
ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐՆ ԻՐԱՆԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՈՒՐՋ
Սևակ ՍարուխանյանԻրանը և նրա միջուկային ծրագիրը շարունակում են մնալ միջազգային հարաբերությունների և լրատվության ուշադրության կիզակետում։ Մայիսի 17-ին Իրանի, Բրազիլիայի նախագահներն ու Թուրքիայի վարչապետը համաձայնության եկան Իրանի կողմից արտադրվող հարստացված ուրանի՝ երկրի տարածքից դուրս վերահարստացման մասին։ Չնայած սրան, Թեհրանն այսօր դեռևս կանգնած է իր նկատմամբ նոր պատժամիջոցների կիրառման վտանգի առջև։
Մայիսի 17-ին Թեհրանում Իրանը, Բրազիլիան և Թուրքիան համաձայնության եկան Իրանի Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի՝ միջազգային հանրությանն ամենից շատ անհանգստացնող ուրանի հարստացման հարցի շուրջ։ 18 ժամ տևած բանակցություններից հետո Իրանը համաձայնեց իր տարածքում ուրանը հարստացնել մինչև 3,5 տոկոս, այնուհետև այն Թուրքիայի տարածքում փոխանակել մինչև 20 տոկոս հարստացված ուրանի հետ, որը հետագայում պետք է օգտագործվի Թեհրանի միջուկային գիտահետազոտական կենտրոնում (ԹՄԳԿ) տեղակայված հետազոտական ռեակտորում1։ Չնայած ձեռք բերված համաձայնությունը բանակցություններին մասնակցած երեք պետությունների կողմից բնորոշվեց որպես «հեղափոխական», սակայն արդեն մի քանի օր անց պարզ դարձավ, որ կնքված համաձայնագիրն ու Թեհրանի որդեգրած քաղաքականությունը հեռու են Իրանի միջուկային ծրագրի հանգուցալուծումն ապահովելուց։
Արդեն մայիսի 20-ին Իրանի արտաքին գործերի նախարար Մ.Մոթաքին հայտարարեց, որ ձեռք բերված պայմանավորվածությունը Թեհրանի «բարի կամքի արտահայտումն է» և բնավ չի նշանակում, թե իսլամական հանրապետությունը հրաժարվելու է ուրանը սեփական տարածքում հարստացնելու ծրագրերից։ Հետո նա հավելեց. «Մեր որոշումն ուղղված է այն բանին, որ միջազգային հանրությանը ցույց տրվի, որ մենք բաց ենք պայմանավորվածությունների համար»։
Փաստորեն, ակնհայտ է, որ Իրանը չի հրաժարվելու ուրանի հարստացման համար անհրաժեշտ նոր հզորությունների կառուցման ծրագրերից, իսկ ստորագրված փաստաթուղթն օգտագործվելու է դիվանագիտական և տեղեկատվական, ինչպես նաև ժամանակ շահելու նպատակներով։ Նման կարծիք է արտահայտել ԱՄՆ պետքարտուղար Հ.Քլինթոնը մայիսի 28-ին. «Մենք մեր կարծիքը հայտնեցինք Բրազիլիայի նախագահին, ինչպես նաև իմ բրազիլացի գործընկերոջը. Իրանին ժամանակի և միջազգային հանրության միասնական գործողություններից խուսափելու համար հնարավորությունների տրամադրումը ոչ թե բարելավում է իրավիճակն աշխարհում, այլ էլ ավելի վտանգավոր է դարձնում»։
Հատկանշական է, որ ԱՄՆ դիրքորոշմանը մոտ դիրքորոշում ունի նաև Ռուսաստանը, որի նախագահ Դ.Մեդվեդևը, դեռ մինչև Բրազիլիայի նախագահի այցն Իրան, նրա՝ իրանական իշխանությունների հետ համաձայնության գալու հնարավորությունը գնահատել էր «30 տոկոս»։ Եվ չնայած համաձայնություն, այնուամենայնիվ, ձեռք բերվեց, Մոսկվան չհրաժարվեց պաշտպանել նոր պատժամիջոցների կիրառումը՝ կարծիք հայտնելով, որ միայն Թուրքիայի տարածքում ուրանի փոխանակումից հետո կարելի է խոսել Իրանի «նոր քաղաքականության» մասին։
Հունիսի 5-ին Գերմանիա կատարած այցի ժամանակ ՌԴ նախագահը հայտարարեց. «Մենք հույս ունենք, որ իրանական իշխանությունները կլսեն միջազգային հանրության ձայնը։ Չի կարելի շարունակել և կրկնապատկել անպատասխանատու պահվածքը, պետք է լսել, թե ինչ են ասում, պետք է համագործակցել, և միայն այդ դեպքում է կարելի լուծել առկա խնդիրները»։ Հարկ է նշել, որ Ռուսաստանի նախագահի հայտարարությունն ու դրա տոնը բավական խոսուն են. քննադատության է ենթարկվում ոչ թե միջուկային ծրագիրը, այլ իրանական իշխանությունները։ Սա նոր երևույթ է Ռուսաստանի «իրանական քաղաքականության» համար։
Ամենայն հավանականությամբ, ՌԴ նախագահ Դ.Մեդվեդևի հայտարարությունը պայմանավորված է նաև նրանով, որ Թեհրանը վերջին շրջանում ինքն է հնչեցնում բավական հակառուսական հայտարարություններ, որոնք մինչև վերջերս ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության կողմից կոշտ գնահատականներ չեն ստացել։ Վերջին շրջանի նման հայտարարություններից կարելի է նշել մի քանիսը։
Մայիսի 25-ին Ռուսաստանում Իրանի դեսպան Մ.Սաջադին, որն ի պաշտոնե պարտավոր է ավելի մեղմ գնահատականներ տալ Մոսկվայի քաղաքականությանը, քան իսլամական հանրապետության որևէ այլ դիվանագետ, իր հրավիրած հատուկ մամլո ասուլիսում հայտարարեց, որ «վեցնյակը», որի անդամ է նաև Ռուսաստանը, «չար նպատակներով և քաղաքական ենթատեքստով է աշխատում»։
Իսկ Իրանի նախագահ Մ.Ահմադինեժադը իրանական պետական հեռուստատեսությամբ մայիսի 26-ի ելույթում ասաց, որ Մոսկվան ենթարկվել է ԱՄՆ ճնշումներին, և այսօր Ռուսաստանը պետք է մտածի այն մասին, որ «չմտնի Իրանի պատմական թշնամիների շարքը»։ Այս նպատակով Իրանի նախագահը խորհուրդ տվեց Ռուսաստանին (իսկ այս խորհուրդն ավելի շուտ հնչեց որպես սպառնալիք) փոխել դիրքորոշումը Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ։
Չնայած Ռուսաստանի ԱԳՆ դիրքորոշումը Մ.Ահմադինեժադի հայտարարության վերաբերյալ բավական մեղմ էր՝ «հավանաբար հայտարարությունը եղել է հուզական», ՌԴ նախագահի աշխատակազմը, ի դեմս Դ.Մեդվեդևի միջազգային քաղաքականության գծով օգնական Ս.Պրիխոդկոյի, միանգամայն այլ կոշտության պատասխան հնչեցրեց. «Ամբոխավարական քաղաքականությամբ սեփական հեղինակությունը պահել դեռ ոչ ոքի չի հաջողվել։ Համոզված եմ, որ դրա մասին է վկայում հենց Իրանի հազարամյա պատմությունը»։
Միջազգային հանրության շրջանում Իրանի շուրջ կրքերի բորբոքմանը նպաստեց նաև հունիսի 1-ին «The New York Times»-ի և «ИТАР-ТАСС»-ի հրապարակած տեղեկությունն այն մասին, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ)` Իրանի միջուկային ծրագրի մասին նոր հաշվետվություն-զեկույցի մեջ, որը ներկայացվել է ՄԱԿ ԱԽ անդամներին, նշվում է, թե Իրանն արդեն իսկ կուտակել է բավական քանակությամբ ուրան` 2 միջուկային ռումբ ստեղծելու համար։ Համաձայն ԱԷՄԳ զեկույցի, այսօրվա դրությամբ Իրանն արդեն ունի 2,43 տոննա կուտակած ուրան` հունվարին արձանագրված 2,06 տոննայի փոխարեն։ Այս թվից պարզ է դառնում, որ Իրանի ուրանի պահուստները բավական արագ աճում են՝ չնայած միջազգային ակտիվ ճնշմանը։ Հունվարից մայիս ընկած ժամանակվա ընթացքում, ինչպես նշվում է զեկույցում, 3,936-ով կամ մոտ 50 տոկոսով ավելացել է նաև ԻԻՀ տարածքում տեղակայված ցենտրիֆուգների քանակը։ Այս տեղեկություններին նոր սրություն հաղորդեց հունիսի 4-ին Իրանի փոխնախագահի հայտարարությունն այն մասին, որ մինչև 2011թ. տարեվերջ իր երկիրը նպատակ ունի եռապատկել ուրանի հարստացման համար տեղակայված ցենտրիֆուգների քանակը։
Թե որքանով են «The New York Times»-ի և «ИТАР-ТАСС»-ի հրապարակած գնահատականները մոտ ԱԷՄԳ զեկույցում տրված գնահատականներին, վստահաբար ասել չի կարելի։ Սակայն այն, որ դրանք սինքրոն ձևով և միաժամանակ հրապարակվել են ռուսական և ամերիկյան տեղեկատվական հսկաների կողմից, կարող է խոսել կամ դրանց հավաստիության, կամ ռուս-ամերիկյան՝ իրանական հարցում միասնական քաղաքական գծի մասին։ Ակնհայտ է, որ այսօր Ռուսաստանն Իրանի միջուկային հարցի վերաբերյալ շատ ավելի հեշտ կարող է փոխհամաձայնության եկած լինել ԱՄՆ-ի հետ, քան մի քանի տարի առաջ։ Հիմնական պատճառ կարող է դիտվել Բ.Օբամայի վարչակազմի գրեթե վերջնական որոշումը` ռազմական գործողություններ չսկսել Իրանի դեմ, անկախ նրանից, թե ինչ ճանապարհով կընթանա վերջինիս միջուկային ծրագիրը։
Այսօր կարելի է ասել, որ միջազգային հանրությունը բավական մոտ է Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառման որոշում ընդունելուն։ Նման որոշման դեմ հանդես եկող Բրազիլիան և Թուրքիան դժվար թե կարողանան օգնել Իրանին խուսափել պատժամիջոցներից։ Այս երկու պետություններն իրենց «իրանամետ» քաղաքականության մեջ հետապնդում են սեփական շահերը։ Թուրքիան ևս մեկ քայլ է կատարում իսլամական աշխարհի շահերի պաշտպանի իր դիրքն ամրապնդելու ուղղությամբ, իսկ Անկարայի «հակաիսրայելականությունն» ու «իրանամետությունն» այս քաղաքականության մասն են կազմում։ Բրազիլիան, ներքաշվելով իր համար որևէ կարևորություն չունեցող Իրանի միջուկային ծրագրի գլոբալ հնչեղություն ունեցող միջազգային հիմնախնդրի կարգավորման գործում, ամրապնդում է իր դիրքերը ՄԱԿ ԱԽ մշտական անդամ ընտրվելու գործընթացում։ Այս տեսանկյունից թե՛ Թուրքիան, թե՛ Բրազիլիան կարող են անհրաժեշտության դեպքում «փոխհամաձայնության» գալ ԱՄՆ և ՄԱԿ ԱԽ այլ անդամների հետ՝ Թեհրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառման հարցում։
Իսկ թե որքանով նոր պատժամիջոցներն արդյունավետ կլինեն, կարելի է երկար վերլուծել։ Մեր համոզմամբ, Իրանի միջուկային ծրագիրն արդեն իսկ մտել է այնպիսի փուլ, երբ Թեհրանի համար պարզ երևում է արդյունավետության բոլորովին այլ չափանիշ՝ միջուկային ռումբը։ Իսկ տնտեսական բնույթի ոչ մի պատժամիջոց դրա ձեռքբերումից ավելի կարևոր լինել չի կարող։
1Նշենք, որ զուտ տեխնիկական տեսանկյունից այս ռեակտորն անհրաժեշտություն չունի օգտագործել 20 տոկոս հարստացված ուրան։ Դեռևս 1990-ականներին այստեղ կատարված արդիականացման աշխատանքներից հետո ռեակտորը ողջ պոտենցիալով աշխատում է 5 տոկոս հարստացված ուրանով։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄԸ, ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ, ԳԻՏԵԼԻՔԸ, ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼԸ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ. ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՓՈՐՁԸ[20.04.2015]
- ԻՐԱՆՆ ԱՐԴԵՆ ՇԱՀԵԼ Է ԱՄՆ-Ի ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ[15.04.2015]
- ԻՐԱՆԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ. «ՍԱՌԵՑՄԱՆ» ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ[02.02.2015]
- ՆՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ[26.05.2014]
- ԻՐԱՆ – ՀԱՅԱՍՏԱՆ ՏԱՐԱՆՑԻԿ ԳԱԶԱՄՈՒՂ (ԴԻՍԿՈՒՐՍԻ ՆԵՆԳԱՓՈԽՈՒՄ)[17.03.2014]
- ԻՐԱՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ[06.02.2014]
- «ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԿՀ ՓՈԽՏՆՕՐԵՆ ՍԵՎԱԿ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԸ` ԱՐՄՆՅՈՒԶ ԼՐԱՏՎԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԻ «ԲԱՆԱՁԵՎ» ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴՄԱՆ ՀՅՈՒՐ [23.12.2013]
- ԷԺԱՆ ԻՐԱՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՄԻՖԵՐԸ[18.12.2013]
- Ս. ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ. ՌՈՒՍԱԿԱՆ ԷԺԱՆ ԳԱԶ ՆԵՐԿՐԵԼՈՒՆ ԵՎ ՀԱԷԿ-Ի ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆԸ ԶՈՒԳԱՀԵՌ ՊԵՏՔ Է ՄՏԱԾԵԼ ԱՅԼԸՆՏՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ[09.12.2013]
- ՍԵՎԱԿ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀ ԿԱ ՄԻԱՅՆ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ[09.12.2013]
- ՄՄ–ԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԿԱՐՈՂԱՆԱ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՑԱԾՐ ՍԱԿԱԳՆԵՐ ԱՊԱՀՈՎԵԼ. ՓՈՐՁԱԳԵՏ[12.09.2013]