ԴԻՏԱՐԿՈՒՄ «RUSSIAN ENERGY AND EUROPEAN SECURITY: A TRANSATLANTIC DIALOGUE» ԶԵԿՈՒՅՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Վաշինգտոնում գործող «The Nixon Center»-ը հրապարակել է «Ռուսական էներգիան և եվրոպական անվտանգությունը. անդրատլանտյան երկխոսություն» (անգլ.՝ «Russian Energy and European Security: A Transatlantic Dialogue») վերնագրով զեկույցը, որն արդյունք է 2007թ. ընթացքում Գերմանիայում («Stiftung Wissenchaft und Politik», Բեռլին), Միացյալ Նահանգներում («The Nixon Center», Վաշինգտոն) ու Մեծ Բրիտանիայում («Chatham House», Լոնդոն) կազմակերպված փորձագիտական բավականին բարձր մակարդակի քննարկումների1։
Դիտարկում
Զեկույցում որպես խնդիր են ձևակերպված հիմնականում հետևյալ չորս կետերը.
Ա. Թեև Ռուսաստանի չափաբաժինը Եվրամիության (ԵՄ) բնական գազի ներմուծումների մեջ 51%-ից (2000թ.) իջել է 41%-ի (2007թ.), սակայն 41%-ը նույնպես բավական բարձր թիվ է դիտվում հենց Ռուսաստանի պարագայում։ Բացի այդ, ըստ զեկույցի, միայն Մոսկվան բավարարում է բնական գազի ոլորտում ԵՄ պահանջի2 27%-ը, Ռուսաստանի չափաբաժինը ԵՄ նավթի ներմուծումների մեջ կազմում է 30%, իսկ ռուսական սև ոսկին բավարարում է նավթի ԵՄ պահանջի 15%-ը։
Բ. ԵՄ համար որպես բնական գազի այլընտրանքային աղբյուրներ են դիտարկվում Հյուսիսային Աֆրիկան, Կատարը և Իրանը։ Հյուսիսային Աֆրիկայի պարագայում նշվում է, թե այնտեղ առկա կարողությունները բավարար չեն առաջին կետում նշված խնդիրը լուծելու համար։ Կատարի հետ գազամուղի բացակայությունն իրական է դարձնում միայն հեղուկ բնական գազի (Liquefied Natural Gas - LNG) ներմուծման տարբերակը, սակայն քիչ հավանական է դիտվում, որ Կատարը կարողանա զարգացնել բավարար քանակությամբ հզորություններ՝ հարցին լուծում տալու համար3։ Իրանի պարագայում հարցն էլ ավելի բարդ է։ Նախ, կառուցվող «Nabucco» գազամուղը կարող է բավարարել բնական գազի ոլորտում ԵՄ պահանջի միայն 1%-ը։ Երկրորդ, Իրանից բնական գազի ներմուծումը Թեհրանին շնորհում է լրացուցիչ լծակ ԱՄՆ-ի նկատմամբ, ինչը «կարող է էական լարվածություն առաջացնել Եվրոպայի ու Միացյալ Նահանգների հարաբերություններում»4։ Այսինքն՝ նաև ռուսական էներգետիկ քաղաքականության արդյունքում բնական գազի ոլորտում եվրա-իրանական համագործակցության խորացումը նույնպես դիտվում է որպես կարևոր խնդիր։
Գ. Խնդիր է դիտվում Ռուսաստանի նկատմամբ եվրոպական միասնական արտաքին ու էներգետիկ քաղաքականությունների բացակայությունը։ Օրինակ է բերվում Մոսկվայի նկատմամբ առկա գերմանական ու բրիտանական մոտեցումների տարբերությունը, երբ Բեռլինը փորձում է Ռուսաստանի հետ համագործակցության միջոցով ապահովել էներգակիրների անխափան մատակարարումը, իսկ Լոնդոնը հատկապես վերջերս լարված հարաբերություններ ստեղծեց Մոսկվայի հետ։
Դ. Եվ վերջապես, որպես խնդիր են դիտվում Ռուսաստանի այդ թվում էներգետիկ քաղաքականության նկատմամբ ԵՄ-ում ու ԱՄՆ-ում առկա տարաձայնությունները։ «[Եվրոպացիները գտնում են, որ] Ամերիկան կարող է սխալվել Ռուսաստանի հետ հարաբերություններում, բայց Եվրոպան չի կարող. Ռուսաստանը [իրենց] շատ մոտ է»,- նշված է զեկույցում։ Զեկույցի հեղինակը, փաստորեն, ընդունում է, որ ԵՄ-ը չի սատարի ռուսական առկա էներգետիկ քաղաքականությանն ի պատասխան ԱՄՆ-ի կողմից երբեմն առաջարկվող կոշտ հակաքայլերը, ու նաև այդ պատճառով անհեռանկարային է դիտվում Վաշինգտոնի կողմից հրապարակ իջեցված «էներգետիկ ՆԱՏՕ-ի» նախագիծը։ Զեկույցը գտնում է, որ պարզ չէ, թե ՆԱՏՕ-ն ինչպես է պատասխանելու էներգետիկ մարտահրավերներին, ու բացի այդ, եվրոպական կառավարությունները հավանություն չեն տա, որ տնտեսական հարցերին տրվի ռազմական պատասխան։ Որպես Ռուսաստանի էներգետիկ քաղաքականության նկատմամբ ամերիկա-եվրոպական հակասությունների պատճառ հեղինակն առանձնացնում է հետևյալը.
- ի տարբերություն ռուս-եվրոպական լուրջ էներգետիկ համագործակցության, նշված ոլորտում ԱՄՆ-Ռուսաստան փոխգործակցությունը գրեթե բացակայում է,
- եթե ԱՄՆ-ի համար «էներգետիկ անվտանգություն» ասվածը առաջին հերթին վերաբերում է նավթին, ապա ԵՄ պարագայում այն նախ առնչվում է բնական գազին, ուստի Ռուսաստանի հետ լավ հարաբերությունների պահպանումը կարևոր է եվրոպացիների համար։
Հարցի դինամիկան ներկայացված է հետևյալ կերպ.
- Ներկայում ԵՄ անդամ երկրներում առկա բնական գազի սպառման տարեկան 3-4% աճը արդեն 2015թ. հանգեցնելու է մի իրավիճակի, երբ բնական գազի ոլորտում ԵՄ պահանջի 23%-ը (կամ մոտ 200 մլրդ մ3) կմնա չբավարարված՝ առանց ներմուծումների չափաբաժնի ավելացման։ Այսինքն՝ ռուսական էներգետիկ քաղաքականության հարցը հանդես է գալու ավելի սուր ձևով՝ նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ եվրա-իրանական հարաբերությունների խորացման առնչությամբ ԱՄՆ ենթադրվող ճնշումները եվրոպական երկրների նկատմամբ ԵՄ-ին կարող են դրդել բնական գազի սեփական կարիքները բավարարել դարձյալ ի հաշիվ ռուսական կապույտ վառելիքի։
- Առաջիկայում Ռուսաստանի էներգետիկ քաղաքականության նկատմամբ ԵՄ երկրների միջև հակասություններն էլ ավելի կաճեն։ Հետևաբար, էլ ավելի քիչ հավանական է, որ ԵՄ-ին հաջողվի միասնական քաղաքականություն իրականացնել Մոսկվայի ուղղությամբ կամ որդեգրել կոշտ դիրքորոշում Կրեմլի հանդեպ՝ «անգամ եթե Ռուսաստանը դառնա ավելի ագրեսիվ իր արտաքին քաղաքականությունում»։
- Ռուսաստանը կշարունակի իր գազային առաքումներն օգտագործել արտաքին քաղաքական խնդիրների լուծման համար։ Թեև զեկույցը նշում է, որ այդ քաղաքականությունը մի մեծ մասով վարվելու է Եվրոպայի՝ նախկին սոցճամբարի մասը հանդիսացող երկրների ուղղությամբ և քիչ հավանական է, որ այն ուղղվի Արևմտյան Եվրոպայի մեծ պետությունների դեմ։ Միևնույն ժամանակ, կարծիք կա, որ նույն նպատակներով Ռուսաստանը դժվար թե կիրառի իր նավթային առաքումները, քանի որ եվրոպական երկրները կարող են ազատորեն նավթ գնել միջազգային շուկայից, ինչը բացակայում է բնական գազի պարագայում։
- Քիչ հավանական է, որ Միացյալ Նահանգները կարողանա ստանալ եվրոպական երկրների (այստեղ հեղինակը նկատի ունի արևմտաեվրոպական մեծ երկրների) աջակցությունը Մոսկվայի դեմ կոշտ քաղաքականություն վարելու հարցում։
Զեկույցի հիմնական եզրակացությունն այն է, որ օգտագործելով իր էներգետիկ քաղաքականությունն ու որոշակի հաջողությունների հասնելով եվրոպական երկրների նկատմամբ սեփական ազդեցության մեծացման ուղղությամբ՝ Մոսկվան փորձում է ռազմավարական առումով վերաձևել իր և Արևմուտքի միջև առկա փոխդասավորվածությունը, որը ստեղծվել է Սառը պատերազմը ավարտից հետո և 1990-ական թթ. ընթացքում, երբ Մոսկվան շատ թույլ էր։ Փոլ Սանդերսը մեջբերում է եվրոպացի մի փորձագետի գնահատականը, ով Եվրոպայում Ռուսաստանի նոր, առաջին հերթին՝ էներգետիկ քաղաքականությունը բնութագրել է որպես «նոր Յալթա»՝ նկատի ունենալով սահմանների կամ այս պարագայում՝ ազդեցությունների վերաբաշխումը։
Եվ վերջում, որպես առաջարկություններ ԱՄՆ քաղաքականության համար, զեկույցն առանձնացնում է հիմնականում հետևյալ կետերը.
- ուժեղացնելով անդրատլանտյան համագործակցությունը՝ ԱՄՆ-ը պետք է հասնի իր նախկին (թերևս, նկատի է առնվում Սառը պատերազմի ժամանակահատվածի) ազդեցության վերականգնմանը Եվրոպայում, քանի որ եվրոպական թատերաբեմում Վաշինգտոնը չի կարող արդյունավետ պայքարել Մոսկվայի դեմ՝ առանց եվրոպական մեծ երկրների աջակցության,
- ԱՄՆ-ը չպետք է Ռուսաստանի հետ մրցի էներգետիկ ոլորտում, ուր Վաշինգտոնը ոչինչ չի կարող առաջարկել Եվրոպային (այստեղ նախ և առաջ նկատի ունի բնական գազի ապահովման հարցը), այլ պետք է մրցի այնպիսի բնագավառներում, ուր, զեկույցի համաձայն, ամերիկյան կարողությունները գերազանցում են ռուսականին՝ քաղաքական, տնտեսական, ռազմական ու մշակութային բնագավառներ,
- ԱՄՆ-ը պետք է «կարմիր գծեր» սահմանի Ռուսաստանի համար և հստակորեն հայտարարի, որ այդ գծերի խախտման պարագայում Միացյալ Նահանգները կձեռնարկի համարժեք քայլեր (զեկույցն այդ գծերը նախ և առաջ տեսնում է Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայում՝ այդ թվում Ուկրաինայի ու Վրաստանի պարագաներում),
- միևնույն ժամանակ, զեկույցն առաջարկում է «ՆԱՏՕ-Ռուսաստան» համագործակցության ձևաչափի փոխարեն Մոսկվային առաջարկել փոխգործակցության նոր շրջանակ, որը կհետաքրքրի Ռուսաստանին, ինչպես նաև խոչընդոտներ չհարուցել Եվրոպայում ռուսական առաջին հերթին էներգետիկ ընկերությունների ներդրումների առջև5։ Զեկույցն անուղղակի առաջարկում է զիջումների գնալ Ռուսաստանի քաղաքական ու տնտեսական առաջնորդների անձնական շահերի ոլորտում՝ միևնույն ժամանակ առաջարկելով ԱՄՆ կառավարությանը կոշտ մոտեցում որդեգրել, եթե Ռուսաստանում կամ հետխորհրդային այլ երկրներում ոտնահարվեն ամերիկյան ընկերությունների շահերը։
Հետևություններ
Թեև զեկույցում նշված չէ, բայց Փոլ Սանդերսի հեղինակած աշխատանքն առաջին հերթին արտահայտում է ամերիկա-բրիտանական քաղաքական ու փորձագիտական շրջանակների կողմից արդեն ձևակերպման մակարդակի հասցված անհանգստությունը՝ կապված ռուս-գերմանական, ըստ էության, ռազմավարական տարրեր պարունակող փոխգործակցության վերաբերյալ։ Պատահական չէ, որ խոսելով Ռուսաստանից եվրոպական երկրների էներգետիկ կախվածության մասին՝ հեղինակը հարկ է համարում առանձնացնել հատկապես Գերմանիան6։
Սակայն ռուս-գերմանական փոխգործակցությունն առաջին հերթին դիտարկվում է ՆԱՏՕ-ի համատեքստում։ Նման համագործակցությունը թուլացնում է միասնությունը Հյուսիսատլանտյան դաշինքի ներսում, ինչն էլ ուղղակի սպառնալիք է Եվրոպայում ԱՄՆ շահերի համար։ Վաշինգտոնում արդարացիորեն գտնում են, որ ՆԱՏՕ-ի դեգրադացիան կհանգեցնի գլոբալ հարթությունում ԱՄՆ դիրքերի թուլացմանը, և բացի այդ, էապես կաճի եվրոպական ազդեցիկ երկրների (առաջին հերթին՝ Գերմանիայի ու Ֆրանսիայի) ռազմաքաղաքական ինքնուրույնությունը, ինչը նույնպես դեմ է ԱՄՆ շահերին։
Պետք է ասել, որ այդ առումով Վաշինգտոնում ճիշտ են ֆիքսել առկա դինամիկան։ Այդ թվում ռուս-գերմանական համագործակցության արդյունքում ՆԱՏՕ շրջանակներում ի հայտ եկած ամերիկա-գերմանական տարաձայնությունները դրա վկայությունն են։ Օրինակ, հայտնի է, որ ՆԱՏՕ վերջին՝ ապրիլի 2-4-ը Բուխարեստում կայացած գագաթաժողովի ընթացքում հենց Գերմանիան էր առաջնորդում Ուկրաինայի և Վրաստանի հարցերում ԱՄՆ-ին դեմ դուրս եկած դաշինքի անդամ երկրներին։
1Չնայած Փոլ Սանդերսը (Paul J, Saunders, «The Nixon Center»-ի գործադիր տնօրեն) միայնակ է հեղինակել զեկույցը, սակայն այնտեղ ներկայացված են նաև նշված երեք կենտրոններում թեմայի առնչությամբ տեղ գտած վերլուծություններն ու դատողությունները։
2Զեկույցում «պահանջ» ասելով՝ հեղինակը նկատի ունի ոչ միայն ներմուծված բնական գազի կամ նավթի ծավալը, այլև տեղում արդյունահանվածինը, այսինքն՝ ԵՄ-ում, ընդհանուր առմամբ, սպառված բնական գազի կամ նավթի չափաբաժինը։
3Զեկույցի հեղինակն այստեղ հաշվի է առնում առաջիկա տարիներին բնական գազի սպառման ոլորտում ԵՄ-ին սպասող դժվարությունները, որոնց մասին կխոսվի «Դինամիկա» բաժնում։ Այսինքն՝ Կատարը պարզապես չի հասցնի ԵՄ-ի համար անհրաժեշտ ժամանակահատվածում զարգացնել բավարար քանակությամբ հզորություններ՝ հարցին լուծում տալու համար։
4Զեկույցում կանխատեսվում է, որ առաջիկայում եվրոպական ընկերությունները կձգտեն պայմանավորվածությունների հանգել Թեհրանի հետ բնական գազի ոլորտում։ Օրինակ, հայտնի է, որ մարտին շվեյցարական «Elektrizitaetsgesellschaft Laufenburg» (EGL) և իրանական «National Iranian Gas Export Company» ընկերությունները ստորագրեցին մի պայմանագիր, ըստ որի՝ յուրաքանչյուր տարի Իրանը պետք է Շվեյցարիային մատակարարի 5.5 մլրդ մ3 բնական գազ։ Գործարքի արժեքը գնահատվեց €10-22 մլրդ-ի սահմաններում։ Այն հարուցել էր Վաշինգտոնի դժգոհությունը։
5Զեկույցը քիչ հավանական է համարում, որ Եվրոպայում ռուսական ներդրումները վտանգեն ամերիկյան շահերը և ներկայացնում է բավական ուշագրավ մի թիվ՝ 2005թ. ընթացքում ռուսական ուղղակի ներդրումներն արտերկրում 20 անգամ են զիջել ամերիկյանին ու 10 անգամ՝ բրիտանականին։
6Ըստ զեկույցի, այսօր ռուսական բնական գազի չափաբաժինը գերմանական ներմուծման մեջ կազմում է 43%, բացի այդ, Գերմանիան ներմուծում է նավթի 90%-ը, որի մեջ նույնպես ռուսական մասը կազմում է գերակշիռ մասը (թիվը նշված չէ)։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՌՈՒՍԱՍՏԱՆ–ԹՈՒՐՔԻԱ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ[10.07.2009]
- ԹՈՒՐՔԻԱ. ԷՆԵՐԳԵՏԻԿ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆԳՈՒՅՑ ԴԱՌՆԱԼՈՒ ՀԵՌԱՆԿԱՐԸ [19.03.2009]
- ԹՈՒՐՔԻԱ. ԷՆԵՐԳԵՏԻԿ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏԸ [05.03.2009]
- ԱՄԵՐԻԿԱ-ԻՐԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՌԱՆԿԱՐԻ ՇՈՒՐՋ [02.02.2009]
- ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԱՐԵԱՅՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ[22.01.2009]
- ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆՆ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՀԵՏ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՆԱԽՕՐԵԻ՞Ն[27.12.2008]
- ԴԻՏԱՐԿՈՒՄ ԿԵՆՏՐՈՆԱԱՍԻԱԿԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Կենտրոնական Ասիայի նոր վերաձևո՞ւմ[15.12.2008]
- ԼՂՀ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ. «ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՐՑԸ» [27.11.2008]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ ՆՈՐ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՇԵՄԻՆ[03.11.2008]
- ԻՐԱՆՆ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՀԵՏ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՆԱԽՕՐԵԻՆ[27.10.2008]
- ԻՐԱՎԻՃԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ[18.09.2008]