ԹՈՒՐՔԻԱՅԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՆՈՐ ՊԼԱՆԸ
Հայկ ԳաբրիելյանՀ.Գաբրիելյան`թուրքագետ
Թուրքիայի Էներգետիկ և բնական ռեսուրսների նախարարությունը (ETKB) 2010թ. ապրիլի 15-ին հրապարակեց 2010-2014թթ. ռազմավարական էներգետիկ պլանը, որը բաղկացած է հինգ ռազմավարական մասից. 1) էներգետիկ անվտանգության ընդլայնում, 2) էներգետիկ ոլորտում երկրի տարածաշրջանային և տարանցիկ ազդեցության ավելացում, 3) շրջակա միջավայր, 4) բնական ռեսուրսներ, 5) անձնակազմ:
Թուրքական էներգետիկ քաղաքականության քննադատները նշում են, որ թուրքական տարբեր կառավարություններ երկիրը դարձրել են կախյալ ներկրվող վառելիքից: Նրանք ընդգծում են, թե ինչպես է Թուրքիան անհավասարաչափ էլեկտրաէներգիա ստանում հիդրոէլեկտրակայանների և ներկրվող գազով կամ ածխով աշխատող ջերմաէլեկտրակայանների հաշվին: Քննադատները թուրքական կառավարություններին մեղադրում են նրանում, որ չեն մշակել անհրաժեշտ օրենսդիր ենթակառույցներ` ավելացնելու այլընտրանքային էներգետիկ ներդրումները: Շատ առարկություններ կան միջուկային էներգիայի ոլորտում, քանի որ դա վնասում է շրջակա միջավայրը և կախման մեջ է գցում արտաքին տեխնոլոգիաներից` ատոմային էլեկտրակայանի (ԱԷԿ) կառուցման համար:
Քննադատների կարծիքով՝ ցայժմ Արդարություն և զարգացում կուսակցության (ԱԶԿ) կառավարության էներգետիկ քաղաքականությունը շատ քիչ բան է փոխել այդ մռայլ պատկերում: Դա մասնավորապես վերաբերում է էներգակիրների արտաքին ներկրման կախվածությանը: Այս պլանում Ռուսաստանից նավթի ու գազի ներկրման պատկերը մնացել է նույնը: Թուրքիան այժմ բնական գազի 2/3-ը դեռ շարունակում է ձեռք բերել Ռուսաստանից: Այն, որ թուրքական առաջին ԱԷԿ-ի կառուցման տենդերի հարցում թուրքական կառավարությունը նախապատվությունը տվեց ռուսական ընկերությանը, նույնպես քննադատներին դժգոհելու տեղիք տվեց, քանի որ դրանով դարձյալ մեծանում է Թուրքիայի էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից:
Էներգետիկ նոր պլանը կազմելիս հաշվի են առնվել այդ քննադատությունները: Այդ պլանը ներառում է մի շարք նպատակներ, որոնց պլանավորված է հասնել մինչև 2023թ.` Թուրքիայի Հանրապետության հարյուրամյակին: Դրանում նշված է էներգետիկ ռեսուրսների, տրանսպորտային հոսքերի և տեխնոլոգիաների կառուցվածքների դիվերսիֆիկացումն էներգետիկ անվտանգության հարցում: Նպատակն է մինչև 2015 թվականը 50%-ով նվազեցնել ռուսական գազից կախվածությունը:
Առաջին մասը բաղկացած է մի շարք ենթաբաժիններից, որոնցից են էներգետիկ աղբյուրների բազմատեսակության ամրապնդումը, էներգետիկ ոլորտում նոր էներգետիկ ռեսուրսների մասնաբաժնի մեծացումը, էլեկտրաէներգիայի արտադրության ավելացումը, ազատ շուկայական պայմանների ստեղծումը և ներդրումների ծավալի մեծացումը, նավթի և բնական գազի ոլորտում ներմուծման ռիսկերի նվազեցումը:
Նավթ.- ETKB տվյալներով՝ նավթի համաշխարհային պաշարների 100 մլրդ տոննան (62%) գտնվում է Միջին Արևելքի երկրներում, 16.7 մլրդ տոննան (10%)` Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում, 14.9 մլրդ տոննան (9%)` Աֆրիկայում:
Կանխատեսվում է, որ ողջ աշխարհում ամենահիմնական էներգետիկ ռեսուրս հանդիսացող նավթի պաշարները կբավականացնեն ևս 44 տարի: 2007թ. գլոբալ էներգետիկ սպառման 35.6%-ը բաժին է ընկել նավթին:
Թուրքիայի նավթային պոտենցիալը գնահատվում է 6.72 մլրդ բարել: 2009թ. վերջի դրությամբ Թուրքիայի նավթային պաշարները կազմել են 44.3 մլն տոննա: 2008թ. նավթարդյունահանումը երկրում կազմել է 2.2 մլն տոննա, մինչդեռ դրա սպառումը կազմել է 27.8 մլն: 2009թ. նավթարդյունահանումն աճեց մինչև 2.4 մլն տոննայի: Նավթարդյունահանման գործընթացի սկսվելուց մինչև 2009թ. ավարտը Թուրքիայում ընդհանուր առմամբ արդյունահանվել է 132.5 մլն տոննա նավթ: Այդ ընթացքում կատարվել է 1424 հորատում և բացվել 1808 շատրվան:
2008թ. վերջի դրությամբ նավթով և նավթամթերքով աշխատող ՋԷԿ-երի ընդհանուր հզորությունը Թուրքիայում կազմել է 2300 մեգավատ` ընդհանուր էներգետիկ հզորության 5.5%-ըը: 2008թ. նավթով աշխատող էլեկտրակայանների հզորությունը Թուրքիայում կազմել է 7519 գեգավատ: Թուրքիան իր նավթային ռեսուրսներով բավարարում է սեփական նավթային պահանջարկի 6%-ը:
Թուրքական կառավարությունն այժմ պլաններ ունի` կապված Սև և Միջերկրական ծովերի ծովափնյա շրջանների նավթի ու գազի հետախուզման աշխատանքների արագացման հետ: Ենթադրվում է, որ Սև ծովում առկա են վիթխարի նավթահանքեր ու գազահանքեր: Դրա համար էլ Թուրքիան շարունակում է համագործակցել Բրազիլիայի հետ, որը մեծ փորձ ունի խորջրյա վայրերում նավթ հայտնաբերելու հարցում: Պլանավորված է նաև թուրքական ընկերությունների կողմից արտասահմանում արդյունահանվող նավթի քանակը 2008թ. 9 մլն բարելից 2014թ. հասցնել 20 մլն բարելի:
Բնական գազ.- ETKB տվյալներով՝ բնական գազի պաշարների 73 տրլն մ3 (41%) գտնվում է Միջին Արևելքի երկրներում, 59 տրլն մ3 (33%)` Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում, 28 տրլն մ3 (16%)` Աֆրիկայում և Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (ԱԽՏ):
2009թ. հոկտեմբերի վերջի դրությամբ Թուրքիայում հասանելի բնական գազի պաշարները գնահատվում են 6.3 մլրդ մ3: 2008թ. Թուրքիայում արդյունահանվել է մոտ 1 մլրդ մ3 բնական գազ, իսկ սպառումը կազմել է 36 մլրդ մ3: Բնական գազով աշխատող էլեկտրակայանների ընդհանուր հզորությունը կազմել է 14.576 մվտ` ընդհանուր էներգետիկ հզորության 32.7%-ը: Թուրքիան իր գազային ռեսուրսներով բավարարում է սեփական պահանջարկի 4%-ը:
Նոր պլանով նախատեսված 2009թ. պահեստավորված 2.1 մլրդ մ3 կազմող բնական գազը մինչև 2015թ. կրկնապատկվելու է և կազմելու է 4 մլրդ մ3: Բացի այդ, թուրքական ընկերությունների կողմից արտասահմանում արդյունահանվող բնական գազը 2008թ. 474 մլն սմ3-ի փոխարեն 2014թ. կազմելու է 1000 մլն սմ3:
Ածուխ.- ETKB տվյալներով՝ ածխի պաշարների 297 տրլն տոննան (32%) բաժին է ընկնում ԱԽՏ-ին, 254 տրլն տոննան` (28%) Հյուսիսային Ամերիկայի երկրներին, 222 տրլն տոննան` (24%) Ռուսաստանին և ԱՊՀ երկրներին:
Թուրքիայում գորշ ածխի պոտենցիալը կազմում է 12.4 մլրդ տոննա, որից 1.33 մլրդ տոննան կազմում է քարածուխը: Գորշ ածխի համաշխարհային պաշարների մոտ 1.6%-ը գտնվում է Թուրքիայում:
2008թ. ընդհանուր առմամբ Թուրքիայում արդյունահանվել է 33 մլն տոննա ածուխ, որի 82%-ը բաժին է ընկել ՋԷԿ-երին, իսկ 12%-ը` ջեռուցմանն ու արդյունաբերությանը: 2008թ. վերջի դրությամբ Թուրքիայում գորշ ածխով աշխատող ՋԷԿ-երի ընդհանուր հզորությունը կազմել է 8110 մվտ, ինչը կազմում է ընդհանուր էներգետիկ հզորության 19.4%-ը: Քարածխով աշխատող ՋԷԿ-երի հզորությունը կազմում է 335 մվտ` ընդհանուր էներգետիկ հզորության 0.8%-ը:
2009թ. օգոստոսի վերջի դրությամբ ածխով աշխատող էլեկտրակայաններին բաժին է ընկել ընդհանուր էներգետիկ արտադրության մոտ 29%-ը: Դրա 73%-ը բաժին է ընկնում գորշ ածխին, իսկ 27%-ը` քարածխին ու ներկրվող ածխին:
Մինչև 2013թ. կառուցվելու են 3500 մվտ հզորությամբ տեղական ածխով աշխատող ՋԷԿ-եր: Այդ գործընթացը տեղի է ունենալու աստիճանաբար. 2010 – 200 մվտ, 2011 – 1200 մվտ, 2012 – 800 մվտ, 2013 – 1300 մվտ, ընդհանուր – 3500 մվտ: Այդ համատեքստում պլանով նախատեսվում է առավել լայն նպատակներով շահագործել ածխային պաշարները` դրանով իսկ զարկ տալով հանքարդյունաբերությանը:
Հիդրոէներգիա.- Թուրքիայի հիդրոէլեկտրական պոտենցիալը տարեկան կազմում է 140 գվտ: 2009թ. վերջի դրությամբ Թուրքիայում գործող 150 ՀԷԿ-երի ընդհանուր հզորությունը կազմում է 14.417 մվտ, ինչը կազմում է ընդհանուր էներգետիկ պոտենցիալի մոտ 38%-ը: 2009թ. Թուրքիայում արտադրված էլեկտրաէներգիայի 18.5%-ը բաժին է ընկել ՀԷԿ-երին: 2004թ. Թուրքիայի ՀԷԿ-երում արտադրվել է 46 մլրդ կվտ/ժամ:
Ներկայումս Թուրքիայում ընթանում է 141 մվտ ընդհանուր հզորությամբ 52 փոքր ՀԷԿ-երի կառուցումը: Մինչև 2013թ. վերջը Թուրքիայում կառուցվելու են 5000 մվտ ընդհանուր հզորությամբ ՀԷԿ-եր: Այս գործընթացը նույնպես իրականացվելու է աստիճանաբար. 2010 – 1200 մվտ, 2011 – 1000 մվտ, 2012 – 1500 մվտ, 2013 – 1300 մվտ, ընդհանուր – 5000 մվտ:
Ատոմային էներգիա.- 1000 մվտ հզորությամբ միջուկային ռեակտորը տարեկան ծախսում է մոտ 27 տոննա վառելիք: ԱԷԿ-երը ՋԷԿ-երի և ՀԷԿ-երի համեմատ առավել անվտանգ և մաքուր են: Պլանավորված է, որ 2015թ. սկսած պետք է գործեն 5000 մվտ հզորությամբ 3 էներգաբլոկները: Այս նպատակով ընդունվել է թիվ 5710 օրենքը և էներգետիկ վաճառքի վերաբերյալ օրենքը (2007): Աքքույուում կառուցվելիք ԱԷԿ-ի արտոնագիրն արդեն տրվել է, իսկ Սինոպի վերաբերյալ այդ աշխատանքները շարունակվում են:
Ակնկալվում է, որ մինչև 2014թ. կսկսվի թուրքական ԱԷԿ-ի կառուցումը, և մինչև 2020թ. Թուրքիայում էլեկտրաէներգիայի ընդհանուր արտադրության 5%-ը բաժին կընկնի ԱԷԿ-երին:
Արևային էներգիա.- 2023թ. դրությամբ էներգետիկ նոր աղբյուրների չափաբաժինը Թուրքիայում կազմելու է նվազագույնը 30% (ներկայումս դա կազմում է 0.6%): Թուրքիայի աշխարհագրական դիրքի պատճառով արևային էներգիայի նրա պոտենցիալը մեծ է. արևափայլի տարեկան միջին տևողությունը կազմում է 2640 ժամ (օրական ընդհանուր առմամբ 7.2 ժամ), միջին ընդհանուր լուսավորության ուժը տարեկան կազմում է 1311 կվտ-ժ/մ2 (օրական ընդհանուր 3.6 կվտ-ժ/մ2): Հաշվարկված է, որ Թուրքիայի արևային էներգիայի պոտենցիալը գնահատվում է տարեկան 380 մլրդ կվտ/ժ:
Թուրքիայում ստեղծված արևային կոլեկտորի հզորությունը կազմում է մոտ 12 մլն մ2, իսկ տեխնիկական արևային էներգիայի պոտենցիալը` 76 մլն TEP (նավթին համարժեք տոննա), տարեկան արտադրության ծավալը` 750.000 մ2, որի մի մասն արտահանվում է: Արևային էներգիայից ջերմային էներգիայի տարեկան արտադրությունը կազմում է շուրջ 420.000 TEP: Թուրքիայի արևային մարտկոցի ընդհանուր հզորությունը հասնում է 1 մվտ-ի:
Քամու էներգիա.- Արևից երկիր հասնող էներգիայի 1-2%-ը վերածվում է քամու էներգիայի: Աշխարհում քամու ռեսուրսը տարեկան կազմում է 53 TWH (տեռավատ/ժամ): Ներկայումս քամու էներգիայի ընդհանուր հզորությունը կազմում է 40.301 մվտ: Դրա 1/3-ը բաժին է ընկնում Գերմանիային: Ներկայումս համայն աշխարհում անհրաժեշտ է 692 մլրդ եվրոյի ներդրում կատարել, որպեսզի 2020թ. քամու էներգիայի ընդհանուր հզորությունը հասցվի 1245 գվտ-ի: Քամու տուրբիններում արտադրվող էներգիայի շուկայական արժեքը ներկայիս 8 մլրդ եվրոյի փոխարեն մինչև 2020թ. կկազմի 80 մլրդ եվրո:
2007թ. կազմվեց Թուրքիայի քամու էներգիայի պոտենցիալի քարտեզը: Մատնանշվում է, որ 8.5 մ/վ և ավելի քամու արագություն ունեցող Թուրքիայի շրջաններում գոյություն ունի նվազագույնը 5000 մվտ քամու էներգիայի պոտենցիալ, իսկ 7 մ/վ արագություն ունեցող շրջաններում` նվազագույնը 48.000 մվտ: 2002թ. Թուրքիայում դեռևս չէր գործածվում քամու էներգիայի ուժը, 2004թ. Թուրքիայում արտադրվող տարեկան քամու էներգիան կազմել է 18 մվտ, 2008թ. սկզբին այդ ցուցանիշը կազմել է 354.7 մվտ, իսկ 2009թ. վերջին դա հասցվեց 802.8 մվտ-ի: Նորացված էներգետիկ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո արտոնագիր տրվեց 93 քայլից բաղկացած քամու էներգիայի նոր նախագծին, ըստ որի, այդ էներգիայի հզորությունը հասցվելու էր 3363 մվտ-ի: Այժմ այս նախագծի շրջանակներում ընթանում է 1100 մվտ ընդհանուր հզորություն ունեցող կայանների կառուցումը: Պլանավորված է մինչև 2015թ. (2009-2014) քամու էներգիան հասցնել 10.000 մվտ-ի:
Երկրաջերմային էներգիա.- Ողջ աշխարհում երկրաջերմության1 ընդհանուր հզորությունը գնահատվում է 9700 մվտ, տարեկան արտադրությունը կազմում է 80 մլրդ կվտ/ժ: Այս ոլորտում աշխարհի առաջատար 5 երկրներն են ԱՄՆ-ը, Ֆիլիպինները, Մեքսիկան, Ինդոնեզիան և Իտալիան: Միևնույն ժամանակ, աշխարհում ամենաշատը երկրաջերմային էներգիա սպառող առաջատար 5 երկրներն են Չինաստանը, Ճապոնիան, ԱՄՆ-ը, Իսլանդիան և Թուրքիան:
Ալպ-Հիմալայան գոտում տեղ զբաղեցրած Թուրքիան բավական մեծ երկրաջերմության պոտենցիալ ունեցող երկիր է: Թուրքիայում գետնի մակերևույթի տաքությունը կազմում է 40oC: Դա կազմում է 31.500 մվտ, որի 77.9%-ը բաժին է ընկնում Արևմտյան Անատոլիային: Այսօր Թուրքիան օգտագործում է այդ պոտենցիալի միայն 13%-ը` 4000 մվտ: Բացի այդ, Թուրքիայի երկրաջերմային վայրերի 55%-ը պիտանի է ջեռուցման նպատակով:
2005թ. Դենիզլիում կառուցված երկրաջերմային էլեկտրակայանի հզորությունը կազմել է 20 մվտ:
Վերջին տարիներին Թուրքիայում ակտիվացել է երկրաջերմային էներգիայի աղբյուրների փնտրտուքը, ինչի արդյունքում մատնանշվեց 840 մվտ երկրաջերմային էներգետիկ աղբյուրների հայտնաբերման մասին: Թուրքիայի երկրաջերմային էներգիայի պոտենցիալի 1500 մվտ-ն պիտանի է էլեկտրաէներգիայի արտադրության համար, սակայն այժմ այդ ցուցանիշը կազմում է 600 մվտ: 2009թ. վերջի դրությամբ երկրաջերմության ընդհանուր հզորությունը կազմել է 77.2 մվտ: Պլանավորված է, որ 2015թ. այդ ցուցանիշը կազմելու է 300 մվտ:
Ալիքի էներգիա.- Դեռևս 1960-ական թթ. Ֆրանսիայում մակընթացության-տեղատվության2 հիման վրա տեղադրվեց 342 մվտ հզորությամբ մի տուրբին, որը տարեկան կարող էր արտադրել 820 մլն կվտ/ժ էլեկտրաէներգիա: Գերմանացի Հերման Սյորգելը 1920-ական թթ. առաջարկում էր նույնն իրականացնել Միջերկրական ծովում: Հերմանը ուտոպիական Ատլանտրոպ մայրցամաքի հեղինակն է, որն առաջանալու էր Ջիբրալթարի նեղուցի տատանումների շնորհիվ և ներառելու էր Եվրոպայի հարավային ու Աֆրիկայի հյուսիսային հատվածները: Միջերկրական ծով ջրային հոսանքը մտնում է երեք ուղղությամբ. ա) Ջիբրալթարի նեղուցով, բ) Սևծովյան նեղուցներով, գ) Սուեզի ջրանցքով: Հերմանն առաջարկում էր արգելապատնեշներ (ամբարտակներ) տեղադրել միայն Ջիբրալթարի և Դարդանելի նեղուցներում (Սուեզի ջրանցքի պարագայում դրա կարիքը չկա) և դրանով իսկ վերահսկել դեպի Միջերկրական ծով հոսող ջրերը: Ջիբրալթարի նեղուցում կառուցվելու էր ՀԷԿ, իսկ Միջերկրական ծովի մակարդակն իջեցվելու էր 200 մետրով: Ի դեպ, Ջիբրալթարից մինչև Սիցիլիա կղզու հատվածը Միջերկրական ծովի մակարդակը պետք է իջեցվեր 100 մետրով, իսկ Սիցիլիա կղզուց մինչև Կիպրոս կղզու հատվածը` 200 մետրով: Դրա համար էլ նախատեսված էր նմանատիպ արգելապատնեշ կառուցել նաև Սիցիլիա կղզու և Թունիսի միջև:
Պետք է նշել, որ տարեկան Ատլանտյան օվկիանոսից դեպի Միջերկրական ծով է հոսում 2700 կմ3 ջուր: Նախագծի իրականացման դեպքում հնարավոր կլինի տարեկան արտադրել 660 մլրդ կվտ/ժ էլեկտրաէներգիա: Բացի այդ, Միջերկրական ծովի իջեցումը հնարավորություն կընձեռեր գյուղատնտեսության համար ազատել բավական մեծ տարածքներ, այդ թվում նաև Սահարա անապատը: Հերմանի այս նախագիծն արդիականությունը վերջնականապես կորցրեց 1960թ., սակայն բացառված չէ, որ մի օր Միջերկրածովյան երկրները վերհիշեն դրա մասին:
Էներգետիկ շուկայի ազատականացում.- Նախատեսվում է ազատականացնել Թուրքիայի ներքին էներգետիկ շուկան: Որպեսզի ապահովի էժան և առավել բարձրորակ էներգետիկ մատակարարում, կառավարությունը քայլեր է ձեռնարկելու ազատ և մրցունակ էներգետիկ շուկա ստեղծելու ուղղությամբ: Այս առումով կարևորություն է ստանում էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցերի նախնական մասնավորեցումը: Էներգետիկ շուկայում ազատ մրցակցային պայմանները կանոնակարգվում են 2001թ. ընդունված էլեկտրաէներգիայի շուկայի մասին թիվ 4628 օրենքով, 2001թ. բնական գազի շուկայի թիվ 4646 օրենքով, 2003թ. նավթային շուկայի գնի թիվ 5015 օրենքով և 2005թ. հեղուկացված նավթագազերի շուկայի օրենքով: Մինչև 2020թ. Թուրքիայի էներգետիկ սեկտորում պահանջվող ներդրման ծավալը կազմում է մոտ $120 մլրդ:
1990թ. Թուրքիայում էներգետիկ արտադրության հզորությունը կազմել է 57.543 գվտ էլեկտրաէներգիա, իսկ 2004թ.` 150.698 գվտ: 2004թ. Թուրքիայում էներգետիկ սպառումը կազմել է 150 մլրդ կվտ/ժ: Նույն թվականին Թուրքիայում մեկ շնչին բաժին ընկնող էլեկտրաէներգիայի միջին սպառումը կազմել է 2103 կվտ/ժ, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) երկրներում` միջինը 8000 կվտ/ժ, ԵՄ-ում` միջինը 6500 կվտ/ժ, աշխարհում` միջինը 2500 կվտ/ժ, ԱՄՆ-ում` 13.000 կվտ/ժ: Փաստորեն, Թուրքիայում այս ցուցանիշը բավական ցածր է:
2006թ. վերջի դրությամբ Թուրքիայում արտադրված էլեկտրաէներգիայի 41%-ը բաժին է ընկել բնական գազին, 31%-ը` ՀԷԿ-երին, 23%-ը` ածխին և 5%-ը` նավթին:
2002-2009թթ. էլեկտրաէներգիայի արտադրության ընդհանուր հզորությունը Թուրքիայում 31.750 մվտ-ից հասցվել է 44.600 մվտ-ի: Այդ հավելյալ 13.850 մվտ-ից մոտ 7000 մվտ-ն բաժին է ընկնում մասնավոր սեկտորի կողմից կառուցված էլեկտրակայաններին. 2003 – 388 մվտ, 2004 – 569 մվտ, 2005 – 1183 մվտ, 2006 – 619 մվտ, 2007 – 384 մվտ, 2008 – 972 մվտ, 2009 – 2810 մվտ, ընդհանուր – 6925 մվտ:
Էլեկտրաէներգիայի ազատ սպառման լիմիտն ամեն տարի որոշվում է Էներգետիկ շուկայի կարգավորման հանձնաժողովի կողմից: 2004թ. 9 մլն կվտ/ժ կազմող լիմիտը նախ նվազեցվեց մինչև 7.8 մլն կվտ/ժ-ի, ապա 2009թ.` 480.000 կվտ/ժ-ի: Այդպիսով, շուկայի բաց լինելը հասավ մոտ 50%-ի: Մինչ 2015թ. այդ ցուցանիշը կազմելու է 100%:
Էներգետիկ միջանցք.- Աշխարհում հասանելի նավթի և բնական գազի պաշարների մոտ 72%-ը գտնվում է Թուրքիայի հարևանությամբ: Թուրքիան աշխարհաքաղաքական առումով սահմանակցելով աշխարհի նավթի ու բնական գազի ապացուցված պաշարների 3/4-ին տիրապետող երկրներին՝ էներգետիկ առումով հարուստ Կասպիցին, Միջին Ասիային, Միջին Արևելքի և Եվրոպայի սպառման շուկաների միջև ձգտում է վերածվել բնական էներգետիկ միջանցքի: Կանխատեսվում է, որ մինչև 2030թ. աշխարհի էներգետիկ սպառումը համայն աշխարհում կաճի 50%-ով:
Ներկայումս գլխավոր էներգետիկ միջանցք դառնալու ուղղությամբ Թուրքիայի ջանքերը վկայում են այն մասին, որ Թուրքիան ագրեսիվ քաղաքականություն է վարելու` գոյություն ունեցող և պլանավորված խողովակաշարերի համատեքստում առավելագույն կերպով օգտագործելու սեփական աշխարհառազմավարական դիրքը: Կառավարությունը խոստացել է ջանք չխնայել «Նաբուկկո» գազամուղի շուրջ համաձայնության հաջող լուծման հարցում, ինչի արդյունքում դրա կառուցումը կսկսվի 2011թ., և գազամուղը կարող է շահագործման հանձնվել 2014թ.: Թուրք-սիրիական հարաբերությունների ջերմացման ֆոնին Թուրքիան ակնկալում է ձեռնամուխ լինել Թուրքիայի և Սիրիայի բնական գազի ցանցերը միմյանց միացնելու աշխատանքներին: Առավել լայն համատեքստում Թուրքիան մտադիր է միջերկրածովյան Ջեյհան նավահանգիստը վերածել Արևելյան Միջերկրածովի խոշորագույն էներգետիկ առևտրային կենտրոնի:
2006թ. հունիսի 4-ին Ջեյհանից հեռացավ նավթով բեռնված առաջին հեղուկանավը և այդ պահից սկսած մինչև 2009թ. ավարտը Ջեյհանում բեռնված նավթի ծավալը կազմել է 800 մլն բարել:

2014թ. Ջեյհան հասցվող նավթի ծավալը կազմելու է 500 մլն բարել:
Ներկայումս շոշափվում են Թուրքիայի տարածքով անցնելիք խողովակաշարերի բազմաթիվ միջազգային նախագծեր.

Վերոնշյալ գազամուղների մեծամասնությունն առաջ է քաշվել բնական գազի ներկրման դիվերսիֆիկացման և Ռուսաստանից ունեցած կախվածության նվազեցման համար: Այսօր Թուրքիան գազ է ներկրում ընդամենը 5 երկրից, որոնցում գերիշխող դիրք է զբաղեցնում Ռուսաստանը: 2000-2009թթ. Թուրքիայի գազի ներկրման պատկերը հետևյալն է (հազար մ3).

Շրջակա միջավայր.- Թուրքիայում շրջակա միջավայրի պահպանության մասին օրենքն ընդունվել է 1983թ.: Ստեղծվել է շրջակա միջավայրի պահպանության հանձնաժողով: Թուրքիան նաև միացել է 1997թ. դեկտեմբերին Ճապոնիայի Կիոտո քաղաքում ստորագրված շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ միջազգային փաստաթղթին: Թուրքիայի էներգետիկ արտադրության համակարգերում շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցություն թողնող էներգետիկ տարրերն ունեն հետևյալ պատկերը.

Փաստորեն, միայն արևային էներգիան է, որ որևէ նշանակալից վնաս չի հասցնում շրջակա միջավայրին:
Բնական ռեսուրսներ (հանքարդյունաբերություն).- Թուրքիայում բավական տարածված է հանքարդյունաբերությունը: Հանքարդյունաբերությամբ զբաղվող 132 երկրների թվում այն զբաղեցնում է 28-րդ տեղը, իսկ արտադրվող հանքատեսակների թվով` 10-րդ տեղը: 2002թ. հանքարդյունաբերության արտահանումից ստացվել է $700 մլն, իսկ ահա 2008թ.` $3240 մլն: 2008թ. հանքանյութի վաճառքից ստացվել է 6000 մլն թուրքական լիրա: 2014թ. դրությամբ այդ ցուցանիշը կրկնապատկվելու է` կազմելով 12000 մլն թուրքական լիրա: Երկրում հանքարդյունաբերությունը կանոնակարգվում է թիվ 3213 օրենքով: 2005-2008թթ. Թուրքիայում շահագործման հանձնված հանքերը 5439-ն են, որից 2005-ին` 1133, 2006-ին` 1128, 2007-ին` 1116, 2008-ին` 2062: 2010-2014թթ. նախատեսվում է շահագործել ևս 10.000 հանք:
2008թ. մարմարի և բնական քարի արտահանումը 2002թ. համեմատ աճել է 4.5 անգամ և կազմել մոտ $1.5 մլրդ: Նախատեսվում է մինչև 2014թ. մարմարի և բնական քարի մշակված ապրանքատեսակի արտահանման քանակը 2009թ. $734 մլն-ից մինչև 2014թ. հասցնել $5000 մլն-ի:
2008-2009թթ. Թուրքիայում մարմարի և բնական քարի մշակված ապրանքատեսակի արտահանումն ունի հետևյալ պատկերը.

2009թ. արտադրված 1.3 մլն տոննա քիմիական արտադրանքը 2014թ. կազմելու է 2.8 մլն տոննա:
Անձնակազմը.- ETKB-ն ստեղծվել է 1963թ. դեկտեմբերի 25-ին` թիվ 4951 օրենքի և նախագահական թիվ 4-400 հավանության հիման վրա: 2008թ. վերջի դրությամբ այն ուներ 705 կադրային և 215 ժամանակավոր աշխատող: Նախատեսվում է ETKB-ի անձնակազմի թվաքանակը հասցնել 935-ի: Բացի այդ, էներգետիկ ոլորտում մասնագետներ պատրաստելու և ռազմավարական հետազոտություններ կատարելու նպատակով մինչև 2015թ. Թուրքիայում հիմնադրվելու է Էներգետիկ ակադեմիա: Մինչև 2012թ. պատրաստվելու է նաև թուրքական միջուկային ծրագրին համապատասխան անձնակազմ:
Որքանո՞վ են իրական այս նպատակները: Չնայած այդ հավակնոտ նպատակներին` Թուրքիան, հավանաբար, դարձյալ կախված կլինի ածխաջրածինների ներկրումից, ինչը կշարունակի ազդեցություն թողնել նավթով և գազով հարուստ հարևանների հետ հարաբերությունների վրա: Ռուսական բնական գազից ունեցած կախվածության նվազեցման գաղափարը վատ չի թվում, սակայն գազի շուկայում Թուրքիայի կնքած երկարաժամկետ պայմանագրերը կարող են սահմանափակել Թուրքիայի հնարավորությունները` ի կատար ածելու այդ նպատակները:
Բացի այդ, այս նպատակների մի մասը հակասում է միմյանց: Օրինակ, ՋԷԿ-երին կամ հանքարդյունաբերությանը զարկ տալը կարող է հակասել շրջակա միջավայրի պահպանման քաղաքականության արդյունավետությանը: Հանքարդյունաբերության զարգացման կառավարության գիծը կոշտ հակազդեցության է հանդիպում շրջակա միջավայրի աղտոտման հակառակորդների կողմից: Թուրքիայի էներգետիկ շուկայում սահմանափակումների վերացումը նույնպես կարող է հակասել ազգային ինքնապահովման բարձրացման նպատակներին, քանի որ դրանով Թուրքիայի էներգետիկ շուկան կարող է խոցելի դառնալ օտար ներթափանցման համար:
Էներգետիկ նոր պլանը հաջողությամբ իրականացնելու դեպքում աշխարհում էլ ավելի կմեծանան Թուրքիայի կշիռն ու հեղինակությունը: Թուրքական նոր էներգետիկ պլանը համապատասխանում է մինչև 2023թ. (Թուրքիայի Հանրապետության հարյուրամյակը) աշխարհի խոշորագույն տնտեսություն ունեցող երկրների լավագույն տասնյակում տեղ զբաղեցնելու Թուրքիայի ծրագրին: Թուրքիան նաև արտահանման ոլորտում ձգտում է մտնել «100-ի ակումբի» մեջ, որում ընդգրկված են $100 և ավելի մլրդ-ի արտահանում ունեցող երկրները: Թուրքիայում այդ ցուցանիշն առայժմ կազմում է $98.5 մլրդ:
Կարևոր է նաև նշել, որ անցյալում Թուրքիայի այն ջանքերը, որոնք ուղղված են եղել շահավետ օգտագործելու իր աշխարհաքաղաքական դիրքը, լարվածություն է առաջացնում տարածաշրջանում և գլոբալ էներգետիկ շուկաներում այլ խաղացողների հետ, ինչն, ի տարբերություն անցյալի, օգնել է Թուրքիային վերածվելու էներգետիկ միջանցքի: Դրա պատճառն այն է, որ Թուրքիան ակտիվորեն միջամտում է ածխաջրածիններով հարուստ հարևան երկրների գործերին, ինչպես նաև սեփական տարածքով տարանցվող էներգակիրների սակագների թելադրողի դերում հանդես գալ: Եվ չնայած այդ ամենին` էներգետիկ ներկրումների կախվածության նվազեցումն ու սեփական տարածքով էներգակիրների տարանցման ավելացումը Թուրքիային հնարավորություններ կընձեռեն առավել մեծ ինքնուրույնություն դրսևորել արտաքին քաղաքական դաշտում:
1Երկրաջերմությունն ուսումնասիրում է Երկրի ընդերքի ջերմային վիճակը: Երկրի մակերես հասնող արևային էներգիան լիովին մարում է 10-20 մետր խորություններում (հաստատուն ջերմաստիճանի գոտի): Այդ գոտուց դեպի խորք դիտվում է ջերմաստիճանի անընդհատ մեծացում: Երկրի մակերևույթից 2000-3000 մետր խորության վրա շրջապտույտ կատարող ջրերը զգալիորեն տաքանում են և կարող են Երկրի մակերևույթ դուրս բերվել հորատանցքերով: Հրաբխային շրջաններում այդ ջրերն ունեն առավել բարձր ջերմաստիճան և երկրակեղևի ճաքերով բարձրանում են վեր` երբեմն անջատվելով գերտաքացած շոգու ձևով:
2Մակընթացային էլեկտրակայաններն (ՄԷԿ) օգտագործում են մակընթացության և տեղատվության ժամանակ ավազանի և ծովի միջև առաջացող ջրի մակարդակների անկումը:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՔՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ[05.06.2018]
- «ՁԻԹԵՆՈՒ ՃՅՈՒՂ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՌԱՀԱՐ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ[18.04.2018]
- ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՍՏԱՄԲՈՒԼԻ ՋՐԱՆՑՔԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՇՈՒՐՋ[26.03.2018]
- ԿԱՐՄԻՐ ԾՈՎՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ[21.03.2018]
- 21-ՐԴ ԴԱՐԸ՝ «ՔՐԴԱԿԱ՞Ն ԴԱՐ»[19.12.2017]
- ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ԿԱՐՍ ԵՐԿԱԹԳԾԻ ԲԱՑՄԱՆ ՇՈՒՐՋ[13.12.2017]
- «ՆՈՐ ԹՈՒՐՔԻԱ». ՊԱՏՄԱԿԱՆ ՋՐԲԱԺԱՆՆԵՐ[10.11.2017]
- ԿԱՏԱՐԻ ՇՈՒՐՋ ՃԳՆԱԺԱՄԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՆ[21.07.2017]
- «ԻՆՋԻՐԼԻՔԻ» ԹՆՋՈՒԿԸ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻՋԵՎ[27.06.2017]
- ԹՈՒՐՔԻԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՆՐԱՔՎԵԻՑ ՀԵՏՈ[11.05.2017]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ «ԵՓՐԱՏԻ ՎԱՀԱՆ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ[04.04.2017]