• am
  • ru
  • en
Версия для печати
18.04.2006

Զարգացումներ Իրանի շուրջ

EnglishРуский

   

Գագիկ Տեր-Հարությունյան

Վերջին ամսվա ընթացքում տեղեկատվական դաշտում կտրուկ աճել է Իրանին վերաբերող վերլուծությունների և մեկնաբանությունների թիվը։ Դա պայմանավորված է ոչ միայն այդ երկրի միջուկային ծրագրի շուրջ ընթացող քննարկումներով, այլև հետևյալ հանգամանքներով.

  • Դեռևս 2004-2005թթ. Պենտագոնի փորձագետները բազմիցս նշել էին, որ Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու դեպքում ամերիկյան թևավոր հրթիռների և օդուժի օգտագործման համար գարնանային ամիսներին օդերևութաբանական պայմաններն ամենահարմարն են (հիշենք, որ Իրաքի դեմ հարձակումը սկսվեց հենց 2003-ի ապրիլի վերջին-մայիսի սկզբին):
  • Քոնդոլիզա Ռայսի այցը Լոնդոն և Մեծ Բրիտանիայի ԱԳՆ նախարար Ջեկ Սթրոուի հետ նրա անսպասելի համատեղ այցելությունը Բաղդադ շատերի կողմից ընկալվեց որպես Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելուց առաջ դաշնակիցների միջև վերջնական պայմանավորվածությունների ձեռքբերում:
  • Իրանը վերջերս իրականացրեց լայնածավալ ռազմածովային զինավարժություններ Պարսից ծոցում, որոնց ընթացքում կիրառվեցին և հանրությանը ներկայացվեցին ռազմական տեխնիկայի նոր նմուշներ` ռադարների համար անորսալի հրթիռներ, արագընթաց տորպեդներ և այլն։ Զինավարժություններն ընկալվեցին որպես սպասվող ամերիկյան հարձակումից առաջ իրանական զինուժի մոբիլիզացիա, քաղաքական վճռականության դրսևորում և ագրեսիայից պաշտպանվելու հնարավորությունների ցուցադրում։

Այս հանգամանքների համադրումը որոշ վերլուծաբանների հիմք է տալիս ենթադրելու, թե ԱՄՆ-Իրան պատերազմական գործողությունները կարող են սկսվել արդեն այս գարնանը։

Հարկ է նկատել, որ Իրանի որդեգրած գաղափարախոսությունը, նրա վարած ներքին ու արտաքին քաղաքականությունը, իրոք, մարտահրավեր են` ուղղված ԱՄՆ-ին։ Այսօր օբյեկտիվորեն առկա են այն նախապայմանները, որոնք դրդում են այդ երկու տերություններին պատերազմել միմյանց դեմ։ Համառոտակի թվարկենք դրանց մի մասը.

1. ԱՄՆ-ը և Իրանն ունեն նմանություններ, քանի որ երկուսն էլ հանդիսանում են այս կամ այն չափով թեոկրատական և գաղափարականացված տերություններ։ Միևնույն ժամանակ, նրանք կանգնած են գաղափարախոսական տարբեր բևեռներում։ Եվ եթե Իրանը իսլամական թեոկրատական պետություն է, ապա նախագահ Բուշը ագրեսիվ ավետարանչական է. նա հաճախ է իր ճառերում նշում, թե իրեն ուղղորդում է նախախնամությունը։ Երկու տերություններում էլ թեոկրատական եզրաբանությունն օգտագործվում է ազգային շահերը լավագույնս պաշտպանելու համար։ Հատկանշական է, որ ամերիկյան նեոպահպանողականության սկզբունքները զգալի չափով բնորոշ են նաև ժամանակակից Իրանի առաջատար քաղաքական ուժերին (պահպանողականություն` արժեքային համակարգում և ներքին խնդիրներում, արդիական և հեղափոխական տարրերով գործելակերպ` տնտեսական զարգացումներում և արտաքին քաղաքականությունում):

2. Իրանն ընտրել է զարգացման երրորդ ուղի` ո՛չ սոցիալիզմ, ո՛չ կապիտալիզմ, որն իրականում այդ երկու համակարգերի դրական դրույթների համատեղում է։ Այսօր այս կամ այն չափով նման եղանակով են զարգանում նաև Չինաստանը և Բելառուսը։ Այդպիսով Իրանը ոչ միայն հակադրվում է ԱՄՆ դասական-անգլոսաքսոնյան ազատականությանը, այլև հանդիսանում է զարգացման այլընտրանքային մոդել ինչպես իսլամական, այնպես էլ համայն աշխարհի համար։

3. Իրանը (ի դեպ` նույն Չինաստանի և Բելառուսի հետ մեկտեղ) համարվում է ամենաբարձր ինքնիշխանություն ունեցող երկրներից մեկը։ Դրանով նա հակադրվում է ԱՄՆ-ի կողմից ձևավորված աշխարհակարգի սկզբունքներին, որով ենթադրվում է ազգային պետությունների ինքնիշխանության նվազում:

4. Իրանը փորձում է լիարժեք միավորվել Շանհայի համագործակցության կազմակերպությանը (առայժմ ունի դիտորդի կարգավիճակ)։ Այսինքն` Իրանը հարում է այն ռազմաքաղաքական ուժին, որն ունենալով բավականաչափ ներուժ, կարող է մոտ ապագայում դառնալ այլընտրանք ԱՄՆ-ին և վերափոխել միաբևեռ աշխարհակարգը բազմաբևեռի։ ԱՄՆ-ը, համաձայն իր կանխարգելիչ ռազմավարության, ձգտում է անել ամեն ինչ, որպեսզի նման միավորումը չկայանա:

5. Իրանը տիրապետում է ածխաջրածնային էներգակիրների հարուստ պաշարների. գազի (որը գործնականում դեռևս չի արդյունահանվում)` աշխարհում երկրորդ և նավթի` չորրորդ։ ԱՄՆ ներկայիս աշխարհատնտեսական մոտեցումներում էներգետիկ գործոնը կարևորագույններից է, և այդ առումով Իրանը դարձել է թիրախ ԱՄՆ-ի համար։

6. Իրանը, Իրաքի տապալումից հետո, մերձավորարևելյան տարածաշրջանում միակ պետությունն է, որ իրական վտանգ է ներկայացնում ԱՄՆ ռազմավարական դաշնակից Իսրայելի համար։ Այս գործոնը հաճախ վճռորոշ նշանակություն է ձեռք բերում ԱՄՆ ռազմաքաղաքական հաշվարկներում։

7. Իրանն ընդդիմանում է ԱՄՆ ռազմավարությանը մերձավորարևելյան տարածաշրջանում, մասնավորապես` նրա Մեծ Մերձավոր Արևելք նախագծին։ Համաձայն որոշ փորձագետների` Իրաքում ԱՄՆ զինուժի դեմ զինված դիմադրությունը զգալի չափով աջակցվում է Իրանի կողմից, և անհնարին է լուծել Իրաքի խնդիրը, քանի դեռ ապստամբներին աջակցում է Իրանը:

Վերոհիշյալ հանգամանքների համախումբը սկզբունքորեն կանխորոշում է եթե ոչ ռազմական գործողություններ, ապա երկարատև դիվանագիտական, տեղեկատվական և տնտեսական հակամարտություն ԱՄՆ-ի և Իրանի միջև։ Հարկ է նաև նշել, որ հնարավոր զինված բախումը, ամենայն հավանականությամբ, չի սահմանափակվելու Իրանի միջուկային օբյեկտների ռմբակոծությամբ. ԱՄՆ նպատակը Իրանի քաղաքական համակարգի փոխումն է, և այդ համատեքստում` հնարավոր պատերազմը պետք է որ լայնածավալ լինի։ Ռազմական գործողությունների պարագայում Իրանի ղեկավարությունը կարող է օգտագործել իր տրամադրության տակ եղած բոլոր (ընդհուպ` միջուկային) միջոցները` այստեղից բխող հետևանքներով։ Այս հանգամանքն էապես նվազեցնում է ԱՄՆ-ի կողմից ռազմական գործողություններ ծավալելու հավանականությունը, սակայն չի բացառում նման սցենարը։

Ինչ վերաբերում է կոնկրետ ժամկետներին, ապա այս գարնանը գործողությունների սկսման հավանականությունը ցածր է։ Քաղաքական հարթությունում դա պայմանավորված է գլխավորապես հետևյալ երկու գործոններով.

  • Այս տարի աշնանը ԱՄՆ-ում տեղի են ունենալու Կոնգրեսի ընտրություններ։ ԱՄՆ Հանրապետական կուսակցության դիրքերը` Իրաքի հիմնախնդրի համատեքստում, այսօր հեռու են լավ լինելուց։ Նման պայմաններում Բուշի (որի վարկանիշն էապես նվազել է) վարչակազմը դժվար թե մինչև այդ ընտրությունները փորձի կատարել այնպիսի քայլեր, որոնց հետևանքները բարդ է հաշվարկել:
  • Նախագահ Բուշի միակ հնարավոր դաշնակիցը` Թոնի Բլերը, նույնպես գտնվում է ներքաղաքական ծանր իրադրությունում (նրա վարկանիշը հասել է ռեկորդային ցածր ցուցանիշի` 30%): Համաձայն որոշ փորձագետների` ստեղծված իրավիճակում, Մեծ Բրիտանիայի կողմից ԱՄՆ ռազմական գործողություններին աջակցելու պարագայում, Բլերը կարող է զրկվել իր պաշտոնից։ Նկատենք, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ ռազմական գործողություններ ծավալելու դեպքում` բրիտանական օդանավակայանները կարևորագույն դերակատարում ունեն, և այս հարցում առանց բրիտանական աջակցության` ամերիկացիները, համաձայն զինվորական փորձագետների, դժվար թե ռմբակոծեն Իրանը:

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր