• am
  • ru
  • en
Версия для печати
25.09.2012

ԼԵՎԻԱՖԱՆ. ԹՈՒՐՔ-ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱԳԱՆ

Руский

   

Իգոր Իգնատչենկո

Մի քանի օր առաջ ֆրանսիական կառավարությունը հայտարարել է, թե Ֆրանսիան կաջակցի Սիրիայի դեմ ուղղված գործողությանը՝ ի հեճուկս ՄԱԿ ԱԽ-ի, եթե Սիրիան քիմիական հարձակում նախաձեռնի «սիրիական ընդդիմության» դեմ։ Այս սադրանքն արդեն վաղուց է պատրաստվում։ Հայտնի է դարձել, որ Սիրիայի կառավարության դեմ պայքարող ահաբեկիչների խմբերը Լիբիայից քիմիական զենք են ստացել։ Ահաբեկիչներին թունավոր քիմիական նյութերի կիրառման վարժեցնում են թուրք հրահանգիչները Թուրքիայի տարածքում։ Խնդիրն այն է, որ գազային հարձակում կազմակերպվի խաղաղ բնակիչների դեմ, հետո այդ հանցագործությունը կվերագրվի սիրիական բանակին, և այդ ամենը Սիրիայում օտարերկրյա ռազմական միջամտության առիթ կսարքվի։

Մինչև ԱՄՆ-ում նոյեմբերյան նախագահական ընտրությունները Սիրիայի հնարավոր անկումը կսրի Թուրքիայի և Իսրայելի առանց այդ էլ լարված հարաբերությունները։ Եվ ամեն ինչի մեղավորը Լևիաֆանն է։ Այսպես է կոչվում նավթագազային հանքավայրերի խումբն Արևելյան Միջերկրածովում, որոնք հայտնաբերվել են 2010թ. վերջին Noble Energy ամերիկյան ընկերության կողմից։ Հանքավայրերի այդ խմբի մեջ են մտնում ինչպես արդեն հետազոտված և հաստատված իսրայելական Լևիաֆան, Թամար և Դալիթ, այնպես էլ հունական ծովային գոտու հեռանկարային «Հերոդոտոս», Եգիպտոսի և Կիպրոսի ծովային գոտու հանքավայրերը։ Լևիաֆան խմբի նավթի պաշարների ընդհանուր գնահատականը, U.S. Geological Survey ամերիկյան երկրաբանական ծառայության տվյալներով, կազմում է 54-174 մլրդ բարել։ Միջին գնահատականը, արդեն հաստատված պաշարների հաշվառմամբ, կազմում է 90 մլրդ բարել։

Վաշինգտոնի մերձավորարևելյան քաղաքականության ինստիտուտի, Ամերիկա-իսրայելական հանրային կապերի կոմիտեի ուղեղային կենտրոնի տվյալներով՝ Միջերկրական ծովի ավազանը գազի զգալի պաշարներ է պարունակում, և դրանց առավել մեծ մասը գտնվում է Սիրիայում։ «Սիրիան՝ գազային պատերազմի կենտրոն Մերձավոր Արևելքում» հոդվածում սիրիացի աշխարհաքաղաքագետ Իմադ Ֆավզի Շուեյբին գրում է. «Երբ Իսրայելը 2009թ. սկսեց նավթ և գազ արդյունահանել, պարզ դարձավ, որ խաղի մեջ է մտցվել ողջ Միջերկրածովյան ավազանը և որ կա՛մ Սիրիան կդառնա հարձակման օբյեկտ, կա՛մ ողջ տարածաշրջանը կապրի խաղաղության մեջ, քանի որ ընդունված է կարծել, թե 21-րդ դարը կդառնա մաքուր էներգիայի դար... Սիրիական գազային գաղտնիքի բացահայտումը թույլ է տալիս ըմբռնել Սիրիայի վրա արված դրույքի ողջ մասշտաբայնությունը։ Ով վերահսկի Սիրիան, նա էլ կվերահսկի ողջ Մերձավոր Արևելքը։ Եվ Սիրիայից՝ Մերձավոր Արևելքի դարպասներից հետո նա կստանա «այն տան բանալին, որը կոչվում է Ռուսաստան», ինչպես արտահայտվում էր Եկատերինա II կայսրուհին, ինչպես նաև Չինաստանի բանալին Մեծ մետաքսե ճանապարհով։ Այսպիսով, նա ձեռք կբերի աշխարհը կառավարելու կարողություն, որովհետև այս դարը Գազի դար է... Հենց այս պառճառով էլ դամասկոսյան համաձայնագիրը ստորագրող կողմերը, որով թույլատրվում է, որ իրանական գազն անցնի Իրաքով և Միջերկրական ծով դուրս գալու հնարավորություն ունենա, և որը նոր աշխարհաքաղաքական տարածություն է բացում ու կտրում Նաբուկկո նախագծի կյանքի գիծը, դրանով իսկ հայտարարեցին, որ «Սիրիան նոր դարաշրջանի բանալին է»։

Անգամ այն բանից հետո, երբ Սիրիան՝ Արևելյան Միջերկրածովի հանքավայրերի մի մասի հավակնորդներից մեկը, խաղից դուրս բերվի, Թուրքիայից և Իսրայելից բացի դրանց հանդեպ չեն դադարի հավակնություններ ունենալ Կիպրոսը, Լիբանանը, Պաղեստինը և Հունաստանը։ Սրանք բավական թույլ հավակնորդներ են Թուրքիայի և Իսրայելի համեմատ, այսինքն՝ հիմնական պայքարը կընթանա հենց այս երկու երկրների միջև։ Այստեղ մեծ ակտիվություն են ցուցաբերում ամերիկյան ընկերությունները։ Այսպես, Noble Energy ընկերության շահերը, որն արդեն հաջողությամբ իրականացնում է հորատման աշխատանքներ իսրայելական և հունական օֆշորային ջրերում, լոբբավորում են ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը և շատ հավանական է՝ նրա կինը՝ ԱՄՆ ներկայիս պետքարտուղարը։ Հիլարի Քլինթոնն Աթենքում էր 2011թ. հուլիսին հենց նրա համար, որ հունական կառավարությունն ընդունի հեռանկարային հանքավայրերի բաժանման ամերիկյան տարբերակը։ Եթե հավատանք հույն քաղաքագետ Արիստոտել Վեսիլակիսի զեկույցին, որը լույս է տեսել 2011թ. հուլիսին, ԱՄՆ կառավարությունը խիստ հետաքրքրված է նավթագազային հանքավայրերի մշակումից ստացվելիք եկամուտների բաժանման հարցով և կուզենար, որ Noble Energy Company–ն ստանար գործարքի առյուծի բաժինը՝ 60%, իսկ Հունաստանը և Թուրքիան սահմանափակվեն եկամուտների 20-ական տոկոսով։

Լևիաֆանն առասպելական ծովահրեշ է, որը լուրջ լարվածություն է ստեղծում Արևելյան Միջերկրածովում։ Թուրքիայի կառավարությունում Եվրամիության գործերով նախարար Էգեմեն Բաղըշը հայտարարել է, որ եթե Կիպրոսի կառավարությունը որոշի հետախուզական հորատումներ կատարել, Թուրքիան պատրաստ է ռազմական գործողություն իրականացնել Միջերկրական ծովում։ Թուրքական իշխանությունները հայտարարել են նաև, որ եթե Հունաստանը շարունակի հորատումներն Էգեյան ծովում, Անկարան դա կընկալի որպես պատերազմի հայտարարում։

Եթե ավելի վաղ՝ 1998-2009թթ., ամեն տարի ամերիկա-թուրք-իսրայելական եռակողմ ռազմածովային զորավարժություններ (Reliant Mermaid) էին անցկացվում, ապա 2010-ին, Լևիաֆան հանքավայրի հայտնաբերումից հետո, Թուրքիան հրաժարվել է մասնակցել դրանց։ Այս համատեքստում այնքան էլ տարօրինակ չեն թվում Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունների վատթարացումը և Գազայի հատված Ազատության նավատորմիկի ուղարկումը։ Զգացվում է, որ էներգետիկ վեճը սրվում է, և Թուրքիան հանձին Իսրայելի տեսնում է իր ուղղակի մրցակցին տարածաշրջանում, որտեղ գերիշխող լինելն անիմաստ է առանց էներգետիկ և ջրային ռեսուրսների տիրապետման։ Բնական պաշարների և դրանց բաշխման վերահսկողությունը կարող է Անկարային գերիշխող դարձնել ողջ արաբական աշխարհում, ինչին այդպես ձգտում է Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունը։

ԱՄՆ-ը և Իսրայելը թուրքական իշխանությունների գործողություններին պատասխանեցին հույն զինվորականներին հրավիրելով, որոնք զբաղեցրին թուրքերի տեղը։ Զորավարժություններն ստացան NobleDina անվանումը և անցկացվեցին 2011թ. ապրիլին հունական Կաստելորիզո կղզու ափերին, որը գտնվում է Թուրքիայի հարավային ափից մոտ երկու կիլոմետր հեռավորության վրա։ Փոխվել է նաև զորավարժությունների սցենարը. այժմ խոսքը վերաբերում է թշնամական ուժերի հարձակումից բնական գազի, նավթապլատֆորմների արդյունահանման ենթակառուցվածքի պաշտպանությանը։ Հետաքրքիր մանրամասն. այդ զորավարժություններում օգտագործվում էին սուզանավեր, բայց ստորջրյա նավատորմ, որը կարող է սպառնալ Արևելյան Միջերկրածովի գազահանքերին, ունի միայն Թուրքիան։

2012թ. մարտ-ապրիլին տեղի ունեցան NobleDina–ի նոր զորավարժություններ, որոնց մասնակցում էին Իսրայելի և Հունաստանի ՌԾՈւ-ն և ՌՕՈւ-ն՝ ԱՄՆ ՌԾՈւ Վեցերորդ նավատորմի հետ համատեղ։ Զորավարժությունները մեկնարկեցին Կրետե կղզու ԱՄՆ ռազմական ավիաբազայում, այնուհետև շարունակվեցին Կիպրոսի հարավային ափերին և ավարտվեցին իսրայելական տարածքային ջրերում՝ Հայֆայի մոտ։ Զորավարժությունների գոտում էին հայտնվել Կրետե կղզու շելֆը, որը վիճարկում է Անկարան, և Իմիա ու Կարդատ անմարդաբնակ կղզիները, որոնք գտնվում են Թուրքիայի հետ սահմանից տասը կիլոմետր հեռավորության վրա։

Հունական Defensenet կայքի տեղեկատվությամբ՝ այդ զորավարժություններում հակառակորդի ավիացիան թուրքական ՌԾՈւ-ին համարժեք բնութագրեր ուներ։ Բացի այդ, սցենարը ենթադրում էր գրոհի հակադարձում նավթի ու բնական գազի արդյունահանման ծովային պլատֆորմում։ Շատ կարևոր էր այն, որ զորավարժությունների շրջանը գտնվում էր անմիջապես Թուրքիայի ափերի և Կիպրոսի հարավային ափի հարևանությամբ։ Այսպիսով, Արևելյան Միջերկրածովում ստեղծվում էր դիմակայության նմանակում մի կողմից՝ Թուրքիայի, մյուս կողմից՝ ԱՄՆ-ի, Իսրայելի և Հունաստանի միջև։ Զորավարժությունների սցենարով, որտեղ որպես պայմանական հակառակորդ նշվում էր հենց Թուրքիան, նախատեսվում էր թուրքական սուզանավերի և ավիացիայի հարձակում Կիպրոսի շելֆի գազահանքերի վրա։ Հարձակումը պետք է հետ մղեին հունական ականակիրն ու սուզանավը, ինչպես նաև մարտական ինքնաթիռներն ու ուղղաթիռները։ Իսրայելի ՌՕՈւ-ն, իր հերթին, իրականացնում էր շելֆի օբյեկտների և ցամաքային ենթակառուցվածքի պաշտպանության մարտավարությունը սուզանավերի հրթիռային և տորպեդային հարվածներից, ինչպես նաև հղկում էին օդային մարտի տեխնիկան հավանական հակառակորդի ինքնաթիռների, այսինքն՝ Թուրքիայի դեմ։

2012թ. NobleDina–ի զորավարժությունները որակական նոր աստիճանի հասան։ Դրանք դարձան ավելի մասշտաբային և երկարատև։ Հասկանալով Թուրքիայի հետ առճակատման անխուսափելիությունը՝ Թել Ավիվը սկսեց Աթենքը և Նիկոսիան դիտարկել որպես տարածաշրջանային դաշնակիցներ՝ նրանց հետ համագործակցություն հաստատելով ռազմական ոլորտում։ Այդ զորավարժությունները ոչ երկիմաստորեն ակնարկում էին Թուրքիային, որ Իսրայելը կդիմի գործողությունների, եթե տարածաշրջանային հակամարտությունը սրվի։ Ի պատասխան NobleDina–ի զորավարժությունների՝ Թուրքիան կազմակերպեց սեփական զորավարժություններ «Անատոլիական արծիվ» անվամբ՝ գործի դնելով Միջերկրական ծովում հանգրվանած նավերը և երեք ականակիր, սուզանավ, ինչպես նաև երկու տորպեդանավակ ուղարկեց Կիպրոսի տնտեսական գոտի։ Դատելով սրանից՝ Անկարան ընդունել է «մարտահրավերը», և նրան ձեռնտու է որոշակի լարվածությունը հարավային հարևանի հետ հարաբերություններում։

Մինչդեռ Իսրայելը մտադիր է ստորջրյա գազատար անցկացնել, որն իսրայելական Լևիաֆանից Կիպրոսի ջրերով կձգվի մինչև մայրցամաքային Հունաստան, որտեղից գազը կարելի կլինի վաճառել եվրոպական շուկայում։ Կիպրոսի և Իսրայելի կառավարություններն արդեն պայմանավորվել են իրենց տնտեսական համապատասխան գոտիների սահմանների շուրջ՝ Թուրքիային թողնելով խաղից դուրս վիճակում։ Իսրայելի և Հունաստանի, ինչպես նաև Կիպրոս կղզու հունական մասի հարաբերությունների լավացումը լրջորեն անհանգստացնում է թուրքական կառավարությանը, որը վերջին իրադարձությունների համատեքստում կարող է կորցնել իր «հատուկ» դերը Մերձավոր Արևելքում։

Թուրք-իսրայելական հարաբերությունները զգալիորեն սրող լուրջ խնդիր է նաև Մերձավոր Արևելքի ջրի ռեսուրսների բաշխման հարցը։ Եվ Սիրիան գտնվում է խմելու ջրի պաշարներին տիրելու վեճերի հենց կենտրոնում։ Մի կողմից՝ Սիրիան սահմանային ջրային վեճ ունի Իսրայելի հետ Գոլանի բարձունքների ջրի պաշարների օգտագործման հարցի հետ կապված։ Մյուս կողմից՝ սիրիա-թուրքական հարաբերությունները բարդանում են երկու երկրների միջև Եփրատի ջրերի բաշխման հարցով։ Այսպես, արդեն 1990թ. սկզբին Թուրքիայի և Սիրիայի հարաբերությունները ծայրաստիճան շիկացած էին, քանի որ այդ թվականի հունվարին թուրք հիդրոտեխնիկները Աթաթյուրքի ամբարտակի ջրամբարը լցնելու համար մեկ ամսով փակել էին Եփրատի ջրհոսը դեպի Սիրիա, ինչը հանգեցրել էր այն բանին, որ ցամաքել էր սիրիական արհեստական Էլ-Ասադ լիճը Հալեպ քաղաքի մոտ։

Անկարան ջրի ռեսուրսների վերահսկողությունը դիտարկում է որպես պետության ապագա հզորության առանցքային տարր։ Թուրք գեներալները բացահայտ հայտարարում են, թե ամբարտակներ կառուցելով և գետերի ջրհոսն արաբական երկրներ վերահսկելով Թուրքիան կկարողանա վերահսկել ողջ արաբական աշխարհը։ Այդ նպատակով թուրքական իշխանություններն իրականացնում են ծավալուն «Հարավարևելյան Անատոլիայի նախագիծը» («ՀԱԱ նախագիծ»), որը գնահատվում է $32 մլրդ և նախատեսում է 22 ամբարտակի, 19 խոշոր հէկ-ի կառուցում և ոռոգելի հողերի մակերեսի ավելացում 1,7 մլն հեկտարով։ «ՀԱԱ նախագծի» իրականացման արդյունքում Թուրքիան հույս ունի լիովին լուծել ազգային պարենային հիմնախնդիրը, իսկ այդ ընթացքում «ՀԱԱ նախագծի» իրականացումն արդեն ամենամոտ ժամանակներս 50%-ով կկրճատի դեպի Սիրիա ջրհոսը։

Միևնույն ժամանակ, Թուրքիան կարող է ապահովել ջրային ռեսուրսների վերահսկողությունը միայն այն դեպքում, եթե վերահսկի Քրդստանը։ Նա, ով վերահսկում է Հյուսիսային Քրդստանը, վերահսկում է Վերին Միջագետքի ջրային ռեսուրսները, նշանակում է՝ գերիշխում է ողջ Միջագետքի վրա։ Այս համատեքստում հասկանալի է Անկարայի ձգտումը՝ զավթել Սիրիայի հյուսիսային հատվածը Սիրիայի Արաբական Հանրապետության դեմ միջազգային ինտերվենցիայի դեպքում։ Սակայն կհամաձայնի՞ արդյոք թուրքերի նման գործողություններին Իսրայելը, որը նույնպես շահագրգռված է տարածաշրջանի խմելու ջրի վերահսկողությամբ։ Ամեն դեպքում ապագայում, հատկապես սիրիական ռեժիմի անկման պարագայում, թուրք-իսրայելական հարաբերություններն էապես կփչանան։

http://www.rodon.org/polit-120906102441

«Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 9, 2012

դեպի ետ