Թուրքիան մարտահրավերների առջև


Սառը պատերազմի ավարտից ի վեր առաջին անգամ, անվտանգության ապահովման տեսանկյունից, թուրքական պետությունը հայտնվել է աննախադեպ ծավալի մարտահրավերների առջև։
Ներկայումս թուրքական Գլխավոր սպայակույտի (ԳՍ) պատկերացմամբ, գոյություն ունեն առնվազն հինգ կետեր, որոնց շուրջ ընթացող զարգացումները կարող են հանգեցնել Անկարայի կողմից զինված ուժի կիրառման (նման քանակը եզակի է եվրոպական, հետխորհրդային, մերձավորարևելյան ու հյուսիսաֆրիկյան տարածաշրջաններում).
- Էգեյան ծովում հունական ջրային սահմանների ընդլայնումը,
- Կիպրոսի խնդիրը,
- իրաքյան զարգացումները` առաջին հերթին քրդական պետության հռչակման առումով,
- իրանական հարցը. ընդ որում` երկու ասպեկտներով` Թուրքիայի տարածքում գտնվող ամերիկյան ռազմակայաններին իրանական հրթիռային հարվածների դեպքում և Իրանում միջէթնիկ (ադրբեջանական գործոն) բախումների կամ քրդական հզոր շարժման պարագայում,
- և վերջապես` հայ-ադրբեջանական հնարավոր ռազմական գործողությունների ժամանակ Հայաստանի ԶՈւ կողմից, մասնավորապես, Նախիջևանի ուղղությամբ, հաջողության ձեռքբերման դեպքում։
Լրջացել են նաև ներքին սպառնալիքները։ Երկարամյա պայքարից հետո քեմալական Թուրքիայում իշխանության են եկել (լեգիտիմացվել են) իսլամիստական գաղափարախոսություն դավանող ուժերը։ Այդ հանգամանքը կարող է միայն վկայել թուրքական պետության հետագա իսլամականացման մասին։
2006թ. գարնանը նոր թափով սրվել է քրդական հարցը։ Անկախ պետության համար պայքարող քրդական ռազմաքաղաքական կազմակերպությունների ղեկավար շերտերում սերնդափոխությունը Թուրքիային խոստանում է լարվածության վերստին աճ։
Ի հավելումն, վերջին տարիներին տեղի ունեցած ֆինանսա-տնտեսական ճգնաժամերի հետևանքները միայն ամբողջացնում են ընդհանուր պատկերը` խորացնելով թուրքական պետության-հասարակության ներքին հակասությունները։
Եվ վերջապես, ռազմավարական հարթությունում նույնպես Թուրքիայի առջև ծառացած խնդիրները բավական սուր են, և ամենակարևորը` կրկին աննախադեպ։ Ավելի քան երեք տարի առաջ Վաշինգտոնի հետ ծագած տարաձայնությունները ոչ միայն չեն հարթվել, այլև հեռանկարային առումով դեռ կունենան իրենց զարգացումը։
Ռազմավարական նշանակության հաջորդ խնդիրը Եվրոպական Միությանն անդամակցելու հարցն է։ Սեղանին դրված են թուրքական ներկայիս պետականության քաղաքակրթական ընտրության, քեմալական համակարգը ճգնաժամից փրկելու հարցերը, որոնք (և ընդհանուր առմամբ` Արևմուտքի հետ ավանդական փոխգործակցությունը) նախկինում կարգավորվում էին այլ ձևաչափերով` տարաբնույթ դաշինքներ, ՆԱՏՕ և այլն։
«Ազգային անվտանգության քաղաքականության փաստաթուղթը»
Հաշվի առնելով վերը ներկայացված իրողությունները և հավանական զարգացումները` Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը (ԱԱԽ) մոտավորապես 2004թ. սկսեց երկրի ազգային անվտանգության նոր հայեցակարգի մշակման աշխատանքները, որոնք նախագծի տեսքով արդեն 2005թ. ներկայացվեցին կառավարությանը։ Մի քանի ամիս տևած քննարկումներից հետո Էրդողանի կառավարությունը 2006թ. մարտի վերջին հաստատեց «Ազգային անվտանգության քաղաքականության փաստաթուղթը» (ԱԱՔՓ)։ Այն թուրքական պետության առջև ծառացած սպառնալիքներն ու մարտահրավերները բաժանում է երկու հիմնական ուղղությունների` դասական ու նոր բնույթի (ասիմետրիկ), իր վրա կրելով նմանատիպ արևմտյան մշակումների ազդեցությունը։
Արտաքին վտանգների շարքից առանձնանում է Էգեյան ծովում գտնվող հունական որոշ կղզիների տարածքային ջրերի սահմանների ընդլայնումը 6 ծովային մղոնից (1 ծովային մղոն = 1.853 մետր) մինչև միջազգային պրակտիկայում բավական տարածված 12 մղոնի։ Այդ պարագայում թուրքական սևծովյան ու միջերկրածովյան նավատորմերը չեն կարող, առանց մուտք գործելու հունական տարածքային ջրեր, անհրաժեշտության դեպքում փոխօգնության հասնել միմյանց` միավորվել։ Նման հեռանկարն էականորեն նվազեցնում է Թուրքիայի ռազմածովային ուժերի օպերատիվ-տակտիկական հնարավորությունները, հետևաբար` հզորությունն ընդհանուր առմամբ։ Ըստ ԱԱՔՓ-ի, խնդրի առնչությամբ Աթենքի նման որոշումն Անկարան ընկալելու է որպես casus belli։
Թուրքիան շարունակում է կենսական համարել Կիպրոսում թուրքական ռազմուժի (մոտ 30 հազար զինվոր) առկայությունը։ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության գոյությունը դիտարկվում է որպես Միջերկրական ծովի արևելյան հատվածում թուրքական ազդեցության պահպանման ռազմավարական հենակետ` այդ թվում Թուրքիայի միջերկրածովյան նավատորմի օպերատիվ-տակտիկական հնարավորությունների առումով։ Կիպրոսի խնդրի կարգավորման ձևաչափ է դիտարկվում ՄԱԿ-ը։
Անկարայի համար էական նշանակություն ունի Իրաքի «տարածքային ամբողջականության» և «քաղաքական միասնության» պահպանումը։
Արտաքին մարտահրավերներից կարևորվում է նաև իրանական հարցը։ Վերջինիս վերաբերյալ թուրքական անվտանգության կառույցներում գերիշխող տեսակետի մասին մարտի վերջին Վաշինգտոնում բարձրաձայնեց Թուրքիայի ԳՍ Ծրագրավորման և քաղաքականության վարչության պետ, գեներալ լեյտենանտ Հիլմի Աքին Զորլուն. «Մենք [Թուրքիան] միջուկային զենքից զերծ տարածաշրջանի կարիքն ունենք»։
Մասնավորապես, իրանական թեմայի հետ է կապված թուրքական ԱԱՔՓ-ում տեղ գտած այն ձևակերպումը, թե «Շահաբ» հրթիռները վտանգ են ներկայացնում Թուրքիային։
Ներքին մարտահրավերների կապակցությամբ թվարկված են արմատական իսլամը, անջատողականությունը (քրդեր) և ծայրահեղ ձախակողմյան շարժումները։
Թուրքական ռազմուժի վերազինումը
Թուրքիայի անվտանգության ոլորտում կատարված հաշվարկների համաձայն` թուրքական պետության համար վերստին կենսական նշանակություն են ձեռք բերում սեփական զինված ուժերը, որոնց ներկայությունը երկրի որոշումների ընդունման մեխանիզմում սառը պատերազմի ավարտից հետո կարծես թե միտում ուներ կրճատվելու։
Քանի որ թուրքական բանակը չի պատրաստվում ենթարկվել համակարգային վերափոխումների (այդ մասին տեղեկություններ դեռ չկան), ապա ռազմուժի հզորացման պատկերացումները գերազանցապես հանգում են սպառազինման ոլորտին։
1990-ական թթ. սկզբից յուրաքանչյուր տարի Անկարան նոր սպառազինությունների ձեռքբերման ուղղությամբ պաշտոնապես ծախսում էր միջինը մոտ $3.5 մլրդ։ 1990-ական թթ. կեսերին Թուրքիայի ռազմական գերատեսչությունում սկսեցին խոսել երկրի ԶՈւ երկարաժամկետ (15-20 տարի) վերազինման ծրագրերի մասին, և անգամ նշվում էին հիմնական ուղղություններն ու ֆինանսական միջոցների չափերը։ Բայց 2000-2001թթ. երկրում բռնկված ֆինանսատնտեսական ճգնաժամն անիրականանալի դարձրեց թուրքական ռազմուժի վերազինման ծրագրերը։ Մասնավորապես, 2001թ. ապրիլին Անկարան ստիպված եղավ սառեցնել 31 պատվեր` մոտ $20 մլրդ ընդհանուր արժողությամբ։
2005 թվականն այդ առումով, թերևս, պետք է շրջադարձային համարել։ Ըստ ամենայնի, 2005թ. կայացվեց սկզբունքային որոշում` վերսկսել ռազմուժի վերազինման խոշոր ծրագրերը, ընդ որում` հաշվի առնելով մի քանի հիմնական հանգամանքներ.
- նոր սպառազինությունների բացակայությունը թուրքական ԶՈւ-ում` նման դեպքերի համար թույլատրված ժամկետների առումով, արդեն իսկ հասել է իր կրիտիկական սահմանագծին, որից այն կողմ կարող է սկսվել թուրքական ԶՈւ մարտունակության կտրուկ անկում,
- այդ համատեքստում հիմնական հետևությունն այն է, որ ժամանակն աշխատում է միայն ի վնաս թուրքական ԶՈւ-ի` հետագայում պատճառ հանդիսանալով ավելի մեծ ծախսերի,
- նոր սպառազինությունների ձեռքբերման շարունակական հետաձգումը ոլորտի միջազգային շուկայում կարող է լուրջ հարված հասցնել Թուրքիայի գրավչությանը,
- վերջինիս հետ կապված` Անկարան կարող է հեռանկարում մի զգալի մասով կորցնել իր քաղաքական և տնտեսական գրավչությունը Միացյալ Նահանգներում ու եվրոպական առաջատար երկրներում,
- մյուս կողմից` սպառազինության ոլորտում մեկնարկած խոշոր ծրագրերը խթանիչ դեր կունենան թուրքական տնտեսության համար, քանի որ պատվերների մի մասը ենթադրում է տեղական ձեռնարկությունների մասնակցություն,
- և վերջապես, թուրքական համապատասխան ձեռնարկությունների մասնակցությունը ռազմարդյունաբերական ոլորտի ժամանակակից տեխնոլոգիական ցիկլերին հնարավորություն է ընձեռում Թուրքիային` հետ չմնալ բնագավառի զարգացումներից։
Նախատեսվում է, որ միայն 2006թ. Թուրքիան երևան է հանելու մոտ $10 մլրդ-ի սպառազինության պատվերներ։ Ծրագրվում է ձեռք բերել նոր (հինգերորդ) սերնդի ռազմական ինքնաթիռներ, ուսումնավարժական ինքնաթիռներ, հարվածային ու տրանսպորտային ուղղաթիռներ, հակաօդային պաշտպանության համակարգեր և հետախուզական արբանյակ (տարբեր հաշվարկների համաձայն` այն գնահատվում է $250-400 մլն և ծրագրվում է ուղեծիր դուրս բերել մինչև 2010թ.)։
Բացի այդ, նախատեսվում է թուրքական ԶՈւ համար երրորդ սերնդի տանկի արտադրության ծրագրի մեկնարկ: Ծրագրվում է նաև թուրքական ԶՈւ սպառազինության մեջ առկա ռազմական ինքնաթիռների և տանկերի արդիականացում։ Ընդհանուր առմամբ, կարճաժամկետ հեռանկարում Անկարան մտադիր է նոր սպառազինությունների ձեռքբերման նպատակով տարեկան հատկացնել $3.5-4 մլրդ:
Ընդհանրացումներ
Միջազգային համակարգի գործառնության տեսանկյունից թուրքական պետությունը հանդիսանում է խնդրահարույց։ Անգամ աշխարհակարգի փոփոխությունը չնպաստեց Թուրքիայի առջև ծառացած արտաքին ու ներքին մարտահրավերների կրճատմանը։ Որոշ դեպքերում դրանք անգամ աճեցին։ Թուրքիան ունի խնդիրներ իր սահմանի գրեթե ողջ երկայնքով, ներքին` միջէթնիկական, միջսոցիալական և իսլամական արմատականության հիմնահարցեր։ Հետևաբար, միջազգային ճարտարապետությունում թուրքական պետության խնդրահարույց ներկայության պատճառը համակարգային թերություններն են։
Ըստ ամենայնի, առաջիկա ժամանակահատվածում այդ խնդիրները խորանալու են։ Միջազգային հարաբերություններում քաղաքակրթական արժեքների կարևորության շեշտակի աճը Թուրքիային դնում է ծանր դրության մեջ, որն էլ կարող է քայքայիչ հետևանքներ ունենալ այդ պետության ներքին զարգացումներում։
Այդ ամենը նպաստելու է, որպեսզի միջազգային համակարգի ուժի կենտրոնների հաշվարկներում թուրքական պետության նշանակությունը նվազի։
Կանխելու համար վերջինիս բացասական հետևանքներն իր վրա, Անկարան` չունենալով համարժեք տնտեսական հզորություն, քաղաքական համակարգի կենսունակություն, ձգտելու է իր ռազմավարական նախագծերում վերստին շեշտը դնել սեփական ուժային կառույցների (որպես թուրքական պետական համակարգը պահպանող միակ գործոն) հզորացման վրա։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՌՈՒՍԱՍՏԱՆ–ԹՈՒՐՔԻԱ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ[10.07.2009]
- ԹՈՒՐՔԻԱ. ԷՆԵՐԳԵՏԻԿ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆԳՈՒՅՑ ԴԱՌՆԱԼՈՒ ՀԵՌԱՆԿԱՐԸ [19.03.2009]
- ԹՈՒՐՔԻԱ. ԷՆԵՐԳԵՏԻԿ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏԸ [05.03.2009]
- ԱՄԵՐԻԿԱ-ԻՐԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՌԱՆԿԱՐԻ ՇՈՒՐՋ [02.02.2009]
- ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԱՐԵԱՅՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ[22.01.2009]
- ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆՆ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՀԵՏ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՆԱԽՕՐԵԻ՞Ն[27.12.2008]
- ԴԻՏԱՐԿՈՒՄ ԿԵՆՏՐՈՆԱԱՍԻԱԿԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Կենտրոնական Ասիայի նոր վերաձևո՞ւմ[15.12.2008]
- ԼՂՀ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ. «ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՐՑԸ» [27.11.2008]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ ՆՈՐ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՇԵՄԻՆ[03.11.2008]
- ԻՐԱՆՆ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՀԵՏ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՆԱԽՕՐԵԻՆ[27.10.2008]
- ԻՐԱՎԻՃԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ[18.09.2008]