• am
  • ru
  • en
Версия для печати
31.07.2008

ԿԱՍՊԻՑ ԾՈՎԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ

   

Արմեն Մանվելյան

Caspian sea (medium)Կասպից ծովի ավազանում նավթի և գազի պաշարների մասին հարցը, թերևս, ռազմավարական նշանակություն ունի թե՛ տարածաշրջանի երկրների և թե՛ իրենց ազդեցության տարածման համար պայքարող տերությունների համար: Աշխարհի այս կամ այն տարածաշրջանը տերություններին հետաքրքրում է մի քանի պատճառով, օրինակ՝ աշխարհագրական դիրքի առումով, կամ, ասենք, էներգակիրների պաշարների առատությամբ: Հարավային Կովկասը և Կասպից ծովի ավազանն այս առումով յուրահատուկ են, քանի որ վերը նշված երկու չափանիշներով էլ համապատասխանում են գերտերությունների քաղաքական շահերին: Հարավային Կովկասն աշխարհագրական դիրքով խաչմերուկ է Եվրոպայի և Ասիայի համար, բացի դրանից, Արևմուտքի համար այն ելք է դեպի նավթով և գազով հարուստ Կասպից ծովի ավազան ու Կենտրոնական Ասիա: Նկատենք, որ Կենտրոնական Ասիան նույնպես աշխարհագրական դիրքով հետաքրքրիր է ԱՄՆ-ի համար, քանի որ միակ տարածաշրջանն է, որը սահմանակից է այն երկրներին, որոնք հետագայում կարող են դառնալ թիվ 1 գերտերության` ԱՄՆ մրցակիցները: Հնարավոր մրցակիցներն են Չինաստանը, Հնդկաստանը և Ռուսաստանը: Այս երկրները թե՛ իրենց տարածքներով և թե՛ մարդկային ռեսուրսով ու տնտեսական հնարավորություններով լուրջ վտանգ են ներկայացնում ԱՄՆ-ի` թիվ 1 գերտերություն կոչվելու մենաշնորհին: Հասկանալի է, որ վերջինս դեռ երկար կպահպանի գերհզորությունը, սակայն հնարավոր մրցակիցների դեմ պայքարելու համար արդեն այսօր քայլեր են կատարվում և փորձ է արվում վերահսկողություն սահմանել այն տարածքների վրա, որոնցով կարելի է հետագայում վերահսկել ողջ տարածաշրջանը:

Եվ այսպես, Հարվային Կովկասը հետաքրքրում է իր աշխարհագրական դիրքով՝ որպես խաչմերուկ և ելք դեպի Կասպից ծով ու Կենտրոնական Ասիա: Իսկ այս տարածաշրջանների հիմնական ու միակ հարստությունը նավթն ու գազն է, և հետևաբար՝ նա ով կվերահսկի այդ հարստության արդյունահանումը և արտահանումը, նա էլ կվերահսկի ողջ տարածաշրջանը: Եվ այսպես, Կասպից ծովի ավազանին տնտեսական ու նաև քաղաքական հետաքրքրություն տալու համար կարևոր էր պատասխանել այն հարցին, թե որքան նավթ և գազ կա:

Նկատենք, որ այս հարցի վերաբերյալ երկար տարիներ տարբեր կարծիքներ են եղել տարածաշրջանի երկրաբանական հետազոտությունների արդյունքների գաղտնիության կամ դրանց բացակայության պատճառով: Հետևաբար, ինչքա՞ն նավթ և գազ կա Կասպից ծովի ավազանում հարցի պատասխանը, կարելի է ասել, ռազմավարական նշանակություն ուներ թե՛ տարածաշրջանի երկրների և թե՛ տերությունների ու նրանց շահերի շրջանակներում գործող նավթային ընկերությունների համար:

Նավթի պաշարները Կասպից ծովի ավազանում: ԽՍՀՄ քայքայումից և նորանկախ պետությունների ստեղծումից հետո այս հարցը ռազմավարական բնույթ ստացավ, քանի որ դրա պատասխանից էր կախված, թե ինչքանով են միջազգային նավթային ընկերությունները շահագրգռված տարածաշրջանով: Խորհրդային կայսրության քայքայումից հետո առաջ եկած Կասպյան նոր երկրները`Ադրբեջանը, Ղազախստանը և Թուրքմենստանը, նավթային ընկերությունների համար գրավիչ դառնալու համար, տարբեր հայտարարություններ էին անում՝ տարածաշրջանը կոչելով նոր Պարսից ծոց, հայտարարելով, որ այդ ծովի ընդերքում է կենտրոնացած նավթի համաշխարհային պաշարների մոտ 15 տոկոսը1՝ փորձելով գոնե թղթի վրա մրցակցել արաբական նավթի հետ: Եվ թեև սկզբնական շրջանում այս հարցի կոնկրետ պատասխանը չկար, սակայն մի շարք նավթային ընկերություններ արդեն աշխատում էին նավթով հարուստ շրջաններում: Օրինակ, ամերիկյան նավթային հսկա Chevron-ի գործունեությունը Ղազախստանի Թենգիզ նավթային շրջանում սկսվել էր դեռ Խորհրդային Միության տարիներին, իսկ բանակցություններն այս հարցի շուրջ սկսվել էին դեռ 1990թ.: ԽՍՀՄ քայքայումից հետո այն շարունակվեց, և 3 տարի անց 1993թ. տարածաշրջանում ստեղծվեց ամերիկյան նավթային հսկայի` Chevron-ի և Ղազախստանի կառավարության առաջին նավթային համատեղ ձեռնարկությունը2: Գործարքի ընդհանուր արժեքը 20 մլրդ դոլար էր (ամենամեծն այն ժամանակ): Թենգիզի նավթային շրջանը, որը հայտնաբերվել էր դեռ 1970-ական թթ., ըստ մասնագետների՝ 6-9 մլրդ բարել նավթ էր պարունակում, և համաձայն Ղազախստան-Chevron պայմանագրի՝ այն 40 տարով հանձնվում էր համատեղ ընկերության շահագործմանը: Սակայն պետք է նկատել, որ չնայած ղազախների այս հաջողությանը, միջազգային նավթային ընկերությունները բավական զգուշությամբ էին վերաբերվում տարածաշրջանին՝ չշտապելով ներդրումներ կատարել: Նման իրավիճակը բացատրվում էր ոչ միայն տարածաշրջանում առկա բազմաթիվ հակամարտություններով, էներգակիրների փոխադրման խնդիրներով, այլ նաև այն փաստով, որ մինչև վերջ հասկանալի չէր, թե էներգետիկ ինչ պաշարներ կան Կասպից ծովի ավազանում: Ամերիկյան մասնագետները դեռ ԽՍՀՄ գոյության տարիներին համարում էին, որ Կասպից ծովի ավազանը մոտ 27.5 մլրդ տոննա3 նավթի պաշարներ ունի: Նշենք նաև, որ գնահատականները Կասպից ծովի ավազանում նավթի և ընդհանրապես էներգակիրների առկայության մասին իրարից բավական տարբերվում էին: Օրինակ, 1970-ական թթ. կարծիք կար, թե այդ տարածաշրջանի նավթի պաշարները չեն գերազանցում 10-11 մլրդ բարելը4, ինչը կազմում էր համաշխարհային նավթի ծավալների մոտ 1 տոկոսը: Ըստ ԽՍՀՄ Երկրաբանության նախարարության և Պաշարների պետական հանձնաժողովի տվյալների՝ Կասպից ծովի նավթային պաշարները կազմում էին մոտ 4.5 մլրդ տոննա, գազինը՝ մոտ 6.8 տրիլիոն խմ5: Փոքր թիվ չէ. ըստ ԽՍՀՄ Երկրաբանության նախարարության, դրանք հիմնականում կուտակված էին Ղազախստանի և Թուրքմենստանի ափամերձ շրջաններում: Ադրբեջանի նավթային պաշարների հիմնական մասը կենտրոնացված է Ազերի- Չիրաք-Գյունեշլի նավթադաշտում, որը հայտնաբերվել էր անցած դարի 80-ական թվականներին: Ըստ ԽՍՀՄ Պետպլանի՝ այս նավթահորերը պետք է շահագործվեին 2010-2020թթ.:

Նկատենք, որ նավթի շահագործման տեսակետից Ադրբեջանը շատ ավելի առաջ է անցել հարևան երկրներից: Սա բացատրվում է նրանով, որ Կասպից ծովի ափամերձ մյուս երկրներում, ի տարբերություն Ադրբեջանի, նավթարդյունաբերությունը շատ ավելի ուշ է սկսել զարգանալ, հետևաբար՝ այդ երկրների պաշարները, ըստ փորձագետների, ավելի հեռանկարային են: Օրինակ, հայտնի է, որ Ադրբեջանում նավթարդյունաբերության ողջ պատմության ընթացքում արդյունահանվել է մոտ 1 մլրդ 462 մլն տոննա նավթ և 380 մլրդ խմ գազ6: Հավանաբար, նավթի ու գազի նման աննախադեպ շահագործման փաստով է բացատրվում այն, որ չնայած վերջին տարիներին Կասպից ծովի ադրբեջանական հատվածում ներդրվել է մոտ 15 մլրդ դոլար գումար, սակայն նավթային նոր պաշարներ հայտնաբերել այդպես էլ չի հաջողվել: Բացառություն է, թերևս, Շահ-Դենիզ գազի հանքավայրը, որն անկախ Ադրբեջանի պատմության ընթացքում հայտնաբերված միակ հեռանկարային հանքավայրն է։ Սակայն վերջինը միայն գազի նշանակալի պաշարներ է պարունակում և այդ առումով է հետաքրքիր ներդրողների համար:

Եվ այսպես, Կասպից ծովի էներգետիկ պաշարները զգալի են, չնայած լրջորեն զիջում են Պարսից ծոցի պաշարներին: Ըստ ռուսական աղբյուրների՝ Կասպից ծովի ադրբեջանական հատվածում կենտրոնացած է 850-870 մլն տոննա նավթ և մոտ 0.45 տրիլիոն խմ գազ, Ղազախստանի ափամերձ շրջանում այդ թիվը համապատասխանաբար կազմում է 2 մլրդ 150 մլն տոննա նավթ և 1.455 տրիլիոն խմ գազ: Ղազախստանի նավթային հիմնական պաշարները կենտրոնացած են Թենգիզ-Կորոլևսկոյե և Կարաչիգանակ կոչվող նավթադաշտերում: Ըստ շատ մասնագետների՝ բավական հեռանկարային են նաև ևս 13 հանքեր, որոնք գտնվում է Կզըլորդինսկի և Ջեսկազգանի շրջաններում:

Ինչ վերաբերում է Կասպից ծովի ռուսական հատվածին, ապա ըստ «Լուկօյլ» ընկերության փոխնախագահ Անատոլի Նովիկովի՝ այդ հատվածի կանխատեսելի պաշարները կազմում են մոտ 1.6 մլրդ տոննա նավթ և 3.08 տրիլիոն խմ գազ7: Ըստ Նովիկովի՝ արդեն 2004-2005թթ. նախատեսվում էր արդյունահանել 4 մլն տոննա նավթ և 10 մլրդ խմ գազ։ Արդյունահանման այս տեմպերը հնարավոր կլինի պահպանել մոտակա 15-20 տարիների ընթացքում, իսկ 2016-2018թթ. նավթի արդյունահանման ծավալները հնարավոր կլինի հասցնել տարեկան 50 մլն տոննայի: Սակայն նկատենք, որ Ռուսաստանի Դաշնության Տնտեսության զարգացման նախարարությունը չի կիսում «Լուկօյլի» ղեկավարի լավատեսությունը՝ այդ թվերը համարելով չափազանցված: Ըստ ռուս տնտեսագետ, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Յուրի Ալեքսանդրովի՝ չնայած տարբեր հրապարակումներին, Կասպից ծովի ղազախստանյան, ռուսաստանյան, ադրբեջանական, թուրքմենական և իրանական հատվածներում նավթի առկայության մասին վերջնական հավաստի տվյալներ գոյություն չունեն: Ալեքսանդրովի կարծիքով՝ քիչ թե շատ պարզ է իրավիճակը Ղազախստանի ափամերձ շրջանում, որտեղ և հիմնականում, վերջին տասնամյակում, հայտնաբերվել են նավթի և գազի նորանոր հանքավայրեր, ինչը չես ասի ծովի մյուս շրջանների մասին: Ի դեպ, Ղազախստանի ափամերձ շրջանում հայտնաբերվեց նավթի ամենախոշոր հանքավայրերից մեկը՝ Կաշագանյանը, որն իր ծավալներով զիջում է միայն Սաուդյան Արաբիային պատկանող մի քանի հանքավայրերի, իսկ ընդհանրապես համարվում է, որ սա վերջին 30 տարիների ընթացքում աշխարհում հայտնաբերված ամենամեծ նավթավայրն է:

1Морские и нефтегазовые проекты, География бизнеса: Северный Каспий, № 2 / 2006 www.mnpglobal.com/journal/2006_2/34

2Rosemarie Forsythe., The Politics of Oil in the Caucasus and Central Asia www.treemedia.com/cfrlibrary/library/background/forsythe.html

3Бутаев А., Каспий: зачем он Западу? www.caspiy.net  www.caspiy.net/dir3/west/6.html

4R.Hrair Dokmejian & Hovann H. Simonian., Troubled Waters.The Geopolitics of The Caspian Region.New York 2001, p.29.

5Леонид Левицкий, Каспий: удастся ли России охранить влияние на “русском море”.

6"Нефтегазовая Вертикаль", №8/2006.

7Юрий Александров, Каспий как незрелое яблоко раздора, Нефтяная геополитика www.politcom.ru/2002/p_neft19.php


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր