ԲԱՔՈՒՆ ՓՈՐՁՈՒՄ Է ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ԴԵՐ ՍՏԱՆՁՆԵԼ ԱՐԵՎԵԼՔ-ԱՐԵՎՄՈՒՏՔ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՄԻՋԱՆՑՔՈՒՄ
Բաքվում ավարտվեց 4-րդ էներգետիկ գագաթաժողովը, որին, ինչպես սպասվում էր, պետք է հաջորդեր անդամ երկրների համատեղ համաձայնագրի ստորագրումը, սակայն այս միջոցառումը չիրականացավ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-14-ին Բաքվում տեղի է ունեցել էներգետիկ գագաթաժողով, որին մասնակցում էին Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի, Ռումինիայի, Լեհաստանի, Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի, Թուրքիայի, Ղազախստանի, ինչպես նաև ԱՄՆ և Եվրամիության ներկայացուցիչները: Նախատեսված էր, որ այս միջոցառումը պետք է ավարտվի, այսպես կոչված, Բաքվի էներգետիկ հռչակագրի ստորագրմամբ, ինչի շուրջ, մինչ երկրների ղեկավարների ժամանումը, պետք է համաձայնության գային էներգետիկայի նախարարները, սակայն դա տեղի չունեցավ: Հաղորդվում է, որ նախարարների հավաքից միայն կես ժամ առաջ էր ադրբեջանական կողմը ներկայացրել հռչակագրի տեքստը, որը գրված է եղել անգլերեն լեզվով, ոչ հստակ ձևակերպումներով և որտեղ, այսպես կոչված, Արևելք-Արևմուտք էներգետիկ միջանցքի հիմք է համարվում արդեն գործող Բաքու-Ջեյհան նավթամուղը և Բաքու-Էրզրում գազամուղը: Հռչակագրի մեջ ոչինչ չէր ասվում Nabucco նախագծի վերաբերյալ և թեթևակի հիշատակում կար Օդեսա-Բրոդի-Պլոցկ-Գդանսկ նավթամուղի մասին1: Հասկանալի է, որի իրերի նման դասավորությունը չէր կարող բավարարել գագաթաժողով ժամանած մյուս պատվիրակությունների ներկայացուցիչներին, որոնք կոչ արեցին Ադրբեջանին փոփոխություն մտցնել հռչակագրում: Նշենք, որ Բաքվի հավաքում մի շարք երկրներ ներկայացված էին նախագահների մակարդակով, մասնավորապես՝ Ադրբեջան էին ժամանել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը, Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկին, Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն և Լիտվայի նախագահ Վալդաս Ադամկուսը: Գագաթաժողովին ներկա էին նաև Եվրամիության էներգետիկ հարցերով կոմիսար Անդրիս Պիելբագսը և ԱՄՆ էներգետիկայի նախարար Սամյուել Բոդմանը: Մյուս երկրները, մասնավորապես՝ Ռումինիան, Լատվիան, Էստոնիան, Ղազախստանը և Մոլդովան, ներկայացված էին նախարարների մակարդակով2: Ինչևէ, չնայած Բաքվի հավաքն այդպես էլ էական արդյունքի չհանգեցրեց, սակայն քննարկումների արդյունքում պարզ դարձավ, որ ԱՄՆ-ի, Եվրամիության և եվրոպական մի շարք երկրների համար առաջնայինը Nabucco ծրագիրն է, Ուկրաինայի և Լեհաստանի համար՝ Օդեսա-Գդանսկ նավթամուղը և այլն: Ելույթ ունենալով գագաթաժողովում՝ Ադրբեջանի էներգետիկայի նախարար Նաթիկ Ալիևը շեշտեց, որ Արևելք-Արևմուտք իրար կապող բոլոր ծրագրերը` Nabucco-ն, Սամսուն-Ջեյհանը, «Հարավային ուղին» և մյուսները, կարևոր են, քանի որ դրանք ամրացնում են այդ միջանցքը: Ն.Ալիևը նաև նշեց, որ 2008թ. Ադրբեջանում նավթի արդյունահանումը կհասնի 52 մլն տոննայի, գազինը՝ 27 մլրդ մ3-ի։ Ըստ նախարարի՝ Ազերի-Չիրաք-Գյունեշլի հանքավայրում նավթի պաշարները հասնում են 935 մլն տոննայի, իսկ գազի պաշարը՝ 280 մլրդ մ3-ի3: Տեղի ունեցող քննարկումների ժամանակ հիմնական թեման Արևելք-Արևմուտք նոր էներգետիկ միջանցքի ստեղծումն էր, որը պետք է ապահովի Եվրոպան էներգետիկ նոր պաշարներով և կրճատի վերջինիս կախվածությունը ռուսական նավթից ու հատկապես գազից: Գագաթաժողովին մասնակցող ԱՄՆ էներգետիկայի նախարար Սամյուել Բոդմանը շեշտեց, որ թեև իր երկիրն ուղղակիորեն չի օգտվում այս տարածաշրջանից առաքվող էներգետիկ պաշարներից, սակայն Վաշինգտոնը շահագրգռված է, որ այս ծրագրերը գործեն, ինչը նպաստում է Եվրոպայի էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացմանը4: Բոդմանն այս կապակցությամբ նկատել է, որ ԱՄՆ-ի համար կարևոր է տարածաշրջանում գտնվող երկրների անվտանգությունը, քանի որ այն ապահովում էր էներգետիկ հոսքերի անխափանությունը և ընդհանրապես էներգետիկ անվտանգությունն աշխարհում: Ամերիկացի նախարարի հետաքրքրությունը կարելի է հասկանալ, քանի որ նշված բոլոր ծրագրերի նպատակն է կասպյան էներգետիկ հոսքերն ուղղել դեպի Եվրոպա՝ շրջանցելով Ռուսաստանը: Ինչևէ, տարածաշրջանից դեպի Եվրոպա գազի առաքման ամենամեծ ծրագիրը` Nabucco-ն, ինչպես և սպասվում էր, քննարկումների հիմնական թեման էր: Ելույթ ունենալով այս հարցի շուրջ՝ Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Ալիջը նշեց, որ ծրագրի իրականացման համար կարևոր է Թուրքմենստանի դիրքորոշումը, և որ Եվրամիությունը ևս ակտիվություն դրսևորի Nabucco ծրագրի իրականացման համար5: Եվրամիությունը Nabucco-ն դիտարկում է որպես իր էներգետիկ անվտանգության կարևոր բաղկացուցիչ և պատրաստ է լուրջ ներդրումներ կատարել այս ծրագրի իրականացման համար: Հիշեցնենք, որ ի սկզբանե նախատեսված էր նախագիծը շահագործման հանձնել 2011թ., հետագայում այն հասցվեց մինչև 2013թ., սակայն նույնիսկ այս թվականը մասնագետներին ոչ իրական է թվում: Ինչևէ, նախագծի իրականացման համար Թուրքմենստանի մասնակցությունը կարևորվում է, ինչն էլ նախագծով հետաքրքրված երկրներին ստիպում է բանակցություններ սկսել այդ երկրի ներկա ղեկավարության հետ: Բաքվի գագաթաժողովի ավարտից հետո Թուրքմենբաշի քաղաքում սկսված Թուրքմենստանի, Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների հավաքը, ըստ շատ մասնագետների, Ադրբեջանում ավարտված գագաթաժողովի տրամաբանական շարունակությունն է և նպատակ ունի համոզել այդ երկրին միանալ անդրկասպյան գազամուղի ստեղծմանը և Nabucco նախագծին6: Ադրբեջանի և Թուրքիայի հետաքրքրությունը Nabucco ծրագրի նկատմամբ հասկանալի է. նրանք այդպիսով դառնում են դեպի Եվրոպա գազի հոսքի համար տարանցիկ երկիր, սակայն այս նախագծի իրականացումն անհնար է առանց Թուրքմենստանի մասնակցության7: Թուրքմենբաշի քաղաքում սկսված հավաքի նպատակը նոր գազային դաշինքի ստեղծումն է, որը պետք է երաշխիք հանդիսանա Եվրոպա գազի առաքման համար: Սակայն շատ մասնագետներ կասկածում են, որ Թուրքմենստանը կարող է նման երաշխիքներ տրամադրել՝ հիշեցնելով, որ 2007թ. հենց այստեղ, Պուտինի, Նազարբաևի և Բերդիմուհամեդովի մասնակցությամբ ստորագրվեց մերձկասպյան գազամուղի կառուցման ծրագիրը, որը, չնայած ռուսական կողմի ջանքերի, այդպես էլ իրական ուրվագծեր չի ստանում8: Այնպես որ, նոր ձևաչափով եռակողմ հանդիպումը Բերդիմուհամեդովի, Ալիևի և Գյուլի մասնակցությամբ ոչ մի էական տեղաշարժ չի բերի, մանավանդ որ դեռ պարզ չէ, թե ինչ պաշարներից պետք է գազ մատակարարվի հնարավոր կառուցվելիք գազամուղին, բացի այդ, մինչ օրս չկա Կասպից ծովի միջազգային կարգավիճակի մասին միջպետական պայմանագիր ծովի ավազանի երկրների միջև: Այսինքն՝ այս ամենը լուրջ խոչընդոտ են, որը գազը Թուրքմենստանից Կասպիցի հատակով հոսի դեպի Ադրբեջան և ապա դեպի Արևմուտք: Բացի դրանից, շատ մասնագետների կարծիքով, Թուրքմենստանի ներկա ղեկավարության ակտիվությունը պայմանավորված է դեկտեմբերին Աշգաբադ «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերի այցով, այսինքն՝ վերջինիս այցից առաջ Բերդիմուհամեդովը ցանկանում է համապատասխան ֆոն ստեղծել գազի գների շուրջ նոր բանակցությունների համար:
Այսինքն՝ անդրկասպյան գազամուղի ստեղծումը և Nabucco ծրագրի իրականացումը մասնագետներին քիչ հավանական է թվում և հետևաբար այս բանակցային ողջ գործընթացը որոշ երկրներ, մասնավորապես՝ Ադրբեջանը և Թուրքմենստանը, ցանկանում են օգտագործել Արևմուտքում սեփական դերի բարձրացման համար, այստեղից բխող որոշ քաղաքական դիվիդենտներով: Վերջիններս ցանկանում են նաև Ռուսաստանից գազի շուրջ հնարավոր բանակցությունների դեպքում իրական նյութական շահ ստանալ, օրինակ՝ գազի գինը հերթական անգամ բարձրացնելով: Հիշեցնենք, որ Մոսկվան Ադրբեջանին առաջարկել է գնել Շահդենիզից արդյունահանվող գազի ողջ պաշարը, և սա ևս առիթ է վերջինիս համար սեփական քաղաքական և էներգետիկ նշանակությունը շեշտելու համար:
1ИА REGNUM «Новости», Встреча министров энергетики в Баку завершилась недоразумением. www.regnum.ru/news/1083742.html 14.11.2008.
2ИА REGNUM «Новости», В столице Азербайджана проходит конференция министров энергетики 10 государств. www.regnum.ru/news/1083183.html 13.11.2008.
3ИА REGNUM «Новости», В Баку завершилось заседание министров энергетики стран-участниц IV энергетического саммита. www.regnum.ru/news/1083541.html. 13.11.2008.
4ИА REGNUM «Новости», Министр энергетики США: Мы очень заинтересованы в безопасности и благополучии Азербайджана. www.regnum.ru/news/1083370.html 13.11.2008.
5ИА REGNUM «Новости», Посол Турции в Азербайджане: Реализация проекта Nabucco зависит от Туркменистана. www.regnum.ru/news/1082056.html 11.11.2008.
6ИА REGNUM «Новости», В Красноводске завершился саммит президентов Азербайджана, Турции и Туркмении. www.regnum.ru/news/1091289.html 29.11.2008.
7ИА REGNUM «Новости», "Главы Турции и Азербайджана будут убеждать Бердымухаммедова в необходимости присоединения к Nabucco" – мнение. www.regnum.ru/news/1091297.html 29.11.2008.
8ИА REGNUM «Новости», Туркмения подпишет, не выполнит очередную газовую декларацию - теперь с Турцией и Азербайджаном. www.regnum.ru/news/1090552.html 28.11.2008.
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԿԵՂԾ ՕՐԱԿԱՐԳԵՐ ԵՎ ԻՐԱԿԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ[21.05.2020]
- ԷՆԵՐԳԵՏԻԿ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ԲՐԻԹԻՇ ՓԵԹՐՈԼԻՈՒՄԻ ՏԱՐԵԿԱՆ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԻ. ԳԱԶԻ ԲԱՂԱԴՐԻՉ[25.12.2018]
- ՉԻՆԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԲԱՑ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ 40 ՏԱՐԻՆԵՐԸ[23.11.2018]
- ԷՆԵՐԳԵՏԻԿ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ԲՐԻԹԻՇ ՓԵԹՐՈԼԻՈՒՄԻ ՆԱՎԹԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉԻ[08.11.2018]
- ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ԲՐԻԹԻՇ ՓԵԹՐՈԼԻՈՒՄԻ ՏԱՐԵԿԱՆ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԻ[18.09.2018]
- ՀԵՂՈՒԿԱՑՎԱԾ ԳԱԶԸ ԵՎ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ[06.07.2018]
- «ԵՎՐՈՊԱՅԻ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՄԱՅՆՔ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ[25.05.2018]
- ԱԷՄԳ-Ն ԵՎ ՆՐԱ ԴԵՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ[07.05.2018]
- ԷՆԵՐԳԵՏԻԿ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ[15.12.2017]
- ԷՆԵՐԳԵՏԻԿ ԳՈՐԾՈՆԸ ԱՐԴԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ (Մաս 3)[03.11.2017]
- ԷՆԵՐԳԵՏԻԿ ԳՈՐԾՈՆԸ ԱՐԴԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ (Մաս 2)[27.07.2017]