• am
  • ru
  • en
Версия для печати
26.11.2010

ԱՅՆՃԱՐ. ՄԵՐՕՐՅԱ ՄՈՒՍԱ ԼԵՌՆ ՈՒ ԱՐՑԱԽԻ ՀՆՕՐՅԱ ԲԵԿՈՐԸ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ

Руский

   

Դավիթ Բաբայան

Դավիթ Բաբայան՝ քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու

2010թ. օգոստոսի վերջին տասնօրյակում Այնճար գյուղում, որը միակ զուտ հայկական բնակչություն ունեցող բնակավայրն է Լիբանանում և ընդհանրապես Մերձավոր Արևելքում, տեղի ունեցան հանդիսավոր միջոցառումներ՝ նվիրված Մուսա լեռան ճակատամարտի 95 և գյուղի հիմնադրման 70-ամյակներին։ Բանն այն է, որ Այնճարում ապրում են մուսալեռցիների ժառանգները, որոնք Լիբանանի այս շրջանում հաստատվել են 1939թ.։ Անգամ գյուղի թաղամասերն անվանակոչված են պատմական Մուսա լեռան վեց գյուղերի անուններով։ Այնճարն անվանում են նաև Հուշ Մուսա։

Միջոցառումները կազմակերպվել էին բավական բարձր մակարդակով։ Դրանց մասնակցեցին Արցախի Հանրապետության կառավարական պատվիրակությունը՝ նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ I-ը, Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպանը, Մերձավոր Արևելքում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչը, Լիբանանում Ֆրանսիայի դեսպանը, մերձավորարևելյան, ԱՄՆ, Եվրոպայի հայկական սփյուռքի բազմաթիվ ներկայացուցիչներ։ Այդ միջոցառումներին ԼՂՀ պատվիրակության կազմում ներկա էր նաև հոդվածիս հեղինակը։ Արցախի նախագահն Այնճարում հանդես եկավ ողջույնի խոսքով1։ Կարդացվեց նաև Հայաստանի նախագահի ողջույնի խոսքը։

Այն, ինչ տեսանք Այնճարում, հիրավի տպավորիչ էր։ Այնճարը բարեկեցիկ գյուղ է, այստեղ մայր եկեղեցի կա, դպրոց, թանգարան, ակումբ և այլն։ Փողոցներն ասֆալտապատ են։ Լինելով Այնճարում՝ տպավորություն ես ստանում, որ հեռու չես պատմական հայրենիքից, այլ ուղիղ նրա սրտում ես։ Բոլոր այնճարցիներն, առանց բացառության, տիրապետում են մայրենի լեզվին, ընդ որում՝ արաբերեն խոսում են վառ արտահայտված շեշտադրությամբ։ Այլ ազգությունների ներկայացուցիչներն այստեղ մշտական հիմունքներով չեն ապրում։ Մարդիկ իրենց տներն օտարի չեն վաճառում, անշարժ գույքը վաճառում են միայն հայրենակիցներին։ Այնճարցիներն իրենք են ընտրում տեղական ինքնակառավարման մարմինները, և նրանք, ինչպես և Լիբանանի մյուս ազգային համայնքների ներկայացուցիչները, իրենց ինքնավար կյանքն ունեն։ Կարելի է ասել, որ այնճարցիները մուսալեռցիների արժանի ժառանգներն են և հավատարիմ մնալով նախնիների պատգամներին՝ պահպանում են իրենց ազգային ինքնությունը։ Միևնույն ժամանակ, այնճարցիները նվիրված են նաև Լիբանանին և զգալի ավանդ են ներդրել այդ երկրի անկախության և քաղաքացիական պատերազմին վերջ տալու համար մղված պայքարում։ Լիբանանի իշխանությունները նույնպես բարձր են գնահատել մեր ժողովրդի, մասնավորապես՝ այնճարցիների ավանդը Լիբանանի պետականության ամրապնդման գործում։

Բոլոր ներկաները, հատկապես պատմական Հայրենիքից եկածները, անթաքույց հպարտություն էին ապրում այստեղ՝ անմիջականորեն առնչվելով Մուսա լեռան կենդանի ոգուն։

Սակայն այն, ինչ Այնճարում իմացանք Մուսա լեռան անցյալի վերաբերյալ, տպավորիչ էր, իսկ Արցախի ներկայացուցիչների համար՝ հաճելիորեն զարմանալի։ Շատ այնճարցիներից իմացանք, որ մուսալեռցիները եկել են Ղարաբաղից, մասնավորապես՝ Արցախից և Զանգեզուրից։ Սկզբում չհավատացինք՝ կարծելով, թե ասվածը հաճոյախոսություն է՝ հիմնված այն առանձնահատուկ վերաբերմունքի վրա, որն ունեն սփյուռքահայերը Ղարաբաղի հանդեպ։ Սակայն աստիճանաբար ընդլայնելով շփման շրջանակը՝ հասկացանք, որ իրականում այդ ավանդությունը փոխանցվում է սերնդեսերունդ, և Այնճարում դա ամենևին էլ գաղտնիք չէ։ Ի դեպ, ավանդությունները պատմական գլխավոր աղբյուրներից են համարվում։ Հետաքրքիր է, որ Այնճարում բնակչության մեծամասնությունը գիտե պատմության և իր նախնիների ծագման նույնիսկ ամենաաննշան մանրամասները2։

Սույն հարցի վերաբերյալ հատկապես հանգամանալի նյութ է հավաքել Այնճարում հայտնի պատմաբան, հասարակական գործիչ Եսայի Հավատյանը, որը, մասնավորապես, զբաղվում է հարցի լեզվաբանական կողմով։ Ի դեպ, Մուսա լեռան բարբառն անհասկանալի է արևմտահայերին։ Այն անհասկանալի է նաև ղարաբաղցիներին, բայց երբ դրանով խոսում են, տպավորություն է ստեղծվում, թե լեզուն շատ ծանոթ է, թեև, ինչպես վերը նշվեց, այն դժվար է հասկանալ։ Սակայն երբ դիմում ես բառերի ստուգաբանությանը, պարզվում է, որ Մուսա լեռան բարբառում կան բազմաթիվ բառեր, որոնք կարելի է գտնել ղարաբաղյան բարբառում (նրա արցախյան և զանգեզուրյան խոսվածքներում)։ Այդ բառերից են, օրինակ, «ալիվոր», ղարաբաղյան հնչողությամբ՝ «հիլիվուր» (ծեր, տարեց մարդ), «լյավել», ղարաբաղյան հնչողությամբ՝ «լվյանալ» (լավանալ, դառնալ ավելի լավը), «քթիթ», ղարաբաղյան հնչողությամբ՝ «քթոթ» (բզբզալ)։ Մուսալեռցիները, ինչպես և ղարաբաղցիները, օգտագործում են «Աստուձ» ձևը, ի տարբերություն «Աստված» գրական ձևի։ Ցանկը կարելի է երկար շարունակել։

Մեծ հետաքրքրություն են ներկայացնում նաև ազգանունները և տոհմանունները։ Խոսելով այս կամ այն տոհմի կամ ընտանիքի մասին՝ օգտագործվում է «ընք» վերջածանցը՝ Հավատընք (Հավատյաններ), Լյակիսընք (Լյակիսյաններ) և այլն։ Արցախում և Զանգեզուրում «ընք»-ը դառնում է «անց» և «ունց»՝ Սերչանց, Ավագանց, Դերունց, Խաչունց, Բաղդունց։ Հայաստանի այլ շրջաններում օգտագործվում է ազգանունների տոհմական-ընտանեկան խմբի ավելի դասական վերջավորությունը՝ «յան»։

Վերն ասվածի համատեքստում առաջանում է, թերևս, ամենագլխավոր հարցը։ Եթե մուսալեռցիների նախնիները եկել են Արցախից, ապա մոտավորապես ե՞րբ և ինչպե՞ս կարող էր դա տեղի ունեցած լինել։ Գրեթե բոլոր մուսալեռցիները պնդում են, որ իրենց նախնիներն Արցախից այս տարածաշրջան են եկել Տիգրան Մեծի օրոք՝ մ.թ.ա. I դարում։ Այս վարկածը հիմնավորում ունի։ Բանն այն է, որ արցախցի ռազմիկները, հատկապես նրանց հեծելազորը Արքայից արքայի դրանիկ գնդում էին, նույնիսկ Տիգրան Մեծի անձնական թիկնազորում Մեծ Հայքի այդ նահանգից շատ զինվորներ կային։ Միանգամայն հնարավոր է, որ Մերձավոր Արևելքի մերձմիջերկրածովյան շրջանների նվաճումից հետո արցախցի ռազմիկների և, արդի լեզվով ասած՝ քաղաքացիական բնակչության որոշ մասը մշտական բնակություն հաստատած լինի այստեղ՝ ստեղծելով բնակավայրեր։ Տիգրան Մեծի օրոք, ինչպես հայտնի է, տեղի են ունեցել բնաչության բավական զանգվածային տեղաշարժեր Հայաստանից դեպի նվաճված երկրներ և հակառակը։ Միևնույն ժամանակ, իրենց մարտական ոգով հայտնի արցախցիներով ռազմավարական այնպիսի կարևոր շրջաններ բնակեցնելը, ինչպիսին Կիլիկան է, բխում էր նաև հայոց պետականության շահերից, և Տիգրան Մեծն, իհարկե, սա ևս հաշվի էր առել։

Սակայն, ամենայն հավանականությամբ, Արցախից դեպի Միջերկրածով մի քանի տեղաշարժ է եղել։ Այս են վկայում նաև մի շարք տերմիններ և էթնոնիմներ, որոնք օգտագործում են մուսալեռցիներն իրենց բարբառում։ Օրինակ, ալևիներին՝ իսլամի շիա հոսանքի ուղղություններից մեկի հետևորդներին, մուսալեռցիներն անվանում են թաթեր։ Այնինչ «թաթ» էթնոնիմն ի հայտ է եկել Տիգրան Մեծի ժամանակներից մի քանի հարյուրամյակ հետո։ Թաթերը, ինչպես հայտնի է, ամենամեծաթիվ իրանալեզու ժողովուրդն են, որ ապրում են Արևելյան Անդրկովկասում։ Ներկա փուլում, Ադրբեջանի խտրական քաղաքականության հետևանքով, նրանք բոլորը գրանցված են որպես ադրբեջանցիներ, բայց այնուամենայնիվ, նրանց մի մասը դեռ պահպանել է իր ինքնությունը։ Ըստ էության, թաթերն Իրանից Անդրկովկաս տեղափոխված պարսիկների նախնիներն են։ Ներկայիս թաթերի նախնիների՝ Անդրկովկասում հայտնվեու առավել հավանական ժամանակաշրջանը Սասանյանների տիրապետության շրջանն է (մ.թ. III—VIIդդ.), որոնք իրենց տիրույթների ամրապնդման համար այստեղ կառուցում էին քաղաքներ, հիմնում զինվորական կայազորներ3։ Սակայն այն ժամանակ «թաթ» էթնոնիմը անդրկովկասյան պարսիկների նկատմամբ չէր կիրառվում։ Այն սկսել է օգտագործվել XI դարում՝ ժամանակի առումով համընկնելով Կենտրոնական Ասիայից Անդրկովկասի և Իրանի տարածքներ թյուրքական ցեղերի ներխուժման հետ։ ХХ դարի առաջին կեսին Ատրպատականում թաթ էին անվանում հին իրանական ազգություններին, որոնք ապրում էին Արդեբիլի կողմում, Թալիշական լեռներում, իսկ Արևելյան Անդրկովկասում, Շեմախի շրջանում թաթ անվանում էին նաև նստակյաց, բայց լեռներում ապրող թյուրքերին, իսկ Ղարաբաղում ընդհուպ մինչև ХХ դարասկիզբ թաթ անվանում էին պարսկահպատակներին՝ անկախ լեզվից, և նույնիսկ Քռից հարավ ընկած տարածքներում ապրող բոլոր բնակիչներին, որոնք, սակայն, բացառապես նստակյաց էին4։ Հայաստանի այլ շրջաններում «թաթերի» ծագումնաբանությունն այնքան էլ հայտնի չէր։

Ինչ վերաբերում է ալևիներին, ապա դրա հետևորդներն Առաջավոր Ասիայում սերտորեն կապված էին Պարսկաստանի հետ, և երկար ժամանակ նրանցով բնակեցված վայրերը մտել են վերջինի կազմի մեջ։ Սակայն 1555թ. Օսմանյան և Սեֆյան կայսրությունների միջև Ամասիայի պայմանագրի ստորագրումից հետո Առաջավոր Ասիայի այն տարածքները, որոնցում շիա մահմեդականներն էին ապրում, հայտնվեցին օսմանցիների վերահսկողության տակ։ Այսպիսով, ալևիներին թաթ կարող էին անվանել միայն այն հայերը, որոնք անմիջապես առնչակցվում էին նրանց հետ, և այդ էթնոնիմը, սերնդեսերունդ փոխանցվելով, առայսօր շրջանառվում է մուսալեռցիների մեջ։ Ինչպես վերն ասացինք, թաթերի հետ՝ որպես ժողովուրդ և իսլամի շիա ճյուղի ներկայացուցիչ, առնչվում էին առաջին հերթին Արցախը, Զանգեզուրը և Ուտիքը։ Հենց այդ վերաբնակների սերունդներն են շրջանառության մեջ մտցրել «թաթ» տերմինը Միջերկրածովի հեռավոր փոքրասիական շրջաններում։

Ստացվում է, որ միգրացիայի ալիքը, որն իր հետ բերել է այս էթնոնիմը, պետք է վերագրվի ոչ վաղ, քան XI-XII դդ.։ Այս շրջանում իսկապես կարող էր տեղաշարժ տեղի ունեցած լինել Արցախից և Զանգեզուրից դեպի Միջերկրածով։ Հենց այս ժամանակ է, որ փրկվելով սելջուկների հետապնդումներից՝ Արցախից Կիլիկիա է անցել Առանշահիկների արքայական տոհմի ներկայացուցիչ Օշինը, որը դարձավ Հեթումյանների՝ Կիլիկյան Հայաստանի երկրորդ արքայատոհմի հիմնադիրը, որը թագավորել է 1226-1342թթ.5։ Ինքը՝ Օշինը, ծնունդով Մայրյաց Ջուրք քաղաքից էր, որը գտնվում էր Հյուսիսային Արցախում։ Նկատի ունենալով ֆեոդալական դարաշրջանի առանձնահատկությունը, որում ապրում էր Օշինը, նա հազիվ թե Արցախից մենակ է Կիլիկիա անցել։ Ինչպես նաև նկատի ունենալով նրա նշանավոր ծագումն ու կարգավիճակը՝ նրա հետ, բնականաբար, մեկնել են նաև նրա հպատակները։ Ինչպես հայտնի է, Կիլիկիայում Օշինին են հանձնվել Լամբրոն ամրոցը և նրա շրջակայքը, որոնք դարձել են Հեթումյանների ժառանգական կալվածքները։ Այսպիսով, կարելի է ենթադրել, որ Լամբրոնը և համանուն տարածքը դարձել են Ղարաբաղից եկածների երկրորդ ալիքի բնակատեղին։

Բայց աշխարհագրական առումով Լամբրոնը հեռու է Մուսա լեռից։ Ուրեմն, ինչպե՞ս է ստացվել, որ այստեղ հաստատված արցախցիների հետնորդները հայտնվել են այստեղ։ Ամենայն հավանականությամբ, նրանք ավելի ուշ են տեղափոխվել Մուսա լեռ։ Բանն այն է, որ հենց մուսալեռցիների հավաստիացմամբ և պատմական աղբյուրների տվյալներին համապատասխան՝ հայերըՄուսա լեռ են տեղափոխվել Կիլիկիայի այլ շրջաններից, իսկ որոշ ընտանիքներ՝ նույնիսկ պատմական Հայաստանի մի շարք շրջաններից։ Այս վերաբնակեցման առավել հավանական ժամանակաշրջան կարելի է համարել XVII դարը։ Այդ մասին են վկայում նաև ճարտարապետական հուշարձանները։ Այսպես, թեև Մուսա լեռան շրջանում կան շատ հին եկեղեցիներ, բայց ամենահին հայկական եկեղեցին Սբ. Աստվածածին եկեղեցին է Եոհուն Օլուք գյուղում, որը թվագրվում է 1634թ.6։ Այսպիսով, այս կամ այն պատճառներով Կիլիկիայի հայերի խումբը XVII դարի սկզբին վերաբնակվեց Մուսա լեռան շրջանում, և նրանց մեջ կային արցախցիներ ու զանգեզուրցիներ։

Սակայն սրանով միգրացիան Արցախից և Զանգեզուրից, ամենայն հավանականությամբ, չսահմանափակվեց։ Պատմական աղբյուրների և իրենց՝ մուսալեռցիների տվյալներով՝ XVIII դարակեսին Մուսա լեռան գյուղերից մեկը՝ Կեպուսիե է գալիս մի քանի տասնյակ ընտանիք Պարսկաստանից7։ Շատ հնարավոր է, որ այդ վերաբնակների մեջ կային նաև արցախցիներ և զանգեզուրցիներ, մանավանդ որ այդ ժամանակ Պարսկական տերությունը խորասուզված էր պառակտչական պատերազմների քաոսում, որոնցում, ի դեպ, ակտիվորեն մասնակցում էր և Ղարաբաղը8։ Արցախի և Զանգեզուրի մասնակցությունն այն աստիճան էր զգալի, որ, օրինակ, Պարսկաստան ներխուժած ուզբեկների դեմ պայքարում, որոնց առաջնորդում էր Ազիզ խանը, իրանական հակաուզբեկական ուժերի կոալիցիայում ռազմիկների մոտ 17%-ը ղարաբաղցիներ էին9։ Ազիզ խանը հասավ մինչև Թավրիզ, այսինքն՝ համարյա Ղարաբաղի սահմանին։ Այս իրավիճակում, իհարկե, մեծ էր հավանականությունը, որ բնակչության որոշ խմբեր, հատկապես նրանք, որոնց անմիջական վտանգ էր սպառնում, դուրս գային իրենց բնակության վայրերից։ Հետաքրքիր է, բայց Մուսա լեռան գյուղերում տարածված էր «քեխիա» տերմինը՝ գյուղապետի վերաբերյալ10։ Այդ տերմինը միայն XX դարասկզբին է փոխարինվում «մուխթար» տերմինով, որը տարածված էր Օսմանյան կայսրությունում։ Այնինչ Ղարաբաղում գյուղապետին ասում էին «քյոխվա»։ Նույնիսկ շիրմաքարերով կարելի է ճանաչել քյոխվայի գերեզմանը, այդ շիրմաքարերին, բացի համապատասխան հիշատակագրից, փորագրված է նաև հեծյալը ձիու վրա։ Նման շիրմաքարեր շատ կան ողջ Ղարաբաղում, մասնավորապես՝ ԼՂՀ Ասկերանի շրջանի Շոշ գյուղում։ Այս հանգամանքը նույնպես ցույց է տալիս այն բանի հավանականությունը, որ Պարսկաստանից տեղափոխվածների մեջ եղել են նաև արցախցիներ ու զանգեզուրցիներ։

Իհարկե, չի բացառվում, որ վերաբնակեցումների ալիքները շատ են եղել, բայց առավել զանգվածայինները կարելի է համարել վերոնշյալ ժամանակաշրջանները։ Միանգամայն հնարավոր է նաև այն, որ յուրաքանչյուր նոր ալիքի ներգաղթյալները բնակություն են հաստատել նախկին բնակիչներին մոտ տարածքներում։

Այստեղ հատուկ հետաքրքրություն է ներկայացնում նաև այն, թե ինչպես են մուսալեռցիներն այդքան երկար ժամանակ կարողացել պահպանել հիշողությունն արցախյան արմատների մասին։ Դրան նպաստել են պատմահոգեբանական բնույթի մի շարք հիմնավորումներ։ Վերաբնակների առաջին ալիքի համար նման հիմնավորում կարող էին լինել Տիգրան Մեծի դարաշրջանի մաս կազմելու գիտակցությունն ու դրա համար ունեցած հպարտությունը։ Ավանդություններն այն մասին, որ վերաբնակների առաջին ալիքն այստեղ է հայտնվել Արքայից արքայի կամքով, պատմական հիշողության և այն հաջորդ սերունդներին փոխանցելու հզոր խթան էին, հատկապես հայոց պետականության աստիճանական թուլացման ֆոնին։ Երկրորդ ալիքի համար նման խթան կարող էր լինել Հեթումյանների արքայատոհմին, հետևաբար՝ նրանց պատմական հայրենիքին մաս կազմելը՝ թեկուզև որպես հպատակներ։ Ինչ վերաբերում է վերաբնակների երրորդ ալիքին, ապա այստեղ հանգուցային դեր կարող էր խաղալ ժամանակի գործոնը։ Չէ՞ որ 150-200 տարվա ընթացքում պատմական հիշողությունը, հատկապես ավանդական հանրույթներում, այդքան արագ չի ջնջվում։ Այն կարող է փոխվել, ամեն տեսակ լեգենդների առիթ տալ, բայց հիմնարար սկզբունքները, այնուամենայնիվ, այս կամ այն չափով անփոփոխ են մնում։ Ավանդությունների պահպանմանը, հավանաբար, նպաստում էին նաև վերաբնակների նոր հոսքերը։

Թեման բավական հետաքրքիր է, և նկատի առնելով այն, որ վերը բերված վերլուծությունը, թերևս, մուսալեռցիների արցախյան արմատների մասին մի շարք ենթադրությունների ընդհանրացման առաջին փորձն է, նպատակահարմար է թվում շարունակել հետազոտությունը։ Միանգամայն հնարավոր է, որ գտնվեն Հայաստանի պատմության բավական հետաքրքիր, բայց մինչ այժմ անհայտ փաստեր։

1Ողջույնի ամբողջական տեքստին հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով կարելի է ծանոթանալ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնական կայքում՝ http://www.president.nkr.am/am/speeches/speeches/1028/,
http://www.president.nkr.am/ru/speeches/speeches/1028/,
http://www.president.nkr.am/en/speeches/speeches/1028/.

2Տե՛ս, օրինակ, Շերպեճեան Ս., Պատմութիւն Սուետահայերու, Պեյրութ, 2010, էջ 18:

3Մանրամասն տե՛ս, օրինակ, История Ширвана и Дербенда X-XI веков, Издательство восточной литературы, Москва, 1963.

4Миллер Б., Таты, их расселение и говоры (материалы и вопросы), Известия Общества Обследования и Изучения Азербайджана, №8, выпуск VII, Баку, 1929, с. 30-32

5Հեթումյանների արքայատոհմի մասին տե՛ս, մասնավորապես, Չամչեան Մ., Պատմութիւն հայոց, հատոր Գ., Վենետիկ, 1788, էջ 995; Ալիշան, Նետողք ի Հայս. Յուշիկք Հայրենեաց հայոց, Վենետիկ, հատոր Բ., 1870, էջ 431; Ալիշան, Սիսուան, Վենետիկ, հատոր Բ, 1885, էջ 46; Տեր-Ղազարյան Հ., Հայկական Կիլիկիա, Անթիլիաս, 1966; Ուլուբաբյան Բ, Խաչենի իշխանությունը X-XVI դարերում, Երևան, 1975, էջ 96-97; Микаелян Г., История Киликийского армянского государства, Ереван, 1952; Сукиасян Г., История армянского государства и права, Ереван, 1969, с. 21.

6Տե՛ս Տեր-Ղազարյան Հ., Հայկական Կիլիկիա, նշվ. աշխ., էջ 66։

7Շերպեճեան Ս., Պատմութիւն Սուետահայերու, նշվ. աշխ., էջ 14։

8Մանրամասն տե՛ս, մասնավորապես, Бабаян Д., Политическая история Карабахского ханства в контексте арцахской дипломатии XVIII века, Ереван, 2007, с. 50-55.

9Ахмед Бек Джеваншир, О политическом существовании Карабахского ханства с 1747 по 1805 годы, Шуши, 1901, с. 14.

10Շերպեճեան Ս., Պատմութիւն Սուետահայերու, նշվ. աշխ., էջ 32։

«Գլոբուս Ազգային անվտանգություն», թիվ 6

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր