ԵԱՀԿ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԵՎՐՈՊԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՖՈՆԻՆ

Դ.Ստեփանյան` «Արմինֆո» գործակալություն, վերլուծաբան
Անցած տարվա դեկտեմբերի սկզբին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ավարտվեց ԵԱՀԿ 35-րդ գագաթաժողովը, որն ամենևին էլ հուսալի հեռանկարներ չգծեց Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության համար։ Ավելին, Աստանայի հանդիպումը դարձավ խոր ճգնաժամի արտացոլումը, որում այսօր գտնվում է ԵԱՀԿ-ն՝ հաշվի առնելով այն, որ 38 երկրների ղեկավարները, այդպես էլ իրական փոխզիջման չգալով, ընդամենը համաձայնեցրին անվանական, ըստ էության, «անատամ» հռչակագիր, որն անմիջապես դարձավ քննադատության թիրախ տարածքային վեճերի լուծման գործում նույնիսկ նվազագույն որոշակիության բացակայության պատճառով։
Գագաթաժողովի մասնակիցները և հիմնականում կազմակերպիչներն ընդհանուր առմամբ ԵԱՀԿ վերակենդանացման որոշակի հույսեր էին տածում՝ գագաթաժողովի ամփոփիչ փաստաթղթի ստորագրման հետ կապված։ Նախատեսվում էր, որ այն բաղկացած կլինի երկու մասից՝ հռչակագրից, որը զուգադիպեց ԵԱՀԿ 35-ամյա հոբելյանին և հաստատում էր Հելսինկյան սկզբունքները, ինչպես նաև ապագայի գործողությունների պլանից։ Սակայն, հաշվի առնելով, որ մասնակիցներից յուրաքանչյուրը փորձում էր հասնել այն բանին, որ իր պահանջները ներառվեն «ապագայի գործողությունների պլանում», արդյունքում՝ մասնակիցները հարկադրված եղան պայմանավորվել միայն հարցի շուրջ խորհրդատվություններ սկսելու անհրաժեշտության մասին։ Սակայն գագաթաժողովի գլխավոր ինտրիգը դարձավ փորձագետների կողմից եզրափակիչ փաստաթղթի ընդունումը, որը ձգվեց գրեթե 10 ժամ, որից հետո բոլոր 56 երկրների ներկայացուցիչները, երկար վեճերից հետո, վերջապես իրենց ստորագրությունը դրեցին, ըստ էության, ոչինչ չասող փաստաթղթի տակ։
Գագաթաժողովը հենց Աստանայում կազմակերպելու գաղափարն իրականացվում էր Նուրսուլթան Նազարբաևի կողմից։ Հիմնական գաղափարը ԵԱՀԿ կենտրոնը Եվրոպայից Եվրասիա տեղափոխելն է և, թերևս, այս մտահղացումն ինչ-որ չափով իրականացվեց, ինչն Աստանայի գագաթաժողովի ամենադրական կողմն էր, քանի որ ԵԱՀԿ հասցեին շատ անգամ արդարացի քննադատություն է հնչում այն առումով, որ կազմակերպությունն իսկապես շատ քիչ հարցեր է լուծում այսօր։ Այսպիսով, Աստանայի գագաթաժողովն անցավ, պայմանականորեն ասած, եվրասիական շեշտադրմամբ։ Ըստ էության, ինչի մասին են վկայում Ղազախստանի նախագահի խոսքերը, որոնց համաձայն՝ Աստանայի գագաթաժողովը դարձավ վստահության, համագործակցության և ինտեգրման, Եվրատլանտյան և Եվրասիական անվտանգության միասնական և անբաժան հանրության ամրապնդման նոր փուլի սկիզբը։ Ակնհայտ է, որ Ղազախստանն իսկապես կատարել է իր առջև դրված խնդիրները։ Բայց ԵԱՀԿ-ում Ղազախստանի նախագահությունն արդյո՞ք օգուտ բերեց այս կազմակերպությանը՝ նախկինի պես հարցական է մնում՝ նկատի ունենալով, որ Ղազախստանը ԵԱՀԿ-ում իր նախագահության ժամանակ ավելի շատ զբաղվել է ինքնագովազդով, քան աշխատանքով՝ ի շահ կազմակերպության։ Անկասկած, արտաքուստ ամեն ինչ շատ պատշաճ էր թվում, քանի որ Աստանան գագաթաժողովն անցկացնում էր արևելյան թափով, սակայն արտաքին շուքի հետևից վազելով՝ ասես մոռացել էին բովանդակության մասին, ինչի արդյունքում Աստանայի գագաթաժողովը դարձավ գուցեև ամենաձախողվածը կազմակերպության պատմության մեջ։ Սույն պնդումը հատկապես ակտուալ է՝ նկատի ունենալով այն, որ նույնիսկ նվազագույն փոխզիջումն Աստանայում ձեռք էր բերվում անասելի դժվարությամբ՝ չափից ավելի տարբեր տեսակետների պատճառով, որոնք հարկ էր համաձայնեցնել։ Ինչն, ի դեպ, ընդունել է նաև գագաթաժողովը կազմակերպող Նազարբաևը՝ հայտարարելով, թե Ղազախստանը կիսում է հնչեցված հուսահատական կարծիքը, թե «չհաջողվեց հասնել ավելիին մեր օրակարգի որոշ՝ առավել կարևոր հարցերի լուծման գործում, ներառյալ չկարգավորված հակամարտությունները»։ Սակայն, դրա փոխարեն Ղազախստանին, անշուշտ, հաջողվեց ծավալել Արևելքում Արևմուտքի ֆորպոստը լինելու իր բրենդը, ինչը ժամանակին վատ չէր հաջողվում Թուրքիային։
Հասկանալու և վերլուծելու համար ԵԱՀԿ Աստանայի գագաթաժողովի ձախողման պատճառները՝ հակիրճ անդրադառնանք այդ կազմակերպության ստեղծման պատմությանն ու նպատակներին։ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (նախկին անվանումը՝ Եվրոպայի անվտանգության և համագործակցության խորհրդակցություն՝ ԵԱՀԽ) նախապես մտահղացվել էր որպես 33 եվրոպական պետությունների, ինչպես նաև ԱՄՆ և Կանադայի ներկայացուցիչների խորհրդակցություն։ ԵԱՀԽ-ն գումարվեց ԽՍՀՄ-ի և նրա դաշնակից պետությունների նախաձեռնությամբ՝ Եվրոպայում ռազմական դիմակայության նվազեցման և անվտանգության ամրապնդման միջոցառումների մշակման նպատակով։ ԵԱՀԽ էվոլյուցիայի համար հատուկ նշանակություն ուներ 1990թ. ԵԱՀԽ մասնակից պետությունների և կառավարությունների ղեկավարների Փարիզի խորհրդակցությունը։ Այստեղ ստորագրվեց «սառը պատերազմի» դարաշրջանի ավարտը խորհրդանշող Փարիզի խարտիան նոր Եվրոպայի համար, կնքվեց Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագիրը (ԵՍԶՈւՊ) և ընդունվեց 22 պետությունների (ՆԱՏՕ-ի և ՎՊԿ-ի անդամների) համատեղ հռչակագիրը։ ԵԱՀԿ զարգացմանը նպաստող մեկ այլ կարևոր քայլը եղավ 2004թ. հունվարի 15-ին Վիեննայում, ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում Ռուսաստանի արած առաջարկությունն անվտանգության համաեվրոպական անբաժանելի տարածքի ստեղծման մասին՝ բոլորի համար միասնական սկզբունքներով և կանոններով։ Սակայն, այս ուղղությամբ գործնական որևէ քայլի բացակայության ֆոնին Աստանայի գագաթաժողովը ցույց տվեց, որ ԵԱՀԿ վերափոխումն ամերիկյան և ՆԱՏՕ-ական ներկայությունը նվազագույնի հասցնելու միջոցով, ինչպես դա պատկերացնում էր Մոսկվան, չի արժանանում Նահանգների առաջատար եվրոպական գործընկերների հավանությանը։ Ավելին, գագաթաժողովն ամեն ինչ իր տեղը դրեց՝ ցուցադրելով, որ եվրոպացիներին ու ամերիկացիներին ՆԱՏՕ-ն միանգամայն ձեռնտու է, որը Լիսաբոնի գագաթաժողովից հետո անվտանգության ապահովման գլոբալ գործիք է թվում։
Ընդ որում՝ անկախ ամեն ինչից, եվրոպական անվտանգությունը՝ որպես կանոնների ժողովածու, այնուամենայնիվ, անհրաժեշտ է, քանի որ Յալթայում և Պոտսդամում կնքված պայմանագրերից հետո, 1945-1991թթ. ընթացքում գոյություն ունեցող խաղաղությունը 2010թ. այլևս չկա։ ԽՍՀՄ անհետացմամբ շարժման մեջ մտավ ոչ միայն հետխորհրդային տարածքը, այլև գլոբալ, այդ թվում և համաեվրոպական քաղաքականությունը։ Սակայն ԵԱՀԿ-ն այդպես էլ ցույց չտվեց իր արդյունավետությունն այս իրավիճակում, որի օրինակը դարձավ նրա անգործությունը 08.08.08թ. Ռուսաստանի և Վրաստանի միջև պատերազմի ընթացքում։ Կազմակերպության անարդյունավետության մեկ այլ օրինակ է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը, որը զբաղվում է ղարաբաղյան կարգավորմամբ։
ԵԱՀԿ-ն նախկինի պես նախընտրում է խուսափել կոշտ գնահատական տալ զինված միջադեպերին հրադադարի գոտում, նույնիսկ չնայած դրանց հաճախացմանն ու զոհերի թվի ավելացմանը։ Այսպիսով, Աստանայի գագաթաժողովն աշխարհին նոր ոչինչ չտվեց ողջ աշխարհը ցնցող փոքր պատերազմների և հակամարտությունների հաղթահարման ուղիների առումով։ Ղարաբաղյան հակամարտության օրինակով պարզ դարձավ, որ ԵԱՀԿ Աստանայի գագաթաժողովը դարձավ ՄԱԿ Կանոնադրությունում ամրագրված, միմյանց հակասող միջազգային սկզբունքների հերթական բախման հերթական վայրը։ Ե՛վ տարածքային ամբողջականության սկզբունքը, և՛ ժողովուրդների ինքնորոշման իրավունքն ամենևին էլ միակը չեն այդ առումով՝ հանդիսանալով առնվազն վերջին երկու դարի ընթացքում եվրոպական քաղաքական գործիչների կողմից կիրառվող երկակի ստանդարտների արտացոլումը։ Այնինչ, այս հարցերի լավագույն պատասխանը կարող էր լինել եվրոպական անվտանգության ընդհանուր համակարգը՝ անգամ հաշվի առնելով վեճերը, մրցակցությունն ու տխրահռչակ երկակի ստանդարտների կիրառումը։ Սակայն, միևնույն ժամանակ, եվրոպական անվտանգության ընդհանուր համակարգը լավագույն գործիքն է՝ կանխելու համար այն իրավիճակը, որում գտնվում էր աշխարհը մինչև Առաջին համաշխարհային պատերազմը, որին մենք արդեն չափից ավելի ենք մոտեցել։
ԵԱՀԿ-ի՝ որպես հակամարտությունները կարգավորող կազմակերպության, անզորությունը, որը շատ լավ երևաց Աստանայի գագաթաժողովում, չի կարող չմտահոգել Հայաստանին՝ հաշվի առնելով այն, որ հենց այդ կազմակերպությունն է միանձնյա զբաղվում ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ։ Դա հատկապես երևաց միջազգային իրավունքի միմյանց հակասող երկու սկզբունքների՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքի հերթական բախման ընթացքում։ ԵԱՀԿ Աստանայի գագաթաժողովի մի շարք մասնակիցների անհամաձայնության և փոխզիջման հասնելու ցանկության բացակայության ֆոնին հատկապես «առանձնացան» Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը՝ վերջնականապես փակուղի մտցնելով ամփոփիչ հռչակագրի ընդունման հետ կապված իրավիճակը։ Գագաթաժողովի առաջին օրը Ադրբեջանի «ցմահ» նախագահը հերթական անգամ հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցություններում նրա երկրին ձեռնտու է միայն այն արդյունքը, որը հիմնված կլինի միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների վրա՝ «Ադրբեջանի տարածքային ամբողջականության» շրջանակում, որից հետո մեկնեց Բաքու։ Սրան ի պատասխան, գագաթաժողովի արդեն երկրորդ օրը հետևեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի խիստ կտրուկ պատասխանը. նա հայտարարեց, որ եթե Ադրբեջանը դիմի ռազմական ագրեսիայի, Հայաստանն այլ ընտրություն չի ունենա՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելուց բացի։ Նախագահը հայտարարեց նաև, որ Հայաստանը պատրաստ է «ուժեղացնել հանրապետության հնարավորությունները՝ Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու նպատակով»։ Հատկանշական է, որ Ս.Սարգսյանը, հայտարարելով, որ Հայաստանը կտրականապես հրաժարվում է վերադառնալ ռազմական գործողություններին Լեռնային Ղարաբաղում՝ որպես թույլատրելի տարբերակի, հաջորդ նախադասությամբ ոչ երկիմաստ ձևով հայտարարեց ռազմական հակամարտության մեջ Հայաստանի ներգրավման հնարավորության մասին, եթե Ադրբեջանն այն նախաձեռնի։ Ակնհայտ է, որ մեկի կամակորության և մյուսի համբերության ակնառու կորստի դրսևորումից հետո հասկանալի դարձավ, որ հակամարտության լուծման ընդհանուր որևէ մոտեցման քննարկումն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համատեղ հայտարարության ստորագրումը խիստ դժվարացան, եթե ոչ անհնար դարձան։
Բավական բարդ էին նաև բանակցություններն ուզբեկական պատվիրակության հետ, որն անսպասելիորեն հանդես եկավ ընդդեմ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի կողմից հրապարակված մի շարք նախաձեռնություններ հռչակագրում ներառելուն, որոնք վերաբերում էին անվտանգության միասնական տարածքի ձևավորմանը, այլ կազմակերպությունների հետ ԵԱՀԿ կապերի զարգացմանը և ԵԱՀԿ ինստիտուտների թվի ավելացմանը։ Ի վերջո, ուզբեկներն, այնուամենայնիվ, համաձայնեցին ստորագրել գագաթաժողովի ամփոփիչ փաստաթուղթը։ Եթե ուզբեկական պատվիրակության դիմադրությունն անսպասելի էր, ապա միանգամայն կանխատեսելի էր Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու պահվածքը, որը պահանջեց հռչակագրում ներառել ձևակերպումներ Հարավային Օսիայի և Աբխազիայի մասին, ինչի դեմ անմիջապես ակտիվորեն հանդես եկավ Ռուսաստանը՝ դեռ նախօրեին հայտարարելով, որ չի պաշտպանի գագաթաժողովի ամփոփիչ այնպիսի փաստաթղթերը, որոնցում խոսք կլինի «Վրաստանում հակամարտության» մասին։ Դա, ի դեպ, չխանգարեց Աստանայի գագաթաժողովին ներկա գրեթե բոլոր պատվիրակություններին կրկին «մեսիջ հղել» Մոսկվային, որի համաձայն՝ «ոտնձգությունը Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ չի մարսի, և որ միջազգային հանրությունը չի պատրաստվում հաշտվել այդ աննորմալ իրավիճակի հետ»։ Եվրամիությունը գագաթաժողովի արդյունքների վերաբերյալ հայտարարությունում իր հերթին հայտարարեց, որ պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը։ ԱՄՆ-ն իր հերթին նույնպես դժգոհություն հայտնեց գագաթաժողովի որոշ մասնակիցների «իրասածության» առիթով՝ հայտարարելով, որ դրա աշխատանքում ոչ մի կերպ չեն արտացոլվում անվտանգության լուրջ, հիմնական խնդիրները՝ «ձգձգված հակամարտությունները Վրաստանում, Մոլդովայում, Լեռնային Ղարաբաղում»։
Ընդ որում՝ չնայած վերը թվարկված բոլոր հակասություններին, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության գագաթաժողովը, որը տեղի ունեցավ 2010թ. դեկտեմբերի առաջին օրերին Աստանայում, չէր կարող շարքային իրադարձություն լինել՝ հաշվի առնելով, որ ԵԱՀԿ նախորդ գագաթաժողովը տեղի էր ունեցել Ստամբուլում 1999թ.։ Համեմատության համար նշենք. մինչև Ստամբուլը կազմակերպության գագաթաժողովներն անցկացվում էին անհամեմատ ավելի մեծ հաճախականությամբ։ 1990թ. ԵԱՀԿ գագաթաժողով տեղի ունեցավ Փարիզում, 1992թ.՝ Հելսինկիում, 1994թ.՝ Բուդապեշտում, իսկ 1996թ.՝ Լիսաբոնում։ Տասնմեկ տարի ձգձգված դադարը եվրոպական անվտանգության համակարգ բերեց նոր, երբեմն՝ դրամատիկ շատ փոխակերպումներ։ Մի կողմից՝ վերջին 20 տարիներին Կովկասում տեղի ունեցած իրադարձությունները ամենախոշոր աշխարհաքաղաքական ճգնաժամը հրահրեցին ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի հարաբերությունների միջև «սառը պատերազմի» ավարտից հետո ընկած ժամանակաշրջանում։ Նույնը կարելի է ասել նաև, այսպես կոչված, «Կոսովոյի ֆենոմենի» մասին, երբ երկու տարվա ընթացքում նախկին ինքնավար երկրամասը Սերբիայի կազմում ճանաչեցին 72 պետություններ՝ ներառյալ ԵՄ անդամ երկրների մեծ մասը, ինչպես նաև Ճապոնիան, ԱՄՆ-ը, Կանադան։ Ե՛վ առաջին, և՛ երկրորդ իրադարձությունները ցույց տվեցին լեգիտիմ իրավարարության չափանիշների դեֆիցիտը և միջազգային իրավունքի մեկնաբանության կամայականությունը, ինչպես նաև ընկալելի ստանդարտների բացակայությունը։ Այսպիսով, Ղազախստանի մայրաքաղաքում անցկացված համաժողովն, ըստ էության, պետք է պատասխաներ ավելի քան մեկ տասնամյակում կուտակված բազմաթիվ հարցերի, ինչը, ցավոք, այդպես էլ տեղի չունեցավ։ Այսպիսով, գագաթաժողովի դրական արդյունքը դարձավ Ղազախստանի հաջող արտաքին քաղաքական «շնորհանդեսը», որն էապես բարձրացրեց իր «եվրոպական վարկանիշը» և, չնայած դեմոկրատիայի կերտման գործում առկա բացերին, կառուցողական ու կայուն գործընկերոջ իմիջը։ Իսկ ԵԱՀԿ հեռանկարներն անվտանգության համաեվրոպական տարածքի բացակայության ֆոնին նախկինի պես խիստ աղոտ են թվում։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԱ-ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՄԱՊԱՏԿԵՐՈՒՄ[08.06.2017]
- ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ «ԿԱՌԱՎԱՐՎՈՂ ՔԱՈՍԻ» ՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ[05.10.2010]
- ԱՅՐԵԼՈՎ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԴՐՈՇՆԵՐԸ` ԻՐԱՆԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍ[26.05.2010]