• am
  • ru
  • en
Версия для печати
11.01.2012

Զ.ԲԺԵԶԻՆՍԿԻ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԻ ՈՒՐՎԱԳԾԵՐԸ

Руский

   

Հրաչյա Արզումանյան

Տեխնիկական գիտությունների թեկնածու

Զբիգնև Բժեզինսկու՝ 2011թ. հոկտեմբերի 14-ին Նորմանդիայում, Ալեքսիս Թոքվիլի մրցանակն ստանալու ժամանակ արտասանած ելույթն արժանի է ուշադրության1։ Մրցանակը շնորհեց Ֆրանսիայի նախկին նախագահ Վալերի Ժիսկար դ’Էստենը, որը գլխավորում էր ժյուրին։

Ելույթի համառոտ բովանդակությունը

Ելույթի սկզբում Բժեզինսկին արժանին է մատուցում ֆրանսիացի պատմաբան, սոցիոլոգ և քաղաքական գործիչ Ալեքսիս Թոքվիլի հիշատակին, որը 1831-32թթ. եղել է ԱՄՆ-ում, ինչի արդյունքն էլ հանդիսացել է նրա «Ժողովրդավարությունն Ամերիկայում» դասական աշխատությունը2։ Ամերիկան հասկանալու համար անհրաժեշտ է իմանալ Թոքվիլին, որը դեռ 175 տարի առաջ էր կանխատեսել ամերիկյան հասարակության պոտենցիալ սպառնալիքները, պնդում է Բժեզինսկին։ Տնտեսության գծով Նոբելյան մրցանակակիր Ջոզեֆ Ստիգլիցի (Joseph Stiglitz) կարծիքով՝ Թոքվիլը կարողացել է հասկանալ ամերիկյան հասարակության յուրօրինակ հանճարեղության աղբյուրը, որը նա անվանել է «ճիշտ հասկացված եսասիրություն» (self-interest properly understood)։ Վաղ Ամերիկան և ամերիկացիները հաշվի էին նստում և ուշադիր էին ուրիշների էգոիզմի հանդեպ՝ հասկանալով, որ հարգանքն ընդհանուր բարիքի հանդեպ յուրաքանչյուրի անձնական բարեկեցության նախապայմանն է։

Արդի Ամերիկան փոխվել է և վերածվել զանազան սոցիալական կոնտրաստների երկրի։ Չնայած դեմոկրատիային՝ ամերիկյան հասարակությունը կազմված է գերհարուստ փոքրամասնությունից, որի մի մասը կազմում են բարձր պետական ու քաղաքական գործիչները, և չունևորների անընդհատ ավելացող մեծամասնությունից։ «Այսօր Ամերիկայում ամենահարուստ ընտանիքների վերին 1%-ը տիրապետում է ազգային ողջ հարստության 35%-ին, այն դեպքում, երբ ստորին 90%-ի բաժինը կազմում է 25%»։

Բացի այդ, գերտերություն մնալով՝ դժվարությամբ է հաղթահարում վերահսկողությունից դուրս եկող գլոբալ փոփոխությունները, որոնք տեղի են ունենում թե՛ սոցիալ-տնտեսական, թե՛ աշխարհաքաղաքական ասպարեզներում։ «Աշխարհը սոցիալապես և տնտեսապես վերածվել է մի խաղադաշտի, որտեղ ավելի ու ավելի շատ են գերակշռում երեք դինամիկ իրողություններ. գլոբալիզացիան, «ինտերնետացումը» և «ապակարգավորումը» (դեռեգուլյացիան)։ Ֆինանսական ոլորտը, բնույթով գերազանցապես սպեկուլյատիվ դառնալով և կտրվելով տեխնոլոգիական նորարարություններից կամ աշխատանքի նոր ձևերից, ակնթարթորեն աննախադեպ ծավալի հարստություն ստեղծելու հնարավորություն է ստացել։ Ներդրումները, աշխատուժի տեղաշարժը միջազգային ասպարեզում հիմնականում թելադրվում են մերկանտիլ էգոիզմով, այլ ոչ թե ազգային շահով։

Քաղաքական ասպարեզում գլոբալ ուժի կենտրոնացումը հսկայական տնտեսական և ռազմական հնարավորություններ ունեցող մի քանի պետությունների ձեռքում ուղեկցվում է քաղաքական հզորության ցրմամբ։ Արևմուտքն անկման մեջ է գտնվում՝ շնորհիվ միասնության կամքի բացակայության, Արևելքի հզորությունն աճում է՝ հիմնական պետությունների միջև եսասիրական մրցակցության և պոտենցիալ հակամարտությունների ֆոնին։ «Ոչ գոյություն ունեցող ազգային կառավարությունները, ոչ տարածաշրջանային կարգավորումն ի վիճակի չեն ապահովելու արդյունավետ կարգուկանոն, էլ չեմ խոսում ինքնավար ֆինանսատնտեսական աշխարհի վերահսկողության ապահովման մասին, որը ձևավորվում է գլոբալիզացիայի, «ինտերնետացման» և «դեռեգուլյացիայի» կողմից»։ Գլոբալ մակարդակով ակնհայտ են ճեղքերը քաղաքական և սոցիալ-տնտեսական ոլորտների միջև։

Գլոբալ հզորության ճգնաժամը խորանում է զանգվածային քաղաքական զարթոնքի երևույթով, որին Բժեզինսկին առանձնակի նշանակություն է տալիս3։ Հաղորդակցային հնարավորությունները, գլոբալ աշխարհի փոխկապվածությունն ու փոխկախյալությունը, դրվելով չզարգացած երկրների երիտասարդ և հաճախ անաշխատ բնակչության, զարգացած երկրների հեշտությամբ մոբիլիզացվող և քաղաքականապես անհանգիստ ուսանողության վրա, նախադրյալներ է ստեղծում մարդկության հարուստ հատվածի և կառավարությունների արտոնյալ կոռուպցիայի դեմ ընդվզումների համար։ «Վրդովմունքը իշխանությունների և արտոնությունների դեմ առաջ է բերում պոպուլիստական կրքեր, որոնց պայթյունալի պոտենցիալը հղի է մեծ ծավալի միջազգային անկարգություններով»։

Փոփոխական աշխարհի մարտահրավերներին պատասխանելու Ամերիկայի կարողությունը բարդանում է ամերիկյան հասարակության սոցիալ-քաղաքական առանձնահատկությամբ, որի մասին մարգարեաբար նախազգուշացնում էր Թոքվիլը։ Խոսքը հանրային տգիտության մասին է, որի հետևանքն է դառնում, մասնավորապես, քաղաքական ղեկավարության որակի նվազումը։ «Ես մեկ ուրիշ երկիր չգիտեմ, որտեղ մտածողության անկախությունը և բանակռիվների իրական ազատությունն ավելի պակաս լինեին, որքան Ամերիկայում»,- գրում է Թոքվիլը։ Եվ էլի մեկ բան. «Որոշ անհաճո էֆեկտներ ամերիկյան ազգային բնավորության մեջ ակնհայտ են։ Ես կարծում եմ, որ քաղաքական բեմահարթակում ականավոր անձնավորությունների ոչ մեծ թվի առկայությունն արդյունք է ամերիկյան մեծամասնության անընդհատ աճող դեսպոտիզմի»։ Այսօր ամերիկյան հասարակության «դեսպոտիզմը» և «տգիտությունը» հանգեցնում են այն բանին, որ այն չի ցանկանում ընթանալ կարճաժամկետ և արդարացիորեն բաշխված սոցիալական զոհերի ճանապարհով՝ երկրի բարեկեցության և ազգային հարստության երկարաժամկետ վերականգնման փոխարեն։

Ամերիկային անհրաժեշտ քաղաքական դեղամիջոցի ստացումը և կիրառումը դժվարանում է կուսակցությունների նեղությամբ և եսասիրությամբ, երևույթ, որը Թոքվիլը 1835թ. անվանել էր «փոքր կուսակցություններ»։ Նա գրել է. «Դրանց բնույթը հագեցած է էգոիզմով, որն ակնհայտորեն երանգավորում է յուրաքանչյուր գործողություն... նրանց լեզուն սուր է, իսկ առաջընթացը՝ վեհերոտ և գերզգուշավոր։ Միջոցները, որ նրանք օգտագործում են, արհամարհանք և խղճահարություն են առաջացնում...»։ Քաղաքականապես պատային վիճակը հաղթահարելու համար անհրաժեշտ են մոտեցման լայնություն և ազգային վստահության վերականգնում։ Դա, իր հերթին, «պահանջում է լայն ռազմավարական տեսլական և պատմական նպատակների զգացողություն, ինչին կարելի է հասնել, վերջին հաշվով, «ճիշտ հասկացված էգոիզմի» սկզբունքի միջոցով գլոբալ ճանաչում ստանալով»,- ասում է Բժեզինսկին։

Ֆինանսական շահարկումների սանձումը, որոնք ունեն ինչպես տնտեսական, այնպես էլ սոցիալական հետևանքներ, պահանջում է անհապաղ կազմակերպել լայն և կոշտ քաղաքական հսկողություն՝ թե՛ ազգային և թե՛ միջազգային։ «Արդյունավետ գլոբալ քաղաքական կոոպերացիան կարող է դառնալ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ, վերջին հաշվով, գլոբալ հիմքերի վրա խթանվող լայն կոնսենսուսի արդյունք։ ԱՄՆ-ի համար, ինչպես համոզված է Բժեզինսկին, դա նշանակում է «ատլանտյան հանրություն» հասկացությունը թարմացնելու, դրան նոր նշանակություն հաղորդելու հավակնոտ փորձ, հանրություն, որը կարճաժամկետ հեռանկարում պետք է ներառի ԱՄՆ-ը և ԵՄ-ը, իսկ երկարաժամկետ հեռանկարում՝ Ռուսաստանը և Թուրքիան։ Այն, որ Ամերիկան և Եվրոպան մեկը մյուսի կարիքն ունեն, հավատարիմ են նույն քաղաքական արժեքներին՝ ակնհայտ է։ Սակայն հավակնոտ, փառատենչ ռազմավարական տեսլականը չպետք է սահմանափակվի միայն նրանցով։ Գրքում Բժեզինսկին հիմնավորում է, որ երկարաժամկետ հեռանկարում՝ գալիք 2-3 տասնամյակում, «ատլանտյան հանրություն» նախագծում կարող է ներառվել նաև Ռուսաստանը։

Ավարտելով «Ժողովրդավարությունն Ամերիկայում» գրքի առաջին մասը՝ Թոքվիլը գրում է. «Այսօր երկրագնդի երկու մեծ ազգերը կարող են առաջ շարժվել դեպի միևնույն ճակատագիրը, նույն նախասահմանումը՝ տարբեր մեկնակետերից. ռուսները և անգլո-ամերիկացիները...»։ Ընդ որում՝ նա նշում է նրանց միջև առկա դրամատիկ հակասականությունը։ Ամերիկացիները, հենվելով «ազատության՝ որպես գործողության գլխավոր միջոցի» (freedom as their main mode of action), էգոիզմի և առողջ բանականության սկզբունքի վրա, նվաճում և քաղաքակրթում են իրենց հսկայական աշխարհամասը՝ հաղթահարելով ուժեղ ամերիկյան դեմոկրատիայի կառուցման բնական պատնեշները։ Ռուսները «ստրկական հնազանդությամբ» (slavish obedience)՝ որպես գործողության գլխավոր միջոց, քաղաքակրթությունը ենթարկեցնելու համար կարող են օգտագործել «ռազմիկի սուրը «մեկ մարդու» հրամանատարության ներքո։ Այնուհետև նա նախազգուշացնում է, որ թեև «մեկնակետերն ու ճանապարհները տարբեր են, բայց նրանցից յուրաքանչյուրը տեղյակ է նախախնամական (պրովիդենցիալ) մտադրության որոշ գաղտնիքների՝ ինչ-որ ժամանակ ապագայում իր ձեռքը վերցնել աշխարհի կեսի ճակատագիրը»։

Այսօր արդեն պարզ է, ասում է Բժեզինսկին, որ Ռուսաստանի ճակատագիրն այժմ «աշխարհի կեսը» վերահսկելը չէ։ Ռուսաստանն այսօր լուծում է գոյատևման խնդիր՝ ներքին լճացման և դեպոպուլյացիայի պայմաններում, առաջ ընթացող Արևելքի և թող որ իրեն կորցրած, բայց հարուստ Արևմուտքի ֆոնին։ Եվ հենց դրա համար էլ ԵՄ-ի հետ Ուկրաինայի սերտ կապերը խրախուսող արևմտյան քաղաքականությունն այն խիստ կարևոր սկիզբն է, որով խրախուսվում է Ռուսաստանի՝ որքան հնարավոր է ավելի մերձ ներգրավումն Արևմուտքում։ «Դա չի կարող տեղի ունենալ նախագահ Պուտինի օրոք, բայց Ռուսաստանում դեմոկրատական էվոլյուցիայի ներքին նախադրյալներն աճում են և, ըստ իս, վերջին հաշվով, կգերակշռեն։ Ռուսներն այսօր, ինչպես երբեք, բաց են աշխարհի առջև»։

Ատլանտյան ընկերակցության աշխուժացումն ու ընդլայնումը կապված են նաև Թուրքիայի հետ, ասում է Բժեզինսկին և բերում երեք կարևոր պատճառ, թե ինչու այն իր ապագան պետք է տեսնի Արևմուտքի կազմում։ Նախ՝ ներքին դեմոկրատացումն ու ընդլայնվող արդիականացումն ակնհայտ դարձրին, որ այդ գործընթացները համատեղելի են իսլամի հետ։ Երկրորդ՝ մերձավորարևելյան հարևանների հետ խաղաղ կոոպերացիային կողմնակից լինելը համաձայնեցվում է այս տարածաշրջանում Արևմուտքի անվտանգության շահերի հետ։ Երրորդ՝ Թուրքիան, ավելի արևմտյան, աշխարհիկ և, այնուամենայնիվ, իսլամական երկիր լինելով, կարող է սասանել իսլամական ծայրահեղականության դիրքերը և բարձրացնել տարածաշրջանային կայունությունը Կենտրոնական Ասիայում՝ դրանով իսկ հետապնդելով ոչ միայն իր շահերը, այլև օգնելով Եվրոպային և Ռուսաստանին։

Միջնորդավորված ձևով Եվրոպայի համար կարևոր կարող է լինել նաև Ամերիկայի երկարաժամկետ դերը նոր Արևելքի կայացման գործում, որը պետք է կառուցվի ինչպես Չինաստանին և Ճապոնիային ավելի ակտիվ գլոբալ դերերում ներգրավելու, այնպես էլ նրանց միջև հակամարտությունները շրջանցելու հիման վրա։ ԱՄՆ քաղաքականությունը նոր Արևելքում չպետք է կողմնորոշված լինի միայն դեպի Չինաստան և Պեկինի հետ հատուկ գործընկերային հարաբերությունների ուղղությամբ։ Նրա նպատակը պետք է դառնա բարեկամական հարաբերությունների վերականգնումը Ճապոնիայի (դեմոկրատիայի և Խաղաղ օվկիանոսում Ամերիկայի հիմնական գործընկերոջ ու դաշնակցի) և Չինաստանի միջև, ինչպես նաև Չինաստանի ու Հնդկաստանի միջև աճող մրցակցության մեղմացումը։ Միայն հավասարակշռված մոտեցման և ասիական մայրցամաքային հակամարտություններից խուսափելու միջոցով ԱՄՆ-ը կկարողանա երկարատև կայունություն ապահովել տարածաշրջանում։

Վերջին հաշվով, իր խոսքն ավարտում է Բժեզինսկին, Ամերիկայի գլոբալ դերը XXI դարում կախված է ամերիկյան հասարակության՝ Թոքվիլի ակնկալիքներն արդարացնելու ունակությունից։ «Ինչպես նա, ես էլ եմ հավատում ամերիկյան դեմոկրատիայի հզոր փոխհատուցող պոտենցիալին և հատկապես «վաղ Ամերիկայի ճիշտ հասկացված էգոիզմի» հեղափոխական հայեցակարգի՝ քաղաքականապես արթնացող աշխարհի ունիվերսալ առնչակցությանը»։

Համառոտ վերլուծություն

Բժեզինսկու արտահայտած գաղափարների և մոտեցումների վերլուծությունը պահանջում է հասկանալ այն, որ նա պատկանում է այն անձանց և շրջանակներին, որոնք ոչ միայն ձևակերպում ու հնչեցնում են աշխարհաքաղաքական և աշխարհառազմավարական միտումներ, այլև ձևավորում են դրանք։ Բժեզինսկին համաշխարհային հանրությանը ոչ միայն և ոչ այնքան տեղեկացնում է աշխարհաքաղաքական ասպարեզում տեղի ունեցող փոփոխությունների մասին, որքան մասնակցում է այդ ասպարեզի ձևավորմանը։ Բժեզինսկու գիտական, քաղաքական, տեղեկատվական և այլ ակտիվությունը հենց այն դեպքն է, երբ խոսքի և գործի, տեղեկատվական իրադարձության և իրականության միջև սահման անցկացնելն ավելի քան դժվար է դառնում։ Նման իրավիճակում դատողություններն աշխարհի առաջարկվող տեսլականի իրականացվելիության մասին դառնում են ոչ կոռեկտ, քանի որ Բժեզինսկու արտահայտած գաղափարները կարող են առաջ բերել գործընթացներ և ակտիվություն, ինչը, վերջին հաշվով, կհանգեցնի այդ գաղափարների կենսագործմանը։

Այսօրինակ գնահատականը պատասխանատու վերաբերմունք է պահանջում արտահայտված գաղափարների հանդեպ, անկախ այն բանից, թե որքանով են դրանք իրականանալի թվում այսօր, հիմա։ Անհնարի և անհավանականի միջև սահմանը նման տեքստերում դառնում է անհստակ։ Ասվածն ավելի քան արդարացի է, եթե ուշադրության առնենք արդի դարաշրջանի տուրբուլենտ բնույթը և վերջին տասնամյակների պատմական փորձը, երբ քաղաքական իրականություն էին դառնում այնպիսի սցենարներ, որոնք մինչ այդ անհնարին էին համարվում։ Նման պայմաններում անհրաժեշտ է դիմել ոչ թե փորձագետի և փորձագիտական հանրության փորձին և գիտելիքներին, որի վրա հենվելով կառուցվում են կարճաժամկետ հեռանկարները, այլ ռազմավարական ինտուիցիային և երկարաժամկետ միտումներին։

Բժեզինսկին խոսում է ընթացիկ դարաշրջանի երկու հիմնական երևույթներին՝ գլոբալիզացիային և ցանցին (ինտերնետացում) ևս մեկը՝ ապակարգավորումն (դեռեգուլյացիա) ավելացնելու մասին։ Արևմուտքը նախկինում էլ էր ընդունում, որ գլոբալացման գործընթացները ներքին տրամաբանություն են ձեռք բերել և փորձում են դուրս պրծնել իրենց նկատմամբ վերահսկողությունից, երբ հարկ չի լինում խոսել քաղաքական այն ուժի գոյության մասին, որն իրականացնում է դրանց վերահսկողությունը։ Այսօր ակնհայտ է նաև ապակարգավորումը, այսինքն՝ սոցիալ-տնտեսական և ֆինանսական ոլորտների վրա արևմտյան քաղաքական վերնախավի կողմից վերահսկողության մասնակի կորուստը, երբ հարկավոր են գիտակցված ջանքեր՝ չկորցնելու համար նաև քաղաքական վերահսկողությունը գործընթացների նկատմամբ։ Հավելյալ սրություն են ստեղծում միջազգային միջավայրի բարձր քաղաքական ակտիվությունը և դինամիզմը՝ «գլոբալ քաղաքական արթնացումը»։

Բժեզինսկին խոստովանում է, որ ձևավորվել են սոցիալ-տնտեսական խիստ հակասություններ և ճեղքվածքներ արևմտյան հանրությունում և առհասարակ աշխարհում։ Սոցիալ-տնտեսական և ֆինանսական հզորության կենտրոնացումը գլոբալ մասշտաբով տեղի է ունենում հանրային գործընթացների կարգավորման ավանդական քաղաքական լծակների թուլացման ֆոնին։ Մարքսիստական քաղաքատնտեսության լեզվով արտահայտվելով, որն ավելի ու ավելի մեծ տարածում է ստանում հետազոտողների շրջանում, որոնք փորձում են գտնել ծավալվող համաշխարհային ճգնաժամի նկարագրման լեզուն և մեթոդաբանությունը, աչքի է զարնում արևմտյան և գլոբալ հանրության քաղաքական վերնաշենքի և սոցիալ-տնտեսական բազիսի միջև ակնհայտ անհամապատասխանությունը։ Եվ մարքսիստական վերլուծության ոգուն միանգամայն համապատասխան՝ Բժեզինսկին բազիսի և վերնաշենքի ներկայիս անհամապատասխանության արմատները տեսնում է այդ թվում և քաղաքական դասի ագահության ու էգոիզմի և ակտորների խիստ սահմանափակ շրջանակի ձեռքում ազգային հարստության գերկուտակման մեջ։ Բարդ ադապտիվ համակարգերի լեզվով արտահայտվելով՝ Արևմուտքը և համաշխարհային քաղաքական համակարգը բավական մոտեցել են քաոսի եզրին և ճգնաժամային անկայունության վիճակին, երբ ոչ մեծ և չկանխամտածված ազդեցությունները և ֆլուկտուացիաները (թեքումները) կարող են հանգեցնել անկանխատեսելի արդյունքների և համակարգը գլորել քաոսի վիճակի մեջ, որում ավանդական իմաստով կառավարման և վերահսկողության մասին խոսելու հարկ չի լինում։

Հասկանալով մարտահրավերի լրջությունը՝ Բժեզինսկին առաջարկում է մի շարք միջոցներ, որոնք կոչված են հեռացնելու համաշխարհային քաղաքական համակարգը եզրագծից և դիմում են Արևմուտքի քաղաքական ընտրանու «բանականությանն ու կամքին»։ Սակայն առաջարկվող միջոցները և «դեղամիջոցն» այնքան արմատական են, որ անհրաժեշտ է խոսել ոչ թե պարզապես քաղաքական վերնաշենքի փոխակերպման, այլ նորի՝ արդեն գլոբալի ստեղծման մասին։ Փաստորեն, Բժեզինսկին գերհարուստների իշխող դասին առաջարկում է համաձայնել «վերևից հեղափոխության» անցկացման անհրաժեշտության հետ, որի արդյունքը պետք է դառնա նոր քաղաքական ընտրանու ձևավորումը։ Հենց նա էլ պետք է ձևավորի գլոբալ մարտահրավերներին արձագանքելը՝ վերահսկողության և կառավարման նոր կառույցների և մեխանիզմների գործադրման միջոցով, հավանական է՝ համաշխարհային նախագծերի շրջանակներում, որոնք բավական լավ են լուսաբանված համապատասխան գրականությունում։ Նոր վերնաշենքի կառուցումն առաջարկվում է իրականացնել ազգային ընտրանիների և ուժի տարածաշրջանային կենտրոնների «կոնսենսուսի» հիման վրա։ Ընդ որում՝ Բժեզինսկին չի ճշգրտում նման կոնսենսուսի հասնելու մեթոդները, որոնք պարտադիր չէ, որ լինեն կամավոր կամ խաղաղ։ Բայց միայն այդ կերպ է կարելի սանձել համաշխարհային հանրության սոցիալ-տնտեսական բազիսում ընթացող՝ իրենց թափով, ծավալով և խորությամբ գլոբալ գործընթացները և խուսափել ընտրանիների հեղափոխական փոփոխությունից։

Այն մարտահրավերի լրջությունը հասկանալը, որի առջև կանգնած է Արևմուտքի ներկայիս քաղաքական էլիտան, չի նշանակում, թե վերջինս ի վիճակի կլինի կամավոր հրաժարվել աշխարհի սովորական տեսլականից։ Սակայն մարտահրավերի ձևակերպումը կյանքի և մահվան տերմիններով ի վիճակի է, Բժեզինկու կարծիքով, ցնցել արևմտյան ընտրանուն, իսկ արձագանքի ձևավորումը կհանգեցնի դրա աշխուժացմանը։ Անձը, դասը, ընտրանին կյանքի և մահվան սահմանագծին կանգնեցնելը բավական գործուն և լավ փորձարկված եղանակ է։ «Երբ մարդը գիտե, որ կախվելու է... հիանալի կենտրոնացնում է իր բանականությունը»,- ասել է XVIIIդ. բանաստեղծ, էսսեիստ, գրաքննադատ և խմբագիր Սեմյուել Ջոնսոնը (Samuel Johnson), որը մեծ ավանդ ունի անգլիական գրականության մեջ4։ Մահացու սպառնալիքը պետք է աշխուժացնի Արևմուտքին, թույլ տա նրա ընտրանուն միավորվել՝ ԱՄՆ պարտադիր գերիշխանությամբ։ Գլոբալ աշխարհում գոյատևելու և գերիշխող մնալու համար Արևմուտքի քաղաքական ընտրանին նույնպես պետք է գլոբալ և միասնական դառնա։ Նման միավորումը հնարավոր է «ճիշտ հասկացված էգոիզմի» սկզբունքին գլոբալ չափում տալու միջոցով, որը ենթադրում է, որ նոր քաղաքական ընտրանին ունակ կլինի սահմանափակել նեղ, շահադիտական էգոիզմը հանրային շահերով և ընդհանուր բարիքով։ Հարցը, թե ինչը պետք է համարել նեղ և շահադիտական էգոիզմ, բաց է մնում։ Օրինակ, նեղ կարո՞ղ է համարվել «ազգային էգոիզմը», երբ ազգային ընտրանիներին առաջարկվի հրաժարվել իրենց ինքնիշխանության մի մասից՝ հանուն գլոբալ շահերի և արժեքների։

