ՎՐԱՍՏԱՆ. ՊԱՏԵՐԱԶՄԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ

Չնայած վերջին շաբաթներին Վրաստանին առնչվող զարգացումների առանցքային հարցը դարձել է աբխազական ուղղությամբ պատերազմի վերսկսման հավանականությունը, սակայն զարգացումների հիմնական աղբյուրը պետք է փնտրել այլ տեղ։
Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում վրացական արտաքին քաղաքականությունը մուտք է գործել մի փուլ, որն առնչվում է ողջ Հարավային Կովկասին եւ այստեղ առկա միջազգային ու տարածաշրջանային բոլոր ուժի կենտրոններին: Այստեղ գործընթացն այլեւս զարգանում է գերազանցապես ամերիկա-ռուսական հարաբերությունների տրամաբանության շրջանակներում, եւ տպավորություն է առաջանում, թե Թբիլիսին կորցրել է անգամ վետոյի իրավունքը: Գոնե այս պահին ավելի հիմնավորված է թվում այն մոտեցումը, թե նշված փուլից Վրաստանն ամեն դեպքում դուրս կգա կորուստներով կամ նվազագույնը` ցնցումներով։
Այլ կերպ ասած` ներկայում Վրաստանի շուրջ ընթացող զարգացումները ենթադրում են ԽՍՀՄ փլուզումից հետո ձեւավորված ու մինչ օրս գործող անվտանգության հարավկովկասյան կառույցի փոփոխություն։ Հյուսիսատլանտյան դաշինքի բուխարեստյան գագաթաժողովի (ապրիլի 2-4, 2008թ.) որոշումը` համաձայնվել ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը,1 անշուշտ, հարցի համար ունի սկզբունքային նշանակություն: Բայց մեր տարածաշրջանի պարագայում այն կարող է նշանակել ցնցումներով լի նոր փուլի մեկնարկ, որովհետեւ զարմանալի կլինի, եթե հզորացող Ռուսաստանն անտարբեր մնա իր համար կենսական համարվող տարածաշրջանում նման փոփոխությանը` ի վնաս իր շահերի։
Հայաստանի համար կարեւորն այն է, որ առաջիկա ամիսներին կամ գուցե տարիներին ցանկացած լուրջ տեղաշարժ վրացական ուղղությամբ ի վիճակի է արմատապես ներազդել մեր երկրի անվտանգության ապահովման վրա։ Այսինքն` ստեղծվել է մի իրավիճակ, երբ զարգացումները Վրաստանի շուրջ իրենց նշանակությամբ մեզ համար դառնում են խիստ էական։
* * *
Թիվ մեկ հարցը, որի պատասխանը կօգնի ճիշտ բնութագրել ձեւավորվող իրավիճակը, այն է, թե ինչ տարբերություն կա 2004թ. աջարական եւ ներկայում ծավալվող աբխազական ճգնաժամերի միջեւ։
Բավականին հիմնավորված է այն մոտեցումը, որ Ասլան Աբաշիձեի վարչակազմի անկումը Բաթումում հանգեցրեց Վրաստանում ռուսական ազդեցության գրեթե վերացմանը եւ այս երկրից ռուսական ռազմակայանների արագ դուրսբերմանը։ Սակայն այն, ինչ գոյություն ունի այսօր, 2004-ից տարբերվում է ոչ սոսկ այն պատճառով, որ ներկա աբխազական ճգնաժամում նախաձեռնող կողմը ռուսներն են, այլ որովհետեւ վրացական ուղղությամբ տարվող ճնշումը Մոսկվայի ծավալած ավելի լայն կամպանիայի բաղկացուցիչն է: Այն կապված է ՆԱՏՕ-ի վերոհիշյալ բուխարեստյան որոշման հետ եւ Մոսկվայի պատկերացմամբ պետք է ազդանշան հանդիսանա առաջին հերթին ԱՄՆ-ի ու ԵՄ-ի համար, թե Ռուսաստանը պատրաստ է գործել նաեւ Ուկրաինայի եւ, արեւմտյան որոշ փորձագետների կարծիքով, բալթյան հանրապետությունների ուղղությամբ։
Ս.թ. մայիսի 11-ին գտնվելով Սեւաստոպոլում` Մոսկվայի քաղաքագլուխ Յուրի Լուժկովը հայտարարեց, թե ռուսական սեւծովյան նավատորմի գլխավոր ռազմակայանի պատկանելության հարցը Ռուսաստանը կլուծի իր «պետական իրավունքի» օգտին, այսինքն` հօգուտ իրեն։2 Էլ ավելի ուշագրավ էր ռուսական արտգործնախարարության մայիսի 13-ի պատասխանը` կապված Լուժկովի հայտարարության առնչությամբ ուկրաինական կողմի պաշտոնական բողոքի հետ։ Որեւէ բացասական կողմ չգտնելով Մոսկվայի քաղաքագլխի խոսքերում` Սերգեյ Լավրովի գերատեսչության պաշտոնական հայտարարության մեջ ասված է. «Յուրի Լուժկովը սոսկ արտահայտել է այն կարծիքը, որը համընկնում է ռուսաստանցիների մեծամասնության տեսակետի հետ»։ Այլ կերպ ասած` Ռուսաստանը, փաստորեն, պաշտոնական մակարդակով հնարավորություն է ստեղծում վիճարկելու Ուկրաինայի պետական սահմանների լեգիտիմությունը։
Անկասկած, այդ դրույթի օգտին են խոսում նաեւ Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի մայիսի 11-ի հայտարարությունը, թե ներկայում Նովոռոսիյսկում կառուցվող ռազմածովային բազան դառնալու է ռուսական սեւծովյան նավատորմի եւս մեկ3 հենակետը, ինչպես եւ` Ղրիմի ռուսական համայնքի մայիսի 14-ի դիմումը Ռուսաստանի Դաշնային խորհրդի ղեկավարությանը` չեղյալ հայտարարելու 1997թ. ռուս-ուկրաինական հայտնի պայմանագիրը եւ վերականգնելու «ժողովուրդների քաղաքական միասնությունը»։4
Բուխարեստում Միացյալ Նահանգներն ու նրա դաշնակիցները որոշեցին առաջինն անցնել կարմիր գիծը` հայտարարելով ՆԱՏՕ-ին Ուկրաինայի ու Վրաստանի անդամակցության անխուսափելիության մասին, սակայն խնդիրն այն է, որ ԱՄՆ-ում որոշեցին նման կտրուկ ձեւով սեղանին դնել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի ու Վրաստանի անդամակցության հարցը` շատ լավ հասկանալով, որ 2004թ. նարնջագույն հեղափոխությունից հետո Կիեւում շարունակվող քաղաքական անկայունությունը եւ Վրաստանի չլուծված հակամարտությունները Աբխազիայի ու Հարավային Օսիայի հետ չեն կարող երաշխավորել գործընթացի կանխատեսելի ավարտ։ Ռուսաստանը նույնպես ձեռնամուխ է եղել «կարմիր գծերի» ոտնահարմանը, եւ ուկրաինական ու վրացական ուղղություններով ռուսական դիվանագիտական, տեղեկատվական եւ ռազմական նախաձեռնությունները դրա վկայություններն են։5
Հետեւաբար, եթե ներկայացվածը համապատասխանում է իրականությանը, ապա ներկայում աբխազական ճգնաժամում տեղ գտնող զարգացումների տրամաբանությունը տարբերվում է 2004թ. Աջարիայում կատարվածից։ Իսկ եթե դա այդպես է, ապա վրացական ուղղությամբ պատերազմի բռնկման հավանականությունն անհրաժեշտ է բարձր գնահատել։ Կարելի է ասել, որ առնվազն դրան են տանում վերջին շաբաթների ռուսական կողմի քայլերը։
Ռուսական կողմի արված քայլերն են`
- ս.թ. ապրիլի 16-ին Ռուսաստանի այն ժամանակվա նախագահ Պուտինի հանձնարարությունը կառավարությանը` համակողմանի օգնություն ցույց տալ Աբխազիայի ու Հարավային Օսիայի բնակչությանը (ոչ միայն ՌԴ քաղաքացի հանդիսացող անձանց)` իրավական հարաբերությունների մեջ մտնելով աբխազական ու հարավօսական իշխանությունների հետ,
- Ռուսաստանի իշխանական (Դաշնային խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնով) ու դիվանագիտական (ԱԳՆ հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Վալերի Կենյակին) ներկայացուցիչների աննախադեպ սուր հայտարարությունները, թե Մոսկվան չի բացառում ուժի կիրառումը Աբխազիայում ու Հարավային Օսիայում իր քաղաքացիներին պաշտպանելու համար,6
- մարտի 18-ից մայիսի 12-ն ընկած ժամանակահատվածում Աբխազիայի օդային տարածքում վրացական առանց օդաչու թռչող հետախուզական թվով 7 ինքնաթիռների ոչնչացումը (ուշագրավ է, որ այդ ինքնաթիռներից 5-ը ոչնչացվեցին մայիսի 4-12-ն ընկած ժամանակահատվածում),
- եւ վերջապես, ապրիլի 30-ին ռուսական լրացուցիչ` մոտ 500 հոգանոց դեսանտայիններից ու ռազմական տեխնիկայի մի քանի տասնյակ միավորներից բաղկացած զորամիավորման մուտքը վրաց-աբխազական հակամարտության գոտի:
Այս ամենը կարող է տանել ռազմական բախման, որը Մոսկվայի կողմից շարունակում է դիտարկվել որպես Վրաստանը ՆԱՏՕ-ին անդամակցելուց հետ պահելու միակ գործուն միջոց: Սակայն այս պահի դրությամբ հիմնական հետեւությունը, թերեւս, այն է, որ ընթացող ճգնաժամում ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին չհաջողվեց Ռուսաստանի նկատմամբ գործադրված դիվանագիտական ճնշման միջոցով Թբիլիսիի համար հասնել անվտանգության երաշխիքների։ Դրա մասին են խոսում, մասնավորապես, Ռուսաստանին ուղղված մայիսի 6-ի Սպիտակ տան հայտարարությունը` «դադարեցնել հետագա սադրանքները» Վրաստանի դեմ, ինչպես եւ մայիսի 14-ին ի հայտ եկած տեղեկությունը, թե Պենտագոնը կարող է Վրաստանում տեղակայել ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության համակարգի մասը հանդիսացող «X-դիապազոնի» ռադար։ Նման կոշտ ձեւակերպումն ու ռուսական կողմի համար ցավոտ համարվող տեղեկության ի հայտ գալը վկայում են, որ Վրաստանին առնչվող ամերիկա-ռուսական հետկուլիսային բանակցություններն արդյունքի չեն հասել։
1Ստորեւ ներկայացնում ենք ՆԱՏՕ բուխարեստյան գագաթաժողովի հռչակագրի 23-րդ կետն ամբողջությամբ. «ՆԱՏՕ-ն ողջունում է Ուկրաինայի եւ Վրաստանի եվրաատլանտյան ձգտումը` ՆԱՏՕ-ին անդամակցելու գործում։ Այսօր մենք համաձայնության եկանք այն մասին, որ այդ երկրները կդառնան ՆԱՏՕ-ի անդամ։ Երկու պետություններն էլ արժեքավոր ներդրում են ունեցել Հյուսիսատլանտյան դաշինքի գործողություններում։ Մենք ողջունում ենք Ուկրաինայում եւ Վրաստանում ժողովրդավարական բարեփոխումները եւ սպասում ենք ազատ եւ արդար օրենսդիր [մարմնի] ընտրություններ մայիսին Վրաստանում։ Անդամակցության ուղիղ ճանապարհին Ուկրաինայի եւ Վրաստանի համար «Անդամակցության գործողությունների ծրագիրը» (ԱԳԾ, Membership Action Plan - MAP) հաջորդ կարեւոր քայլն է։ Այսօր մենք հստակորեն նշում ենք, որ պաշտպանում ենք այդ երկրների թեկնածությունները ԱԳԾ-ին միանալու հարցում։ Հետեւաբար, այժմ երկու երկրների հետ բարձր քաղաքական մակարդակով կսկսվի մեր ինտենսիվ փոխգործակցության փուլը, որպեսզի զբաղվենք առկա չկարգավորված հարցերով` կապված ԱԳԾ-ին մասնակցելու նրանց թեկնածությունների հետ։ Մենք հանձնարարել ենք [ՆԱՏՕ անդամ երկրների] արտաքին գործերի նախարարներին 2008թ. դեկտեմբերին կայանալիք նախարարների խորհրդակցության ժամանակ տալ առաջին գնահատականը իրականացված աշխատանքի վերաբերյալ։ Արտաքին գործերի նախարարները լիազորված են որոշում կայացնելու ԱԳԾ-ին Ուկրաինայի եւ Վրաստանի միանալու հարցի առնչությամբ»։
2Մոսկվայի քաղաքագլուխը հիշեցրել է, որ 1948թ. Սեւաստոպոլը դարձել էր միութենական ենթակայության քաղաք եւ 1954թ. այն չէր մտել այն շրջանների ցանկի մեջ, որոնք Խրուշչովը հանձնել էր Խորհրդային Ուկրաինային։ Նույն հայտարարությունը նա կրկնեց նաեւ մայիսի 13-ին` ուկրաինական կողմի բողոքից հետո։ Ուշագրավ է, որ իր այդ հայտարարություններում Լուժկովն ավելի վեր է դասում ռուսական օրենսդրությունը, քան միջազգային իրավունքը։
3Դժվար թե պատահականություն լինի այն, որ Սեւաստոպոլի վերաբերյալ Լուժկովի ու ռուսական ԱԳՆ հայտարարությունների ֆոնին Սերդյուկովը Նովոռոսիյսկի մասին խոսեց ոչ թե որպես Սեւաստոպոլին փոխարինող ռազմակայան, այլ օգտագործեց «եւս մեկ» ձեւակերպումը։
41997թ. «Բարեկամության եւ համագործակցության մասին» ռուս-ուկրաինական պայմանագրով Ռուսաստանը ճանաչեց Ուկրաինայի ներկայիս սահմանները, սակայն այդ պայմանագրի ժամկետն ավարտվում է 2009թ.։ Այն կարող է նաեւ չերկարացվել։
5Կասկածից վեր է, որ ս.թ. մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում ռուսական բանակի զորահանդեսի ժամանակ 1990թ. ի վեր առաջին անգամ ռազմական տեխնիկայի օգտագործումը նույնպես ռուսական ընդհանուր կամպանիայի մասն էր։
6Այստեղ պետք է ավելացնել նաեւ Վրաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի մայիսի 1-ի հայտարարությունը, թե ՌԴ սահմանադրությունը թույլ է տալիս Մոսկվային պաշտպանել իր քաղաքացիներին այնտեղ, որտեղ որ անհրաժեշտ լինի` Աբխազիայում, Զանզիբարում, թե Անտարկտիդայում։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՌՈՒՍԱՍՏԱՆ–ԹՈՒՐՔԻԱ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ[10.07.2009]
- ԹՈՒՐՔԻԱ. ԷՆԵՐԳԵՏԻԿ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆԳՈՒՅՑ ԴԱՌՆԱԼՈՒ ՀԵՌԱՆԿԱՐԸ [19.03.2009]
- ԹՈՒՐՔԻԱ. ԷՆԵՐԳԵՏԻԿ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏԸ [05.03.2009]
- ԱՄԵՐԻԿԱ-ԻՐԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՌԱՆԿԱՐԻ ՇՈՒՐՋ [02.02.2009]
- ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԱՐԵԱՅՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ[22.01.2009]
- ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆՆ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՀԵՏ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՆԱԽՕՐԵԻ՞Ն[27.12.2008]
- ԴԻՏԱՐԿՈՒՄ ԿԵՆՏՐՈՆԱԱՍԻԱԿԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Կենտրոնական Ասիայի նոր վերաձևո՞ւմ[15.12.2008]
- ԼՂՀ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ. «ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՐՑԸ» [27.11.2008]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ ՆՈՐ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՇԵՄԻՆ[03.11.2008]
- ԻՐԱՆՆ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՀԵՏ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՆԱԽՕՐԵԻՆ[27.10.2008]
- ԻՐԱՎԻՃԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ[18.09.2008]