• am
  • ru
  • en
Версия для печати
17.02.2006

Գագիկ Հարությունյանի՝ «Երկիր» շաբաթաթերթին տված հարցազրույցը

EnglishРуский

   

«Երկիր» շաբաթաթերթի ս.թ. փետրվարի 3-ի համարում հրապարակել էինք «Նորավանք» հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանի «Գազատարի պայթեցման «հետքերը» վերնագրով հարցազրույցը։ Հոդվածում, ի թիվս այլ հարցերի, շոշափվում էր վերջերս Մոսկվայում բացահայտված գործակալական սկանդալը, որի առիթով շատ խոսվեց որոշ հասարակական կազմակերպությունների՝ դրսից ֆինանսավորվելու իրողության մասին։ Եվ այս ենթատեքստում հեղինակը թռուցիկ նշել էր, որ նմանօրինակ ՀԿ-ներից է նաև «Եվրասիա» հիմնադրամը, որը մասնաճյուղ ունի նաև ՀՀ-ում։ Հենց այս պարբերությունն էլ առաջացրել է «Եվրասիայի» հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչների բավական ցասկոտ արձագանքը։ Երևույթի շուրջ «Երկիրը» հարցազրույցի հրավիրեց Գագիկ Հարությունյանին։

- Պարո՛ն Հարությունյան, «Եվրասիա» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի կողմից հիշյալ հրապարակմանը նման կոշտ արձագանքը արդյոք համարժե՞ք էր հարցազրույցում Ձեր արտահայտած մտքերին և տեսակետներին։

- Հարցազրույցում, որը ռուսերեն վերատպել էր նաև Regnum լրատվական գործակալությունը, քննարկվում են Ռուսաստան-Հարավային Կովկաս գազատարի և բարձրավոլտ էլեկտրագծերի պայթեցումները, այդ գործողության հնարավոր քաղաքական-տնտեսական մոտիվները և հետևանքները։ Որպես վերլուծական վարկած՝ դիտարկվել և համադրվել են պայթեցումներում «բրիտանական հետախուզության հետքը» և ռուսաստանյան հակահետախուզության պատասխան գործողությունները։ Ուշադրություն էր հրավիրվել այն հանգամանքի վրա, որ պայթեցումների հաջորդ օրն իսկ ռուսական հեռուստատեսությամբ ցուցադրվել էր մի փաստագրական հաղորդում Մոսկվայում գործող բրիտանական լրտեսական ցանցի և, մասնավորապես, «Եվրասիա» հիմնադրամի միջև եղած կապերի մասին։ Ի միջի այլոց նշվել էր, որ այդ հիմնադրամը մասնաճյուղ ունի նաև Հայաստանում։ Տեխնիկական անճշտություն կարելի է համարել այն, որ գրել էինք, թե Ռուսաստանում փակվել է «Եվրասիա» հիմնադրամը և դրա փոխարեն հիմնվել է «Նոր Եվրասիա» հիմնադրամը։ Իրոք, «Եվրասիա» հիմնադրամը Ռուսաստանում շարունակում է գործել, և այն, համաձայն ռուսաստանյան լրատվական աղբյուրների, միլիարդատեր և միաժամանակ «հեղափոխական» Ջորջ Սորոսի հետ համատեղ ստեղծել է «Նոր Եվրասիա» հիմնադրամը, որը գործում է «Եվրասիային» զուգահեռ։

Անդրադառնալով «Եվրասիա» հիմնադրամի հայկական մասնաճյուղի արձագանքին՝ ես չեմ կարող դա ձևակերպել որպես «կոշտ»։ Տվյալ պարագայում մենք գործ ունենք ոչ կոռեկտ արձագանքի հետ, որտեղ հիմնականում ներկայացվում են ոչ թե փաստեր, այլ տրվում են որակումներ և պիտակներ, ինչն անհարիր է քաղաքակիրթ տեղեկատվական գործունեությանը։ «Եվրասիայի» հայկական մասնաճյուղի աշխատակցի գրելաոճը հիշեցնում է ստալինյան դարաշրջանի «ՏԱՍՍ-ի հաղորդագրությունները», երբ վերջինս «լիազորված էր հայտարարելու» «ներքին» կամ «արտաքին» թշնամիների վնասազերծման մասին։ Տեղին է նշել, որ ինչպես բրիտանական պաշտոնական անձինք, այնպես էլ «Եվրասիայի» մոսկովյան գրասենյակի պատասխանատուները, ավելի քան կիրթ են արձագանքել Ռուսաստանի ԱԴԾ-ի (Անվտանգության դաշնային ծառայության)՝ անմիջականորեն իրենց ուղղված մեղադրանքներին։ Դա բնական է, քանի որ տարբեր հատուկ ծառայությունների աշխատակիցները տարբեր երկրներում պարբերաբար բացահայտվում են, և այդ ամենը վաղուց ի վեր միջազգային քաղաքականության ու պրակտիկայի մի մասն է կազմում։ «Լրտեսական սկանդալը» Մոսկվայում այդ առումով բացառություն չէ։ Այս համատեքստում «Եվրասիայի» հայկական մասնաճյուղի ավելի քան զգացմունքային արձագանքը գուցե և վկայում է մասնաճյուղի մամլո աշխատակցի ոչ պրոֆեսիոնալության մասին։

Նորից կրկնեմ, որ Ձեր շաբաթաթերթին տված հարցազրույցում և Regnum-ի արտատպությունում չկա որևէ խոսք հայկական մասնաճյուղի լրտեսական գործունեության վերաբերյալ։ Ճիշտ է, կարելի է նկատել, որ ԱԴԾ-ի կայքի այն էջում, որտեղ մեկնաբանվում է բրիտանական «լրտեսական սկանդալը», ներկայացված է «Եվրասիայի» հայկական մասնաճյուղի գրիֆը կրող մի փաստաթուղթ, որտեղ խոսվում է «Եվրասիա» հիմնադրամի տասնամյակի կապակցությամբ միջոցառումների մասին։ Թե ինչ նպատակով և տրամաբանությամբ է հենց այս փաստաթուղթը տեղադրվել ԱԴԾ-ի կայքում, կարող են պատասխանել միայն ԱԴԾ-ի աշխատակիցները։ Անձամբ ես հակված չեմ ընկալել այդ փաստը որպես «լրտեսական սկանդալի» «հայկական հետք» և, առավել ևս, որպես «Էթնիկական լրտեսություն», ինչպես դա վերջերս որակում են ոմանք տեղեկատվական դաշտում։ Քավ լիցի։ Սակայն, թերևս, չի կարելի լիովին բացառել, որ ԱԴԾ-ի կայքում «հայկական» փաստաթղթի հայտնվելու հանգամանքը ավելորդ սուր զգացմունքներ է առաջացրել «Եվրասիայի» հայկական մասնաճյուղի աշխատակազմի մոտ և հիմք հանդիսացել ոչ կոռեկտ արձագանքի համար։

- Ըստ Ձեզ, ինչո՞վ է պայմանավորված նման կոշտ վերաբերմունքը մի կազմակերպության կողմից, որը, կարծես թե, իր առաքելության հիմնական նպատակներից մեկը համարում է այլակարծության, խոսքի ազատության և ժողովրդավարության սկզբունքների տարածումը։

- Ես չէի ցանկանա որևէ ընդհանրացում անել, սակայն իրոք տպավորությունն այնպիսին է, որ դրսից ֆինանսավորվող որոշ հասարակական կազմակերպություններ իրականում հեռու են կանգնած իրենց կողմից հռչակված համամարդկային գաղափարներից։ Ինչպես հայտնի է, ժողովրդավարության ֆորմալ հնարավորություններից օգտվելով՝ ժամանակին իշխանության եկավ մի անձնավորություն, որին անվանում էին Ադոլֆ Հիտլեր։ Տեղեկատվական դաշտում կարելի է գտնել բազմաթիվ նյութեր այն մասին, որ Ուկրաինայում, Վրաստանում, Ղրղըզստանում և Ուզբեկստանում տեղի ունեցած «հեղափոխական» գործընթացներին մասնակցել են որոշ ՀԿ-ներ, և որ նրանց այդ մասնակցությունը շռայլ վճարվել է։ Ավելին, խոսվում է այն մասին, որ որոշ ՀԿ-ներ կատարել են նաև հատուկ ծառայություններին բնորոշ գործողություններ։ Մի շարք ՀԿ-ներ ֆինանսավորվում են հետաքննության մեջ գտնվող ռուսաստանյան օլիգարխ Բերեզովսկու կամ շատերի կողմից ոչ միանշանակ ընկալվող Ջորջ Սորոսի կողմից։ Ի դեպ, տեղին է նշել, որ «Նոր Եվրասիա» հիմնադրամի տարածքային կազմակերպությունը, որ գործում է Ռուսաստանում, ստեղծվել է «Եվրասիայի» ղեկավարության և Ջորջ Սորոսի համաձայնության արդյունքում։ ՌԴ Պետդումային առընթեր Ազգային անվտանգության հարցերով փորձագիտա-խորհրդատվական խորհրդի աշխարհաքաղաքական փորձագիտությունների կենտրոնի աշխատակիցներ Իգոր Դոբաևի և Ալեքսանդր Դուգինի գնահատականի համաձայն, այդ «Նոր Եվրասիան» իրագործում է ծրագրեր, որոնց նպատակը Ռուսաստանում հեղափոխություն իրականացնելն է։

Փոքր-ինչ շեղվելով մեր զրույցի թեմայից՝ կուզեի շեշտել, որ, համաձայն իմ համոզմունքների, նման հեղափոխությունները խախտում են պատմական զարգացման բնականոն ընթացքը և ողբերգության են վերածվում երկրների ու ժողովուրդների համար։ Մենք ունենք 1917 թվականի հեղափոխության «փայլուն» օրինակը, որի հետևանքով ստեղծված համակարգը ոչնչացրեց միլիոնավոր սեփական քաղաքացիների։ Բացասական միտումներ, իմ կարծիքով, այսօր առկա են թե՛ Վրաստանում, թե՛ Ուկրաինայում։ Նկատեմ, որ տեխնոլոգիաները, որոնք կիրառվում են, այսպես կոչված, «գունավոր հեղափոխություններում», կրկնությունն են նրանց, որ ժամանակին օգտագործում էին Լենինը և Պարվուսը, իսկ ստալինյան վաղ դարաշրջանում` Տրոցկին և Ռադեկը։ Այդ հեղափոխություններն ունեին և ունեն հստակ աշխարհաքաղաքական և աշխարհագաղափարախոսական նպատակներ և կապ չունեն համամարդկային սկզբունքների հետ։

Վերադառնալով ՀԿ-ներին՝ նկատենք, որ վերոհիշյալի համատեքստում այսօր մեր հանրությունում նկատվում է դրսից ֆինանսավորվող որոշ ՀԿ-ների վարկի իջեցման միտում։ Ստացվող դրամաշնորհները և դրանց հաշվին երբեմն իմիտացիոն բնույթ կրող գործունեությունը դարձել է հեռուստատեսության և մամուլի քննարկման առարկա։ Սա պետք է առաջին հերթին մտահոգի նույն ՀԿ-ներին։

- Պարո՛ն Հարությունյան, վերջին մի քանի տարիների ընթացքում հեղափոխական գործընթացներին հետևելիս նկատվում է, որ որոշ հասարակական կազմակերպություններ չեն էլ փորձում թաքցնել, որ իրենք ինչ-որ չափով աջակցել են այս կամ այն հեղափոխության իրագործմանը։ Ինչո՞վ է սա պայմանավորված։

- Նույն Կոմինտերնը նախորդ դարի 30-ականներին չէր թաքցնում, որ, այո՛, փորձում է համաշխարհային հեղափոխություն կազմակերպել։ Բայց նրանց այդ անկեղծությունը բնավ չի նշանակում, թե վեհ նպատակներ էին հետապնդում։ Անշուշտ, ամեն ոք իրավունք ունի ունենալ և պաշտպանել իր գաղափարախոսությունը։ Սակայն երբ գաղափարախոսական դրույթները փորձում են ներմուծել հանրություն հատուկ ծառայություններին բնորոշ, այսինքն՝ ոչ օրինական մեթոդներով, դա մեզ համար անընդունելի է։


դեպի ետ