Եվրասիայի և հետխորհրդային տարածքի համար հետաքրքրություն են ներկայացնում ապագայի առաջարկվող տեսլականի աշխարհաքաղաքական ասպեկտները։ Ատլանտյան ընկերակցությունը գլոբալ ուժի վերածելը կպահանջի ներառել նաև Ռուսաստանի և Թուրքիայի անխուսափելի աշխարհաքաղաքական «ձևաչափի վերափոխում»։ Բժեզինսկին առաջարկում է Ռուսաստանին դառնալ նոր ատլանտյան ընկերակցության մի մասը՝ այն ինքնուրույն աշխարհաքաղաքական դերից, հավակնություններից և ճակատագրից վերջնականապես հրաժարվելու գնով, որոնք ձևավորել են ռուսական պետականությունը և ռուս ժողովրդին վերջին դարերի ընթացքում։ Թուրքիան, դառնալով Արևմուտքի մի մասը, հնարավորություն է ստանում ընդլայնել իր ազդեցության ոլորտը ողջ Մեծ Մերձավոր Արևելքում և Կենտրոնական Ասիայում, այսինքն՝ այդ թվում և ի հաշիվ Ռուսաստանի ազդեցության ոլորտի սեղմման։ Այսպիսով, ակնհայտ է արդեն գլոբալ մակարդակում հին խաղը կրկնելու փորձը, խաղ, որը Եվրոպան վարում է Ռուսաստանի և Թուրքիայի հանդեպ վերջին դարերի ընթացքում, երբ երկու ոչ եվրոպական տերություններին եվրոպական քաղաքականության մեջ ներգրավելու միջոցով պահպանվում է հավասարակշռությունը Եվրոպայում։ XXI դարում Արևմտյան Եվրոպայի դերը ստանձնում է ԱՄՆ-ի կողմից գլխավորվող ատլանտյան ընկերակցությունը, իսկ հավասարակշռությունը, ավանդաբար, ապահովվում է ի հաշիվ Ռուսաստանի և Թուրքիայի, ինչպես նաև, հնարավոր է, Չինաստանի և Հնդկաստանի։

Ռուսաստանի քաղաքական դաշտի վրա նետված նույնիսկ թռուցիկ հայացքը խոսում է այնտեղ այնպիսի քաղաքական գործիչների և քաղաքական ուժերի առկայության մասին, որոնց համար Ռուսաստանի ապագայի նման տեսլականն ընդունելի է։ Պրն Բժեզինսկուն 2011թ. Յարոսլավլում անցկացվող Համաշխարհային քաղաքական համաժողովին հրավիրելը և նրա ելույթը կարող են վկայել նման եզրահանգման արդարացիության մասին։ Պուտինի հնչեցրած «Եվրասիական միություն» նախագիծը ցույց է տալիս, որ Ռուսաստանում առկա է նաև Ռուսաստանի և ընդհանրապես Եվրասիայի մեկ այլ տեսլական։ Դատելով արևմտյան մամուլի հրապարակումներից՝ «Եվրասիական նախագիծը» հանկարծակիի է բերել Արևմուտքին։ Սակայն առաջին, խիստ բացասական դատողություններից և եզրահանգումներից հետո արևմտյան ընտրանին ներկայումս համարժեք պատասխան է ձևավորում սույն նախաձեռնությանը։ Ըստ Բժեզինսկու, Ռուսաստանի՝ որպես ուժի աշխարհաքաղաքական կենտրոնի, գոյատևման չափազանց կարևոր օղակ է Ուկրաինան, ինչպես նաև ռուս լիդերի՝ «մի մարդու» առկայությունը, որն ի վիճակի կլինի գլխավորել և ուղղորդել ռուսական աշխարհաքաղաքական հզորության վերականգնման գործընթացը։ Որպես այդպիսին Պուտինին տեսնելը երկյուղներ է առաջացնում Արևմուտքում, որի ներկայությունը, Բժեզինսկու կարծիքով, անհնար է դարձնում Ռուսաստանի ապագայի առաջին սցենարի իրականացումը։

