Զարգացումներ Վրաստանի շուրջ. իրավիճակային վերլուծություն


Ներկայումս հարավկովկասյան աշխարհաքաղաքական շարժերի համատեքստում` Ղարաբաղյան գործընթացից զատ, աչքի են ընկնում Վրաստանի շուրջ ծավալվող զարգացումները։ Հանդիսանալով հարավկովկասյան status quo-ի փոփոխությանը միտված առաջնային մեխանիզմներ` համակարգային առումով նշված զարգացումները փոխլրացնում են միմյանց։
Ռուս-վրացական հարաբերություններ
Մոտավորապես գարնան սկզբներից, գերազանցապես ռուսական կողմի նախաձեռնությամբ, փորձ արվեց վերանայել ռուս-վրացական հարաբերությունները։ Հասկանալի է, որ «Մեծ ութնյակի» պետերբուրգյան գագաթաժողովին ընդառաջ` Մոսկվայի համար նոր նշանակություն էր ստացել նաև հարավկովկասյան ուղղությամբ սեփական ազդեցության ընդլայնման խնդիրը։
Գլխավորապես այդ իմաստով պետք է ընկալել Ռուսաստան վրացական գինիների ներմուծման արգելքից հետո ռուսական կողմի բոլոր նախաձեռնությունները։ Ըստ ամենայնի, դրանց տրամաբանական ավարտն էր հունիսի 1-ին Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Միխայիլ Կամինինի` բնույթով աննախադեպ հայտարարությունը, թե Մոսկվայում հարգանքով են վերաբերվում երկրների տարածքային ամբողջականության սկզբունքին, սակայն, միևնույն ժամանակ, Հարավային Օսիայի ինքնորոշման իրավունքը ոչ պակաս հարգանքի արժանի սկզբունք է։
Կամինինի հայտարարության մեջ առանձնանում էր այն հանգամանքը, որ պաշտոնական Մոսկվան ոչ թե ընդհանուր առմամբ կարևորում էր ազգերի ինքնորոշման իրավունքը, այլ խոսքը վերաբերում էր կոնկրետ Հարավային Օսիային։
Բացի այդ, դիվանագիտական խողովակներով Ռուսաստանն ամեն ինչ արեց, որպեսզի վրացական կողմին հասու լինի ինքնահռչակ երեք հանրապետությունների` Աբխազիայի, Մերձդնեստրի և Հարավային Օսիայի ղեկավարների` հունիսի 14-ին Սուխումում ծրագրված հանդիպման վերաբերյալ գրեթե ողջ տեղեկատվությունը։
Մյուս կողմից, Մոսկվայի հետ բանակցությունների գնալու վրացական դիվանագիտության հիմքում ընկած էին հետևյալ դրույթները`
- Վրաստանը փաստացի ազատվել է ռուսական ռազմական ներկայությունից,
- վրացական վերնախավում եկել են այն համոզման, որ առաջիկայում իրենց երկիրն անդամակցելու է Հյուսիսատլանտյան դաշինքին,
- հետևաբար, նպատակ կա հնարավորինս փոքրացնել Ռուսաստանի բացասական հակաքայլերը։
Այդ իմաստով, Սահակաշվիլու վարչակարգը` որպես «զիջման կետ», անցած ամիսների ընթացքում նախապատրաստել էր (հատկապես տեղեկատվական հարթությունում) Հարավային Օսիայից և Աբխազիայից ռուս խաղաղապահների դուրսբերման հարցը։ Պետք է ենթադրել, որ հունիսի 13-ին Սանկտ Պետերբուրգ Վրաստանի նախագահը մեկնում էր հենց այդ կետում զիջումների գնով Պուտինից փոխհատուցում ստանալու ակնկալիքով (օրինակ, վրացական արտադրանքի առջև ռուսական շուկայի վերաբացում)։
Ինչևէ, հունիսի 13-ին Ս. Պետերբուրգի «Կոնստանտինյան» պալատում ավելի քան երեք ժամ տևած Պուտին–Սահակաշվիլի բանակցություններն ավարտվեցին առանց որևէ կոնկրետ պայմանավորվածության։
Ամերիկա-վրացական հարաբերություններ
Թեև 2006թ. մարտ-հունիս ամիսներին տարածաշրջանում ամերիկյան քաղաքականության առաջնային խնդիրն էր Ղարաբաղյան հիմնահարցը, սակայն, միևնույն ժամանակ, ոչ պակաս կարևոր էր ԱՄՆ հարավկովկասյան դիվանագիտության վրացական ուղղությունը։
Տվյալ պարագայում Վաշինգտոնի նպատակը մաս էր կազմում ավելի ընդհանրական մի գծի, որը, ներառելով նաև եվրոպական թատերաբեմում ամերիկյան դիվանագիտական նախաձեռնությունները (որոնց գագաթնակետը հանդիսացավ հունիսի 21-ին Վիեննայում կայացած ԵՄ–ԱՄՆ գագաթաժողովը) և Ուկրաինայի ուղղությամբ տարվող աշխատանքը (պատահական չէ, որ Վիեննայի գագաթաժողովին զուգահեռ Կիևում նույն` հունիսի 21-ին հայտարարվեց «նարնջագույն» կոալիցիայի ձևավորման մասին), նպատակ ուներ «Մեծ ութնյակի» պետերբուրգյան գագաթաժողովից առաջ բավական լուրջ ճնշում գործադրել Ռուսաստանի ուղղությամբ` Իրանի, Մերձավոր Արևելքի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով զիջումներ կորզելու ակնկալիքով։
Նշված ժամանակահատվածում Միացյալ Նահանգների վրացական քաղաքականության մեջ աստիճանաբար ավելի ակնառու դարձան աբխազական ու հարավօսական հակամարտությունների առնչությամբ նոր նախաձեռնությունները, ինչը նախ և առաջ նշանակում էր ճնշում Ռուսաստանի նկատմամբ։
Մայիս-հունիս ամիսներին Քոնդոլիզա Ռայսի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով փոխօգնական Մեթյու Բրայզան երկու անգամ այցելելով Սուխում` հանդիպումներ ունեցավ Աբխազիայի ռազմաքաղաքական բարձրաստիճան ղեկավարության ներկայացուցիչների` ներառյալ նախագահ Սերգեյ Բագապշի հետ։ Ի հավելումն, նույն հունիսի սկզբներին բրիտանական հատուկ ծառայությունների հետ որոշակի կապեր ունեցող «Conciliation Resources» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, Աբխազիայի փոխվարչապետ Լեոնիդ Լակերբայայի գլխավորությամբ ներկայացուցչական պատվիրակություն այցելեց Լոնդոն և Վաշինգտոն։ Երկու մայրաքաղաքներում էլ վերջիններս աննախադեպ հանդիպումներ ունեցան այդ երկրների արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչների հետ։
Հատկանշական է, որ ամերիկա-բրիտանական դիվանագիտական ջանքերին համընթաց` մայիսի 28-ից հուլիսի 15-ը («Մեծ ութնյակի» գագաթաժողովի սկիզբ) Ախալցխայի մոտ գտնվող «Օրֆոլո» զորավարժարանում տեղի ունեցան վրացական բանակի «Կովկաս-2006» անվամբ լայնածավալ զորավարժությունները, որոնց մասնակցում էին Վրաստանի զինված ուժերի մոտ 8 հազար մարտիկներ (ողջ բանակի շուրջ 1/4-րդը)։
Հատկապես աբխազական գործընթացում նման կերպ (դիվանագիտության և վրացական ռազմուժի կիրառման սպառնալիքի համատեղմամբ) ներգրավվելու Վաշինգտոնի հիմնական նպատակն է հող նախապատրաստել Աբխազիայում ռուսական ազդեցության նվազման համար կամ առնվազն այդ նախաձեռնությունների միջոցով ճնշում գործադրել Ռուսաստանի նկատմամբ։ Պատահական չէ, որ հունիսի 19-ին Բագապշի հետ կայացած հանդիպման ժամանակ Բրայզան վերջինիս կոչ արեց ընդլայնել կապերը Եվրոպայի հետ։ Չպետք է մոռանալ նաև, որ 2004թ. հոկտեմբերին Աբխազիայում կայացած նախագահական ընտրությունների ժամանակ Մոսկվան անմիջականորեն սատարում էր ներկայիս նախագահ Սերգեյ Բագապշի հակառակորդին` Ռաուլ Խաջիմբային։ Հետագայում այդ հանգամանքը պատճառ հանդիսացավ ռուս-աբխազական հակասությունների ի հայտ գալուն։
