ԿԱՍՊԻՑ ԾՈՎԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀԱՐՑԸ ԵՎ ԱՆԴՐԿԱՍՊՅԱՆ ԳԱԶԱՄՈՒՂԸ
ԽՍՀՄ քայքայման հետ միասին սկսվեցին բանակցությունները Կասպից ծովի միջազգային նոր կարգավիճակի շուրջ: Ղազախստանը, Թուրքմենստանը և Ադրբեջանը, Ռուսաստանի և Իրանի հետ միասին, «լծվեցին» բանակցային գործընթացին, և չնայած անցած 17 տարիներին, կարող ենք փաստել, որ Կասպիցի շուրջ մինչ օրս գոյություն չունի միջազգային ոչ մի փաստաթուղթ: Սա է նաև պատճառը, որ շատ փորձագետներ կարծում են, որ չնայած Կասպից ծովի ավազանի անդամ երեք երկրները` Ռուսաստանը, Ղազախստանը և Ադրբեջանը, կնքել են երկկողմ և նույնիսկ եռակողմ պայմանագրեր1, սակայն իրականում ծովի առնչությամբ շարունակում են գործել դեռ ԽՍՀՄ-ի և Իրանի միջև կնքված միջպետական պայմանագրերը:
Այսպես, 1921թ. փետրվարի 26-ին ՌՍՖՍՀ-ի և Պարսկաստանի միջև կնքվեց ծովի կարգավիճակի մասին առաջին պայմանագիրը։ Հիշեցնենք, որ մինչ այդ Ռուսաստանի բոլշևիկյան կառավարությունը չեղյալ էր հայտարարել նախկինում կնքած բոլոր պայմանագրերը: Երկրորդ և վերջնական պայմանագիրը, որը նաև կարգավորում էր ձկնորսության և նավագնացության հարցերը, արդեն ԽՍՀՄ-ի և Իրանի միջև կնքվեց 1940թ.2: Այս պայմանագրերով ԽՍՀՄ-ը բացառիկ իրավունքներ էր ստանում Կասպից ծովում, արգելվում էր ծովի ընդերքի շահագործումը այլ երկրների կողմից, ինչպես նաև նավագնացությունը և ձկնորսությունը ոչ կասպյան երկրների դրոշի ներքո, իսկ ԽՍՀՄ-ը ծովում ռազմական նավատորմ պահելու բացառիկ իրավունք էր ստանում: Եվ չնայած այս պայմանագիրն այսօր դե-ֆակտո չի գործում, քանի որ ծովում նավթարդյունահանմամբ զբաղվում են շատ այլ երկրներ, իսկ նորահայտ պետություններն ակտիվորեն ձեռնամուխ են եղել իրենց ռազմական նավատորմիղների ստեղծման գործընթացին, այնուամենայնիվ, դե-յուրե վերը նշված պայմանագրերը շարունակում են գործել, քանի որ դրանք պայմանագրերը կնքած երկրների կողմից չեղյալ չեն հայտարարվել: Եվ չնայած այս ամենին, ծովի շուրջ նոր պետությունների ի հայտ գալու հետ մեկտեղ պարզ դարձավ, որ այդ պայմանագրերը չեն կարող բավարարել ոչ դրանք կնքած և ոչ էլ նորանկախ պետություններին:
Վերջին տարիներին ավազանի 5 երկրները ծովի միջազգային նոր կարգավիճակի հարցի շուրջ նախաձեռնել են 20 հանդիպում՝ ամենաբարձր մակարդակով, սակայն նոր պայմանագիր մինչ օրս չի կնքվել։ Այս անորոշությունը խանգարում է ոչ միայն մերձափնյա երկրներին, այլ նաև այն պետություններին, որոնք լուրջ ակնկալիքներ և քաղաքական շահեր ունեն Կասպից ծովի ավազանում: Դա առաջին հերթին ԱՄՆ-ն է, որի բանագնացները փորձում են համոզել Թուրքմենստանին և Ադրբեջանին ընդհանուր հայտարարի գալ ծովի կարգավիճակի հարցում: Հիշեցնենք, որ անցած ամիս Բաքու էին ժամանել Աշգաբադի պաշտոնական ներկայացուցիչները՝ փորձելով ընդհանուր եզրեր գտնել Ադրբեջանի հետ3: Եվ չնայած այդ բանակցությունների արդյունքում, ինչպես և սպասվում էր, էական առաջընթաց չգրանցվեց, սակայն երկկողմ այս հանդիպումը Բաքու և Աշգաբադ ամերիկյան բարձրաստիճան հյուրերի այցելությունից հետո՝ նույնպես հատկանշական է: Ամերիկյան ազդեցիկ սենատոր Ռիչարդ Լուգարի այցելությունը երկու երկրների մայրաքաղաքներ և ամենաբարձր մակարդակով հանդիպումները հուշում են, որ պաշտոնական Վաշինգտոնը լրջորեն շահագրգռված է երկու երկրների միջև ծովի կարգավիճակի շուրջ բանակցություններում առաջընթաց գրանցելու հարցում4: Սակայն Ադրբեջանի և Թուրքմենստանի միջև, ընդհանուր հայտարարի գալու հարցում, լուրջ խոչընդոտ կա. այն է՝ ծովի կենտրոնական մասում գտնվող նավթի հանքավայրը, որը Բաքուն կոչում է «Քյափազ», Թուրքմենստանը՝ «Սերդար»: Այն աշխարհագրորեն ավելի մոտ է գտնվում Թուրքմենստանի ափամերձ շրջաններին և դեռ ԽՍՀՄ տարիներին հանձնվել էր Ադրբեջանի շահագործմանը։ Սակայն կայսրության փլուզումից հետո Աշգաբադը հավակնություններ է ներկայացնում հանքավայրի նկատմամբ: Ահա սա է հիմնական խոչընդոտներից մեկը, որ կողմերը չեն կարողանում պայմանավորվածություն ձեռք բերել և Կասպից ծովի կարգավիճակի շուրջ երկկողմ պայմանագիր կնքել:
Նշենք, որ այս հանքավայրում, ըստ որոշ աղբյուրների, մինչև 150 մլն բարել նավթ և գազի կոնդենսանտ կա, ինչը լուրջ պատճառ է, որ Բաքուն և Աշգաբադը չցանկանան միմյանց զիջել «Քյափազ» կամ «Սերդար» կոչվող հանքավայրը: ԱՄՆ հետաքրքրությունն այս խնդրում Անդրկասպյան գազամուղն է, որի կառուցումը, ըստ Վաշինգտոնի ղեկավարության, լրջորեն կթուլացնի Ռուսաստանի դիրքերը տարածաշրջանում և կստեղծի դեպի Եվրոպա հոսող ռուսական գազի այլընտրանք: Այսպիսով, ամերիկյան ծրագրերում ադրբեջանա-թուրքմենական համաձայնությունները դառնում են ռազմավարական, հետևաբար՝ մեկը մյուսի հետևից Աշգաբադ են մեկնում ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներ: Սենատոր Լուգարից հետո Թուրքմենստանի մայրաքաղաք այցելեց ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ղեկավար, ծովակալ Ֆալոնին, այնուհետև՝ Պետդեպարտամենտի Կասպից ծովի հարցերով հատուկ բանագնաց Սթիվեն Մանը: Վերջինս երկար տարիներ է, ինչ զբաղվում է Կասպիցի հարցերով և նույնիսկ եղել է ԱՄՆ դեսպանը Թուրքմենստանում, ինչպես նաև Ղարաբաղյան հարցի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահը: Նշենք նաև, որ Թուրքմենստանը դեռ Ս.Նիյազովի օրոք փորձում էր բնականոն հարաբերություններ հաստատել Վաշինգտոնի հետ, սակայն դա նրան չհաջողվեց: Սպիտակ տունն իրեն հնարավորինս հեռու էր պահում Թուրքմենբաշու բռնատիրական համակարգից: Սակայն վերջինիս մահից հետո Վաշինգտոնը նկատելիորեն փոխել է դիրքորոշումը և ցանկանում է երկխոսություն ծավալել արդեն նոր նախագահ Գ.Բերդիմուհամեդովի հետ, որի քաղաքական «արժեքը» Անդրկասպյան գազամուղի կառուցման դեպքում էականորեն աճում է Արևմուտքի և հատկապես ԱՄՆ-ի համար: Այսինքն՝ ԱՄՆ-ը շահագրգռված է, որ Ադրբեջանը և Թուրքմենստանը ծովի կարգավիճակի հարցում գան ընդհանուր հայտարարի որքան հնարավոր է շուտ, ինչը, ըստ նրանց, կարող է նպաստել ծովի ընդերքով նոր գազամուղի կառուցման գործին: Սակայն ծովի կարգավիճակի հարցում այլ շահագրգիռ կողմեր էլ կան` Ռուսաստանը և Իրանը, որոնք միանաշանակ դեմ են ծովի ընդերքով գազամուղների և խողովակաշարերի անցկացման ցանկացած ծրագրերի: Հասկանալի է, որ հարցը միայն բնապահպանական խնդիրները չեն, այլ նաև այդ երկրների քաղաքական հետաքրքրությունները. նրանք ցանկանում են, որ կենտրոնաասիական էներգակիրներն անցնեն իրենց տարածքներով: Այսինքն, եթե նույնիսկ Թուրքմենստանը և Ադրբեջանը համաձայնություն ձեռք բերեն, դեռ չի նշանակում, թե Անդրկասպյան գազմուղը կկառուցվի, որովհետև ծովի կարգավիճակի վերջնական լուծման համար հարկավոր է բոլոր 5 կողմերի համաձայնությունը։ Մինչդեռ Թեհրանը համառում է, և բացի այդ, Աշգաբադն արդեն պայմանագրեր ունի Ռուսաստանի և Չինաստանի հետ:
Որոնք են Թուրքմենստանի քաղաքական շահերը: 2007թ. մայիսի 11-ին երեք երկրների` Ռուսաստանի, Ղազախստանի և Թուրքմենստանի նախագահները ստորագրեցին նոր` Մերձկասպյան գազամուղի կառուցման մասին համաձայնագիրը5: Հիշեցնենք, որ ըստ ստորագրված համաձայնագրի՝ կողմերը որոշել են Կասպից ծովը շրջանցող նոր գազամուղ կառուցել, որը Թուրքմենստանի ափամերձ շրջանով պետք է հասնի Ղազախստան և միանա արդեն գոյություն ունեցող Միջին Ասիա-Կենտրոն կոչվող ռուս-ղազախական գազամուղին: Այս համաձայնագրի շրջանակներում նաև նախատեսվում է արդիականացնել դեռ 1967-ից գործող գազամուղը, որով թուրքմենական գազը հասնում է Ռուսաստան: Փաստորեն, այս ծրագրի իրագործման դեպքում հարվածի տակ է հայտնվում Անդրկասպյան գազամուղը: Այսպիսով, Կենտրոնական Ասիայի գազի համար պայքարում Ռուսաստանը նոր, լրացուցիչ խաղաքարտ է ձեռք բերում՝ հանձին Մերձկասպյան գազամուղի:
Հասկանալի է, որ դեպքերի նման զարգացումը ոչ մի կերպ չի կարող բավարարել Անդրկասպյան գազամուղի գլխավոր հովանավորին` ԱՄՆ-ին, որի ներկայացուցիչը` էներգետիկայի նախարար Սամուել Բոդմանը, համաձայնագրի կնքումից 3 օր անց հայտարարեց, որ «Թուրքմենստանի և Ռուսաստանի միջև հնարավոր գազամուղը լավագույն որոշումը չէ Եվրոպայի համար»6:
Եռակողմ համաձայնագիրը չի համապատասխանում նաև Եվրոպայի շահերին: Վերջինիս համար կարևոր է գազի մատակարարման նոր, այլընտրանքային ուղղությունների ստեղծումը, ինչը հնարավորինս կկրճատի Եվրոպայի կախվածությունը ռուսական մատակարարումներից, իսկ Ռուսաստանն ապահովում է եվրոպացիների գազի պահանջարկի 1/3-ը՝ լուրջ քաղաքական այս լծակը պահելով իր ձեռքում: Սակայն Թուրքմենստանի քաղաքական համակարգի համար կապը Ռուսաստանի հետ ունի ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական կարևոր նշանակություն, քանի որ այդ համակարգը գործում է Մոսկվայից ստացվող գումարների հաշվին: Թուրքմենստանը ոչինչ չունի աշխարհին առաջարկելու, բացի գազից, որի արտահանման, հետևաբար և ֆինանսավորման միակ ուղղությունն անցնում է Ռուսաստանով: Աշգաբադի համար ռուսական ուղղությունից հրաժարվելը հավասարազոր է ինքնասպանության: Թուրքմենստանն այս ուղղությամբ տարեկան արտահանում է 40-50 մլրդ մ3 գազ։ Երկրի նախկին նախագահ Սափարմուրադ Նիյազովը երկարատև բանակցությունների արդյունքում կարողացել էր հասնել այն բանին, որ «Գազպրոմը» համաձայնի 2009 թվականից թուրքմենական գազը ձեռք բերել 1000 մ3-ը 100 դոլարով նախկին 65-ի փոխարեն7: Ռուսաստանը համաձայնեց գազի համար վճարել նման գին միայն այն բանից հետո, երբ Թուրքմենբաշին հրաժարվեց այլընտրանքային` Ռուսաստանը շրջանցող գազամուղի կառուցման ծրագրերից՝ այսպիսով հարվածի տակ դնելով Թուրքմենստանից ու ընդհանրապես Կենտրոնական Ասիայից Կասպից ծովի ընդերքով գազի արտահանման Անդրկասպյան գազամուղի կառուցման նախագիծը:
Կարող ենք ասել, որ Թուրքմենբաշու մահից հետո էլ այս քաղաքականության մեջ դժվար թե էական փոփոխություն լինի, քանի որ այդ երկրի քաղաքական ցանկացած ռեժիմ ուղղակի կախվածություն ունի «Գազպրոմ» ընկերությունից, որը վերահսկում է Թուրքմենստանից գազի առաքման հիմնական ուղին և կառուցում է նորը: Այստեղ, թերևս, բացառություն է չինական ուղղությունը, որի հետ պայմանավորվածություն կար դեռ Ս.Նիյազովի օրոք: Վերջինս ռուսական կողմին հավաստիացնում էր, որ դեպի Չինաստան գազամուղի կառուցումը ոչ մի կերպ չի անդրադառնա երկու երկրների` Ռուսաստանի և Թուրքմենստանի միջև կնքված պայմանագրերի կատարմանը:
Թուրքմենստանի ղեկավարությունը Արևմուտքի հետ խաղերում շատ զգույշ է, քանի որ լավ է հասկանում, որ ֆինանսավորող միակ կազմակերպությունը «Գազպրոմն» է։ Եվ եթե պաշտոնական Աշգաբադը դադարի համագործակցել «Գազպրոմի» հետ, ապա վերջինս կդադարեցնի ֆինանսական հոսքերն այդ երկիր, իսկ դեպի Արևմուտք մեկ ամսում նոր գազամուղ կառուցելը հնարավոր չէ։ Հետևաբար, նաև հնարավոր չի լինի այդ ընթացքում գոյատևել առանց գազից ստացվող եկամուտների:
Եվ այսպես, Թուրքմենստանի կախվածությունը ռուսական գազամուղից և ֆինանսներից, ինչպես նաև Կասպից ծովի կարգավիճակի անորոշությունը թույլ են տալիս եզրակացնել, որ Անդրկասպյան գազամուղի կառուցումը քիչ հավանական է դառնում Արևմուտքի համար:
1Олег Горупай, Каспийская эпопея, «Красная звезда», 16.03.2007.
2Грунин В.Ф., Правовой статус Каспийского моря и проблемы обеспечения национальных интересов Российской Федерации в прикаспийском регионе. Журнал теории и практики Евразийства №13. www.e-journal.ru/bzarub-st6-13.html
3Сигов Ю., К разделу Каспия все готово?, «Деловая неделя»,19/ 02/ 2008,
www.newsazerbaijan.ru/analytics/20080219/42165349.html
4ИА REGNUM «Новости», Азербайджан и Туркмения делят Каспий в Баку,
www.regnum.ru/news/953309.html, 06.02.2008
5ИА REGNUM, Россия, Казахстан и Туркменистан договорились о строительстве Прикаспийского газопровода.
www.regnum.ru/news/826354.html 12.05.2007
6ИА REGNUM, США не довольны решением о строительстве прикаспийского газопровода.
www.regnum.ru/news/827155.html 14.05.2007
7Арсюхин Е., Связанные одним газом, «Российская газета», 22.12.2006.
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԿԵՂԾ ՕՐԱԿԱՐԳԵՐ ԵՎ ԻՐԱԿԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ[21.05.2020]
- ԷՆԵՐԳԵՏԻԿ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ԲՐԻԹԻՇ ՓԵԹՐՈԼԻՈՒՄԻ ՏԱՐԵԿԱՆ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԻ. ԳԱԶԻ ԲԱՂԱԴՐԻՉ[25.12.2018]
- ՉԻՆԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԲԱՑ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ 40 ՏԱՐԻՆԵՐԸ[23.11.2018]
- ԷՆԵՐԳԵՏԻԿ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ԲՐԻԹԻՇ ՓԵԹՐՈԼԻՈՒՄԻ ՆԱՎԹԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉԻ[08.11.2018]
- ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ԲՐԻԹԻՇ ՓԵԹՐՈԼԻՈՒՄԻ ՏԱՐԵԿԱՆ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԻ[18.09.2018]
- ՀԵՂՈՒԿԱՑՎԱԾ ԳԱԶԸ ԵՎ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ[06.07.2018]
- «ԵՎՐՈՊԱՅԻ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՄԱՅՆՔ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ[25.05.2018]
- ԱԷՄԳ-Ն ԵՎ ՆՐԱ ԴԵՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ[07.05.2018]
- ԷՆԵՐԳԵՏԻԿ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ[15.12.2017]
- ԷՆԵՐԳԵՏԻԿ ԳՈՐԾՈՆԸ ԱՐԴԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ (Մաս 3)[03.11.2017]
- ԷՆԵՐԳԵՏԻԿ ԳՈՐԾՈՆԸ ԱՐԴԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ (Մաս 2)[27.07.2017]