• am
  • ru
  • en
Версия для печати
25.05.2011

ՎԱՌԵԼԻՔԱԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱԼԻՐԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

   

01.04.11
Ճապոնական «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի վթարը ռուս մասնագետներին ստիպեց մտածել երկրի էներգաբլոկները չխափանվող տեխնիկական միջոցներով հագեցնելու անհրաժեշտության մասին, որոնք թույլ կտան կանխել ռադիոակտիվ գոտու վնասումը, ռադիոկատիվ նյութերի արտահոսքը էներգաբլոկի սահմաններից դուրս։ Այս մասին լրագրողներին տեղեկացրել է «Ռոսէներգոատոմ» ԲԲԸ ատոմակայանների շահագործման և արտադրության գծով փոխտնօրեն Օլեգ Չեռնիկովը ռուսական ատոմակայանների անվտանգության ապահովմանը նվիրված «Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ-Տոմսկ» տեսակամրջի ժամանակ։

08.04.2011
2011թ. երկրորդ եռամսյակում ռուսական գազի գինը Բելառուսի համար 1000մ3-ի դիմաց կկազմի $244,7։ Այս մասին լրագրողներին տեղեկացրել է Բելառուսի վարչապետի առաջին տեղակալ Վլադիմիր Սեմաշկոն։ «Ռուսական գազի գինը Բելառուսի համար 2011թ. երկրորդ եռամսյակում կկազմի 1000մ3-ը $244,7 դոլար։ Սա հարևան երկրների համեմատ ամենացածր գինն է։ Օրինակ, Ուկրաինայում այն կազմում է 1000մ3-ի համար $290, Գերմանիայում՝ ավելի քան 400»,- ասել է Վ.Սեմաշկոն։ Նրա խոսքերով՝ ռուսական գազի մատակարարման հետ կապված խնդիրներ չկան։ Հանրապետությանը, հաշվեկշռի համաձայն, 2011թ. մատակարարվելու է 21,5 մլրդ մ3 գազ, տեղեկացնում է РБК–ն։ Վ.Սեմաշկոն տեղեկացրել է նաև, որ Բելառուսը և Ռուսաստանը բանակցություններ են վարում 2012-2014թթ. գազի մատակարարման նոր պայմանագրի շուրջ։ Ընդ որում՝ նա հույս է հայտնել, որ պայմանագիրը «Գազպրոմի» հետ կստորագրվի մինչև ընթացիկ տարեվերջ։ «Մենք բանակցություններ ենք վարում 2012-2014թթ.-ի համար պայմանագրի շուրջ, այդ բանակցությունները Մոսկվայում շարունակվում էին նաև ապրիլի 6-ին։ Որոշակի շարժ կա։ Մենք պատրաստում ենք մեր առաջարկությունները, որպեսզի հանգիստ, առանց շտապելու մտնենք 2012թ.»,- ասել է Վ.Սեմաշկոն։

12.04.2011
«Գազպրոմ» ԲԲԸ Տնօրենների խորհրդի որոշման համաձայն՝ հրաման է ստորագրվել Կատարի Դոհա քաղաքում ընկերության ներկայացուցչություն բացելու վերաբերյալ։ Ներկայացուցչության հիմնական խնդիրներն են լինելու Պարսից ծոցի երկրների հետ «Գազպրոմ» ԲԲԸ երկարատև և փոխշահավետ տնտեսական համագործակցության զարգացումը և ընկերության շահերի ներկայացումն ու պաշտպանությունը տարածաշրջանում։ Ներկայացուցչության գործունեության ոլորտում ներառվելու են Կատարի և Պարսից ծոցի երկրների պետական մարմինների ու նավթագազային ընկերությունների հետ փոխգործակցությունը, «Գազպրոմ» ԲԲԸ ընկերությունների գործունեության համակարգումը տարածաշրջանի էներգետիկ շուկաներում, ինչպես նաև համագործակցությունը գազ արտահանող երկրների համաժողովի հետ։ Այս մասին տեղեկացնում է ընկերության մամլո ծառայությունը։

15.04.2011
Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (ԱՊՆԸ) ս.թ. հունվար-մարտին արդյունահանել է մոտ 2,208 մլն տոննա հում նավթ, ինչը 2,1%-ով քիչ է 2010թ. նույն ժամանակամիջոցի ցուցանիշի համեմատ, ասվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։ Արդյունահանված նավթի մոտ 1,528 մլն տոննան ուղարկվել է տեղի նավթավերամշակող գործարաններ, 627,8 հազար տոննան արտահանվել է։ Հաշվետու ժամանակաշրջանում ԱՊՆԸ-ն արդյունահանել է նաև ավելի քան 1,78 մլրդ մ3 գազ, ինչը 8,1%-ով քիչ է, քան 2010թ. հունվար-մարտին։ Բացի այդ, ընկերությանն անհատույց տրամադրվել է 971,8 մլն մ3 հարակից գազ՝ արդյունահանված Կասպիայի Ազերի-Չրաղ-Գյունեշլի հանքավայրերի բլոկը շահագործող կոնսորցիումի կողմից, ևս 95,1 մլն մ3 ընկերությունը գնել է Շահդենիզ գազակոնդենսատային հանքավայրը շահագործողներից, 55,1 մլն մ3 ընդունվել է համատեղ ձեռնարկություններից և օպերացիոն ընկերություններից։ Հունվար-մարտին ԱՊՆԸ-ն սպառողներին վաճառել է մոտ 3,533 մլրդ մ3, ինչը 28,1%-ով ավելի է 2010թ. հունվար-մարտի համեմատ, ասվում է հաղորդագրությունում։ Ավելի քան 2,52 մլրդ մ3 գազ վաճառվել է երկրի ներսում, ավելի քան 1,012 մլրդ մ3՝ արտաքին շուկաներում։ 2010թ. ԱՊՆԸ-ն արդյունահանել է ավելի քան 9,051 մլն տոննա հում նավթ, ինչը 0,13%-ով քիչ է 2009թ. ցուցանիշի համեմատ, և մոտ 7,579 մլրդ մ3 գազ՝ 3,4%-ով ավելի, քան 2009թ.։ Ընկերությանն անցած տարի անհատույց տրամադրվել է նաև մոտ 3,438 մլրդ մ3 հարակից գազ՝ արդյունահանված Կասպիայի Ազերի-Չրաղ-Գյունեշլի հանքավայրերի բլոկը շահագործող կոնսորցիումի կողմից, 1,613 մլրդ մ3 գնվել է Շահդենիզ գազակոնդենսատային հանքավայրը շահագործող ընկերությունից, 112,5 մլն մ3 ընդունվել է համատեղ ձեռնարկություններից և օպերացիոն ընկերություններից։

19.04.2011
Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը 2014թ. շահագործման կհանձնի նավթավերամշակող գործարանը (ՆՎԳ) Թուրքիայում՝ հումքով ապահովելու համար ԱՊՆԸ-ին ենթակա թուրքական Petkim նավթաքիմիական համալիրին։ Reuters-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողներին տեղեկացրել է ԱՊՆԸ առաջին փոխկառավարիչ Խոշբախտ Յուսիֆզադեն։ Տարեկան 10-15 մլն տոննա հզորությամբ ՆՎԳ-ն Թուրքիայում շահագործման կհանձնվի 2014թ., դրա կառուցման համար անհրաժեշտ ներդրումների ծավալը կարող է գերազանցել $3,5 մլրդ-ն»,- ասել է նա։ ՆՎԳ հիմնական ուղղությունը կլինի նավթի, ավիացիոն կերոսինի, դիզվառելիքի արտադրությունն ինչպես ներքին շուկայի, այնպես էլ արտահանման համար։ ԱՊՆԸ-ն Turcas Petrol և Injaz Projects ընկերությունների հետ միասին 51% մասնաբաժին ունի Petkim նավթաքիմիական հոլդինգում և վերահսկում է թուրքական շուկայի մոտ 30%-ը։ Այժմ Թուրքիան ներմուծում է անհրաժեշտ քիմիական արտադրանքի 70-75%-ը, ակնկալվում է, որ SOCAR/Turcas/Injaz-ի ներդրումները Petkim-ի զարգացման գործում թույլ կտան 30%-ով նվազեցնել այդ ապրանքների ներկրումը։ Petkim Petrokimya Holding-ն արտադրում է պլաստիկե փաթեթներ, գործվածքեղեն, պոլիվինիլքլորիդ, լվացամիջոցներ և Թուրքիայում միակն է, որ նման արտադրանք է թողարկում և որի քառորդ մասն ընկերությունն արտահանում է, տեղեկացնում է «Право ТЭК»–ը։

20.04.11
Նիգերիայի NNPC պետական ընկերությունը որպես բեռնափոխադրող ընտրել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության դուստր կառույց SOCAR Trading-ը, որն օրական 30 հազ. բարել նավթ է փոխադրելու։ SOCAR Trading-ի հետ համաձայնագիրը հաշվարկված է մեկ տարվա համար, դրա իրագործումն սկսվելու է մայիսի 1-ից։

25.04.2011
«Գազպրոմ» ԲԲԸ-ն երկարաժամկետ պայմանագրերով Եվրոպա գազ մատակարարելու պայմանագրերով ակնկալում է 1000մ3 գազի գինը $500-ի մակարդակի, լրագրողներին հաղորդել է «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլերը։ «Գազի եվրոպական շուկան խփել է բոլոր ռեկորդները, ս.թ. ապրիլին «Գազպրոմի» մատակարարումներն ավելին կլինեն, քան ձմեռվա առանձին ամիսներին, իսկ դեկտեմբերի համար մենք արդեն գազի գինը, ըստ մեր երկարաժամկետ պայմանագրերի, տեսնում ենք $500-ի մակարդակի։ Եվ կարծում եմ՝ սրանք վերջին ռեկորդները չեն, որ կգրանցենք այս տարի»,- ասել է նա։

27.04.2011
Աշգաբադում տեղի է ունեցել «Չինաստանի զարգացման պետական բանկ» բաժնետիրական ընկերության կողմից «Թուրքմենգազ» պետական կոնցեռնին $4,1 մլրդ-ի վարկ տրամադրելու մասին համաձայնագրի ստորագրման արարողությունը, հաղորդում է Trend-ը։ Նախնական շրջանակային համաձայնագիրը ստորագրվել էր 2011թ. մարտին Պեկինում։ Ըստ համաձայնագրի պայմանների՝ վարկը տրվում է տասը տարով՝ երեք տարի արտոնյալ ժամկետով։ Կառավարական աղբյուրների տվյալներով՝ վարկը նախատեսված է երկրի խոշորագույն՝ Մառի մարզի Ելոտեն գազահանքավայրի (21 տրլն մ3 ռեսուրսներով) արդյունաբերական յուրացման երկրորդ փուլի իրականացման համար։ Այժմ իրականացվում է մոտ $10 մլրդ արժողության (որում նույնպես կա Չինաստանի կողմից հատկացված նախորդ վարկի մասնաբաժինը) նախագծի առաջին փուլը, կապալային աշխատանքներն իրականացնում են ընկերություններ Չինաստանից, ԱՄԷ-ից և Հարավային Կորեայից։ ՉԺՀ-ի զարգացման պետական բանկի կողմից Թուրքմենստանին տրամադրված վարկերի ընդհանուր գումարն այժմ կազմում է $8,1 մլրդ։

26.04.2011
«ԼուկՕՅԼ» ԲԲԸ-ն նախատեսում է 4 տարվա ընթացքում ավելի քան 100 մլրդ ռուբլի ներդնել Կասպիական Վ.Ֆիլանովսկու անվ. հանքավայրի յուրացման գործում։ Այս մասին Աստրախանում «ԼուկՕՅԼ»-ի տնօրենների խորհրդի նիստի արդյունքներով տեղեկացրել է ընկերության նախագահ Վագիթ Ալեքպերովը։ Նրա խոսքերով՝ ընկերությունը նախատեսում է սկսել կապալառուների ընտրության մրցույթներ 2011թ. մայիսին հանքավայրի շահագործումը սկսելու համար, իսկ ս.թ. սեպտեմբերին արդեն ամփոփել արդյունքները։ «ԼուկՕՅԼ»-ի ղեկավարը նաև հավելել է, որ 20 տարվա ընթացքում ընկերությունը նախատեսում է կասպյան իր նախագծերում ներդնել ավելի քան $20 մլրդ։ Վ.Ալեքպերովը հիշեցրել է, որ ընկերությունը հաջողությամբ իրականացրել է շելֆային նախագծերն Ադրբեջանում և Ղազախստանում։ Կասպիայի հյուսիսում «ԼուկՕՅԼ»-ը 2010թ. շահագործել է տարածաշրջանի վեց հանքավայրերից մեկը՝ Յու.Կորչագինի անվան հանքավայրը։ Երկրորդը կլինի Վ.Ֆիլանովսկու անվան հանքավայրը։

27.04.11
Թեհրանը պահպանում է երկկողմ պայմանագրերի չընդունման դիրքորոշումը, որոնցով Ադրբեջանը, Ռուսաստանը և Ղազախստանը կիսել են Կասպիայի հյուսիսային մասը, հայտարարել է Իրանի նախագահի՝ Կասպիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Մեհդի Ախունդզադեն։ «Բոլոր իրավաբանները պաշտպանում են այն կարծիքը, թե քանի դեռ չի ընդունվել Կասպիայի իրավական կարգավիճակի մասին նոր կոնվենցիան, 1921 և 1940թթ. հին պայմանագրերը՝ կնքված Իրանի և ԽՍՀՄ-ի միջև, համարվում են ուժի մեջ»,- հայտարարել է Մ.Ախունդզադեն՝ ծովի իրավավիճակի համաձայնագիրը պատրաստող Հատուկ աշխատանքային խմբի նիստի արդյունքներին նվիրված մամլո ասուլիսում պատասխանելով «Интерфакс-Азербайджан» գործակալության հարցին։ Իրանցի դիվանագետը նշել է, որ մերձկասպյան երկրները ներկայումս զբաղված են Կասպիայի իրավավիճակի համաձայնագրի մշակմամբ։ Նա ընդգծել է, որ այդ փաստաթղթում կարտացոլվեն ծովի բաժանման հարցի վերաբերյալ «նոր մոտեցումները»։ Միևնույն ժամանակ, Մ.Ախունդզադեն հայտարարել է, որ մերձկասպյան բոլոր երկրները շահագրգռված են համագործակցության ամրապնդմամբ։ «Արտաքին ոչ մի գործոն չի կարող ազդել դրական համագործակցության վրա, որը հաստատվել է մեր երկրների միջև»,- նշել է նա։

28.04.11
Թուրքիան մոտ ժամանակներս կկանգնեցնի ադրբեջանական գազի մատակարարումը Հունաստանին։ Ինչպես տեղեկացնում է թուրքական NTV հեռուստաալիքը, այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչը։ Նրա խոսքերով՝ Հունաստան արտահանելու համար նախատեսված 750 մլն մ3 գազը Թուրքիան կօգտագործի սեփական կարիքների համար։ «Այս հարցի շուրջ մենք պայմանավորվածություն ունենք ադրբեջանական կողմի հետ։ Մենք առաջիկայում նոր համաձայնագիր կստորագրենք Ադրբեջանի հետ 6,6 մլրդ մ3-ի մատակարարման մասին, բայց գազի արտահանումը, որն իրականացվում է 2008 թվականից, կդադարեցվի։ Դրանից հետո Ադրբեջանն ինքը կպայմանավորվի եվրոպական գնորդների հետ գազի արտահանման շուրջ, իսկ Թուրքիան կստանա տարանցման մաքսատուրքեր»,- ասել է նույն աղբյուրը։ Ինչպես ավելի վաղ Բաքվում տեղեկացրել էր թուրքական Botas պետական խողովակաշարային ընկերության ռազմավարության և բիզնեսի զարգացման գծով մենեջեր Լևենթ Օզգյուլը, ադրբեջանական գազը Թուրքիայի տարածքով մատակարարելու մասին համաձայնագիրը կստորագրվի մոտ ժամանակներս։ «Մենք սկսել ենք միջկառավարական համաձայնագրի վերաբերյալ բանակցություններն ապրիլին և դրանք կավարտենք 2011թ. երկրորդ եռամսյակում»,- ասել է նա։ «750 մլն մ3 գազի մատակարարման պայմանագիրը փոխանցվել է Ադրբեջանի պետական նավթային ընկերությանը (SOCAR)։ Եռակողմ համաձայնագրի ստորագրումը նույնպես սպասվում է մոտ ժամանակներս»,- նշել է Օզգյուլը։

29.04.2011
Գերմանական E.ON կոնցեռնը Ադրբեջանի պետական նավթային ընկերությանն է ներկայացրել տեխնիկատնտեսական հիմնավորման (ՏՏՀ) պատրաստման շրջանակում Բաքվի գազաբաշխիչ համակարգի վերակառուցման և արդիականացման նախագծի հայեցակարգը։ Սպասվում է, որ SOCAR-ի գլխավոր գրասենյակը հաստատելու է հայեցակարգը, որից հետո կողմերը կանցնեն երկրորդ փուլի իրականացմանը, որը ենթադրում է պայմանագրի ստորագրում, որի շրջանակներում էլ գերմանական ընկերությունը կպատրաստի նախագծի ՏՏՀ-ն։ Այս մասին գրում է Trend-ը՝ վկայակոչելով SOCAR ընկերության «Ազերիգազ» արտադրական միավորման աղբյուրը։ Նախագծի իրականացման վրա կարող է ծախսվել ընդհանուր առմամբ 800-900 մլն եվրո։ Բաքվի և Ափշերոնի թերակղզու գազի համակարգը ամենամեծն է երկրում և ընդգրկում է մոտ 650 հազար բաժանորդ։ Դրա վերակառուցման և արդիականացման համար պետք է նորացվի առկա ենթակառուցվածքի 90%-ը։ SOCAR-ը 100 տոկոսանոց պետական սեփականություն է և ներկայացնում է Ադրբեջանի շահերը նավթագազային ոլորտում. ածխաջրածիններին բաժին է ընկնում երկրի ՀՆԱ մոտ 60%-ը։ Ադրբեջանում 59 նավթագազահանք կա, որոնցից 18-ը ծովում են, մնացածը՝ ցամաքում։

30.04.11
Ադրբեջանն Ուկրաինային կմատակարարի 5 մլրդ մ3 գազ ԱՊՀ տերմինալի համար։ Այս մասին հեռուստաեթերով տեղեկացրել է Ուկրաինայի էներգետիկայի և ածխարդյունաբերության նախարար Յուրի Բոյկոն։ Նրա խոսքերով՝ այս պայմանավորվածությունը ձեռք է բերվել Բաքվում, ապրիլի 28-ին, Ուկրաինայի և Ադրբեջանի նախագահներ Վիկտոր Յանուկովիչի և Իլհամ Ալիևի բանակցությունների ընթացքում։ Նախարարը նշել է, որ դա կապահովի գազի մատակարարումների դիֆերսիֆիկացումն իր երկրի համար։ Նա հավելել է, որ հեղուկ գազի տերմինալի կառուցման նախագիծն արդեն իրականացվում է և կավարտվի երեք տարի անց։ Յու.Բոյկոն պարզաբանել է, որ հիմնական խնդիրը գազի ռեսուրսի ապահովումն էր։ Էներգետիկայի և ածխարդյունաբերության նախարարը տեղեկացրել է նաև գազի սպառման կրճատման պլանների մասին, այդ թվում մայրուղային գազատարների գազամղիչ սարքերը էլեկտրաէներգիայի վրա փոխադրելու հաշվին։

Աղբյուրները՝  РИА «Новости»,
Новости-Казахстан,
РБК, Нефтегазовая вертикаль,
Нефть России

«Գլոբուս Էներգետիկ և տարածաշրջանային անվտանգություն», թիվ 3, 2011

դեպի ետ