ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՎՐԱՍՏԱՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՄՐՑԱԿԻՑ ՉԷ
Կովկասյան լրատու # 566
12-ը նոյեմբերի, 2010թ.
Թուրքիայի հետ ազատ առեւտրի մասին պայմանագրի կնքման պահից 2 տարի է անցել, բայց վրացական ընկերությունները պնդում են, որ դեռեւս սպասում են խոստացված տնտեսական երաշխիքների իրագործմանը:
Այսպես, հողագործները բողոքում են, որ չեն կարողանում մրցակցել իրենց թուրք գործընկերների հետինչի հետեւանքով այն շրջանները, որտեղ հացահատիկ, միրգ, բանջարեղեն եւ թեյ են աճեցնում, տարեցտարի անկում են ապրում:
Երբ 2008-ի նոյեմբերին ստորագրվեց պայմանագիրը, Վրաստանի տնտեսական զարգացման փոխնախարար Թամար Քովզիրիձեն հայտարարել էր, որ արտահանումների 1/5 մասն արդեն իսկ Թուրքիային էր բաժին ընկնում, եւ նոր համաձայնագրերը հատկապես շահավետ էին լինելու գյուղատնտեսության ոլորտի համար, ինչը թույլ կտար հյութ, գինի, ցիտրուսային մրգեր եւ այլ մթերք արտահանել 70 միլիոն բնակչություն ունեցող Թուրքիայի շուկա:
Վրացի գործարարների խոսքերով` իրենց ունեցած մեծ ակնկալիքներն այդպես էլ չեն արդարացվել: Թուրքիա կատարվող արտահանումների ծավալը շատ ավելի փոքր է, քան նախատեսվում էր:
Սեպտեմբերի վերջին Վրաստանի վարչապետ Նիկոլոզ Գիլաուրին կոչ արեց գյուղատնտեսության նախարար Բակուր Կվեզերելուն քննարկել առեւտրի ոլորտում գրանցված ցածր ցուցանիշներն իր թուրք գործընկերոջ հետ:
Տնտեսական վերլուծաբանները սկսում են կասկածել, որ վրացի արտադրողները երբեւէ կկարողանան հաջողության հասնել թուրքական շուկայում:
«Գինին Թուրքիայում ավանդական խմիչք չի համարվում, դժվար է այնտեղ գինի արտահանել», - ասում է տնտեսական զարգացման նախարարության առեւտրի եւ միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Միխայիլ Ջանելիձեն:
Նույնիսկ միրգն ու բանջարեղենը, որոնք գնում են Թուրքիայում, դժվար են վաճառվում:
Երբ 2008 թվականին կնքված պայմանագրով առեւտրի ոլորտում եղած բոլոր խոչընդոտները վերացան, որոշ փորձագետներ մտահոգություն հայտնեցին, որ Վրաստանը չէր կարողանա մրցակցություն ապահովել [այս ոլորտում]:
«Ես նշել եմ, որ նման պայմանագիրն արդարացված կլիներ, եթե երկու երկների տնտեսություններն էլ հավասարապես զարգացած լինեին, քանի որ թույլ զարգացած տնտեսությունը պակաս մրցունակ կլիներ: Մենք չէինք կարողանում պահանջվող տեխնիկական չափանիշներին համապատասխան մշակել մեր արտադրանքը եւ ի վիճակի չէինք ըստ արժանվույն վերահսկել որակը: Արդյունքում` թուրքական ապրանքները հեղեղեցին Վրաստանը», - ասում է «Հասարակական նախագծերի կենտրոն»-ի նախագահ Գեորգի Խուխաշվիլին:
Այս ամենն իսկապես համապատասխանում է իրականությանը, հատկապես վրացի հողագործների դեպքում: Գեորգի Լոբաշվիլին Վրաստանի արեւմուտքում տեղակայված Վարցիխե գյուղում է բնակվում եւ հավանաբար քիչ բան գիտի ազատ առեւտրի վերաբերյալ կնքված պայմանագրի մասին, սակայն կարող է ժամերով դժգոհել, թե ինչպես է տուժել էժան թուրքական արտադրանքի ներհոսքի պատճառով:
«5-6 տարի առաջ ես կարողանում էի ընտանիքս պահել իմ հողում աճեցրած կարտոֆիլի եւ լոլիկի վաճառքից ստացված փողով: Իսկ այժմ պարզապես իմաստ չունի բերքը շուկա տանել, այդ պատճառով ուղղակի մեզ անհրաժեշտ քանակով եմ աճեցնում», - ասում է նա:
«Ինձ վրա մեկ կիլոգրամ լոլիկ աճեցնելը երկու անգամ ավելի թանկ է նստում, քան շուկայում մեկ կիլոգրամ թուրքական լոլիկ գնելը: Ներմուծված լոլիկները շատ գեղեցիկ տեսք ունեն, եւ նույնիսկ եթե դրանց համն իմ աճեցրածի համին երբեք չի էլ հասնի, գնորդը նախընտրում է էժան ապրանք գնել»:
Թուրք գյուղատնտեսների հետ չեն կարողանում մրցակցել ոչ միայն անհատ հողագործները: Նույնիսկ արդյունաբերական ծավալներով հացահատիկ եւ կարտոֆիլ արտադրող մեծ ընկերությունները վնասներ են կրում տեխնիկապես ավելի հագեցած թուրքական ընկերությունների պատճառով:
«Մեր արտադրանքն ավելի համեղ եւ բնական է, բայց տեղական բերքի ծավալը քիչ է, իսկ Թուրքիայից ներմուծվող ապրանքն այնքան էժան է, որ ոչ ոք չի կարող դիմակայել մրցակցությանը», - ասում է կարտոֆիլ աճեցնող ընկերության տնօրեն Գեորգի Սադունաշվիլին:
Արտադրողների մի մասն էլ նույնիսկ մեղադրում է թուրքական իշխանություններին վրացական արտադրանքն անազնիվ ստուգումների միջոցով շուկայից դուրս թողնելու մեջ: Սակայն փորձագետների կարծիքով` տեղական արտադրողը պետք է պարզապես սովորի մրցակցությանը եւ դադարի թուրքերին մեղադրել ավելի գրավիչ արտադրանք թողարկելու համար:
Վրաստանի Երիտասարդ տնտեսագետների ասոցիացիան ներկայացնող Օթար Գեորգաձեն ասում է, որ արտադրության ծավալներն անհրաժեշտ է մեծացնել, իսկ որակի երաշխիքները եւ փաթեթավորման որակը` բարելավել:
Խուխաշվիլին, իր հերթին, այն կարծիքին է, որ տեղական տնտեսությունը ժամանակ չունեցավ հարմարվելու նախքան սահմանների լիակատար բացումը:
«Հասկանում եմ, որ մեր պետությունը հատուկ քաղաքական եւ տնտեսական հարաբերություններ ունի Թուրքիայի հետ: Սակայն ազատ առեւտրի վերաբերյալ որոշումը քաղաքական էր եւ ընդունվել է ի վնաս տեղական արտադրողի: Եթե ցանկանում ենք օգնել գործարարներին եւ հողագործներին, պետք է պաշտպանենք մեր տնտեսական սահմանները որոշ ժամանակով, որպեսզի հնարավորություն տանք տեղական արտադրողին գրավել ներքին շուկան եւ մրցունակ արտադրանք թողարկել»:
Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից:
http://www.iwpr.net
դեպի ետ