՓՈՐՁԱԳԵՏ[17.09.2018]
- ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ, ԵԹԵ ՓՈՐՁԻ ՕԳՏՎԵԼ ԲԻԼԶԵՐՅԱՆ-ԹՐԱՄՓ ՄՏԵՐՄՈՒԹՅՈՒՆԻՑ՝ ՇԱՀԵԿԱՆ ԴԻՐՔՈՒՄ ԿՀԱՅՏՆՎԻ. ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[11.09.2018]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀՈՒՅՍ ՈՒՆԵՐ, ՈՐ ԳԵՐՄԱՆԻԱՆ ԿՆԵՐԳՐԱՎՎԻ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ[05.09.2018]
- ԿԱՍՊԻՑ ԾՈՎԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ ԱՎԵԼՈՐԴ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ ԱԼԻԵՎԻՆ՝ ՈՒԺԵՂ ԴԻՐՔԵՐԻՑ ԽՈՍԵԼՈՒ ՆԱԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԻՄՆԱՀԱՐՑՈՒՄ. Կ. ՎԵՐԱՆՅԱՆ[14.08.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ 2008-2018ԹԹ.[13.08.2018]