
ԻՐԱՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ
Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ք.գ.թ.
Իրանում ավարտված խորհրդարանական ընտրությունները, որոնք մատնանշեցին երկրի ներսում քաղաքական կայունության հաստատումը 2009-ի ընտրություններից հետո, Թեհրանի համար նպաստավոր ֆոն են ստեղծել տարածաշրջանային քաղաքականության ակտիվացման համար։ Հոդվածում անդրադարձել ենք իրանա-թուրքական, իրանա-ռուսական և իրանա-ադրբեջանական հարաբերությունների արդի հիմնախնդիրներին։
Իրան–Թուրքիա. իրաքյան գործոնը
2002-ից, երբ Թուրքիայում իշխանության եկավ Արդարություն և զարգացում իսլամամետ կուսակցությունը, հարաբերությունները Թեհրանի և Անկարայի միջև զարգացման նոր թափ ստացան։ Հարթվեց պետությունների միջև առկա քաղաքական հակասությունների մեծ մասը, Թուրքիան և Իրանը կարողացան մշակել երկուստեք շահերը հաշվի առնող «քրդական քաղաքականություն», Անկարան քայլ կատարեց դեպի Սիրիայի հետ հարաբերությունների կարգավորումը, իսկ իրանա-թուրքական տնտեսական հարաբերություններն աննախադեպ վերելք ապրեցին։ Եթե 2000-ին իրանա-թուրքական ապրանքաշրջանառության ընդհանուր ծավալը կազմում էր $1 մլրդ, ապա 2011-ին այն անցել էր 16 մլրդ-ը։
Սակայն «արաբական գարունը» և Թուրքիայի քաղաքականությունն արաբական երկրներում արդեն 2011-ին իրանա-թուրքական հարաբերություններ վերադարձրին հին խնդիրները. ակնհայտ դարձավ, որ Թուրքիան և Իրանն իրենց ցանկալի տարածաշրջանի մասին երկու հակադիր պատկերացում ունեն։ Առաջին հերթին` 3 պետությունների մասով. Իրաք, Սիրիա և Լիբանան։
Եթե Անկարայի կողմից հակաշիական ուժերին աջակցելը Լիբանանում և հակաիշխանական ուժերի աջակցությունը Սիրիայում ուղղված են այս երկրներում Թուրքիայի համար ձեռնտու քաղաքական փոփոխությունների ապահովմանը, և իրանական գործոնն այստեղ դարձել է անուղղակիորեն Թուրքիային հակազդող հանգամանք, ապա Իրաքում իրավիճակն այլ է։ Անկարայի գործողություններն Իրաքի կենտրոնական իշխանությունների դեմ Իրանի համար ուղղակի սպառնալիք են այն իմաստով, որ իրանամետ կառավարության թուլացումն ու տապալումն Իրաքում կարող են բերել Իրանի ապակայունացմանը և փակել Իրաքի միջոցով Սիրիա և Լիբանան մուտք ապահովող աշխարհագրական ու քաղաքական ճանապարհը։ Հենց իրաքյան գործոնն է դարձել Թեհրանին և Անկարային իրար դեմ լարող հիմնական պատճառներից մեկը։
Իրաքա-թուրքական հարաբերությունների սրումը վերջին ամիսների ընթացքում կապված է մի քանի հիմնական ներքին և արտաքին զարգացումների հետ։ Սիրիական ճգնաժամում Իրաքը դեռևս տարեսկզբից բռնեց Սիրիայի կենտրոնական իշխանությունների կողմը` ամեն կերպ խաթարելով ընդհանուր արաբական հակասիրիական ճակատի ձևավորման գործընթացը։ Իրաքյան իշխանություններից այլ մոտեցում սպասել չէր կարելի. Ասադի կառավարության տապալումը և իսլամիստական ուժերի հաղթանակը Սիրիայում ուղղակիորեն կբերեն հակաշիական ուժերի դիրքերի ամրապնդմանը տարածաշրջանում` Իրաքի անմիջական հարևանությամբ և կխաթարեն ուժերի հավասարակշռությունը երկրի ներսում, որի հիմքում ձևավորված դաշինքն է Իրաքի շիական և քրդական համայնքների միջև։ Թե՛ առաջինը, թե՛ երկրորդն անմիջական սպառնալիք են Թուրքիայի համար, քանի որ շիաների դեպքում առկա է անթաքույց իրանամետ մոտեցում տարածաշրջանային գործընթացների նկատմամբ, քրդերի դեպքում` Թուրքիայում քրդական գործոնի ակտիվացման հնարավորություն, որը կարող է ապակայունացնել երկրի արևելքը։ Անկարայի իրաքյան քաղաքականությունը վերջին ամիսներին ուղղված է եղել Իրաքի կենտրոնական իշխանությունների քննադատությանը և հարուստ է եղել Իրաքում իրական համերաշխության կառավարություն ստեղծելու կոչերով, որը, ըստ թուրքական մոտեցման, պետք է ներգրավի ավելի շատ ներկայացուցիչներ երկրի սուննիական և թուրքմանական համայնքներից։
Հարկ է նշել, որ Իրաքի կառավարության թուրքական քննադատությունն աջակցություն է ստանում նաև Իրաքի քրդական ինքնավարության նախագահ Մասուդ Բարզանիի կողմից, որը դեռևս մարտին հանդես եկավ հայտարարությամբ, թե պետք է փոխել կառավարական կոալիցիայի կառուցվածքը։ Ամենայն հավանականությամբ, Բարզանիի ցանկությունն է ավելի մեծ չափաբաժին ստանալ քրդական ուժերի համար Իրաքի կենտրոնական կառավարությունում, իսկ Թուրքիայի հետ համատեղ ճակատով հանդես գալը պարզապես միջոց է նման արտոնություններ ստանալու համար։ Բարզանին, որն ապրիլի 20-ին հանդիպեց Թուրքիայի վարչապետ Ռ.Թ. Էրդողանի հետ, մայիսին ավելի սաստկացրեց Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքիին ուղղված քննադատությունը։ Քրդական ինքնավստահությունն Իրաքում կարել է բացատրել մի քանի հանգամանքներով, որոնցից առաջնայինը, մեր կարծիքով, Սիրիայում տեղ գտած զարգացումներն են, որոնց անմիջական մասնակիցներն են նաև տեղի քրդերը։ Բարզանին լավ գիտակցում է, որ ապակայունացումը Սիրիայում, որի արդյունքում Իրաքի հարևանությամբ զինվում և կազմակերպվում են քրդական և սուննիական համայնքներն ու կազմակերպությունները, լուրջ սպառնալիք են Իրաքի շիական համայնքի և վերջինս ներկայացնող վարչապետ ալ-Մալիքիի համար։ Բարզանին, անուղղակիորեն, Բաղդադին «գործարք» է առաջարկում. ավելի շատ տեղեր քրդերին Իրաքի կառավարությունում` ձեր կողմից, Սիրիայից Իրաք քրդական ապակայունացման տեղափոխման խափանում` մեր կողմից։
Վերջին զարգացումներն Իրաքում խոսում են այն մասին, որ ալ-Մալիքին և շիական ուժերը, ստանալով համապատասխան աջակցություն Իրանից, նման «գործարքից» հրաժարվում են։ Էրդողան-Բարզանի հանդիպումից մեկ օր անց` ապրիլի 21-ին, Իրաքի վարչապետ ալ-Մալիքին լրագրողների հետ հանդիպման ժամանակ կտրուկ քննադատության ենթարկեց Բարզանիին, բայց առաջին հերթին` Թուրքիային։ Մալիքին նշեց, որ Անկարան «թշնամական պետություն» է, որը խառնվում է Իրաքի ներքին գործերին, «և եթե այսպես շարունակվի, Թուրքիան կդառնա ամբողջ տարածաշրջանի համար մեկ թշնամին»։ Հայտարարությունից 1 օր անց` ապրիլի 22-ին, Թուրքիայի վարչապետ Էրդողանը ալ-Մալիքիի հայտարարությունը որակեց որպես «կեղտոտ սպառնալիք», իսկ սրանից 1 օր անց` ապրիլի 23-ին, ալ-Մալիքին աշխատանքային այցով մեկնեց Թեհրան` Իրանի նախագահի հետ բանակցությունների նպատակով։ Ինչևէ, վերը նշված ժամանակագրությունն արդեն իսկ խոսուն է։ Նշենք, որ ալ-Մալիքիի` Թեհրան կատարած այցի ժամանակ ձեռք բերվեցին համաձայնություններ, որոնք կտրուկ կնվազեցնեն Իրաքի տնտեսական կախվածությունը Թուրքիայից. Իրանը խոստացավ ավելացնել ներդրումներն Իրաքի տնտեսության մեջ և խթանել ապրանքաշրջանառությունը։ Այսօր Թուրքիան Իրաքի առաջին առևտրային գործընկերն է` $11 մլրդ տարեկան շրջանառությամբ։ Իրան–Իրաք շրջանառությունը 2010-ին կազմել է $8,1, 2011-ին` $9,7 մլրդ, իսկ այս տարվա արդյունքներով այն նախատեսվում է հասցնել 12 մլրդ-ի։ Ակնհայտ է, որ Իրանի համար այսօր Իրաքի` Թուրքիայից տնտեսական կախվածության նվազեցումը խիստ կարևոր անհրաժեշտություն է, որի ապահովման համար Իրանի իշխանություններն ակտիվորեն աշխատում են։
Իրան–Ադրբեջան
Վերջին ամիսներին վատթարացել են իրանա-ադրբեջանական հարաբերությունները։ Ադրբեջանն Իսրայելից $1,6 մլրդ արժողությամբ զինատեսակներ է գնել, ինչը Թեհրանում ընդունվել է որպես քայլ` ուղղված Իրանի դեմ։ Իսրայելա-ադրբեջանական հարաբերությունները միշտ էլ առաջացրել են Իրանի դժգոհությունը, սակայն այսօր, երբ իսրայելական հնարավոր հարվածներն Իրանի միջուկային և ռազմական օբյեկտներին ստանում են իրագործման իրական ուրվագծեր, Թեհրանը սկսել է Բաքուն դիտարկել որպես իրական սպառնալիք, որը կարող է իր տարածքը տրամադրել Իսրայելին` Իրանի դեմ ռազմական գործողությունների համար։
Բաքուն նույնպես դժգոհ է Իրանից` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Թեհրանն ակտիվորեն աջակցում է Ադրբեջանի իսլամացմանը, ինչն անուղղակիորեն վտանգում է աշխարհիկ ալիևյան կլանի իշխանությունը։ Այն առաջացնում է կրոնական հասարակության դժգոհությունը ոչ միայն իր աշխարհիկության, այլ նաև բռնատիրական մենիշխանության պատճառով, ինչը հակասում է իսլամական էթիկային և կրոնաքաղաքական մշակույթին։ Վերջին տասնամյակում Ադրբեջանում աշխարհիկ ընդդիմության ջախջախումը պետության կողմից հանգեցրել է նրան, որ երկրում միակ կազմակերպված ընդդիմություն է մնացել իսլամականը, որի վերահսկումը բավական դժվար է, եթե ոչ անհնար. կրոնական կյանքն ու գործունեությունն ընթանում են ընդհատակում` անջատ քաղաքական ինստիտուտներից։ Ադրբեջանի իսլամացման ցանցային բնույթը, փաստորեն, այն մասամբ դուրս է թողնում պետության վերահսկողությունից։ Այս պարագայում Իրանի կողմից Ադրբեջանում իսլամական վերածննդին ուղղված աջակցությունն անմիջական վտանգ է ներկայացնում Բաքվի համար։
Վերջին մեկ ամսվա ընթացքում էլ ավելի սրվեցին իրանա-ադրբեջանական հարաբերությունները։ Օգտագործելով Բաքվում կայանալիք «Եվրատեսիլի» մրցույթը` իրանական տարբեր լրատվամիջոցներ սկսեցին նյութեր հրատարակել Բաքվի արևմտամետ կարգավիճակի մասին` երգի մրցույթը ներկայացնելով որպես հակաիսլամական և հակաավանդական միջոցառում։ Մի շարք լրատվամիջոցներ մրցույթը որակեցին սեռական փոքրամասնությունների շքերթ։ Իսկ մայիսին Ադրբեջանի իսլամամետ ու իրանամետ ուժերը միացան ընդդիմության հակաիշխանական հավաքներին, ինչի արդյունքում մի շարք ակտիվիստներ ձերբակալվեցին։ Արդյունքում` երկրում ներքաղաքական իրավիճակի սրումը Բաքուն կապեց Իրանի հետ, ինչի հետևանքով մայիսի 11-ին Բաքվում Իրանի դեսպանատան առջև տեղի ունեցավ հակաիրանական հանրահավաք` «Իրանի հակաադրբեջանական քաղաքականության դեմ» խորագրով։ Հանրահավաքն ամենից հակաիրանականն էր Ադրբեջանի պատմության մեջ, քանի որ դրա ընթացքում հնչեցին ոչ միայն դասական դարձած կոչեր, որ Իրանը դադարեցնի Հայաստանի հետ հարաբերությունները, այլ նաև վիրավորանքներ Իրանի պետության (հանրահավաքի ժամանակ այրվեց Իրանի դրոշը) և նրա առաջնորդ Ալի Խամենեիի հասցեին։ Արդյունքում` մայիսի 20-ին Բաքվում Իրանի դեսպանը հետ կանչվեց Թեհրան։ Համաձայն Բաքվում Իրանի դեսպանատան տարածած մամլո հաղորդագրության, դեսպան Մոհամեդ Բահրամին իսլամական սրբերին վիրավորելու հետ կապված անհրաժեշտ խորհրդակցությունների անցկացման համար է հետ կանչվել Թեհրան:
Չնայած սա արդեն բավական լուրջ սրացում է հարաբերություններում, Բաքուն, այնուամենայնիվ, չի դադարում հակաիրանական հայտարարություններ տարածել` կարծես թե չցանկանալով գնալ հարաբերությունների կարգավորման։ Այսպես, մայիսի 22-ին Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հայտարարեց. «Իրանը չի կարողանում նորմալ ընկալել մեր երկրում բազմահազար, այդ թվում` նաև իրանական զբոսաշրջիկների հայտնվելը, որոնք տեսնում են Ադրբեջանի հաջողությունները։ Մեր անկախ քաղաքականությունն անհանգստացնում է ոմանց, բայց մենք այդ քաղաքականությունը շարունակելու ենք»։ Իսկ ադրբեջանական մեջլիսի անդամ Գ.Հասանղուլիևն ավելի հեռուն գնաց և հայտարարեց, որ «համասեռամոլությունն Իրանի մշակույթի անքակտելի մասն է»։ Ըստ վերջին տպավորությունների, Բաքուն Իրանի հետ առաջացած հակասությունների հարթման համար ոչ մի բան չի անում, ավելին` փորձում է էլ ավելի սրել իրավիճակը։ Սա, գուցե, Ադրբեջանի աշխարհաքաղաքական ընտրության արտահայտումն է, որով Բաքուն Թեհրանին հասկացնում է, որ հնարավոր իրանա-իսրայելական (ամերիկյան) բախման ժամանակ իրենից բարեկամական պահվածք չակնկալի։
Իրան–Ռուսաստան
Իրանական մամուլը բավական ջերմ արձագանքեց Վլադիմիր Պուտինի՝ ՌԴ նախագահ ընտրվելուն։ Դմիտրի Մեդվեդևի ժամանակ ռուս-իրանական հարաբերությունները ճգնաժամ էին ապրում, ինչն ուղղակիորեն կապված էր Մեդվեդևի` ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացման և խորացման քաղաքականության հետ։
Վլադիմիր Պուտինի ընկալումն Իրանում և իրանական մամուլում այլ է, քան Մեդվեդևինը։ Եթե վերջինիս մասին անցած տարիներին խոսում և գրում էին կամ չեզոք, կամ էլ մեղմ քննադատական ոճով, ապա Պուտինն արժանանում է հիմնականում դրական գնահատականների։
Այսօր Իրանն ու Ռուսաստանը կանգնած են հարաբերությունների կարգավորման անհրաժեշտության առջև, ինչի ուղղությամբ առաջիկա ամիսներին և տարիներին կոնկրետ քայլեր կիրականացվեն։ Իսկ այն, որ հարաբերությունները կարգավորվելու են, ակնհայտ է` հաշվի առնելով, որ Թեհրանն ու Մոսկվան տարածաշրջանում կանգնած են միևնույն խնդիրների լուծման անհրաժեշտության առջև։ Դրանցից ամենակարևորը Սիրիայում կայունության պահպանումն է և արևմտյան ռազմական միջամտության հնարավորության վերացումը։ Այս տեսանկյունից Ռուսաստանն ու Իրանը նույն նավակում են, իսկ Արևմուտքը, արաբական աշխարհն ու Թուրքիան` այլ։ Այսօր իրանա-ռուսական հարաբերությունների կարգավորումն ուղեկցվում է մեկ այլ կարևոր գործընթացով. և՛ Մոսկվան, և՛ Թեհրանն ակտիվորեն վերանայում են իրենց «թուրքական քաղաքականությունը»։ Մայիսին Ռուսաստանի ԱԳՆ-ն երկու կոշտ հայտարարություն արեց Թուրքիայի քաղաքականության վերաբերյալ։ Առաջինը վերաբերում էր թուրքական որոշմանը` Կիպրոսի ջրային տարածքում գազահորատման աշխատանքներ սկսելու առնչությամբ, ինչը պետք է ուղեկցվեր ռազմական վարժանքներով ծովի նույն հատվածում։ Երկրորդը վերաբերում էր Ստամբուլում կազմակերպված Միջազգային կովկասագիտական կոնֆերանսին, որի շրջանակներում թուրքական կառավարության ներկայացուցիչների ներկայությամբ ընդունված հռչակագրում կոչ է արվում շարունակել «սրբազան պատերազմը Ռուսաստանի դեմ»` հանուն Կովկասի ազատագրման։
Այս ամենի արդյունքում, թերևս, կվերիմաստավորվեն իրանա-ռուսական հարաբերությունները` դրանք ավելի խորացնելու կողմնորոշմամբ։ Վլադիմիր Պուտինն արդեն մարտի 2-ին հայտարարել է, որ կանի ամեն ինչ «Իրանի դեմ ռազմական գործողությունների կանխարգելման նպատակով»։ Մարտի 4-ին Իրանի նախագահ Մ.Ահմադինեժադը զանգահարել է Վ.Պուտինին, շնորհավորել վերջինիս հաղթանակը նախագահական ընտրություններում։ Ըստ երկու պետությունների պաշտոնական հաղորդագրությունների, կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային հիմնախնդիրները` նշելով արաբական երկրներում երրորդ պետությունների ռազմական միջամտության անթույլատրելիությունը։
Ինչևէ, առաջիկա ամիսներին պարզ կլինի, թե ինչ հունով կխորանան ռուս-իրանական հարաբերությունները, սակայն դրանց կարգավորումն արդեն իսկ կասկած չի հարուցում։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄԸ, ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ, ԳԻՏԵԼԻՔԸ, ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼԸ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ. ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՓՈՐՁԸ[20.04.2015]
- ԻՐԱՆՆ ԱՐԴԵՆ ՇԱՀԵԼ Է ԱՄՆ-Ի ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ[15.04.2015]
- ԻՐԱՆԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ. «ՍԱՌԵՑՄԱՆ» ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ[02.02.2015]
- ՆՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ[26.05.2014]
- ԻՐԱՆ – ՀԱՅԱՍՏԱՆ ՏԱՐԱՆՑԻԿ ԳԱԶԱՄՈՒՂ (ԴԻՍԿՈՒՐՍԻ ՆԵՆԳԱՓՈԽՈՒՄ)[17.03.2014]
- ԻՐԱՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ[06.02.2014]
- «ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԿՀ ՓՈԽՏՆՕՐԵՆ ՍԵՎԱԿ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԸ` ԱՐՄՆՅՈՒԶ ԼՐԱՏՎԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԻ «ԲԱՆԱՁԵՎ» ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴՄԱՆ ՀՅՈՒՐ [23.12.2013]
- ԷԺԱՆ ԻՐԱՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՄԻՖԵՐԸ[18.12.2013]
- Ս. ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ. ՌՈՒՍԱԿԱՆ ԷԺԱՆ ԳԱԶ ՆԵՐԿՐԵԼՈՒՆ ԵՎ ՀԱԷԿ-Ի ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆԸ ԶՈՒԳԱՀԵՌ ՊԵՏՔ Է ՄՏԱԾԵԼ ԱՅԼԸՆՏՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ[09.12.2013]
- ՍԵՎԱԿ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀ ԿԱ ՄԻԱՅՆ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ[09.12.2013]
- ՄՄ–ԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԿԱՐՈՂԱՆԱ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՑԱԾՐ ՍԱԿԱԳՆԵՐ ԱՊԱՀՈՎԵԼ. ՓՈՐՁԱԳԵՏ[12.09.2013]