• am
  • ru
  • en
Версия для печати
14.02.2008

2008Թ. ՀՈՒՆՎԱՐԻ 5-Ի ԱՐՏԱՀԵՐԹ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ. ՀԱՅԱՑՔ ՋԱՎԱԽՔԻՑ

   

Սերգեյ Մինասյան

elections in Georgia (medium)2008թ. հունվարի 5-ին Վրաստանի ամբողջ տարածքում տեղի ունեցան արտահերթ նախագահական ընտրություններ: Վրաստանի ԿԸՀ տվյալներով՝ ընտրությունների առաջին փուլում ձայների մոտ 53%-ով հաղթեց նախկին (2004թ. հունվարից մինչև 2007թ. նոյեմբեր) նախագահ Մ.Սահակաշվիլին: Այդուհանդերձ, ընտրությունների արդյունքները, որոնք ընդհանուր առմամբ արժանացել էին միջազգային և եվրոպական դիտորդների բավական դրական (թեև միանշանակորեն քաղաքականացված) գնահատականներին, անմիջապես էլ բողոքարկվեցին վրացական ընդդիմության կողմից: Ընտրություններից հետո, փաստորեն հենց երկրորդ օրը, Թբիլիսիում և երկրի որոշ շրջաններում բողոքի ցույցեր սկսվեցին. միացյալ ընդդիմության ներկայացուցիչներն իշխանություններին մեղադրում էին նախագահական ընտրությունների արդյունքների զանգվածային կեղծումների մեջ:

Ընդ որում, կարևոր է նշել այն փաստը, որ Մ.Սահակաշվիլին մայրաքաղաքում պարտվեց միացյալ ընդդիմության առաջնորդ Լևան Գաչեչիլաձեին, և ձայների հիմնական քանակությունը հավաքեց երկրի տարբեր շրջաններում, այդ թվում` հայերով և ադրբեջանցիներով խիտ բնակեցված Սամցխե-Ջավախեթիում և Քվեմո-Քարթլիում: Բայց ինչո՞վ կարելի է բացատրել այն փաստը, որ Վրաստանի էթնիկ փոքրամասնությունները, որոնք Մ.Սահակաշվիլու առաջին նախագահության ամբողջ ընթացքում բարձրաձայն հայտարարում էին վրացական նոր իշխանությունների կողմից իրականացվող խտրականության և տնտեսական ու քաղաքան ճնշումների մասին, այնուամենայնիվ, մեծավ մասամբ ցույց տվեցին թեկնածու Միխայիլ Սահակաշվիլուն սատարող աներևակայելի բարձր արդյունքներ:

Բնականաբար, շատ տրամաբանական կլինի առաջին հերթին հաշվի առնել այն հանգամանքը, որ, Թբիլիսիում առկա առավել մեծ քաղաքական լարվածության և ընդդիմադիր տրամադրությունների հետ կապված, գործող իշխանություններն ավելի մեծ հնարավորություններ ունեին կեղծիքներ իրականացնել երկրի տարբեր շրջաններում, հատկապես էթնիկ փոքրամասնություններով խիտ բնակեցված հայաբնակ Սամցխե-Ջավախեթիում և ադրբեջանաբնակ Քվեմո-Քարթլիում:

Միևնույն ժամանակ, պետք է հաշվի առնել, որ Վրաստանի հայ և ադրբեջանցի փոքրամասնություններն հետխորհրդային ողջ ժամանակահատվածում գրեթե չեն մասնակցում այդ երկրի հասարակական-քաղաքական կյանքին, նրանց ճնշող մեծամասնությունը չի տիրապետում վրացերենին, և նրանք գրեթե ներկայացված չեն այդ երկրի քաղաքական վերնախավում: Միևնույն ժամանակ, նրանց հանդեպ հաճախ ազգային խտրականություն է իրականացվում, նրանք նվազագույն չափով են ներկայացված իշխանական մարմիններում, զգում են իրենց ներկայության «անհարկիությունը» և վրացական իշխանության ու հասարակության մի մասի թշնամանքը: Արդյունքում՝ վերաբերմունքը 2008թ. հունվարի 5-ի նախագահական ընտրություններին հայաբնակ Սամցխե-Ջավախեթիում (ինչպես և հիմնականում ադրբեջանաբնակ Քվեմո-Քարթլիում) առավել քան պասիվ ու անտարբեր էր:

Օգտվելով դրանից` հենց ընտրությունների հանդեպ տեղի բնակչության անտարբերության պատճառով իշխանությունները Ջավախքում կարողացան առավելագույնս օգտագործել վարչական ռեսուրսը Մ.Սահակաշվիլու օգտին: Բացի դրանից, հայ բնակչության տրամադրությունների վրա ազդեց նաև այն փաստը, որ Ջավախքում հօգուտ Մ.Սահակաշվիլու նախընտրական քարոզարշավն անցկացվում էր նաև Երևանից ու Մոսկվայից եկած հանձնակատարների մասնակցությամբ: Վերջիններս ջավախեցիների «սփյուռքի» որոշակի շրջանակների ներկայացուցիչներն էին, որոնք քաղաքական և տնտեսական սերտ կապեր էին պաշտպանում ներկայիս վրացական իշխանությունների հետ:

Կարելի է նշել, որ Ջավախքում իրականում ընտրություններին մասնակցել է ընտրողների նվազագույն քանակություն` հավանաբար, 15-20%-ից ոչ ավելի: Ըստ որում, ինչպես վկայում է հենց շրջանի բնակչությունը, քվեարկությանն իրապես մասնակցած փոքրաքանակ ընտրողների մեծամասնությունը ձայնը տվել է ոչ Մ.Սահակաշվիլուն, այլ հօգուտ ընդդիմության թեկնածուների` Լևան Գաչեչիլաձեի և Բադրի Պատարկացիշվիլու: Ի դեպ, Ջավախքում անցկացված քվեարկության իրական արդյունքներն արդեն ոչ մի նշանակություն չունեին, քանի որ ընտրություններին մասնակցածների և Մ.Սահակաշվիլուն ձայն տվածների թվերը տեղական ընտրական հանձնաժողովների կողմից «նկարված» էին ընտրատեղամասերը փակելուց ընդամենը մի քանի ժամ անց: Նինոծմինդայի ընտրական հանձնաժողովը հայտարարեց, որ արտահերթ ընտրություններին մասնակցել է ընտրողների 90%-ը, որոնց 92%-ը քվեարկել է հօգուտ Մ.Սահակաշվիլու: Նման իրավիճակ ու նման թվեր են ստացվել նաև Ախալքալաքի շրջանում։

Հայ ընտրողների պասիվությամբ և վրացական իշխանությունների կողմից հնարավոր ճնշումներով պատճառաբանված այս բացահայտ զեղծումները Ջավախքում, բացի խուլ և ոչ հրապարակային դժգոհությունից, ընդվզումների որևէ այլ դրսևորման չհանգեցրին: Տեղի հիմնական հասարակական-քաղաքական կազմակերպություններն ընտրությունների ընթացքում կամ չեզոքություն էին պահպանում (օրինակ, Սամցխե-Ջավախեթի հասարակական-քաղաքական կազմակերպությունների խորհուրդը), կամ սատարում էին Մ.Սահակաշվիլուն, իսկ որոշ կազմակերպություններ, ինչպես, օրինակ, «Վիրքը», թեև հայտարարեցին ընդդիմադիր թեկնածուին` Լ.Գաչեչիլաձեին աջակցելու մասին, սակայն իրականում այդ ուղղությամբ ոչ մի քայլ չձեռնարկեցին:

Նշված իրավիճակը լիովին օրինաչափ է այնպիսի պայմաններում, երբ էթնիկ փոքրամասնությունները մշտապես դուրս են մնում վրացական սոցիումից, երբ գործող համավրացական կուսակցություններից և ոչ մեկը քաղաքականապես արդիական ու պահանջված չէ նրանց համար, իսկ տարածքային քաղաքական կուսակցությունների գրանցման ներկայումս առկա արգելքը տեղի բնակչությանը զրկում է իր սահմանադրական իրավունքները կենսագործելու, ինչպես նաև ընտրելու և իրենց երկրի կառավարմանը մասնակցություն ունենալու հավասար հնարավորություններից:

Այդ պատճառով ոչ ոքի չպետք է զարմացնի այն իրավիճակը, որ ստեղծվել է հունվարի 5-ի նախագահական ընտրություններին հայ բնակչության ցածր մասնակցության և իշխանությունների կողմից կատարված կեղծարարությունների ակնհայտ փաստերին հակազդեցության բացակայության շուրջ: Անցած բոլոր նախագահական և խորհրդարանական ընտրություններին իշխանական զեղծարարությունների միջոցով Ջավախքը միշտ «քվեարկել» է գործող իշխանությունների օգտին, լիներ դա Զվիադ Գամսախուրդիան 1990-1991թթ. կամ Էդուարդ Շևարդնաձեն և «Վրաստանի քաղաքացիների միությունը» ընդհուպ մինչև 2003թ., կամ Մ.Սահակաշվիլին ու «Միացյալ ազգային շարժումը» «վարդերի հեղափոխությունից» հետո:

Ինչպես նշում է վրացի հայտնի քաղաքագետ Գիա Նոդիան, չնայած հայ և ադրբեջանցի փոքրամասնությունները հիմնականում ապրում են իրենց «էթնիկ հայրենիքներին» սահմանակից տարածքներում, այնուհանդերձ, հիմնական տարածաշրջանային խնդիրները կապված չեն անջատողականության և իռեդենտիզմի հետ: Թեև որոշ վրացիներ կասկածներ ունեն փոքրամասնությունների տարբեր միությունների թաքցված ազգայնական նկրտումների վերաբերյալ, սակայն վերջիններս անջատողական որևէ պահանջ չեն ներկայացրել և իռեդենտիկ շարժումներ չեն կազմակերպել: Մտահոգության հիմնական առիթն այդ փոքրամասնությունների սոցիալ-քաղաքական ինտեգրման բացակայությունն է և Վրաստանի սաղմնավորվող ժողովրդավարական ինստիտուտներում նրանց իրական մասնակցության ցածր մակարդակը1:

Վրացական փորձագետներից և քաղաքական գործիչներից շատերը միայն հիմա են սկսում հասկանալ, որ Վրաստանի բնակչության զգալի մասը (ոչ պակաս, քան երկրի բնակչության ընդհանուր թվի 16-17%-ը), հանձինս էթնիկ փոքրամասնությունների, վաղուց արդեն երկրում գոյություն ունեցող կուսակցությունները կամ առաջացող ընդդիմադիր շարժումները չի դիտարկում որպես իր՝ հասարակական-քաղաքական կյանքին մասնակցության մեխանիզմներ:

1Nodia G., Scholtbach A., The Political Landscape of Georgia. Political Parties: Achievement, Challenges and Prospects. IMD, ODIHR, CIPDD: Eburon Delft, 2006, p. 72.


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր