
ԹԵՐԹԱՔԱՐԱՅԻՆ ԳԱԶԻ ՈՒՐՎԱԿԱՆԸ

Ս.Սարգսյան` «Նորավանք» ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավարի տեղակալ
Մաս 2. Տեղին կասկածներ
Շատ փորձագետներ կարծում են, և ոչ առանց հիմքի, որ «թերթաքարային ողջ հեղափոխությունը» լավ ծրագրված մասշտաբային PR ակցիա է, որը, ըստ «Գազպրոմի» վարչության փոխնախագահ Ալեքսանդր Մեդվեդևի, կնպաստի «պղպջակի» գոյացմանը, նման նրան, որն առաջացավ ինտերնետ-ընկերությունների շուկայում 1990-ականների վերջին։ Այն ժամանակ դրանց գինը նույնպես արագ աճեց, բայց 1999-2000թթ. շուկայի անկումից հետո իջավ մինչև «ռացիոնալ և տրամաբանական չափերի»1։ Եվ հիմա թերթաքարային գազի շուրջ ստեղծված իրավիճակն, ամենայն հավանականությամբ, ավելի շուտ առնչվում է ֆինանսական խաղերին բորսայական հարթակներում, այլ ոչ թե իրական էներգետիկային։
Ա.Մեդվեդևը վստահ է, որ գազի գները ԱՄՆ-ում առաջիկա հինգ տարիներին կաճեն մեկուկես-երկու անգամ։ Առայժմ գազարդյունահանման ծավալներն արհեստականորեն բարձրացվում են, իսկ դրա արդյունահանման իրական ծախսերը՝ նվազեցվում։
Այն, որ բնական գազի արտադրության ծավալները երկրում բարձրացվել են, 2010թ. սկզբին ստիպված էր խոստովանել ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը։ Ազգային կոնսալտինգային «2К Աուդիտ – գործնական խորհրդատվություններ» խմբի վարչության տնօրեն Ալեքսանդր Շտոկի կարծիքով՝ «միանգամայն հավանական է, որ բարձրացվել են հենց թերթաքարային գազի ցուցանիշները, որին էլ վերագրվել է գազարդյունահանման հիմնական աճն ԱՄՆ-ում։ Այսինքն՝ չի բացառվում, որ ԱՄՆ-ում ուռճացրել են թերթաքարային պղպջակը, որը շուտով կարող է պայթել։ Եթե դա տեղի ունենա, թերթաքարային հեղափոխությունը, ամենայն հավանականությամբ, կավարտվի»2։
Արդյունահանված գազի ծավալների առնչությամբ ԱՄՆ էներգետիկայի նախարարության անվստահությանը զուգահեռ, մի շարք փորձագետներ կասկածում են, որ գազարդյունահանող ընկերությունների հայտարարված ծախսերը կազմում են 1000 խորանարդ ֆունտը ընդամենը $3,5 (օրինակ, Chesapeake Energy ընկերության տվյալներով)։ Նրանցից է հյուսթոնցի փորձագետ, մասնագիտությամբ երկրաբան Արթ Բերմանը՝ «World Oil Magazine» ամսագրի առաջատար հեղինակներից մեկը3։
Նրա կարծիքով՝ հորիզոնական հորատման տեխնոլոգիան չի կարող, գոնե առայժմ, այնքան շահութաբեր լինել, ինչպես դրա մասին հայտարարվում է։ Թվերով մանիպուլյացիան, ավելի շուտ, կայանում է նրանում, որ ընկերությունները հնչեցնում են միայն իրենց գործառնական ծախսերը և ամորտիզացիոն հատկացումները, որոնք իսկապես մոտավորապես կազմում են հայտարարված ցուցանիշները՝ 1000մ3-ի դիմաց $100-ի սահմաններում։ Միևնույն ժամանակ, հորատանցքերի հորատման ծախսերի մակարդակն ամենևին էլ պոպուլյար թեմա չէ գազարդյունահանող ընկերությունների համար։ Եվ դա՝ այն դեպքում, երբ «հեղափոխական այդ տեխնոլոգիայում» հենց այդ ծախսերն են վճռորոշը։ Իսկապես, ամերիկյան առանձնահատկությունը հաշվի առնելով, երկրաբանահետախուզության և խողովակաշարային ենթակառուցվածքի շինարարության ծախսերը (ԱՄՆ-ում այն ամենաճյուղավորվածներից մեկն է) նվազագույնն են։ Բայց մեկ հորատանցքի հորատման ծախսերը, դրանց հոսքային, զանգվածային հորատման պայմաններում և նույնիսկ հաշվի առնելով դրանց նվազումը վերջին մի քանի տարում $10-14-ից մինչև $4-5 միլիոնի4, թույլ են տալիս խոսել 1000մ3 գազի ստացման ընդհանուր ծախսերի մասին ոչ ցածր, քան $212-283-ի սահմաններում։
Հորատման ծախսերի նվազումը հնարավոր դարձավ շնորհիվ այն բանի, որ էներգակիրների գների մշտական աճի պայմաններում բավական արագ աճում էին հորատման սարքավորումների գները, ինչը դրանց արտադրության բիզնես բերեց բազմաթիվ նոր արտադրողների։ Դրանց պահանջարկն աջակցվում էր նավթագազային արդյունահանման բիզնեսի հասանելիության գծով ԱՄՆ շատ ազատական օրենսդրությամբ։ Հորատող և ուղեկից այլ անհրաժեշտ սարքավորումների զանգվածային արտադրությունը հանգեցրեց դրանց գների կտրուկ անկման և, որպես հետևանք, հորատման ծախսերի նվազման։
Իհարկե, Եվրոպայում նույնպես ժամանակի ընթացքում կարելի է ավելացնել հորատման սարքավորման առաջարկը՝ մինչև դրա պահանջարկի լրիվ բավարարումը, բայց ընդերքի օգտագործման իրավունքների ազատականացմամբ, ամենայն հավանականությամբ, հիմնախնդիրներ կառաջանան։ Եթե Միացյալ Նահանգներում հողի սեփականատերն ավտոմատ կերպով նաև ընդերքի սեփականատերն է, ապա Եվրոպայում ընդերքի սեփականատերը պետությունն է5։ Բացի այդ, թերթաքարի հանքաշերտերի 80%-ն ԱՄՆ-ում գտնվում են դաշնային հողերում6։
Այն մասին, որ ընկերություններն իջեցնում են գազի արդյունահանման իրական ինքնարժեքը և, համապատասխանաբար, բարձրացնում են իրենց շահույթը՝ նորանոր հավելյալ ներդրումներ գրավելու նպատակով, վկայում է նաև այն փաստը, որ նույնիսկ գազի համեմատաբար բարձր գների ժամանակ ԱՄՆ-ում 2008թ., գազի շոշափելի, ապրանքային ծավալների արտադրության պայմաններում Chesapeake Energy-ն այդպես էլ չկարողացավ նկատելիորեն կրճատել $14,5 մլրդ-ի իր պարտքը։ Նոր տեխնոլոգիայով գազի արդյունահանման իրական շահութաբերության, ողջ աշխարհում նրա իրարանցումային պահանջարկի պայմաններում այդ ընկերության (որը թերթաքարային գազի արտադրության խոշոր ընկերություններից մեկն է և տիրապետում է ամենաարդիական know-how-ների) տերերը ֆրանսիական ТНК Total –ին այն չէին վաճառի ընդամենը $2,25 մլրդ-ով7։
Սակայն այս ամենը ոչ մի կերպ չազդեց թերթաքարային գազի արդյունահանման նորագույն տեխնոլոգիաների իրարանցումային պահանջարկի տարածման (ընդ որում՝ ողջ աշխարհում), ինչպես նաև երկրաբանահետախուզական և արտադրական ընկերությունների ծառայությունների վրա, որոնք արդեն դրա հանքավայրերի շահագործման փորձ ունեին։
Քանի դեռ լրիվ ուսումնասիրված չէ հանքավայրի կառուցվածքը (որքան է հանքաշերտի խորությունը, թերթաքարային շերտի հաստությունը), այս ամբողջ իրարանցման մեջ անորոշ է մնում այն, թե այդ ակտիվությունն իրոք գազի՞, թե՞ բորսայական շահարկումների շուրջ է։
Ընդհանուր առմամբ, կարելի է փաստել, որ ԱՄՆ-ում թերթաքարային գազի արդյունաբերական արդյունահանման հաջողությունները հնարավոր են դարձել ամերիկյան մի շարք նպաստավոր բնական և ուրույն առանձնահատկությունների շնորհիվ, մասնավորապես՝ թերթաքարի շերտերի փոքր խորությունը, դրանց մերձությունը սպառողին, գազատարների ճյուղավորված ցանցի առկայությունը, լիբերալ օրենսդրությունն ընդերքի օգտագործման և նավթագազային բիզնեսի ոլորտում։
Բացի այդ, թերթաքարի հանքավայրերի մշակման շահութաբերությունն ԱՄՆ-ում որոշվում է նաև նրանով, որ 1000մ3 բնական գազի արդյունահանման ինքնարժեքը երկրի տարածքում համեմատաբար բարձր էր, և 2010թ. մարտի դրությամբ կազմում էր $155,78 (համեմատության համար նշենք, որ Ռուսաստանում այն կազմում է $3-50), իսկ թերթաքարային գազի ինքնարժեքը, ամենալավատեսական գնահատականներով, $150-200։
Իսկ այդ ժամանակ Ռուսաստանում...
«Գազպրոմը», վերլուծելով իրավիճակն ամերիկյան և եվրոպական գազային շուկաներում՝ թերթաքարային գազի արդյունահանման ավելացման հեռանկարների հետ կապված, եկավ այն եզրակացության, որ «թերթաքարային հեղափոխությունը» հազիվ թե արմատական փոփոխություններ մտցնի այդ շուկաներ գազի արտահանման իր ծրագրերում։ Այս տարվա փետրվարի կեսին «Գազպրոմի» վարչության փոխնախագահ Ալեքսանդր Մեդվեդևը լավատեսորեն հայտարարեց, որ արդեն առաջիկայում ռուսական ընկերությունը 50%-ով կավելացնի իր բաժինը ԱՄՆ գազի շուկայում9։ 2010թ. երկրորդ կեսին կոնցեռնը ԱՄՆ-ում վաճառել է մոտ 600 մլն մ3 գազ10։
Միևնույն ժամանակ, «Գազպրոմը» վերանայեց ԱՄՆ գազահանքերի մշակման գործում ներդրումներ կատարելու իր պլանները. ըստ Ա.Մեդվեդևի՝ ընկերությունն այլևս դրանով շահագրգռված չէ։ Չնայած դեռ 2010թ. կեսին ընկերության ղեկավարությունը, ընդհակառակը, հայտարարում էր, որ շահագրգռված է այդ ռեսուրսներով11։
Միևնույն ժամանակ, ռուսաստանյան նավթագազարդյունահանող ТНК-ВР ընկերությունը պայմանավորվել է թերթաքարային գազ արդյունահանել Ուկրաինայի տարածքում՝ Դոնեցկի մարզի հինգ տեղամասերում. Կոնստանտինովյան, Սլավոնական շրջաններում, ինչպես նաև Գոռլովկայում, Կրամատորսկում և Մակեևկայում12։
Թեև բնական գազի պաշարները Ռուսաստանում գնահատվում են ավելի քան 40 տրլն մ3, ածխային մեթանի պաշարները՝ ավելի քան 80 տրլն մ3 մակարդակում, իսկ թերթաքարային գազի պաշարներն, ըստ կանխատեսումների, մի քանի անգամ ավելին են13, «Գազպրոմը» առաջնակարգ ուշադրություն կհատկացնի ածխային մեթանին։ Եվ այս ընտրությունը պատահական չէ. որպես կանոն, ածխի հանքավայրերում, որոնք շատ են Ռուսաստանի տարածքում, մեթանը՝ բնական գազի հիմնական բաղադրիչը, գերակշռում է և, այրման ավելի ջերմություն ունենալով՝ կարող է հանդիսանալ բնական գազի այլընտրանքը14։ «Գազպրոմ» ընկերությունն առաջինը Ռուսաստանում սկսեց դրա արդյունահանումը և արդեն պաշարներ ունի իր հաշվին։
Փորձնական շահագործման ռեժիմով 2010թ. «Գազպրոմն» արդյունահանեց 5,3 մլն մ3 ածխային մեթան, որը ծառայեցվեց էլեկտրաէներգիայի ստացմանը և ավտոմեքենաների լիցքավորմանը Կեմերովոյի մարզի Տալդինսկի ածխահանքում։ Առայժմ այս ածխահանքում հորատվել է յոթ հետախուզական հորատանցք, սակայն 14 հանքախորշերի շահագործումից հետո կսկսվի դրա փորձնական արդյունաբերական արտադրությունը։ Հետախուզական հորատումներ են իրականացվում նաև Կուզբասի Նարիկսկ-Օստաշկինյան հատվածում15։
Պակաս կարևոր չէ այն փաստը, որ ածխահանքերից գազի նախնական արդյունահանումը թույլ է տալիս, նախ, վտանգազերծել դրանց հետագա մշակումը, երկրորդ՝ նվազեցնել ածխարդյունահանող ընկերությունների ծախսերը՝ ի հաշիվ հանքախորշերի գազազերծման ծախսերի վերացման, երրորդ՝ կնպաստի տարածաշրջանի էկոլոգիական իրավիճակի բարելավմանը։
Էկոլոգիական տեսակետից ածխային մեթանի արդյունահանումն ավելի շահավետ լույսով է ներկայանում թերթաքարային գազի արդյունահանման տեխնոլոգիայի համեմատ, որը հիդրոճեղքման փուլում ենթադրում է յուրաքանչյուր հորատանցքում բազմակի (տարեկան մինչև 10 անգամ) մոտ 4 հազ. տոննա ջուր և մինչև 200 տոնա ավազ՝ քիմիկատներով, ներմղել, որին հաջորդում է այդ խառնուրդի արտամղումը16։
Մասնավորապես, էկոլոգիական սպառնալիքի վերլուծությունը, որն անցկացվել է ամերիկյան Վայոմինգ նահանգում, որտեղ գտնվում է թերթաքարային գազի խոշոր հանքավայրերից մեկը, ցույց տվեց, որ քիմիական այդ նյութերն ի վիճակի են թափանցել ենթահողային ջրեր. դրանք հայտնաբերվեցին շրջակա ջրհորներում17։ Իսկ Նյու Յորքի նահանգում նման երկյուղների պատճառով 2009թ. սկզբին թերթաքարային գազի արդյունահանման մորատորիում մտցվեց Marcellus հանքավայրի մի մասում18։
Էկոլոգիական անվտանգության հարցն այնքան սուր է դրված, որ կարող է լուրջ ազդեցություն ունենալ ամենուր թերթաքարային գազի արդյունահանում սկսելու հնարավորության վրա, հատկապես խիտ բնակեցված Եվրոպայում։ Եվ Ամերիկայի Միացյալ Նահանգներում նույնպես թերթաքարային շերտի հիդրոճեղքման նորագույն տեխնոլոգիայի բացասական ազդեցության աստիճանի մասին վերջնական որոշումը, առանց որի թերթաքարային գազի արդյունահանումը դառնում է պարզապես վնասաբեր, ընդունվելու է ԱՄՆ Բնության պահպանության գործակալության կողմից՝ հնարավոր ռիսկերի բազմակողմ ուսումնասիրությունից հետո, միայն 2012թ.19։
***
Բնական պայմանների, բնակչության խտության, էկոլոգիական անվտանգության հարցերին մոտեցման տարբերությունները Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի գազի ներմուծման կառուցվածքում և գազաբաշխիչ ցանցերի ենթակառուցվածքում կանխորոշել են նաև թերթաքարային գազի արդյունահանման և օգտագործման հեռանկարների շուրջ իրարանցման տարբեր աստիճանը։
Եթե ԱՄՆ-ում, ըստ էության, PR քարոզչության նպատակն այն է, որ առաջին ընկերությունները ջանում են թերթաքարային հանքատեսակներից գազ արդյունահանելով բարձրացնել իրենց բաժնետոմսերի արժեքը, որպեսզի ավելի թանկ վաճառվելով անդրազգային կորպորացիաներին՝ վճարեն իրենց պարտքերը, ապա Եվրոպայում դրա նպատակն այն է, որ փորձեն ստեղծել մրցակցություն (կամ դրա երևութականություն) խողովակաշարային և հեղուկ գազի ավանդական մատակարարումներին՝ նրա գնի վրա նվազման միտումով ճնշում բանեցնելու և դրա կազմավորման գործընթացը վերանայելու համար, այսինքն՝ այնպես անել, որ այն շաղկապված չլինի նավթի գնի հետ։
Հակառակ դեպքում, մոտ ապագայում եվրոպական թերթաքարային գազի հետ կապված հույսերի իրականացումը կհանգեցներ այն բանին, որ ԵՄ-ը կվերանայեր գազի ներմուծման անհրաժեշտությունը Սևծովյան-կասպյան տարածաշրջանից, հատկապես հաշվի առնելով Nabucco գազատարի կառուցմանն անհրաժեշտ բազմամիլիարդ ներդրումները, գազատար, որն իրականացման տեմպերով, գազի պահանջվող ծավալի առկայությամբ և գործարկման մեջ մտնելու ժամկետներով մի քանի քայլ հետ է մնում ռւսական «Հարավային հոսք» նախագծից։ Բայց դրա փոխարեն Հարավային Կովկասի տարածքով տրանսպորտային-էներգետիկ հուսալի միջանցքի ստեղծման շուրջ աշխարհաքաղաքական խաղը միայն սրվում է, ինչի վերջին օրինակը կարող են լինել այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել «Հարավային միջանցքի» ստեղծման շուրջ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բառոզուի Բաքու կատարած պաշտոնական այցի ընթացքում20։
1 http://lenta.ru/news/2011/02/18/bubble/
2 «Expert Online», 6 ապրիլի 2010թ.։
3 http://www.finam.ru/analysis/marketnews47F73/default.asp
4 http://vz.ru/economy/2010/4/29/397805.html
5 http://www.energyland.info/new/news/neft_gaz/neftegaz/53514
6 http://www.energotrade.ru/cgi-bin/yabb2/YaBB.pl?num=1255800257
7 http://www.kommersant.ru/doc.aspx?DocsID=1520037&NodesID=4
8 Energy Information Administration (EIA), http://www.eia.doe.gov
9 http://lenta.ru/news/2011/02/18/bubble/
10 http://www.vedomosti.ru/companies/news/1213668/gazprom_nameren_uvelichit_na_50_svoyu_dolyu_na_gazovom_rynke
11 http://lenta.ru/news/2011/02/18/bubble/
12 http://news.mail.ru/economics/5284606/
13 http://vz.ru/economy/2010/4/29/397805.html
14 http://www.oilcapital.ru/news/2011/02/151744_164124.shtml
15 Նույն տեղում։
16 http://www.rosbalt.ru/2010/03/25/722885.html
17 http://minprom.ua/digest/61641.html
18 http://www.gazprom.ru/press/comments/2010-05-13/
19 Luis E. Giusti L., Nuevos tiempos para el gas, "El Espectador", Columbia, 18 january 2011.
20 http://www.regnum.ru/news/georgia/1364242.html, 13 հունվարի 2011թ.։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԻՐԱՆ. ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ ՇՐՋԱՆՑԵԼՈՒ ՓՈՐՁ[30.06.2015]
- ՎՈՒԱՄ-Ը ՎԵՐԱԾՆՎՈ՞ՒՄ Է[01.09.2014]
- ՀԱՅԱՍՏԱՆԸ ՎԻԼՆՅՈՒՍԻ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԻՑ ՀԵՏՈ. «ՀԱՆՈՒՆ ՍՐՏԵՐԻ ԵՎ ՄՏՔԵՐԻ» ՊԱՅՔԱՐԸ ՆՈՐ Է ՍԿՍՎՈՒՄ[20.03.2014]
- ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ 2013Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐ-ՆՈՅԵՄԲԵՐԻՆ[22.12.2013]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՆՏԵԳՐԱՑԻՈՆ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀՀ ԵՎ ԼՂՀ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐ[17.09.2013]
- ԹՈՒՐՔԻԱ. ԱՇԽԱՐՀԻԿ ԿԱՐԳԻ ՀՈԳԵՎԱՐՔ[31.07.2013]
- ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՏԵԳՐԱՑԻՈՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՂՐՂԶՍՏԱՆԻ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՕՐԻՆԱԿՈՎ (ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐ ԵՎ ՄՏԱՎԱԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ)[03.06.2013]
- ՌՈՒՍԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ. ԱՆՈՒՂՂԱԿԻ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՈՒԺԵՂԱՑՈՒՄ[25.02.2013]
- ՎՐԱՍՏԱՆ. ՄԱՆԵՎՐԵԼՈՒ ՓՈՐՁ ՆԵՂ ԿԱԾԱՆՈՒՄ[14.01.2013]
- ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՐՈՇ ԱՍՊԵԿՏՆԵՐ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ[02.08.2012]
- «ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ»,- «ԳԱ»-ի հետ հարցազրույցում ասում է «Նորավանք» ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի փոխղեկավար Սերգեյ ՍԱՐԳՍՅԱՆԸ[25.07.2012]