ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ԱՐԴԻ ՓՈՒԼԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
Հայկ ԳաբրիելյանՎերջին երկու ամիսներին Թուրքիայի ներքաղաքական կյանքը հարուստ էր մի շարք զարգացումներով, որոնք առնչվում են «իշխանություն–զինվորականություն» եւ «իշխանություն–ընդդիմություն» առճակատումներին: 2011 թվականի դեկտեմբերի կեսին թուրքական ընդդիմության առաջնորդ, Ժողովրդա-հանրապետական կուսակցության (ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարեց, որ 2012 թվականին Թուրքիայում պետք է անցկացվեն նախագահական ընտրություններ: Իր որոշումը Քըլըչդարօղլուն հիմնավորում էր 2007 թվականի մայիսի 10-ին Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ) ընդունած եւ հոկտեմբերի 21-ի հանրաքվեի արդյունքներով (կողմ 69%, դեմ 31%) հաստատված սահմանադրական ուղղումներով:
Ըստ այդ ուղղումների` այսուհետ Թուրքիայի նախագահը պետք է ընտրվի ժողովրդի կողմից` 5+5 տարբերակով. 5 տարի ժամկետով` եւս մեկ անգամ նույն ժամկետով վերընտրվելու հնարավորությամբ: Պետք է նշել, որ մինչ այդ երկրի նախագահին ընտրում էր ԹԱՄԺ-ը` 7 տարի ժամկետով, առանց վերընտրման իրավունքի: Բացի այդ, տվյալ ուղղումներով ԹԱՄԺ պատգամավորների լիազորությունների ժամկետը 5 տարուց կրճատվեց 4 տարվա:
Այս ամենը նկատի ունենալով` Քըլըչդարօղլուն ընդգծում էր, որ այդ ուղղումներն արդեն իսկ ազդել են խորհրդարանական ընտրությունների վրա, որոնք անցկացվել են 2011 թվականի հունիսի 12-ին, եւ դա` այն դեպքում, երբ նախորդ խորհրդարանական ընտրությունները Թուրքիայում անցկացվել էին դրանից ոչ թե 5, այլ 4 տարի առաջ` 2007 թվականի հուլիսի 22-ին: Հետեւաբար, ըստ Քըլըչդարօղլուի` խորհրդարանական ընտրությունների վրա արդեն իսկ ազդած այդ ուղղումները պետք է նմանատիպ ձեւով ազդեն նաեւ նախագահական ընտրությունների վրա, որոնք պետք է անցկացվեն 2012 եւ ոչ թե 2014 թվականին: Հիշեցնենք, որ ներկայիս նախագահ Աբդուլա Գյուլը Թուրքիայի խորհրդարանի կողմից երկրի 11-րդ նախագահ է ընտրվել 2007 թվականի օգոստոսի 28-ին:
Քըլըչդարօղլուից բացի, 2012 թվականին (երբ կլրանա Աբդուլա Գյուլի պաշտոնավարման 5-ամյակը) Թուրքիայում նախագահական ընտրությունների անցկացման պահանջով հանդես եկավ նաեւ ԹԱՄԺ-ում ներկայացված մյուս հիմնական ընդդիմադիր ուժը` Ազգայնական շարժում կուսակցությունը (ԱՇԿ), ինչպես նաեւ քրդական Խաղաղություն եւ ժողովրդավարություն կուսակցությունը (ԽԺԿ):
Սակայն իշխող Արդարություն ու զարգացում կուսակցությունը (ԱԶԿ) ներկայացնող ԹԱՄԺ նախագահ Ջեմիլ Չիչեքը հայտարարեց, որ այդ խնդրի կարգավորմամբ պետք է զբաղվի խորհրդարանը, իսկ եթե վերջինը չկարողանա դա անել, ապա այդ հարցի լուծումը կհանձնարարվի Բարձրագույն ընտրական խորհրդին։ 2012 թվականի հունվարի 10-ին ԹԱՄԺ սահմանադրական հանձնաժողովը վճռեց, որ Գյուլը պաշտոնավարելու է 7 տարի (մինչեւ 2014 թվականը)` առանց վերընտրման իրավունքի։ Ի դեպ, ներկայումս շատ է նշվում, թե Էրդողանը 2014 թվականի նախագահական ընտրություններում առաջադրելու է սեփական թեկնածությունը եւ դառնալու է ժողովրդի կողմից ընտրված Թուրքիայի առաջին նախագահը:
2012 թվականի հունվարի 5-ին Ստամբուլում 7-ժամյա հարցաքննության ենթարկվեց Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի (ԳՇ) նախկին (26-րդ, 2008–2010թթ.) պետ, բանակի պաշտոնաթող գեներալ Իլքեր Բաշբուղը, որն այդ ընթացքում պատասխանեց 50-60 հարցի: Դրանից ժամեր անց` արդեն հունվարի 6-ին, Ստամբուլի դատարանը վճռեց նրան կալանքի տակ առնել եւ ուղարկել Ստամբուլի մոտ գտնվող Սիլիվրիի բանտ: Բաշբուղը մեղադրվում է Թուրքիայի Քրեական օրենսգրքի (ՔՕ) 314-րդ հոդվածի 1-ին («ահաբեկչական խմբավորման ձեւավորում ու ղեկավարում») եւ 312-րդ հոդվածի 1-ին կետերով («ուժ ու բռնություն գործադրելու միջոցով գործող կառավարության տապալման փորձ»): Նրան սպառնում է մինչեւ 15 տարվա ազատազրկում:
Հարկ է նշել, որ սա աննախադեպ իրադարձություն է Թուրքիայի Հանրապետության (ԹՀ) ավելի քան 87-ամյա պատմության ընթացքում, որ քաղաքացիական դատարանը կալանքի տակ է վերցնում ԳՇ նախկին պետին: Մեղադրող կողմը պնդում է, որ Բաշբուղն այսպես կոչված «ինտերնետ-հուշագրի» հիմնադիրներից է: Խոսքն ինտերնետում թուրքական իշխանություններին վարկաբեկող նյութերի տեղադրման մասին է:
Սակայն կալանքի տակ վերցվելուց հետո Բաշբուղը հերքեց այդ մեղադրանքը. «Ես վատ նպատակներ չեմ հետապնդել եւ չեմ ցանկացել 1-2 ինտերնետային կայք ստեղծելու միջոցով տապալել գործող կառավարությունը։ Եթե ես իսկապես ցանկանայի դա, ապա դրա համար կընտրեի այլ ուղի. իմ ձեռքի տակ կար 700.000 զինծառայող: Դուք ահաբեկչական խմբավորման ստեղծման մեջ մեղադրում եք մի մարդու, ով գտնվել է ահաբեկչության դեմ պայքարի առաջին շարքերում: Սա անհեթեթություն է»: Հունվարի 7-ին Բաշբուղի փաստաբան Իլքայ Սեզերը հայտարարեց, որ Բաշբուղը 7 տարի շարունակ (2003 թվականի օգոստոսից մինչեւ 2010 թվականի օգոստոս) աշխատել է կառավարության համար` վարչապետ Էրդողանի գլխավորած ԱԶԿ-ի հետ միասին, եւ ապշած է իր դեմ ուղղված մեղադրանքներից:
Հունվարի 10-ին Էրդողանն առաջին անգամ անդրադարձավ Բաշբուղի կալանավորմանը. «Ես եւ ԱԶԿ-ն ցանկանում ենք, որ այդ դատական գործընթացն ավարտվի հնարավորինս շուտ, եւ որ դա ընթանար առանց Բաշբուղի կալանավորման, որ նա այդ ընթացքում գտնվեր ազատության մեջ։ Այժմ այդ դատական գործընթացն ընթացքի մեջ է, եւ սխալ կլինի այդ կապակցությամբ հայտարարություններ անելը։ Բաշբուղն իմ գործընկերն է, որի հետ ես աշխատել եմ երկու տարի»: Աբդուլա Գյուլն իր հերթին հայտարարեց, որ Բաշբուղի դատով պետք է զբաղվի Գերագույն դատարանը, սակայն այդ որոշումը պետք է ընդունեն համապատասխան մարմինները:
Բաշբուղի կալանավորումը խիստ քննադատության արժանացավ ԺՀԿ-ի ու ԱՇԿ-ի կողմից: Հունվարի 10-ին Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարեց. «Ավելի վաղ ես հայտարարել եմ, որ կառավարության որոշումներն ի կատար ածող հատուկ լիազորություններ ունեցող դատարանն արդար չէ: Ես չեմ փոխել իմ այդ մոտեցումը: Եթե ԳՇ պետն ահաբեկիչ է, ապա այդ դեպքում ո՞վ է վարչապետը։ Մեր ուղեղներում արդեն չի տեղավորվում, որ կարող ենք ունենալ ահաբեկիչ ԳՇ պետ»: Հիշեցնենք, որ Թուրքիայի սահմանադրության 117-րդ հոդվածի համաձայն իր պարտականությունների ու լիազորությունների իրականացման ժամանակ ԳՇ պետը պատասխանատու է երկրի վարչապետին:
Նույն օրը ԱՇԿ նախագահ Դեւլեթ Բահչելին հայտարարեց. «Մի՞թե Բաշբուղն ահաբեկիչ է, իսկ մեր ժողովուրդը տեղյակ չէ այդ մասին։ Եթե նա ահաբեկիչ է, ապա այդ դեպքում ո՞վ է Իմրալը կղզում պահվող մարդը (նկատի է առնվում 1999 թվականից այնտեղ ցմահ ազատազրկում կրող PKK հիմնադիր Աբդուլա Օջալանը), եւ ինչո՞ւ է նա պահվում այնտեղ։ Մի՞թե Բաշբուղին էլ են ուղարկելու Իմրալըի բանտ։ Այդ կալանքը կարեւոր է ցանկացած տեսանկյունից: Բաշբուղին ներկայացված մեղադրանքներն անտրամաբանական են։ Իմ հարցը հետեւյալն է. եթե Բաշբուղը ստեղծել եւ ղեկավարել է ահաբեկչական խմբավորում, ապա որտե՞ղ են դրա անդամները։ Մի՞թե օգոստոսի 30-ին (Հաղթանակի եւ Թուրքիայի զինված ուժերի օր) գլխավոր հրամանատարի կարգավիճակով շնորհավորանքներ ընդունող նախագահ Գյուլը չի հասկացել, որ սեղմում է ահաբեկչի ձեռքը»:
Հունվարի 14-ին հայտնի դարձավ, որ Ստամբուլի դատախազությունը պատրաստվում է հետաքննություն սկսել Թուրքիայի զինված ուժերի ԳՇ եւս մեկ նախկին պետի դեմ։ Խոսքը 25-րդ ԳՇ պետ Յաշար Բույուքանըթի (2006–2008) մասին է: Դրա պատճառն այն է, որ հակակառավարական ինտերնետային կայքեր ստեղծելու մեջ մեղադրվող Բաշբուղը հայտարարել էր, թե այդ կայքերը ստեղծվել են իր պաշտոնավարման ժամկետից առաջ` ընդգծելով, որ ինքը ոչինչ չի իմացել դրանց գոյության մասին։ Փաստորեն, դրանով իսկ նա անուղղակիորեն մատնացույց է արել իր նախորդին` Յաշար Բույուքանըթին1։
Հունվարի 10-ին Անկարայի դատարանն ընդունեց ԳՇ նախկին (17-րդ) պետ, 94-ամյա Քենան Էվրենի եւ ռազմաօդային ուժերի նախկին հրամանատար, բանակի պաշտոնաթող գեներալ, 86-ամյա Թահսին Շահինքայայի դեմ պատրաստված գործը։ Նրանք մեղադրվում են 1980 թվականի սեպտեմբերի 12-ին2 Թուրքիայի պատմության ընթացքում ամենաարյունալի ռազմական հեղաշրջման կազմակերպման մեջ, որի արդյունքում Քենան Էվրենը 1982 թվականի նոյեմբերի 7-ին դարձավ Թուրքիայի 7-րդ նախագահ:
Նրանց նկատմամբ մեղադրականը բաղկացած է 80 էջից: Օրինական կառավարության դեմ դավ նյութելուց ու նրան գահընկեց անելուց բացի, նրանք մեղադրվում են խոշտանգումների մեջ, որոնք հեղաշրջմանը հաջորդած 3 տարիների ընթացքում կիրառվում էին զինվորական իշխանության ժամանակ: Թուրքիայի ՔՕ 80-րդ եւ 146-րդ հոդվածներով նախատեսվում է ցմահ ազատազրկում: Սակայն զինվորականները չեն ընդունում այդ ամենը` ընդգծելով, որ 1980 թվականին իրենք երկիրը փրկել են անարխիայից, քանի որ ռազմական հեղաշրջման նախօրեին աջ եւ ձախ ուժերի միջեւ պայքարի արդյունքում բռնությունը սկսել էր տարածվել փողոցներում: Հարկ է նշել, որ 2010 թվականի հուլիսի վերջերին Էվրենը հայտարարել էր, թե կնախընտրի ինքնասպան լինել, քան այդ տարիքում բանտ նստել` ընդգծելով, որ չի փոշմանել իր արարքի համար եւ երկրորդ անգամ նույնպես կգնար այդ քայլին:
Հունվարի 12-ին թուրքական Sabah թերթը գրեց, որ նրանք գտնվելու են ազատության մեջ եւ դատարան են ներկայանալու ընդամենը մեկ անգամ. «Այժմ, եթե նրանց մեղքն ապացուցվի, ապա նրանց գեներալական կոչումները կարող են իջեցվել մինչեւ շարքայինի։ Բացի այդ, նրանք կարող են զրկվել իրենց ծառայության ընթացքում ստացած պետական պարգեւներից»։
Փաստորեն, սա ԹՀ պատմության ընթացքում նույնպես աննախադեպ իրադարձություն է, որ նախկին նախագահը կանգնելու է դատարանի առջեւ: Առաջին դատական նիստը պետք է տեղի ունենա ապրիլի 4-ին, ինչը համընկավ ԱՇԿ հիմնադիր Ալփարսլան Թյուրքեշի մահվան տարելիցին: Դատարանն Էվրենին ու Շահինքայային արգելել է լքել երկիրը:
«Զինվորական ճակատում» գործուն քայլեր ձեռնարկելուց հետո իշխանությունները ձեռնամուխ եղան «ընդդիմադիր ճակատին» հարվածներ հասցնելուն: Հունվարի 10-ին Ստամբուլի դատախազությունը դիմեց ԹԱՄԺ-ին` Քեմալ Քըլըչդարօղլուին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու համար։ Եթե ԹԱՄԺ-ն ընդառաջի Ստամբուլի դատախազությանը, ապա Քըլըչդարօղլուի նկատմամբ կհարուցվի քրեական գործ։ Ստամբուլի դատախազությունը կարծում է, որ Քըլըչդարօղլուն հեղինակազրկում է արդարադատության մարմիններին եւ ճնշումներ է բանեցնում գործող իշխանություններին տապալելուն առնչվող «Էրգենեքոն»-ի գործը քննող դատարանի վրա։
Չպետք է մոռանալ, որ 2011 թվականի նոյեմբերի 10-ին Քըլըչդարօղլուն այցելել էր Սիլիվրիի բանտ եւ հանդիպել «Էրգենեքոն»-ի գործով ձերբակալված ԺՀԿ-ական պատգամավորներ Մուսթաֆա Բալբայի եւ Մեհմեթ Հաբերալի հետ։ Քըլըչդարօղլուն այդ մեկուսարանն անվանել էր «Թուրքիայի խայտառակություն» եւ «21-րդ դարի համակենտրոնացման ճամբար»։ Բացի այդ, նա արդարադատության մարմիններին մեղադրել էր իշխանությունների քաղաքական պատվերը կատարելու մեջ` ընդգծելով, որ չի կարող նրանց անվանել դատավորներ (ինչը կրկնվեց նաեւ Բաշբուղի կալանավորումից հետո)։
Նույն օրը` հունվարի 10-ին, Քըլըչդարօղլուն դիմում ուղարկեց ԹԱՄԺ-ին` խնդրելով իրեն զրկել պատգամավորությունից։ Քըլըչդարօղլուն հայտարարեց, որ ամենեւին էլ չի զգում պատգամավորական անձեռնմխելիության կարիքը. «Հիմար է այն քաղաքական գործիչը, ով վախենում է բանտում հայտնվելուց»:
Քըլըչդարօղլուն անդրադարձել է նաեւ Իլքեր Բաշբուղի կալանավորմանը. «Ասում են, թե Բաշբուղն ահաբեկիչների ղեկավարն է, նա ստեղծել է ահաբեկիչների խմբավորում։ Այստեղ առկա է երկու տարբերակ. ա) վարչապետ Էրդողանն իմացել է, որ Բաշբուղն ահաբեկչական կազմակերպության ղեկավար է եւ ոչ մի բան չի ձեռնարկել այդ կապակցությամբ, ինչը հանցագործություն է, բ) վարչապետը ոչինչ չի իմացել այդ մասին, ինչը կատարելապես ամոթալի է»։
Այսպիսով, Էրդողանը շարունակում է բարձրաստիճան զինվորականների դեմ իր գործուն պայքարը: Նրանց նկատմամբ քրեական հետապնդումները կարող են լավ դաս հանդիսանալ մյուսների համար, ովքեր կունենան գործող կառավարությունը տապալելու մտադրություն: Էվրենի փորձը ցույց է տալիս, որ ներկայիս Թուրքիայի համար այդ առումով խնդիր չէ անգամ 30-ամյա վաղեմություն ունեցող հակակառավարական գործողությունը: Հունվարի 10-ին ելույթ ունենալով Թուրքիայի խորհրդարանում` Էրդողանը հայտարարեց, որ հեղաշրջումների ժամանակն անցել է:
1 Դեռեւս 2011 թվականի հունիսի սկզբին թուրքական Aydinlik թերթը սենսացիոն հոդված էր տպագրել, ըստ որի` շուտով ձերբակալվելու են ԳՇ նախկին պետեր, բանակի գեներալներ Յաշար Բույուքանըթն ու Իլքեր Բաշբուղը (տվյալ ժամանակ ցամաքային զորքերի հրամանատար), որոնք 2007 թվականին կուլիսների հետեւում մի շարք քայլեր են ձեռնարկել ԹԱՄԺ-ի կողմից Գյուլի նախագահ ընտրվելու դեմ:
2 1980 թվականի սեպտեմբերի 7-ին ԳՇ պետ Էվրենը եւ 4 բարձրաստիճան հրամանատարներ` ցամաքային զորքերի, ռազմածովային, ռազմաօդային ուժերի ու Ժանդարմերիայի հրամանատարներ Նուրեթթին Էրսինը (մահացել է 2005թ.), Նեժաթ Թյումերը (մահացել է 2011թ.), Թահսին Շահինքայան եւ Սեդաթ Ջելասունը (մահացել է 1998թ.) որոշեցին գահընկեց անել գործող կառավարությունը: Սեպտեմբերի 12-ին Էվրենի գլխավորած Ազգային անվտանգության խորհուրդն Ազգային հեռուստատեսությամբ հայտարարեց պետական հեղաշրջման մասին: Ողջ երկրում հայտարարվեց ռազմական դրություն, ազատ արձակվեցին խորհրդարանն ու կառավարությունը, դադարեցվեց Սահմանադրության գործունեությունը, արգելվեցին կուսակցություններն ու արհմիությունները, զինվորականների «սեւ ցուցակում» հայտնվեց ավելի քան կես միլիոն մարդ, ձերբակալվեց մոտ 650.000 մարդ, կալանավորվեց 230.000 մարդ, 14.000 մարդ զրկվեց քաղաքացիությունից եւ այլն: Զինվորականները հաստատեցին ԹՀ հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի սկզբունքներին իրենց հավատարիմ լինելը:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՔՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ[05.06.2018]
- «ՁԻԹԵՆՈՒ ՃՅՈՒՂ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՌԱՀԱՐ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ[18.04.2018]
- ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՍՏԱՄԲՈՒԼԻ ՋՐԱՆՑՔԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՇՈՒՐՋ[26.03.2018]
- ԿԱՐՄԻՐ ԾՈՎՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ[21.03.2018]
- 21-ՐԴ ԴԱՐԸ՝ «ՔՐԴԱԿԱ՞Ն ԴԱՐ»[19.12.2017]
- ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ԿԱՐՍ ԵՐԿԱԹԳԾԻ ԲԱՑՄԱՆ ՇՈՒՐՋ[13.12.2017]
- «ՆՈՐ ԹՈՒՐՔԻԱ». ՊԱՏՄԱԿԱՆ ՋՐԲԱԺԱՆՆԵՐ[10.11.2017]
- ԿԱՏԱՐԻ ՇՈՒՐՋ ՃԳՆԱԺԱՄԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՆ[21.07.2017]
- «ԻՆՋԻՐԼԻՔԻ» ԹՆՋՈՒԿԸ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻՋԵՎ[27.06.2017]
- ԹՈՒՐՔԻԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՆՐԱՔՎԵԻՑ ՀԵՏՈ[11.05.2017]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ «ԵՓՐԱՏԻ ՎԱՀԱՆ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ[04.04.2017]