• am
  • ru
  • en
Версия для печати
15.10.2007

ԹՈՒՐՔԻԱ. ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

Руский

   

Սարգիս Հարությունյան

image_1 (medium) Ս.թ. հոկտեմբերի 3-ին մեջտեղ եկան միանգամից երկու շատ կարևոր տեղեկություններ, որոնք թեև առնչվում են տարբեր ոլորտների, սակայն իրենց բնույթով բավական տպավորիչ են, որպեսզի լրջորեն չդիտարկվեն թուրքական արտաքին քաղաքականությանն առնչվող տեղաշարժերի համատեքստում.

  • այդ օրը թուրքական ազդեցիկ «Զաման» թերթը գրեց, թե սեղանին է դրված Ռուսաստանի կողմից Թուրքիային հակաօդային պաշտպանության «С-400» համալիրների վաճառքի հարցը1,
  • մի փոքր ավելի ուշ հայտնի դարձավ, որ Անկարայում որոշում է կայացվել $3.5 մլրդ-ի ներդրում կատարել իրանական խոշորագույն՝ «Հարավային Փարս» գազահանքում։

Եթե թուրք-իրանական գազային համագործակցության առումով առանձնանում է այն հանգամանքը, որ ամերիկա-իրանական լարված հարաբերությունների ֆոնին2 Անկարան ու Թեհրանը պայմանավորվածություն են ձեռք բերում ռազմավարական մակարդակ ունեցող հարցի շուրջ, և այդ համատեքստում ուշադրություն է գրավում այն փաստը, որ գազային համատեղ նախագծի իրականացման համար թուրքական կողմը հատկացնում է հենց պետական միջոցներ3, ապա պակաս կարևոր չպետք է դիտարկել ռազմական ոլորտում ռուս-թուրքական համագործակցության հեռանկարը։ Թուրքիային ռուսական «С-400» համալիրների վաճառքը ոչ այնքան կնշանակի, թե Մոսկվան կարողացավ լուրջ հաջողության հասնել մինչև վերջերս իր համար փակ թուրքական շուկայում4, այլ նման գործարքի կայացումը առաջին հերթին պետք է ընկալել որպես ցուցիչ, թե Վաշինգտոնի հակասությունները շարունակվում են ոչ միայն Էրդողանի կառավարության, այլև թուրքական զինվորական վերնախավի հետ։

Երկրորդ կարևոր դիտարկումն այն է, որ վերոհիշյալ երկու տեղեկությունների բնույթն ինքնին բավարար հիմք է ենթադրելու, որ թուրքական արտաքին քաղաքականության մեջ տեղի ունեցող կամ սպասվող փոփոխությունները դժվար թե լինեն մակերեսային ու կարճաժամկետ։ Եվ այդ իմաստով, չնայած փոփոխություններն առաջին հերթին վերաբերում են Արևմուտքի հետ Անկարայի հարաբերություններին, սակայն, իրականում, կարող են ունենալ ավելի լայն բովանդակություն։

Հարաբերությունները ԱՄՆ-ի հետ

Իրաքյան պատերազմի մեկնարկից չորս տարի անց նպատակ ունենալով խոչընդոտել Մերձավոր Արևելքում իրանական ազդեցության աճին և Թեհրանի դեմ ուղղված կոալիցիոն երկրների շղթա ստեղծել՝ Վաշինգտոնը տարածաշրջանում սկսեց ռազմաքաղաքական բնույթի նախաձեռնությունների մի ամբողջ շարք:

Հուլիսի 28-ին և 29-ին պարզ դարձավ, որ առաջիկա 10 տարիներին ԱՄՆ-ը Իսրայելին ու Եգիպտոսին տրամադրելու է, համապատասխանաբար, $30 մլրդ-ի ու $13 մլրդ-ի ռազմատեխնիկական օգնություններ։ Բացի այդ, Սաուդյան Արաբիայի և Պարսից ծոցի արաբական միապետությունների` Քուվեյթ, Բահրեյն, Կատար, Արաբական Միացյալ Էմիրություններ, Օման, հետ նույն ժամանակահատվածի կտրվածքով կնքելու է $20 մլրդ-ի ռազմատեխնիկական մատակարարումներ իրականացնելու մասին պայմանագրեր։

Քաղաքական մասով շեշտը հիմնականում դրվում է երկու նախագծերի իրականացման վրա, որոնք նույնպես ուղղված են տարածաշրջանում Իրանի ազդեցության կրճատմանը.

  • խնդիր է հետապնդվում սկզբունքային պայմանավորվածության հասնել իսրայելա-պաղեստինյան բանակցություններում, ինչը հնարավորություն կտա արդեն այս նոյեմբերին Վաշինգտոնում հարցի առնչությամբ կայանալիք միջազգային համաժողովում համաձայնության գալ պաղեստինյան պետության ստեղծման ու արաբական երկրների կողմից Իսրայելը ճանաչելու հարցերում,
  • պակաս կարևոր չի համարվում Լիբանանում արևմտամետ վարչակազմի ամրապնդումը, ինչն ԱՄՆ պատկերացմամբ կարող է միայն նպաստել Սիրիայում իրանական ազդեցության սահմանափակմանը:

Թուրքիայի մասով այս ամենի մեջ առանձնանում է այն կարևոր փաստը, որ այդ երկիրը դուրս մնաց թե՛ մերձավորարևելյան երկրներին մատակարարվող ամերիկյան $63 մլրդ-ոց ռազմական փաթեթից և թե՛ ԱՄՆ-ի կողմից ներգրավված չէ իսրայելա-պաղեստինյան ու լիբանանյան հարցերի շուրջ ընթացող գործընթացներում, ինչն, օրինակ, առկա է սաուդյան ու եգիպտական դիվանագիտությունների պարագայում:

Քանի որ թուրքական քաղաքականությունը ներգրավված չէ, հետևաբար՝ քիչ հավանական է, որ Անկարայի շահերը հաշվի առնվեն ԱՄՆ մերձավորարևելյան նոր՝ համալիր ու ենթադրաբար՝ միջնաժամկետ բնույթ ունեցող նախաձեռնությունում։

Կարևոր մյուս ցուցիչը քրդական գործերում ի հայտ եկող նոր իրողություններն են։ Հոկտեմբերի 2-ին Էրբիլում նստող Քուրդիստանի տարածաշրջանային կառավարությունը (ՔՏԿ) հայտարարեց, թե իր ենթակայության ներքո գտնվող շրջաններում5 առկա նավթա-գազային պաշարների յուրացման նպատակով պայմանագրեր է կնքելու օտարերկրյա ընկերությունների հետ։ Թեև Իրաքի նավթի նախարարությունը շտապեց հայտարարել, թե նման պայմանագրերն օրինական ուժ չեն ունենա6, սակայն փաստն այն, որ արդեն այսօր ոչ միայն հստակեցված են օտարերկրյա այն ընկերությունները, որոնց հետ պետք է կնքվեն պայմանագրերը7 (այլապես ՔՏԿ-ն հանդես չէր գա նման հայտարարությամբ), այլև Իրաքի քրդական վերնախավը բավական լուրջ քայլ է կատարել անկախություն տանող ճանապարհին։ Հյուսիսիրաքյան նավթի եկամուտները կարող են որակական նոր հարթություն տեղափոխել քրդական պետության ստեղծման ընթացքը։

Բայց գլխավոր հետևությունը դա էլ չէ։ Իրաքում քրդերի ցանկացած հզորացման վերաբերյալ Թուրքիայի հայտնի դիրքորոշման ֆոնին ՔՏԿ նման քայլը վկայում է, որ Էրբիլում ունեն Վաշինգտոնի ոչ միայն հավանությունը, այլև հաշվի առնելով հարցի արժեքը՝ նաև որոշ երաշխիքներ (հասկանալի է, որ այդ պարագայում քրդերին կարող է երաշխիքներ տալ միայն ԱՄՆ-ը)։ Թեև ՔՏԿ կողմից նման որոշման կայացումը չպետք է դիտարկել միայն ԱՄՆ-քրդեր-Թուրքիա եռանկյունու համատեքստում, սակայն պարզ է, որ ՔՏԿ կողմից այդպիսի որոշման կայացումը, իրականում, Վաշինգտոնի կողմից Անկարայի նկատմամբ կիրառված նոր ճնշում է։ Պետք է նաև այդ իմաստով դիտարկել ԱՄՆ Սենատի սեպտեմբերի 26-ի բանաձևը՝ Իրաքը դաշնային երեք շրջանների (քրդական, սուննիական և շիական) բաժանելու վերաբերյալ։

Պատահական չէ, որ Անկարայում հարկ համարեցին հրապարակային մեղադրանքների դաշտ տեղափոխել Թուրքիայում գործող քրդական զինյալների կողմից ամերիկյան արտադրության զենքերի կիրառման փաստը8, իսկ հոկտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ հրաժարական է ներկայացրել Քրդական բանվորական կուսակցության զինյալների դեմ պայքարի համակարգման գծով Անկարայում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ, պահեստի գեներալ Ջոզեֆ Ռալստոնը9։

Եվ վերջապես, ամերիկա-թուրքական շարունակվող հակասությունների ներքո է ընկնում ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձևի ընդունման հարցը։ Թեև հոկտեմբերի սկզբին Վաշինգտոնում հարկ համարեցին անգամ լրատվական արտահոսք կազմակերպել բանաձևի ընդունման վերջնաժամկետի վերաբերյալ (ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի մեծամասնության ղեկավար Սթենի Հոյերը հայտարարեց, թե 106-րդ բանաձևը կընդունվի մինչև ԱՄՆ-ում նշվող «Երախտագիտության օրը»՝ նոյեմբերի 25-ը), սակայն գլխավորը չպետք է լինի բանաձևի ընդունման հավանականության վրա կենտրոնա-նալը։

Փաստն այն է, որ 2007 թվականը, ըստ երևույթին, բեկումնային եղավ արևմտյան տեղեկատվական քաղաքականության մեջ Հայոց ցեղասպանության հարցի ներկայացման առումով։ Եվ այդ իմաստով ամենևին էլ պատահական չէր, որ ներկայումս քննարկվող 106-րդ բանաձևը կոնգրեսական Ադամ Շիֆը ներկայացրեց ս.թ. հունվարի 19-ին Ստամբուլում տեղի ունեցած «Ակոս» թերթ գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունից հետո՝ հունվարի 30-ին։ Այսինքն, եթե անգամ Սթենի Հոյերը սխալվի, միևնույն է, այսօր գործընթացը տանում է ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչմանը10։ Իսկ թուրք-ամերիկյան հարաբերությունների տեսանկյունից կարևոն այն է, որ Վաշինգտոնում ամեն կերպ ձգտում են դա ցույց տալ Անկարային։

Հարաբերություններն Իսրայելի հետ

Իսրայելա-թուրքական հարաբերությունները երբեք չեն վերաբերել սոսկ երկու երկրներին։ Ռազմաքաղաքական դաշինքը Իսրայելի ու Թուրքիայի միջև 20-րդ դարի երկրորդ կեսին հանդիսացել ու Արևմուտքի կողմից դիտարկվել է որպես մերձավորարևելյան փոխդասավորվածության առանցքային տարրերից մեկը։ Հետևաբար, Թել Ավիվի ու Անկարայի հարաբերություններում հրապարակային հակասությունների ի հայտ գալն ու դրանց շարունակվելը մի քանի տարի չեն կարող լինել իրավիճակային և չառնչվել այդ երկրների առաջնային շահերին ու արդյունքում՝ դժվար թե արագորեն մեջտեղից դուրս գան։

Այդ իմաստով թուրք-իսրայելական հարաբերությունները թեև իրենց նշանակությամբ զիջում են ԱՄՆ-ի հետ Անկարայի ունեցած հարաբերություններին, սակայն միանշանակ կարող են հանդես գալ որպես թուրքական քաղաքականությանն առնչվող ցուցիչ։

Հայտնի է, որ ս.թ. սեպտեմբերի 6-ին իսրայելական օդուժը հետախուզական չվերթ իրականացրեց Սիրիայի հյուսիսարևելյան հատվածում11՝ ամերիկյան աղբյուրների մատուցմամբ նաև ռմբահարելով սիրիական ռազմական օբյեկտներից մեկը12։

Թեև միջադեպն ինքնին այդքանով ավարտվեց, սակայն ուշադրություն գրավեց դրան հետևած զարգացումներում Անկարայի դիրքորոշումը։

Նախ, սեպտեմբերի 8-ին թուրքական կողմը հարկ համարեց գաղտնազերծել Սիրիային սահմանակից թուրքական Գազինթեփե ու Հաթայ նահանգներում իսրայելական օդուժի «F-15» ինքնաթիռների նետած վառելիքի լրացուցիչ բաքերի հայտնաբերման փաստը։ Այնուհետև, Թուրքիայի արտգործնախարարությունը բացատրություն պահանջեց Անկարայում իսրայելական դեսպանից՝ հայտնաբերվածի կապակցությամբ։

Երկու օր անց՝ սեպտեմբերի 10-ին, Թուրքիան արտգործնախարար Ալի Բաբաջանի մակարդակով հրապարակավ մեղադրեց Իսրայելին նշված գործողության ժամանակ թուրքական օդային տարածքը խախտելու մեջ։ Իսկ հաջորդ երեք օրերին ի հայտ եկան լրատվական երկու ուշագրավ արտահոսքեր։

Սեպտեմբերի 11-ին քուվեյթյան «Ալ-Վաթան» պարբերականը գրեց, թե Անկարան քննարկում է Իսրայելի հետ ռազմական համատեղ զորավարժությունները չեղյալ հայտարարելու հարցը։

Սեպտեմբերի 13-ին նույն երկրում լույս տեսնող «Ալ-Ջարիդա» թերթի հրապարակման համաձայն, գործողության նախօրեին թուրքական բանակը ոչ միայն Իսրայելին ապահովել է հետախուզական անհրաժեշտ տեղեկությամբ, այլև թույլատրել է օգտագործել Թուրքիայի օդային տարածքը։ Ընդ որում, «Ալ-Ջարիդայի» ներկայացմամբ, վարչապետ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական ռազմական հետախուզությունը չի համակարգել իր գործողությունները կառավարության հետ, այսինքն՝ գործել է ինքնուրույնաբար։

Թեև հնարավոր է, որ քուվեյթյան պարբերականների մատուցած տեղեկությունները համապատասխանում են իրականությանն ու այդ առումով նախ և առաջ առնչվում են Էրդողանի կառավարություն-թուրքական բանակ հակասություններին, սակայն փաստն այն է, որ նման կարևոր ու միջազգային հնչեղություն ստացած միջադեպի կապակցությամբ պաշտոնական Անկարան որոշում կայացրեց հրապարակային մեղադրանքների դաշտ տեղափոխել Իսրայելի հետ հարաբերությունները։

Այդ համատեքստում բավական ինտրիգային է ներկայանում դեպքի կապակցությամբ սեպտեմբերի 10-ին Անկարա Սիրիայի արտգործնախարարի այցելության փաստը։ Քիչ հավանական է, որ Դամասկոսում որոշեին Վալիդ ալ-Մուալեմին ուղարկել Թուրքիա՝ Անկարայի նկատմամբ ճնշում բանեցնելու նպատակով։ Սիրիան չունի այդ հնարավորությունը։ Ավելի հավանական է դիտվում այն տարբերակը, որ արտգործնախարարի մակարդակով տեղի ունեցած այցելությունը կարող է վկայել, թե անվտանգության գծով Անկարայի ու Դամասկոսի միջև առկա է որոշակի պայմանավորվածություն՝

  • ինչը տրամաբանական է թվում 1999թ. Սիրիայում Աբդուլա Օջալանին ապաստանից զրկելուց հետո նկատվող թուրք-սիրիական ջերմացման ֆոնին,
  • 2003թ. իրաքյան պատերազմի մեկնարկից հետո Մերձավոր Արևելքում առաջացած նոր իրավիճակի համատեքստում,
  • և ինչը չի կարող չխոսել իսրայելա-թուրքական հակասությունների մասին։

Իսրայելա-թուրքական հակասությունենրը ներկայացնող դրվագներից է նաև Հայոց ցեղասպանության նկատմամբ Թել Ավիվի ու հատկապես ԱՄՆ հրեական լոբբիի դիրքորոշման մեջ տեղի ունեցող փոփոխությունը։

Չնայած պաշտոնական Թել Ավիվը շարունակում է չճանաչել Հայոց ցեղասպանության փաստը, իսկ ԱՄՆ հրեական լոբբին իր գերակշիռ մասով շարունակում է Կոնգրեսում սատարել Անկարային13, սակայն ինչպես Վաշինգտոնի պարագայում, այստեղ նույնպես առկա է հօգուտ ճանաչման ընթացող գործընթաց, ինչը հատկապես ակնհայտ դրսևորումներ ստացավ վերջին երկու տարիներին14։

Բայց եթե ԱՄՆ պարագայում նաև նպատակ է հետապնդվում լուծել ամերիկյան քաղաքականության համար կարևոր տարածաշրջանային ինչ-ինչ հարցեր (օրինակ՝ հայ-թուրքական սահմանի վերաբացման հարցը), ապա Իսրայելի դեպքում հարցի բարձրացումը կարող է ունենալ միայն մի նպատակ՝ ճնշում բանեցնել Անկարայի նկատմամբ։

Տեղաշարժ ԵՄ-ի հետ հարաբերություններում

Թուրքական քաղաքականությանն առնչվող զարգացումների հաջորդ կարևոր ցուցիչը Եվրամիության հետ Անկարայի հարաբերություններն են։

Չնայած ռազմաքաղաքական առումով Վաշինգտոնի հետ կապերն ունեցել են կարևոր բնույթ, սակայն Անկարայում հենց եվրոպական ուղղությունն է ավելի հիմնարար դիտարկվել՝ ելնելով արտաքին ռազմավարական ընտրության հարցից։

Ս.թ. օգոստոսի 27-ին հանդես գալով արտաքին քաղաքական իր առաջին ծրագրային ելույթով՝ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Թուրքիայի առնչությամբ կատարեց բավական լուրջ հայտարարություն։ Ելիսեյան պալատի ղեկավարը ոչ միայն ուղղակի դեմ դուրս եկավ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցում, այլև Անկարայի վերաբերյալ առաջարկեց փոխգործակցության նոր ձևաչափ՝ «Միջերկրածովյան միություն», որը պետք է ստեղծվի արդեն 2008թ.։

Միգուցե «Միջերկրածովյան միության» գաղափարը ներկայումս ավելի շատ հանդես է գալիս զուտ ֆրանսիական շահերի տեսանկյունից և քիչ ընդհանրություններ ունի ողջ ԵՄ քաղաքականության հետ, բայց հաշվի առնելով Սարկոզիի ընտրվելուց հետո հատկապես եվրոպական ուղղությամբ նկատվող ֆրանսիական քաղաքականության ակտիվացումը՝ պետք է հավանական համարել, որ նման՝ հայեցակարգային բնույթի նախագծի առաջքաշումը չի կարող սահմանափակվել միայն Ֆրանսիայի քաղաքականության ձևաչափով։

Թուրքիայի մասով սկզբունքային նորությունն, անշուշտ, այն չէ, որ պաշտոնական Փարիզը հրապարակայնորեն մերժեց ԵՄ-ին Անկարայի անդամակցության հավանականությունը, այլ այն, որ անելով այդ քայլը՝ Սարկոզին առաջարկեց ուրիշ լուծում։ Նախկինում նման՝ այլ ճանապարհի բացակայությունը Անկարայում հիմնավորված որոշակի հույսեր էր թողնում երբևէ ԵՄ-ին անդամակցելու առումով։ Պաշտոնական Փարիզի «Միջերկրածովյան միությունը» նշանակում է, որ Անկարայում պետք է մոռանան այդ հույսերի մասին։

Եթե այս մոտեցումը ճիշտ է, ապա այն էական ազդեցություն կունենա Թուրքիայի արտաքին ու ներքին քաղաքականությունների վրա, և առաջիկայում մենք լուրջ տեղաշարժեր կնկատենք ԵՄ-Թուրքիա հարաբերություններում։

Հետևություններ

Թեև սխալ է ասել, որ վերջին տարիներին Արևմուտքի հետ ի հայտ եկած հակասությունների արդյունքում արևմտյան ուղղության վերաբերյալ Անկարայում կայացվել է ռազմավարական որոշում, սակայն փաստն այն է, որ այդ հակասություններն այլևս չեն կրում իրավիճակային բնույթ և իրենց ազդեցությունն են թողնում թուրքական քաղաքականության վրա։

Այդ իմաստով թուրքական արտաքին քաղաքականության մեջ վերջին շրջանում ի հայտ եկած նոր նախաձեռնությունները (հարաբերությունների ջերմացումը արաբական ու ընդհանրապես իսլամական աշխարհի, ինչպես նաև Ռուսաստանի հետ), անշուշտ, օրինաչափ են, սակայն այդ մասով հիմնական հետևությունը պետք է այն լինի, որ այդ նախաձեռնությունները դժվար թե ունենան կարճաժամկետ բնույթ, քանի որ առնչվում են թուրքական քաղաքականության հիմնական ուղղություններին և պարունակում են համակարգային փոփոխության տարրեր։

Մյուս կողմից՝ թուրքական քաղաքականութան մեջ տեղի ունեցող փոփոխությունների հիմնարար բնույթի օգտին են խոսում Թուրքիայի ներքին կյանքում նկատվող շարժերը։

Չի կարող ուշադրություն չգրավել այն հանգամանքը, որ այս տարի հուլիսին և օգոստոսին Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ու նախագահական ընտրություններում թուրք իսլամիստների նման տպավորիչ, իսկ իրականում աննախադեպ հաղթանակը15 հաջորդեց բանակի ու թուրքական քաղաքական դաշտի աշխարհիկ ուժերի հետ դեռևս գարնանից ծավալված բավական լուրջ պայքարին:

Ուշագրավը, սակայն, ոչ թե նման պայքարի առկայությունն էր և ոչ էլ անգամ իսլամիստների հաղթանակը, այլ Էրդողանի կառավարության որոշումը` նախաձեռնությունը վերցնել սեփական ձեռքը` նշանակելով արտահերթ խորհրդարանական ընտրություններ (հուլիսի 22): Ողջ հարցն այն է, որ հաշվի առնելով հանրապետական Թուրքիայի քաղաքական պատմությունը (զինվորականների կազմակերպած պետական երեք հեղաշրջումներ՝ 1960թ., 1971թ., 1980թ., և 1997թ. նրանց իսկ ուղղակի ճնշման ներքո իսլամիստ Էրբաքանի կառավարության անկումը)` քիչ հավանական է, որ Էրդողանի կառավարությունն ու ԱԶԿ-ն պարզապես որոշած լինեին դիմել ռիսկի: Հետևաբար, գործընթացն ունի ավելի խոր իմաստ, և թուրքական քաղաքականության մեջ իսլամիստական ազդեցության աճը պետք է դիտարկել Թուրքիայի համար առանցքային` արևմտյան բոլոր ուղղություններով (ԱՄՆ, ԵՄ, Իսրայել) ի հայտ եկած խնդիրների համատեքստում:

1«С-400»-ը համարվում է հակաօդային պաշտպանության ռուսական նորագույն համալիր, որն առայժմ տեղադրվել է միայն Մոսկվայի մերձակայքում՝ 2007թ. հուլիսի 1-ին։

2Օրինակ՝ սեպտեմբերի 25-ին ԱՄՆ Կոնգրեսն ընդունեց նոր օրինագիծ, որով Վաշինգտոնը լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանելու Իրանի նկատմամբ։

3Նախատեսվում է, որ «Հարավային Փարսին» առնչվող իրանա-թուրքական պայմանագիրը կկնքվի հոկտեմբերի երկրորդ կեսին։ Թուրքական կողմից նախագիծն իրականացնելու է «TPAO» ընկերությունը։

4Ըստ որոշ տեղեկությունների, Անկարան պատրաստ է իր հակաօդային պաշտպանության համակարգի արդիականացման համար ծախսել մոտ $1.2 մլրդ, և այդ ծրագիրը պետք է ավարտված լինի 2009թ.։ Նման համալիրներ մատակարարելու համար հայտեր ներկայացրած ընկերություններն ամերիկյան, իսրայելական, չինական ու ռուսական են։

5ՔՏԿ իշխանության ներքո են գտնվում հյուսիսիրաքյան քրդական երեք նահանգները՝ Դոհուքը, Էրբիլը և Սուլեյմանիան։ ՔՏԿ-ն փաստացի իշխանություն ունի նաև Իրաքի Նինավա, Քիրքուկ ու Դիյալա նահանգների որոշ հատվածների նկատմամբ։ Մոտավոր հաշվարկների համաձայն, ներկայումս ՔՏԿ իշխանության ներքո գտնվող տարածքը կազմում է գրեթե 63 հազ. կմ2։ Ըստ արևմտյան աղբյուրների, այսօր Իրաքում բնակվում են շուրջ 4.5 մլն քրդեր, որոնց ավելի քան 95%-ը կենտրոնացած է հենց վերոնշյալ նահանգներում։

6Մինչ օրս Բաղդադի կենտրոնական կառավարությունը չի կարողանում լուծել երկրի նավթագազային պաշարների շահագործման ու դրանից ստացվող եկամտի բաշխման հարցը։ Իրաքի հյուսիսում բնակվող քրդերն ու հարավում գտնվող շիաները չեն ցանկանում իրենց շրջաններում առկա էներգակիրներից ստացվող եկամուտները կիսել ո՛չ կենտրոնական կառավարության և ո՛չ էլ նման պաշարներ չունեցող՝ Իրաքի կենտրոնական հատվածում բնակվող սուննիների հետ։ Հարցի հետ կապված վերջին՝ սեպտեմբերին կայացած բանակցությունները նույնպես ավարտվեցին անհաջողությամբ։

7Այդ ընկերությունների մեծ մասն ամերիկյան է ու կանադական։ Հայտնի է նրանցից առնվազն մեկի անվանումը՝ ԱՄՆ Տեխաս նահանգում գործող «Hunt Oil»-ը։

8Ս.թ. հուլիսի 20-ին Վաշինգտոնի հասցեին նման մեղադրանքներով հանդես եկավ Թուրքիայի այն ժամանակվա փոխվարչապետ ու արտգործնախարար Աբդուլա Գյուլը, իսկ օգոստոսի 30-ին նրան հետևեց իշխող Արդարություն և զարգացում կուսակցության (ԱԶԿ) փոխնախագահ Սաբան Դիսլին։

9Ուշագրավ է, որ որպես հրաժարականի պատճառաբանություն ներկայացվեց հարցի առնչությամբ թուրք-ամերիկյան համատեղ աշխատանքում առաջընթացի բացակայությունը։

10Օրինակ՝ ներկայումս Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման օգտին են հանդես գալիս 227 կոնգրեսական, ինչն աննախադեպ բարձր թիվ է։

11Սիրիայի արտգործնախարար Վալիդ ալ-Մուալեմի սեպտեմբերի 10-ի հայտարարության համաձայն, իսրայելական ինքնաթիռների նպատակակետն էր սիրիական Դեր ալ-Զուր նահանգում գտնվող օբյեկտներից մեկը։

12Ամերիկյան, բրիտանական ու իսրայելական աղբյուրները տարբեր տեղեկություններ են տալիս հարձակման ենթարկված ռազմական օբյեկտ(ներ)ի բնույթի վերաբերյալ՝ Սիրիայում առկա իրանական հրթիռային կայան(ներ)ից մինչև հյուսիսկորեացիների աջակցությամբ հիմնված սիրիական միջուկային կենտրոն։

13Օրինակ՝ ս.թ. սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու ԱՄՆ հրեական համայնքի ներկայացուցիչների հանդիպման արդյունքում վերջիններս հաստատեցին Անկարային իրենց աջակցությունը՝ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի դեմ պայքարում։

14Ուշագրավ վերջին օրինակը օգոստոսի 24-ին ԱՄՆ հրեական ազդեցիկ կազմակերպություններից մեկի՝ «Հակաանվանարկման լիգայի» (ADL) կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումն էր։

15Ս.թ. հուլիսի 22-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքում ԱԶԿ-ն ստացավ թուրքական 550 տեղանոց խորհրդարանի 341 աթոռները։ Օգոստոսի 28-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում ԱԶԿ ներկայացուցիչ, Էրդողանի կառավարությունում արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնող Աբդուլա Գյուլն ընտրվեց երկրի նախագահ՝ ստանալով 339 պատգամավորների ձայները, մինչդեռ ընտրվելու համար նրան բավարար էր 276 քվե։ Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ մի կուսակցությունը (և այն էլ իսլամիստական համարվող) կարողացավ իր վերահսկողությունը սահմանել ոչ միայն խորհրդարանի, կառավարության, այլև նախագահի պաշտոնի նկատմամբ։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր