• am
  • ru
  • en
Версия для печати
18.03.2011

ԴԻԼԵՏԱՆՏԻԶՄԻ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԱԶԻ ԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ

EnglishРуский

   

Սևակ Սարուխանյան

Ս.Սարուխանյան՝ Քաղաքագիտության թեկնածու, «Նորավանք» ԳԿՀ փոխտնօրեն

Փետրվարի 16-ին հայկական «Ժամանակ» թերթը հրապարակել է ոմն Հրայր Մանուկյանի հոդվածը (http://1in.am/arm/armenia_economy_10040.html), ինչպես իրեն է թվում, այն խայտառակ իրավիճակի մասին, որն ստեղծվել է Հայաստանում գազի գնի հետ կապված։ Հոդվածում, մասնավորապես, հեղինակը նշում է, որ իր կողմից պատահականորեն ընտրված 17 եվրոպական երկրներից 11-ում գազը բնակչության համար ավելի էժան է, քան Հայաստանում։ Նման, թվում է, թե ակնհայտ և հայ-ռուսական էներգետիկ համագործակցությունն ու «ՀայՌուսգազարդն» արատավորող փաստերը ներկայացնելուց հետո հեղինակը գալիս է միանգամայն սպասելի հետևության. «իշխանություններին թվում է, թե իրենցից բացի ոչ ոք ոչինչ չի տեսնում և չի հասկանում»։

Հրայր Մանուկյանի հոդվածն արտատպեցին շատ ռեսուրսներ։ Անձամբ ես դրան ծանոթացա Facebook-ի հղման շնորհիվ, որը մեկնաբանություն ուներ, որի գլխավոր ուղերձը հնչում էր որպես «ժամանակն է տալ ռուսների վզակոթին և գազ գնել Իրանից»։ Պատշաճ ուշադրություն չդարձնելով հոդվածին (ելնելով այն բանից, որ ակնհայտ անգրագիտություն կա գազի եվրոպական գների մասին. դրան կանդրադառնանք ստորև)՝ ես, պարզվում է, սխալվել էի. թեման որսացին տասնյակ քաղաքական գործիչներ և հնարավոր ամեն տեսակ հարցերի գծով փորձագետներ, իսկ Հայաստանում գազի գների ձևավորման մեխանիզմների ուսումնասիրման ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողով ստեղծելը լրագրողական (և ոչ միայն լրագրողական) դիլետանտիզմը կարող է վերածել հանրապետական մասշտաբի զավեշտի։ Բայց ամեն ինչի մասին՝ հերթով։

Եվ այսպես, «Ժամանակ» թերթի քանիցս արտատպված հոդվածից հետո, որում սևով սպիտակի վրա գրված է, որ Եվրոպայում գազն ավելի էժան է, քան Հայաստանում, նույնի մասին սկսեցին հայտարարել նաև հայ քաղաքական գործիչները, որոնց մի մասը, թեկուզև իր կենսագրական տվյալներից ելնելով, պարզապես պարտավոր է հասկանալ այնպիսի պարզ բաներ, ինչպիսին են էներգակիրների ցածր ու բարձր գները։ Մասնավորապես, Հայաստանի Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը փետրվարի 25-ին Lragir.am-ին տված հարցազրույցում հայտարարել էր. հեքիաթ է այն պնդումը, թե գազը Հայաստանում էժան է, այսօր Արևելյան Եվրոպայի երկրներում և նույնիսկ Արևմտյան Եվրոպայում բնակչությունը գազի համար շատ ավելի քիչ է վճարում, քան Հայաստանում (http://www.lragir.am/armsrc/print.economy44582)։ Ցավոք, հարկադրված ենք փաստել, որ Կենտրոնական բանկի նախկին նախագահն իր հայտարարության մեջ հենվում է «Ժամանակ» թերթի հոդվածի վրա (հաստատ այդ հոդվածը կարդացել է, հատկապես հաշվի առնելով այն, որ Ասատրյանը ներկայացնում է այն նույն քաղաքական ճամբարի շահերը, ինչ և թերթը)։ Այլապես չեմ կարողանա բացատրել, թե ինչպես է մարդը, որը երկար տարիներ գլխավորել է Հայաստանի գլխավոր բանկը, Եվրոպայում գազի գները համեմատելով հայկականի հետ, ստացել այն, ինչի մասին խոսում է. Եվրոպայում գազն ավելի էժան է։

Հայաստանում, ինչպես շատերին է թվում, գազի բարձր գների հետ կապված հարցերի քննարկմանն ընդգրկվեց նաև Դաշնակցություն կուսակցությունը, որը նախաձեռնեց Հայաստանի խորհրդարանում գազի գնագոյացման մեխանիզմների ուսումնասիրման ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը։ «Դաշնակցությունը», ի տարբերություն «Ժամանակ» թերթի և Բագրատ Ասատրյանի, եվրոպական գները չի վկայակոչում, այլ հղում է կատարում Մոլդովային. նրան հանգիստ չեն տալիս գազի գներն այդ երկրում։ Այսպես, «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն ասում է. «Ինչո՞ւ, օրինակ, Մոլդովան, որը գրեթե նույն տարածքն ունի, ինչ Հայաստանը, գազատար խողովակների նույն երկարությունը և նույնքան էլ բնակչություն, ռուսական գազն ստանում է $233 գնով, իսկ բնակչությանը վաճառում $312-ով։ Ինչո՞ւ Մոլդովային դա հաջողվում է, մեզ՝ ոչ. ահա թե ինչ հարցի պետք է պատասխանի խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը» (մարտի 1, 2011, News.am)։

Իրավիճակի տարօրինակությունն այն է, որ խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը վերոնշյալ հարցին պատասխանելու բան չի ունենա։ Եվ ահա թե ինչու...

Գազի գները Եվրոպայում՝ ըստ Հրայր Մանուկյանի կամ՝ այն մասին, թե ինչից է սկսվում... խառնաշփոթը

Անկեղծ ասած, ինձ, որպես մարդու, որը քիչ թվով հոդվածներ չի գրել էնեևգետիկ անվտանգության թեմայով, ամենից շատ մտահոգեց այն, որ հեղինակը, համեմատելով գազի գները Հայաստանում և Եվրոպայում, վկայակոչում է ինձ բավական հայտնի և հարգանքի արժանի աղբյուր՝ Europe's Energy Portal (http://www.energy.eu/#Domestic) և, հղում կատարելով այս աղբյուրին, խիստ կասկածելի տվյալներ բերում։ Europe's Energy Portal-ը ռեսուրս է, որն ունի որոշակի արժանիքներ, որոնցից գլխավորն այն է, որ գազի գները բրիտանական այս աղբյուրում հրապարակվում են էլեկտրականության գների հետ շաղկապված։ Քիչ հետո կգրեմ, թե ինչպես է դա արվում և ինչի համար, իսկ այժմ ասեմ, որ կայքում ոչ մի տեղեկատվություն չկա խորանարդ մետրով գազի արժեքի մասին։ Հենց սա էլ Հրայր Մանուկյանը և նրանք, ովքեր նրա հետևից դիմեցին Europe's Energy Portal-ին կամ պարզապես հավատացին նրան, չգիտեին։ Եվրոպայում բնական գազի աներևակայելի ցածր գների մասին թվերից դատելով, որոնք հրապարակել է «Ժամանակ» թերթը, Հրայր Մանուկյանը շփոթել է 1կվտ/ժ գազի գինը 1 խորանարդ մետր գազի գնի հետ։

Եվ այսպես, պարզություն մտցնենք. ի՞նչ առնչություն ունի էլեկտրաէներգիայի չափման միավորը (կվտ/ժ-ն՝ կիլովատ ժամը) գազի հետ։ Եթե դուք ապրում եք Բրիտանիայում և ձեր հաշվիչը ցույց է տալիս ձեր սպառած գազը հարյուրավոր խորանարդ ֆուտերով, ընկերությունը, որը ձեզ գազով է ապահովում, կարող է ձեր իսկ հարմարավետության համար ձեր օգտագործած գազի դիմաց ներկայացնել հաշիվ կիլովատ-ժամով (կվտ/ժ)։ Սա պետք չեկող բարդություն կարող է թվալ այնքան ժամանակ, քանի դեռ անհրաժեշտ չի լինի համեմատել գազի հաշիվն էլեկտրականության հաշվի հետ (որը մշտապես ներկայացվում է կվտ/ժ-ով)։ Այսպիսով, երբ դուք համեմատում եք էլեկտրական վառարանը, որը ծախսում է, ենթադրենք, ժամում 2 կվտ, գազի վառարանի հետ, որը ծախսում է 1,5 կիլովատ ժամ, դուք կարող եք հասկանալ, թե որն է դրանցից ավելի խնայողական։ Եթե մտնեք Europe's Energy Portal կայք, կտեսնեք, որ գազը կվտ/ժ-ով գների սյունակի կողքին կա էլեկտրականությունը կվտ/ժ-ով սյունակը. բացառապես այն բանի համար, որ հեշտ լինի համեմատել գները և ընտրել, օրինակ, կամ գազով, կամ էլեկտրաէներգիայով աշխատող ապագա վառարանը։

«Ժամանակ» թերթում սրա մասին պարզապես չգիտեին, ինչի պատճառով էլ խառնել էին գազի խորանարդ մետրի գինն ու կվտ/ժ-ով գինը։ Ուզում ենք հավատալ, որ ոչ վատ նպատակադրմամբ։ Թեև դիլետանտիզմը, ինչպես ցույց է տալիս կյանքը, պակաս չարիք չէ։

Եվ այսպես, որքա՞ն արժե գազը Եվրոպայում, և հատկապես որտե՞ղ է այն ավելի էժան։ Այս հարցին, չխորանալով մատակարարների և բոլոր երկրների սպառողների միջև պայմանագրերի պատմության մեջ, պատասխանելու համար մենք պետք է դիմենք «Eurostat»-ին, որի տվյալներն ամենաամբողջականն են և պրոֆեսիոնալը։ «Eurostat»-ում գազի գները Եվրոպայում ներկայացված են խորանարդ մետրով, իսկ գիգաջոուլներով (GJ)՝ այն նույն նպատակով, ինչով որ Բրիտանիայում գազի գինը ներկայացվում է կվտ/ժ-ով։ GJ-ը միավոր է, որն օգտագործվում է էներգիայի ծավալը չափելու համար։ Այլ խոսքով՝ «Եվրոստատը» գրում է, թե եվրոպական ֆիզիկական անձանց վրա որքան է նստում բնական գազից ստացված էներգիայի միավորը՝ հաշվի առնելով բոլոր սակագներն ու հարկերը։ Նշենք, որ 1GJ էներգիա արտադրելու համար հարկավոր է օգտագործել 26,2-27մ3 բնական գազ (գազի որակից կախված), այնպես որ՝ եվրոպական վերջնական սպառողներին (նկատի են առնված միայն ֆիզիկական անձինք) վաճառվող 1մ3-ի միջին արժեքը հաշվելը դժվար չէ (աղբյուրը՝ http://appsso.eurostat.ec.europa.eu/)։ Մենք հատուկ կվերցնենք 27մ3 թիվը՝ բնական գազի նվազագույն գինն ստանալու համար և գին ստանալու նպատակով կօգտագործենք 1/492 եվրո-դրամ փոխարժեքը, որն օգտագործել էր Հրայր Մանուկյանը։ Վերջին սյունակում համեմատության համար նշված են «Ժամանակ» թերթի ներկայացրած թվերը։

Գազի գինը Եվրոպայում



Հիշեցնեմ, որ գազը Հայաստանում ֆիզիկական անձանց համար արժե 132.000 դրամ 1000մ3-ի դիմաց (հավասար է 267 եվրոյի

15.02.2011-ի փոխարժեքով, որին հղում է կատարում «Ժամանակ» թերթը), և վերը ներկայացված աղյուսակի հիման վրա ոչ բարդ հետևություն անեմ, որ գազը Հայաստանում ավելի էժան է, քան Արևելյան և Արևմտյան Եվրոպայի բոլոր երկրներում։ Հարկ է նշել, որ Ռումինիան, որտեղ Եվրոպայում բնական գազն ամենացածր արժեքն ունի, ինքն է տարեկան արդյունահանում մինչև 10 մլրդ մ3 գազ, ինչը վառելիքի համեմատաբար ցածր արժեք է ապահովում։

Իսկ հիմա՝ Մոլդովայի մասին

Եթե գազի գինը Մոլդովայում հանգուցային հարց է հայկական խորհրդարանում ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու գործում, ապա, գուցե, մեր հոդվածում բերված մեկնաբանությունները և փաստերը հիմք կծառայեն այն բանի համար, որ ժամանակավոր հանձնաժողովը չստեղծվի, իզուր տեղը թուղթ չմրոտվի և Հայաստանի քաղաքացիների ուշադրությունը սևեռվի հանապազօր, օրինակ՝ այնպիսի հարցերի վրա, ինչպիսին է կոռուպցիան կրթության և առողջապահության ոլորտներում։

Ուրեմն, որքա՞ն արժե գազը Մոլդովայում։ Մենք այս հարցով ավելի ստույգ և համեմատաբար թարմ տեղեկատվություն ունենք, քան Դաշնակցություն կուսակցությունը։ Եվ այսպես, 2011-ի հունվարին Մոլդովայի էներգետիկայի ոլորտի կարգավորման ազգային գործակալությունը հաստատել է գազի սակագները, այդ թվում և ֆիզիկական անձանց համար։ Ահա թե ինչպիսին են այդ սակագները. եթե սպառողն ամսական ծախսում է 30մ3-ից պակաս գազ, ապա նա վճարում է 1000մ3-ի համար 4777 մոլդովական լեյ, ինչը հավասար է 403 ԱՄՆ դոլարի (12.03.2011-ի փոխարժեքով), իսկ եթե ծախսում է 30մ3-ից ավելի (իսկ նրանք մեծամասնությունն են կազմում), ապա վճարում է 5146 լեյ, ինչը հավասար է 435 ԱՄՆ դոլարի (http://www.kp.ru/daily/25628.4/793481/)։ Արդարամիտ լինենք և ասենք, որ սա ամենևին էլ $312 չէ, որի մասին խոսում է Դաշնակցություն կուսակցությունը։ Ավելին, դա շատ ավելին է, քան Հայաստանում։

Մոլդովայում երբևէ գազի ավելի ցածր գների մասին. պետք չէ Հայաստանն ու Մոլդովան համեմատել տարածքներով, հարկավոր է համեմատել դրանց աշխարհագրական լանդշաֆտը. առաջինի դեպքում, ինչպես հայտնի է, այն լեռնային է, երկրորդի դեպքում՝ հարթավայրային։ Սա՝ մեկ։ Երկրորդ՝ պետք է մի գաղտնիք բացեմ. Մոլդովայի տարածքով ռուսաստանյան «Գազպրոմը» տարեկան տեղափոխում է մինչև 20 մլրդ մ3 բնական գազ և «Մոլդովգազին» յուրաքանչյուր 100 կմ-ի համար վճարում է 1000մ3 գազի դիմաց 2,5 (2011-ից՝ 3) դոլար։ Սրանք հսկայական եկամուտներ են «Մոլդովգազի» համար, որոնք երկար տարիներ օգտագործվել են բուն Մոլդովայում սպառողների համար գազի գների սուբսիդավորման նպատակով։ Եվ, տարանցման նման հսկայական եկամուտների առկայության պարագայում, Մոլդովայում հունվարից գազն արժե 435 դոլար. ահա թե որտեղ պետք է ստեղծել ժամանակավոր հանձնաժողովներ և լսումներ կազմակերպել։

Վերջաբանի փոխարեն

Ուսանողներիս միշտ ասում եմ, որ Հայկական ԱԷԿ-ը բացառիկ կայան է։ Այն միակն է աշխարհում, որը վերագործարկել են փակելուց հետո, և միակն է աշխարհում, որը փակել էին առանց իրական տնտեսական ու տեխնիկական պատճառների, էմոցիաներին տուրք տալով, որոնք հաճախ հրահրվում էին վայ-հայրենասերների կողմից, որոնք պնդում էին, թե սովետները մեզ թալանում են, որ կարելի է գերազանց ապրել՝ «Ջերմուկ» ու կոնյակ ծախելով։ Քչերը գիտեն, թե որքան տուժեց հայկական գազատրանսպորտային համակարգն անկախության առաջին տարիներին. Հայաստանում, որի շինարարական բրիգադները ժամանակին կառուցում էին Կարպատներ-Ուժգորոդ գազատարի ամենաբարդ լեռնային հատվածը (որն այսօր Եվրոպային ապահովում է ռուսական ու միջինասիական գազով), Իրանից ձգվող գազատարն անցկացնելու ժամանակ չգտնվեց գոնե մեկ զոդող. 1990-ականների առաջին տարիներին ճյուղը պարզապես վերացել էր։ Վերջին տարիներին ռուսական ներդրումների շնորհիվ իրականացված նախագծերը՝ Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ բլոկի կառուցման ավարտումը, Իրան-Հայաստան գազատարի հայկական հատվածի շինարարությունը և Աբովյանի գազապահուստարանի հզորությունների ընդլայնումը, ամրապնդեցին Հայաստանի էներգետիկ անվտանգությունը։ Եվ, անկեղծ ասած, չէի ուզենա, որ դիլետանտիզմի, դեմագոգիայի, երբեմն՝ պարզապես անթաքույց կենդանական ռուսատյացության և քաղաքական շահարկումների պատճառով փաստորեն զրոյից ստեղծված ճյուղն անկախ Հայաստանում տուժի։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր