• am
  • ru
  • en
Версия для печати
01.11.2007

ԻՍԼԱՄԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ԱՃԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

   

Անուշ Հովհաննիսյան

2002թ. Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում իշխանության եկավ Արդարություն եւ զարգացում կուսակցությունը (ԱԶԿ): Կուսակցության առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ ինքը երաշխավորում է Թուրքիայի աշխարհիկ զարգացումը: Դրա ապացույցը կարող է հանդիսանալ Թուրքիայի` եվրաինտեգրմանն ուղղված շարունակական գործընթացը: Սակայն մի շարք մասնագետներ համեմատում են ԱԶԿ-ն իսլամիստական Տրոյական ձիու հետ եւ կարծում են, թե այն լուրջ սպառնալիք է թուրքական աշխարհիկությանը: Նման մտահոգություններն անհիմն չեն, քանի որ ԱԶԿ կառավարման տարիներին ակտիվացավ «կանաչ փողի» ներթափանցումը Թուրքիա: Սույն հոդվածում մենք կփորձենք ներկայացնել Թուրքիայում իսլամական կապիտալի աճող ազդեցության հետ կապված որոշ խնդիրներ:

Արդարություն եւ զարգացում կուսակցությունը հաղթանակ տարավ այն ժամանակ, երբ Թուրքիայում առկա էր խոր կառուցվածքային ճգնաժամ, երբ թուրքական քաղաքական համակարգը չէր ապահովում տնտեսության հետագա աճը: Բանկային համակարգը հոգեվարքի մեջ էր, հատկապես այն պահից հետո, երբ 2001թ. փետրվարին թուրքական լիրան կորցրեց իր արժեքի 1/3-ը: ԱԶԿ իշխանությունից առաջ 5 տարվա ընթացքում թուրքական տարադրամի արժեզրկումը հասել էր 200.000-ից մինչեւ 1.7 միլիոն լիրա` ԱՄՆ մեկ դոլարի դիմաց: Իշխանության առաջին երկու տարվա ընթացքում ԱԶԿ-ն կարողացավ բարձրացնել սեփական տարադրամի արժեքը մինչեւ 1.5 միլիոն լիրա` ԱՄՆ մեկ դոլարի դիմաց: Այսպիսով, լիրայի հետագա անկումը կանգնեցվեց, կառավարությունն էլ խոստացավ փական դնել վեց զրոյանոց ցուցանիշի վրա: Չնայած տնտեսագետների այն կարծիքին, որ այդ ամենն ավելի շատ կոսմետիկ բնույթ էր կրում, դրանք հոգեբանական մեծ ազդեցություն ունեցան Թուրքիայի նման մի երկրում, որտեղ գերարժեզրկումը (հիպերինֆլյացիան) գրեթե նորմ էր դարձել:

Էրդողանի վարչակազմը` սեփական վարկանիշը բարձրացնելու նպատակով, ձեռնամուխ եղավ ոչ շատ ծախսատար, բայց մեծ ժողովրդականություն բերող բարեփոխումների: Դրանցից մեկը` աշակերտներին անվճար դասագրքեր տրամադրելն էր: Մեկ այլ քայլ էր ծխախոտահարկի իջեցումը: Թուրքիայի պես երկրում, որտեղ մեծահասակ բնակչության կեսից ավելին ծխում է, նման միջոցները գրեթե յուրաքանչյուր ընտանիքի գրպանի վրա են ազդում:

Դրամական կայունացումը, անվճար դասագրքերը, անկասկած, բարձրացրին ԱԶԿ առանց այդ էլ բարձր վարկանիշը: Սակայն անհայտ էին այն ֆինանսական աղբյուրները, որոնք թույլ տվեցին Էրդողանի կառավարությանը կայունացնել թուրքական լիրան եւ ֆինանսավորել ժողովրդականություն վայելող տարաբնույթ ծրագրեր: Դա առավել եւս անհասկանալի էր, քանի որ համաձայն հենց Թուրքիայի ֆինանսների նախարարության տվյալների` երկրի հարկատուների 74%-ը թաքցնում է իր իրական եկամուտները, իսկ իրաքյան պատերազմը զգալիորեն հարվածել էր զբոսաշրջությունից երկրի գանձարան հոսող գումարների ծավալին: Այսպիսով, կոշտ հարկային քաղաքականության բացակայության եւ երկրի եկամտաբեր ճյուղերից մեկի ոչ լիարժեք գործունեության պայմաններում Էրդողանի կառավարության հաջողությունները կասկածի տեղիք տվեցին թե՛ միջազգային ֆինանսական կառույցներին, թե՛ թուրք տնտեսագետներին: Հատկապես վերջիններս ԱԶԿ տնտեսական հաջողությունների հիմքում սկսեցին տեսնել հարուստ իսլամիստական գործարարներից եւ որոշ մերձավորարեւելյան երկրներից ստացվող գումարները:

Հատկանշական են Կոնիա եւ Կայսերի քաղաքների օրինակները (վերջինս Աբդուլահ Գյուլի հայրենի քաղաքն է), որոնք իսլամական կապիտալի շնորհիվ գավառական քաղաքներից վերածվել են խոշոր տնտեսական կենտրոնների: Ամերիկացի վերլուծաբան Մայքլ Ռուբինը, մասնավորապես, անդրադառնում է իսլամական «Քոմբասան Հոլդինգի» գործունեությանը: Հոլդինգը հիմնադրվել է Հաշիմ Բայրամի կողմից, որը եղել է Կոնիայում կրոնական դպրոցի ուսուցիչ: «Քոմբասան»-ը արագ աճ է արձանագրել 1990-ականներից, երբ Գերմանիա արտագնա աշխատանքների մեկնած թուրք բանվորների փոխանցումների դիմաց սկսեց արժեթղթեր թողարկել, որոնք եւ ներդրվում էին տեղական բիզնեսի տարբեր ոլորտներում: Մեկնարկելով որպես տպագրական եւ թղթե տարաների փոքրիկ գործարան` հոլդինգը ներկայումս ընդգրկում է ավելի քան 50 ֆիրմաներ` ավտոմոբիլային, էլեկտրոնային, շինարարական, տեքստիլային, նավթամթերային եւ առեւտրային բնագավառներում: «Քոմբասանի» հզոր ֆինանսական ներուժը թափանցել է քաղաքականության մեջ. նա էր ֆինանսավորում Էրբաքանի նախընտրական արշավը Անատոլիայում 1996թ., իսկ ներկայումս օժանդակում է Էրբաքանի «Բարօրություն» կուսակցությունից սերած Էրդողանի եւ Գյուլի ԱԶԿ-ին: Ի դեպ, «Քոմբասանը» մի քանի անգամ իրեն անվճարունակ է հայտարարել, պարտատոմսեր թողարկել, այնուհետեւ նորից գործել` վարկավորվելով տարբեր կասկածելի աղբյուրներից: Ըստ որոշ գնահատականների, պետության հովանավորությունը վայելող այդ ընկերությունը զբաղվում է փողերի լվացմամբ` հօգուտ իսլամական խոշոր ֆինանսական խմբավորումների:

Նախքան խորհրդարանական ընտրություններում ԱԶԿ հաղթանակը, Աբդուլահ Գյուլը քննադատում էր այն ժամանակվա կառավարության մտադրությունը` պատնեշ ստեղծել իսլամական կապիտալը ներկայացնող ձեռնարկությունների գործունեության դեմ` համարելով օրենքի այդ նախագիծը «վրեժխնդրական»: Անշուշտ, նա անկողմնակալ չէր այդ հարցում. 1983–1991թթ. ժամանակահատվածում Գյուլը աշխատել էր Սաուդյան Արաբիայի Իսլամական զարգացման բանկի Ջեդդայի մասնաճյուղում: Իսլամական բանկերը (հատկապես Սաուդյան Արաբիայի) պարբերաբար գումարներ են փոխանցում Թուրքիայում գործող ձեռնարկություններին: Ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցության առաջնորդ Դենիզ Բայքալը բազմիցս մեղադրել է ԱԶԿ-ին «կրոնական տնտեսություն» ստեղծելու համար:

Վարչապետ Էրդողանը լռության է մատնում նման մեղադրանքները, քանի որ ինքն անձամբ նույնպես լայնորեն ներգրավված է «կանաչ բիզնեսի» մեջ: Ռահմի Քոչը` Թուրքիայի հնագույն եւ խոշորագույն «Քոչ Հոլդինգի» նախագահը, CNN-ին տված հարցազրույցում նշել էր, որ Էրդողանի ունեցվածքը գերազանցում է 1 մլրդ ԱՄՆ դոլարը եւ որ դրա առաջացումն անհայտ է: «Հյուրիյեթ» թերթը նշել էր նաեւ, որ Էրդողանը խոշոր փայաբաժիններ ունի առնվազն 3 հզոր ֆիրմաներում, որոնք ֆինանսավորում են իսլամական քաղաքական ուժերին: Էրդողան ընտանիքը վերահսկում է «Էմնիյեթ Ֆուդզ» ընկերության 50%-ը. նշված ընկերությունը ֆինանսավորում է «Ուլքեր» հացամթերքի եւ հրուշակեղենի հսկա ցանցը: Վարչապետը նաեւ փայատեր է «Իհսան Ֆուդ» եւ «Յենիդողան Ֆուդ» ընկերություններում, վերջիններիս արտադրած «Ուլքեր Կոլա-Թուրքա»-ն աստիճանաբար դուրս է մղում հանրահայտ «Կոկա-կոլա» ըմպելիքը, մանավանդ որ «Կոլա-Թուրքա» զովացուցիչ ըմպելիքը «գովազդվում» է վարչապետի հեղինակությամբ:

Վարչապետի տնտեսական գործունեությունը չի հակասում Թուրքիայի օրենքներին, սակայն թուրք հասարակությանը մտահոգում է այդ ֆինանսական միջոցների ոչ թափանցիկ ներխուժումը քաղաքական ոլորտ: Իսլամական բիզնեսի չափաբաժնի աճը Թուրքիայի տնտեսական համակարգում ակնհայտ է եւ աներկբայորեն կապվում է ԱԶԿ ազդեցության ուժեղացման հետ: Օրինակ, «Քոմբասան»-ի «Աֆրա» սուպերմարքեթների ցանցի գործունեությունից ստացված եկամուտները ներդրվում են այլ իսլամիստական ձեռնարկությունների ստեղծման, ինչպես նաեւ բազմաթիվ քաղաքական արշավների մեջ: Մենեջմենթի գաղտնիությունը եւ ոչ թափանցիկությունը թույլ են տալիս անվերահսկելի եկամուտներն օգտագործել իսլամիստական կուսակցությունների եւ կազմակերպությունների ֆինանսավորման, թուրքական պետական ինստիտուտներ ներթափանցելու եւ իսլամական ազդեցության ընդլայնման համար:

Մասնագետների կարծիքով` «կանաչ փողի» ներհոսքը Թուրքիա կազմում է 10-12 մլրդ ԱՄՆ դոլար տարեկան եւ երկիր է մտնում առավելապես կանխիկ տեսքով, այսպես ասած, «դրամապանակներով»: Այդ գումարները ներդրվում են ոչ միայն տնտեսության, այլ նաեւ քաղաքականության մեջ: Միլիարդների հասնող չհաշվարկված գումարների ներհոսքը Թուրքիա, ԱԶԿ իշխանության գալուց ի վեր, ըստ վերլուծաբանների, կարող է գալ միայն Սաուդյան Արաբիայի պես հարուստ արաբական երկրներից, որտեղ երկար տարիներ աշխատել է Գյուլը: Այդ վարկածը հաստատվում է նաեւ ժամանակագրական տվյալներով, քանի որ 2001թ. սեպտեմբերի 11-ի դեպքերից հետո իսլամական ներդրողներն իրենց ամերիկյան հաշիվներից 100-200 մլրդ դոլարի չափերի հասնող գումարները տեղափոխեցին այլ երկրներ, մասնավորապես` Ֆրանսիա, Լիբանան, Շվեյցարիա եւ Թուրքիա:

ԱԶԿ երկու ֆինանսական խորհրդականները` Ջունեյդ Զափսուն եւ Քորքութ Օզալը (Թուրգութ Օզալի եղբայրը) նույնպես կապված են իսլամական կապիտալի հետ: Քորքութ Օզալը փայատեր է «Ալ-Բարակա ֆինանս» եւ «Ֆայսալ ֆինանս» խոշորագույն թուրքական բանկերում: Իսկ Զափսուն գործընկերակցում էր Յասին Ալ-Քաադին, որի հաշիվները ամերիկյան բանկերում սառեցվել էին Ալ-Քաիդայի հետ կապերի պատճառով: Իսկ Էրդողանի խորհրդական Ջունեյդ Զափսուն, որը հիմնադիրն է «Բիմ» խանութների ցանցի, ԱԶԿ իշխանության տարիներին ընդլայնեց այդ ցանցը` 21 բաժանմունքներից հասցնելով շուրջ 1000-ի: Վերջինս համարվում է իսլամական «Անադոլու ֆինանս Հաուզ» բանկի հիմնադիրներից մեկը:

Թուրքիայի իսլամական կապիտալի հետ է կապված մեկ այլ էական խնդիր եւս: Դա իսլամիզմի արտահանումն է Եվրասիայի երկրներ, մասնավորապես Ռուսաստանի թուրք-իսլամական շրջաններ եւ Միջին Ասիա: Հսկայական ֆինանսական միջոցների շնորհիվ իսլամական «Գյուլեն» հիմնադրամը, օրինակ, բազմաթիվ համալսարաններ, մասնավոր դպրոցներ, բարեգործական կազմակերպություններ է տարածել Յակուտիայում, Չուվաշիայում, Թաթարստանում, Ադրբեջանում, Ալբանիայում, Ղրիմում եւ այլուր: Թուրքիայում հրատարակվող «Զաման» թերթը լույս էր տեսնում նշված երկրների լեզուներով` հարմարվելով տեղի առանձնահատկություններին եւ խնդիրներին: Թուրքագետ Ն.Կիրեեւի կարծիքով` այդ գործունեության հեռահար նպատակն էր թուրքալեզու տարրերի միավորումը ժամանակակից, «մեղմ» իսլամի գաղափարների ներքո` նրանց համակրանքն ապագա իսլամական Թուրքիայի հանդեպ ապահովելու համար: Ն.Կիրեեւի գնահատմամբ` որոշ թուրք իսլամականներ դիտում են Թուրքիան որպես սպասվելիք նոր իսլամական ռեֆորմացիայի առաջնորդ, որն այլընտրանք կդառնա իրանական մոդելին: Նրանց ռազմավարական խնդիրն է` ցանկացած ճանապարհով, առավելապես խաղաղ եւ աստիճանաբար, փոխել Թուրքիայի քաղաքական համակարգը, այնուհետեւ տարածել այդ մոդելը Եվրասիայի մուսուլմանական պետությունների եւ շրջանների վրա: Այդ գերխնդրի իրականացնողի դերում պետք է հանդես գա ժամանակակից տիպի իսլամիստական կուսակցությունը:


դեպի ետ