• am
  • ru
  • en
Версия для печати
27.09.2011

ԱԲԽԱԶԻԱՅԻ ՆՈՐ ԱՌԱՋՆՈՐԴԻՑ ԶԳԱԼԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵՆ ԱԿՆԿԱԼՈՒՄ

   

Անահիտ Գոգորյան

«Չեգեմսկայա պրավդա» թերթի թղթակից Աբխազիայում

Նախագահ Ալեքսանդր Անկվաբը, հավանաբար, կշարունակի իր նախորդի վարած քաղաքականությունը, չնայած մտահոգություններ են հնչում, որ այն կարող է ավտորիտար երանգավորում ստանալ:

Վրաստանից անջատված եւ անկախություն հռչակած Աբխազիայում երրորդ անգամ նախագահ ընտրեցին, որից հետո վերլուծաբանները հայտարարեցին, որ քաղաքական ասպարեզում նոր փոփոխություններ չեն ակնկալում, չնայած նորընտիր նախագահ Ալեքսանդր Անկվաբի` կոռուպցիայի դեմ պայքար սկսելու վերաբերյալ խոստումներին:

Մայիսի վերջին նախագահ Սերգեյ Բագապշի հանկարծամահ լինելուց հետո, Աբխազիայում նախագահական ընտրությունները տեղի ունեցան օգոստոսի 26-ին: Անկվաբը, որը Բագապշի նախագահության օրոք զբաղեցնում էր Աբխազիայի փոխնախագահի պաշտոնը, հաղթեց ընտրություններում` ստանալով ընտրողների ձայների 55 տոկոսը, իսկ ձայների 21 տոկոսը ստացած նախկին վարչապետ Սերգեյ Շամբան զբաղեցրեց երկրորդ տեղը:

Քվեարկողների ձայների 20 տոկոսից էլ պակասը ստացած Ռաուլ Խաջիմբան, ով երրորդ տեղը զբաղեցրեց ընտրությունների արդյունքներով, հայտարարեց, որ դրանք կեղծ են եղել: Այնուամենայնիվ, այս հայտարարություններից հետո 2004-ի նախագահական ընտրությունների ժամանակ Խաջիմբայի պարտությանը հետեւած բողոքի ցույցերը չկրկնվեցին:

«Բարեբախտաբար, ընտրություններից հետո լարված իրավիճակ կամ վեճեր չեն առաջացել: Անկվաբի հաղթանակը տպավորիչ էր, նշանակալի խախտումներ չեն արձանագրվել, հետեւաբար, անիմաստ կլիներ վիճարկել արդյունքները», - նշում է քաղաքագետ, Աբխազիայի պետական համալսարանի դասախոս Իրակլի Խինտբան:

Անկվաբը Աբխազայի քաղաքական ասպարեզի հայտնի վետերաններից է, եւ փորձագետները կարծում են, որ նրա հաղթանակը նախագահական ընտրություններին, որոնց մասնակցել է քվեարկողների շուրջ 72 տոկոսը, հանդիսանում է ընտրողների վստահության քվեն` նախկին նախագահ Բագապշի քաղաքականությունը շարունակելու նրա խոստումներին:

Քանի որ Անկվաբը խիստ առաջնորդի համբավ ունի, որոշ վերլուծաբաններ մտահոգվում են, որ սա կարող է ոչնչացնել տեղի ունեցած երեք համեմատաբար ազատ ընտրությունների ժամանակ ձեռքբերված ժողովրդավարական նվաճումները: Անկվաբը զբաղեցրել է Աբխազիայի վարչապետի պաշտոնը 2005-2010 թվականներին, եւ այս ընթացքում կառավարական շենքեր կարող էին մուտք գործել միայն պետական լրատվամիջոցների լրագրողները:

«Աբխազիայում բռնատիրական կարգեր չեն լինի, ես պետք է ընդգծեմ դա: Սակայն աբխազական հասարակությանը թույլ, անսկզբունքային առաջնորդներ պետք չեն», - հայտարարել էր Անկվաբը նախագահական ընտրությունների հաջորդ օրը կայացած իր առաջին մամլո ասուլիսի ժամանակ:

Աբխազիայում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքները անվավեր են ճանաչվել Վրաստանի եւ նրա արեւմտյան դաշնակիցների կողմից, որոնցից ոչ մեկը չի ճանաչում Աբխազիայի անկախությունը: Վրաստանն Աբխազիան «ռուսական օկուպացիայի» ենթարկված շրջան է համարում, եւ Վաշինգտոնը համաձայն է այս բնորոշման հետ:

Իսկ Մոսկվան, որն առաջինը ճանաչեց Աբխազիայի անկախությունը 2008-ի ռուս-վրացական պատերազմից հետո, իր հերթին, ողջունել է կայացած ընտրությունները:

Մաքսիմ Գունջիան, որը կշարունակի զբաղեցնել արտաքին գործերի նախագահի պաշտոնը Անկվաբի նախագահության օրոք, խոստացել է շարունակել ջանքեր գործադրել, որպեսզի Աբխազիայի անկախությունը ճանաչվի այլ երկրների կողմից: Ռուսաստանից բացի, Աբխազիան առ այսօր ճանաչվել է Նիկարագուայի, Վենեսուելայի, ինչպես նաեւ Նաուրու եւ Վանուատու խաղաղօվկիանոսյան երկրների կողմից:

Այն հարցին, թե արդյոք այս երկրների ցանկը շուտով կընդլայնվի, Գունջիան խուսափողական պատասխան տվեց. «Եթե այժմ նշեմ [երկրները], եւ իմ խոսքերը հրապարակվեն, ապա հաջորդ օրը Պետդեպարտամենտը կամ Եվրոպական Միության ինստիտուտները կսկսեն ճնշում գործադրել այդ երկրների վրա, որպեսզի նրանք չճանաչեն Աբխազիան»:

Հակառակ դեպքում, նրա խոսքերով` «արտաքին քաղաքականության մեջ նշանակալի փոփոխություններ չեն լինի: Ինչպես միշտ, մեր ջանքերը կենտրոնանում են այլ երկրների, ինչպես նաեւ ԱՄՆ-ի եւ Եվրոպական Միության հետ ավելի շատ քաղաքական եւ տնտեսական կապերի հաստատման վրա»:

Անկվաբի նախընտրական քարոզարշավը զուսպ էր, բայց նա խոստացել էր պայքարել կոռուպցիայի դեմ, ինչը շատերի կարծիքով ավելի լայնատարած է դարձել` կապված լինելով Ռուսաստանի կողմից Աբխազիան ճանաչելուց հետո աջակցության նպատակով տրամադրվող դրամական միջոցների ներհոսքի հետ:

Աբխազիայում հարգանք վայելող լրագրող Իբրագիմ Չկադուան իր հերթին կասկածում է, որ կոռուպցիայի դեմ պայքարը լուրջ հեռանկարներ ունի, համենայնդեպս կարճաժամկետ կտրվածքով: Նախ եւ առաջ, պատշաճ մակարդակով վճռական, նվիրված պաշտոնյաներին նշանակելը ժամանակ կպահանջի, իսկ ժամանակը քիչ է, քանի որ գալիք տարի կկայանան խորհրդարանական ընտրությունները:

«Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ դժվար եւ վտանգավոր կլինի կոսմետիկ փոփոխություններից ավելին նախաձեռնելը կամ նրա [Անկվաբի] նախկին դաշնակիցներից հրաժարվելը: Կարծում եմ` պարզապես կոռումպացված ամենահայտնի պաշտոնյաների փոքրիկ զտում տեղի կունենա, սակայն վերջին տարիներին ձեւավորված համակարգը քայքայելու ո՛չ միջոցներ կան, ո՛չ էլ վճռականություն», - կարծիք է հայտնել Չկադուան:

Նախագահի մեկ այլ թեկնածուի` Շամբայի պարտությունից հետո, վերջինս հայտարարեց, որ պատրաստվում է լքել քաղաքական դաշտը: Սակայն «Հանուն արդար ընտրությունների» հասարակական կազմակերպության նախագահ Ալխաս Տխագուշեւը կասկածի տակ է դնում այն, որ վարչապետը կամ նրա քարոզարշավը մշակած երիտասարդ ակտիվիստները կկարողանան երկար ժամանակով դուրս մնալ հասարակական կյանքից:

«Մտահոգություններ են հնչում, որ Անկվաբը կարող է ավելի խիստ ավտորիտար կարգեր հաստատել, եւ այս ամենին հակազդելու համար հակակշիռ է պետք: Խաջիմբան լավ քարոզարշավ էր մշակել, որը շատ առավելություններ ուներ: Եթե Խաջիմբան եւ Շամբան մեկ թիմ կազմեն, ապա այն լուրջ ընդդիմություն կդառնա: Սա միայն դրականորեն կանդրադառնա հասարակության եւ կառավարության վրա», - ասում է Տխագուշեւը:

Ինչ վերաբերում է Վրաստանին ամենից շատ հուզող հարցին, այն է` արդյոք նոր նախագահը, ի տարբերություն Բագապշի, առավել հակված կլինի ենթարկվել Թբիլիսիին, ապա համընդհանուր կարծիքը մեկն է` նորընտիր նախագահն այդպես չի անի:

«Մեր արտաքին քաղաքականության մեջ Վրաստանի վրա ցանկացած շեշտադրում հերքող պաշտոնական հայտարարություն է եղել, եւ այստեղ մեղավորը մեծ սմասամբ Վրաստանն է, քանի որ այն ընտրել է Աբխազիան մեկուսացնելու քաղաքականությունը: Չեմ կարծում, որ այս ոլորտում նշանակալի փոփոխություններ կլինեն, հատկապես այն պատճառով, որ թեկնածուներից ոչ ոք այս ուղղությամբ նոր գաղափարներ չի ներկայացնել», - կարծիք է հայտնել Խինտբան:

Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի
«Կովկասյան լրատու» պարբերականից

2-ը սեպտեմբերի, 2011թ.
www.iwpr.net

դեպի ետ