Բուրգաս-Ալեքսանդրուպոլիս նավթամուղի շուրջ
2007թ. մարտի 15-ին ստորագրվեց Բուրգաս-Ալեքսանդրուպոլիս նավթամուղի («Բուրգաս» նախագիծ) վերաբերյալ երկար սպասված համաձայնագիրը: Համաձայնագրի ստորագրումը տեղի ունեցավ Աթենքում, որին ներկա էին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բուլղարիայի և Հունաստանի վարչապետերը` Կոնստանտինոս Կարամանլիսը և Սերգեյ Ստանիշևը: Նավթամուղի նախագծի կառուցման հուշագիրը Ռուսաստանը, Հունաստանը և Բուլղարիան ստորագրել էին դեռևս 2005թ. ապրիլին: Խողովակաշարի կառուցումը կսկսվի 2008թ. սկզբներին, այն շահագործման կհանձնվի մեկուկես տարի անց` 2009թ. կեսերին:
Առաջին հայացքից խողովակաշարի պարամետրերն այդքան էլ տպավորիչ չեն: Ապագա խողովակաշարի երկարությունը կազմելու է 282կմ, թողունակությունը` տարեկան 30-35 մլն տոննա նավթ կամ օրական 600-700 հազ. բարել: Առաջին փուլում տարեկան փոխադրվելու է 15 մլն տոննա նավթ, երկրորդ փուլում` տարեկան 24 մլն տոննա, երրորդ փուլում` տարեկան 35 մլն տոննա նավթ: Հնարավորություն կա այդ թվաքանակը հասցնել տարեկան մինչև 50 մլն տոննայի: «Բուրգաս» նախագծի արժեքը գնահատվում է $1 մլրդ, որից 700 միլիոնը ծախսվելու է բուն խողովակաշարի կառուցման վրա, իսկ 300 միլիոնը` Բուրգասում ու Ալեքսանդրուպոլիսում (Դեդեաղաչ) նավթի բեռնման ու փոխադրման կայանների կառուցման վրա: Բուլղարական Բուրգաս նավահանգիստն ի վիճակի է ընդունել մինչև 150 հազ. տոննա բեռնատարողությամբ հեղուկանավեր, իսկ հունական խորջրյա Ալեքսանդրուպոլիսն ի վիճակի է ընդունել սուպերհեղուկանավեր: Ռուսական նավթը Նովոռոսիյսկից հեղուկանավերի միջոցով կհասցվի սևծովյան Բուրգաս նավահանգիստը, որտեղից էլ այն կհոսի դեպի Ալեքսանդրուպոլիս` Էգեյան ծով: Միակ դժվարությունն այն է, որ Սև ծովում անհնար է կիրառել մեծ ջրատարողությամբ հեղուկանավեր, ինչպես նաև չկան դրանց համար համապատասխան նավահանգիստներ (Բուրգասը, Նովոռոսիյսկը և Տուապսեն խորջրյա նավահանգիստներ չեն):
Նախագիծն իրականություն դարձնելու համար պահանջվեց 13 տարի (1994 թվականից բանակցություններ էին ընթանում), քանի որ կողմերին չէր հաջողվում պայմանավորվել ապագա նավթամուղի բաժնեմասերի հարցում: Սկզբնական շրջանում Բուլղարիան ու Հունաստանը պահանջում էին յուրաքանչյուրին տրամադրել բաժնեմասերի 33.3%-ը ($225.5 մլն): Ի վերջո, կողմերը համաձայնեցին, որ Բուլղարիան ու Հունաստանը ստանան բաժնեմասերի 24.5-ական տոկոսը, իսկ Ռուսաստանը` 51%-ը: Վերջինս պատկանում է «Ռուսնավթին», «Տրանսնավթին» ու «Գազպրոմնավթին»: Նախագծում Բուլղարիան ներկայացնում են «Bulgargaz» և «Transexportstroy» ընկերությունները, իսկ Հունաստանը ներկայացնում են «Hellenic Petroleum»-ը, «Latsis» խումբը և «Prometey Gas»-ը: Բուլղարիան ու Հունաստանն իրենց 49%-ի մի մասը կարող են զիջել երրորդ կողմին, որը կարող են դառնալ ամերիկյան «Chevron» և ղազախական «ՂազՄունայԳազ» նավթային ընկերությունները:
Պետք է նշել, որ երկար ժամանակ նախագծի նկատմամբ որոշակի հակազդեցություն էին ցուցաբերում ամերիկացիները, որոնք առաջարկում էին նավթի փոխադրման ուղին Բուրգասից ուղղել դեպի ալբանական Վլերա խորջրյա նավահանգիստը: ԱՄՆ կառավարությունը պաշտպանում էր «Ալբանիա-Մակեդոնիա-Բուլղարիա» նավթամուղի նախագիծը, որը տարածաշրջանում անմիջականորեն մրցակցում էր «Բուրգաս-Ալեքսանդրուպոլիս» նախագծի հետ: Սա պայմանավորված էր նրանով, որ «Բուրգաս» նախագիծը դառնում է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նախագծի ուղղակի մրցակիցը, որին ԱՄՆ-ը աջակցություն է ցուցաբերում, ելնելով աշխարհաքաղաքական նկատառումներից: Ի դեպ, Բուրգասն առավելություն ունի ԲԹՋ-ի նկատմամբ, քանի որ այն անցնում է սեյսմիկ առումով ավելի անվտանգ և քաղաքական առումով ավելի կայուն երկրների միջով: Բացի այդ, Բուրգաս-Ալեքսանդրուպոլիս նավթամուղը, ԲԹՋ-ի համեմատ, 4 անգամ ավելի էժան կնստի բաժնետերերի վրա: Դրան պետք է հավելել այն, որ հունական Ալեքսանդրուպոլիս նավահանգիստը շատ ավելի մոտ է Եվրոպային, քան թուրքական Ջեյհանը:
Ներկայումս, սակայն, իրավիճակը փոխվել է, և ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ Եվրամիությունը հիմնականում Բուրգաս-Ալեքսանդրուպոլիս նավթամուղը չեն դիտարկում որպես էներգետիկ կայունությանը սպառնացող վտանգ: Այժմ նրանք մտահոգված են նրանով, որ Ռուսաստանը չօգտագործի իր նավթային դաշինքը Բուլղարիայի ու Հունաստանի հետ` առաջարկելով նրանց օգտվել նաև «Գազպրոմի» ծառայություններից: Սակայն այդ մտահոգությունը վարկածային բնույթ է կրում, քանի որ Բուլղարիան ու Հունաստանը հազիվ թե դուրս գան եվրոպական էներգետիկ անվտանգության միացյալ համակարգից: Հունաստանը նոր նախագծի շնորհիվ կդառնա տարածաշրջանային էներգետիկ կենտրոն, ինչն ավելի ակնառու է դառնում Կասպից ծովից ու Մերձավոր Արևելքից դեպի Եվրոպա կառուցվող «թուրք-հույն-իտալական» գազամուղի պարագայում: Բուլղարիան էլ, իր հերթին, որպես տարանցիկ երկիր, նավթի փոխադրման համար տարեկան կստանա $2.5 մլրդ: Պետք է նշել, որ խողովակաշարի մեծ մասը (167կմ) անցնում է հենց Բուլղարիայի տարածքով: Այսպիսով, նավթամուղի շնորհիվ Բուլղարիան ու Հունաստանը, որոնք ՆԱՏՕ-ի անդամներ են, կարող են հայտնվել աշխարհի էներգետիկ քարտեզի վրա:
Ռուսաստանի համար նավթամուղն ունի շատ մեծ կարևորություն, քանի որ այն էականորեն թուլացնում է Ռուսաստանի տարանցիկ կախվածությունը Թուրքիայից: Սկզբնական փուլում Բուրգաս-Ալեքսանդրուպոլիս նախագիծն ի հայտ էր եկել, որպեսզի թեթևացներ Բոսֆոր ու Դարդանել նեղուցների ծանրաբեռնվածությունը: Նեղուցների պարագայում հեղուկանավերը ստիպված էին լինում երկար ժամանակ (շաբաթներով) կանգնել նավահանգիստներում, ինչի պատճառով էլ նավթային ընկերությունները ստիպված էին լինում վճարել տուգանքներ` նավթը ժամանակին տեղ չհասցնելու համար: Բուրգաս-Ալեքսանդրուպոլիս նավթամուղի շնորհիվ Ռուսաստանը նավթի արտահանման համար ստանում է լրացուցիչ հնարավորություն: Բացի այդ, սկսած 1995թ.՝ Թուրքիան սահմանափակում էր ռուսական հեղուկանավերի անցումը Բոսֆորով, Մարմարա ծովով ու Դարդանելով: Նեղուցները վերահսկելու շնորհիվ Թուրքիան ձեռք էր բերել Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համար ազդեցիկ մի լծակ, որը, սակայն, վերանում է «Բուրգաս» նախագիծը կյանքի կոչելու պարագայում: Թուրքիան կորցնում է նաև իր կամրջային դերը, որը ձեռք էր բերել Կասպյան ավազանի ածխաջրածինները դեպի Եվրոպա փոխադրվելու դեպքում:
Առաջիկայում նախագծին կարող է միանալ Ղազախստանը, որն արդեն իսկ ցանկություն ունի նախագծի բաժնետեր դառնալ: Նախագծին միանալը, թերևս, տեղի կունենա այն ժամանակ, երբ կսկսվի Ղազախստանի տարածքում գտնվող աշխարհի խոշորագույն նավթահանքերից մեկի` Քաշաղանի (պաշարները գնահատվում են 4.8 մլրդ տոննա) շահագործումը: Եթե ղազախական նավթը սկսի հոսել Բուրգաս-Ալեքսանդրուպոլիս նավթամուղով, ապա վերջինս համաշխարհային չափանիշներով «փոքր» նավթամուղից աշխարհաքաղաքական առումով կարող է վերածվել հսկայի: Ռուսաստանը խորապես շահագրգռված է, որպեսզի ապագայում Քաշաղանի նավթահանքի նավթը հոսի ոչ թե Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով, այլ Բուրգաս-Ալեքսանդրուպոլիս նավթամուղով: Ռուսաստանը դրա համար դիմում է բազմաթիվ քայլերի, որոնցից մեկն էլ «Եվրասիա» նախագիծն է: Վերջինս նախատեսում է ջրանցքի շնորհիվ միմյանց կապել Ազովի (Սև) և Կասպից ծովերը: Նախագիծը գնահատվում է $5-7 մլրդ: Ջրանցքն ունենալու է 16մ խորություն, 70մ լայնություն, 640-650կմ երկարություն և անցնելու է Դաղստանով, Կալմիկիայով, Ստավրոպոլի ու Ռոստովի շրջաններով: Նոր ջրանցքով ի վիճակի կլինեն նավարկելու ավելի մեծ ջրատարողությամբ նավեր, քան դա կարող էր տեղի ունենալ Վոլգա-Դոն ջրանցքի դեպքում: Բացի այդ, օտար պետություններից ներկա դրությամբ ջրանցքից կարող է օգտվել միայն Ղազախստանը: Դա բացատրվում է նրանով, որ ղազախական նավթն անարգել կարող է հասնել Սև ծով, և Ռուսաստանը նպատակ ունի ղազախական նավթը շեղել ԲԹՋ խողովակաշարից, ինչպես նաև արգելք հանդիսանալ Աքթաու-Բաքու ստորջրյա (Կասպիցի հատակով) նավթամուղի կառուցմանը: Փաստորեն, ղազախական նավթի համար պայքարը նոր թափ է ստանում:
Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեի կարծիքով՝ Բուրգաս-Ալեքսանդրուպոլիս նավթամուղը չի հանդիսանա ԲԹՋ-ի մրցակիցը: Ավելին, ներկայումս Ադրբեջանում քննարկվում է այդ նախագծին հետագայում Ադրբեջանի միանալու հեռանկարները: Բնականաբար, Ադրբեջանում ցանկանում են, որ ղազախական նավթը հոսի ոչ թե Բուրգաս-Ալեքսանդրուպոլիս նավթամուղով, այլ ԲԹՋ-ով, քանի որ ներկայումս ադրբեջանական նավթագործները միայնակ չեն կարողանում ամբողջովին լիաբեռնել ԲԹՋ-ն:
Իսկ որտեղի՞ նավթն է հոսելու Բուրգաս-Ալեքսանդրուպոլիս նավթամուղով: Պատասխանը միանշանակ մեկն է` Կասպյան ավազանի: Դա ավելի ակնառու դարձավ այն բանից հետո, երբ շահագործման հանձնվեց Արևելյան Սիբիր-Խաղաղ օվկիանոս նավթամուղի (երկարությունը` 4188կմ, հզորությունը` տարեկան 80 մլն տոննա) նախագիծը, ինչը ենթադրում էր, որ սևծովյան ուղղությամբ նավթի առաքման ավելացում չի դիտվի, քանի որ արևմտասիբիրյան ռեսուրսների մի մասն այլևս չի առաքվի դեպի եվրոպական շուկաներ: Հիշատակության արժանի է այն փաստը, որ ռուս-բուլղարա-հունական նախագիծն ի հայտ եկավ Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի (ԿԽԿ) ստեղծումից երկու տարի անց: ԿԽԿ-ն ստեղծվել է 1992թ. Ռուսաստանի, Ղազախստանի և Օմանի սուլթանության կողմից: Ստացվում է, որ դեռևս այդ ժամանակվանից Ռուսաստանը պլաններ ուներ՝ կապված կասպյան նավթի փոխադրման ուղիները վերահսկելու հետ: Ներկայումս ԿԽԿ-ով հնարավոր է առաքել տարեկան մինչև 28 մլն տոննա նավթ: ԿԽԿ հնարավորությունները կընդլայնվեն տարեկան մինչև 67 մլն տոննայի, եթե ԿԽԿ ոչ ռուսական բաժնետերերը, առաջին հերթին՝ ամերիկյան «Chevron» և ղազախական «ՂազՄունայԳազ» ընկերությունները, միանան «Բուրգաս-Ալեքսանդրուպոլիս» նախագծին: Ռուսաստանը, որի բաժինը ԿԽԿ-ում կազմում է 24%, երկու ձեռքով կողմ է դրան: Դրա մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ Աթենքում համաձայնագրի ստորագրումից արդեն մեկ օր անց` մարտի 16-ին, Ռուսաստանի փոխվարչապետ Նարիշկինն Աստանայում բանակցություններ էր վարում ԿԽԿ հզորացման շուրջ: Ներկայումս ղազախական նավթը Սև ծով է հասցվում ԿԽԿ Թենգիզ-Նովոռոսիյսկ նավթամուղով:
Այսպիսով, այսօր ականատես ենք դառնում սևծովյան մրցակցության աճին, ինչը պայմանավորված չէ միայն կասպյան նավթի արդյունահանման աճով: Այստեղ կարևոր դեր ունի գլխավոր աշխարհաքաղաքական խաղացողների (ԱՄՆ, Ռուսաստան, Եվրամիություն) պայքարը` վերահսկելու էներգակիրների փոխադրման երթուղիները: Պայքարի սկզբում Ռուսաստանը հանդես էր գալիս պարտվողի դերում, քանի որ 1999թ. շահագործման հանձնվեց Բաքու-Սուփսա նավթամուղը, 2002թ. սկսվեց ԲԹՋ նավթամուղի կառուցումը: 2003թ. առաջ քաշվեց Օդեսա-Բրոդի նավթամուղը կառուցելու խնդիրը, ինչը Եվրամիության համար համարվում էր առաջնահերթ: Վերոնշյալ երեք նավթամուղներն էլ շրջանցում էին Ռուսաստանի տարածքը: Եվ ահա չուշացավ Ռուսաստանի պատասխանն ի դեմս Բուրգաս-Ալեքսանդրուպոլիս նավթամուղի: Դրա կառուցմամբ ստեղծվում է նոր, լրացուցիչ երթուղի, որը հնարավորություն կընձեռի Բուլղարիայի ու Հունաստանի տարածքի միջով Սևծովյան նավահանգիստներից նավթը փոխադրել դեպի Եվրոպայի, ԱՄՆ-ի ու Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի շուկաները: Նավթամուղը լուրջ մրցակցություն կցուցաբերի կասպյան նավթի փոխադրման ուղիներին. Բաքվից Ջեյհան` ԲԹՋ նավթամուղով, ուկրաինական նավահանգստից դեպի Լեհաստան` Օդեսա-Բրոդի նավթամուղով, ռումինական Կոնստանցայից խորվաթական Օմիշալ` անդրբալկանյան նավթամուղով: Բացի այդ, «Բուրգաս» նախագիծն անիմաստ է դարձնում Սամսուն-Ջեյհան նավթամուղի նախագիծը, ինչը նախատեսված էր սևծովյան նեղուցների ծանրաբեռնվածությունը մեղմելու համար: Ստացվում է, որ սևծովյան մրցակցության այս փուլում հաղթողի դերում հանդես կգա Ռուսաստանը, իսկ պարտվողի դերում՝ մի շարք երկրներ. Թուրքիան` «Սամսուն-Ջեյհան» նախագծով, Ուկրաինան ու Լեհաստանը` «Օդեսա-Բրոդի-Կենտրոնական Եվրոպա» նախագծով, Ռումինիան` «Կոնստանցա-Տրիեստ» նախագծով: Սակայն դա ամենևին էլ չի նշանակում, թե հետագայում այդ նախագծերը չեն կարող իրականություն դառնալ` հաշվի առնելով Կասպյան ավազանում նավթի արդյունահանման աճի տեմպերը:
Պարտվածների շարքին կարելի է դասել նաև ԱՄՆ-ին, որը չկարողացավ խոչընդոտել «Բուրգաս» նախագծին: Այստեղ տեղին է հիշել համաձայնագրի ստորագրումից մեկ շաբաթ առաջ Եվրոպայի ու Եվրասիայի գործերով ամերիկյան հատուկ ներկայացուցիչ Մեթյու Բրայզայի այցը Հունաստան, ինչից հետո Հունաստանի վարչապետը հայտարարեց, որ Բուրգաս-Ալեքսանդրուպոլիս նավթամուղի շուրջ Հունաստանը ԱՄՆ-ի հետ խորհրդակցելու կարիք չի զգում:
Թուրքերը, հավանաբար, «գազային փոխհատուցում» կստանան «Երկնագույն հոսքի» երկրորդ գծի տեսքով: Ռուսաստանը դա իրականացնում է՝ խոչընդոտելու համար եվրոպական «Nabucco» նախագիծը, քանի որ անդրկասպյան գազամուղը շրջանցելու է Ռուսաստանի տարածքը և Եվրոպան կապելու է Միջին Ասիայի հետ, ինչի շնորհիվ Եվրամիությունը հնարավորություն կստանա բնական գազ ներկրել Թուրքմենստանից, Ղազախստանից, Ադրբեջանից, հնարավոր է նաև Ուզբեկստանից ու Իրանից: Թուրքերը չկարողացան կյանքի կոչել նաև սևծովյան նեղուցները շրջանցող Անդրթրակյան` «Քըյըքյոյ-Իբրիքհաբա», նախագիծը: Վերջինս առաջ էր քաշվել 2004թ. և անցնելու էր Թուրքիայի եվրոպական հատվածով, սակայն Եվրոպական հանձնաժողովը չկամեցավ ուժեղացնել տարանցիկ կախվածությունը Թուրքիայից, ինչից էլ առաջին հերթին օգտվեց Ռուսաստանը: Երբ Բուլղարիան ու Հունաստանը հարթեցին միմյանց միջև գոյություն ունեցող տարաձայնությունները Բուրգասից դեպի Ալեքսանդրուպոլիս նավթամուղ կառուցելու վերաբերյալ, Անդրթրակյան նախագիծը դարձավ ոչ ակտուալ:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՔՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ[05.06.2018]
- «ՁԻԹԵՆՈՒ ՃՅՈՒՂ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՌԱՀԱՐ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ[18.04.2018]
- ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՍՏԱՄԲՈՒԼԻ ՋՐԱՆՑՔԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՇՈՒՐՋ[26.03.2018]
- ԿԱՐՄԻՐ ԾՈՎՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ[21.03.2018]
- 21-ՐԴ ԴԱՐԸ՝ «ՔՐԴԱԿԱ՞Ն ԴԱՐ»[19.12.2017]
- ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ԿԱՐՍ ԵՐԿԱԹԳԾԻ ԲԱՑՄԱՆ ՇՈՒՐՋ[13.12.2017]
- «ՆՈՐ ԹՈՒՐՔԻԱ». ՊԱՏՄԱԿԱՆ ՋՐԲԱԺԱՆՆԵՐ[10.11.2017]
- ԿԱՏԱՐԻ ՇՈՒՐՋ ՃԳՆԱԺԱՄԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՆ[21.07.2017]
- «ԻՆՋԻՐԼԻՔԻ» ԹՆՋՈՒԿԸ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻՋԵՎ[27.06.2017]
- ԹՈՒՐՔԻԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՆՐԱՔՎԵԻՑ ՀԵՏՈ[11.05.2017]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ «ԵՓՐԱՏԻ ՎԱՀԱՆ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ[04.04.2017]