Սակայն անցած ժամանակահատվածում ամերիկա-վրացական հարաբերություններում տեղի ունեցած էական շարժը վերաբերում է Հյուսիսատլանտյան դաշինքին Վրաստանի անդամակցության հարցին։
Հունիսի 9-ին ԱՄՆ Սենատի կողմից ձայների մեծամասնությամբ ընդունված մի բանաձևի համաձայն, ԱՄՆ նախագահ Բուշ-կրտսերը պետք է Միացյալ Նահանգների Կոնգրեսին ներկայացնի «Էներգիայի պաշտպանված, կայուն և վստահելի աղբյուրների ապահովման վերաբերյալ ՆԱՏՕ-ի ռազմավարության մասին» մանրամասն զեկույց` «ներառյալ չնախատեսված իրավիճակներին առնչվող ծրագրերի մասին, եթե էներգիայի ներկայիս աղբյուրները վտանգի ենթարկվեն»: Բանաձևի ընդունումը, որի հեղինակը Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ԱՄՆ Սպիտակ տանն ունեցած ազդեցությամբ հայտնի հանրապետական սենատոր Ռիչարդ Լուգարն է, խոշոր հաշվով ունի մեկ նպատակ` ապահովել ամերիկյան ռազմաքաղաքական ներկայության հետագա ինստիտուցիոնալացումը Հարավային Կովկաս-Կասպիցի ավազան-Կենտրոնական Ասիա հատվածում։ Բայց գործնականում բանաձևի հիմնական իմաստն այն է, որ Վաշինգտոնը հրապարակեց ՆԱՏՕ-ին առնվազն Վրաստանի անդամակցության իր քաղաքական որոշումը։
Հուլիսի 5-ին ամերիկյան Սպիտակ տանը կայացած Բուշ–Սահակաշվիլի հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահի հայտարարությունը Հյուսիսատլանտյան դաշինքին Վրաստանի անդամակցության փոխշահավետության մասին` խոսում է միայն այդ եզրակացության օգտին։
Ընդհանրացումներ և հեռանկար
Հետագա զարգացումները ցույց տվեցին, որ հունիսի 13-ին Սանկտ Պետերբուրգում կայացած Պուտին–Սահակաշվիլի հանդիպման հիմնական թեման ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության հարցն էր։ «Կոնստանտինյան» պալատում տեղի ունեցած մի քանի ժամյա քննարկումների ապարդյուն լինելը նշանակում է, որ ռուսական դիվանագիտության համար էական նշանակություն ունեցող այդ հարցում փոխհամաձայնություն ձեռք չի բերվել։
Այդ առումով ամենևին էլ պատահական չէ, որ ռուսական կողմը ձեռնամուխ եղավ Վերին Լարս անցակետի փակմանը Սահակաշվիլու Վաշինգտոն կատարած այցից անմիջապես հետո` հուլիսի 8-ի վաղ առավոտյան։
Մյուս կողմից, կառավարական ճգնաժամը և ընդհանուր ներքաղաքական լարվածությունն Ուկրաինայում նախ և առաջ ամերիկյան դիվանագիտությանը թույլ չտվեցին «Մեծ ութնյակի» գագաթաժողովին ընդառաջ նաև այդ ուղղղությամբ լուրջ ճնշումներ բանեցնել Ռուսաստանի նկատմամբ։ Այդ առումով հատկանշական է, որ Պենտագոնին այդպես էլ չհաջողվեց անցկացնել հուլիսի 18-ին Ղրիմում նախատեսված ՆԱՏՕ-ական «See Breeze-2006» զորավարժությունները։
Հեռանկարային առումով հարավկովկասյան աշխարհաքաղաքական փոխդասավորվածության համար էական նշանակություն է ձեռք բերում Հյուսիսատլանտյան դաշինքին Վրաստանի անդամակցության հարցը։ Թեև սույն նոյեմբերին Ռիգայում կայանալիք ՆԱՏՕ-ի հերթական գագաթաժողովի ժամանակ, ամենայն հավանականությամբ, նշվելու են միայն Խորվաթիայի, Մակեդոնիայի ու Ալբանիայի անունները, որոնք կարող են դիմել դաշինքին անդամակցելու հարցով, սակայն ևս երկու տարի անց` 2008թ., շատ մեծ է հավանականությունը, որ նրանց ճակատագրին կարժանանա Վրաստանը։
Մինչ օրս առկա միջազգային փորձի համաձայն, նման հրավերի ստացումից մինչև անդամակցությունը տևում է միջինը երկու տարի։ 1997թ. Մադրիդում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ հրավեր ստացած Լեհաստանը, Հունգարիան ու Չեխիան դաշինքի անդամ դարձան 1999թ., իսկ 2002թ. Պրահայի գագաթաժողովի ժամանակ հրավիրված Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Սլովակիան, Սլովենիան, Ռումինիան ու Բուլղարիան ՆԱՏՕ-ին անդամակցեցին 2004թ.։
Ի դեպ, ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության պարագայում Հայաստանը կարող է գործնականում կորցնել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գծով իր հիմնական դաշնակցի` Ռուսաստանի հետ ցամաքային ու օդային հաղորդակցության հնարավորությունը, միաժամանակ, մեր երկրի տարածաշրջանային անվտանգության ու Ղարաբաղյան հիմնահարցի համատեքստում, ամենայն հավանականությամբ, ի հայտ կգան նոր իրողություններ:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՌՈՒՍԱՍՏԱՆ–ԹՈՒՐՔԻԱ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ[10.07.2009]
- ԹՈՒՐՔԻԱ. ԷՆԵՐԳԵՏԻԿ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆԳՈՒՅՑ ԴԱՌՆԱԼՈՒ ՀԵՌԱՆԿԱՐԸ [19.03.2009]
- ԹՈՒՐՔԻԱ. ԷՆԵՐԳԵՏԻԿ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏԸ [05.03.2009]
- ԱՄԵՐԻԿԱ-ԻՐԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՌԱՆԿԱՐԻ ՇՈՒՐՋ [02.02.2009]
- ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԱՐԵԱՅՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ[22.01.2009]
- ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆՆ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՀԵՏ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՆԱԽՕՐԵԻ՞Ն[27.12.2008]
- ԴԻՏԱՐԿՈՒՄ ԿԵՆՏՐՈՆԱԱՍԻԱԿԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Կենտրոնական Ասիայի նոր վերաձևո՞ւմ[15.12.2008]
- ԼՂՀ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ. «ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՐՑԸ» [27.11.2008]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ ՆՈՐ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՇԵՄԻՆ[03.11.2008]
- ԻՐԱՆՆ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՀԵՏ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՆԱԽՕՐԵԻՆ[27.10.2008]
- ԻՐԱՎԻՃԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ[18.09.2008]