Հարցը, թե՝ հնարավոր է արդյոք երրորդ սցենար, որի շրջանակներում Ռուսաստանը և Թուրքիան միություն են կազմում, լրջմիտ վերլուծություն է պահանջում։ Համենայնդեպս, բոլշևիկյան Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի միությունը XX դարասկզբին ձեռք բերվեց ի հաշիվ Ռուսական կայսրության ակտիվների և հարավային ուղղությամբ ռուսական շահերի նեղացման։ Ի վիճակի՞ է արդյոք Ռուսաստանը XXI դարում կրկին «մանևրել»՝ այս անգամ ԽՍՀՄ ակտիվներով և իր շահերի ոլորտի հետագա նեղացմամբ հարցը հանգիստ և կշռադատված վերլուծություն է պահանջում, այդ թվում և հայ փորձագիտական հանրության կողմից։

Պրն Բժեզինսկին չի շոշափում և չի քննարկում Իրանի, Սաուդյան Արաբիայի, Իսրայելի դերն աշխարհի նոր քարտեզում, ինչը նույնպես գնահատական և մեկնաբանություն է պահանջում։ Հնարավոր է՝ ուժի այս կենտրոնները չեն ներգրվում նախագծում և, հետևաբար, պետք է հրաժարվեն իրենց հավակնություններից XXI դարում։ Վերջին իրադարձություններն անկայունության աղեղում և, մասնավորապես, «արաբական գարունը» ցույց են տալիս, որ Արևմուտքը բավականաչափ ուժեր և հնարավորություններ ունի համոզելու երկրներին և ժողովուրդներին այս կամ այն հավակնությունից հրաժարվելու անհրաժեշտության մեջ։

Ի՞նչն է, որ կասկած չի հարուցում նմանատիպ բոլոր սցենարներում. Ռուսաստանի և Արևմուտքի փոխկապվածությունը և փոխկախյալությունը։ Աշխարհաքաղաքական երկու կենտրոնն էլ ճգնաժամ են ապրում և պետք է փոխակերպվեն՝ դրանով իսկ որոշելով և ձևավորելով համաշխարհային պատմությունը։ Սակայն, եթե նախկինում դա աշխարհաքաղաքական հակամարտություն էր, որում բացառվում էր վերջնական հաղթանակը, ապա սույն պարագայում, XXI դարում խոսքը «վերջին գոտեմարտի» մասին է, «կենաց-մահու» և «պատմության վերջի» մասին կենտրոններից մեկի՝ Արևմուտքի կամ Ռուսաստանի համար։ Նման մոտեցումը և նման մեկնաբանությունը, համաձայն Բժեզինսկու, պետք է թեթևացնի արևմտյան ընտրանիների մոբիլիզացիան և թույլ տա հասնել կոնսենսուսի, քանի որ նոր մարտահրավերները ստանում են քաղաքակրթված Արևմուտքի և բարբարոսական Ռուսաստանի մահացու դիմակայության հին և ավանդական ձևեր։ Արևմուտքի նոր ծնունդը պետք է տեղի ունենա Ռուսաստանի միջոցով և ի հաշիվ Ռուսաստանի։ Ինչպիսին կլինի Ռուսաստանի պատասխանն այսքան ուղղագիծ հոգևոր, մտավոր և քաղաքական մարտահրավերին՝ ցույց կտա մոտ ապագան։

1 “Zbigniew Brzezinski Receives Jury du Prix Tocqueville Prize,” by Zbigniew K. Brzezinski, Oct. 14, 2011. 24 October 2011. <http://csis.org/publication/zbigniew-brzezinskis-de-tocqueville-prize-speech>

2Tocqueville, Alexis de. Democracy in America. Chicago: The University of Chicago Press, 2000. 24 October 2011. <http://www.livrariaonline.org/wp-content/uploads/2010/08/Alexis-de-Tocqueville-Democracy-in-America.pdf>

3 Brzezinski, Zbigniew, “The Global Political Awakening,” The New York Times, December 16, 2008. 24 October 2011. <http://www.nytimes.com/2008/12/16/opinion/16iht-YEbrzezinski.1.18730411.html

4 Boswell, James, The Life of Samuel Johnson, LL.D. Great Books of the Western World, vol. 44. Chicago: Encyclopædia Britannica, 1952. (Reprinted in the 1990 edition as vol. 41), p. 351.


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր