• am
  • ru
  • en
Версия для печати
17.09.2010

ԹՈՒՐՔԻԱ–PKK ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱ ՓՈՒԼԸ

   

Հայկ Գաբրիելյան

2010 թվականի գարնանը PKK-ն հայտարարեց, որ միակողմանիորեն չեղյալ է հայտարարում 14 ամիս տեւած զինադադարը եւ հունիսի 1-ից ռազմական գործողություններ է ձեռնարկելու թուրքական բանակի դեմ: Իր այդ քայլը PKK-ն պատճառաբանեց նրանով, որ Թուրքիան շարունակում է թշնամական գործողություններ իրականացնել քրդերի հանդեպ: Չպետք է մոռանալ, որ մայիսին թուրքական օդուժը ռմբակոծեց Հյուսիսային Իրաքում գտնվող քուրդ անջատողականների դիրքերը: Զինադադարը չեղյալ հայտարարելուց հետո PKK-ն որդեգրեց նոր մարտավարություն, ըստ որի` հարձակումների պետք է ենթարկվեին թուրքական զորամասերը: Ողջ հունիս ամիսը թուրքական մամուլը ողողված էր PKK հարձակումների ու թուրքական ուժային կառույցների կորուստների շուրջ լուրերով: Այս միտումը պահպանվեց նաեւ հուլիս ամսին եւ շարունակվեց մինչեւ օգոստոսի կեսերը:

Քուրդ զինյալները հիմնականում հարձակումներ էին գործում թուրքական զորամասերի, պարեկություն իրականացնող պահակախմբերի, ոստիկանատների, զինվորական ու ոստիկանական ավտոշարասյուների վրա: Նրանք ճանապարհներին տեղադրում էին ականներ, որոնց վրա պայթում էին թուրք զինծառայողներին կամ ոստիկաններին փոխադրող տրանսպորտային միջոցները: Ականապատումից զերծ չեն մնացել երկաթգծերն ու խողովակաշարերը: Օգոստոսի 2-ին Դիվրիղի եւ Էրզինջան քաղաքները միմյանց կապող երկաթգծի վրա տեղադրված ականից պայթել է մարդատար եւ բեռնատար վագոններից բաղկացած գնացքը, ինչի արդյունքում 8 վագոն շրջվել է, սակայն զոհեր եւ վիրավորներ չեն գրանցվել:

Հուլիսի 21-ին քուրդ զինյալները Թուրքիան եւ Իրանը միմյանց կապող Աղրը նահանգի Դողուբայազըթ քաղաքի մոտ պայթեցրել են «Թավրիզ–Էրզրում (Անկարա)» գազամուղի թուրքական հատվածը: Պայթյունի արդյունքում 10 օրով դադարեցվել է իրանական գազի մուտքը Թուրքիա: Միջին հաշվարկով Իրանն օրական դրանով Թուրքիա է առաքում 23 միլիոն խորանարդ մետր գազ: Ստացվում է, որ քրդերի այս քայլը միաժամանակ հարված հասցրեց ե՛ւ Թուրքիային, որը հանդիսանում է իրանական գազի խոշորագույն ներկրողը, ե՛ւ Իրանին, որն էներգետիկ ոլորտում Թուրքիայի երկրորդ խոշոր գործընկերն է (Ռուսաստանից հետո): «Թավրիզ-Էրզրում» գազամուղի պայթյունի հետ կապված` Ադրբեջանն ստիպված է եղել մեծացնել Բաքու–Թբիլիսի– Էրզրում գազամուղով Թուրքիա առաքվող գազի մատակարարման ծավալը:

Օգոստոսի 10-ի գիշերը Շըրնաքի մարզի Մաղարա գյուղի մոտ` իրաքյան սահմանից 62 մղոն (մոտ 100 կիլոմետր) հեռավորության վրա, պայթեցվեց «Քիրքուք-Յումուրթալըք» (Ջեյհան) նավթամուղը, ինչի արդյունքում զոհվեց 2 մարդ եւ վիրավորվեց մեկը: Պայթուցիկ սարքը գործել է հեռակառավարմամբ, ինչի պատճառով էլ պայթյունից անմիջապես հետո օդ բարձրացված «F-16» ինքնաթիռներին չի հաջողվել հայտնաբերել պայթյունն իրականացնողներին: Թուրքական կողմն անմիջապես դրանում մեղադրեց քուրդ զինյալներին: Նավթամուղի վնասված հատվածի վերանորոգման համար պահանջվեց 2 օր: Բնականաբար, դադարեցվեց իրաքյան նավթի առաքումը դեպի Ջեյհան: Հարկ է նշել, որ սա 2010 թվականին գրանցված առաջին պայթյունը չէր տվյալ նավթամուղի համար: Հուլիսի 3-ին պայթեցվել էր նավթամուղի Մարդինի նահանգի Միդյաթ քաղաքի մոտով անցնող հատվածը (Սիրիայի սահմանի մոտ): Իսկ ապրիլի 26-ին Մոսուլի մերձակայքում (Նինեվեհ նահանգ) պայթեցվել էր նավթամուղի իրաքյան հատվածը եւ 3 օրով կասեցվել իրաքյան նավթի մուտքը Թուրքիա:

Բնականաբար, այս ամենը Թուրքիային լուրջ տնտեսական կորուստների առաջ կանգնեցրեց` միաժամանակ սասանելով հուսալի տարանցիկ երկիր լինելու նրա վարկը: Այն նաեւ հարցականի տակ է դնում քրդաբնակ շրջաններով անցնելիք հնարավոր նոր խողովակաշարերի կառուցման արդյունավետությունը: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է հուլիսի 23-ին Թուրքիայի ու Իրանի միջեւ կնքված 1 միլիարդ դոլար արժողությամբ եւ 660 կիլոմետրանոց Թուրքիա–Իրան նոր գազատարին, որը կառուցվելու է առաջիկա 3 տարիների ընթացքում եւ որով հնարավոր կլինի տարեկան դեպի Թուրքիա եւ Եվրոպա առաքել 50-60 միլիարդ խորանարդ մետր գազ: Դրա համար էլ Թուրքիայում վճռվել է այսուհետ խողովակաշարերի պաշտպանությունը դնել իսրայելական արտադրության «Heron» անօդաչու հետախուզական ինքնաթիռների վրա:

Այս ամենին զուգահեռ` Թուրքիայում շարունակվում է մարտի 10-ին ձերբակալված PKK 23 հաքերների հետաքննությունը, որոնք իրենց անվանում են «վիրտուալ պարտիզան»: Քրդական հաքերային «Սառը հարձակման խմբի» անդամները բաժանվել են 4 մասի եւ հիմնականում ցուցումներ ստացել Հյուսիսային Իրաքում գտնվող PKK ճամբարից: Դիարբեքիրի հատուկ լիազորություններով օժտված հանրապետական դատախազն այս կապակցությամբ պատրաստել է 324 էջանոց զեկույց, որում նշված է, որ նրանք կոտրել են պետական պաշտոնյաների, զինվորականների օգտագործման համար «Facebook»-ի 3800 էջ, մոտ 2000 ոստիկանի, զինվորականի, քաղաքական գործչի պատկանող էլեկտրոնային փոստեր, ինչպես նաեւ հազարավոր հասարակական կայքէջեր: Ընդդիմադիր Ազգայնական շարժում կուսակցության (ԱՇԿ) կայքը նույնպես չի խուսափել դրանից:

Բացի այդ, քուրդ հաքերները լրջորեն պատրաստվել են վայր գցել Թուրքիայի զինված ուժերում առկա «Heron» անօդաչու հետախուզական ինքնաթիռները, որոնց հետ քուրդ զինյալները մեծ դժվարությունների են հանդիպում: Վերջիններս գտնում են, որ այդպիսի 1 ինքնաթիռ ցած գցելն ավելի կարեւոր է, քան 100 թուրք զինվոր սպանելը: Քուրդ հաքերները հատուկ համակարգչային ծրագրերով փորձել են Թուրքիայի հարավ-արեւելքում գտնվող Բաթմանի տեղական հեռուստատեսության արբանյակային հաղորդիչի միջոցով միանալ անօդաչու ինքնաթիռների հաճախականությանը եւ վայր գցել դրանք, սակայն դա նրանց չի հաջողվել: Քուրդ հաքերներն օգտվել են «Heron» անօդաչու հետախուզական ինքնաթիռները վայր գցելու ռուս եւ աֆղան հաքերների պատրաստած հատուկ ծրագրերից:

Արդեն ավարտվել է 12 հաքերի հարցաքննությունը. նրանք մեղադրվում են «զինված ահաբեկչական կազմակերպության անունից հանցանք գործելու», «ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն անելու» եւ «տեղեկատվական համակարգում տվյալներ վերացնելու, կայքէջեր արգելափակելու» հոդվածներով: Նրանց սպառնում է 40-ամյա բանտարկություն:

Օգոստոսի 25-ին Թուրքիայի ներքին գործերի նախարար Բեշիր Աթալայը հայտնեց, որ 1990–2009 թվականներին թուրքական զինված ուժերի եւ ոստիկանության կողմից վնասազերծվել է 27.905 PKK-ական: Սպանվել է 19.946 քուրդ զինյալ, որից, ի դեպ, 792-ը` կին: Աթալայի հաղորդմամբ` վնասազերծված քուրդ զինյալներից 1901-ը եղել է մինչեւ 20 տարեկան, 5025-ը` 20-30, 1440-ը` 31-40 տարեկան, 496-ը` 40-ից բարձր:

Ներկայումս եվրոպական (մասնավորապես` գերմանական) մամուլում շրջանառության մեջ է մտել այն լուրը, որ թուրքական զինուժը PKK զինյալների դեմ պայքարում քիմիական զենք է օգտագործում եւ մասնատում նրանց դիակները: Այսպես, գերմանական «Der Spiegel» թերթը տեղեկատվություն տարածեց այն մասին, որ իրենց խմբագրությունում ստացվել են զոհված 8 քուրդ զինյալների լուսանկարներ. դրանք հանձնվեցին Համբուրգի համալսարանի քրեական լաբորատորիա` պարզելու լուսանկարներում առկա անձանց մահվան պատճառը: Գերմանացի մասնագետները եկան այն նախնական եզրակացության, որ քուրդ զինյալները զոհվել են քիմիական զենքի կիրառման արդյունքում: Գերմանական Բունդեսթագի զինաթափման գծով հանձնաժողովի նախագահ Ուտա Ցապֆը հայտարարեց, որ եթե դա ապացուցվի, ապա Թուրքիային սպառնում է միջազգային պայմանագրերին համապատասխան պատժամիջոցների կիրառումը:

Միաժամանակ, Ամերիկա-հրեական կոմիտեն (AEK) վարչապետ Էրդողանին կոչ է արել հետաքննել թուրքական բանակի կողմից քրդերի դեմ քիմիական զենքի կիրառման մասին տեղեկատվությունը: AEK-ի գործադիր տնօրեն Դեւիդ Հարիսը նշել է. «Թուրքիան պարտավոր է աշխարհին բացատրել այդ լուսանկարներում պատկերված դիակները, որոնց վնասվածքները համատեղելի են քիմիական զենքի կիրառման հետ»:

Սակայն Թուրքիայի արտգործնախարարության ներկայացուցիչը հայտարարեց, որ «դա PKK-ի մաքուր պրոպագանդան է, որի նպատակը Թուրքիան հեղինակազրկելն է»: Նա հավելել է, որ Թուրքիան ակտիվ աշխատանքներ է տանում քիմիական զենքի մշակումն ու կիրառումն արգելելու ուղղությամբ, եւ որ ոչ վաղ անցյալում թուրք դիվանագետ Ահմեթ Ուզյումջյուն ընտրվել է Քիմիական զենքն արգելող կազմակերպության (OPCW) գլխավոր տնօրեն: Չնայած այս հայտարարությանը` բեռլինյան «Die Tageszeitung» օրաթերթն ստացել է սպանված 6 քրդերի դիակների նոր ապշեցուցիչ լուսանկարներ: Ի դեպ, մատնանշվում է, որ հունիսին էլ Իրանն է քիմիական զենք կիրառել «Քուրդիստանի ազատ կյանք» կուսակցության (PJAK) զինյալների դեմ, որը PKK-ի իրանական թեւն է:

Օգոստոսի 13-ին հայտնի դարձավ, որ PKK-ն մինչեւ սեպտեմբերի 20-ը ժամանակավոր զինադադարի որոշում է ընդունել: Չնայած այդ ընթացքում PKK-ն որեւէ ռազմական գործողություն չի ձեռնարկելու` նա հայտարարել է, որ եթե թուրքական զինուժը հարձակումներ գործի իր վրա, ապա անպայման պատասխան հարված կստանա: Ժամանակավոր զինադադարի որոշումը պայմանավորված է մահմեդականների համար սրբազան ամիս համարվող ռամադանով եւ քրդական «Ժողովրդավարական հասարակության կոնգրեսի» ու «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության կոչերով: Չնայած զինադադարին` որոշակի բախումներ ու մարդկային զոհեր շարունակում են գրանցվել:

Ժամանակավոր զինադադարը շարունակական դարձնելու համար PKK-ն առաջ է քաշում 4 նախապայման. ա) ազատ արձակել PKK-ի քաղաքական կառույց հանդիսացող «Քուրդիստանի հասարակությունների միության» ձերբակալված անդամներին, բ) քրդական հարցի կարգավորման շուրջ բանակցություններ սկսել Իմրալը կղզում ցմահ բանտարկված Աբդուլահ Օջալանի հետ, գ) նվազեցնել խորհրդարանական ընտրություններում գործող 10 տոկոսանոց նախընտրական արգելքը, դ) դադարեցնել PKK-ի դեմ ռազմական գործողությունները:

Ողջ ամառվա ընթացքում Թուրքիայում շարունակվող արյունալի իրադարձություններն ստիպեցին երկրի ղեկավարությանը գնալ լուրջ քայլերի: Դրանցից գլխավորը վերաբերում է արհեստավարժ բանակի ստեղծմանը, ինչը Թուրքիայում սկսել էր արծարծվել վերջին 2-3 տարում: Այս խնդիրը Թուրքիայում վերստին ի հայտ եկավ 2010 թվականի գարնանը եւ լայն թափ հավաքեց հուլիսի առաջին շաբաթվանից` կապված PKK-ի ծավալած ակտիվ գործունեության հետ: Ապրիլի 23-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի եւ Գլխավոր շտաբի (ԳՇ) նախկին պետ Իլքեր Բաշբուղի միջեւ կայացած հանդիպման ժամանակ խոսք է գնացել նաեւ արհեստավարժ բանակի ստեղծման մասին: Հայտարարվեց, որ մինչեւ հուլիս թուրքական ցամաքային զորքերի 5 եւ Ժանդարմերիայի 1 բրիգադ (նվազագույնը 30.000 մարդ) պետք է ամբողջովին կոմպլեկտավորվի պայմանագրային զինծառայողներով: Չնայած դրան` ԳՇ-ում կարծում են, որ անհնար կլինի արհեստավարժ բանակին ամբողջովին անցում կատարելը, քանի որ դա Թուրքիայի բյուջեին կարող է արժենալ 45 միլիարդ ամերիկյան դոլար, ինչն այդ երկրի ուժերից վեր է:

Հունիսի 21-ին կայացած Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) նիստում վճռվեց հակաահաբեկչական միջոցառումներում այսուհետ ընդգրկել բացառապես պայմանագրային զինծառայողներին, որոնց թիվը վերջին տարիներին Թուրքիայում կտրուկ աճել է: Այդ որոշումը պայմանավորված էր ժամկետային զինծառայողների կրած մեծ կորուստներով, ինչը հանգեցնում է նրան, որ թուրք զինծառայողների ծնողները չեն ցանկանում իրենց զավակներին ուղարկել PKK-ի դեմ պատերազմին, զորքերում մեծանում է դասալքությունը:

Հուլիսի կեսերին Թուրքիայի պաշտպանության նախարար Մեհմեթ Վեջդի Գյոնյուլը հայտնեց, որ աշխատանքներ են տարվում 150 սահմանային անցակետերի եւ հատուկ նախապատրաստություն անցած բանակային ստորաբաժանումների ավելացման խնդրի շուրջ: Վերջիններս կպահպանեն սահմանի առավել վտանգավոր հատվածները: Արհեստավարժ բանակը, որն այլ կերպ անվանում են նաեւ հատուկ բանակ, Ժանդարմերիայի եւ հատուկ նշանակության զորքերի հետ մեկտեղ, կազմելու է ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարի առանցքը: Նրան աջակցելու են նաեւ ներքին անվտանգության ջոկատները: Արհեստավարժ բանակին անցում կատարելը ենթադրում է որոշակի օրենսդիր փոփոխություններ: Կանխատեսվում է, որ դրանք կկատարվեն հոկտեմբեր ամսին:

Արհեստավարժ բանակին անցում կատարելուն, տարբեր պատճառներով եւ հիմնավորումներով, դեմ է արտահայտվում Թուրքիայի զինվորական վերնախավի մի զգալի մասը, մասնավորապես` ԳՇ նախկին պետ Իլքեր Բաշբուղը, ԳՇ պետի պաշտոնում օգոստոսի վերջին նրան փոխարինած ցամաքային զորքերի նախկին հրամանատար, բանակի գեներալ Սեբահաթթին Ըշըք Քոշաները:

Թուրքական կառավարությունը մտադիր է նաեւ ուժեղացնել հետախուզական գործողություններն այն շրջաններում, ուր սովորաբար ներթափանցում է PKK-ն: ԱԱԽ վերոնշյալ նիստից քիչ անց տեղի ունեցավ նախագահ Գյուլի, վարչապետ Էրդողանի եւ Ազգային հետախուզական ծառայության (MIT) նորանշանակ ղեկավար Հաքան Ֆիդանի հանդիպումը, ուր քննարկվել են թուրքական հետախուզության հնարավոր թույլ տեղերը եւ վճռվել է ուժեղացնել MIT-ի տեխնիկական միջոցներն ու ակտիվացնել հետախուզական աշխատանքներն այն շրջաններում, ուր PKK-ն ակտիվ գործունեություն է ծավալում: Բացի այդ, Էրդողանը հայտնեց, որ ԱՄՆ-ի ու Իրաքյան Քրդստանի հետ բանակցություններ է վարել տարածաշրջանում թուրքական հետախուզության ակտիվացման շուրջ: Ենթադրվում է, որ այդ նպատակներին հասնելու համար Թուրքիան ներգրավելու է մոտ 2000 գործակալի: Միեւնույն ժամանակ, թուրքական կառավարությունը ցանկանում է նվազեցնել իր կախվածությունն այլ երկրների (մասնավորապես ԱՄՆ-ի) կողմից տրամադրվող հետախուզական տեղեկատվությունից: Հանդիպումից քիչ անց MIT-ի 16-րդ ղեկավար Ֆիդանն անձամբ այցելել է երկրի հարավարեւելյան նահանգների հետախուզական կենտրոնները եւ ներկայացրել PKK-ի դեմ պայքարի նոր մոտեցումները:

Փաստորեն, ներկայումս Թուրքիայում խոսք չի գնում պարտադիր զինվորական ծառայությունը վերացնելու եւ ամբողջովին արհեստավարժ բանակին անցում կատարելու մասին: Խոսքը միայն արհեստավարժ զինծառայողների թվաքանակի ավելացման մասին է: Դրանով երկրում մարտական առաջադրանքների գոտիները կբաժանվեն պարտադիր զինծառայություն անցնողների (ժամկետային զինծառայող) եւ արհեստավարժ զինծառայողների միջեւ:

Արհեստավարժ բանակի ստեղծման հանդեպ թուրքական զինվորական վերնախավի բացասական մոտեցումն անսպասելի չէր. նախ այդ խնդիրը Թուրքիայում ի հայտ եկավ զինվորական վերնախավի հակառակորդ համարվող ԱԶԿ կառավարման ժամանակ: Այսինքն` ենթադրվում է, որ նրանում առավել մեծ կլինի ԱԶԿ-ի ազդեցությունը: Արհեստավարժ բանակի ստեղծման շուրջ թուրքական «Taraf» թերթի մեկնաբանությունը խոսում է շատ բանի մասին. «Արհեստավարժ բանակն ընդդեմ բանակի»: Չպետք է մոռանալ, որ «Taraf» թերթը դասվում է իշխող կուսակցության համակիրների թվին:

Մյուս կողմից էլ, ԱԶԿ-ն ցանկանում է արհեստավարժ բանակի ստեղծմամբ երկրում չեզոքացնել PKK-ի ակտիվությունը: Պետք է նշել, որ արհեստավարժ բանակն ի վիճակի կլինի առավել հաջող պայքարելու PKK-ի դեմ եւ առավել արդյունավետ հսկելու թուրք-իրաքյան սահմանը:

Եթե ԱԶԿ-ն ներկայումս որոշակի զիջումների գնա քրդական կողմին (PKK-ին), ապա դա իսկույն կհանգեցնի նրա վարկանիշի անկմանը եւ գլխավոր ընդդիմադիր ուժերի` Ժողովրդա-հանրապետական կուսակցության (ԺՀԿ) եւ ԱՇԿ-ի վարկանիշի բարձրացմանը: Հետեւաբար, ԱԶԿ-ն պետք է խիստ մոտեցում ցուցաբերի քրդերի հանդեպ: Սակայն դա էլ ունի իր բացասական երանգները. դեպքերի զարգացման նմանատիպ սցենարի դեպքում ԱԶԿ-ի վարկանիշն էլ ավելի կընկնի երկրի քրդաբնակ շրջաններում: Իսկ «քրդական» քվեները ԱԶԿ-ին բավականին պետք կգան խորհրդարանական (եւ ոչ միայն) ընտրությունների ժամանակ: Դրանք զգալիորեն նպաստել են 2007 թվականի խորհրդարանական ընտրություններում ԱԶԿ-ի հաղթանակին: Հատկանշական է, որ այդ ժամանակ քրդաբնակ այն շրջաններում, ուր անկախ քուրդ թեկնածուները պարտություն էին կրել կամ էլ ընդհանրապես իրենց թեկնածությունը չէին առաջադրել, ԱԶԿ-ն վճռական հաղթանակ էր տարել` հավաքելով քվեների 60 տոկոսից ավելին:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր