• am
  • ru
  • en
Версия для печати
20.09.2007

«ՀԱՐԱՎԱՅԻՆ ՀՈՍՔ» ԵՎ ԹՈՒՐՔԻԱ-ՀՈՒՆԱՍՏԱՆ ԳԱԶԱՏԱՐ. ՊԱՅՔԱՐ ՀՈՒՄՔԻ ՇՈՒԿԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

   

Սևակ Սարուխանյան

image_1 (medium) Վերջին ամիսներին տեղի ունեցող զարգացումներն էներգետիկ ոլորտում տրամաբանական շարունակությունն են այն ակտիվ պայքարի, որը ծավալվում է Ռուսաստանի և Արևմուտքի միջև Կասպյան և Կենտրոնական Ասիայի գազի պաշարների արտահանման նկատմամբ վերահսկողություն սահմանելու ուղղությամբ: Հունիս և հուլիս ամիսներն այս տեսանկյունից աչքի ընկան Հարավեվրոպական և Թուրքիա-Հունաստան-Իտալիա գազատարների կառուցման վերաբերյալ երկու կարևոր համաձայնագրերի ստորագրմամբ:

«Հարավային հոսք»

2007թ. հունիսի 23-ին ռուսական «Գազպրոմ» և իտալական «Էնի» ընկերությունները համաձայնագիր ստորագրեցին Հարավեվրոպական գազատարի կառուցման մասին, որը տեղեկատվական և վերլուծական դաշտում ավելի մեծ ճանաչում ստացավ «Հարավային հոսք» անվամբ: 900կմ երկարությամբ այս գազատարը պետք է անցնի Սև ծովի ափերով՝ Ռուսաստանից մինչև Բուլղարիա, իսկ բուլղարական տարածքում այն պետք է բաժանվի երկու առանձին գազատարների, որոնցից մեկը կուղղվի դեպի Սլովենիա և Ավստրիա, իսկ մյուսը` դեպի Իտալիա: Ենթադրվում է, որ գազատարը կսկսի աշխատել 3 տարի հետո, հզորությունը կկազմի մինչև 30 մլրդ մ3:

Ռուսաստանը գազատարի կառուցմամբ լուծում է հիմնականում մի քանի կարևոր քաղաքական և տնտեսական նշանակության խնդիրներ: Դրանք են.

  • Ռուսաստանը բավական գրավիչ տնտեսական և կառուցվածքային հիմք է ստեղծում, որպեսզի նրա տարածքն օգտագործվի ղազախական, ուզբեկական և թուրքմենական գազի արտահանման համար:
  • Ռուսաստանը նվազեցնում է կախվածությունն Ուկրաինայից և նրա տարանցման քաղաքականությունից:
  • Եվս մեկ կարևոր հիմք է ստեղծվում Բուլղարիայի հետ համագործակցության խորացման համար, միևնույն ժամանակ, Ռուսաստանն ամրապնդում է Արևելյան Եվրոպայի երկրների էներգետիկ կախվածությունն իրենից:
  • Ռուսաստանը կարևոր քայլ է կատարում Իտալիայի գազի շուկայի գրավման համար, որն ամենավճարունակն է Եվրոպայում:

Նշենք նաև բավական կարևոր մի գործոն ևս, որը կարծես թե առկա է նախագծի իրագործման շրջանակներում ձևավորված ռուսական շահերի առումով. «Գազպրոմը» բավական եռանդուն կերպով ցանկանում է Սերբիան ընդգրկել նախագծի իրագործման ծրագրի մեջ` դեպի Սլովենիա և Ավստրիա գնացող գազատարի մի մասն անցկացնելով հենց Սերբիայի տարածքով:

Ֆինանսապես և աշխարհագրականորեն նման հեռանկարն այնքան էլ շահավետ չէ Մոսկվայի, Բրատիսլավայի և Վիեննայի համար, սակայն ՌԴ նախաձեռնությամբ կարծես թե հենց Մոսկվային քաղաքականապես ձեռնտու սերբական ճանապարհն է օգտագործվելու գազատարի կառուցման համար:

Հատկանշական է, որ «Հարավային հոսք» նախագծի մշակումից, քննարկումից մինչև համաձայնագրի ստորագրումը ընդամենը մեկ տարի է անցել: Կարճ ժամանակահատվածում կարևոր էներգետիկ նշանակության համաձայնագրերի ստորագրումը միանգամայն նոր երևույթ է միջազգային էներգետիկ հարաբերություններում. բոլոր շատ թե քիչ նմանատիպ նախադեպերը կապված են հենց Ռուսաստանի հետ. Հարավեվրոպական գազատար, Մերձկասպյան գազատար և այժմ արդեն՝ «Հարավային հոսք» գազատար: Սա արդյունք է ոչ միայն այն բանի, որ տարիներ շարունակ նահանջ ապրելով՝ Ռուսաստանը բավական սրընթաց փորձում է վերականգնել իր տնտեսական և քաղաքական դիրքերը, չնայած որ այս գործոնը բավական կարևոր դեր, անկասկած, խաղում է: Միևնույն ժամանակ, նման սրընթաց նախագծերի իրագործումն արդյունք է նաև ընդհանուր աշխարհաքաղաքական զարգացումների տրամաբանության, որում ԱՄՆ միանձնյա դիրքի թուլացումը և ապագա աշխարհակարգի ստույգ պատկերացումների բացակայությունը Ռուսաստանին, մյուս գլոբալ և անգամ տարածաշրջանային ակտորներին ստիպում են ավելի արագ զբաղեցնել ազատված, ազատվող կամ ազատվելու հեռանկար ունեցող դիրքերն աշխարհի տարբեր մասերում: Եվ սրա լավագույն միջոցներից մեկը հենց էներգետիկ գործոնի և էներգետիկ նախագծերի իրագործումն է:

Թուրքիա-Հունաստան-Իտալիա գազատար

Ի տարբերություն «Հարավային հոսք»-ի` Թուրքիա-Հունաստան-Իտալիա գազատարի կառուցման նախագիծն արդեն մի քանի տարի է, ինչ շրջանառվում է մասնագիտական և եվրոպական կառույցներում: Սակայն հուլիսի 28-ին ստորագրված համաձայնագիրը գազատարի կառուցման մասին ոչ միայն այս քննարկումների արդյունք է, այլ նաև արձագանք «Հարավային հոսք» նախագծի իրականացմանը` ոչ Թուրքիայի կամ Հունաստանի, այլ նախագծի հիմնական հովանավորներ ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից:

Թուրքիա-Հունաստան-Իտալիա գազատարը տեխնիկական և կառուցվածքային տեսակետից ենթադրում է երկու նախագծերի իրականացում` Թուրքիա-Հունաստան գազատար (Turkey-Greece Interconnector) և Հունաստան-Իտալիա գազատար (Greece-Italy Interconnector), որոնցից առաջինի իրագործումը քաղաքական առումով բավական բարդ է: Հունաստանը, չնայած վերջին տարիներին երկրում գազի սպառման հարաբերական աճին, ԵՄ տարածքում համեմատաբար սակավ քանակությամբ բնական գազ սպառող երկիր է: Նշենք, որ այդ երկրի համար ամենաօպտիմալ տնտեսական զարգացման տեմպերի ապահովման պարագայում 2015թ. գազի սպառումը Հունաստանում կհասնի ընդհամենը 9 մլրդ մ3-ի: Նման պարագայում Հունաստանի հետաքրքրվածությունը Թուրքիայի հետ համատեղ գազատար կառուցելու ծրագրի վերաբերյալ չի կարելի նշանակալի համարել:

Հունաստանն այս գազատարի կառուցման շուրջ բանակցություններին ժամանակին մասնակցեց հիմնականում ԵՄ ճնշման արդյունքում: Այս տեսակետից բավական հատկանշական է, որ Թուրքիա-Հունաստան գազատարի կառուցման մասին առաջին բանակցությունները 2000թ. անցան Եվրոպական հանձնաժողովի հովանու ներքո: Հենց այս բանակցությունների արդյունքում էլ վերջնականապես մշակվեց Հարավեվրոպական գազային շղթայի զարգացման նախագիծը, որի հիմնաքարերից մեկը դարձավ Թուրքիայի տարածքում կասպյան, իրանական, կենտրոնաասիական և ռուսական գազի կուտակումը և Հունաստանի տարածքով արտահանումը դեպի Հարավային Եվրոպայի երկրներ: Լավատեսական հիմք նման նախագծի իրականացման համար, իհարկե, կար, ինչը պայմանավորված էր արդեն իսկ երեք գազատարային ծրագրերի հաստատմամբ կամ իրականացմամբ. խոսքը Թավրիզ-Էրզրում, Բաքու-Էրզրում և «Երկնագույն հոսք» խողովակաշարերի մասին է:

Իրան-Հունաստան գազատարի ստեղծման նախագծին զուգահեռ՝ նույն Եվրոպական հանձնաժողովի ակտիվ մասնակցությամբ ծնվեց նմանատիպ այլ նախագիծ, որի հիմնական նպատակն արդեն պետք է լիներ դեպի Կենտրոնական Եվրոպա նոր գազատարների կառուցումը և բնական գազի մատակարարումը: Խոսքը «Նաբուքքո» ծրագրի մասին է, որը նույնպես ենթադրում է Թուրքիայի վերածում գազի խոշոր կուտակատեղիի:

Թուրքիա-Հունաստան-Իտալիա գազատարի կառուցման փուլերը.

Փուլ 1 - Թուրքիա-Հունաստան 285 կմ գազատարի կառուցում
Փուլ 2 - Կառուցված գազատարի հզորացում` Հունաստանի տարածքով Բուլղարիա գազ մատակարարելու նպատակով
Փուլ 3 - Հունաստանի արևմտյան ծովափին 329կմ երկարությամբ գազատարի կառուցում, որտեղից 224կմ երկարությամբ մերձափնյա գազատարի կառուցում դեպի Օտրանտո, Իտալիա: Հնարավոր է այս գազատարից մատակարարում նաև Ալբանիային և նախկին Հարավսլավիայի երկրներին, առաջին հերթին՝ Բոսնիա-Հերցեգովինային
Փուլ 4 - 3-րդ փուլի շրջանակներում կառուցված մակակառույցի հզորացում և Իտալիայից գազի արտահանման կազմակերպում Կենտրոնական Եվրոպա:

«Հարավային հոսքի» և Թուրքիա-Հունաստան-Իտալիա գազատարի շուկաներն ու հումքային աղբյուրները

Ակնհայտ է, որ որոշակի նմանություն կա «Հարավային հոսք» և Թուրքիա-Հունաստան-Իտալիա գազատարային նախագծերի միջև: Դրանք են.

  1. Նույն հումքային աղբյուրները գազատարների ծանրաբեռնվածության ապահովման համար: Երկու նախագծերի իրականացման հիմքում ընկած է պայքարը ռուսական, ղազախական, ադրբեջանական, թուրքմենական, ուզբեկական գազը ԵՄ արտահանելու նկատմամբ վերահսկողության համար:
  2. Նույն շուկայի պահանջարկի ապահովումը: Երկու նախագծերի իրականացման վերջնական տնտեսական արդյունքը պետք է լինի Հարավային Եվրոպայի գազի ոլորտում առաջատար դիրքի գրավումը:
  3. Եվ, վերջապես, երկու նախագծերի իրականացման մեջ, բացի գլոբալ քաղաքական շահերից, առկա են նաև կոնկրետ տարածաշրջանային շահեր: Այստեղ հարկ է նշել Ռուսաստանի կողմից իր նախագծի իրականացմանը Սերբիայի ընդգրկումը, իսկ մյուս դեպքում` ակտիվ թուրքական մասնակցությամբ ստեղծվող նախագծի շրջանակում մահմեդական Ալբանիայի և մասամբ մահմեդական Բոսնիա-Հերցեգովինայի էներգետիկ անվտանգության ապահովումը:

Երկու նախագծերը բավական իրարամերժ են: Երկուսն էլ նպատակ ունեն հիմնականում նույն գազը հասցնել Եվրոպա և բավարարել միևնույն շուկաների պահանջարկը: Այս հակասությունն այսպես թե այնպես զգալի ազդեցություն է թողնելու ԵՄ էներգետիկ անվտանգության, Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների վրա, և որ ամենակարևորն է՝ այս երկու նախագծերի հակամարտության արդյունքից է մեծ մասամբ կախված Կենտրոնական Ասիայի երկրների որոշումը, թե որ գազատարով և ում հետ դաշնակցելով նրանք պետք է արտահանեն իրենց էներգետիկ ռեսուրսները: Սրանից են հիմնականում կախված Հարավային Կովկասի էներգատարանցման հեռանկարները:

Այս երկու նախագծերի գոյությունը՝ փոխլրացման սկզբունքով, մեր կարծիքով, հնարավոր է միայն մեկ պարագայում. եթե Իրանը համաձայնության հասնի ԵՄ-ի և Թուրքիայի հետ գազի արտահանման պայմանների և սկզբունքների վերաբերյալ, ինչն ամբողջապես կարող է զբաղեցնել Թուրքիա-Հունաստան-Իտալիա գազամուղի հզորությունները` առանց դրանց ապահովմանը ներգրավելու Կասպիցի և Կենտրոնական Ասիայի գազային պաշարները: Այսպիսի նշաններ կարծես թե կան. հուլիսի 15-ին թուրքական իշխանությունները հայտարարեցին, որ նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել Իրանի հետ տարեկան մոտ 30 մլրդ մ3 գազ Թուրքիայի տարածքով տարանցելու, ինչպես նաև թուրքական ընկերություններին իրանական խոշորագույն՝ Հարավային Պարս գազի հանքավայր ներդրումային մուտքի ապահովման մասին:

Նշենք, որ Հարավային Պարսը ներդրումային առումով եզակի հնարավորություններ ունի ոչ այնքան իրանական ղեկավարության տրամադրած արտոնությունների տեսանկյունից, այլ նաև այն պատճառով, որ Հարավային Պարսը դեռևս չմշակված բնական գազ ունեցող խոշորագույնն ավազանն է աշխարհում: Բավական կարևոր կարող է լինել հայկական կողմի մասնակցությունը Հարավային Պարսի գազային նախագծերին, ինչը ոչ միայն կամրապնդի հայ-իրանական միջպետական կապերը, այլ նաև կարևոր հիմք կհանդիսանա ՀՀ էներգետիկ անվտանգության և քաղաքականության արդյունավետության բարձրացման գործում:

Ինչ վերաբերում է Թուրքիա-Իտալիա և «Հարավային հոսք» նախագծերին, ապա դրանց միջև մրցակցությունը նոր բազմակողմանի էներգետիկ մրցակցության միայն մի կողմն է, որն առկա է Ռուսաստանի և Արևմուտքի միջև:

Հարավային Կովկասն այս մրցակցության գոտիներից է, ինչը ոչ միայն մարտահրավերների, այլ նաև նոր հնարավորությունների աղբյուր է:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր