• am
  • ru
  • en
Версия для печати
29.03.2012

ԲԱՔՈՒՆ ԻՐԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ

EnglishРуский

   

Լևոն Մելիք-Շահնազարյան

Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը վերջերս հայտարարել է, թե ահաբեկիչների խմբավորում է կալանել, որոնք, իբր, մահափորձ էին ծրագրել Բաքվում օտարերկրյա դիվանագետների դեմ։ Ադրբեջանի ԱԱՆ հաղորդագրությունում նշվում է Իրանի հատուկ ծառայությունների հետ ահաբեկչական խմբավորման անդամների կապի մասին։ Տեղեկացվում է, որ անվտանգության ուժերի կողմից ձերբակալված Ադրբեջանի երեք քաղաքացիները հարձակում էին ծրագրել հրեական օբյեկտների վրա։ Իսրայելական տեղեկատվական MIGnews գործակալությունն, իր հերթին, վկայակոչելով իսրայելական աղբյուրները, տեղեկացրել է, որ «ահաբեկչական խմբավորման անդամները ծրագրել էին գրոհել Բաքվի դեսպանատան և հենց դեսպան Միխաել Լոտեմի վրա»։ Ադրբեջանի ԱԱՆ-ն տեղեկացրել է նաև, որ ձերբակալվածները կասկածվում են նաև ռաբինին և Բաքվի ԽԱԲԱԴ «Օր Ավներ» հրեական դպրոցի ուսուցչին սպանելու նպատակադրության մեջ։ Իբր, Իրանն այս սպանությունները ծրագրել է ի վրեժ վերջերս Թեհրանում իրականացված գիտնական ատոմագետի սպանության։

Հետաքրքիր մանրամասն. վերջին մեկուկես տարում Իրանում, իսկապես, սպանվել են միջուկային մշակումներով զբաղվող հինգից ոչ պակաս առաջատար գիտնականներ։ Վերջին դեպքը պատահել է սույն թվականի հունվարի 11-ին, երբ Թեհրանում սպանվեց պրոֆեսոր Մոսթաֆա Ահմադի Ռոշանը։ Հենց այս դեպքի հետ է Ադրբեջանի ԱԱՆ-ն կապում Իրանի «վրեժը», որը «Բաքու է ուղարկել ահաբեկիչների խմբի»։ Սակայն, դատելով Ադրբեջանի ԱԱՆ երկար պատմությունից, ձերբակալվածները քանիցս մեկնել են Իրան, զենք ու փող են բերել, հետո այդ զենքը փոխել են նորով և այլն։ Այսքան երկարատև նախապատրաստական աշխատանքի անցկացումը ոչ մի կերպ չի տեղավորվում հունվարի 11-ից մինչև 19-ն ընկած ժամկետում. վերջին ամսաթիվն այն օրն է, երբ հրապարակվել է Ադրբեջանի ԱԱՆ հայտարարությունը։ Միևնույն ժամանակ, պետք է հասկանալ նաև, որ Ադրբեջանի ԱԱՆ-ն չէր կարող հայտարարությամբ հանդես գալ կասկածյալների ձերբակալման օրը. դրա համար անհրաժեշտ է, առնվազն, պատրաստվող հանցագործության հանգամանքների մանրակրկիտ ուսումնասիրություն։

Մինչդեռ, մամուլում արդեն տեղեկություններ են հայտնվում այն մասին, որ «իրանցի ահաբեկիչներ» Ռասիմ Ալիևն ու Ալի Հուսեյնովը ձերբակալված են եղել դեռ անցած տարվա հոկտեմբերին, և հունվարի 11-ին Թեհրանում սպանված գիտնականի հետ նրանց շաղկապելն արհեստական, ավելի ճիշտ՝ քարոզչական բնույթ է կրում։ Ադրբեջանն ակնհայտորեն Իսրայելի և ԱՄՆ-ի առջև հաշվետու լինելու անհրաժեշտություն է զգում՝ «Իրանի դեմ ուղղված անարդյունավետ հակաահաբեկչական գործունեության» մասին։ Ի դեպ, Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը խրախուսաբար թփթփացրել է Իլհամ Ալիևի մեջքին՝ շվեյցարական Դավոսում եղած ժամանակ։ Ինչպես տեղեկացնում են իսրայելական և ադրբեջանական լրատվամիջոցները, Շ.Պերեսը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահին «Բաքվում հրեական գործիչների դեմ ուղղված ահաբեկչական գործողությունը կանխելու համար»։ Ալիևը, բնականաբար, չէր կարող չձայնակցել. «Ադրբեջանն ապացուցեց իրեն և իր քաղաքացիներին պաշտպանելու ունակությունը՝ անկախ նրանց էթնիկությունից կամ կրոնական պատկանելությունից»։

Հետաքրքիր է, որ հոկտեմբերի 11-ին Վաշինգտոնում հայտարարեցին, թե երկու իրանցի մեղադրվում են ահաբեկչական գործողություն և ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպան Ադել ալ Ջուբեյրայի սպանությունը նախապատրաստելու մեջ։ Փաստորեն, հենց այդ օրերին «իրանցի ահաբեկիչներ» էին ձերբակալվել նաև Ադրբեջանում։ Սակայն Ամերիկային առ այսօր չի հաջողվել քիչ թե շատ ընկալելի ապացույցներ ներկայացնել Սաուդյան Արաբիայի դեսպանի դեմ պատրաստվող մահափորձի մեջ Իրանի մասնակցության մասին. ի դեպ, ապացույցներ չկան նաև այն բանի, որ նման մահափորձ ընդհանրապես ինչ-որ մեկը կազմակերպել է։

Չի կարող ուշագրավ չլինել այն, որ Վաշինգտոնը և Բաքուն միաժամանակ Թեհրանին մեղադրեցին ահաբեկչության մեջ։ Ադրբեջանը (և դա նկատելի է անզեն աչքով) «ձայնակցում» է Ամերիկային՝ Իրանին մեկուսացնելու նրա ձգտման մեջ։ Եվ թեև Ադրբեջանում Իրանին մշտապես անթաքույց թշնամանքով են վերաբերվել, վերջին ժամանակներս Բաքվի տարբեր պաշտոնյաների կողմից հնչեցված վիրավորանքների ու անգամ անեծքի հեղեղն Իրանի հասցեին հատկապես ինտենսիվ բնույթ է ստացել։ Այժմ հայտնվել են նաև մեղադրանքներն ահաբեկչության մեջ։

Հատկանշական է, որ Թեհրանին ահաբեկչության մեջ մեղադրում է մի պետություն, որի տարածքում միանգամայն ազատորեն ելումուտ են անում Իրանի դեմ գործող «Մոնաֆեգին» և «Մոջահեդին է հալք» ահաբեկչական կազմակերպությունների առաջնորդները։ Ավելին, նրանց նույնիսկ եթերաժամանակ է տրամադրվում ադրբեջանական հեռուստաալիքներում։ Արդեն երկար տարիներ է, ինչ Ադրբեջանի տարածքում տեղակայված են Իրանի դեմ ուղղված ամերիկյան շարժական ռադարային կայանքներ։ Կասկած չկա, որ Վաշինգտոնի հետ Բաքվի՝ Իրանի դեմ ուղղված բարեկամությունն է ադրբեջանցի քաղաքական գործիչներին վստահություն հաղորդում իրենց անպատժելիության մեջ։

Հունվարի 30-ին Բաքվում տեղի ունեցավ Ադրբեջանի միասնական ժողովրդական ճակատ կուսակցության (ԱՄԺՃԿ) վարչության նիստը, որտեղ աննախադեպ որոշում ընդունվեց։ Կուսակցությունը դիմեց Իրանի թյուրքալեզու բնակչությանը՝ կոչ անելով հանդես գալ Իրանի իշխանությունների՝ Հայաստանի հետ բարեկամությանն ուղղված քաղաքականության դեմ։ ԱՄԺՃԿ-ն Իրանի «ադրբեջանցիներին» կոչ է անում հանդես գալ նաև Իրան-Հայաստան նավթատարի կառուցման դեմ։ Իրանին մեղադրելով «հակաադրբեջանական» և «հակամուսուլմանական (!) քաղաքականության մեջ՝ ԱՄԺՃԿ-ն դա բացատրեց այդ երկրի՝ «ադրբեջանական ժողովրդի կամքը կոտրելու և նրա միասնությունը սասանելու» նպատակով։ Իրանի ներքին գործերին Ադրբեջանի ուղղակի միջամտության նման օրինակները շատ են։ Էլ ավելի շատ են ադրբեջանական մամուլի տարբեր հրապարակումները, որոնցում Իրանն ընթերցողներին է ներկայացվում որպես համաշխարհային չարիք։ Եվ այստեղ արդեն արժե հարց տալ. միայն ԱՄՆ-ին և Իսրայելին հաճոյանալու ցանկությո՞ւնն է ստիպում Բաքվին հանդես գալ արմատական հակաիրանական դիրքերից, թե՞ այս ողջ խրախճանքի հետևում թաքնված են հենց Ադրբեջանի Հանրապետության շահերը։

Ադրբեջանում Իրանի տարածքների հանդեպ հավակնությունների մասին հնչեցվում է բոլոր մակարդակներում. շարքային լրագրողներից մինչև նախագահի աշխատակազմի աշխատակիցներ ու խորհրդարանի պատգամավորներ։ Իր հերթին, Ադրբեջանի նախագահը, զգուշանալով հզոր հարևանին տարածքային հավակնությունների բացահայտ ներկայացումից, ինչպես նաև ձեռնպահ մնալով ի պաշտպանություն Իսրայելի և ԱՄՆ-ի՝ հակաիրանական ռազմաշունչ բացահայտ հայտարարություններ անելուց, օժանդակում է Թեհրանի մեկուսացման քաղաքականությանը և նպաստում այդ երկրում քաղաքացիական դիմակայության հրահրմանը։

Անշուշտ, Ադրբեջանը զգուշանում է տարածաշրջանում ծավալուն ռազմական գործողություններից և դրանց հետ կապված հետևանքներից, բայց բոլորովին դեմ չէ Իրանին կետային ավիա- և հրթիռահարվածներ հասցնելուց, որոնք, Բաքվի կարծիքով, կարող են մասնատել այս երկիրը։ Իսկ որպես պարգևատրում օրինակելի վարքի դիմաց Բաքուն հույս ունի զավթել Իրանի հսկայական տարածքներ։ Այս հույսն այնքանով է հիմնավորված, կարծում են Բաքվում, որ համընկնում է Նոր Մեծ Մերձավոր Արևելքի կառուցման Վաշինգտոնի հրապարակված պլանների հետ։ Իր հերթին, պաշտոնական Թեհրանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, թե Իրանի վրա հարձակման դեպքում կտուժեն այն բոլոր պետությունները, որոնք օգնություն են ցուցաբերել ագրեսորին։ Եվ դա, թերևս, միակ հանգամանքն է, որը ստիպում է Ադրբեջանին ի ցույց չդնել իր հանցակցությունը ստեղծված հակաիրանական կոալիցիային։ Բայց և՝ չդադարեցնել այն։


դեպի ետ