• am
  • ru
  • en
Версия для печати
23.06.2008

ԳԱԶԱՅԻՆ OPEC. ԻՐԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ

   

Ն. Տեր-Օգանով
Արդեն յոթ տարուց ավելի է, ինչ Արեւմուտքը, մասնավորապես` Եվրոպական միությունը, առանձնակի երկյուղով է նայում OPEC-ին նմանատիպ գազային կարտելի ստեղծման փորձերին: Ինչպես հայտնի է, գազային OPEC-ի ստեղծման բուն գաղափարը պատկանում է Իրանին ու Կատարին: Դեռեւս 2001թ. Թեհրանում անցկացվեց գազ արտահանող երկրների համաժողովի` GECF-ի (Gas Exporting Countries Forum) առաջին նիստը, որի աշխատանքներին մասնակցում էին Իրանը, Ռուսաստանը, Թուրքմենստանը, Կատարը, Օմանը, Ալժիրը, Նիգերիան, Բրունեյը, Ինդոնեզիան եւ Մալայզիան: Հարկ է նշել, որ մինչ այժմ տվյալ հարցի շուրջ բանավեճը մերթ մարում է, մերթ բռնկվում նոր ուժով` հարկադրելով բնական գազ սպառող երկրներին մտածել, թե ինչպես դիմակայել գազային կարտելի կազմավորման սպառնալիքին: 2006թ. նոյեմբերին ՆԱՏՕ-ի երկրների տնտեսության հարցերով հանձնաժողովի փորձագետները հրապարակեցին գաղտնի զեկույց, որտեղ հեղինակները գազային OPEC ստեղծելու Ռուսաստանի հնարավորության առիթով, ուր կարող են մտնել սույն գաղափարի շատ կողմնակիցներ, մտավախություն էին արտահայտում: ԵՄ անհանգստությունը հատկապես աճեց Եվրամիություն բնական գազի երկու խոշորագույն մատակարարների` ռուսական «Գազպրոմ»-ի եւ ալժիրյան «Սոնատրակ»-ի միջեւ 2006թ. առեւտրային գործարքի կնքումից հետո:

Այնուամենայնիվ, բնական գազ արտադրող երկրները մինչ այժմ միջազգային գազային կարտելի ստեղծման հարցի շուրջ չեն կարողանում վերջնական համաձայնության գալ: Կոնսենսուսի չկարողացան հասնել նաեւ Կատարի մայրաքաղաք Դոհայում կայացած հերթական համաժողովի մասնակիցները: Դոհայի անարդյունավետ հանդիպումն օրակարգից չհանեց ձեւավորված էներգետիկ սպառնալիքի զգացումը: Ինչպես այն ժամանակ նշեցին տեսաբանները, անհաջողության հիմնական պատճառը բնական գազի փոխադրման առանձնահատկություններն են: Բանն այն է, որ բնական գազը հիմնականում մատակարարվում է խողովակաշարերով, իսկ գազի մատակարարման պայմանագրերը կնքվում են երկար ժամանակով: Այդ պատճառով, տվյալ գաղափարի կողմնակիցները մինչ այժմ չեն կարողանում այն կյանքի կոչել:

Ինչեւէ, ԱՄՆ-ում նման գազային կարտելի ստեղծման հնարավորությունն ընդունեցին մեծագույն զգուշավորությամբ: 2007թ. ապրիլին ամերիկյան սենատի իրավաբանական հարցերի հանձնաժողովը ԱՄՆ գլխավոր դատախազին թույլատրեց հետապնդել այն երկրների կառավարություններին, որոնք որոշել են միավորվել գազային կամ նավթային կարտելներում: Ինչպես պնդում է ամերիկյան հետազոտող Ա.Քոենը` «Հերիթիջ Ֆաունդեյշն» կենտրոնից, ներկայումս գազային OPEC-ի ստեղծման գաղափարի առաջմղման հիմնական դերակատարները հանդիսանում են Ռուսաստանը եւ Իրանը, քանզի ապագայում «նրանք են առավել չափով օգտվելու իրենց աշխարհաքաղաքական մկաններից»:

Վերջերս Թեհրանում կայացավ բնական գազ արտահանողների այս տարվա առաջին նիստը, որին մասնակցում էին 12 երկրների ներկայացուցիչներ: Ըստ Իրանի նավթային արդյունաբերության նախարար Հոսեյն Նոուզարեի, GECF-ի մասնակիցները ջանքեր են գործադրում գազային OPEC-ի ստեղծման համար: Սակայն, երբ հերթական անգամ հնչեց այդ գաղափարը, սպառող երկրներն անմիջապես հանդես եկան դրա դեմ: Իսկ ինչո՞ւ են նրանք դեմ, չէ՞ որ գոյություն ունի OPEC, որը, կարծես թե, իրեն արդարացնում է: Ինչո՞ւ միջազգային գազային կարտելի ստեղծման գաղափարն այդքան կշտամբանքի արժանացավ: Այս հարցի պատասխանն, անտարակույս, ընկած է աշխարհաքաղաքական հարթությունում: Հարցն այն է, որ նման գաղափարն արտահայտվել է գազային OPEC-ի ստեղծման ամենաակտիվ ջատագովներ Ռուսաստանի եւ Իրանի կողմից:

Առաջին. ինչպես հայտնի է, Արեւմուտքը տենդորեն ռուսական գազի այլընտրանք է փնտրում: Այնտեղ գտնում են, որ մատակարարման ճանապարհների դիվերսիֆիկացումը հանդիսանում է Արեւմուտքի էներգետիկ անվտանգության հիմնական երաշխավորը: Ժամանակին Անդրկովկասում եւ Կենտրոնական Ասիայում էներգամատակարարման այլընտրանքային աղբյուրներ գտնելու ցանկությունն Արեւմուտքին դրդեց նավթամուղների եւ գազամուղների շինարարության տարբեր նախագծերի մշակման: Եթե մեծ նախագծի առաջին կեսը` Բաքու–Թբիլիսի–Ջեյհան նավթամուղը եւ Բաքու–Թբիլիսի–Էրզրում գազամուղը, հաջողությամբ իրականացվեց, ապա նույնը չի կարելի ասել նրա երկրորդ կեսի` «Նաբուքո»-ի մասին, որի պատճառով էլ մեծ հաշվով նախաձեռնվեց դեպի Արեւելք «հարձակումը»: Այսպիսով, մինչ օրս Ռուսաստանը պահպանում է իր դիրքերը որպես հետխորհրդային տարածքից էներգապաշարների հիմնական մատակարար: Միաժամանակ, Իրանը ջանում է, թեեւ ապարդյուն, առաջ մղել իր տարածքով թուրքմենական եւ ղազախական գազը երկու ուղղությամբ տարանցելու նախագիծը: Առաջին ուղղությունը հարավ-արեւելք է` ապագա Իրան–Պակիստան–Հնդկաստան գազամուղի հետ հեռանկարային միացմամբ: Երկրորդ ուղղությունը` Հյուսիսային Իրանի վրայով դեպի Թուրքիա եւ այնուհետեւ Եվրոպա: Չնայած դրան, Իրանը հարեւան երկրների հետ ընդլայնում է գազային ոլորտի կոոպերացիան: Վերջերս թուրքմենական կողմի հետ 2008–2009թթ. Իրան բնական գազի մատակարարման մասին կնքվեց համաձայնագիր:

Երկրորդ. չնայած իրանական գազի ողջ գրավչությանը, ինչպես նաեւ Կենտրոնական Ասիայից Իրանի վրայով դեպի Արեւմուտք գազատարի շինարարությանը, որն, անշուշտ, ինչ-որ չափով կարող է ռուսական գազին այլընտրանք ծառայել, այնուամենայնիվ, Արեւմուտքը, քաղաքական նկատառումներով` կապված հիմնականում իրանական միջուկային ծրագրի զարգացման հետ, հրաժարվում է Իրանը դիտել որպես այլընտրանքային տարբերակ: Թեեւ առանձին եվրոպական երկրներ, օրինակ` Ավստրիան, բնական գազի մատակարարման վերաբերյալ Իրանի հետ սեպարատ համաձայնագիր կնքեցին, սակայն, ընդհանուր առմամբ, իրանական գազային նախագիծն Արեւմուտքում անտեսվում է:

Հետեւաբար, ո՛չ գազի մատակարարման ռուսական մենաշնորհը, ո՛չ իրանական գազի այլընտրանքը չեն համապատասխանում Արեւմուտքի շահերին: Եթե դա այդպես է, ապա գազի երկու խոշորագույն արտադրողների` Ռուսաստանի եւ Իրանի միավորումը միջազգային կարտելում առավել եւս չի կարող համապատասխանել այդ էներգապաշարը սպառող արեւմտյան երկրների շահերին: Այս կապակցությամբ իրանական «Աբրար» թերթը գրում է. «Արեւմուտքը չի ցանկանում, որ աշխարհում գազ արտադրող երկրները միավորվեն եւ օգտագործող երկրների առջեւ ներկայանան մեկ դեմքով: Ուստի ԱՄՆ-ն ու Եվրոպան Ռուսաստանի եւ Իրանի կողմից կարտելի ստեղծման հնարավորությունը դիտում են որպես համաշխարհային էներգամատակարարման համար երկարաժամկետ լուրջ սպառնալիք»: Ըստ թերթի, ԱՄՆ-ն ու եվրոպական երկրները համոզված են, թե իրենց հակառակորդների կողմից այդպիսի կազմակերպության ստեղծումը կհանգեցնի գազային դաշինքի ձեւավորման, որը կունենա վառ արտահայտված աշխարհաքաղաքական երանգ:

Երրորդ. արեւմտյան երկրները երկյուղում են, որ գազային OPEC-ի ստեղծման դեպքում` հաշվի առնելով գազի համաշխարհային պաշարներում Ռուսաստանի եւ Իրանի մասնաբաժինները, կազմակերպության գազային քաղաքականությունը սահմանելիս (այդ թվում նաեւ գնագոյացման հարցում)` նրանց ձայները կարող են որոշիչ լինել: Արեւմուտքը համոզված է, որ գազային OPEC-ի ստեղծման դեպքում բնական գազի գները կտրուկ կաճեն: Օրինակ, 1000մ3 հեղուկ բնական գազի գինը 265 ԱՄՆ դոլարից կարող է կտրուկ բարձրանալ մինչեւ 350 եւ նույնիսկ 400 դոլար: Նման միջազգային կարտելի ծնունդը դիտվում է որպես սպառնալիք Եվրոպական միության էներգետիկ անվտանգությանը: Արեւմուտքի մտահոգություններն անհիմն չեն, քանզի պաշարների մենաշնորը կհանգեցնի նրան, որ կարտելի անդամները միմյանց հետ չեն մրցակցի, այլ զբաղված կլինեն գնագոյացման հարցում ընդհանուր դիրքորոշման մշակմամբ: Գազային OPEC-ի հակառակորդներն ամենից շատ երկյուղում են նրանից, որ նման կազմակերպության ստեղծումը զգալի ազդեցություն կունենա աշխարհաքաղաքական գլոբալ զարգացումների վրա:

Չորրորդ. անդամությունը միջազգային գազային կարտելին Իրանին հնարավորություն կընձեռի արագորեն առաջ մղել սեփական գազային նախագծերը, ինչը հակասում է այդ երկրի հանդեպ ամերիկյան տնտեսական պատժամիջոցներին:

Չնայած միջազգային գազային կարտելի գաղափարի նկատմամբ Արեւմուտքի երկրների ակնհայտ բացասական դիրքորոշմանը, Իրանն առանձին գազարդյունահանող երկրների հետ կոոպերացիայի ուղղությամբ քայլեր է ձեռնարկում: Այն, առաջին հերթին, վերաբերում է Ռուսաստանին: Գազի «Հարավային Պարս» եւ «Հյուսիսային Ազադեգան» հանքավայրերի համատեղ շահագործման հարցի շուրջ ռուսական «Գազպրոմ»-ի հետ սկսված բանակցությունները կարելի է համարել գազային ոլորտում երկկողմանի կոոպերացիայի մեկնակետ: Բայց, ինչպես երեւում է, «Գազպրոմ»-ի գործունեությունն Իրանում դրանով չի սահմանափակվում: Ըստ Հոսեյն Նոուզարեի հայտարարության, ռուսական կողմի հետ «լուրջ աշխատանքներ են տարվում գազային համատեղ ընկերության ստեղծման ուղղությամբ»: Ս.թ. փետրվարին, «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերի Թեհրան այցի ժամանակ, «Բնական գազի փոխադրման, մաքրման եւ մարքեթինգի ուղղությամբ համատեղ գործունեության մասին» ստորագրվեց համաձայնագիր: Արեւմուտքում, որտեղ ողջունում են ֆրանսիական «Տոտալ» եւ անգլո-հոլանդական «Դատչ-Շել» ընկերությունների պատրաստակամությունը` հրաժարվել իրանական գազային նախագծերից կամ, գոնե, արգելակել դրանք, Իրանում «Գազպրոմ»-ի ակտիվացումն, անտարակույս, կարող է միայն բացասական անդրադարձ առաջացնել:

www.iimes.ru
դեպի ետ