ԷՆԵՐԳԵՏԻԿ ԳՈՐԾՈՆԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ` ՎԵՐՋԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ
Վրաստանի ռազմական գործողությունները Հարավային Օսիայի դեմ եւ Ռուսաստանի կոշտ հակահարվածը լուրջ ազդեցություն կարող են ունենալ Հարավային Կովկասում իրականացվող էներգետիկ նախագծերի վրա։ Ստորեւ ներկայացնում ենք մեր դիտարկումները տարածաշրջանային էներգետիկ ծրագրերի վրա ճգնաժամի հնարավոր ազդեցության վերաբերյալ։
Բաքու–Ջեյհան
Օգոստոսի 8-ին սկսված վրաց-ռուսական ռազմական բախման` էներգետիկ քաղաքականության տեսակետից ամենամեծ հետաքրքրություն ներկայացնող խնդիրը Բաքու–Ջեյհան նավթատարի գործունեության հետ է կապված։ Բավական անհասկանալի ձեւով, պատերազմն սկսվելուց 3 օր առաջ` օգոստոսի 5-ին, պայթյուն տեղի ունեցավ Բաքու–Ջեյհան նավթատարի թուրքական հատվածում։ Արդեն օգոստոսի 6-ին քրդական աշխատավորական կուսակցությունը հայտարարեց, որ ինքն է պայթյունի կազմակերպիչը եւ իր քայլը բացատրեց հետեւյալ կերպ. «Մենք գտնում ենք, որ Թուրքիայի տնտեսական ռեսուրսների դեմ ուղղված նման գործողությունները, զսպիչ նշանակություն պետք է ունենան Թուրքիայի համար այն պատերազմում, որը նա մղում է քրդական ժողովրդի վերացման նպատակով»։
Ուշագրավ է այն փաստը, որ թուրքական ՆՏՎ հեռուստաընկերությունը, հղում կատարելով թուրքական ոստիկանության իր աղբյուրների վրա, նշում է, որ ահաբեկչությունն ընդհանրապես չի դիտարկվում որպես պայթյունի պատճառ, քանի որ առկա են նավթատարի աշխատանքի խափանման ակնհայտ տեխնիկական պատճառներ։ Սակայն արդեն օգոստոսի 7-ին թուրքական ԶԼՄ-ն հանդես են գալիս ահաբեկչության հետ կապված վարկածի մասին հայտարարություններով, որոնք չեն հերքվում թուրքական իշխանությունների կողմից։
Ինչեւէ, ամենակարեւորն այն է, որ ռուս-վրացական փաստացի պատերազմից 3 օր առաջ Ադրբեջանը կասեցնում է նավթի արտահանումը Բաքու–Ջեյհան նավթատարով։ Սա կարող է հասարակ զուգադիպություն լինել, սակայն հնարավոր է, որ ոչ այնքան պարզ պատճառներով տեղի ունեցած պայթյունը ստիպեց դադարեցնել նավթամուղի գործունեությունը եւ հնարավորություն տվեց Թուրքիային ու Ադրբեջանին տարանջատել նավթամուղի աշխատանքը Վրաստանի տարածքում ծավալված պատերազմական գործողություններից։
Ուշադրության է արժանի նաեւ այն հանգամանքը, որ ռուսական ռազմուժը, որը պատերազմի առաջին օրերին լուրջ հարված հասցրեց ոչ միայն վրացական ռազմական օբյեկտներին, այլ նաեւ տնտեսական ենթակառուցվածքին, խուսափեց հարվածել Բաքու–Ջեյհան նավթատարին, որն, անկասկած, Վրաստանի տնտեսական հզորության կարեւորագույն օղակներից մեկն է։ Դժվար է բացատրել ռուսական կողմի այս քայլը, սակայն թուրքական կողմի ավելի քան հավասարակշռված մոտեցումը ռուս-վրացական առճակատմանը կարող է հուշել այն մասին, որ Մոսկվայի եւ Թբիլիսիի հնարավոր բախման դեպքում Բաքու–Ջեյհան նավթատարի անվտանգության մասին ռուս-թուրքական պայմանավորվածություններ են եղել։ Այս դեպքում Թուրքիայի տարածքում նավթատարի պայթյունը, հնարավոր է, նավթամուղի անվտանգությունն ապահովելուն ուղղված մի քայլ է եղել, քանի որ փաստացի հենց այդ պայթյունը պատերազմի օրերին կասեցրեց նավթի արտահանումը եւ բացառեց վրացական կողմից նավթատարի վրա դիվերսիաներ իրականացնելու հնարավորությունը, որոնց մեղավոր պետք է ներկայացվեր ռուսական կողմը։
Բաքու–Էրզրում եւ Տրանսկասպյան գազատարներ
Բաքու–Էրզրում գազատարը պատերազմի օրերին տեխնիկապես եւ ֆիզիկապես բոլորովին չվնասվեց եւ շարունակեց կայուն գործունեությունը։ Սակայն պատերազմի եւ Վրաստանի անկայունության արդյունքում գազատարը մեծ կորուստներ կարող է կրել` կապված հեռանկարային զարգացման ծրագրերի իրականացման հետ։ Վերջին կես տարվա ընթացքում նկատվող թուրքմենա-ադրբեջանական հարաբերությունների ջերմացումը բավական լավ հնարավորություններ էր ստեղծել Տրանսկասպյան գազատարի կառուցման նախագծին Թուրքմենստանի միացման համար։ Տրանսկասպյան գազատարը մաս պետք է կազմի «Նաբուկկո» գազատարային համակարգի, որը Կասպիցի եւ Կենտրոնական Ասիայի բնական գազը զգալի ծավալներով պետք է հասցնի ԵՄ` տարանցման ճանապարհից դուրս թողնելով Ռուսաստանի տարածքը եւ ռուսական «Գազպրոմի» սեփականություն հանդիսացող գազատրանսպորտային համակարգը։
2008թ. հուլիսի սկզբին Ռուսաստանի նախագահ Դ.Մեդվեդեւի այցը Բաքու նշանավորվեց ռուսական կողմից Ադրբեջանին էներգետիկ ոլորտում նոր առաջարկության ներկայացմամբ։ Ռուսաստանը պատրաստակամություն հայտնեց ադրբեջանական գազի ողջ արտահանվող ծավալները գնել եվրոպական գներով, եթե Բաքուն որոշի դրանք վաճառել Ռուսաստանին։ Ռուսաստանի նախագահի առաջարկը ոչ միայն անսպասելի, այլ նաեւ տարօրինակ կարող է թվալ։ Բանն այն է, որ Ադրբեջանն արդեն իսկ մասնակցում է բազմամիլիարդ արժողության «Նաբուկկո» ծրագրի իրականացմանը, փաստացի գործում է Բաքու–Թբիլիսի– Էրզրում գազատարը, եւ, բացի այս ամենից, էներգետիկ գործոնը կարեւոր տեղ է զբաղեցնում Ադրբեջան–Արեւմուտք ռազմավարական երկխոսությունում։ Այս պայմաններում անհասկանալի կարող է թվալ, թե ինչու Ադրբեջանը պետք է ընդունի Ռուսաստանի` թեկուզ եւ ֆինանսապես գրավիչ, առաջարկությունը։
Սակայն իրավիճակն այսօր կտրականապես տարբերվում է նրանից, ինչ կար երկու ամիս առաջ։ Վրաստանը Ռուսաստանի հետ բախման արդյունքում ոչ միայն կորցրել է Հարավային Օսիան եւ Աբխազիան, այլեւ ձեռք է բերել պոտենցիալ եւ երկարաժամկետ կոնֆլիկտային գոտու կարգավիճակ, ինչը լուրջ վնաս է հասցնելու Թբիլիսիի կողմից վարվող էներգետիկ քաղաքականությանը։ Այսօր արդեն Ռուսաստանի առաջարկությունը Բաքվին այնքան էլ տարօրինակ չի թվում։ Այդ առաջարկությունների օգտին է խոսում նաեւ ԱՄՆ փոխնախագահ Ռ.Չեյնիի սեպտեմբերի 4-ի այցը Բաքու, որը, ինչպես նշում է ռուսական «Կոմերսանտը», հղում կատարելով Ադրբեջանի նախագահի աշխատակազմի` իր աղբյուրների վրա, տապալվել է, քանի որ Ի.Ալիեւը հրաժարվել է մասնակցել Ռուսաստանը մեկուսացնող էներգետիկ նախագծերի իրականացման ակտիվացմանը Կասպիցում։
Եվ եթե անգամ Ադրբեջանը չընդունի Մոսկվայի առաջարկությունը, միեւնույն է, վրաստանյան իրավիճակը ռուսական կողմին նշանակալից դրական ձեռքբերումներ կտա։ Դրանցից ամենակարեւորը, հավանաբար, այն է, որ թե՛ Ղազախստանը, թե՛ Թուրքմենստանը կսկսեն ավելի սառը վերաբերվել Հարավային Կովկասի տարածքով անցնող էներգետիկ տրանսպորտային ուղիներին։ Արդեն իսկ ակնհայտ երեւում են այդ սառնության դրսեւորումները։ Սեպտեմբերի 1-ին Ղազախստանի վարչապետը հայտարարեց, որ իր երկիրը կսկսի նավթ արտահանել Բաքու–Ջեյհան նավթատարով ոչ թե 2009-ից, ինչպես նախկինում ծրագրվել էր, այլ 2011–2012թթ.։ Ինչ վերաբերում է Տրանսկասպյան գազատարին, ապա դրա կառուցման նախագիծն էլ ավելի մշուշոտ է դառնում։
Որպես Վրաստանում տեղ գտած զարգացումների արդյունք պետք է դիտարկել նաեւ Իրանի դիրքերի որոշակի ամրապնդումը Կասպիցի էներգետիկ քաղաքականության ոլորտում։ Թուրքմենական կողմը համաձայնել է վերականգնել Իրանի հետ գազային համագործակցությունը, որի արդյունքում աշնանն ամբողջությամբ կվերականգնվի գազի արտահանումը Իրան եւ ապա Թուրքիա։ Իսկ սեպտեմբերի 5-ին Թուրքիայի էներգետիկայի նախարար Խ.Գյուլերը Աշգաբադում Թուրքմենստանի նախագահի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ Թուրքիան պատրաստվում է Թուրքմենստանում կառուցել մի քանի գազապահեստներ, որոնցում պետք է կուտակվեն ձմռանը Իրանի տարածքով Թուրքիա արտահանվող գազի պաշարները։
Հետեւություն
Վրաց-ռուսական հակամարտությունը, այսպիսով, դառնում է մի գործոն, որը լուրջ ազդեցություն կթողնի տարածաշրջանային էներգետիկ նախագծերի իրականացման վրա եւ կբերի ռուսական դիրքերի ամրապնդմանը Հարավային Կովկասում ու Կասպիցի շրջանում։ Սա նշանակում է վերջին տարիների ամերիկյան ձեռքբերումների տապալում եւ մատնանշում է ռուսական դիրքերի հետագա ամրապնդումը ոչ միայն այս տարածաշրջանում, այլ նաեւ ԵՄ-ում, որն էլ հենց Կասպիցի եւ Կենտրոնական Ասիայի նավթագազային պաշարների հիմնական սպառողն է։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄԸ, ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ, ԳԻՏԵԼԻՔԸ, ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼԸ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ. ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՓՈՐՁԸ[20.04.2015]
- ԻՐԱՆՆ ԱՐԴԵՆ ՇԱՀԵԼ Է ԱՄՆ-Ի ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ[15.04.2015]
- ԻՐԱՆԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ. «ՍԱՌԵՑՄԱՆ» ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ[02.02.2015]
- ՆՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ[26.05.2014]
- ԻՐԱՆ – ՀԱՅԱՍՏԱՆ ՏԱՐԱՆՑԻԿ ԳԱԶԱՄՈՒՂ (ԴԻՍԿՈՒՐՍԻ ՆԵՆԳԱՓՈԽՈՒՄ)[17.03.2014]
- ԻՐԱՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ[06.02.2014]
- «ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԿՀ ՓՈԽՏՆՕՐԵՆ ՍԵՎԱԿ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԸ` ԱՐՄՆՅՈՒԶ ԼՐԱՏՎԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԻ «ԲԱՆԱՁԵՎ» ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴՄԱՆ ՀՅՈՒՐ [23.12.2013]
- ԷԺԱՆ ԻՐԱՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՄԻՖԵՐԸ[18.12.2013]
- Ս. ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ. ՌՈՒՍԱԿԱՆ ԷԺԱՆ ԳԱԶ ՆԵՐԿՐԵԼՈՒՆ ԵՎ ՀԱԷԿ-Ի ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆԸ ԶՈՒԳԱՀԵՌ ՊԵՏՔ Է ՄՏԱԾԵԼ ԱՅԼԸՆՏՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ[09.12.2013]
- ՍԵՎԱԿ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀ ԿԱ ՄԻԱՅՆ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ[09.12.2013]
- ՄՄ–ԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԿԱՐՈՂԱՆԱ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՑԱԾՐ ՍԱԿԱԳՆԵՐ ԱՊԱՀՈՎԵԼ. ՓՈՐՁԱԳԵՏ[12.09.2013]