• am
  • ru
  • en
Версия для печати
19.05.2011

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՄԵԴԻԱՏԵՔՍՏԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴ

EnglishРуский

   

Աննա Ժամակոչյան

Ա.Ժամակոչյան` «Նորավանք» ԳԿՀ Տեղեկատվական հետազոտությունների կենտրոնի ավագ փորձագետ

Մտքի արտահայտման կերպը սովորաբար որոշակի կայուն բնութագիր է ունենում, որը մի կողմից դրսևորում է տվյալ աղբյուր-հեղինակին, մյուս կողմից՝ դառնում նրա ձեռագիրը։ Արտահայտման կերպով են դրսևորվում հեղինակի թե՛ դիրքորոշումներն ու պատկերացումները, թե՛ նպատակները։ Զանգվածայնորեն տարածվելով՝ միտք-հաղորդագրությունը դառնում է տեղեկատվություն և ուրեմն՝ հանրություններին հուշող կամ ուղղորդող գործոն։ Հետևաբար, մտքի զանգվածային տարածման աղբյուրները, կարճ ասած՝ մեդիաները, ամենից շատ ուսումնասիրվող «հեղինակներից» են ժամանակակից աշխարհում։

Հաճախ թերթի մշտական ընթերցողը կամ հեռուստադիտողն իր փորձով կարող է որոշակի պատկերացում ձևավորել տվյալ մեդիայի օպերատիվության, թեմատիկ, գաղափարական, արժեքային կողմնորոշումների և ընդհանուր ռազմավարության մասին։ Սակայն այդ պատկերացումը մեծապես կախված է նաև ընկալողի առանձնահատկություններից, հետևաբար՝ սուբյեկտիվ բնույթ ունի։ Այստեղից էլ բխում է օբյեկտիվ և համակարգված մեթոդական ուսումնասիրության անհրաժեշտությունը։

Բովանդակային վերլուծության զարգացումը

Մեդիաների ուսումնասիրության տարածված մեթոդներից է բովանդակության վերլուծությունը (ԲՎ) կամ որ նույնն է՝ կոնտենտ անալիզը։ Այն որպես մեթոդ ծագել ու զարգացել է զանգվածային հաղորդակցության տեքստերի վերլուծության շրջանակներում։ Տերմինն առաջացել է 20-րդ դարի առաջին կեսին, թեև մեթոդի կիրառության ավելի վաղ օրինակներ էլ են հայտնի։ Այն առավել համակարգված տեսք է ստացել ԱՄՆ-ում Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ քարոզչական նյութերի և մամուլի գաղափարախոսական կողմնորոշումների ուսումնասիրման միջոցով, որոնցից հիշարժան են Հ.Լասվելի և նրա գործընկերների կատարած աշխատանքները։ Դրանց արդյունքում ձևավորված մեթոդաբանական գրականությունն առայսօր դասական է համարվում։ 1960-ականներին ԲՎ կիրառմամբ ուսումնասիրությունների չդադարող ակտիվության շնորհիվ մեթոդը շարունակեց զարգանալ, ադապտացվեց տարբեր հասարակական գիտությունների համար, մշակվեցին բազմազան տեխնիկաներ ու մոտեցումներ։ Այսօր էլ դրա տարբեր ձևերը կիրառվում են, իսկ տեսական մոտեցումները՝ լրամշակվում։

ԲՎ սահմանումը, տեսակները

Տարբեր հեղինակներ ԲՎ մեթոդի տարբեր սահմանումներ են առաջարկել՝ այն համարելով նույնիսկ դիտարկման եղանակ, որով հարցերն առաջադրվում են ոչ թե ռեսպոնդենտներին, այլ արդեն իսկ արտադրված հաղորդակցության բովանդակության նկատմամբ։ Հատկապես մեթոդի զարգացման վաղ շրջանում հետազոտողները, ինչպես, օրինակ, Բերելսոնը, Կերլինգերը և այլք, շեշտադրում էին դրա համակարգային, օբյեկտիվ և քանակական կողմերը1։ Հավանաբար, հենց այդ պատճառով խորհրդային գիտության շրջանակներում ԲՎ-ն համարվում էր միայն քանակական մեթոդ։ Այժմ էլ այդ ավանդույթին հետևելով՝ ԱՊՀ տարածքում հաճախ ԲՎ-ն ընկալվում է որպես այդպիսին, իսկ որակական տեսակն անվանվում է «փաստաթղթերի որակական վերլուծություն», որտեղ փաստաթղթի դերում կարող է հանդես գալ ցանկացած տեքստ, ձայներիզ կամ տեսանյութ։

Բայցևայնպես, ԲՎ-ն ունի որակական և քանակական տարատեսակներ և հանդես է գալիս որպես բազմազանության մեջ օրինաչափությունների, ինչպես նաև առանձնահատկությունների բացահայտման մեթոդ։ Բովանդակության վերլուծության քանակական եղանակն առավել մեծ հետաքրքրության է արժանանում, հիմնականում այն պատճառով, որ բավական հղկված, ստանդարտացված պրոցեդուրա է ենթադրում, ինչը թույլ է տալիս պակասեցնել հետազոտողների սուբյեկտիվ մեկնաբանման վտանգները։ Սակայն որակականի առավելությունն առաջին հերթին տեքստի լատենտ շերտերի հետ աշխատանքի և հակասությունների բացահայտման հնարավորությունների մէջ է։ Այս դեպքում հետազոտվում է ոչ միայն այն, թե ինչ է ասվում, այլ թե ինչպես է ասվում, որտեղ է ասվում և այլն։ Ըստ այդմ, յուրաքանչյուր հետազոտող, կոնկրետ նպատակից ելնելով, ընտրում է ԲՎ առավել նպատակահարմար տեսակը։

Այսպիսով, ԲՎ-ն տեքստի հաղորդագրության՝ նախապես սահմանված կանոններով, հավաստի, ստուգելի և օբյեկտիվ ուսումնասիրության եղանակ է, որն ուղղված է այդ տեքստերում արտահայտված սոցիալական պրոցեսների (օբյեկտների, երևույթների, համատեքստի) բացահայտմանը։

Քանակական ԲՎ առանձնահատկությունները

Քանակական ԲՎ (ՔԲՎ) էությունն, ըստ Լասվելի, տեքստում նշան-ստիմուլների համակարգված հաշվարկման և վերլուծության մեջ է, որոնք ներկայացված են բառով, դատողությամբ, պարբերությամբ, հատվածով։ Նշան-ստիմուլներն իրենց տրվող պատասխան-ռեակցիաների հետ միասին կազմում են հաղորդակցման շղթան։

Այս մեթոդի առանձնահատկությունն այն է, որ որոշակի լեզվական միավորներ, օրինակ՝ թեմատիկ տեքստային հատվածներ, բնութագրվում են քանակական նկարագրով։ Մյուս առանձնահատկությունը և սահամանափակումն այն է, որ այն կիրառելի է միայն բացահայտ իմաստ ունեցող տեքստերում և չի կարող դիտարկել թաքնված իմաստները։ Քանակական ԲՎ դեպքում, կիրառելով մաթեմատիկական ապարատը, հետազոտողները փորձում են տարբեր ֆորմալացված պրոցեդուրաների միջոցով վեր հանել տեղեկատվական հոսքերի օրինաչափություններ և միտումներ, բացահայտել այդ հոսքերի տիրաժավորման ժամանակ կոմունիկատորի մտադրությունները և կանխատեսել դրա նկատմամբ լսարանի հնարավոր արձագանքը։

ՔԲՎ իրականացման հիմնական պահանջներն են.

  1. օբյեկտիվությունը, այն է՝ ուսումնասիրվող բնութագրիչները պետք է լինեն հստակ, միանշանակ մեկնաբանվող և պետք է դիտարկվեն բոլոր ընտրված տեքստերում,
  2. համակարգվածությունը՝ հետազոտության օբյեկտի վերլուծությունը, պետք է իրականացնել համակարգային կերպով՝ ընտրության հիմք վերցնելով ֆորմալ, անկողմնակալ չափորոշիչներ՝ չանտեսելով հիպոթեզին հակասող տեքստային հատվածները,
  3. ներկայացուցչականությունը՝ ընտրանքը պետք է կազմել քանակական մեթոդներին բնորոշ եղանակով,
  4. չափելիությունը՝ ուսումնասիրվող բնութագրիչները, պետք է հնարավոր լինի արտահայտել քանակապես։

Քանակական ԲՎ կիրառության ժամանակ հանդիպող հիմնական խնդիրը մեծածավալ տեխնիկական աշխատանքն է։ Ներկայում, սակայն, մեթոդի զարգացումը հանգեցրել է տարբեր համակարգչային ծրագրային փաթեթների ստեղծմանը, որոնք իրականացնում են տեխնիկական հաշվարկը՝ հետազոտողի կողմից նախապես սահմանված չափանիշներով։ Այսպիսի ծրագրային փաթեթներ կան նախատեսված անգլերեն և ռուսերեն տեքստերի վերլուծության համար, սակայն հայերենի համար դեռևս նման գործիքներ չեն ստեղծվել։

ԲՎ-ի համար մեդիատեքստերից պահանջվող մոտեցումները

ԲՎ մեթոդական մոտեցման շրջանակներում մշտապես ծագում է մեդիատեքստերի՝ սոցիալական իրականության նկատմամբ ներկայացուցչականության հարցը։ Չէ՞ որ դրանք տարբեր կերպ են արտացոլում իրականությունը՝ ընդգծելով և, հակառակը, քողարկելով առանձին կողմերը։

Մեդիատեքստերի նկատմամբ վերաբերմունքը կարող է տարբեր լինել։ Լ.Ֆեդոտովան2 ընդհանուր առմամբ նշում է տեքստերի նկատմամբ հետևյալ մոտեցումները.

  1. տեքստը կարելի է կիրառել իբրև իր հիմքում ընկած սոցիալական իրականության վկայություն,
  2. վերաբերվել տեքստին իբրև ինքնաբավ ներքին տեքստային իրականություն՝ տվյալ տեքստային իրականության մեջ որոշակի բնութագրիչների համակարգ հաստատելով,
  3. դիտարկել տեքստային բնութագրիչների կապը դրանք արտադրողների և սպառողների կառուցվածքի հետ։

Հեղինակը նաև նշում է, որ տեքստի բովանդակությունը կախված է հաղորդակցության բոլոր բաղադրիչների՝ կոմունիկատիվ իրավիճակի, կոմունիկատորի, հաղորդակցման միջոցների և լսարանի բնութագրիչներից, սակայն տարբեր չափերով։ Այն առաջին հերթին կախված է արտադրությանն առնչվող գործոնների, այսինքն՝ կոմունիկատորի, կոմունիկացիոն իրավիճակի և հաղորդակցման միջոցների և միայն երկրորդ հերթին՝ լսարանի բնութագրիչներից։ Հետևաբար, տեքստի միջոցով մենք ավելի շուտ կարող ենք պատկերացում կազմել այն արտադրողի, քան դրա սպառողի մասին։ Այդ իսկ պատճառով տեսքստերի ուսումնասիրության ժամանակ որդեգրվում է հետևյալ մոտեցումը։ Դրանք դիտարկվում են իրականությունը վերարտադրվող անձի (խմբի, շերտի, ինստիտուտի, հանրության) առջև դրված խնդիրների տեսանկյունից, ինչպես նաև այդ տեքստերի նկատմամբ պոտենցիալ լսարանի հնարավոր վերաբերմունքի տեսանկյունից։

Այսպիսով, մեդիատեքստը դիտարկվում է իբրև կոմունիկատիվ գործընթացի կողմերի շահերի, մտադրությունների, պահանջների օբյեկտիվացված, բայց միջնորդավորված արտացոլում3։ Տեքստը համարվում է հայելի, որում մեծապես արտացոլվում է կոմունիկատորը, ինչպես նաև հավանական հասցեատերը և այն հասարակական ու մշակութային համատեքստը, որում նրանք հաղորդակցվում են։

Համապատասխանաբար, տեքստի ԲՎ-ն հետազոտողին թույլ է տալիս տարբեր չափով պատկերացում կազմել հաղորդակցական գործընթացի մասնակիցների վարքի, քաղաքականության և այլ բնութագրիչների մասին։

Բովանդակային վերլուծության նպատակները

Լասվելը կոմունիկացիայի գործընթացը ձևակերպում էր 5 հարցերի միջոցով, որոնց վերլուծությանն էլ հանգեցվում էր կոմունիկացիայի ուսումնասիրությունը.

  1. ո՞վ է ասում՝ կոմունիկատորի կամ հաղորդակցման գործընթացի կառավարման վերլուծություն,
  2. ի՞նչ է հաղորդում՝ հաղորդագրության վերլուծություն,
  3. ո՞ւմ է ուղղված՝ լսարանի որակական և քանակական բնութագրիչների վերլուծություն,
  4. ի՞նչ խողովակով՝ հաղորդակցման միջոցների վերլուծություն,
  5. ինչպիսի՞ ազդեցությամբ՝ արդյունքների, ռեցիպիենտի գիտակցության կամ վարքի փոփոխության վերլուծություն։

Հետագայում նա վերասահմանեց հաղորդակցության բաղկացուցիչները, դրանցում ներառելով՝

  1. կոմունիկատորի մտադրությունները,
  2. կոմունիկացիայի իրավիճակը,
  3. կոմունիկատորի ռազմավարությունը։

Չնայած հաղորդագրության վերլուծությունը նշված բաղադրիչներից միայն մեկի ուսումնասիրությունն է, այն՝ հաղորդագրության ընդգրկուն բնութագրիչների շնորհիվ, թույլ է տալիս որոշակի հետևություններ կատարել կոմունիկացիայի մնացյալ բաղադրիչների մասին ևս։ Նույնիսկ անկախ նրանից, թե որքանով ներկայացուցչական է սոցիալական իրականությունը դրսևորվում մեդիատեքստերում, հասարակությունում տեղի ունեցող սոցիալական փոխակերպումներն անխուսափելիորեն արտացոլվում են դրանցում, հետևաբար՝ կարող են ԲՎ մեթոդով բացահայտվել։

Այսպիսով, ԲՎ մեթոդով կարելի է պարզել.

  1. մեդիաների գործառնության հիմնական ձևերը,
  2. դրանց գործունեության սոցիալ-մշակութային միջավայրը,
  3. դրանց ղեկավարների մտածողությունը, նրանց սոցիալական դիրքորոշումները, արժեքային կողմնորոշումները, հոգեբանական վիճակը,
  4. տարբեր գործընթացների վրա նրանց ազդեցության հավակնությունները, մտադրությունները,
  5. ազդեցության համակարգը (բնույթ, ռազմավարություն, մանիպուլյացիոն մեթոդներ),
  6. ազդեցության հնարավոր օբյեկտները, թիրախային լսարանը,
  7. թիրախային լսարանի վրա ազդեցության հնարավոր ձևերը,
  8. հասարակական կարծիքի արտացոլման ձևերը։

Ըստ այն բանի, թե ինչ կա հաղորդագրությունում, հետազոտողը եզրակացնում է, թե որքանով է մեդիայի առօրյա գործունեությունը համապատասխանում իր հռչակած նպատակներին, թե իրականությունից ինչ է վերցնում տեղեկատվության աղբյուրը, որ իդեալներին, արժեքներին է անդրադառնում, որքանով է արտացոլում սոցիալական իրականությունը, որքանով մոդիֆիկացնում, տրանսֆորմացնում, աղճատում, աշխարհի ինչ պատկեր է մոդելավորում տվյալ մեդիան ի տարբերություն մյուսի, ինչ հետք ունի հաղորդագրության բովանդակության վրա հասարակության քաղաքական իրավիճակը, ինչպիսի մտադրություններն են կոմունիկատորին ստիպում հաղորդել կյանքի այս կողմերի և լռել մյուսների մասին։

ԲՎ առավելությունն այն է, որ նշված բոլոր կետերը կարելի է ուսումնասիրել ժամանակի մեջ և դիտարկել դրանց փոխակերպումները։ Բացի այդ, մեթոդը թույլ է տալիս համեմատական վերլուծություն իրականացնել նույն երկրում կամ տարբեր երկրների մեդիաների միջև։

Մեդիատեքստերն ուսումնասիրվում են ոչ միայն բացահայտելու համար, թե ինչպիսի տեղեկատվություն են ձգտում մեդիաները տրամադրել, ըստ այդմ՝ ինչ մտադրություններ ունեն դրանք և թե ինչ հնարավոր ազդեցություն կարող են ունենալ լսարանի վրա, այլև՝ բացահայտելու լսարանի վրա ցանկալի ազդեցության հնարավորինս արդյունավետ մեթոդներն ու եղանակները։

Բովանդակային վերլուծության կիրառության օրինակներ

Պրակտիկայում ԲՎ մեթոդի կիրառությունը բազմազան է՝ սկսած քաղաքական ու քարոզչական, սոցիալական հիմնախնդիրների, խտրականության ձևերի հետազոտություններից, մինչև մարքեթինգային ու գովազդային ուսումնասիրությունները։

Այսպես, հայտնի են մի քանի դասական հետազոտություններ, որոնք այժմ էլ ուղենիշ են հետազոտողների համար։ Օրինակ, Բերելսոնը և Սալթերը, բովանդակային վերլուծության ենթարկելով 8 առավել հանրաճանաչ ամսագրերի 1937-1943թթ. համարներում 198 կարճ պատմվածքները, ուսումնասիրեցին դրանց հերոսների ազգային պատկանելությունը, դերը և նրանց նկատմամբ վերաբերմունքը։ Ըստ արդյունքների՝ ամերիկյան ազգային փոքրամասնություններն ավելի քիչ էին հերոսացվում և ավելի բացասական էին նկարագրվում։

ԲՎ պատմության մեջ հայտնի է նաև Լասվելի և Լեյթեսի՝ Երկրորդ համաշխարհայինի տարիներին կատարած «Իսկական ամերիկացի» թերթի խմբագրության մտադրությունների ուսումնասիրությունը, որը դարձավ թերթին ֆաշիստամետության մեջ մեղադրելու գլխավոր փաստարկը և նպաստեց դատական կարգով դրա արգելմանը։ Հեղինակները որպես վերլուծության միավոր էին վերցրել հիտլերյան քարոզչության պնդումները և հաշվարկել էին՝ արդյոք ամբաստանվող թերթը հաստատե՞լ, թե՞ հերքել է դրանք։

Նույն հեղինակներն իրենց այլ գործընկերների հետ միասին 40-ականների վերջերին իրականացրին «Աշխարհի ուշադրության ուսումնասիրությունը» («World Attention Survey»), որի նպատակն էր մեդիաների դիտարկումը ժամանակային տիրույթում։ Վերլուծության համար ընտրվել էին տարբեր երկրների հեղինակավոր թերթերը, որոնք կարդացվում են աշխարհի քաղաքական էլիտաների կողմից և կարող էին համարվել իրենց երկրներում գաղափարախոսական փոխակերպումների բավարար վստահելի ցուցանիշ։ Հեղինակները վերլուծել են թերթերի ամենամսյա 1-ին և 15-րդ օրվա խմբագրականները՝ ընդհանուր առմամբ 20.000 հոդված։ Որպես վերլուծության միավոր է ընտրվել քաղաքական սիմվոլը։ Այդպիսի սիմվոլի բովանդակությունն էին կազմում ընդհանուր առմամբ 416 անուն քաղաքական գործիչներ, կառույցներ, երկրներ, ուժեր, քաղաքական գործողություններ, վիճակներ, գաղափարախոսություններ՝ ըստ էության, հեղինակների կողմից առանձնացված քաղաքական լեզուն (օրինակ՝ կոնգրես, խորհրդարան, վարչապետ, ֆյուրեր, խաղաղություն, պատերազմ, զանգվածների հեղափոխություն, պրոլետարիատ, կոմունիզմ, լիբերալիզմ, դեմոկրատիա և այլն)։ Մեթոդաբանական ենթադրությունը հիմնված էր նրա վրա, որ այդ սիմվոլները կոմունիկատորի տեսանկյունից ցանկացած քաղաքական ինֆորմացիայի հիմնական կողմերն են, ինչպես նաև այն հանգույցները, որոնց վրա կենտրոնանում է լսարանի ուշադրությունը։ Վերլուծությունը կատարվում էր ամեն սիմվոլի և դրա նկատմամբ վերաբերմունքի (բարենպաստ, անբարենպաստ, չեզոք) հաճախության հաշվարկով4։

Մեկ այլ հետաքրքիր օրինակ է Չեյի (Chai) կողմից 1976թ. Չինաստանում Մաո Ցզե Դունի մահվանը հաջորդած քաղաքական կոնֆլիկտի ուսումնասիրությունը։ Հեղինակը դա իրականացրել է ԲՎ մեթոդով վերլուծության ենթարկելով Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի՝ ստացված 40 մահախոսականները, քանի որ ամերիկյան հետազոտողների համար Մաոյի մահվան նկատմամբ չինացիների արձագանքի անմիջական հետազոտումը անհնար էր5։

Ինչպես տեսանք, բովանդակության վերլուծության մեթոդական ապարատը մեկն է այն կարևոր միջոցներից, որը թույլ է տալիս զանգվածային հաղորդակցության հաղորդագրություններն ուսումնասիրելով պատկերացում կազմել ոչ միայն բուն հաղորդագրության, այլև կոմունիկացիայի գործընթացի մյուս բաղադրիչների վերաբերյալ և նույնիսկ տեղեկանալ ինչ-ինչ պատճառներով անհասանելի հասարակություններում ընկալումների և փոխակերպումների մասին։

1B Devi Prasad, “Content Analysis: A method in Social Science Research”.

2Федотова Л.Н., «Анализ содержания – социологический метод изучения средств массовой коммуникации».

3Նույն տեղում։

4Նույն տեղում։

5B Devi Prasad, “Content Analysis: A method in Social Science Research”.

«Գլոբուս Ազգային անվտանգություն», թիվ 3, 2011

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր